Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Դ․ Ղուկեյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԱՐԴ/0113/15/22

նախագահող դատավոր՝

 ՍՄարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

1 սեպտեմբերի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշման դեմ դատապարտյալ Արթուր Համբարձումի Մկրտչյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ մերժվել է դատապարտյալ Արթուր Համբարձումի Մկրտչյանի պատժի կատարման անվտանգային գոտու տեսակն անվտանգության ավելի ցածր աստիճանի փոխելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը։

2 Վերոգրյալ որոշման դեմ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ մերժվել է։

3 Դատապարտյալ ԱՄկրտչյանի և պաշտպան ՄՄարգարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ թողնվել են առանց քննության։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ ԱՄկրտչյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Բողոք բերած անձը, որպես դատական վերանայման բողոքի հիշյալ հիմքի հիմնավորում, նշել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր եզրահանգում է կատարել դատական վերանայման բողոքի՝ ժամկետանց լինելու մասին։ Այսպես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով ստացել է 2023 թվականի մարտի 6-ին, հետևաբար, նույն թվականի մարտի 14-ին վերաքննիչ բողոքը ներկայացնելով պահպանել է վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը։ Միևնույն ժամանակ բողոքաբերը փաստարկել է, որ դատական վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը պահպանված չլինելու մասին Վերաքննիչ դատարանի դատողությունը կառուցված չէ այն փաստական տվյալների վրա, որոնք պարունակում են Առաջին ատյանի դատարանի դատական ակտն իր կողմից ստանալու փաստի մասին տեղեկատվություն։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի ներկայացուցիչ ՄՍահակյանը վճռաբեկ բողոքի պատասխանով, ըստ էության, հիմնավոր է դիտարկել դատապարտյալ ԱՄկրտչյանի կողմից դատական վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը պահպանված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը։

Վերոգրյալի հետ մեկտեղ, վճռաբեկ բողոքի պատասխանի հեղինակը նշել է, որ բողոքին կից ներկայացված՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմված տեղեկանքը Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ չի եղել։

8 Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի ներկայացուցիչ ՄՍահակյանը խնդրել է մերժել դատապարտյալ ԱՄկրտչյանի ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9 Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) Դատապարտյալը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել 2023 թվականի մարտի 14-ին, իսկ գործի նյութերից պարզ է դառնում, որ «Սևան» ՔԿՀ-ն ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշումը ստացել է 2023 թվականի մարտի 1-ին: Դատապարտյալի պաշտպան Մոնիկա Մարգարյանն իր 2023 թվականի մարտի 20-ի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում նշել է, որ Արթուր Մկրտչյանը որոշումը ստացել է 2023 թվականի մարտի 10-ին, սակայն նշվածը հիմնավորող որևէ ապացույց գործի նյութերում առկա չէ, ուստի դատապարտյալը պետք է իր բողոքը ներկայացներ 10 օրյա ժամկետում, այսինքն՝ մինչև 2023 թվականի մարտի 13-ը:

(․․․) Սույն գործով ներկայացված բողոքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները ժամկետանց են, քանի որ գործի նյութերից պարզ է դառնում, որ «Սևան» ՔԿՀ-ն դատարանի որոշումը ստացել է 2023 թվականի մարտի 1-ին, իսկ բողոքը ներկայացվել է 2023 թվականի մարտի 14-ին, այսինքն՝ 10 օրյա ժամկետի խախտմամբ»1։

10 Դատապարտյալ ԱՄկրտչյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմված տեղեկանքը, որի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը 2023 թվականի մարտի 3-ին մուտքագրվել է քրեակատարողական հիմնարկ և նույն թվականի մարտի 6-ին տրամադրվել է դատապարտյալ ԱՄկրտչյանին2։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք դատապարտյալ ԱՄկրտչյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետևությունը։

12 ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանման ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը3։

Դատարանի մատչելիության իրավունքի իրացումն ապահովող նորմերի կիրառմանն ու մեկնաբանմանը վերաբերող հարցերի համատեքստում ձևավորված նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բողոքարկման ժամկետը հաշվարկելիս, որպես ելակետ պետք է ընդունել դատավարության յուրաքանչյուր մասնակցի կողմից վիճարկվող որոշումը ստանալու օրը4։

13 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Վերաքննիչ դատարանը դատապարտյալ ԱՄկրտչյանի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ պաշտպանի փաստարկն այն մասին, որ դատապարտյալն Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2023 թվականի մարտի 10-ին, հիմնավորող որևէ փաստական տվյալ վարույթի նյութերում առկա չէ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող դատական ակտը քրեակատարողական հիմնարկ ստացվել է 2023 թվականի մարտի 1-ին, իսկ դատական վերանայման բողոք բերելու 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2023 թվականի մարտի 13-ը, սակայն հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բերվել է նույն թվականի մարտի 14-ին, այսինքն, հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացվել է վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի խախտմամբ5,

- դատապարտյալ ԱՄկրտչյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմված տեղեկանքը, որի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը 2023 թվականի մարտի 3-ին մուտքագրվել է քրեակատարողական հիմնարկ և նույն թվականի մարտի 6-ին տրամադրվել դատապարտյալ ԱՄկրտչյանին6։

14 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատապարտյալ ԱՄկրտչյանին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով տրամադրելու փաստը, դեռևս բավարար չէ հաստատված համարելու, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն ԱՄկրտչյանին հասու է դարձել քրեակատարողական հիմնարկ մուտքագրվելու օրը։ Հետևաբար, դատապարտյալ ԱՄկրտչյանի դատական վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելը՝ որպես ելակետ ընդունելով դատական ակտի՝ քրեակատարողական հիմնարկ մուտքագրվելու օրը, հանգեցրել է դատապարտյալ ԱՄկրտչյանի դատական պաշտպանության իրավունքի և դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման։ Հարկ է ևս մեկ անգամ կրկնել, որ բողոքարկման ժամկետը հաշվարկելիս, որպես ելակետ պետք է ընդունել վարույթի մասնակցի կողմից վիճարկվող որոշումը ստանալու օրը։

Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նկատել, որ թեև Վերաքննիչ դատարան ստացված նյութերում առկա չէ Առաջին ատյանի դատարանի որոշումը դատապարտյալ ԱՄկրտչյանի կողմից ստանալու օրվա մասին փաստական տվյալ, այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը թույլատրելի է միայն գործի կոնկրետ հանգամանքների գնահատմամբ։ Այլ կերպ՝ տվյալ վարույթի արդարության ընդհանուր համատեքստում, պաշտպանի հայտնած տեղեկատվությունը՝ բողոքարկվող դատական ակտը դատապարտյալ ԱՄկրտչյանին հասու դառնալու օրվա կապակցությամբ, առաջացնում է բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատական ակտում նշված փաստարկին հիմնավորված գնահատական տալու վարութային պարտականություն՝ կառուցված այն փաստական տվյալների վրա, որոնք պարունակում են Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատապարտյալի կողմից ստանալու փաստի մասին տեղեկատվություն։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով անդրադարձ չի կատարել դատապարտյալի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու օրվա կապակցությամբ ներկայացված փաստարկին՝ արդյունքում անհամաչափորեն սահմանափակելով դատապարտյալ Ա.Մկրտչյանի` դատարանի մատչելիության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատապարտյալ ԱՄկրտչյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է պատշաճ գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատապարտյալ ԱՄկրտչյանին հասու դառնալու կապակցությամբ ներկայացված տեղեկատվությունը։

141 Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ ԱՄկրտչյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել տասնօրյա ժամկետի պահպանմամբ: Այսպես՝ վճռաբեկ բողոքին կից ներկայացված տեղեկանքի ուսումնասիրությամբ հավաստվում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը դատապարտյալ ԱՄկրտչյանը ստացել է 2023 թվականի մարտի 6-ին, հետևաբար բողոքարկման համար հաշվարկվող ժամկետի վերջին օրը պետք է համարվեր նույն թվականի մարտի 16-ը, հետևաբար, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը դատապարտյալ ԱՄկրտչյանը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում։

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանի հեղինակի այն դատողությանը, թե քրեակատարողական հիմնարկի կողմից տրված տեղեկանքը վիճարկվող դատական ակտը կայացնելիս առկա չէր, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնահատելու համար, թե դատական վերանայման բողոքը ժամկետանց լինելու առնչությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն արդյո՞ք համապատասխանում է դատարանի մատչելիության իրավունքի համաչափ սահմանափակման սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջին, անհրաժեշտ է ուսումնասիրել վճռաբեկ բողոքին կից ներկայացված տեղեկանքը, հատկապես այն պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանը տեղեկացված է եղել ստորադաս դատարանի դատական ակտը քրեակատարողական հիմնարկ մուտքագրվելուց միայն որոշակի ժամանակ անց այն դատապարտյալ ԱՄկրտչյանին տրամադրելու մասին։

15 Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատապարտյալ ԱՄկրտչյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետևությունը հիմնավոր չէ։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը անհամաչափորեն սահմանափակել է դատապարտյալ ԱՄկրտչյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, արդյունքում թույլ է տրվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար7։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դատապարտյալ Արթուր Համբարձումի Մկրտչյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե՛ս նյութեր, թերթեր 166-167:

2 Տե՛ս նյութեր, թերթ 235:

3 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարտգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԴ/0684/11/18 որոշումը։

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան