ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՎԴ4/0020/01/20 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
2023 թվականի սեպտեմբերի 27-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2020 թվականի մայիսի 10-ին հարուցվել է թիվ 37101020 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Սերգո Մկրտումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ Ս.Մկրտումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Մկրտումյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
2020 թվականի օգոստոսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճռով Սերգո Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Ս.Մկրտումյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2022 թվականի մարտի 1-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է, Ս.Մկրտումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Ս.Մկրտումյանի վարքի վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել արդարադատության բուն էությունը:
Ըստ բողոքաբերի՝ ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և արդյունքում առաջացած հանրորեն վտանգավոր հետևանքների բնույթը, դրանց նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, այն է` հանցավոր ինքնավստահությամբ գործելու հանգամանքը, որպիսիք ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցավորի անձի և արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմելու հարցում ունեն առանցքային նշանակություն։
Մինչդեռ, ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում:
Ըստ բողոքաբերի՝ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորությունը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացմանը հասնելու համար: Հետևաբար բողոքաբերը հանգել է հետևության, որ Ս.Մկրտումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
Միևնույն ժամանակ, բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով գործում առկա՝ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության՝ իրավաչափորեն արձանագրելով, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով, հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակներին:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 1-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7․ Ամբաստանյալ Ս.Մկրտումյանի պաշտպան Ա.Հայրապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որում նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված և պատճառաբանված։
Պաշտպանն իր անհամաձայնությունն է հայտնել դատախազի բողոքում նշված այն դատողության հետ, որ Ս․Մկրտումյանը հանցագործությունը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ։ Մասնավորապես, ամբաստանյալ Ս․Մկրտումյանը հանդիպակաց երթևեկելի գոտի է դուրս եկել պահի տակ քնով անցնելու հետևանքով, որպիսի հանգամանքը՝ ըստ պաշտպանի, խոսում է հանցավոր անփութության, ոչ թե՝ ինքնավստահության մասին։
Բացի այդ, պաշտպանը, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վկայակոչմամբ, մատնանշելով գործում առկա մեղմացնող հանգամանքները, ամբաստանյալ Ս․Մկրտումյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հնարավոր է հասնել վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով։
8․ Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Ա․Հայրապետյանը խնդրել է վարույթ չընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Աֆանդյանի վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Սերգո Մկրտումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2020 թվականի մայիսի 10-ին ժամը 14:55-ի սահմաններում իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 TR 075 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով սթափ վիճակում մոտ 40-45 կմ/ժ արագությամբ երթևեկել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում ներառված Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ ճանապարհահատվածում` Երևան քաղաքի ուղղությամբ, որտեղ իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, այն է՝ բավարար ուշադրություն չդարձնելով իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքին՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 2-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջների խախտմամբ ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և բախվել դեպի Մեղրի քաղաքի ուղղությամբ ավտոճանապարհով երթևեկող, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ Հայրապետ Ստեփանի Բեգլարյանի վարած «Վազ 21099» մակնիշի 35 CV 752 հաշվառման համարանիշի ավտոմեքենային՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս և նույն ավտոմեքենայի ուղևոր Ստեփան Հայրապետի Բեգլարյանի մահը, իսկ ուղևորներ Մերի Կառլենի Ղուկասյանի և Սոնա Հայրապետի Հայրապետյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս»2:
9.1. Ըստ մեղադրական եզրակացության՝ «2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում (...) վկա Արման Առաքելյանը մեղադրյալ Սերգո Մկրտումյանին դիմավորել է Ագարակի մաքսատան հարակից տարածքում և առաջարկել է միասին ժամը 02:00-ի սահմաններում շարժվել դեպի Վաղարշապատ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ճանապարհին իրար օգնեն, սակայն Սերգո Մկրտումյանը մերժել է Արման Առաքելյանին, հայտնել է, որ շատ հոգնած է, երկու օր չի քնել, ցանկանում է գնալ Մեղրի քաղաք՝ իրենց տուն, հանգստանա, առավոտյան նոր միայն ապրանքը կտանի Վաղարշապատ։ Գիշերելով Մեղրի քաղաքում գտնվող իրենց տանը՝ մեղադրյալ Ս․Մկրտումյանն առավոտյան ժամը 09:05-ի սահմաններում դուրս է եկել տնից ու իր «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայով միայնակ ուղևորվել է դեպի Վաղարշապատ քաղաք (…)»3:
Մեղադրական եզրակացությամբ հաստատված է համարվել նաև, որ երթևեկության ժամանակ Ս․Մկրտումյանը քնել է, ինչի արդյունքում իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, այն է՝ բավարար ուշադրություն չդարձնելով իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքին՝ ավտոմեքենան հանդիպակաց ուղեմաս է դուրս բերել և բախվել հանդիպակաց երթևեկող ավտոմեքենային4։
10. Առաջին ատյանի դատարանը, արագացված կարգի կիրառմամբ, արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները և հաշվի առնելով ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը կամովին և գիտակցաբար ամբողջությամբ ընդունելը և դրա հետ համաձայն լինելու հանգամանքները, գտնում է, որ վերջինս կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք, որի համար էլ պետք է պատասխանատվություն կրի:
(...)
Որպես ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ Դատարանը դիտում է այն, որ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն, բնութագրվում է դրականորեն, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին են գտնվում նաև վատառողջ մայրը, կենսաթոշակառու տատը, երրորդ կարգի հաշմանդամ եղբայրն ու մանկահասակ որդին, վրաերթից անմիջապես հետո փորձել է օգնություն ցույց տալ տուժողներին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, տուժողներ Մերի Կառլենի Ղուկասյանը, Սոնա Հայրապետի Հայրապետյանը և տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Հայրապետի Հայրապետյանը հայտնել են Դատարանին, որ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանը 4.780.000 ՀՀ դրամի չափով հատուցել է հանցագործությամբ իրենց պատճառված վնասը և խոստացել է շարունակաբար ֆինանսական օգնություն ցուցաբերել իրենց, որպիսի հանգամանքն էլ հաշվի առնելով տուժող Մերի Կառլենի Ղուկասյանը և տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Հայրապետի Հայրապետյանը հայտնել են, որ հաշտվել են ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի հետ, նրա նկատմամբ քաղաքացիական հայց, որևէ բողոք կամ այլ պահանջ չունեն, խնդրել են նրա նկատմամբ նշանակել հնարավոր մեղմ պատիժ, իսկ տուժող Սոնա Հայրապետի Հայրապետյանը հայտնել է, որ թեպետ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի նկատմամբ քաղաքացիական հայցի պահանջ չունի, սակայն չի ներել վերջինիս և չի հաշտվել նրա հետ:
Դատարանը միաժամանակ ապացուցված է համարում, որ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:
Հաշվի առնելով սույն քրեական գործի հանգամանքները, այդ թվում հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը` այդ թվում խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և հանցագործությամբ պատճառված վնասի ու ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, դրանց նկատմամբ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի կողմից դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, կատարված հանցանքի մեջ վերջինիս մեղավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, այդ թվում հանցանքի կատարումից հետո վերջինիս դրսևորած վարքագիծը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դրանք գնահատելով շարադրված իրավադրույթների և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների և դատողությունների լույսի ներքո` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված միակ՝ ազատազրկման ձևով մեղմ պատիժ՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով, որպիսիք վերջինս պետք է կրի և դրանով իսկ հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների՝ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի ուղղման և հանցագործությունների կանխման իրականացումը (...)»5։
11. Վերաքննիչ դատարանը, Ս.Մկրտումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իր որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի ստուգման ենթարկելով ու օբյեկտիվ գնահատելով ամբաստանյալի կատարած հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն, բնութագրվում է դրականորեն, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին են գտնվում վատառողջ մայրը, կենսաթոշակառու տատը, երրորդ կարգի հաշմանդամ եղբայրը, կինն ու մանկահասակ որդին, վրաերթից անմիջապես հետո փորձել է օգնություն ցույց տալ տուժողներին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, տուժողներ Մերի Կառլենի Ղուկասյանը, Սոնա Հայրապետի Հայրապետյանը և տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Հայրապետի Հայրապետյանը հայտնել են Դատարանին, որ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանը 4.780.000 ՀՀ դրամի չափով հատուցել է հանցագործությամբ իրենց պատճառված վնասը և խոստացել է շարունակաբար ֆինանսական օգնություն ցուցաբերել իրենց, որպիսի հանգամանքն էլ հաշվի առնելով տուժող Մերի Կառլենի Ղուկասյանը և տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Հայրապետի Հայրապետյանը հայտնել են, որ հաշտվել են ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի հետ, նրա նկատմամբ քաղաքացիական հայց, որևէ բողոք կամ այլ պահանջ չունեն, խնդրել են նրա նկատմամբ նշանակել հնարավոր մեղմ պատիժ, իսկ տուժող Սոնա Հայրապետի Հայրապետյանը հայտնել է, որ թեպետ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի նկատմամբ քաղաքացիական հայցի պահանջ չունի, սակայն չի ներել վերջինիս և չի հաշտվել նրա հետ, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետևության, որ ամբաստանյալ Ս.Մկրտումյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով համապատասխան ժամկետով փորձաշրջան:
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները և հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը շարադրված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, հանգում է հետևության, որ ամբաստանյալ Սերգո Մկրտումյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու և հնարավոր է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, ուստի Սերգո Մկրտումյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճռով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի:
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտում արված դատողությանն առ այն, որ ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված միակ՝ ազատազրկման ձևով մեղմ պատիժ՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով, որպիսիք վերջինս պետք է կրի և դրանով իսկ հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների՝ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի ուղղման և հանցագործությունների կանխման իրականացումը, Վերաքննիչ դատարանը, Էդմոն Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշմամբ արտահայտված դիրքորոշման լույսի ներքո արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալի կողմից պատժի կրման նպատակահարմարությունը գնահատելիս, պատշաճ վերլուծության չի ենթարկել կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը դասվում է անզգուշությամբ կատարվող միջին ծանրության հանցագործությունների շարքին, ամբաստանյալի կողմից քրեական օրենքով արգելված արարքը հանցավոր անփութությամբ կատարված լինելու փաստը, մասնավորապես՝ Ս․Մկրտումյանը քնել է ղեկին, ինչի արդյունքում օբյեկտիվորեն չէր կարող գիտակցել իր կողմից թույլ տրված խախտման վտանգավորությունը, ամբաստանյալի՝ հետ հանցավոր դրական վարքագիծը, այն, որ վերջինն ամեն կերպ փորձել է աջակցել դեպքից տուժած անձանց՝ Սերգո Մկրտումյանն անծանոթ քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայում գտնվող մարդկանց դուրս է բերել ավտոմեքենայից և իր բջջային հեռախոսահամարով զանգահարել 1-02 և 1-03 ծառայություններ և հայտնել կատարված դեպքի մասին, ամբողջությամբ մարել է քաղաքացիական հայցը, պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել հանցագործությունից տուժած անձանց ընտանիքներին, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող վերոթվարկյալ հանգամանքները, պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և առանց հիմնավոր պատճառաբանության՝ ընդհանուր ձևակերպումներով, գտել է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր չէ առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, որպիսի հետևությունն ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի համար (...)»6։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը սահմանում է. «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ (…):
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ (…)»:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները, Գագիկ Ղուկասյանի գործով որոշման շրջանակներում փաստել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով «դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն`
ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները (...),
բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթևեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը (...): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ, ի թիվս այլոց, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: (...),
գ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում փաստել է, որ դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել (...):
Զարգացնելով սույն իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթևեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-11-րդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին,
դ. հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (...),
ե. հանցագործությամբ պատճառված վնասը (...),
զ. հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը (...)7»:
Էդմոն Ասատրյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը ճիշտ գնահատելու համար պետք է առանձնակի ուշադրություն դարձվի կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին։ Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը։ Այսպես` հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար չի գիտակցում նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը։ Մինչդեռ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն` նա գիտակցում է իր արարքի վտանգավորությունը և, չնայած դրան, թույլ է տալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին8»։
14. Պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի համատեքստում անդրադառնալով հանցագործությամբ պատճառված վնասի չափին ՝ Վճռաբեկ դատարանն Արամայիս Հովհաննեսյանի գործով որոշմամբ, մասնավորապես, նշել է, որ «կախված օրենքով պահպանվող հարաբերության (հանցակազմի ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ օբյեկտ) իրավական արժեքից, դրան պատճառված վնասը պայմանավորում է տվյալ հանցագործության հանրային վտանգավորության, հետևաբար նաև պատժելիության աստիճանը: Սույն դեպքում պաշտպանվող հարաբերությունը մարդու կյանքն է (լրացուցիչ օբյեկտ), որը հիմնարար սոցիալական արժեք է և այդպիսով օժտված է քրեաիրավական պաշտպանության բարձր աստիճանով:
Ակնհայտ է՝ որքան ծանր է վրա հասած հետևանքը, մեծ՝ վնասի չափը, այնքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը: Վերջինս հակադարձ համեմատական է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությանը: Այլ խոսքով՝ որքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այնքան ցածր է դրա համար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը»9:
15. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն ընդգծել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները նշված հանգամանքների` իրենց ամբողջության մեջ վերլուծության հիման վրա կառուցելու առանձնապես կարևոր նշանակությունը, արձանագրելով, որ այդ հանգամանքները հաշվի չառնելն ու դրանք անտեսելը կարող է հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը10:
16. Վերոնշյալի հաշվառմամբ, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հանգամանքները պետք է վերլուծվեն դրանցից յուրաքանչյուրի իրավական կշռի բովանդակային գնահատման և մյուս հանգամանքների հետ համադրման միջոցով։ Այլ կերպ ասած, այդ հանգամանքներից յուրաքանչյուրի՝ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ունեցած ազդեցությունը չի կարող դիտարկվել մեկուսի, այլ պետք է գնահատման առարկա դառնա այլ գործոնների հետ դրա փոխազդեցության համատեքստում։
Փաստական հանգամանքների բովանդակային նման համադրումն ու գնահատումը հատկապես կարևորվում են, երբ քննարկվող հանգամանքներից մեկը կամ մի քանիսը բարձրացնում են արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մյուսը կամ մյուսները՝ նվազեցնում։ Այս համատեքստում անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին ու առողջությանը պատճառված վնասին՝ հարկ է արձանագրել, որ այն, կանխորոշելով կատարված հանցագործության հանրային վտանգավորության, հետևաբար նաև պատժելիության աստիճանը, ինքնին չի կարող բացառել պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի քննարկումը։ Միևնույն ժամանակ, դատարանը կրում է իրավական բեռ՝ գնահատելու, թե մյուս փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ արդյոք բավարար են՝ հակակշռելու հանցագործությամբ պատճառված վնասի չափի՝ որպես պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականության հակադարձ համեմատականի ազդեցությունը։
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Մկրտումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ.
- նա, 2020 թվականի մայիսի 10-ին ժամը 14:55-ի սահմաններում, իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, սթափ վիճակում, մոտ 40-45 կմ/ժ արագությամբ երթևեկել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում ներառված Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ ճանապարհահատվածում` Երևան քաղաքի ուղղությամբ, որտեղ իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, այն է՝ բավարար ուշադրություն չդարձնելով իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքին՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 2-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջների խախտմամբ ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և բախվել դեպի Մեղրի քաղաքի ուղղությամբ ավտոճանապարհով երթևեկող, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ Հայրապետ Բեգլարյանի վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենային՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս և նույն ավտոմեքենայի ուղևոր Ստեփան Բեգլարյանի մահը, իսկ ուղևորներ Մերի Ղուկասյանի և Սոնա Հայրապետյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս11: Մեղադրական եզրակացությամբ հաստատված է համարվել նաև, որ երթևեկության ժամանակ Ս.Մկրտումյանը քնել է, ինչի արդյունքում իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում12։
- Առաջին ատյանի դատարանն Ս.Մկրտումյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի առնելով հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը` այդ թվում խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և հանցագործությամբ պատճառված վնասի ու ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, դրանց նկատմամբ ամբաստանյալ Ս.Մկրտումյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, կատարված հանցանքի մեջ վերջինիս մեղավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, եզրահանգել է, որ Ս.Մկրտումյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել ազատազրկման ձևով պատիժ, որը նա պետք է կրի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրացումն ապահովելու համար13:
- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցը, հաշվի առնելով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված՝ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, հանգել է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը դասվում է անզգուշությամբ կատարված միջին ծանրության հանցագործությունների շարքին, ամբաստանյալի կողմից քրեական օրենքով արգելված արարքը կատարվել է հանցավոր անփութությամբ, մասնավորապես՝ Ս․Մկրտումյանը քնել է ղեկին, ինչի արդյունքում օբյեկտիվորեն չէր կարող գիտակցել իր կողմից թույլ տրված խախտման վտանգավորությունը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ս.Մկրտումյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու14։
18. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Մկրտումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ: Մասնավորապես, ստորադաս դատարանը՝
ա) պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից թույլ տրված երթևեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես` շուրջ 40-45 կմ/ժ արագությամբ ընթանալու պարագայում, ամբաստանյալն իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, որպիսի խախտումը կոնկրետ իրադրությունում ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը,
բ) պատշաճ գնահատման չի ենթարկել թույլ տրված խախտման և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ Ս.Մկրտումյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը։ Մասնավորապես, ամբաստանյալի կողմից քրեական օրենքով արգելված արարքը՝ մեքենան հանդիպակաց ուղեմաս դուրս բերելը, գնահատելով որպես հանցավոր անփութություն, Վերաքննիչ դատարանն այդ դատողության հիմքում դրել է այն հանգամանքը, որ ամբաստանյալը ղեկին քնել է։ Սակայն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել և հաշվի չի առել դեպքին նախորդող հանգամանքները։
Մասնավորապես, գործի փաստական տվյալներով հաստատվել է, որ դեպքին նախորդող երկու օրերի ընթացքում Ս.Մկրտումյանը չի քնել և եղել է հոգնած վիճակում։ Դեպքի օրը նա գիշերվա ուշ ժամին (02։00-ից հետո) հասնելով Մեղրի, դարձյալ ոչ բավարար քնի պայմաններում, առավոտյան Մեղրիից ուղևորվել է շուրջ 400 կիլոմետր15 հեռավորության վրա գտնվող Վաղարշապատ քաղաք16։ Արդյունքում, Ս.Մկրտումյանը, տրանսպորտային միջոցը վարելով ոչ բավարար քնի և հանգստի պայմաններում՝ հոգնած վիճակում, ժամը 14:55-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կիլոմետր ճանապարհահատվածում, քնելով ղեկին, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և բախվել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենային՝ անզգուշությամբ առաջացնելով երկու անձանց մահ և երկու անձանց առողջությանը ծանր վնասի պատճառում։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործի հիշյալ փաստական տվյալները վկայում են այն մասին, որ նման իրադրությունում ամբաստանյալ Ս.Մկրտումյանը չէր կարող չգիտակցել իր գործողությունների վտանգավորությունը՝ երթևեկության անվտանգության համար։ Այլ կերպ՝ ամբաստանյալ Ս.Մկրտումյանն իր գործողություններով առավել հավանական է դարձրել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար մեղսագրվող արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ։
գ) բավարար ուշադրության չի արժանացրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում պատճառված վնասի չափին: Մասնավորապես, խախտման արդյունքում կյանքից զրկվել է երկու անձ, իսկ երկու անձանց առողջությանը պատճառվել է ծանր վնաս, որպիսի հանգամանքը բարձրացնում է կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը։
19. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ վերլուծության չի ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են՝ վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը և դրա արդյունքում վրա հասած հանրային վտանգավոր հետևանքները։
Մինչդեռ, ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Մկրտումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 1-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճռին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Սերգո Արամի Մկրտումյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 1-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
______________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 235-236:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 255-266:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 255
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 216-223:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 67-81:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 16-18-րդ կետերը:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 15-րդ կետը։
10 Տե՛ս նաև Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:
11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
15 Տե՛ս https://yandex.ru/maps/168/armenia/ կայքը։
16 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: