Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.10.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2837/05/20
2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2837/05/20

Նախագահող դատավոր՝

 Ք ՄԿՈՅԱՆ

Դատավորներ՝

 Ա Թովմասյան

 Ա Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

Լ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

2023 թվականի հոկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 1904.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արսեն Ներսեսյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ` ՀՀ ֆինանսների նախարարություն` գործողություն կատարելուն, այն է` հայցվորին` աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի նախատեսված գումարները վճարելուն` հաշվարկը կատարելով 1999 թվականից մինչև զորացրման օրը` 2015 թվականը, պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արսեն Ներսեսյանը պահանջել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնել կատարել գործողություն, այն է` հայցվորին վճարել աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի նախատեսված գումարները` հաշվարկը կատարելով 1999 թվականից մինչև զորացրման օրը` 2015 թվականը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 05.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ պարտավորեցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը` կատարել որոշակի գործողություն, այն է` հաշվարկել և Արսեն Ներսեսյանին վճարել 2004 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածի ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու համար վճարման ենթակա գումարները։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2022 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 05.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը (ներկայացուցիչ՝ Էլյա Բղդոյան) և ՀՀ ֆինանսների նախարարությունը (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ հոդվածը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե) ենթակետը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետը և 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ՝ Կանոնագիրք) 2-րդ, 3-րդ, 7-րդ, 227-րդ և 231-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրությունը զինծառայողի համար, ով ծառայողական պարտականությունների կատարման նպատակով ներգրավված է եղել հանգստյան կամ տոնական օրերին ծառայության՝ նախատեսում է հանգստի լրացուցիչ օրերի տրամադրում ծառայության շահերի հաշվառմամբ, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին, այսինքն, զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում, այլ տրվում է լրացուցիչ հանգստյան օր, կամ այն կարող է միացվել հիմնական արձակուրդին:

Այլ կերպ ասած՝ օրենսդրությամբ նախատեսված չէ զինծառայողի վարձատրություն արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար կամ դրանց դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում, որպիսին դրված է հայցապահանջի հիմքում: Տվյալ դեպքում Նախարարությունը, որպես պետական մարմին, կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքներով, իսկ զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցվորի շաբաթ օրերին ծառայելու և այդ օրերը հիմնական արձակուրդին չավելացնելու պարագայում այն կարող է դիտվել միայն որպես չօգտագործված արձակուրդի համապատասխան օրեր, որի վարձատրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 09.08.2018 թվականի թիվ 898 որոշման 2-րդ կետով:

Այսպիսով՝ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը, առկա է իրավունքի զարգացման խնդիր հետևյալ հարցի վերաբերյալ իրավահարաբերությունը կարգավորող հատուկ օրենքի («Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք) կարգավորող նորմի առկայության պարագայում, արդյո՞ք կիրառելի է ընդհանուր օրենքի (ՀՀ աշխատանքային օրենսգիրք) միևնույն իրավահարաբերությունը կարգավորող նորմը։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 1904.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել։

 

2.1 ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 227-րդ հոդվածը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորը Դատարան է ներկայացրել գործողության կատարման հայց, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ իր համար բարենպաստ փաստերի մասով ապացուցման բեռը կրում է հայցվորը, մինչդեռ վերջինս չի ներկայացրել որևէ պատշաճ ապացույց, որը կհիմնավորեր իր հայցի հիմքում ընկած փաստերը: Իսկ ինչ վերաբերում է շաբաթ օրերին չվարձատրված գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջին, ապա այն անհիմն է նախ և առաջ այն հիմքով, որ որևէ պատշաճ ապացույցով չի ապացուցվում հայցվորի կողմից հանգստյան օրերին ծառայություն իրականացրած լինելու փաստը (իսկ նույնիսկ իրականացրած լինելու դեպքում էլ դրանք այլ հանգստյան օրով չփոխարինվելու և ամենամյա արձակուրդում չներառելու վերաբերյալ ևս որևէ ապացույց առկա չէ)։

Սույն գործով հայցվորի կողմից վկայակոչված ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները կիրառելի չեն, քանի որ հայցվորի և պատասխանողի միջև ծագած հարաբերությունները կարգավորվում են համապատասխան ոլորտը կարգավորող օրենքներով, իսկ կիրառելի օրենսդրությունը ծառայողական պարտականությունների կատարման նպատակով հանգստյան օրերին ծառայության ներգրավելու դեպքում չի նախատեսում դրամական փոխհատուցում, այլ նախատեսում է լրացուցիչ հանգստի օր տրամադրելու պայման:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 1904.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վարչակազմի աշխատանքային կարգացուցակի հավելվածների համաձայն` նախատոնական և շաբաթ օրերին աշխատանքի սկիզբ է սահմանվել ժամը 9.00, աշխատանքի ավարտը` 15.00 (հիմք` 31.08.1998թ. թիվ 55, 28.08.2000թ. թիվ 200, 31.08.2001թ. թիվ 230, 06.09.2002թ. թիվ 225, 22.08.2003թ. թիվ 222, 17.07.2006թ. թիվ 305, 30.06.2007թ. թիվ 442, 09.07.2008թ. թիվ 379, 13.07.2009թ. թիվ 520, 05.01.2010թ. թիվ 1, 08.07.2011թ. թիվ 513, 02.02.2015թ. թիվ 73 և 10.08.2015թ. թիվ 694 հրամանների պատճենները):

2) Արսեն Ներսեսյանի ներկայացուցիչ` Էդգար Հակոբյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին` Արսեն Ռուդիկի Ներսեսյանի աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի քանակի, և այդ օրերի համար տրամադրվելիք վարձատրության չափի վերաբերյալ հաշվարկ կատարելու և հատուցման ենթակա գումարները դիմողին վճարելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 53-55):

3) Արսեն Ներսեսյանի թիվ 002283 զինվորական գրքույկի համաձայն` 30.09.1995 թվականից մինչև 08.10.2015 թվականը վերջինս ծառայել է ՀՀ զինված ուժերում և 2015 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 3880 Ա/Վ հրամանով արձակվել է զինվորական ծառայությունից (հատոր 1-ին, գ.թ. 84-85):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի և 185-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե որ իրավական ակտերն են ենթակա կիրառման զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցում տրամադրելու իրավահարաբերությունների նկատմամբ:

 

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը։

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։

ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության` այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավակիրառ պրակտիկան։

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հիշատակել Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքը, համաձայն որի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով` դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե´ս, Minasyan and Semerjyan v. Armenia (գանգատ թիվ 27651/05) գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե´ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium (գանգատ թիվ 17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե´ս, Kopecký v. Slovakia (գանգատ թիվ 44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե´ս, Burdov v. Russia (գանգատ թիվ 59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ կարևորել է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը և գտել է, որ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր և այդ հարցի նկատմամբ չի կարող ձևական մոտեցում դրսևորվել: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման և աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նաև անձի սեփականության իրավունքի ոտնահարում է»:

Համադրելով Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կատարված աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պաշտպանվող գույքային իրավունք է, որը ենթակա է արդյունավետ իրավական պաշտպանության (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), (...):

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...)։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք), որով սահմանվել են զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը:

Կանոնագրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ զորամասում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպես, որ ապահովվի մշտական մարտական պատրաստությունը և պայմաններ ստեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության և անձնակազմի դաստիարակության, զինծառայողների մարտական կազմակերպված ուսուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի սպասարկման, ժամանակին հանգստանալու և սնվելու համար:

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ծառայողական շաբաթվա տևողությունը սահմանվում է` ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների և զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների և ուսանողների համար` վեցօրյա շաբաթ` հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաև կին զինծառայողների համար` հնգօրյա շաբաթ` հանգստյան երկու օրով:

(...)

Հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներին ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տևողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը:

Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու և այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Կանոնագրքի 231-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր շաբաթ գնդում անցկացվում է հավաքակայանային-տնտեսական օր` սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների սպասարկման հավաքակայանների և ուսումնանյութական բազայի օբյեկտների լրասարքավորման և բարեկարգման, զինվորական ավանները կարգի բերելու և այլ աշխատանքներ կատարելու նպատակով: Սովորաբար այդ նույն օրն անցկացվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրումը, և անձնակազմը լողանում է բաղնիքում:

Բացի այդ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտական պատրաստության մեջ պահելու նպատակով գնդում անցկացվում են հավաքակայանային օրեր` ամբողջ անձնակազմի ներգրավումով:

Հավաքակայանային-տնտեսական և հավաքակայանային օրերը անցկացվում են ըստ պլանների, որոնք մշակում է գնդի շտաբը գնդի հրամանատարի` սպառազինության և թիկունքի գծով տեղակալների հետ համատեղ և հաստատում է գնդի հրամանատարը: Պլանների քաղվածքները հասցվում են ստորաբաժանումներին:

Հավաքակայանային-տնտեսական օրերին կատարվող աշխատանքները և առաջին հերթին սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի սպասարկման աշխատանքները ղեկավարելու համար հերթականության կարգով նշանակվում են նվազագույն թվով սպաներ և ենթասպաներ: Շաբաթվա ընթացքում նրանց տրվում է հանգստյան օր:

Կանոնագրքի 290-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հանգստյան և տոնական օրվա օրական վերակարգում եղած սպաներին և ենթասպաներին շաբաթվա ընթացքում հանգստյան օր է հատկացվում:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, հաստատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, սահմանել է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը: Ըստ այդմ, Կանոնագրքի «Ժամանակի բաշխումը և առօրյա կարգուկանոնը» վերտառությամբ 5-րդ գլխում սահմանվել է զորամասում ժամանակի բաշխման իրականացման կարգը, որն, ի թիվս այլնի, ուղղված է մշտական մարտական պատրաստության ապահովմանը: Այս նպատակով զորամասում ըստ պլանների անցկացվում են հավաքակայանային-տնտեսական և հավաքակայանային օրեր, ինչն իր հերթին ենթադրում է զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման հնարավորություն:

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանել է սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետևյալ եղանակները՝

- շաբաթվա մյուս օրերին տրամադրվում է հանգիստ` ծառայության շահերի հաշվառումով,

- այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հնարավորություն և սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ ժամանակը գումարվելու և զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձևով տրվելու իրավակարգավորումներ` չի հստակեցրել այն հարցը, թե լրացուցիչ օրերի ձևով հանգիստ տրամադրելու անհնարինության կամ չտրամադրելու դեպքերում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը:

Վերոգրյալի լույսի ներքո՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի վարձատրությունը սահմանող ընդհանուր կանոններին և զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցումը նախատեսող հատուկ կանոններին, ըստ այդմ՝ խնդրո առարկա իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերի որոշման հարցին:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ նույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան: (...)։

Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է` ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է` պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն նույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հավելումը նույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ (...) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումն է:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում նույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ սահմանվել է զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները` համաձայն թիվ 1 հավելվածի:

Վերը նշված իրավակարգավորումների հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, պետական ծառայության տեսակ է, որն էլ իր հերթին հանրային ծառայություն է: Օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառումը հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, միևնույն ժամանակ չի բացառել հատուկ օրենքների կիրառումը, եթե համապատասխան օրենքներով այլ բան է նախատեսված:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթները սահմանված են նշված ծառայության առանձնահատկությունների, զինվորական ծառայության մեջ ներգրավված ծառայողների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նույն օրենքը համարվում է զինվորական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարցեր կարգավորված չեն հատուկ օրենքով։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը ունի բլանկետային բնույթ և զինծառայողների դրամական ապահովությունն անհրաժեշտ է դիտարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների և հիմնական պայմանների լույսի ներքո:

Այսպես՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (հատուկ նորմ) 8-րդ հոդվածը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածը (ընդհանուր նորմ) ըստ էության կարգավորում են համասեռ հարաբերություններ, այն է՝ աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, ինչը նշված հատուկ օրենքի իմաստով որոշակի սուբյեկտների՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումներ են: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ ստանալու հնարավորության կապակցությամբ այլ կարգավորում է նախատեսում, քան ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որպիսի պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 185-րդ հոդվածի դրույթները տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ հետևության համար հիմք է ընդունել այն, որ օրենսդիրը որոշակի սուբյեկտների դրամական ապահովության իրականացումը կարգավորել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան, իսկ հանրաճանաչ սկզբունքի համաձայն` «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali): Այսպիսով ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ տվյալ դեպքում կիրառելի են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումները:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես կանոն, ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն իրականացնող անձանց հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ՀՀ զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ հաստատված՝ «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ անձի կողմից կատարված ծառայությունը նշված Հավելվածով նախատեսված հավելումների տրամադրման առանձնահատուկ դեպքերում ներառված չլինելու պայմաններում գործում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կանոնն առ այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն վերջիններիս հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, քննարկելով զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարումն այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության և հանգստի լրացուցիչ օրեր չտրամադրելու դեպքերում փոխհատուցման հարցը, արձանագրել է հետևյալը.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրաված լինելու ժամանակը ըստ էության օրենսդիրը փոխհատուցել է այլ հանգստյան օրերի տրամադրման միջոցով՝ երաշխավորելով ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված՝ հանգստի իրավունքի ապահովումը: Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը սպաներին ու ենթասպաներին ներգրավելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այսինքն՝ հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով շաբաթվա մյուս օրերին տրամադրելու անհնարինության և լրացուցիչ հանգստյան օրերը չօգտագործելու դեպքում այն միացվում է հիմնական արձակուրդներին: Կարևորելով փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի իրացումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Նույն մասում նշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն ներառվում զինծառայողի` նույն օրենքի համաձայն` զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի սահմանադրականության հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) զինվորական ծառայության ընթացքում ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում նախատեսող իրավակարգավորման ապահովումը Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված՝ պետության պոզիտիվ պարտականությունն է:

(...)

Զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, համարվում է պետական ծառայության տեսակ, որտեղ գործող հարաբերություններն Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով կարող են կարգավորվել Օրենսգրքով միայն այն դեպքում, երբ համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Մինչդեռ, Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով այլ բան է նախատեսվում, քան այն նախատեսված է Օրենսգրքով: Մասնավորապես, ի տարբերություն Օրենսգրքի 170-րդ հոդվածի, որը թույլատրում է աշխատանքից ազատվելիս հատուցում ստանալ չօգտագործված արձակուրդների համար առանց ժամկետային սահմանափակման, Օրենքը նախատեսել է հատուցում ստանալու իրավունք միայն զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց, իսկ Օրենքի 72-րդ հոդվածով հստակեցվում է զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է դիտարկվող սոցիալական երաշխիքը: Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները:

Ի տարբերություն այլ աշխատողների՝ Օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց համար նույն սոցիալական երաշխիքը նախատեսվել է ավելի փոքր ծավալով: Եվ դա նախատեսվել է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին համահունչ:

Այլ է խնդիրը, թե արդյոք օրենսդիրն իրավասու էր աշխատանքային բնույթի հարաբերությունների մեջ գտնվող բոլոր անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքը որոշ կատեգորիայի ծառայողների համար սահմանել այլ ծավալով:

(...) արձակուրդի իրավունքը համապարփակ իրավունք է և տարածվում է ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այնպես էլ մասնավոր անձանց վրա, որոնք գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Զինծառայողները թե՛ հանրային ծառայողներ են, թե՛ նաև լայն իմաստով՝ աշխատանք կատարող անձինք, որոնց արձակուրդի և հանգստի իրավունքը չի կարող չերաշխավորվել օրենքով:

Թեև Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրին է վերապահված ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի բովանդակությունը որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, նախ՝ բացառում է ընդհանրապես այս իրավունքի չերաշխավորելը օրենքով, ինչպես նաև խտրական մոտեցումն այն երաշխավորելիս:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքը երաշխավորում է այս իրավունքը նաև զինծառայողների համար, բայց սահմանում է դրա պաշտպանության ավելի նեղ ծավալ՝ չսահմանելով և չհիմնավորելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլիներ իրավաչափ տարբերակում դնել, մի կողմից՝ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների միջև:

Այդ առումով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց փոխհատուցում ստանալու միասնական իրավակարգավորումների ապահովումն օրենսդրի իրավասության շրջանակներում է:
Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տարբերակումը չունի օբյեկտիվ բնույթ, հիմնավորված չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ»:

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1424 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով որոշել է. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում սկզբունքային անդրադարձ է կատարել իր կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների էության, բովանդակության, դրանց իրավաբանական ուժի ու դերի հարցերին: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-943 որոշմամբ արձանագրել է, որ. «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը»:

ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների էության և բովանդակության հարցերի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի բովանդակային ամբողջականությունը վկայում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը ՀՀ Սահմանադրության վերը նշված նորմերին հակասող և անվավեր է ճանաչվել միայն չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում սահմանելու հնարավորության ժամկետային սահմանափակման մասով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժի մեջ մտնելու պահից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի՝ չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում սահմանելու հնարավորության ժամկետային սահմանափակման մասով կարգավորման իրավական գործողությունը դադարել է և չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցման հնարավորությունը կարգավորող իրավական նորմը գործում է առանց որոշակի ժամկետով սահմանափակող դրույթի:

 Հետևաբար՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը զինծառայողների համար երաշխավորում է չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։

Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների նկատմամբ վկայակոչված իրավանորմը կարող է կիրառելի լինել միայն այն պարագայում, երբ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցերը կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով։ Այլ կերպ ասած, եթե հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Արսեն Ներսեսյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է՝ հայցվորին վճարել աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի նախատեսված գումարները` հաշվարկը կատարելով 1999 թվականից մինչև զորացրման օրը` 2015 թվականը։

Դատարանը մասնակի բավարարել է Արսեն Ներսեսյանի հայցը՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողներին որպես ընդհանուր կանոն հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, այս կանոնից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, սակայն ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հանգստյան օրերին կատարված աշխատանքի համար նախատեսում է վարձատրություն ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակիի չափով, իսկ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով համարվում է հավելում: Այսինքն, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ ստանալու հնարավորության հետ կապված այլ կարգավորում է նախատեսում, քան Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, ինչից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` այդ օրենսգրքի 185-րդ հոդվածի դրույթները տվյալ դեպքում կիրառելի չեն։

Այդուհանդերձ՝ Դատարանն արձանագրել է, որ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ տալու վերոնշյալ առանձնահատկություններն ինքնին չեն բացառում ընդհանրապես ցանկացած վարձատրություն: Դատարանի գնահատմամբ այն դեպքերում, երբ զինծառայողն իրեն հասանելիք հանգստյան օրը ներգրավել է ծառայողական պարտականությունների կատարմանը, սակայն Կանոնագրքով սահմանված որևէ եղանակով փոխհատուցում չի ստացել, ապա դա չի նշանակում, որ անձը զրկվում է դրա դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից: Դատարանի գնահատմամբ այդ դեպքում պահպանվում է հանգստյան օրն աշխատանքի ներգրավելու դիմաց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարձատրություն (դրամական ապահովություն) ստանալու անձի իրավունքը:

Այսպիսով, Դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից դատարանին չի ներկայացվել որևէ գրավոր ապացույց այն մասին, որ հայցվորը վարձատրվել է 2004-2015թ.թ. ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու համար նախատեսված գումարը, հետևաբար 2004 թվականից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածի ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու փոխարեն Կանոնագրքով սահմանված որևէ եղանակով փոխհատուցում չստանալու և զինվորական ծառայությունից արձակվելու պատճառով այդ եղանակներով փոխհատուցում ստանալու փաստացի անհնարինության պայմաններում հայցվորն ունի իր ժամային (օրական) աշխատավարձի չափով դրամական հատուցում ստանալու «օրինական սպասելիք»։

Վերաքննիչ դատարանի 1904.2022 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ «․․․օրենսդիրը Կանոնագրքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու հնարավորություն և սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, դրա անհնարինության դեպքում` այդ ժամանակը գումարվելու և զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձևով տրվելու իրավակարգավորումներ` չի կարգավորել այն հարցը, թե հանգստի լրացուցիչ ժամանակ չտրամադրվելու դեպքում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը: Հետևաբար, նշված իրավահարաբերությունը պետք է կարգավորվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան նորմերով` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը:

(…)

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է գնահատում Դատարանի եզրահանգումները՝ կապված հայցվորին վերջինիս կողմից հանգստյան՝ շաբաթ օրերին կատարված աշխատանքի դիմաց փոխհատուցում ստանալու հետ, միաժամանակ անհիմն գնահատում բողոքաբերի փաստարկները՝ կապված զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում կամ հավելում նախատեսված չլինելու, այլ միայն լրացուցիչ հանգստյան օր, կամ այն հիմնական արձակուրդին միացվելու հետ:

Միաժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանում դատական նիստի ընթացքում պատասխանող ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի բարձրացված փաստարկին առ այն, որ հայցվորին հանգստյան՝ շաբաթ օրերին կատարված աշխատանքի դիմաց տրվել է հատուցում՝ ՀՀ կառավարության թիվ 712-Ն որոշման իրավակարգավորմանը համապատասխան, ապա Վերաքննիչ դատարանն այն ևս անհիմն է գնահատում՝ հետևյալ երկու առումներով:

Նախ, վկայակոչված որոշմամբ կանոնակարգվում են զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները, այսինքն, այն կիրառելի չէ վիճելի իրավահարաբերության նկատմամբ, բացի այդ, պատասխանողը, կրելով հայցվորին հանգստյան՝ շաբաթ օրերին աշխատած օրերի դիմաց վճարում կատարած լինելու ապացուցման բեռը, չի ներկայացրել նշված հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց»։

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Արսեն Ներսեսյանի կողմից ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է՝ հայցվորին վճարել աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի նախատեսված գումարները` հաշվարկը կատարելով 1999 թվականից մինչև զորացրման օրը` 2015 թվականը: Այսինքն, հայցվորը, ըստ էության, պահանջել է հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն տրամադրելուն ուղղված գործողություններ կատարել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավահարաբերությունը ենթակա է կարգավորման «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ զինծառայողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն գործով բացակայում է որևէ ապացույց առ այն, որ հայցվորի կողմից իրականացված ծառայությունը նախատեսված է ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ հաստատված՝ «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով:

Այդուհանդերձ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արսեն Ներսեսյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման, քանի որ վերջինս ունի փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունք: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Արսեն Ներսեսյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը շաբաթվա մյուս օրերին հանգստի տրամադրմամբ չի փոխարինվել, ինչպես նաև վերջինիս չեն տրամադրվել հանգստի լրացուցիչ օրեր, որպիսի պայմաններում այդ ժամանակը ենթակա էր գումարման հիմնական արձակուրդներին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Արսեն Ներսեսյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը անհրաժեշտ է դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ, որը ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում՝ զինվորական ծառայությունից ազատելիս:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արսեն Ներսիսյանը 08102015 թվականի թիվ 3880 Ա/Վ հրամանով արձակվել է զինվորական ծառայությունից (հիմք՝ թիվ 002283 զինվորական գրքույկ)։ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վարչակազմի աշխատանքային կարգացուցակի հավելվածների համաձայն` նախատոնական և շաբաթ օրերին աշխատանքի սկիզբ է սահմանվել ժամը 9.00, աշխատանքի ավարտը` 15.00 (հիմք` 31.08.1998 թվականի թիվ 55, 28.08.2000 թվականի թիվ 200, 31.08.2001 թվականի թիվ 230, 06.09.2002 թվականի թիվ 225, 22.08.2003 թվականի թիվ 222, 17.07.2006 թվականի թիվ 305, 30.06.2007 թվականի թիվ 442, 09.07.2008 թվականի թիվ 379, 13.07.2009 թվականի թիվ 520, 05.01.2010 թվականի թիվ 1, 08.07.2011 թվականի թիվ 513, 02.02.2015 թվականի թիվ 73 և 10.08.2015 թվականի թիվ 694 հրամանների պատճենները)։

Սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերը նշված իրավակարգավորումների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ժամանակահատվածի ծառայության ընթացքում Արսեն Ներսեսյանն ընդգրկվել է ծառայության նաև շաբաթ օրերին և այդ ժամանակահատվածի ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու փոխարեն Կանոնագրքով սահմանված որևէ եղանակով փոխհատուցում չի ստացել: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արսեն Ներսեսյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու ձևով:

Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում ենթակա էր կիրառման ՀՀ կառավարության 09.08.2018 թվականին ընդունված և 18.08.2018 թվականի ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 898 որոշումը։

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել, թե որ իրավակարգավորումների համատեքստում է խնդրո առարկա իրավահարաբերությունը ենթակա կարգավորման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն՝ ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը։

Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։

(…)

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով (տե՛ս Հայկ Սիմոնյանն ընդդեմ Գյումրու համայնքապետարանի՝ թիվ ՎԴ5/0173/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։ Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։ Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։

Նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատարանի լիազորության իրացման առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Արսեն Ներսեսյանին փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցման տրամադրման համար անհրաժեշտ է բացահայտել 1999 թվականից մինչև զորացրման օրը` 2015 թվականն ընկած ժամանակահատվածում վերջինիս՝ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու կոնկրետ օրերի քանակը, որպիսի փաստը հաստատող և համապատասխան հաշվարկը ներկայացնող ապացույց սույն վարչական գործում առկա չէ։

 Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արսեն Ներսեսյանի՝ 1999 թվականից մինչև զորացրման օրը` 2015 թվականն ընկած ժամանակահատվածում շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու կոնկրետ օրերի քանակը ներկայացնող փաստաթուղթը՝ որպես գրավոր ապացույցն պահանջելու, այնուհետև հետազոտելու և գնահատելու, ինչպես նաև հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

 

6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքները ենթակա են մասնակի բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.04.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: