Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.07.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ

քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0088/01/08

Նախագահող դատավոր՝

Դատավորներ`

 Ա. Մնացականյան

 Մ. Պապոյան

 Ս. Մարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

21 հուլիսի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշման դեմ Մելիք Հովսեփի Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռով Մելիք Հովսեփի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով:

2. 2008 թվականի օգոստոսի 16-ին պաշտպան ՄԱռուստամյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և իր պաշտպանյալին արդարացնել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական քննություն:

2008 թվականի սեպտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է ՄԳրիգորյանի դիմումը, որով վերջինս խնդրել է իր պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության: Նույնաբովանդակ դիմում է ներկայացրել պաշտպան Մ.Առուստամյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ քրեական գործով վերաքննիչ վարույթը կարճվել է:

21 2019 թվականի մարտի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան)՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռի հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ ՄԳրիգորյանի բողոքը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ՝ ՄԳրիգորյանի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելը մերժել է՝ բողոքը ոչ պատշաճ անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:

22 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ, Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով ՄԳրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

3 2022 թվականի ապրիլի 28-ին ՄԳրիգորյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշման դեմ, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

4 Բողոք բերած անձը, հղում կատարելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 21-րդ հոդվածին, ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածին, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման մասին ՀՀ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, նշել է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի խախտումներ, որոնք իր համար առաջացրել են ծանր հետևանքներ։

Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է դատավարական նորմերի խախտմամբ, ինչպես նաև Եվրոպական դատարանի կողմից՝ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումների անտեսմամբ։

Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ իր նկատմամբ կայացված դատավճռի հիմքում դրված են եղել բացառապես ոստիկանության ներկայացուցիչների ցուցմունքները, նախաքննության և դատաքննության ընթացքում որևէ վերաբերելի և թույլատրելի այլ ապացույց չի ներկայացվել, իսկ ստորադաս դատարանը հաշվի չի առել իր կողմից տրված արդարացնող ցուցմունքները, ինչպես նաև այն, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքին, որին մասնակցել է նաև ինքը,  միջամտել են ապօրինի կերպով:

5. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի՝ հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության համաձայն` Մելիք Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա անմիջական մասնակցություն է ունեցել 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի հերթական ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, և երբ Երևանի Ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային, միջոցառումների մասնակիցների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008թ. մարտի 1-ին ժ. 07-ի սահմաններում հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի և ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը հրապարակային միջոցառման մի շարք մասնակիցներ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու նպատակով հարձակվել են նրանց վրա, իսկ Մ.Գրիգորյանը չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին, իրեն մոտենալու դեպքում ձեռքին եղած մետաղաձողով հարվածելու եղանակով բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին` կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ»2:

7 Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռով ապացուցված է համարվել, որ ՄԳրիգորյանը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, իրեն մոտենալու դեպքում ձեռքին եղած մետաղաձողով հարվածելու եղանակով բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին3:

71 Առաջին ատյանի դատարանն իր կողմից հաստատված հանգամանքների հիմքում դրել է վկաներ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցներ Արման Կիրակոսյանի, Գեորգի Այվազյանի, Մարատ Թելոյանի, Սմբատ Հակոբյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները4։

8 Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով ՄԳրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժել է՝ նշելով հետևյալը «(...) [Վ]երաքննիչ բողոքում դատապարտյալը բարձրացրել է զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատման հարց՝ նշելով, որ Դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության ծառայողների միակողմանի ցուցմունքները, իսկ ստորադաս դատարանը հաշվի չի առել իր կողմից տրված իրեն արդարացնող ցուցմունքները:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատապարտյալի վերաքննիչ բողոքում վկայակոչված ենթադրյալ խախտումը չունի առավել ծանր բնույթ, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը: Այլ կերպ ասած՝ դատապարտյալի վերաքննիչ բողոքում չի վկայակոչվել այնպիսի ենթադրյալ հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում վկայակոչված՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի, Դավիթ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, ինչպես նաև Վահե Ղազարյանի վերաբերյալ թիվ ԵՔՐԴ/0198/01/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այդ գործերի և սույն գործի փաստական հանգամանքներն ունեն էական տարբերություններ, հետևաբար՝ այդ դատական ակտերի առկայությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ սույն գործով դատապարտյալ Մելիք Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում վկայակոչված հիմնարար խախտման հիմքերի բավարարությունը փաստելու համար: Այսպես՝

- վերաքննիչ բողոքում վկայակոչված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը՝ որպես դատարանում գործի քննության ընթացքում պաշտպանության իրավունքի խախտում և, ըստ այդմ, արդարադատության պատշաճ իրականացման համար խոչընդոտ են դիտարկել այն հանգամանքը, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռվել դատարան հրավիրելու իրենց վկաներին և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն ու հիմնավորում դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը,

- սույն գործով դատապարտյալի կողմից հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքում որևէ փաստարկ առկա չէ առ այն, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռվել ստորադաս դատարան հրավիրելու իրենց վկաներին:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Մելիք Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում վկայակոչված չեն հիմնարար խախտման բավարար հիմքեր, որպիսի պայմաններում հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:(...)»5։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ՄԳրիգորյանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

10 ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ6:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը7։

10.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

10.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

10.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»8:

10.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ, ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»9:

11. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:(...)»:

11.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով10 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե արդյո՞ք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյո՞ք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյո՞ք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ11,

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին12,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները13:

112 Միևնույն ժամանակ, անդրադառնալով նկարագրված իրադարձություններին, դրանց հիմքում դրված ապացույցների համակցությանը, Եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրել է նաև, որ՝

ա) առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել14,

բ) առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները15,

գ) դիմումատուների դատապարտումը կապված է եղել նրանց՝ ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հետ: Հետևաբար, դատարանը ենթադրել է, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված էին վերջիններիս քրեական հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել որպես իրենց՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ «միջամտություն»16,

դ) խաղաղ հավաքների ազատությանը վիճարկվող միջամտությունը կարող էր որակվել որպես ակնհայտ կամայական և համապատասխանաբար՝ անօրինական, Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակների համար17։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ՄԳրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անմիջական մասնակցություն ունենալով Երևան քաղաքի Ազատության հրապարակում ընթացող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որոնց ընթացքում՝ 2008 թվականի մարտի 1-ին ժամը 07։00-ի սահմաններում նշյալ միջոցառումների մասնակիցներից, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու շրջանակներում, ոստիկանության աշխատակիցները պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի և ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, և միջոցառման մի շարք մասնակիցներ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու նպատակով հարձակվել են նրանց վրա, Մ.Գրիգորյանը, չենթարկվելով վերջինների օրինական պահանջներին, իրեն մոտենալու դեպքում ձեռքին եղած մետաղաձողով հարվածելու եղանակով բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին` կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ18,

- Առաջին ատյանի դատարանը 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռով ապացուցված է համարել, որ ՄԳրիգորյանը բռնություն գործադրելու սպառնալիքներ  է տվել ոստիկանության աշխատակիցներին` իր դատական ակտի հիմքում դնելով վկաներ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցներ Արման Կիրակոսյանի, Գեորգի Այվազյանի, Մարատ Թելոյանի, Սմբատ Հակոբյանի՝ նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքները19,

- Վերաքննիչ դատարանը, 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ, մերժելով Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով ՄԳրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, նշել է, որ բողոքում չի վկայակոչվել այնպիսի ենթադրյալ հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքում վկայակոչված՝ Եվրոպական դատարանի վճիռների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի որոշման և ՄԳրիգորյանի վերաբերյալ գործի փաստական հանգամանքների միջև առկա են էական տարբերություններ, ինչից էլ բխում է, որ հիշյալ դատական ակտերի առկայությունն ինքնին հիմք չէ ՄԳրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում վկայակոչված հիմնարար խախտման հիմքերի բավարարությունը փաստելու համար։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերը հիշյալ դատական ակտերով՝ արդարադատության պատշաճ իրականացման համար խոչընդոտ է դիտարկվել այն հանգամանքը, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու իրենց վկաներին և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն ու հիմնավորում դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը, մինչդեռ սույն գործով ՄԳրիգորյանի կողմից հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքում որևէ փաստարկ առկա չէ առ այն, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռնվել ստորադաս դատարան հրավիրելու իրենց վկաներին20:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-112-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս, նախորդ դատաքննության ընթացքում հիմնարար խախտումների առկայության հարցը փոխկապակցելով միայն բողոքում՝ պաշտպանության կողմի՝ իրենց վկաներին հրավիրելու և ապացուցողական զանգվածում նրանց ցուցմունքները ներառելու վերաբերյալ փաստարկ չներկայացնելու հետ, համակողմանի քննության չի արժանացրել բողոքաբերի կողմից վկայակոչված՝ ինչպես բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա մեղադրական դատական ակտ կայացնելու, այնպես էլ Ազատության հրապարակում կատարված իրադարձությունների խաղաղ բնույթ կրելու վերաբերյալ այն փաստարկները, որոնց կապակցությամբ Եվրոպական դատարանն արդեն իսկ տվել է իր՝ վերը մեջբերված գնահատականները, և որոնք Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, առերևույթ կարող էին վկայել հիմնարար խախտման առկայության մասին։

14 Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԳրիգորյանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ։

15. Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, մերժելով ՄԳրիգորյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը՝ չի պահպանել այն, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող որոշման կայացմանը։ Թույլ տրված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ ՄԳրիգորյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

16. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 4181-րդ, 419-րդ, 422-423-րդ, հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մելիք Հովսեփի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 24-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի վճռաբեկ բողոքը քննվում է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 182-186։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 323-324։

4 Տե՛ս նույն տեղում։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 22-30։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

8 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

9 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

11 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետերը, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, կետեր 199-200:

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով նշված վճիռը, կետ 206 ։

13 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, կետ 64, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, կետ 83, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, կետ 165։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 233։

15 Տե՛ս նույն վճիռը, կետ 248։

16 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 49021/08, կետ 129, Jhangiryan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատներ 44841/08 և 63701/09, կետ 123, Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, կետ 234։

17 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով վճիռը, կետ 132, Jhangiryan v. Armenia գործով վճիռը, կետ 126, ինչպես նաև Hakobyan and Others v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 34320/04, կետ 107:

18 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 7.1-րդ կետերը։

19 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

20 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍատրՅԱՆ

Դատավորներ`

Լ. ԹադևոսՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: