ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
22/04․06․2020 Մ-13904/20 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
16 հունիսի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Համբարձում Խաչատուրի Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պիվազյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի ապրիլի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 11105920 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
2020 թվականի հունիսի 4-ին Համբարձում Խաչատուրի Անտոնյանը ձերբակալվել է:
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Մարտիրոսյանի միջնորդությունն ու թույլատրվել Համբարձում Անտոնյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 5-րդ խցում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ եռօրյա ժամկետով:
3․ Հ.Անտոնյանի ներկայացուցիչ Ա․Պիվազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանելու և Հ.Անտոնյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի միջնորդությունը մերժելու մասին։
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2023 թվականի մայիսի 2-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Այսպես, բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի պնդումն առ այն, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը թույլատրվել է Հ.Անտոնյանի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության դատավարական միջոցի՝ կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննելու հնարավորության ակնհայտ առկայության պարագայում, հիմնազուրկ է: Բողոք բերած անձի պնդմամբ՝ ձերբակալվելուց անմիջապես հետո Հ․Անտոնյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ մինչ այդ կատարված վարույթային գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները բավարար չէին քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրականացման համար։ Նշվածի հաշվառմամբ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառումից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալը ողջամտորեն անհնար էր, և հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում էր նաև գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման կիրառում։
5․1․ Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով ձերբակալվածներին պահելու վայրում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման հնարավորությունը, պատշաճ գնահատման չի արժանացրել այն, որ նշված վայրում գտնվող անձը կարող է ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, հետևապես Հ.Անտոնյանի նկատմամբ այդ վայրում կարող էր իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը։
6․ Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «(․․․) Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 22-րդ և 24-րդ շենքերի միջնամասում, (․․․) ապօրինի պահվող, քննությամբ դեռևս չպարզված հրազենից, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակ[վ]ել շենքերի բանուկ հատվածում գտնվող Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի ուղղությամբ, (․․․)։ Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 11105920 քրեական գործը։
Ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նշված հանցագործությունը կատարել են՝ Համբարձում Խաչատուրի Անտոնյանը (․․․) և Գագիկ Ռեմիկի Հարությունյանը (․․․), ով 06․04․2020թ․ ժամը՝ 19։10-ի սահմաններում Համբարձում Անտոնյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 01 OF 121 հ/հ ավտոմեքենայով գտնվելով Երևան քաղաքի Եղբայրության 22-րդ և 24-րդ շենքերի միջնամասում ավտոմեքենայից իջնելով հրազենից կրակոցներ է արձակել Ռ․Մելոյանի ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածքներ։
Հ․Անտոնյանի և Գ․Հարությունյանի հանցավոր արարքը համապատասխանում է [ՀՀ քրեական օրենսգրքի] 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որի համար նախատեսված է 10 տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Նշված արարքն ըստ ՀՀ քր․ օր-ի 19-րդ հոդվածի 5-րդ կետի՝ դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ 04․06․2020թ․ Հ․Անտոնյանը ՀՀ քր․ օր-ի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տեղափոխվել է ՁՊՎ։ 04․06․2020թ․ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնից հանձնարարություն է ստացվել Հ․Անտոնյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու համար։
Վերոգրյալի մասին զեկուցելով և ղեկավարվելով, օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ[ը] (․․․) հիմնավորված միջնորդություն է ներկայացրել Հ․Անտոնյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ 5-րդ խցում 3 օրյա ժամկետում, «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով դատարան դիմելու վերաբերյալ։
Քննարկելով միջնորդությունը և կից նյութերը, ինչպես նաև՝ նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է և Հ․Անտոնյանի նկատմամբ, «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացմամբ կարող են ստացվել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ (․․․)»2։
7․1․ Նյութերում առկա՝ թիվ 11105920 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի գրավոր հանձնարարության համաձայն՝ «(․․․) 06․04․2020թ․ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 11105920 քրեական գործը և կատարվում է նախաքննություն։
25․04․20թ․ որոշում է կայացվել Գագիկ Հարությունյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
04․06․2020թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Համբարձում Խաչատուրի Անտոնյանը։
Քրեական գործով մի շարք հանգամանքների պարզման համար խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին Համբարձում Անտոնյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի կարգով իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում3։
8. Օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(...) [Ը]ստ ներկայացված նյութերի՝ միջնորդություն ներկայացրած մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուն ուղղված այլ միջոցառումներ, սակայն դրանց արդյունքում հնարավոր չի եղել լիարժեք ստուգել ստացված օպերատիվ տեղեկությունները։
(...) [Ե]լնելով մասնավոր և հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշռման անհրաժեշտությունից և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, և Հ․Անտոնյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացմամբ կարող են ստացվել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, ինչը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առերևույթ առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը, [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման»4։
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի (․․․) հիմնավորումները դիտարկելով [վերաբերելի] իրավական նորմերի և ՀՀ Վճռաբեկ դատարանի (․․․) արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումները չեն բխում դրանցից, որպիսի պայմաններում (․․․) ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար։
(․․․) [Տ]վյալ դեպքում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի 5-րդ խցում, որպիսի պայմաններում Համբարձում Անտոնյանի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտություն տեղի չի ունեցել, ինչը բնորոշ է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանը։ Այսպես․ Համբարձում Անտոնյանը, գտնվելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի 5-րդ խցում, չի ունեցել և չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։ Նման պայմաններում նրա նկատմամբ չէր կարող իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում։ Մասնավորապես՝ եթե ներկայացված նյութերի համաձայն՝ 2020 թվականի հունիսի 4-ին Համբարձում Անտոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տեղափոխվել է ՁՊՎ, ապա գործի համար կարևորություն ներկայացնող տեղեկատվությունները Համբարձում Անտոնյանից կարող էին ձեռք բերվել ոչ թե հաջորդիվ նրա նկատմամբ գաղտնիության ռեժիմով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով՝ նրան որպես կասկածյալ հարցաքննելով։ Այսինքն՝ տվյալ պարագայում չի պահպանվել նաև համաչափության սկզբունքը և վերը նշված հանգամանքներով պայմանավորված չի կարելի գալ այն եզրահանգման, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է (այսինքն՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը չի եղել ծայրահեղ միջոց)»5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. hիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Հ.Անտոնյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ:
Մինչև 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «1. Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց։
2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով»:
Մինչև 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 6-րդ հոդվածի 46-րդ մասի համաձայն՝ «բնակարան՝ շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար (...): «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը»։
11․ Վճռաբեկ դատարանը «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանն առնչվող օրենսդրական նորմերի մեկնաբանման և կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գոռ Սարգսյանի գործով որոշմամբ6։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը պատշաճ ընթացակարգի երաշխիք է՝ գաղտնի վերահսկողությունը թույլատրող որոշումներում համապատասխան պատճառները նշելու պահանջի հետ մեկտեղ, ապահովելու այն, որ կիրառման ենթակա միջոցառումները պատահականորեն կամ առանց պատշաճ և հատուկ ուսումնասիրման չեն թույլատրվելու դատարանի կողմից7։ Վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում, գործի փաստական հանգամանքների (in concreto) համակողմանի գնահատմամբ, դատարանը պետք է ստուգման ենթարկի հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու հարցը՝ որոշելու համար, թե արդյո՞ք առկա են հայցվող միջամտությունը թույլատրելու բավարար և հիմնավոր հիմքեր։
12․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 22-րդ և 24-րդ շենքերի միջնամասում Ռ․Մելոյանի ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակելու ու մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ8,
- օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվել, որ ենթադրյալ հանցավոր արարքին ենթադրաբար մասնակից է եղել նաև Հ․Անտոնյանը։ Վերջինս, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով, 2020 թվականի հունիսի 4-ին ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր9,
- վարույթն իրականացնող մարմինը հետաքննության մարմնին հանձնարարել է Հ․Անտոնյանի նկատմամբ ձերբակալվածներին պահելու վայրում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում10,
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝ թույլատրելու Հ․Անտոնյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 5-րդ խցում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ եռօրյա ժամկետով11,
- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ կարգադրվել է հայցվող միջամտությունը12,
- Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը թույլատրվել է օրենսդրությամբ առաջադրվող պահանջներին և դրանց մեկնաբանման շրջանակներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին ոչ համապատասխան՝ պատճառաբանելով, որ`
ա) Հ․Անտոնյանը գտնվելով ձերբակալվածների պահման վայրում՝ չի ունեցել և չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։ Նման պայմաններում, նրա նկատմամբ չի կարող իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, և որ
բ) «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրվել է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցի կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու հնարավորության ակնհայտ առկայության պայմաններում։ Մասնավորապես՝ ըստ ներկայացված նյութերի՝ Հ․Անտոնյանը հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր, հետևաբար տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկությունները վերջինից կարող էին ձեռք բերվել ոչ թե հաջորդիվ նրա նկատմամբ գաղտնիության ռեժիմով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով` նրան որպես կասկածյալ հարցաքննելով։ Այսինքն` տվյալ պարագայում չի պահպանվել նաև համաչափության սկզբունքը13։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով Գոռ Սարգսյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախևառաջ կրկնում է, որ դրանք չեն կարող մեխանիկորեն կիրառվել ձերբակալվածներին պահելու վայրում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը բացառելու և դրա իրականացման թույլտվության յուրաքանչյուր որոշում ինքնին՝ բացառապես նշված վայրում իրականացնելու փաստով պայմանավորված, ոչ իրավաչափ ճանաչելու համար։ Մասնավորապես՝ Գոռ Սարգսյանի գործով «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել էր հանրային իրավահարաբերությունների պայմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցն իր աշխատասենյակում քողարկված հարցաքննություն էր իրականացրել վարույթն իրականացնող մարմին կամավոր ներկայացած անձի հետ, որպիսի հանգամանքներում վերջինս չուներ և չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ձերբակալվածներին պահելու վայրի խցում «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման յուրաքանչյուր դեպքում Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառելիությունը պետք է որոշվի ոչ թե in abstracto՝ զուտ այն փաստի նույնացմամբ, որ համապատասխան միջոցառումն իրականացվում է ոստիկանության ստորաբաժանումը հանդիսացող՝ ձերբակալվածներին պահելու վայրում, այլ հիմնվի գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա՝ in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ՝ պարզելով նաև, թե «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է արդյո՞ք դրա բնույթին ու նպատակային նշանակությանը համապատասխան, թե՝ ոչ:
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, առանց in concreto գնահատելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում վերահսկման ենթարկվող անձանց իրավահարաբերությունների բնույթը բնութագրող հանգամանքները, զուտ համապատասխան խցում իրականացնելու փաստով պայմանավորված` անթույլատրելի է ճանաչել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը՝ գտնելով, որ ձերբակալվածների պահման վայրում Հ.Անտոնյանը չի ունեցել և չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ թեև ձերբակալվածների պահման վայրում անձի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքները չեն կարող լիարժեքորեն նույնացվել անձի՝ բնակարանում ունեցած անձեռնմխելիության երաշխիքների հետ, սակայն ձերբակալվածների պահման վայրում այդպիսի երաշխիքների նվազագույն ընկալման հնարավորությունն առհասարակ բացառվել չի կարող։ Այսինքն՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման միջոցով քրեական հետապնդման մարմնի կողմից առերևույթ վերահսկողություն կարող է իրականացվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության առարկան կազմող` մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ14։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահման վայրի թիվ 5-րդ խցում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում չէր կարող իրականացվել, քանի որ Հ.Անտոնյանը խցում չի ունեցել և չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, հիմնավոր չէ։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, թե ըստ նյութերում առկա փաստական տվյալների՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրվել է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցի կիրառմամբ անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման հնարավորության ակնհայտ առկայության պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր է և համահունչ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dragojević v. Croatia գործով հայտնած իրավական դիրքորոշմանը: Մասնավորապես, նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ նշելով, որ գաղտնի դիտում կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ չէին ներկայացվել կատարված հանցագործության վերաբերյալ գործի փաստերի և կոնկրետ հանգամանքների վրա հիմնված փաստական մանրամասներ և չէր հիմնավորվել, որ նախաքննությունը չէր կարող իրականացվել այլ՝ ավելի նվազ միջոցներով15:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հարուցված է եղել քրեական գործ, Հ.Անտոնյանը ձերբակալվածի կարգավիճակում գտնվել է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո, որպիսի պայմաններում նախաքննության մարմինը չի հիմնավորել անհրաժեշտ տեղեկությունները քրեադատավարական լայն գործիքակազմի կիրառմամբ ձեռք բերելու հնարավորության բացակայությունը: Փոխարենը նախաձեռնող մարմինը, իր հերթին նաև Առաջին ատյանի դատարանը, բավարարվել են այդ տեղեկությունների ձեռքբերման անհնարինության մասին ձևական նշումով:
Անդրադարձ կատարելով բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում մատնանշած փաստարկին, հարկ է ընդգծել, որ ստորադաս դատարանի որոշման իրավաչափության ստուգման դեպքում, դատական վերանայման ծավալը սահմանափակված է միջնորդության քննության ժամանակ հետազոտված՝ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտության անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալների և դատարանի արված պնդումների գնահատմամբ16։ Մինչդեռ, գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջնորդությունը դատարան ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածում քրեական գործով կատարված վարույթային գործողությունների՝ այդ թվում Հ․Անտոնյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ներկայացվել։ Ընդ որում, նման տեղեկատվություն չեն պարունակում նաև քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի գրավոր հանձնարարությունը և «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշումը։ Հետևաբար բողոքաբերի հիշյալ փաստարկը տվյալ պարագայում չի կարող հաշվի առնվել։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու միջնորդության մեջ իրավասու մարմինը որևէ կերպ չի հիմնավորել, թե ո՞րն է եղել այդ միջոցառման իրականացման նպատակը, ո՞ր փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը և հնարավոր ի՞նչ հանգամանքների պարզման ակնկալիք է ունեցել իրավասու մարմինը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ հաշվի առնելով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտության էապես բարձր աստիճանը, անընդունելի է առանց դրա անհրաժեշտության հիմնավորման, նշված միջոցառման իրականացումը՝ զուտ գործի քննության լրիվությունն ապահովելու նկատառումներով։ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման միայն լեգիտիմ նպատակի առկայության պարագայում է, որ դատարանը կարող է պատշաճ գնահատման ենթարկել խնդրո առարկա միջամտության համաչափությունն այդ նպատակին17։
14. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վերը արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Հ.Անտոնյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է։
15. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ թեև դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել մինչև 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումը, սակայն սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ թույլ տրված խախտումը չի ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Հետևաբար վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դիմող Համբարձում Խաչատուրի Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պիվազյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, թերթեր 2-3:
3 Տե՛ս նյութեր, թերթեր 5-6:
4 Տե՛ս նյութեր, թերթեր 7-8:
5 Տե՛ս նյութեր, թերթեր 88-95:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը։
7 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dragojević v. Croatia գործով 2015 թվականի հունվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 68955/11, 94-րդ կետ:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 7․1-րդ կետերը։
9 Տե՛ս սույն տեղում։
10 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ալավերդյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԵԴ-11 որոշումը։
15 Տե՛ս Dragojević v. Croatia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի հունվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 68955/11, կետ 95։
16 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը:
17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ալավերդյանի գործով հիշյալ որոշումը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|