ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2095-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-689-26.10.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-689-26.10.2023-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորև ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները:
I. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ՝ նախագիծ)
1. Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 19-րդ հոդվածում լրացվող՝
1) 1.1-ին մասով առաջարկվող կարգավորումների առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ զինապարտության ոլորտի խնդիրները սերտ կապի մեջ են գտնվում պետության կողմից իրականացվող ընդհանուր քաղաքականության տարբեր բնագավառների, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության հետ: Այս առումով, առաջարկվող կարգավորումները պետք է պարունակեն համալիր լուծումներ, որոնք լիարժեք կերպով իրացված չեն ներկայացված նախագծերի փաթեթում: Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու» մասին օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են խոչընդոտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումներ ներկայացնելուն, քանի որ զինվորական ծառայություն անցնելու կամ չծառայելու համար վճարում կատարելու պահանջի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կտրուկ կնվազի։ Նշվածը, ընդհանուր առմամբ, հակասում է քաղաքացիության շնորհման ոլորտում պետության որդեգրած ընդհանուր քաղաքականությանը՝ հայրենադարձության և քաղաքացիություն ձեռք բերելու խթանմանը նպաստելու առումով:
Վերոնշյալով պայմանավորված, առաջարկում ենք ձեռնպահ մնալ նշված կարգավորումից.
2) 1.2-րդ մասում «24 ամիս ժամկետով» բառերը փոխարինել «30 ամիս ժամկետով» բառերով, «12 ամիս» բառերը փոխարինել «15 ամիս» բառերով, «6 ամիս» բառերը փոխարինել «7 ամիս 15 օր» բառերով.
3) 1.2-րդ մասի ձևակերպումների արդյունքում կստացվի մի իրավիճակ, որ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով նախատեսվող իրավունքից կկարողանան օգտվել միայն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքները լրացած է և վերջիններիս նկատմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում: Այսինքն, այս խմբից դուրս են մնում օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքները լրացած այն քաղաքացիները, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար դեռևս օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում չի հարուցվել, և վերջիններս օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով նախատեսվող իրավունքից օգտվելու համար պետք է սպասեն, մինչև իրենց նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցվի.
4) 1.2-րդ մասում հստակեցման կարիք ունի նաև «ով սահմանված կարգով զինվորական հաշվառման է վերցվել 27 տարին լրանալուց հետո» ձևակերպումը՝ իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, առաջարկում ենք հստակեցնել, թե 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման վերցվելու դեպքերը ո՞ր իրավական ակտի ո՞ր դրույթներով են սահմանված.
5) 1.2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել այլընտրանքային ծառայության (աշխատանքային կամ զինվորական) անցնելու հնարավորության ժամկետները, ինչպես նաև նախագծի հետ միասին ներկայացնել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում համապատասխան կարգավորումների վերաբերյալ նախագիծ.
6) 1.2-րդ մասում անհրաժեշտ է «2018 թվականի ապրիլի 9-ի» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ին» բառերով.
7) 1.2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել օրենքի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած և զորակոչային տարիքը լրացած քաղաքացիները զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնելու դեպքում պարտադիր զորակոչվում են զինվորական ծառայության, թե չեն կարող չզորակոչվել՝ ունենալով օրենքով սահմանված տարկետման հիմքեր: Խնդրի լուծման համար առաջարկվում է 1.2-րդ մասը «տաս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ» բառերից հետո լրացնել «՝ եթե չունեն սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք» բառերով:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 1.2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Զորակոչային տարիքը լրացած և սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:»:
3. Նախագծում անհրաժեշտ է լրացումներ կատարել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում՝ «27 տարին» բառերից հետո լրացնելով «, իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված անձինք՝ մինչև 37 տարին» բառերը:
4. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության 1-ին կետը, նախագծի 3-րդ հոդվածով օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 2.1-ին կետում «1.1-րդ և 1.2-րդ մասերով» բառերը փոխարինել «1.2-րդ մասով» բառերով, իսկ «զինվորական» բառից հետո լրացնել «այլընտրանքային» բառով:
5. Նախագծի 4-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվելու են օրենքի դրույթները՝ այն նկատառմամբ, որպեսզի առաջարկվող կարգավորումները լրացուցիչ խթան չհանդիսանան պարտադիր զինվորական ծառայությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խուսափման համար: Այդ նպատակով առաջարկում ենք 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 25 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:»:
6. Առաջարկում ենք քննարկել նաև նախագծով առաջարկվող կարգավորումներին հետադարձ ուժ տալու վերաբերյալ անցումային դրույթներ նախատեսելու նպատակահարմարության հարցը։
Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ հաստատված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման և 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ սահմանված զինվորական հաշվառման կարգերում:
II. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվող լրացման կապակցությամբ գտնում ենք, որ առաջարկվող նորմի մեկնաբանությունից բավարար չափով պարզ չէ, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջե օրենքով սահմանված գումարը վճարելուց բացի արդյոք նշված հոդվածով սահմանված հանցավոր արարք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու անհրաժեշտ և պարտադիր պայման է նաև նրա կողմից կամովին ներկայանալը, թե՞ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար միայն բավարար է օրենքով սահմանված գումարը վճարելը (վարույթի մասնավոր մասնակցի կողմից օրենսդրական նորմն իր օգտին մեկնաբանելու հնարավորություն):
Արդյունքում կարող է ստացվել այնպիսի իրավիճակ, երբ քրեական հետապնդվող անձը, առանց վերադառնալու Հայաստանի Հանրապետություն, հնարավորություն կունենա օրենքով սահմանված գումարը վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և ինչը կնշանակի, որ նախագիծը չի ծառայի նախագծի հիմնավորումներում նշված նպատակներին՝ բազմաթիվ քաղաքացիների վերադարձին հայրենիք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրմանը, լրացուցիչ ֆինանսական միջոցների մուտքերին Հայաստանի Հանրապետության բյուջե և այլն:
Այսպիսով, գտնում ենք, որ օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նախագծով առաջարկվող խմբագրությունն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել նրան, որ վարույթի հանրային և մասնավոր մասնակիցները միատեսակ ընկալում չձևավորեն նշված նորմի կիրառության վերաբերյալ և արդյունքում նշված օրենսդրական նորմը լիարժեք չծառայի իր իրավակարգավորիչ նպատակին: Այդ առումով, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը «կամ» բառից հետո լրացնել «ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝» բառերով:
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի: