Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1411/02/21

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1411/02/21

Նախագահող դատավոր`

 Լ. Հովհաննիսյան

Դատավորներ`

 Ս. Թորոսյան

 Ն. Մարգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի սեպտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արթուր Մկրտչյանի հայցի ընդդեմ Լուսինե Մ Մանուկյանի, իրավասու մարմիններ Վանաձոր համայնքի ու Գավառ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինների` երեխաների բնակության վայրը որոշելու ու ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի որոշման դեմ Արթուր Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արթուր Մկրտչյանը պահանջել է երեխաների` 31.12.2012 թվականին ծնված Արսեն և 04.10.2014 թվականին ծնված Ալիկ Մկրտչյանների բնակության վայր որոշել իր բնակության վայրը, ինչպես նաև Լուսինե Մ Մանուկյանից որպես Արսեն և Ալիկ Մկրտչյանների ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ՝ յուրաքանչյուր երեխայի համար ամսական 60.000 ՀՀ դրամ։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է 31.12.2012 թվականին ծնված Արսեն և 04.10.2014 թվականին ծնված Ալիկ Մկրտչյանների բնակության վայր որոշել հոր՝ Արթուր Մկրտչյանի բնակության վայրը, ինչպես նաև Լուսինե Մ Մանուկյանից հօգուտ 31.12.2012 թվականին ծնված Արսեն և 04.10.2014 թվականին ծնված Ալիկ Մկրտչյանների բռնագանձել ալիմենտ Լուսինե Մ Մանուկյանի վաստակի և (կամ) այլ եկամտի 1/3 չափով՝ սկսած 17.03.2021 թվականից մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ալիմենտային պարտավորությունների դադարման հիմքերից որևէ մեկի վրա հասնելը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2022 թվականի որոշմամբ Լուսինե Մ Մանուկյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.06.2022 թվականի վճիռը՝ երեխաների բնակության վայրը որոշելու պահանջի մասով, բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ  ալիմենտ բռնագանձելու պահանջի մասով Դատարանի 14.06.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Մկրտչյանը (ներկայացուցիչ Արթուր Սուքիասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը և 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք  բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը կիրառելի չէ, քանի որ իր կողմից ներկայացված և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանում քննված քաղաքացիական գործերը միևնույն հիմքով չեն։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քաղաքացիական գործում առկա՝ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի 27.10.2020 թվականի վճռի բովանդակության մեջ չկա նշում այն մասին, որ երեխաների բնակության վայրը որոշելու հիմքը եղել է այն, որ դա բխում է երեխաների լավագույն շահից։ Հետևաբար, սույն քաղաքացիական գործի և Ռուսաստանի Դաշնությունում քննված քաղաքացիական գործերի՝ միևնույն հիմքերով լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը որևէ փաստական հիմք չունի։

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի 27.10.2020 թվականի վճռում որպես փաստական հիմք վկայակոչված է փորձագետի եզրակացությունը, իսկ սույն քաղաքացիական գործի նյութերում առկա է կատարողական վարույթի շրջանակներում իրականացված փորձագետի այլ եզրակացություն, որտեղ նշված եզրահանգումները վկայում են այն մասին, որ երեխաների բնակության վայրը հոր բնակության վայրում որոշելը բխում է երեխաների շահերից։ Հետևաբար, այլ են նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի 27.10.2020 թվականի վճիռը կայացնելու համար հիմք հանդիսացած փորձագետի եզրակացությունը և սույն քաղաքացիական գործով վճռի հիմքում դրված փորձագետի եզրակացությունը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական գործը քննելուց հետո երեխաների բնակության վայրի հարցը լուծելու համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ փոխվել են, մասնավորապես՝ երեխաների բնակության երկիրը, մոտ երկու տարի երեխաները բնակվում են իր հետ, կապված են իր և իր կողմի ընտանիքի ու հարազատների հետ, Վանաձոր քաղաքում հաճախում են դպրոց, սպորտային մարզումների, իրենց բնակության վայրում ունեն բազմաթիվ ընկերներ և այլն։

Ռուսաստանի Դաշնությունում քննված քաղաքացիական գործի և սույն քաղաքացիական գործի հիմքերի տարբերությունը նաև այն է, որ շուրջ երկու տարվա ընթացքում Լուսինե Մ Մանուկյանը չի կարողացել վերականգնել հոգեբանական կապը երեխաների հետ ու ազդել երեխաների կարծիքի վրա, ինչի արդյունքում ներկայումս առկա է այն իրավիճակը, որ երեխաներին Լուսինե Մ Մանուկյանի բնակության վայր տեղափոխելն անհնար է։ Երեխաներին Լուսինե Մ Մանուկյանի բնակության վայր տեղափոխելու անհնարինությունը հիմնավորվում է նաև նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունում քննված գործով տրված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը, որի հիման վրա անչափահասներ Արսեն և Ալիկ Մկրտչյանների խնամքը պետք է հանձնվեին Լուսինե Մ Մանուկյանին, դեռևս 2021 թվականի օգոստոս ամսից մնացել է անկատար, քանի որ երեխաները կտրականապես հրաժարվել են գնալ մոր մոտ, իսկ 2022 թվականի հունիս ամսից սկսած ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինը մի քանի անգամ միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանի Դաշնությունում քննված գործով կայացված վերջնական դատական ակտի պահանջները կատարելու ուղղությամբ, սակայն կրկին կատարողական թերթի պահանջը մնացել է անկատար, քանի որ երեխաները կտրականապես հրաժարվել են գնալ մոր մոտ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Արսեն ու Ալիկ Մկրտչյանների բնակության վայրը սահմանել (որոշել) իր բնակության վայրը, Լուսինե Մ Մանուկյանից հօգուտ Արթուր Մկրտչյանի՝ որպես Արսեն և Ալիկ Մկրտչյանների ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ՝ յուրաքանչյուր երեխայի համար ամսական 60000 ՀՀ դրամ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1)31.12.2012 թվականին ծնված Արսեն Արթուրի Մկրտչյանի և 04.10.2014 թվականին ծնված Ալիկ Արթուրի Մկրտչյանի ծնողներն են Արթուր Արսենի Մկրտչյանն ու Լուսինե Ալիկի Մ Մանուկյանը (հատոր 1-ին, գ.թ. 18, 19).

2) հայցվոր Լուսինե Ալիկի Մ Մանուկյանը հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարան ընդդեմ պատասխանող Արթուր Մկրտչյանի՝ ամուսնությունը լուծելու և որպես երեխաների բնակության վայր իր բնակության վայրը որոշելու պահանջների մասին, իսկ պատասխանող Արթուր Մկրտչյանը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ խնդրելով որպես երեխաների բնակության վայր որոշել իր բնակության վայրը։

Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի 27.10.2020 թվականի վճռով Լուսինե Ալիկի Մ Մանուկյանի հայցը բավարարվել է, իսկ Արթուր Մկրտչյանի հակընդդեմ հայցը մերժվել է։ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզային դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիայի 20.04.2021 թվականի որոշմամբ վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Արթուր Մկրտչյանի վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման:

Թիվ ԼԴ/0007/16/21 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11102021 թվականի որոշմամբ  Լուսինե Մ Մանուկյանի դիմումը բավարարվել է՝ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի 27.10.2020 թվականի վճիռը՝ ըստ Լուսինե Մ Մանուկյանի հայցի ընդդեմ Արթուր Մկրտչյանի՝ ամուսնությունը լուծելու և որպես անչափահաս երեխաներ Արսեն Մկրտչյանի ու Ալիկ Մկրտչյանի բնակության վայր իր բնակության վայրը որոշելու պահանջների մասին բավարարելու վերաբերյալ, ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունում և թույլատրվել հարկադիր կատարման։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշմամբ Արթուր Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11102021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02032022 թվականի որոշմամբ Արթուր Մկրտչյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

3) 2021 թվականի մարտին Արթուր Մկրտչյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Լուսինե Մ Մանուկյանի, իրավասու մարմիններ Վանաձոր համայնքի ու Գավառ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինների՝ երեխաների բնակության վայրը որոշելու ու ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին։ Նշված հայցադիմումը 23062021 թվականին ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 3-10, հատոր 2-րդ, գ.թ. 3)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ  ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով այդ գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմաններին՝ միաժամանակ վերահաստատելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝  երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի և դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարևորությունը, երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ազգային պատկանելության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները, պահանջները և շահերը (․․․):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով  երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու և երեխաների բնակության վայրի շուրջ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը (տե՛ս Արա Միրզախանյանն ընդդեմ Դիանա Խաչատրյանի թիվ 3-432(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.

1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,

2) երեխայի տարիքը,

3) ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,

4) ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,

5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը՝ հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում: Այլ կերպ ասած՝ երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս Աննա Ասատրյանն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երեխայի՝ դատարանում լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին վերջինիս բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում, արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը պարտադիր չէ դատարանի համար, և վերոնշյալ խնդիրը լուծելիս դատարանը պետք է ելնի կոնկրետ գործի հանգամանքներից, երեխայի տարիքից և հասունության մակարդակից և առաջնորդվի երեխայի լավագույն շահերով՝ ապահովելով «երեխայի լավագույն շահերի» բովանդակությունը կազմող անհրաժեշտ պայմանների առկայությունը (տե՛ս Նարինե Մելքոնյանն ընդդեմ Ալբերտ Ալավերդյանի թիվ ԵԴ/1057/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.10.2019 թվականի որոշումը):

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

 Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքին ուղղակիորեն հարաբերակցվող՝ հայց հարուցելու իրավունքի նախադրյալներին, արձանագրել է, որ դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը: Հայց ներկայացնելու իրավունքի բացասական նախադրյալ է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.12.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման։

Վերը նշված որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ համանման կարգավորում բովանդակել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որի կապակցությամբ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 25.12.2012 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք, հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքերի, և նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող։

«Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ օրենսդրի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իր իրավունքները, որոնք միաժամանակ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներ են նաև դատավարության մյուս կողմի համար: Չնայած հայցվորի տնօրինչական իրավունքն է հայց հարուցելը, սակայն այդ իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես՝ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նաև իրավական որոշակիություն, կանխատեսելի դատական ակտի առկայություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին՝ արձանագրելով, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթ այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում՝ միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե'ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Հետևաբար նաև այս սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով (նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով) կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գործի վարույթը կարճելու դատավարական փուլին, նշել է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (տե՛ս Նիկոլայ Իսկանդարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը): Ըստ այդմ էլ Վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում և գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ: Նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված «միևնույն փաստական հիմքերով» օրենսդրական եզրույթը, արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական հիմքերի հասկացությունը, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մաս, 121-րդ հոդվածի  2-րդ մասի 5-րդ կետ) համակարգային վերլուծությունից, որի համաձայն՝ օրենսդիրը որպես հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պարտադիր նշվող պայման սահմանել է այն փաստական հանգամանքները նշելը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը: Հայցադիմումում պարտադիր պետք է ներառվեն հայցապահանջը հիմնավորող փաստական հիմքերը, որոնք, ըստ էության, այն իրավաբանական փաստերն են (հանգամանքները), որոնք դրվել են հայցվորի պահանջի հիմքում և որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմք ընդունելով գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները, ինչպես նաև այդ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմերը: Օրենսդիրը, բացի փաստական հանգամանքներից, հայցվորին չի պարտադրում հայցադիմումում ներառել նաև այն իրավական նորմերը, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.12.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի փաստական հիմքի իրավական վերլուծությանը, փաստել է, որ հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Օրենսդիրը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նաև, որ հայցադիմումում նշվում են այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված: Դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը և պահանջը հիմնավորող ապացույցները: Հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ: Հայցի փաստական հիմքերի ներկայացումը և դրանք հիմնավորող ապացույցները չներկայացնելը տարբեր իրավաբանական նշանակություն և հետևանքներ ունեն: Հայցի հիմքում դրված փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը հիմք է հայցը մերժելու համար, իսկ հայցի փաստական հիմքի ներկայացումն անձին զրկում է այդ հիմքով նորից դատարան դիմելու հնարավորությունից (տե՛ս Վիգեն Ուրուշանյանի ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի վերը նշված նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում զարգացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմանների առումով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը։

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմաններից է օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքի, այսինքն` այն իրավաբանական փաստերի (հանգամանքների) նույնական լինելը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, և որոնք դրվել են հայցվորի պահանջի հիմքում, ու որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Իրավական որոշակիության սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով (նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով) կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ: Սակայն իրավական որոշակիության սկզբունքը սույն դեպքում պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ դատարանը ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմանների առկայությունը գնահատելիս պետք է հիմք ընդունի Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատարանը քննում է ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելիս պետք է պարզի՝ արդյո՞ք նույնական են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքերը: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքերի նույնական լինելը կարող է հաստատվել բացառապես այն դեպքում, երբ ժամանակային գործոնի առումով տեղի չի ունեցել երեխայի լավագույն շահի փոփոխություն, որպիսի գնահատականը կարող է տրվել՝ հիմք ընդունելով երեխայի ներկայիս կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի ներկայիս տարիքը, ծնողների ներկայիս բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի ու երեխայի միջև ներկայումս գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության և զարգացման համար ներկայումս պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային և ընտանեկան դրությունը, և այլն)։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 31.12.2012 թվականին ծնված Արսեն Արթուրի Մկրտչյանի և 04.10.2014 թվականին ծնված Ալիկ Արթուրի Մկրտչյանի ծնողներն են սույն գործով հայցվոր Արթուր Մկրտչյանը ու պատասխանող Լուսինե Ալիկի Մ Մանուկյանը։

2021 թվականի մարտ ամսին Արթուր Մկրտչյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Լուսինե Մ Մանուկյանի, իրավասու մարմիններ Վանաձոր համայնքի ու Գավառ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինների՝ որպես երեխաների բնակության վայր իր բնակության վայրը որոշելու ու ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին։ Նշված հայցադիմումը 23.06.2021 թվականին ընդունվել է վարույթ։

Դատարանի 14.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է 31.12.2012 թվականին ծնված Արսեն և 04.10.2014 թվականին ծնված Ալիկ Մկրտչյանների բնակության վայր որոշել հոր՝ Արթուր Մկրտչյանի բնակության վայրը, ինչպես նաև Լուսինե Մ Մանուկյանից հօգուտ 31.12.2012 թվականին ծնված Արսեն և 04.10.2014 թվականին ծնված Ալիկ Մկրտչյանների բռնագանձել ալիմենտ Լուսինե Մ Մանուկյանի վաստակի ու (կամ) այլ եկամտի 1/3 չափով՝ սկսած 17.03.2021 թվականից մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ալիմենտային պարտավորությունների դադարման հիմքերից որևէ մեկի վրա հասնելը:

Վերաքննիչ դատարանի 15.12.2022 թվականի որոշմամբ Լուսինե Մ Մանուկյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.06.2022 թվականի վճիռը՝ երեխաների բնակության վայրը որոշելու պահանջի մասով, բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին ու միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության հիմքով՝ այն պատճառաբանությամբ, որ «սույն գործով խնդրո առարկա հարցի՝ անչափահասներ Արսեն Արթուրի Մկրտչյանի և Ալիկ Արթուրի Մկրտչյանի բնակության վայրն որոշելու հարցի կապակցությամբ առկա է օրինական ուժի մեջ մտած օտարերկրյա դատարանի դատական ակտ, որը ճանաչվել է և կատարվում է ՀՀ-ում, նշված դատական ակտով կողմեր են հանդիսանում նույն՝ Լուսինե Ալիկի Մ Մանուկյանը և Արսեն Արթուրի Մկրտչյանը, նշված դատական ակտով երեխաների բնակության վայրի հարցը լուծվել է հօգուտ Լուսինե Ալիկի Մ Մանուկյանի, իսկ հակընդդեմ հայցվոր Արսեն Արթուրի Մկրտչյանի պահանջը մերժվել է»։

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Արթուր Մկրտչյանի կողմից դատական նիստում հայտնած այն փաստարկին, որ «Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի 27.10.2020թ. 2-4161 56RS0018-01-2020-005120-06 վճռի կայացումից հետո երեխաները արդեն որոշակի ժամանակահատված բնակվում են Հայցվորի հետ, փոխվել են նաև առանձին փաստական հանգամանքներ», գտել է, որ «առաջնորդվելով իրավական որոշակիության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքի չարաշահման արգելքով, վկայակոչված փաստական հանգամանքները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը անտեսելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի գոյության պայմաններում՝ դրան ուղղակիորեն հակասող այլ դատական ակտի կայացման իրավաչափ ակնկալիք ունենալու համար: Հակառակ դեպքում կստացվի, որ անձը, դիմելով դատարան և ստանալով իր պահանջի բավարարման վերաբերյալ դատական ակտ, չի կարող ունենալ որևէ վստահություն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունության, նշված դատական ակտի՝ հասցեատերերի համար սահմանված իրավունքների և պարտականությունների նկատմամբ, քանի որ դատավարական նորմերի նման անհարկի լայն մեկնաբանման արդյունքում կողմը կարող է անընդմեջ դիմել դատարան՝ հակադարձ պահանջի բավարարման ակնկալիքով և արդարադատության իրականացումը կկրի ձևական բնույթ, ինչն, իհարկե, չի բխում ո՛չ գործող դատավարական նորմերի տրամաբանությունից և ո՛չ էլ ՀՀ սահմանադրական դատարանի 11.02.2020 թվականի թիվ ՍԴՈ-1515 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «սույն քաղաքացիական գործի վարույթը՝ երեխաների բնակության վայրը որոշելու պահանջի մասով, ենթակա է կարճման, և հաշվի առնելով, որ Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի 27.10.2020թ. 2-4161 56RS0018-01-2020-005120-06 վճռով երեխաների բնակության վայրը որոշված է Լուսինե Ալիկի Մ Մանուկյանի բնակության վայրով», գտել է, որ «առարկայազուրկ է դառնում նաև հօգուտ Հայցվորի ալիմենտի բռնագանձման հարցի քննարկումը, քանի որ երեխաներն, ըստ էության, գտնվելու են Պատասխանողի խնամքին, ուստի բողոքարկվող դատական ակտը՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով, պետք է բեկանել և փոփոխել՝ մերժելով նշված պահանջը»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև նույնն են օրինական ուժի մեջ մտած՝ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի կողմից կայացված վճռով լուծված և սույն քաղաքացիական գործերի կողմերը, ինչպես նաև հայցի առարկան, սակայն նույնը չեն հայցի հիմքերը, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ սույն քաղաքացիական գործով հայցվոր Արթուր Մկրտչյանի կողմից ներկայացված հայցապահանջի հիմքում դրվել են Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի կողմից վճիռը կայացնելուց հետո ժամանակային գործոնի առումով տեղի ունեցած որոշակի փոփոխություններ՝ կապված երեխայի լավագույն շահի հետ, որոնք, ըստ հայցվորի դիրքորոշման, արտահայտվում են նրանում, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի կողմից վճիռը կայացվելուց հետո փոխվել է երեխաների տարիքը, երեխաներն ավելի քան մեկ տարի բնակվում են իր հետ, որով պայմանավորված՝ փոխվել են կենսաապահովման պայմանները, անցել է շուրջ մեկուկես տարի, մինչդեռ պատասխանողը, տևական ժամանակ հնարավորություն ունենալով շփվելու իր երեխաների հետ, այդ ժամանակահատվածում չի կարողացել վերականգնել հուզական կապը նրանց հետ: Այսինքն՝ սույն քաղաքացիական գործով հայցվոր Արթուր Մկրտչյանը հայցապահանջի հիմքում դրել է այնպիսի նոր հանգամանքներ, որոնք երեխաների լավագույն շահերին առնչվում են այնքանով, որքանով վերաբերում են նաև վերջիններիս՝ ներկա դրությամբ ունեցած կապվածությանը հայցվոր Արթուր Մկրտչյանի հետ, երեխաների ներկայիս տարիքին, ծնողներից յուրաքանչյուրի և երեխաների միջև ներկայումս գոյություն ունեցող հարաբերություններին։

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Դատարանի 14.06.2022 թվականի վճիռը՝ երեխաների բնակության վայրը որոշելու պահանջի մասով, բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը՝ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին ու միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության հիմքով, կարճելու համար։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքները դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 15.12.2022 թվականի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը` որպես նոր քննության ծավալ սահմանելով Լուսինե Մ Մանուկյանի բերած վերաքննիչ բողոքի ըստ էության քննության իրականացումը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: