Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0039/01/17

Նախագահող դատավոր՝

Ռ. Մխիթարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

10 հոկտեմբերի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ Կարո Հակոբի Եղնուկյանի պաշտպան Տ․Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործի դատական քննության ընթացքում՝ 2022 թվականի մայիսի 12-ի նիստում, արձանագրային որոշմամբ մերժել է ամբաստանյալ Կարո Հակոբի Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան ՏՀայրապետյանի միջնորդությունը։

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ պաշտպան ՏՀայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ բողոքարկվող դատական ակտը վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ։

3. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան ՏՀայրապետյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 40-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածները, գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի խախտում, որով զրկել է ԿԵղնուկյանին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից։

Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով իրավամեկնաբանման expression unius կանոնը, գտել է, որ սույն գործով սահմանահատումների արգելքը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման։ Բացի այդ, ըստ բողոքաբերի, բողոքարկված դատական ակտը չի կարող բողոքարկվել դատավճռի հետ միասին, քանի որ դատավճիռը կարող է կայացվել մի քանի տարի անց, որի դեպքում սահմանահատումների արգելքի կապակցությամբ բողոքարկումը կլինի ոչ արդյունավետ։

5 Բողոքաբերը գտել է նաև, որ դատարանն անհիմն սահմանափակել է ԿԵղնուկյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Մասնավորապես, 2019 թվականին ԿԵղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելուց հետո, նոր որոշում չկայացնելու և դրա մասին չտեղեկացնելու պայմաններում, առանց անհրաժեշտության և պատճառաբանության կրկին կիրառել է արգելքը, այդպիսով թույլ տալով լիազորությունների չարաշահում և օրենքով չնախատեսված լիազորության կիրառում։

6 Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության կամ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և որոշում կայացնել ԿԵղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության փուլում քննարկելով ամբաստանյալ ԿԵղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան ՏՀայրապետյանի միջնորդությունը, մերժել է այն, նշելով, որ գործի քննության ներկա փուլում Դատարանը գտնում է, որ հնարավոր է ԿԵղնուկյանը հետագա դատական նիստերին ներկայանալուց խուսափի, ուստի անհրաժեշտ է պահպանել սահմանահատումների արգելքը2:

8 Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան ՏՀայրապետյանի վերաքննիչ բողոքը, նշել է. «(…) Ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի՝ վերը մեջբերված դրույթների ուսումնասիրությունից, դրանցով առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի սահմանահատումների նկատմամբ արգելքը վերացնելու միջնորդությունը վարույթն իրականացնող դատարանի կողմից մերժելու վերաբերյալ որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, նշված հոդվածի 8-րդ կետի լույսի ներքո հարկ է նաև արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ դրույթով նույնպես նախատեսված չէ այդ որոշման ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու հնարավորություն: Ուստի կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի սահմանահատումների արգելքը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին այդ դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ (…)»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից Կ.Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Տ.Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը:

10. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 376.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.

3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման վերաբերյալ որոշման իրավաչափությունը հաստատելու մասին որոշումները.

5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:

11. Վճռաբեկ դատարանը, Արամ Արաբյանի գործով կայացված որոշմամբ, վերլուծության ենթարկելով սույն որոշման նախորդ կետով մեջբերված քրեադատավարական նորմն արձանագրել է հետևյալը՝ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ինչպես մեջբերված, այնպես էլ որևէ այլ հոդվածով դատական քննության փուլում կայացված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու, վերացնելու կամ այն վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ։

Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն՝ սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական քննության ընթացքում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործի դատական քննության փուլում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը պայմանավորված է տվյալ խափանման միջոցի՝ անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության աստիճանով, ինչպես նաև վերադաս դատական ատյանի կողմից առաջին ատյանի դատարանի` քրեական գործի քննության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու անհրաժեշտությամբ:

(…) Ընդ որում հարկ է նկատել, որ վերոնշյալ դիրքորոշումը բխում է նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 352-րդ հոդվածը սահմանելով դատական վերանայման կառուցակարգերը և դրանցում ընդգրկված բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը՝ դատական քննության փուլում բացակայելու արգելք խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորություն չի նախատեսում` այդպիսով պահպանելով վերոնշյալ որոշումների վերաքննիչ բողոքարկման առարկա չհանդիսանալու մոտեցումը (…)»4:

12 Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1690 որոշմամբ5, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի՝ Լուսինե Կարապետյանի գործով6 արտահայտված իրավական դիրքորոշումները սույն դեպքում կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հնարավորությանը։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը, դատական քննության ընթացքում, 2022 թվականի մայիսի 12-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալ Կ.Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ.Հայրապետյանի միջնորդությունը7։

- Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 3-ին պաշտպան Տ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության8:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը, այնպես էլ այդ խափանման միջոցի կիրառման հետևանքը հանդիսացող՝ սահմանահատումների արգելքի վերացման միջնորդությունը մերժելու մասին որոշումը դատական քննության փուլում չեն հանդիսանում վերաքննիչ բողոքարկման առարկա։

Ուստի, Վերաքննիչ դատարանը, Կ.Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով հանգել է իրավաչափ հետևության՝ կայացնելով հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ:

15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Կ.Եղնուկյանի պաշտպան Տ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն իրավաչափ է։

16. Նման պայմաններում, ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զրկված է բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում մեջբերված փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից։

17 Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Կարո Հակոբի Եղնուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հավելված, թերթեր 8-9:

3 Տե՛ս քրեական գործ, հավելված, թերթեր 26-28:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Արաբյանի գործով 2023 թվականի օգոստոսի 25-ի թիվ ԵԴ/0040/01/21 որոշումը:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշումը։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լուսինե Կարապետյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 որոշումը:

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տես սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

 Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: