Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0062/06/22

Նախագահող դատավոր՝

 Տ. Սիմոնյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 29 սեպտեմբերի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Բորիս Հրանտի Բախշիյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 23-ի որոշման դեմ պաշտպաններ Ա. Սարդարյանի և Ե. Սարգսյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 340-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 61200322 քրեական գործը:

1.1. 2022 թվականի հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդություններ են հարուցվել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու համար:

1.2. 2022 թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-1 որոշումը՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:

1.3. 2022 թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-2 որոշումը՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ:

2. 2022 թվականի հունվարի 31-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 61200522 քրեական գործը:

2.1. 2022 թվականի փետրվարի 1-ին թիվ 61200322 և թիվ 61200522 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ որին շնորհվել է 61200322 համարը:

2.2. 2022 թվականի փետրվարի 1-ին թիվ 61200322 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Բորիս Բախշիյանին:

3. 2022 թվականի փետրվարի 1-ին նախաքննության մարմինը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Բ.Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2022 թվականի մարտի 23-ի որոշմամբ մեղադրյալ Բ.Բախշիյանի պաշտպաններ Ե.Սարգսյանի և Ա.Սարդարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 7-ի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ա. Սարդարյանը և Ե. Սարգսյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մայիսի 27-ի որոշմամբ ընդունվել են վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Պաշտպան Ա.Սարդարյանը գտել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կայացվել է հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում:

7.1. Ըստ պաշտպանի` Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է հետևյալ պատճառներով՝ 

- Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ դատարան մուտք եղած գործերի բաշխման՝ մակագրման, գործընթացի խախտման վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել և դատարանի նախագահի կողմից գործերի ձեռագիր մակագրման գործընթացն օրինական է, պաշտպանական կողմի գնահատմամբ չեն համապատասխանում ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Գործերի բաշխման գործընթացում սուբյեկտիվ միջամտության առկայությունը առավել ևս նման գործով, երբ ակնհայտ է դատավոր Բ.Բախշիյանի նկատմամբ ճնշում գործադրելու, նրա օրինական գործունեությունն արհեստականորեն որպես հանցավոր որակելու և դատավորին պատժելու միտումը, չի կարող գնահատվել որպես օրենքի հիման վրա ստեղծված անաչառ դատավորի կողմից քննված, երբ դատավորի ընտրությունն իրականացվել է դատարանի նախագահի կողմից: Այդ հանգամանքները առնվազն ողջամիտ կասկած են հարուցում:

- Տվյալ գործով, ի թիվս այլ պայմանների, կարևոր է, որ օրենքով սահմանված կարգով հաղթահարված լինեն դատավորի անձեռնմխելիության երաշխիքները, ինչը, սակայն, առերևույթ տեղի չի ունեցել:

- Բ.Բախշիյանին առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակյալ հատկանիշը՝ ծանր հետևանքը, առերևույթ բացակայում է:   

7.2. Բողոքաբերը նշել է նաև, որ Բ. Բախշիյանին կալանավորելու պայմանը՝ հիմնավոր կասկածն առ այն, որ նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն, ընդհանրապես բացակայում է:    

7.3. Բողոքաբերը համոզմունք է հայտնել, որ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը` կալանավորման հիմքերի մասով նույնպես հակասում են միջազգային և ներպետական օրենսդրությանը, ՄԻԵԴ-ի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին և իրենցից ներկայացնում են անձի ազատության հիմնարար իրավունքի ապօրինի սահմանափակում: Այսպես, Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումների մեջ որպես կալանավորման հիմք նշված է միայն գործի քննությանը խոչընդոտելը: Սակայն վերոնշյալ դատողությունները կրում են վերացական, զուտ ձևական բնույթ և հիմնված չեն միջնորդությանը կից ներկայացված ապացույցների վրա: Բ.Բախշիյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգի առկայության վերաբերյալ պնդումն Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը հիմնավորել են այն հանգամանքով, որ Բ. Բախշիյանը զբաղեցրել է քննիչի, դատախազի, ապա դատավորի պաշտոն և ունի համապատասխան լծակներ` գործով անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու համար: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի այս եզրահանգումները կրում են վերացական բնույթ, ընդամենը ենթադրություններ են և չեն բխում գործի նյութերից: Ընդհակառակը, Բ. Բախշիյանը համապատասխան դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ պատրաստակամություն հայտնելով կազմակերպել իր աշխատակիցների և իր հարազատների հարցաքննության ներկայանալը:        

7.4. Պաշտպանը գտել է, որ Բ.Բախշիյանի կողմից իրավական համակարգում պաշտոններ զբաղեցնելը պետք է մեկնաբանվի ոչ թե որպես քննությանը խոչընդոտելու հիմք, այլ հակառակը, նա երկար տարիներ իրավական համակարգում աշխատելով՝ առերևույթ հարգալից վերաբերմունք կցուցաբերի իրականացվող քննությանը և զերծ կմնա ցանկացած քայլից, որը կարող է մեկնաբանվել որպես ազդեցություն:

7.5. Պաշտպանն ընդգծել է, որ դատավոր Բ.Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացն իր գնահատմամբ իրականում քողարկված հետապնդում է, որի նպատակն է ճնշել դատավորի անկախությունը: Այդ գործընթացն առերևույթ հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներով ամրագրված իրավունքներին:

7.6. Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Ա.Սարդարյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները՝ մերժելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և ազատ արձակելով Բ.Բախշիյանին:          

8. Պաշտպան Երեմ Սարգսյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական, բացակայում են ոչ միայն կալանավորման հիմքերը, այլ անգամ հիմնավոր կասկածը:      

8.1. Պաշտպան Ե.Սարգսյանը, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասը, նշել է, որ օրենքն ուղիղ նախատեսում է, որ առանց հարգելի պատճառի ամբաստանյալի չներկայանալու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ այն փոխարինվել ավելի ծանրով, ինչն էլ դատավոր Բ.Բախշիյանը կատարել է։ Այլ հարց է, որ կարող են լինել անձինք, որոնք կարծում են, որ դատավոր Բ.Բախշիյանը գուցե պետք է անմիջապես չփոխեր Նվեր Մկրտչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և չկալանավորեր նրան, սակայն դրանք ընդամենը կարծիքներ են, որոնք որևէ պարագայում չեն կարող նշանակել, որ Նվեր Մկրտչյանի կալանավորումն ապօրինի է, առավել ևս՝ ակնհայտ ապօրինի։    

8.2. Պաշտպան Ե.Սարգսյանը նշել է, որ մեղադրանքի կողմն արհեստականորեն ծանրացրել է Բ.Բախշիյանին մեղսագրվող արարքը, դրանում նշելով, թե իբրև Նվեր Մկրտչյանի ակնհայտ ապօրինի կալանավորումն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ նա 14 օր ապօրինի գտնվել է անազատության մեջ, որի ընթացքում առերևույթ կազմակերպված խմբի կողմից վերջինիս հարկադրվել է հրաժարվել գործով ցուցմունք տալուց։ Մինչդեռ, Նվեր Մկրտչյանը ոչ թե 14, այլ 13 օր է մնացել կալանքի տակ։ Եվ բացի այդ, ակնհայտ է, որ անզգուշությամբ ծանր վնաս պատճառվելու վերաբերյալ մեղադրանքի կողմի որակումը չի համապատասխանում դատարան ներկայացված նյութերին, ինչպես նաև Բ.Բախշիյանին վերագրվող արարքի փաստական կողմն առերևույթ վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մասին, որն իր բնույթով միջին ծանրության հանցագործություն է և այդ դեպքում մեղադրանքի կողմը չէր կարող Բ.Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։    

8.3. Պաշտպանը նշել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածով, անձին ապօրինի կալանավորելու հանցագործության որակյալ հատկանիշները հստակ սահմանված են, դրանք են՝ անզգուշությամբ ինքնասպանության հանգեցնելը, անզգուշությամբ հոգեկան խանգարման հանգեցնելը կամ անզգուշությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը։ Իսկ սույն դեպքում որպես անզգուշությամբ առաջացած ծանր հետևանքներ որակված 14 օր կալանքի տակ գտնվելը կամ ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրելը չեն հանդիսանում որպես արարքը որակյալ դարձնող հանգամանքներ։

8.4. Պաշտպան Ե.Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դատավոր լինելը և երկար տարիներ իրավապահ մարմիններում աշխատելը, հեղինակություն ունենալն առաջին հերթին խոսում են այն մասին, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալը չի դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ: Ավելին, խնամքին երեք մանկահասակ երեխաներ և մշտական բնակության վայր ունենալը, նախկինում դատապարտված չլինելը ևս վկայում են այն մասին, որ նրա նկատմամբ կարող էր կիրառվել անազատության մեջ գտնվելու հետ չկապված այլ խափանման միջոց, սակայն դատարանն անտեսել է այս էական հանգամանքները։

8.5. Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Ե.Սարգսյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները, մերժել քննիչի միջնորդությունը և վերացնել Բ.Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Բորիս Բախշիյանը ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ «[Ն]ա, հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և իր վարույթում քննվող թիվ ՍԴ3/0087/01/21 քրեական գործով իրականացնելով արդարադատություն և որպես դատավոր այլ լիազորություններ, ակնհայտ ապօրինի կալանավորել է նույն գործով ամբաստանյալ Նվեր Համբարձումի Մկրտչյանին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված թիվ 58225921 քրեական գործն՝ ըստ մեղադրանքի՝ Արմեն Ռոբերտի Անդրեասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Մանվել Վրեժիկի Փարամազյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի  4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագ, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ չորս դրվագ, Նվեր Համբարձումի Մկրտչյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Վազգեն Ռուշանի Ազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Զոհրապ Տիգրանի Առաքելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի  38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագ, Արամ Ռոբերտի Գասպարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով՝ երկու դրվագ և Հայկ Մերուժանի Եղիազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 2021թ. հոկտեմբերի 26-ի որոշմամբ թիվ ՍԴ3/0087/01/21 համարով ընդունվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի վարույթ, վերջինիս 2021թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության, իսկ 2021թ. դեկտեմբերի 3-ին նշանակվել է հերթական դատական նիստ։

2021թ. դեկտեմբերի 3-ին թիվ ՍԴ3/0087/01/21 քրեական գործով տեղի ունեցած դատական նիստում պարզելով, որ ամբաստանյալներ Հայկ Եղիազարյանը, Նվեր Մկրտչյանը, ինչպես նաև պաշտպաններ Արմեն Մելքոնյանը, Էդգար Արամյանը և Յուրա Ավայանը դատական նիստին չեն ներկայացել, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը, ամբաստանյալ Հայկ Եղիազարյանի բացակայությունը համարել է հարգելի, այլ գործով դատավարական գործողության մասնակցելու պատճառաբանությամբ դատական նիստին չներկայացած պաշտպան Յուրա Ավայանի բացակայության հարգելիության և նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցի քննարկումը հետաձգել է մինչև հաջորդ դատական նիստը՝ վերջինիս մասնակցությամբ քննարկելու համար, իսկ պաշտպաններ Արմեն Մելքոնյանի և Էդգար Արամյանի բացակայության հարգելիությունը նույն ծավալով չի քննարկել։ Այնուհետև, դատական քննության պարտադիր մասնակիցների բացակայության, հետևաբար դատական նիստը շարունակելու անհնարինության և անթույլատրելիության պայմաններում, դատավոր Բորիս Բախշիյանն իր նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել միայն մեկ դատական նիստից բացակայած ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցը, և քննարկմամբ պարզել, որ ըստ պաշտպանի կողմից ներկայացված դիմումի՝ Նվեր Մկրտչյանի բացակայությունը պայմանավորված է պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստին չմասնակցելու, նույնն է թե՝ իր պաշտպանությունը բացառապես պաշտպանի միջոցով իրականացնելու, դատական վարույթին առանց պաշտպանի չմասնակցելու ցանկությամբ և լսել կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ Նվեր Մկրտչյանին կալանավորելու հիմքեր չկան, առկա են վերջինիս կողմից դատական նիստերին ներկայանալն ապահովելու այլընտրանքային՝ նվազ խիստ հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ վերջինիս բերման ենթարկելը և բացի այդ, Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը նրա և նրա պաշտպանի բացակայությամբ քննարկելը խախտում է արդար դատաքննության իրավունքը, վարույթի մրցակցությունը, դրանում զենքերի հավասարությունը, ամբաստանյալի՝ լսվելու, իրեն ազատությունից զրկելու հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու իրավունքը։

Այնուհետև, դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկելիս նշված սկզբունքները և ամբաստանյալի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքն ապահովելու ակնհայտ և իրական հնարավորության, դատական նիստից Նվեր Մկրտչյանի բացակայությունը դատական վարույթին առանց պաշտպանի չմասնակցելու նրա ցանկությամբ պայմանավորված լինելու պայմաններում, նույն դատական նիստից բացակայող դատական քննության այլ պարտադիր մասնակիցների բացակայության անհարգելիությունը չքննարկելով կամ դրա քննարկումն ու նրանց նկատմամբ ավելի մեղմ միջոցի՝ դատական սանկցիայի կիրառման հարցի քննարկումը հետաձգելով նրանց ներկայությամբ քննարկելու համար, ինչպես նաև իր վարույթում քննված այլ՝ թիվ ՍԴ3/0014/01/20 քրեական գործով երբեք դատական նիստին չներկայացած և ընտրված խափանման միջոցի պայմաններում հակաիրավական վարքագիծ դրսևորած ամբաստանյալին դատական նիստին ներկայացնելու համար պաշտոնական ծանուցումից բացի այլ միջոցներ գործադրելուց և դրանք արդյունք չտալուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կիրառած լինելով, այսինքն՝ գիտակցելով, որ տվյալ դեպքում կալանավորումը դատական նիստերին Նվեր Մկրտչյանի ներկայությունն ապահովելու վերջին՝ ծայրահեղ միջոց չի հանդիսանում, հետևաբար, վերջինիս կալանավորելու հիմքերը բացակայում են, խախտելով ՀՀ Սահմանադրության 27-րդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածների, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R(80)11 հանձնարարականի 9-րդ կետի, թիվ (2006) 13 հանձնարարականի 4-րդ և 7-րդ կետերի, ԵԽԽՎ թիվ 2077 (2015) բանաձևի 1-ին կետի, «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Տոկիոյի կանոններ») 6.1-րդ կետի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1295, ՍԴՈ-827, ՍԴՈ-1421 որոշումներում, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Գարսիա Ալվան ընդդեմ Գերմանիայի, Լեյտցովն ընդդեմ Գերմանիայի, Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործերով վճիռներում և Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-132/07 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից բխող պահանջները և բացահայտ խախտելով ամբաստանյալի լսված լինելու իրավունքը, ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել Նվեր Համբարձումի Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչի հետևանքով վերջինս 14 օր ապօրինի գտնվել է անազատության մեջ, որի ընթացքում առերևույթ կազմակերպված խմբի կողմից վերջինիս հարկադրվել է հրաժարվել գործով ցուցմունք տալուց»2:

9.1. Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդության համաձայն՝ «(...) Քննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա առկա է հիմնավոր կասկած, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ չթույլատրված արարք, այն է՝ ապօրինի կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և առկա են վերջինիս ազատությունից զրկելու՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր։

Այսպես.

(...)

2021թ. դեկտեմբերի 17-ի (...) դատական նիստում մեղադրողի կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակվելուց հետո դատարանը որոշել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը՝ սահմանելով, որ ամբաստանյալների հարցաքննությունը պետք է կատարվի մյուս բոլոր ապացույցները հետազոտելուց հետո։ Սակայն, ամբաստանյալ Մանվել Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը քննարկելիս, քննարկման առարկա է դարձրել ապացույցների հաջորդականությունը փոփոխելու և ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին հարցաքննելու հարցը, որին մեղադրողը և Նվեր Մկրտչյանի պաշտպանն առարկել են, իսկ Նվեր Մկրտչյանը հայտնել է, որ դրա դեմ չի առարկում և պատրաստ է ցուցմունք տալ։ Պաշտպանի դիրքորոշումը հստակեցնելու համար դատական նիստն ընդմիջվելուց հետո կողմերի դիրքորոշումները մնացել են նույնը և դատարանը հետաձգելով միջնորդության քննարկումը, անցել է Նվեր Մկրտչյանի հարցաքննությանը։ Նվեր Մկրտչյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց, պատասխանել է միայն մեկ հարցի՝ նշելով, որ իր նկատմամբ ազդեցություն չի գործադրվել և չի գործադրվի։ Հարցաքննությունից հետո Նվեր Մկրտչյանը միացել է Մանվել Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությանը։

Վերոգրյալ փաստերի համակցությունը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի և դրա կիրառման դատավարական կարգի բաղադրիչը հանդիսացող դատավարական երաշխիքների վերաբերյալ իրավակարգավորումների համատեքստում վկայում են, որ դատավոր Բորիս Բախշիյանը, դատական նիստին Նվեր Մկրտչյանից բացի, նաև Հայկ Եղիազարյանի, Նվեր Մկրտչյանի պաշտպան Յուրա Ավայանի և Հայկ Եղիազարյանի պաշտպաններ Արմեն Մելքոնյանի և Էդգար Արամյանի բացակայության, հետևաբար, դատական նիստը շարունակելու անհնարինության և անթույլատրելիության, Նվեր Մկրտչյանի բացակայությունը վերջինիս պաշտպանի բացակայությամբ պայմանավորված լինելու և առանց վերջինիս դատական նիստին մասնակցել չցանկանալու, նույնն է, թե՝ վարույթին առանց պաշտպանի մասնակցելու ցանկության բացակայությամբ պայմանավորված լինելու մասին փաստական տվյալներ ունենալու պայմաններում, իր նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնելով ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը, և լսելով կողմերի դիրքորոշումն այն մասին, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցի քննարկումը առանց նրա բացակայության պատճառները վերջնական պարզելու անթույլատրելի է, խախտում է պաշտպանության իրավունքը, ամենախիստ խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են և նախքան այդ անհրաժեշտ է գործադրել դատավարական հարկադրանքի ավելի մեղմ միջոց, որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Դատարանը նման որոշում է կայացրել անտեսելով, որ ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի կողմից դատական նիստին ներկայանալու պարտականությունը չկատարելը, ըստ վերջինիս պաշտպանի դիմումի, պայմանավորված է առանց պաշտպանի դատական վարույթին մասնակցել չցանկանալու հանգամանքով, ուղղակիորեն ոտնահարելով ամբաստանյալի՝ դատարանի առջև կանգնելու և լսվելու իրավունքը և դատական ակտում իրականությանն ուղղակիորեն հակասող տվյալներ մտցնելով այն մասին, թե իբր Նվեր Մկրտչյանի բացակայությունն է պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունները չքննարկելու պատճառ դարձել այն դեպքում, երբ դատական նիստից բացակայել են նաև դատավարության այլ մասնակիցներ, առանց որոնց դատական նիստը շարունակվել չէր կարող։ Դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մասին են վկայում ոչ միայն այն հանգամանքը, որ դատավարության մասնակիցների կողմից վերջինիս համար ակնհայտ է դարձվել կալանավորման հիմքերի բացակայությունը, տվյալ դեպքում կալանավորումը որպես վերջին՝ ծայրահեղ միջոց չհանդիսանալու հանգամանքն ու նախքան այդ ավելի մեղմ հարկադրանքի միջոց կիրառելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը, այլ նաև այն, որ վերջինս դատական նիստին պաշտպան Յուրա Ավայանի բացակայությունը, դրա պատճառների համատեքստում համարելով անհարգելի, վերջինիս նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցի քննարկումը հետաձգել է՝ այն վերջինիս ներկայությամբ քննարկելու և բացակայության պատճառների մասին պարզաբանում ստանալու համար, իսկ պաշտպաններ Արմեն Մելքոնյանի և Էդգար Արամյանի բացակայությունն արձանագրելուց հետո դրա պատճառները, դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտության հարցն առհասարակ չի քննարկել և միայն Նվեր Մկրտչյանին կալանավորելուց հետո արձանագրելով, որ Արմեն Մելքոնյանը ներկայացել է, պարզունակ հարցմամբ ճշտել է բացակայության պատճառն ու բավարարվել դրանով։

Ավելի պարզ՝ դատավոր Բորիս Բախշիյանը, դատական նիստին ներկայանալու պարտականությունը չկատարելու պատճառով, առանց այլ միջոցների կիրառման կալանավորել է Նվեր Մկրտչյանին այն դեպքում, երբ դատական նիստին չներկայացած այլ անձանց բացակայության և նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցն ընդհանրապես չի քննարկել, իսկ Յուրա Ավայանի նկատմամբ որպես հարկադրանք անհամեմատելիորեն ավելի մեղմ միջոցի՝ սանկցիայի կիրառման համար անհրաժեշտ է համարել վերջինից պարզաբանումներ և ապացույցներ ստանալը և նույն սանկցիան չի կիրառել նաև հաջորդ դատական նիստում այն դեպքում, երբ վերջինս որևէ ապացույց չի ներկայացրել։

Դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին կալանավորելիս վերջինիս լսվելու իրավունքը բացահայտ կերպով խախտել է ոչ միայն հենց այդ պահին՝ կալանավորելու մասին որոշումը կայացնելով վերջինիս բացակայությամբ և առանց այդ կապակցությամբ նրա և նրա պաշտպանի փաստարկները լսելու, այլև նրանով, որ վերջինս իր բացակայությամբ նման որոշում կայացվելուց հետո 14 օր գտնվելով անազատության մեջ, անհապաղ չի կանգնել դատարանի առջև այն դեպքում, երբ դատական իրավունքը պարտավորեցնում է ապահովել ազատությունից զրկված և դատարանի տրամադրության տակ գտնվող անձի անհապաղ՝ առավելագույնը 72 ժամվա ընթացքում դատարանի առջև կանգնելու իրավունքը։

Նվեր Մկրտչյանի կալանավորման ապօրինությունն ակնհայտ է ոչ միայն նրան կալանավորելու, այլ նաև այն վերացնելու մասին դատավոր Բորիս Բախշիյանի որոշումից։ Բանն այն է, որ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին կայացված նիստում Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է այն պայմաններում, երբ վերջինս պնդել է, որ իր բացակայությունը պայմանավորված է եղել առանց պաշտպանի դատական նիստին ներկայանալու ցանկության բացակայությամբ և առողջական վիճակով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ դատարանը չի էլ պահանջել։ Այսինքն՝ բացարձակապես միևնույն փաստական տվյալների պայմաններում դատարանը 14 օր անց Նվեր Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելը համարել է ոչ անհրաժեշտ։

Ավելին, Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մասին է վկայում նաև դատավոր Բորիս Բախշիյանի որպես դատավոր գործունեության պրակտիկան, որը թույլ է տալիս պնդել, որ նա, ամբաստանյալի բացակայության շատ ավելի ակնհայտ անթույլատրելիության և ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու մասին ուղղակիորեն վկայող փաստական տվյալների պայմաններում ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը չի կիրառել։

(...)

[Դ]ատավոր Բորիս Բախշիյանը մի դեպքում երբեք դատարան չներկայացած և զորացրվելու մասին դատարանին չհայտնած ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել չհեռանալու մասին ստորագրությունն ու նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացրել այն դեպքում, երբ դատարանը նաև հեռախոսազանգեր ունենալու միջոցով անհաջողության մատնված ջանքեր է գործադրել ամբաստանյալի ներկայությունն ապահովելու ուղղությամբ և քրեական գործում առկա է ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու անհնարինության, հետևաբար ի սկզբանե ընտրված խափանման միջոցը փոփոխելու և ավելի պիտանի խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության մասին նրա նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի դիմումը, մյուս դեպքում՝ Նվեր Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել վերջինիս կողմից գործով առաջին դատական նիստին չներկայանալուց հետո՝ առանց վերջինիս բերման ենթարկելու մասին որոշում կայացնելու կամ այլ՝ կալանավորումից ավելի նվազ խիստ միջոց ձեռնարկելու այն դեպքում, երբ դատավարության բոլոր մասնակիցներն են արձանագրել Նվեր Մկրտչյանի իրավունքների խախտման փաստը, իսկ Նվեր Մկրտչյանի բացակայությունը պայմանավորված է եղել առանց իր պաշտպանի դատական նիստին մասնակցել չցանկանալու հանգամանքով և բացի այդ, դատական նիստը նաև այլ մասնակիցների բացակայության պատճառով անհնար էր։

Նշված հանգամանքները վկայում են, որ Նվեր Մկրտչյանին կալանավորելու անօրինականությունը՝ նրան կալանավորելու հիմքերի բացակայությունը և դրա դատավարական կարգի խախտումը դատավոր Բորիս Բախշիյանի համար եղել են ակնհայտ և վերջինս նշված արարքն առերևույթ կատարել է ուղղակի դիտավորությամբ։ Ապօրինի կալանավորվելու արդյունքում Նվեր Մկրտչյանը 14 օր գտնվել է ապօրինի անազատության մեջ, որի ընթացքում նրա նկատմամբ առերևույթ կատարվել է ծանր հանցագործություն, այն է՝ կազմակերպված խմբի կողմից վերջինիս հարկադրվել է քրեական գործով ցուցմունք տալուց խուսափել։

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանը իր վարույթում քննվող թիվ ՍԴ3/0087/01/21 քրեական գործով ամբաստանյալ Նվեր Համբարձումի Մկրտչյանի կողմից իր պաշտպանությունը բացառապես պաշտպանի միջոցով իրականացնելու և առանց իր պաշտպանի ներկայության դատական վարույթին մասնակցել չցանկանալու պատճառաբանությամբ միայն մեկ դատական նիստից բացակայելու պայմաններում, ընդամենը ամբաստանյալի բացակայությունը և նրա կողմից դատավարական պարտականությունը չկատարելու փաստն արձանագրելով, միաժամանակ դատական նիստից դատարանի գնահատմամբ անհարգելի պատճառաբանությամբ կամ ակնհայտորեն առանց պատճառաբանության բացակայող դատավարության այլ մասնակիցների նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցի քննարկումը հետաձգելով նրանց ներկայությամբ քննարկելու համար կամ ընդհանրապես չքննարկելով, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի իր համար ակնհայտ բացակայությամբ և կոպտորեն ու ակնհայտ խախտելով անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը քննարկելիս մրցակցությունն ու կողմերի հավասարությունը, ոտնահարելով ամբաստանյալի՝ դատարանի առջև կանգնելու և լսվելու, իր ազատության իրավունքը սահմանափակելու հարցի կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու իրավունքը, ակնհայտ ապօրինի կալանավորել է ամբաստանյալ Նվեր Համբարձումի Մկրտչյանին, ինչի հետևանքով վերջինս 14 օր ապօրինի գտնվել է անազատության մեջ, որի ընթացքում առերևույթ կազմակերպված խմբի կողմից վերջինիս հարկադրվել է հրաժարվել գործով ցուցմունք տալուց։

Հետևաբար, Բորիս Հրանտի Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայման հանդիսացող՝ հանցանք կատարելու հիմնավոր կասկածն առկա է։

Կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Նվեր Մկրտչյանը տեղափոխվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ, որից հետո 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21:58 րոպեին, նույն հիմնարկի կալանավոր Հրաչյա Կարենի Բադալյանը զանգահարել է նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դավիթ Մհերի Անանյանին, հայտնել, որ ՔԿՀ կարանտինային բաժանմունք է տեղափոխվել մի անձ, որից հետո զրույց է ծավալվել այդ անձի «բարոյազուրկ» վարքագծի՝ գործով ցուցմունք տալու մասին։ Հրաչյա Բադալյանի և Դավիթ Անանյանի հեռախոսազրույցից, մասնավորապես դրանում քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անձի ցուցմունքի խիստ համառոտ ներկայացումից ակնհայտորեն պարզ է, որ խոսքը վերաբերում է Նվեր Մկրտչյանին։ Խոսակցության ընթացքում Հրաչյա Բադալյանը Դավիթ Անանյանին հայտնել է, որ այդ մասին տեղեկացնում է, որպեսզի վերջինս ասի թե ինչ արվի։ Խոսակցությունն ավարտվում է, երբ Դավիթ Անանյանը նշում է, որ հեռախոսով խոսել պետք չէ։ Այնուհետև, 2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը  18։26-ին դատապարտյալ Դավիթ Անանյանին է զանգահարել «Գորիս» ՔԿՀ 8-րդ խցի կալանավոր Կարեն Ներսիսյանը և հայտնել, որ 4 օր կարանտինում գտնվելուց հետո իրենց խուց են տեղափոխել քաջարանցի Նվերին, որից հետո Դավիթ Անանյանը հայտնել է, որ վերջինս քաղաքապետերի գործով է և հարցրել, թե Կարեն Ներսիսյանից բացի ովքեր են գտնվում նույն խցում։ Պարզելով, որ թիվ 8 խցում է գտնվում նաև Սուրո անունով անձը՝ Սուրիկ Գագիկի Գևորգյանը, Դավիթ Անանյանը Կարեն Ներսիսյանից պահանջել է հեռախոսը փոխանցել նրան և վերջինիս հետ այլ բնույթի խոսակցությունից հետո հայտնել, որ նրանց մոտ մարդ են տեղափոխել և պահանջել ոչինչ չձեռնարկել՝ մինչև ինքը չասի, թե ինչ և ինչպես պետք է անել։

Բացի այդ, «Իրավաբան էյ էմ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Ներսես Խաչատրյանը նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն, իսկ հարուցված գործով որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ Նվեր Մկրտչյանն իր պաշտպան Յուրա Ավայանի հետ ծանոթացել և վերջինիս օգնությանն է դիմել իր միջոցով։ Հիշում է, որ Յուրա Ավայանի կողմից նրա պաշտպանությունն ստանձնելուց հետո՝ 2021թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Երևան քաղաքի Բյուզանդի 1 շենք 49 տարածք հասցեում գտնվող իրենց գրասենյակ է գնացել Նվեր Մկրտչյանը, խուճապահար մոտեցել իրեն և ասել, որ ինքը Յուրայի հետ խոսի, որպեսզի վերջինս դատական նիստում հայտարարի, որ քրեական գործով հանցագործության մասին հաղորդումն ինքը՝ Նվերը, չի գրել։ Իր հարցին, թե ինչու է նման բան խնդրում, Նվեր Մկրտչյանը պատասխանել է, որ Քաջարան քաղաքում խոսակցություններ են շրջանառվում, որ Մանվել Փարամազյանն իր պատճառով է կալանավորվել։ Ինքը պարզաբանել է, որ եթե հանցագործության մասին հաղորդումն ինքն է ստորագրել, ապա Յուրան նման բան չի կարող հայտարարել, որից հետո Նվեր Մկրտչյանը հայտնել է, որ իրեն «քսիվներ» են հասնում՝ սպառնալով իրեն և իր ընտանիքի անդամներին, ուստի վախենում է և այդ պատճառով չի ցանկանում ներկայանալ դատական նիստերին։

2021 թվականի դեկտեմբերի 17-ի դատական նիստում որպես խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելուց հետո Նվեր Մկրտչյանը զանգահարել է իրեն և պարզելով, որ Գորիս քաղաքում է, խնդրել է հանդիպել։ Հանդիպման ընթացքում իր այն հարցին, թե ինչու է դատական նիստում միացել Մանվել Փարամազյանին գրավով կալանքից ազատելու միջնորդությանը, Նվեր Մկրտչյանը պատասխանել է, որ դա ուրիշ պատմություն է։ (...):

Վերը նշված բովանդակության իր ցուցմունքները պնդել է նաև Նվեր Մկրտչյանին առերես:

(...) Բորիս Հրանտի Բախշիյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանր հանցագործություն, որի համար որպես պատիժ նախատեսված է մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում և որն իր բնույթով կապված է արդարադատության պատշաճ կազմակերպման՝ արդար դատաքննության իրավունքի ակնհայտ խախտման հետ և դրսևորվել է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Վերը ներկայացված փաստերը՝ այն, որ Նվեր Համբարձումի Մկրտչյանը դատավոր Բորիս Բախշիյանի կողմից առերևույթ ակնհայտ ապօրինի կալանավորվել է, որից հետո «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գնվելու ընթացքում առերևույթ կազմակերպված խմբի կողմից նրան հարկադրվել է հրաժարվել ամբաստանյալ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տալուց, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի դատական նիստում առանց որևէ հանգամանքի փոփոխության նույն դատավորի որոշմամբ վերջինս ազատ է արձակվել կալանքից, այնուհետև ապացույցների հետազոտման հաջորդականություն սահմանելուց հետո ներկայացված՝ Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին միջնորդությունը քննելու համար դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ապացույցների հետազոտման հաջորդականությունը փոփոխվել է բացառապես Նվեր Մկրտչյանի հարցաքննության համար, որի ժամանակ վերջինս ոչ միայն հրաժարվել է ցուցմունք տալուց, հարցերին պատասխանելուց, ավելին՝ պատասխանել է միայն իր նկատմամբ ազդեցություն գործադրելու մասին հարցին և հերքել այդ փաստն այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել հակառակի մասին և իր նկատմամբ գործադրված սպառնալիքի մասին հայտնել այլ անձանց, այլ նաև միացել ներկայացված միջնորդությանը, հիմնավոր կասկած են առաջ քաշում նաև այն մասին, որ վերոնշյալ գործողությունները եղել են փոխկապակցված, նախապես պլանավորված և ուղղված են եղել հենց ամբաստանյալ Մանվել Փարամազյանի համար բարենպաստ հետևանքներ առաջացնելուն։ Այդ մտահոգությունն ավելի է հիմնավորվում նաև նրանով, որ Նվեր Մկրտչյանին կալանավորելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը դատավոր Բորիս Բախշիյանը պատճառաբանել է իրականությանը չհամապատասխանող այլ փաստերի շարքում նրանով, որ գործով ամբաստանյալ Մանվել Փարամազյանը գտնվում է արգելանքի տակ և դատական նիստը չի կայացել հենց Նվեր Մկրտչյանի բացակայության պատճառով այն դեպքում, երբ գործով բացակայել են նաև դատավարության այլ մասնակիցներ, ում ներկայությունը դատական նիստը շարունակելու համար պարտադիր էր։ Այսինքն՝ դատավորը Նվեր Մկրտչյանի բացակայության հետևանքները կապել է հենց նրա հետ, որ Մանվել Փարամազյանը շարունակում է գտնվել անազատության մեջ։

Բացի այդ, Բորիս Բախշիյանը հանդիսանում է պաշտոնատար անձ՝ իշխանության ներկայացուցիչ, զբաղեցնում է ինքնավար պաշտոն, նրա ղեկավարությամբ են աշխատում հայեցողական և այլ հանրային պաշտոն զբաղեցնող և դատավորի լիազորությունների իրականացմանն օժանդակող գործունեություն իրականացնող անձինք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ կատարված հանցագործությունների մասին։

Նկատի ունենալով, որ գործի նախաքննությունը գտնվում է դեռ խիստ սկզբնական փուլում, երբ դեռևս հարցաքննված չեն վերը նշված հանգամանքների և դրանց փոխկապվածության, նախնական պլանավորվածության մասին վկայող հնարավոր տեղեկություններ ունեցող անձինք և հաշվի առնելով Բորիս Բախշիյանի, որպես իշխանության ներկայացուցչի դիրքը, ներկայացված փաստերը հիմնավոր կասկած են հարուցում այն մասին, որ Բորիս Բախշիյանն ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում քրեական գործի քննությանը՝ դեռևս չհարցաքննված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Վարույթի ներկա՝ սկզբնական փուլում հիմնավոր է կասկածը նաև այն մասին, որ Բորիս Բախշիյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել գործի քննությանը նաև իր տրամադրության տակ գտնվող՝ գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով։ Նույն փաստերը հավասարապես վկայում են նաև, որ առկա է նաև հիմնավոր կասկած ազատության մեջ մնալու դեպքում Բորիս Բախշիյանի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված՝ գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթերը ոչնչացնելու հետ կապված նոր արարք կատարելու կապակցությամբ։

Եվ վերջապես, թեև վերագրվող արարքի ծանրության աստիճանն ինքնին հիմք չէ կալանավորման հիմքերն առկա համարելու համար, սակայն էական նշանակություն ունի դրանք գնահատելիս, ինչը Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ գործով որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում՝ գործի վերը նշված հանգամանքներն ու դրանցից բխող ռիսկերը համակցության մեջ գնահատելիս, թույլ է տալիս պնդել, որ առկա է նաև հիմնավոր կասկած, որ ազատության մեջ մնալու դեպքում Բորիս Բախշիյանը կթաքնվի քննությունից։ (...)»3:

10. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ  արձանագրել է. «(...) Դատարանն արձանագրում է, որ սույն միջնորդությանը կից ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդի 2022թ. հունվարի 31-ի թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-1 որոշումը՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի վերաբերյալ և Բարձրագույն դատական խորհրդի 2022թ. հունվարի 31-ի թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-2 որոշումը՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի վերաբերյալ:

(...) Դատարանն արձանագրում է, որ սույն միջնորդությամբ հաղթահարման ենթակա դատավորի անձեռնմխելիության հարցը լուծված է՝ համաձայն Բարձրագույն դատական խորհրդի 2022թ. հունվարի 31-ի թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-1 և ԲԴԽ-11-Ո-Ք-2 որոշումների:

(...) Ներկայացված նյութերն իրենց համակցության մեջ առերևույթ վկայում են հետևյալի մասին:

Թիվ ՍԴ3/0087/01/21 քրեական գործով 2021թ. դեկտեմբերի 3-ին ունեցած դատական նիստին չեն ներկայացել ամբաստանյալներ Հայկ Եղիազարյանը, Նվեր Մկրտչյանը: Ամբաստանյալ Հայկ Եղիազարյանի բացակայությունը դատավոր Բորիս Բախշիյանը համարել է հարգելի, միևնույն ժամանակ, իր նախաձեռնությամբ, քննարկման առարկա է դարձրել ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու հարցը: Լսելով կողմերի կարծիքներն, ի թիվս այլնի, այն մասին, որ բացառիկ խափանման միջոցի կիրառման համար անհրաժեշտ պայմանները բացակայում են, նշված հարցի քննարկումը Նվեր Մկրտչյանի բացակայության պայմաններում խախտում է վերջինիս պաշտպանության իրավունքը, ինչպես նաև, լսելով մեղադրող կողմի դիրքորոշումն առ այն, որ բացառիկ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է, որոշում է կայացրել Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Դատարանն արձանագրում է, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումն ի կատար ածելուց հետո, ըստ ներկայացված նյութերի, առկա է ողջամիտ ենթադրություն առ այն, որ վերջինիս նկատմամբ առերևույթ կազմակերպված խմբի կողմից դրսևորվել է ապօրինի ազդեցություն, ինչի հետևանքով նա հրաժարվել է ցուցմունք տալուց:

Այնուհետև՝ ըստ ներկայացված նյութերի՝ 2021թ. դեկտեմբերի 17-ին նույն գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատավոր Բ.Բախշիյանը, լսելով կողմերին, որոշում է կայացրել Նվեր Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու և որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն և գրավ կիրառելու մասին:

Նույն դատական նիստում դատարանը որոշել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը՝ սահմանելով, որ ամբաստանյալների հարցաքննությունը պետք է կատարվի մյուս բոլոր ապացույցները հետազոտելուց հետո: Այնուհետև, ամբաստանյալ Մանվել Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը քննարկելիս, սեփական նախաձեռնությամբ, քննարկման առարկա է դարձրել ապացույցների հաջորդականությունը փոփոխելու և ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին հարցաքննելու հարցը, որին մեղադրողը և Նվեր Մկրտչյանի պաշտպանն առարկել են, իսկ Նվեր Մկրտչյանը հայտնել է, որ դրա դեմ չի առարկում և պատրաստ է ցուցմունք տալ: Այնուհետև դատավոր Բորիս Բախշիյանը հետաձգել է ամբաստանյալ Մանվել Փարամազյանի և Արմեն Անդրեասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդության քննարկումը, փոփոխել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը և անցել է Նվեր Մկրտչյանի հարցաքննությանը: Նվեր Մկրտչյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց և նշել է, որ իր նկատմամբ ազդեցություն չի գործադրվել և չի գործադրվի և միացել է Մանվել Փարամազյանի և Արմեն Անդրեասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությանը:

(...)

Այսպիսով, Նվեր Մկրտչյանին իր նախաձեռնությամբ կալանավորելը, հաջորդ դատական նիստին կալանավորում խափանման միջոց փոխելը, Մանվել Փարամազյանի և Արմեն Անդրեասյանի նկատմամբ ընտրված կալանավորման միջնորդության ժամանակ Նվեր Մկրտչյանի կողմից ցուցմունք տալու պատրաստակամության մասին տեղեկանալը, սեփական նախաձեռնությամբ ապացույցների հետազոտման հաջորդականություն փոփոխելը, Նվեր Մկրտչյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելուց հետո Մանվել Փարամազյանի և Արմեն Անդրեասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց փոփոխելն այն պայմաններում, երբ Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանքը կրելու ընթացքում առերևույթ կիրառվել է ապօրինի ազդեցություն, իրենց համակցության մեջ անաչառ դիտորդի մոտ օբյեկտիվ, արժանահավատ և հիմնավոր կասկած կարող է առաջացնել առ այն, որ մեղադրյալ Բ.Բախշիյանն առերևույթ իր լիազորություններն ուղղակի դիտավորությամբ ենթադրաբար օգտագործել է անձին ազատությունից զրկելու նպատակով, որի արդյունքում ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը գտնվել է անազատության մեջ, որի ընթացքում առերևույթ կազմակերպված խմբի կողմից վերջինիս հարկադրվել է հրաժարվել գործով ցուցմունք տալուց, հետևաբար սույն գործի քննության շրջանակներում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված է:

(...)   Անդրադառնալով կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմքերին, Դատարանն արձանագրում է, որ սույն միջնորդության շրջանակներում Քննիչի կողմից, ըստ էության, ներկայացվել է խափանման միջոց կիրառելու երեք հիմք՝

1. թաքնվել վարույթ իրականացնող մարմնից,

2. խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով,

3. կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված արարք:

Անդրադառնալով Քննիչի կողմից ներկայացված առաջին հիմքին՝ Դատարանն արձանագրում է, որ առնվազն սույն թվականի հունվարի 31-ից մեղադրյալը տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին, սակայն սույն միջնորդության մի քանի օր տևած դատական քննության ժամանակ մասնակցել է բոլոր նիստերին, հետևաբար, Դատարանի գնահատմամբ՝ վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու Քննիչի ենթադրությունն անհիմն է և բացակայում է:

Ինչ վերաբերում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ենթադրությանը, Դատարանն արձանագրում է հետևյալը:

Բորիս Բախշիյանը 2020 թվականից զբաղեցրել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, իր ներկայացրած տվյալների համաձայն՝ երկար տարիներ զբաղեցնում է տարբեր պաշտոններ ՀՀ իրավապահ համակարգում, նրա ղեկավարությամբ են աշխատում հայեցողական և այլ հանրային պաշտոն զբաղեցնող և դատավորի լիազորությունների իրականացմանն օժանդակող գործունեություն իրականացնող անձինք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ կատարված ենթադրյալ հանցագործության մասին: Վերոնշյալը ենթադրում է հսկայական ազդեցություն և լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ու շրջանակների նկատմամբ։ Բ.Բախշիյանին մեղսագրվում է իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարք (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդված) և Դատարանը գտնում է, որ սույն գործի հետ հնարավոր առնչություն ունեցող անձինք մեղադրյալից ենթադրաբար գտնվել են կամ գտնվում են ծառայողական կամ այլ բնույթի կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ: Դատարանն արձանագրում է, որ Բ.Բախշիյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործության բնույթը վկայում են դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի առկայության մասին։

(...)

Անդրադառնալով Քննիչի ներկայացրած երրորդ հիմքին՝ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելուն, ապա Դատարանն արձանագրում է, որ Քննիչի ենթադրությունը բխեցվում է խափանման միջոց կիրառելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքից: Դատարանն արձանագրում է, որ նշված հիմքերը մեկը մյուսից բխեցնելը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման տրամաբանությունից: Հետևաբար Քննիչի նշված դատողությունը Դատարանը գնահատում է չհիմնավորված, իսկ խափանման միջոց կիրառելու տվյալ հիմքը՝ բացակայող: (…)»4:  

11. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 23-ի որոշման համաձայն՝ «(...) Անդրադառնալով բողոքաբերների այն փաստարկին և պահանջին, համաձայն որի (…) Բորիս Բախշիյանի վերաբերյալ գործը նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին հանձնելիս չեն պահպանվել օրենքով սահմանված կարգերը, այդ թվում՝ գործերի բաշխման և դատավորների պատահական ընտրության սկզբունքը (…), Բորիս Բախշիյանի վերաբերյալ գործը քննող դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, չի հանդիսանում «օրենքի հիման վրա ստեղծված դատարան», (...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ գործերի բաշխման կարգի խախտման վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ներկայացվել, գործերի բաշխման Համակարգչային ծրագրի բացակայության պարագայում՝ գործերը դատավորների միջև օրենքով սահմանված կարգով՝ հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը, իսկ վերջինիս կողմից առերևույթ խախտում կատարելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել: Նշված տրամաբանությամբ՝ պետք է ինքնաբացարկ հայտնել ՀՀ-ում գործող յուրաքանչյուր դատավորի, ինչն իռացիոնալ, անհիմն մոտեցում է։ Դատավորի պարտականությունների մեջ չի մտնում դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման ընթացակարգի «վերահսկման» գործառույթը, իսկ վերջինիս կողմից առերևույթ խախտումներ կամ հակաիրավական արարք կատարելու դեպքում՝ արարքին պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական։ Այս համատեքստում՝ պաշտպանի հետևությունները և եզրահանգումները բխում են նրա սուբյեկտիվ ընկալումներից, անհիմն են և անառարկայական։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԴԱրղամանյանի ինքնաբացարկի որևէ հիմք և դրա պատշաճ հիմնավորում ևս ներկայացված չէ (...):

Պաշտպանների կողմից բերված հաջորդ փաստարկը վերաբերում է նրան, որ (…) առկա չէ դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու՝ ԲԴԽ համաձայնությունը տալու վերաբերյալ օրինական որոշում։

(…) [Հ]արկ է նշել, որ որպես դատարան հանդիսացող Բարձրագույն դատական խորհրդի որոշումների օրինականության ստուգման գործառույթ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չունի, իսկ պաշտպանների փաստարկներն առ այն, որ դատարանը պարտավոր էր անդրադառնալ այդ որոշման առերևույթ ընթացակարգային խախտումներին, անհիմն են։

(...)

Բողոքաբերների փաստարկը, համաձայն որի (...) անզգուշությամբ ծանր վնաս պատճառվելու վերաբերյալ մեղադրանքի կողմի որակումը չի համապատասխանում դա հիմնավորելու նպատակով դատարան ներկայացված նյութերին, ինչպես նաև Բորիս Բախշիյանին վերագրվող արարքի փաստական կողմն առերևույթ վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մասին, որն իր բնույթով միջին ծանրության հանցագործություն է և այդ դեպքում մեղադրանքի կողմը չէր կարող Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան (…) ևս անհիմն է։ Նախ՝ միջին ծանրության առերևույթ հանցանք կատարելու պարագայում՝ համապատասխան պայմանների և հիմքերի առկայության դեպքում, որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու որևէ օրենսդրական արգելք կամ սահմանափակում առկա չէ։ Ինչ վերաբերում է արարքին տրված որակմանը, ապա այս առումով՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ (...) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված ենթադրյալ հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն` հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր:

(...) [Հ]արկ է փաստել, որ ներկայացված նյութերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս անաչառ դիտորդին եզրակացնելու, որ Բորիս Բախշիյանը հնարավոր է, որ կատարած լինի իրեն վերագրվող արարքները:

Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ կասկածը հիմնավորող փաստերը պարտադիր չէ, որպեսզի բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար:

(...)

Անդրադառնալով բողոքաբերի կողմից նշված կալանավորման հիմքերի բացակայության հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել հետևյալը. (...) օրենսդիրը խափանման միջոցի հիմքերի առկայության մասին խոսելիս օգտագործում է «կարող է», «ենթադրելու, որ ... կարող է» բառերը և կապակցությունները և դրանով իսկ ընդգծել, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս Օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված գործողությունները ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ ռիսկ կա կամ հավանականություն կա, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա դրանք տեղի կունենան:

(...)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ ԲԲախշիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այսինքն՝ վերջինս մեղադրվում է արդարադատության դեմ ուղղված ծանր հանցագործություն կատարելու համար, որի պարագայում՝ որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում՝ երեքից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (...) Բորիս Բախշիյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև, ակնկալվող պատժի խստությունը, ինչպես նաև առերևույթ հանցանքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, կատարման եղանակը, առաջացած հանրորեն վտանգավոր հետևանքները հանդիսանում են կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս Վերաքննիչ դատարանին հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության վերաբերյալ:

(...) [Ա]նդրադառնալով կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմքերին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշված՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը բարձր է:

Բորիս Բախշիյանը 2020 թվականից զբաղեցրել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, նրա ղեկավարությամբ աշխատում են անձիք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ կատարված ենթադրյալ հանցագործության մասին: Բ.Բախշիյանը՝ իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունը, կապերը և լծակները կարող է օգտագործել և ազդեցություն գործել քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ՝ իր օգտին բարենպաստ ցուցմունքներ տալու, նրանց ցուցմունքները ներդաշնակելու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համատեքստում։ Հարկ է նշել նաև, որ դատավարության սկզբնական փուլում՝ երբ չեն պարզվել առերևույթ հանցավոր արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները, դրան հավանական ներգրավված անձանց շրջանակը՝ ԲԲախշիյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության ռիսկը բավականաչափ բարձր է և այն չի կարող չեզոքացվել ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ։

Ներկայացված ապացույցների և փաստական տվյալների հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեծ է հավանականությունն առ այն, որ Բ.Բախշիյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։

(...)

Հաշվի առնելով մեղադրյալ Բորիս Բախշիյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության մասին վկայող սույն որոշման մեջ շարադրված հանգամանքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կալանավորումից բացի այլ խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի  1-ին մասով սահմանված նպատակներին (...)»5:

11.1. 2022 թվականի հունիսի 13-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բորիս Հրանտի Բախշիյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործը՝ ըստ էության քննելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ: Նույն դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում Բ.Բախշիյանն արդարացվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է6:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար են Բորիս Բախշիյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի, ինչպես նաև կալանավորման հիմքի առկայությունը հաստատելու համար։

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։

14. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի7, Հարություն Խաչատրյանի8 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ9։

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից10, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել11, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն),

- հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս, վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող` միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմը առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին (օրինակ` անձին մեղսագրվել է խոշոր չափերով գողություն կատարելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), ինչը, սակայն, ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, իսկ վերջինը առերևույթ վկայում է անձի արարքում գողության հասարակ հանցակազմի հատկանիշների առկայության մասին, կամ, օրինակ, անձին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հանցակազմը, սակայն արարքի փաստական նկարագրությունն ակնհայտորեն վկայում է զենքի գործադրման բացակայության, բայց միևնույն ժամանակ առերևույթ փաստում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որակյալ հանցակազմի առկայության մասին)12։

14.1. Կալանավորման հիմքերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով13:

14.2. Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի վերաբերյալ  որոշմամբ փաստել է. «() ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»14:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- նախաքննության մարմինը Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով15,

- նախաքննության մարմինը մեղադրյալ Բ.Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել է: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ սույն գործի հետ հնարավոր առնչություն ունեցող անձինք մեղադրյալից ենթադրաբար գտնվել են կամ գտնվում են ծառայողական կամ այլ բնույթի կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ: Դատարանն արձանագրել է, որ Բ.Բախշիյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործության բնույթը, վկայում են դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի առկայության մասին16։

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված ենթադրյալ հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ներկայացված նյութերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս անաչառ դիտորդին եզրակացնելու, որ Բ.Բախշիյանը հնարավոր է, որ կատարած լինի իրեն վերագրվող արարքը: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ կասկածը հիմնավորող փաստերը պարտադիր չէ, որպեսզի բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը բարձր է: Բ.Բախշիյանը 2020 թվականից զբաղեցրել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, նրա ղեկավարությամբ աշխատում են անձինք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ կատարված ենթադրյալ հանցագործության մասին: Բ.Բախշիյանը՝ իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունը, կապերն ու լծակները կարող է օգտագործել և ազդեցություն գործել քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ՝ իր օգտին բարենպաստ ցուցմունքներ տալու, նրանց ցուցմունքները ներդաշնակելու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համատեքստում։ Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ դատավարության սկզբնական փուլում՝ երբ չեն պարզվել առերևույթ հանցավոր արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները, դրան հավանական ներգրավված անձանց շրջանակը՝ Բ.Բախշիյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության ռիսկը բավականաչափ բարձր է և այն չի կարող չեզոքացվել ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ17։

16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Բ.Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, չեն արձանագրել մեկ առանցքային հանգամանք։

Այսպես. ներկայացված միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը որևէ փաստական տվյալ չեն պարունակում Բ.Բախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի  348-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված արարքի որակյալ հատկանիշը՝ ծանր հետևանքը, առերևույթ առկա լինելու մասին:    

Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված:

16.1. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավասու մարմինը սույն գործով դատարանին ներկայացրել է համոզիչ փաստեր և տեղեկություններ առ այն, որ Բ.Բախշիյանը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, այսինքն մի արարքի ենթադրյալ կատարման մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով։ Սակայն, ենթադրյալ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով որակելու դեպքում քրեական հետապնդման մարմինը պետք է ներկայացներ նաև արարքի որակյալ հատկանիշի` անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու, առկայության վերաբերյալ կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, մինչդեռ այդպիսիք չեն ներկայացվել: Այս համատեքստում անդրադառնալով նախաքննության մարմնի այն պնդումներին, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, առերևույթ կազմակերպված խմբի կողմից, Նվեր Մկրտչյանին հարկադրվել է հրաժարվել ամբաստանյալ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տալուց, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դա հիմնավորող տվյալներ նախաքննության մարմնի ներկայացրած նյութերում առկա չեն: Մասնավորապես. «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Դավիթ Անանյանի, Հրաչյա Բադալյանի, Կարեն Ներսիսյանի և Սուրիկ Գևորգյանի հեռախոսային խոսակցություններում չկան փաստական տվյալներ առ այն, որ կազմակերպված խմբի կողմից Նվեր Մկրտչյանին հարկադրվել է հրաժարվել ամբաստանյալ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տալուց: Իսկ ինչ վերաբերում է վկա Ներսես Խաչատրյանի ցուցմունքին, ապա այն վերաբերում է Նվեր Մկրտչյանին կալանավորելուն նախորդող ժամանակաշրջանին և նույնպես որևէ փաստական տվյալ` կալանավայրում ենթադրաբար տեղի ունեցած իրադարձությունների մասին, չի պարունակում:  

16.2. Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ թե՛ Առաջին ատյանի դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը փաստացի չեն արձանագրել, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը որևէ փաստական տվյալ չեն պարունակում Բ.Բախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի  348-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված արարքի որակյալ հատկանիշը՝ ծանր հետևանքը, առերևույթ առկա լինելու մասին:

16.3. Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կասկածը հիմնավորող տվյալներ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է դատարան17, և այդ առումով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչպես նաև այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի դատական ակտը հիմնավորված են:  

17. Անդրադառնալով բողոքաբերների կողմից նշված` կալանավորման հիմքերի բացակայության հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն հիմնավոր է համարում ստորադաս դատարանների այն պատճառաբանությունները, որ Բ.Բախշիյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը բարձր է: Այս առումով ստորադաս դատարաններն իրավացիորեն փաստել են, որ.

- Բ.Բախշիյանը 2020 թվականից զբաղեցրել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, նրա ղեկավարությամբ աշխատում են անձիք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ կատարված ենթադրյալ հանցագործության մասին:

- Բ.Բախշիյանը՝ իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունը, կապերը և լծակները կարող է օգտագործել և ազդեցություն գործել քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ՝ իր օգտին բարենպաստ ցուցմունքներ տալու, նրանց ցուցմունքները ներդաշնակելու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համատեքստում։

- Դատավարության սկզբնական փուլում՝ երբ չեն պարզվել առերևույթ հանցավոր արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները, դրան հավանական ներգրավված անձանց շրջանակը՝ Բ.Բախշիյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականության ռիսկը բավականաչափ բարձր է և այն չի կարող չեզոքացվել ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ։

18. Անդրադառնալով բողոքաբեր Ա.Սարդարյանի այն փաստարկին, որ Բ.Բախշիյանի վերաբերյալ գործն Առաջին ատյանի դատարանի դատավորին հանձնելիս չեն պահպանվել գործերի բաշխման և դատավորների պատահական ընտրության սկզբունքը, ապա Վերաքննիչ դատարանն իրավացիորեն նշել է, որ գործերի բաշխման կարգի խախտման վերաբերյալ փաստական տվյալներ չեն ներկայացվել, գործերի բաշխման համակարգչային ծրագրի բացակայության պարագայում՝ գործերը դատավորների միջև օրենքով սահմանված կարգով՝ հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը, իսկ վերջինիս կողմից առերևույթ խախտում կատարելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել:

19. Ինչ վերաբերում է բողոքաբեր Ե.Սարգսյանի այն փաստարկին, որ Բ.Բախշիյանին վերագրվող արարքի փաստական կողմն առերևույթ վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մասին, որն իր բնույթով միջին ծանրության հանցագործություն է և այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը չէր կարող Բ.Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան, ապա Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստել է, որ միջին ծանրության առերևույթ հանցանք կատարելու պարագայում՝ համապատասխան պայմանների և հիմքերի առկայության դեպքում, որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու որևէ օրենսդրական արգելք կամ սահմանափակում առկա չէ։

20. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Բ.Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները ևս հիմնավոր են: 

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ չեն տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են դատական ակտերը բեկանելու համար:

22. Ինչ վերաբերում է սույն որոշման 16.2-րդ կետում արձանագրված հանգամանքին, ապա դա հիմք է մեղադրյալի իրավունքը խախտված լինելու փաստն արձանագրելու համար: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել Բ.Բախշիյանի իրավունքի խախտման փաստը, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 7-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն։

2. Ճանաչել Բորիս Հրանտի Բախշիյանի իրավունքի խախտման փաստը:

3. Մեղադրյալ Բորիս Հրանտի Բախշիյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 7-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

____________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող` 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 1-4:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-28:

4 Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթեր 60-77:

5 Տե՛ս նյութեր, հատոր 8, թերթեր 53-84:

6 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՍԴ1/0082/01/22 քրեական գործը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

11 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

13 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը:

15 Տե՛ս սույն որոշման 2.2-րդ և 9-րդ կետերը:

16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Լ. Թադևոսյան

 

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: