Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4559/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4559/05/22

Նախագահող դատավոր՝

 Ռ. Մախմուդյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ք. ՄԿՈՅԱՆ

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

 

 

2023 թվականի մայիսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արման Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2309.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արման Խաչատրյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 14.04.2022 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8180135013 որոշումն անվավեր ճանաչելու /վերացնելու/ պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արման Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել /վերացնել/ Ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Սիմոնյանի 14.04.2022 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8180135013 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 01.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր Ռ. Մախմուդյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23092022 թվականի որոշմամբ Արման Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01082022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Խաչատրյանը (ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2 մասը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սակայն, պետք է կիրառվեր, չի ղեկավարվել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/7580/05/21 վարչական գործով 26.05.2022 թվականին կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներով։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումների և կայացրած սխալ դատական ակտի արդյունքում բողոքաբեր Արման Խաչատրյանը զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի բուն էությունը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2309.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 01082022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալու հանգամանքով, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանն արդյո՞ք իրավասու է սխալ պատճառաբանված դատական ակտը թողնել անփոփոխ՝ լրացուցիչ պատճառաբանելով այն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերը դասակարգվում են երկու խմբի՝ ըստ անմիջական և հետաձգված կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքի։

Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանագծվում է անմիջական կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի լիազորությունների շրջանակը։

Այսպես, վերոնշյալ իրավանորմի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ կայացնում է նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ։

Այսինքն, անմիջական կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը կարող է դրսևորել հետևյալ երկու իրավաչափ վարքագիծը՝ մերժել վերաքննիչ բողոքը և դատական ակտը թողնել անփոփոխ, կամ բավարարել վերաքննիչ բողոքը և վերացնել բողոքարկվող դատական ակտը կամ կայացնել նոր դատական ակտ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով նախատեսված վերաքննիչ բողոքը մերժելու իրավասությունների համադրված վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ եթե օրենսդիրն առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման վարույթի շրջանակում վերաքննիչ ատյանի համար ուղղակիորեն սահմանել է լիազորություն և հնարավորություն՝ բողոքարկվող դատական ակտը սխալ կամ թերի պատճառաբանված լինելու պարագայում՝ այն պատճառաբանելու, ապա միջանկյալ դատական ակտերի վերանայման պարագայում նման լիազորություն կամ հնարավորություն չի սահմանել։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ ատյանը միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում պարզում է, որ միջանկյալ դատական ակտի պատճառաբանությունը սխալ է, ապա կարող է դրսևորել մեկ իրավաչափ վարքագիծ, այն է՝ վերացնել միջանկյալ դատական ակտը։

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով՝ վերաքննիչ ատյանի միջանկյալ դատական ակտն անփոփոխ թողնելու դեպքում այն պատճառաբանելու լիազորության ուղղակի բացակայությամբ։

Վերոգրյալ իրավական վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման վարույթի շրջանակում վերաքննիչ ատյանի կողմից պարզման ենթակա հարցերի շրջանակը, ըստ այդմ՝ կիրառման ենթակա լիազորությունները։

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները։

Հարկ է արձանագրել, որ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը պետք է բավարարեն օրինականության և հիմնավորվածության պահանջներին, ըստ այդմ՝ բողոքարկված դատական ակտը վերաքննիչ ատյանի կողմից ստուգվում է օրինականության և հիմնավորվածության տեսանկյունից, ինչը հանդիսանում է վերաքննիչ վարույթի կարևորագույն խնդիրը: Միաժամանակ, վերաքննիչ ատյանը բողոքարկված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը գնահատում է միայն բողոքարկվող՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված իրավական հիմքի շրջանակներում։

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին, վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար։

Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից՝ չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել։ Իսկ մյուս կողմից վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով։

Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե ոչ։ Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ՝ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (Տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30112018 թվականի որոշում

Վերոգրյալ իրավական դիրքորոշման համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատարանի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման վարույթի շրջանակում դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ ատյանը պետք է գնահատի միայն հայցադիմումը վերադարձնելու այն իրավական հիմքի շրջանակներում, որով կայացվել է բողոքարկվող որոշումը։

Հետևաբար, վերաքննիչ ատյանն իրավասու չէ, ի հիմնավորում բողոքարկված որոշման օրինականության և հիմնավորվածության, քննարկման առարկա դարձնել հայցադիմումի վերադարձման՝ բողոքարկված որոշմամբ չմատնանշված հիմքի առկայության հարցը, այլ վերջինս խնդրո առարկա միջանկյալ դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը պետք է գնահատի բացառապես վարչական դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու համար ծառայեցված հիմքի և/կամ հիմքերի առկայության հարցի քննարկման համատեքստում։

Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այն դեպքերում, երբ միջանկյալ դատական ակտի, ի մասնավորի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման, վերանայման արդյունքում վերաքննիչ ատյանը գալիս է հետևության՝ հայցադիմումը վերադարձնելու համար ծառայեցված հիմքի բացակայության, ըստ այդմ՝ բողոքարկված դատական ակտի սխալ պատճառաբանված լինելու վերաբերյալ, ապա վերաքննիչ ատյանի կողմից ենթակա է կիրառման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ միջանկյալ դատական ակտը վերացնելու լիազորությունը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Արման Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել /վերացնել/ Ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Սիմոնյանի 14.04.2022 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8180135013 որոշումը։

Դատարանը 01.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում վիճարկվող թիվ 8180135013 վարչական ակտը կայացվել է 14.04.2022 թվականին, իսկ հայցադիմումը դատարան է ներկայացրել 25.07.2022 թվականին /փոստին է հանձնել 22.07.2022 թվականին/: Մինչդեռ, հայցադիմումին կցված չէ որևէ ապացույց կամ հայցադիմումում չի վկայակոչվել հստակ տեղեկություն հայցվորի կողմից վիճարկվող 8180135013 ակտի մասին իրազեկվելու օրվա վերաբերյալ, որպիսի պարագայում հնարավոր չէ հաստատված համարել հայցադիմումը դատավարական ժամկետների պահպանմամբ ներկայացված լինելու փաստն ու լուծել հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը»։

Վերաքննիչ դատարանը 23.09.2022 թվականի որոշմամբ մերժել է հայցվորի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Դատարանի 01.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումն այն պատճառաբանությամբ, որ «Հայցվորի կողմից չի պահպանվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված պահանջը, ինչի հաշվառմամբ էլ Դատարանը ոչ թե պետք է հայցադիմումը վերադարձներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, այլ հայցադիմումը պետք է վերադարձվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով, այն է՝ նույն օրենսգրքով դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վերադասության կարգով։ (․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չնայած ոչ վերաբերելի հիմքի հաշվառմամբ հայցադիմումի վերադարձման հանգամանքին, այնուամենայնիվ իրավաչափ է ՀՀ վարչական դատարանի եզրահանգումը, և եթե անգամ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու հիմքում դրված լիներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, միևնույն է նման պայմաններում գործի ելքը լինելու էր նույնը և հայցադիմումը ենթակա էր լինելու վերադարձման հենց վիճարկվող վարչական ակտի՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու փաստի բացակայության պատճառաբանությամբ»։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկության կարգով բողոքարկվող դատական ակտի ուսումնասիրությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր է գնահատել Դատարանի կողմից հայցադիմումը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով վերադարձնելը։ Միաժամանակ, նման պայմաններում մերժել է վերաքննիչ բողոքը և պատճառաբանել անփոփոխ թողնված դատական ակտը։ Այնինչ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով սխալ պատճառաբանված դատական ակտը և պատճառաբանելով այն, դուրս է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված՝ միջանկյալ դատական ակտերի վերանայման շրջանակում Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակից՝ խաթարելով արդարադատության բուն էությունը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2309.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 01082022 թվականի Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

քՄԿՈՅԱՆ

հ. ԲԵԴևՅԱՆ

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան