Գլխավոր տեղեկություն
Համար
N 2136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2136-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՈՒՂԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՅՆ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ (ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՑԱՆԿ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՏԵՂ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒՂԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1927-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 707-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 173-րդ հոդվածի 3-րդ մասին, 338-րդ հոդվածի 6-րդ մասին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում երկուղի համակարգի կիրառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը, որտեղ կարող է կիրառվել մաքսային հսկողության երկուղի համակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սահմանել, որ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը, որտեղ կարող է կիրառվել մաքսային հսկողության երկուղի համակարգը, կազմվում է՝ հաշվի առնելով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում երկուղի համակարգի մասով համապատասխան ենթակառուցվածքների առկայության հանգամանքը։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» N 1927-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 707-Ն որոշումները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 7-ի N 2136-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՈՒՂԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման ժամանակ երկուղի համակարգը կիրառվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված երկուղի համակարգի սարքավորվածության պահանջների և սույն կարգով սահմանված պահանջների պահպանմամբ։

2. Երկուղի համակարգն ընդգրկող՝ «Կանաչ» և «Կարմիր» ուղիները պետք է բավարարեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված, ինչպես նաև հետևյալ պահանջներին՝

1) երկուղի համակարգում տեղադրվող տեղեկատվական նյութերը պետք է ընդգրկեն հիշեցում այն մասին, որ ուղու ընտրության հարցում տատանվելու դեպքում ուղևորը պետք է ընտրի «Կարմիր» ուղին.

2) չի թույլատրվում դուրս գալ երկուղի համակարգի տեղեկատվական սրահից՝ առանց «Կարմիր» կամ «Կանաչ» ուղիներից որևէ մեկով անցնելու.

3) «Կարմիր» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կարմիր գծով, որը մաքսային գործառնությունների ավարտ է նշանակում.

4) «Կանաչ» և «Կարմիր» ուղիների գրառումները պետք է լինեն հայերենով, անգլերենով և ռուսերենով.

5) «Կանաչ» և «Կարմիր» ուղիներում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց աշխատատեղերը պետք է ապահովված լինեն մաքսային գործառնությունների իրականացման համար նախատեսված տարածքներով.

6) «Կարմիր» ուղում լրացուցիչ տեղադրվում են նաև ռենտգենյան սարքավորումներ.

7) բեռների զննման ժամանակ պետք է ապահովվի գաղտնիությունը.

8) երկուղային համակարգից անմիջապես հետո պետք է տեղակայված լինի անձի քննման համար անհրաժեշտ սենյակ (սենյակներ):

3. Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններում պաշտոնատար անձանց և պատվիրակությունների բարձրակարգ սպասարկման սրահներում գործում է միայն «Կանաչ» ուղին:

4. Մաքսային մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) ղեկավարը կարող է ընդունել «Կանաչ» ուղին տվյալ միջնորդությամբ նշված ժամկետով փակելու մասին որոշում՝ ելնելով օպերատիվ իրավիճակից, ինչպես նաև մաքսային սահմանը հատող փոխադրամիջոցի երթուղու առանձնահատկություններից:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում մաքսային մարմնի ղեկավարը պարտավոր է 12 ժամվա ընթացքում կոմիտեի ղեկավարին գրավոր զեկուցել «Կանաչ» ուղու ժամանակավոր փակման արդյունքների մասին, ինչից հետո կոմիտեի ղեկավարի կողմից կարող է որոշում ընդունվել «Կանաչ» ուղին բացելու կամ ժամանակավոր փակման ժամկետի երկարաձգման վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորների կողմից ուղեկցվող ուղեբեռի մաքսային գործառնությունների պարզեցման ու արդյունավետ իրականացման նպատակով օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններն օդանավի վայրէջքից առնվազն մեկ ժամ առաջ մաքսային մարմիններին են տրամադրում բոլոր ուղևորների ցանկը, ուղեբեռի հաշվառման ժամանակը, պիտակների համարները, ինչպես նաև ուղևորի ուղևորության մեկնարկային կետը և անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված նորմերը կիրառվում են մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի N 62 որոշման մեջ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկություններին առնչվող լրացումների իրականացումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 7-ի N 2136-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՅՆ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒՂԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1. «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային մաքսային հսկողության ժամանման և մեկնման սրահներում, քաղ․ Երևան․

2. «Շիրակ» օդանավակայանի ուղևորային մաքսային հսկողության ժամանման և մեկնման սրահներում, քաղ․ Գյումրի․

3. «Բավրա» անցման կետի ուղևորային մաքսային հսկողության ժամանման և մեկնման սրահներում, ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Բավրա․

4. «Գոգավան» անցման կետի ուղևորային մաքսային հսկողության ժամանման և մեկնման սրահներում, ՀՀ Լոռու մարզ, գյուղ Գոգավան․

5. «Բագրատաշեն» անցման կետի ուղևորային մաքսային հսկողության ժամանման և մեկնման սրահներում, ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշեն․

6. «Մեղրի» անցման կետի ուղևորային մաքսային հսկողության ժամանման և մեկնման սրահներում, ՀՀ Սյունիքի մարզ, քաղ․ Ագարակ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան