ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-88-Ո-Կ-19 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
|
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ
| |
|
մասնակցությամբ՝ անդամներ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆԻ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ Ք. ՄԿՈՅԱՆԻ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ
|
|
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ |
Հ. ՇահնազարյանԻ Է. Գյուրջյանի
|
|
Սնանկության դատարանի դատավոր |
Ա. ՀովհաննիսյանԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
2023 թվականի նոյեմբերի 06-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 2-ի N-Կ-7/2023 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 29.05.2023 թվականին թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանի հաղորդումը՝ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Դատարան կամ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 27.07.2023 թվականի N-Կ-7/2023 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Հանձնաժողովը 27.09.2023 թվականի որոշմամբ Դատավորի նկատմամբ 27.07.2023 թվականին հարուցված N-Կ-7/2023 կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգել է մինչև 05.10.2023 թվականը:
Հանձնաժողովի 02.10.2023 թվականի N-Կ-7/2023 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 23.10.2023 թվականի որոշմամբ 31.10.2023 թվականին նշանակվել է դատական նիստ:
31.10.2023 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 06.11.2023 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Հանձնաժողովը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերը, 20-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 2-րդ մասը, Քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 1-ին հոդվածի 2-րդ մասը, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, հայցադիմումը ներկայացնելու օրվա՝ 23.03.2020 թվականի դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 36-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) մի շարք որոշումներով արտահայտած դիրքորոշումները (տե՛ս Avakemyan v. ընդդեմ Armenia թիվ 39563/09 գործով 30.03.2017թ. վճիռը, կետ 43,44, Airey v. Ireland թիվ 6289/73 գործով 09.10.1979թ. վճիռը, կետ 24, Golder v. The United Kingdom թիվ 4451/70 գործով 21.02.1975թ. վճիռը, կետ 35,36, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գործով 02.06.2007թ. վճիռը, կետ 44, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով 28.10.1999 թվականի վճիռը, պարբ. 61, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի 24.07.2003թ. թիվ 52854/99 վճիռը, կետ 51-52), Սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257, 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293, 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572, 20.07.2007 թվականի թիվ ՍԴՈ-709, Վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի թիվ ԵԿԴ/1274/02/13, 22.04.2016 թվականի թիվ ԱՐԱԴ/0333/02/14, 28.12.2015 թվականի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վերոգրյալ իրավակարգավորումների և դրանց վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատական պաշտպանության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է արդարադատության մատչելիության՝ դատարան դիմելու իրավունքը, որը, իհարկե, դատական պաշտպանության դիմած անձի համար բոլոր դեպքերում չի ենթադրում դրական ելք, սակայն, պետք է գործնական և արդյունավետ լինի, հակառակ դեպքում կդառնա տեսական և պատրանքային: Դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող սահմանափակել անձի՝ դատարան դիմելու հիմնարար իրավունքի իրացումը: Դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման պոզիտիվ պարտավորությունների ապահովման տեսանկյունից պետությունը պարտավոր է ստեղծել համապատասխան դատական մարմիններ, նախատեսել դրանց իրավասության շրջանակը և սահմանել որոշակի դատավարական ինստիտուտներ, ընթացակարգեր, որոնց միջոցով գործնականում հնարավոր կդառնա յուրաքանչյուր անձի կողմից իր խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման նպատակով դատական պաշտպանության դիմելու ու արդար դատաքննության միջոցով իր գործի լուծմանը հասնելու իրավունքների իրացումը:
Հայաստանի Հանրապետության դատական մարմինների աստիճանակարգության շրջանակն են ընդգրկում նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության և սնանկության մասնագիտացված դատարանները, որոնցից յուրաքանչյուրին օրենսդրությամբ նախատեսված ենթակայության կանոններին համապատասխան, վերապահվել է որոշակի գործեր քննելու իրավասություն: Այսպես, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ենթակա են մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերից բացի բոլոր մյուս գործերը, իսկ սնանկության դատարանին վերապահվել են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով նախատեսված բոլոր գործերը, այդ թվում նաև՝ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ: Այլ կերպ ասած՝ իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը համարվում են քաղաքացիական գործեր և ենթակա են քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, եթե դրանք ենթակա չեն Սնանկության, Հակակոռուպցիոն, Վարչական կամ Սահմանադրական դատարանների իրավասությանը:
Միևնույն ժամանակ, եթե «Սնանկության մասին» օրենքով այլ կանոններ սահմանված չեն, ապա սնանկության գործերի վարումը նույնպես իրականացվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Դատարան դիմելու իրավունքի իրացման ինստիտուտների (ընթացակարգերի) թվին են դասվում նաև հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցն առանց քննության թողնելու, ներկայացուցչի միջոցով հանդես գալու, գործի վարույթը կարճելու օրենսդրական կարգավորումները: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ հայցադիմումին ներկայացվող պահանջները, որոնց պահպանումը հիմք է այն վարույթ ընդունելու համար, հայցն առանց քննության թողնելու և գործի վարույթը կարճելու հիմքերն սպառիչ թվարկված են քաղաքացիադատավարական օրենսդրությամբ և միայն օրենքով նախատեսված այս կամ այն հիմքի առկայությունը կարող է հիմք դառնալ դատարանի համար հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու համար:
Ինչ վերաբերում է սնանկության վարույթի շրջանակներում սնանկության կառավարչի՝ պարտապանի անունից դատարան դիմելու լիազորությանը, ապա պարտապանի դատարան դիմելու իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ դատարան է դիմում հենց պարտապանը, թե՝ սնանկության գործով կառավարիչը:
Իրավական որոշակիության սկզբունքի էությունն ու բովանդակությունը բացահայտող ամբողջ վերը շարադրված իրավական դիրքորոշումներից ելնելով՝ Հանձնաժողովն իր հերթին արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքի միջոցով ոչ միայն ապահովվում է պարտադիր դարձած իրավական ակտի օրինաչափ և վերջնական լինելու կանխավարկածի պաշտպանությունն ու դրա հետագա զարգացումը, այլև ամուր հիմք է ստեղծվում օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման համար:
Ընդ որում, իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, ոչ միայն երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը և դրանով պայմանավորված նաև՝ դատական իշխանության հեղինակությունը, այլև, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը՝ դրանով իսկ ապահովելով դատական իշխանության բարձր հեղինակությունն ու դատարանի՝ հարցին վերջնական և միայն օրինական լուծում տալու բացառիկ իրավազորության հասարակական ընկալումը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում՝ հավատալով դրա օրինականությանն ու հարգելով դատարանի իրականացրած արդարադատության վերջնարդյունքը:
Հետևաբար ցանկացած նահանջ վերը նշված սկզբունքներից՝ անհերքելիորեն ստվերում է հաճախ հենց դատական ակտի միջոցով ձեռք բերվող դատական իշխանության հեղինակությունը և միանշանակ բացասական ազդեցություն է թողնում դատական ակտերի միջոցով արդարադատության իրականացման որակի նկատմամբ հասարակության պատկերացումների վրա՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության որոշակի անկման:
Վերոգրյալ իրավական նորմերի և նշված փաստերի համակարգային վերլուծության արդյունքում վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 23.03.2020 թվականին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ՊԵԿ-ի, Խաչատուր Ղահրամանյանի դեմ հայց է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով պարտատերերի ժողովի 19.04.2019 թվականի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «ՖՈՒԴՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչել: Հայցադիմումի ընդունումը Դատավորի 25.03.2020 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի ժողովի ընդունած որոշումները ենթակա են բողոքարկման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի կարգով՝ սնանկության գործի շրջանականերում։ Հետևաբար Դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 05.05.2020 թվականի որոշմամբ բավարարել է «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից Դատարանի 25.03.2020 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և վերացրել նշված որոշումը: Ընդ որում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշված որոշմամբ գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է (...) պարտապանի պարտավորությունների համար իր սեփական գույքը գրավ դրած անձի կողմից՝ իր սեփականատիրական շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով, ով (...) իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարան դիմելու իրավունքից հայցադիմում է ներկայացրել Դատարան, սակայն վերջինս անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերությունը զրկված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նման որոշման բողոքարկման հնարավորությունից՝ անհիմն մերժել է հայցադիմումի ընդունումը:
Այնուհետև, գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո հայցադիմումը Դատավորի 19.06.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, սակայն, 01.10.2021 թվականին Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցն առանց քննության թողնելու մասին այն պատճառաբանությամբ, որ հայցվոր ընկերության անունից հայցադիմում ներկայացնելու և այն ստորագրելու իրավունք ունի վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանը, ով դիմում է ներկայացրել դատարան, ըստ որի պնդում է ներկայացված հայցադիմումը, սակայն հայցադիմումը շարունակել է դատարանում ներկայացնել հայցվոր ընկերության տնօրենի կողմից լիազորված ներկայացուցիչը։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցչի և սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում 09.02.2022 թվականի որոշմամբ վերացրել է Դատարանի թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 01.10.2021 թվականի՝ «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը՝ գործն ուղարկելով նույն դատարան գործի վարույթը շարունակելու համար: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ սնանկ ճանաչված «ՖՈՒԴՈ» ՀՁ ՍՊԸ-ն, որպես առանձին սուբյեկտ դատարան դիմելու իրավունքից զրկված չլինելով, ըստ էության, իրացրել է դատարան դիմելու իր իրավասությունը՝ հարուցելով թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «ՖՈՒԴՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումը (արձանագրությունը) անվավեր ճանաչելու պահանջի մասին հայց: Իսկ ինչպես նշվեց, այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը: Այդուհանդերձ, սույն գործի նյութերից հետևում է նաև, որ հայցվորը գործել է իր սնանկության գործով կառավարչի համաձայնությամբ:
Գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործը 15.08.2022 թվականին ստացվել է Դատարանում, նույն օրը մակագրվել Դատավորին, ապա ընդունվել է վարույթ:
18.08.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշմամբ Դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով օրենսդիրը կառավարչին, պարտատերերին ու պարտապանին իրավունք է վերապահել բողոքարկելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված որոշումը, իսկ դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է։ Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է դատավորի կողմից բողոքի քննման կարգը։ Այսինքն՝ ստացվում է, որ հենց սնանկության վարույթում հենց սնանկության գործի շրջանակներում, և ոչ որպես առանձին քաղաքացիական գործ, կարող է բողոքարկվել գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի որոշումը, և որ առանձին քաղաքացիական գործի շրջանակներում չի կարող վիճարկվել պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի այն որոշումը, որով հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը:
Դատարանի 18.08.2022 թվականի որոշումը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի և սնանկության գործով կառավարչի կողմից կրկին բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որի արդյունքում 20.01.2023 թվականին հրապարակված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքները բավարարել է՝ թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի 18.08.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերացրել: Նշված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ «ՖՈՒԴՈ» ՀՁ ՍՊԸ-ն իր սեփականության պաշտպանության համար հարուցել է սույն քաղաքացիական գործը, ինչի հաշվառմամբ վերջինիս նկատմամբ չի կարող կիրառվել «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված՝ պարտատերերի ժողովի որոշումները միայն սնանկության կառավարչի, պարտատերերի ու պարտապանի կողմից բողոքարկելու հնարավորություն նախատեսող իրավանորմը: Արդյունքում, նշված նորմի կիրառմամբ «ՖՈՒԴՈ» ՀՁ ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքի՝ դատական կարգով պաշտպանությունը սահմանափակվել է, ինչի կապակցությամբ ի դեպ առկա է նաև Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2020 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը։
Այդպիսով, վերոգրյալ իրավական նորմերի և նշված փաստերի համակարգային վերլուծությամբ Հանձնաժողովը գտել է, որ Դատավորի կողմից հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ, նախ՝ 25.03.2020 թվականի որոշմամբ մերժվել է հայցադիմումի վարույթ ընդունումը՝ քաղաքացիական գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով, ապա, չնայած նշված որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2020 թվականի որոշմամբ վերացվելու հանգամանքին, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո 18.08.2022 թվականի որոշմամբ կրկին «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ և նույնաբովանդակ պատճառաբանություններով կարճվել է գործի վարույթը՝ միևնույն՝ քաղաքացիական գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով: Ընդ որում, այս որոշումը կրկին վերացվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից՝ ի թիվս այլնի արձանագրելով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի՝ դատարանի դատական ակտով հաստատված այն իրողությունը, որ նախկինում արդեն իսկ նույն հիմքով վերացվել էր հայցադիմումի ընդունումը մերժելու մասին նույնպիսի պատճառաբանությամբ կայացված որոշումը:
Մասնավորապես՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով Դատարանի 18.08.2022 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները, բավարարել է դրանք, կայացված որոշմամբ հետևության հանգելով, որ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ «ՖՈՒԴՈ» ՀՁ ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքի՝ դատական կարգով պաշտպանությունը սահմանափակվել է, նշել է, որ այդ կապակցությամբ առկա է Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2020 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Հանձնաժողովը փաստել է, որ Դատարանը «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառման ու մեկնաբանության արդյունքում կարճել է թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի վարույթը, այն դեպքում, երբ նույն քաղաքացիական գործով նույնաբովանդակ պատճառաբանություններով և ըստ էության միևնույն հիմքով կայացված հայցադիմումի վարույթ ընդունումը մերժելու մասին իր որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2020 թվականի որոշմամբ արդեն իսկ վերացվել էր:
Ընդ որում, անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ գործի վարույթը կարճելիս թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի նկատմամբ տարածվել են հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի դրույթները, որպիսի պայմաններում, նույն գործով արդեն իսկ առկա էր վերադաս դատական ատյանի օրինական ուժի մեջ մտած միջանկյալ դատական ակտ՝ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառման ու այդ հիմքով գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հարցի վերաբերյալ:
Հանձնաժողովը խախտման փաստն արձանագրելիս կարևորել է նաև 18.08.2022 թվականի որոշման բովանդակությունն այն իմաստով, որ որոշման մեջ առկա չէ որևէ հիմնավորում կամ ծանրակշիռ փաստարկ՝ վերադաս դատական ատյանի կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտում արտահայտած իրավական դիրքորոշումներից շեղվելու մասին, որը կարող էր արտահայտվել նախկինում այդ մասին կայացրած՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման և գործի վարույթը կարճելու մասին որոշման իրավական դիրքորոշումների համադրման, դրանց առանձին-առանձին անդրադառնալու կամ որևէ կերպ նախկինում իրավահաստատված իրողությունից շեղվելու մասին այլ հիմնավորումներ ներկայացվելու միջոցով, հետևաբար Դատավորը պարտավոր էր գործել իրավական որոշակիության սկզբունքի տիրույթում՝ ապահովելով հայցվորի օրինական շահերի արդյունավետ պաշտպանության տեսանելի, որոշակի և բարձր չափանիշներ:
Հատկանշական է, որ մինչ գործի վարույթը նման հիմքով կարճելու մասին որոշում կայացնելը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցչի և սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում 09.02.2022 թվականի որոշմամբ վերացրել է Դատարանի թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 01.10.2021 թվականի՝ «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը, և այս որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ սնանկ ճանաչված «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն, որպես առանձին սուբյեկտ, դատարան դիմելու իրավունքից զրկված չլինելով, ըստ էության, իրացրել է դատարան դիմելու իր իրավասությունը՝ հարուցելով թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «ՖՈՒԴՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումը (արձանագրությունը) անվավեր ճանաչելու պահանջի մասին հայց:
Ըստ Հանձնաժողովի՝ վերը նշված որոշմամբ, ըստ էության, ևս արձանագրվել է, որ սնանկ ճանաչված «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն՝ որպես առանձին սուբյեկտ, ունի դատարան դիմելու իրավունք և այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը, իսկ հակառակ մեկնաբանությունը կհանգեցնի անձի դատական պաշտպանության հիմնարար իրավունքի սահմանափակման: Սույնով վերահաստատվել է նման հայց հարուցելու իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքում ներկայացված հայցը դատարանում քննության ենթակա լինելու հանգամանքը:
Այսինքն, բացի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման առկայությունից, մինչև 18.08.2022 թվականը գործի վարույթը նույն հիմքով կարճելու մասին որոշում կայացնելը գործում առկա է եղել նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 01.10.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերացնելու վերաբերյալ 09.02.2022 թվականի որոշումը, և այս որոշմամբ ևս Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ընդգծել էր, որ սնանկ ճանաչված «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն, որպես առանձին սուբյեկտ, դատարան դիմելու իրավունքից զրկված չլինելով, ըստ էության, իրացրել է դատարան դիմելու իր իրավասությունը, ինչը նշանակում է, որ առանձին կարգով հայց ներկայացնելու իրավունքի իրավաչափ լինելը փաստվել է նաև երկրորդ դատական ակտով՝ հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ:
Ըստ էության, 18.08.2022 թվականի որոշմամբ առանձին հայց ներկայացնելու իրավունքի բացառման մասին եզրահանգում կատարելիս Դատավորը ձեռքի տակ ունեցել է այդ եզրահանգման ոչ իրավաչափ լինելու և հակառակի մասին փաստող՝ օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի երկու դատական ակտ, արդյունքում՝ հայցվորը տևական ժամանակ զրկվել է Դատարան դիմելու՝ իր գործը Դատարանի կողմից քննվելու և Դատարանի կողմից լսվելու իրավունքներից:
Այս տեսանկյունից, Հանձնաժողովն անհիմն է համարել Դատավորի բացատրությամբ նշված փաստարկն առ այն, որ դիմումատուի ոչ մի իրավունք չի խախտվել, սնանկության գործով պարտապան «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի, թե «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի միակ հիմնադիր և տնօրեն հանդիսանում է հաղորդում ներկայացրած անձ Դավիթ Պետրոսյանը, պարտապան «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ն ծանուցված է եղել սնանկության գործով պարտատերերի 09.04.2019 թվականի ժողովի մասին, «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն հնարավորություն է ունեցել օգտվելու «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված իրավունքներից:
Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե հայցվորն ունեցել կամ այս պահին ունի «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված իրավունքներից օգտվելու հնարավորություն, հայցվորի իրավունքի խախտումը վերջնականապես արձանագրվել է 20.01.2023 թվականի որոշմամբ, իսկ փաստացի խախտումը վերացվել է 05.04.2023 թվականին, երբ նոր քննության ժամանակ գործը վարույթ է ընդունվել այլ դատավորի կողմից և գործի քննությունը սկսվել է սկզբից:
Հետևաբար տևական ժամանակահատվածում հայցվորը, փաստորեն, զրկված է եղել իր պահանջը Դատարանի կողմից քննության առնվելու իրավունքից, որն արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից է՝ երաշխավորված թե՛ Սահմանադրությամբ, թե՛ Կոնվենցիայով, իսկ առանց այդ հիմնարար իրավունքի պաշտպանության՝ արդարադատության օրինական գործընթացի և արդարադատության կայացման մասին խոսք լինել չի կարող:
Այսպիսով, Հանձնաժողովը փաստել է, որ Դատավորը, թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 25.03.2020 թվականի որոշմամբ մերժելով հայցադիմումի վարույթ ընդունումը, ապա նշված որոշումը վերացվելուց հետո 18.08.2022 թվականի որոշմամբ նույն հիմքով կարճելով գործի վարույթը, չի պահպանել իրավական որոշակիության սկզբունքը՝ առանց որևէ ծանրակշիռ փաստարկի անտեսելով օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի դատական ակտերի օրինականության և պարտադիրության սկզբունքը, ըստ այդմ՝ խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները, ինչպես նաև՝ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները, որի հետևանքով առերևույթ թույլ է տվել հաղորդում ներկայացրած անձի՝ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի խախտում՝ ոչ իրավաչափորեն սահմանափակելով դրա իրացումը և ըստ էության չքննելով իր իրավասությանը վերապահված հարցը:
Ամփոփելով վերը նշված փաստերը՝ Հանձնաժողովը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 5-րդ հոդվածի 5-րդ մասի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի դրույթների խախտման հատկանիշներ:
Հանձնաժողովը, հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում հաշվի առնելով նաև դատավոր Արտաշես Հովհաննիսյանի բացատրությամբ նշված պնդումն առ այն, որ ենթադրյալ խախտումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացրել և հաղորդում ներկայացրած անձի ոչ մի իրավունք չի խախտվել, քանի որ 09.04.2019 թվականին «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի կողմից ընդունված գույքի վաճառքի ծրագրի հիման վրա կառավարչի կողմից կազմակերպած աճուրդը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից բողոքարկվելով Վերաքննիչ քաղաքացիական դատարան, այն բեկանվել է և որոշվել է անվավեր ճանաչել սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Ղահրամանյանի կողմից «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում ՀՀ, քաղաք Երևան, Շենգավիթ համայնք, Սմբատ Զորավար փողոց 55 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ 20.12.2019 թվականի աճուրդը և որպես անվավերության հետևանք աճուրդում հաղթած անձի Էդուարդ Լևոնի Աթոյանի հետ կնքված պայմանագիրը, միջոցներ է ձեռնարկել Դատավորի կողմից թույլ տրված արարքների արդյունքում վրա հասած հնարավոր հետևանքները պարզելու ու դրանց կարևորության աստիճանը գնահատելու ուղղությամբ:
Հանձնաժողովն ընդգծել է, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:
Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում Հանձնաժողովը վարույթի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու նպատակով հարկ է համարել պարզել, թե արդյոք առկա են Դատավորի օգտին վկայող հանգամանքներ, թե՝ ոչ:
Այսպես, ըստ հրապարակային տեղեկությունների՝ թիվ ՍնԴ/0189/02/19 քաղաքացիական գործով Դատարանի 22.02.2022 թվականի վճռով «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի, երրորդ անձինք՝ Էդուարդ Լևոնի Աթոյանի, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, որը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի և «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանի ներկայացուցիչների կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով վերաքննիչ բողոքները, 19.07.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է և Դատարանի 22.02.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել. հայցը բավարարել: Անվավեր ճանաչել սնանկության կառավարիչ Խաչիկ Ղահրամանյանի կողմից «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում ք. Երևան, Շենգավիթ համայնք, Սմբատ Զորավար փողոց 55 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ 20.12.2019 թվականի աճուրդը և, որպես անվավերության հետևանք՝ աճուրդում հաղթած անձի՝ Էդուարդ Լևոնի Աթոյանի հետ կնքած պայմանագիրը: Վճռաբեկ դատարանի 13.10.2022 թվականի որոշմամբ թիվ ՍնԴ/0189/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թվականի որոշման դեմ «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Համադրելով վերը նշված գործով ներկայացված՝ թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով կայացած աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջը «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի՝ «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «ՖՈՒԴՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին թիվ ՍնԴ/0039/02/20 գործով ներկայացված պահանջի հետ՝ Հանձնաժողովը պարզել է, որ այս երկու պահանջները միմյանց հետ, ճիշտ է, որոշակի կապի մեջ են, սակայն աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջի բավարարումն ինքնին չի կարող հանգեցնել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշման անվավերության, քանի որ հայցվորը թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով վիճարկել է ժողովի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան անցկացվելու փաստը, և գտել է, որ խախտվել են օրենքի, իրավական այլ ակտերի պահանջները, որով խախտվել են նաև իր՝ օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված իրավունքները, և այս խախտումները որևէ կերպ կապ չունեն դրանից հետո իրականացված աճուրդի հետ, իսկ գործի քննությամբ դրանց հաստատումը կարող էր հետապնդել հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու բոլորովին այլ նպատակ, որը բացառապես աճուրդի անվավերությունը լինել չէր կարող: Ընդ որում, աճուրդի անվավերության հետևանքը՝ գույքի նախկին իրավաբանական կարգավիճակը վերականգնելն է, իսկ վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշման անվավերության հետևանքը՝ նաև դրա հետևանքներից բխող նոր իրավունքներ ձեռք բերելը, այդ թվում՝ աճուրդի կայացումն ու դրա հետևանքները հնարավորինս շուտ կանխելը և դրա հետևանքով պատճառված վնասները հատուցելն ու այլ իրավունքների վերականգնումն է:
Անկախ վերը շարադրված դիրքորոշումներից՝ Հանձնաժողովը գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումների հետևանքների կարևորության աստիճանը որոշելու համար ուրույն նշանակություն ունի ոչ միայն խախտումների բնույթը, այլև՝ իրավունքի խախտման ժամանակահատվածը (տևողությունը):
Այսպես, ըստ ժամանակագրական տվյալների՝ թիվ ՍնԴ/0039/02/20 գործով հայցադիմումը ներկայացվել է դատարան 23.03.2020 թվականին, իսկ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կայացվել է 05.05.2020 թվականին: Այս պահից սկսած գործը պետք է ըստ էության քննվեր դատարանում, եթե Դատավորը երկու տարի հետո չկայացներ գործի վարույթը կարճելու մասին որոշում:
18.08.2022 թվականին կայացվել է գործի վարույթը կարճելու մասին որոշումը, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2023 թվականի որոշմամբ բեկանումից հետո հայցադիմումը նոր դատավորի կողմից վարույթ է ընդունվել 05.04.2023 թվականին և առաջին դատական նիստը նշանակվել է 04.05.2023 թվականին: Այսինքն՝ եթե Դատավորը գործի վարույթը չկարճեր, ապա գործի ընթացքը շարունակվելու էր նշանակված դատական նիստերում գործը քննելու միջոցով: Արդյունքում՝ 05.05.2020 թվականից մինչև 05.04.2023 թվականը, շուրջ՝ 3 տարի, հայցվորը զրկված է եղել իր գործը դատարանում քննվելու իրավունքից: Ընդ որում, այս ժամկետը շատ ավելին է, քանի որ հաշվարկի մեջ հաշվի չի առնվել նաև այն ժամկետը, որը կորսվել է գործի նոր քննության արդյունքում, մասնավորապես՝ կարճման որոշումը վերացնելուց հետո նոր դատավորին գործը մակագրվելու արդյունքում՝ գործի քննությունը սկսվել է սկզբից, այն դեպքում, երբ Դատավորի վարույթում գործի քննության որոշակի ընթացք արդեն իսկ ապահովվել էր, և գործի վարույթը չկարճվելու պարագայում գործի քննությունը շարունակվելու էր ոչ թե սկզբից, այլ՝ ընդհատման պահից:
Վերը նշված փաստերը համադրելով վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչելու հետևանքների հետ՝ ակնհայտ է, որ շուրջ 3 տարի անձը Դատավորի գործողությունների հետևանքով զրկված է եղել վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի հնարավոր բավարարում ստանալու իրավական հնարավորությունից: Ի դեպ, հայցի քննության դրական հնարավոր արդյունքը հայցվորի շահերի արդյունավետ պաշտպանության առումով կարող էր նաև նպաստել աճուրդի անվավերության պահանջի քննությանը, արդյունքում՝ մինչև նույն Դատավորի կողմից աճուրդի անվավերության հայցը մերժելու մասին 22.02.2022 թվականի վճռի կայացումը կարող էր առկա լինել վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու մասին վճիռ: Ասվածից հետևում է, որ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի հնարավոր բավարարումը, որն ակնկալում էր հայցվորը, իր իսկ իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից կարող էր ունենալ առանցքային նշանակություն աճուրդի անվավերության պահանջի քննության և կայացվելիք դատական ակտի ելքի վրա: Բացի այդ, եթե հայցը քննության առնվեր և կայացվեր այն բավարարելու մասին վճիռ, ապա հայցվորն այլևս կարող էր որոշել այդ վճռի իր համար բարենպաստ հետևանքները, օրինակ՝ կարող է օգտվել վնասների հատուցման իրավունքից, գործով հաստատված փաստերի նախադատելիությունից և այլն:
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 գործով արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ տվյալ դեպքում հայցվորը շուրջ 3 տարի զրկվել է իր գործը դատարանում քննության առնվելու սուբյեկտիվ իրավունքից, և այս ժամանակահատվածը վերականգնելը հնարավոր չէ, այսինքն՝ անձի սուբյեկտիվ իրավունքի խախտումն ավարտվել է նոր դատավորի կողմից հայցադիմումը վարույթ ընդունվելու և դատական նիստ հրավիրելու պահից: Միաժամանակ, խախտվել է նաև հայցվորի կոնվենցիոն մեկ այլ իրավունք՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքը: Եվ այս իրավունքների խախտումներն իրենց համակցության մեջ հայցվորի համար առաջացրել են ծանր հետևանքներ՝ հանգեցնելով արդարադատության բուն էության խաթարման:
Սույն կարգապահական վարույթի պարագայում վերևում թվարկված հանգամանքները, արդյունքում՝ գործի վարույթը կարճելը, ըստ այդմ՝ դատական պաշտպանության իրավունքից անձին տևական ժամանակ զրկելը կոպտորեն խախտել են ինչպես հաղորդում ներկայացրած անձի, այնպես էլ գործին մասնակից մյուս անձի հիմնարար՝ դատական պաշտպանության իրավունքները, ինչի հետևանքով կողմերը տևական ժամանակահատվածում զրկված են եղել ակնկալվող արդարադատության արդյունքը ստանալու համար իրենց իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: Նման հանգամանքները չէին կարող անտեսվել Հանձնաժողովի կողմից: Սա հատկապես արդիական է դառնում, երբ Դատավորը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով չի հարգվել նույն հարցի վերաբերյալ վերադաս դատական ատյանների դատական ակտերը և իրավական որոշակիության սկզբունքի անտեսման արդյունքում դատական իշխանությունը, անշուշտ, հեղինակազրկվել է, ուստի այս համատեքստում Դատավորի կողմից թույլ տրված խախտումները չեն կարող գնահատվել որպես նվազ կարևոր նշանակություն ունեցող:
Հանձնաժողովը հայտնել է նաև, որ հաշվի է առել այն հանգամանքը, որ սույն գործի շրջանակներում թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործի առնչությամբ հաղորդում ներկայացրած անձի իրավունքների պաշտպանությունը պատշաճ չապահովելու և դրանք խախտելու թվով երկրորդ դեպքն է, որն արձանագրվել է Հանձնաժողովի կողմից, մասնավորապես՝ Հանձնաժողովի դեռևս 24.11.2022 թվականի թիվ N-Կ-13/2022 որոշմամբ արձանագրվել էր հետևյալի մասին. «Հանձնաժողովն արձանագրում է, որ առկա են դիմումի սահմաններով կաշկանդված լինելու, իր իրավասության շրջանակներում քննվող գործի շրջանակներից դուրս չգալու՝ դատավարության տնօրինչականության, մրցակցության և իրավահավասարության սկզբունքների խախտումներ, ինչպես նաև կատարողական թերթի, դրանում նշված պահանջների պարզաբանման համար նախատեսված օրենսդրական կարգավորումների՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 35-րդ հոդվածի խախտման հատկանիշներ, որոնք իրենց հերթին հանգեցրել են նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտման»: Չնայած այդ խախտումներին՝ Հանձնաժողովը գտել է, որ դրանք բացասական հետևանքներ չեն առաջացրել գործին մասնակցող անձանց համար, հաշվի առնելով, որ առաջ չեն բերել որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև հաղորդման հեղինակի մոտ չեն առաջացրել օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ուստի կարգապահական վարույթը կարճվել է:
Վերը նշվածի հիման վրա Հանձնաժողովը գտել է, որ հերթական խախտումների փաստն արդեն իսկ վկայում է նույն անձի իրավունքները սնանկության նույն գործի հետ կապված թվով երկրորդ անգամ Դատավորի կողմից խախտվելու հանգամանքի մասին, ինչպիսի փաստն ինքնին կարևոր է սույն վարույթի շրջանակներում հերթական անգամ արձանագրված խախտումների՝ հայցվորի իրավունքների վրա բացասական ազդեցության չափը որոշելու հարցում, ուստի, ի թիվս այլնի, սույնով պայմանավորված Հանձնաժողովը գտել է, որ թույլ տրված խախտումներն ունեն էական նշանակություն և չեն կարող որակվել որպես նվազ կարևորություն ունեցող խախտումներ:
Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը գտել է, որ առկա չէ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքը, ուստի կարգապահական վարույթը կարճելու մասին Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետը կիրառելու հիմքեր ևս առկա չեն, ըստ այդմ՝ Հանձնաժողովի համար ընդունելի չեն Դատավորի՝ խախտման նվազ նշանակության մասին ներկայացրած բացատրությունները:
Հանձնաժողովը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 147-րդ հոդվածի 5-ին մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը, գտել է, որ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է դիտավորությամբ, քանի որ Դատավորը, տեղյակ լինելով հայցն այդ վարույթի շրջանակներում քննության ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների մասին, ըստ այդմ՝ իր կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելու մասին, հարուցված վարույթի շրջանակներում տրված բացատրությամբ, այնուամենայնիվ, պնդելով իր որոշման օրինական լինելու հանգամանքը, լիովին գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ լինելը:
Նշանակված դատական նիստում Հանձնաժողովի անդամ Հովիկ Շահնազարյանը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ մասնավորապես հայտնել է, որ 23.05.2020 թվականին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ՊԵԿ-ի և Խաչատուր Ղահրամանյանի դեմ հայց է ներկայացրել, որով խնդրել է թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով 09.04.2019 թվականին «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի երրորդ անձ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչել: Հայցադիմումը մակագրվել է իրեն և ինքը 25.03.2020 թվականին որոշում է կայացրել «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին»՝ գտնելով, որ հայցվոր ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի որոշումն անվավեր ճանաչելու մասին, մինչդեռ սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի ժողովի ընդունած որոշումները ենթակա են բողոքարկման «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կարգով՝ սնանկության գործի շրջանակներում, ուստի սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
05.05.2020 թվականի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների բողոքը բավարարվել է և 25.03.2020 թվականի թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվել է, բեկանվել է գործն ըստ էության չլուծող դատական ակտը և վերացվել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը:
Ըստ բացատրության՝ հայցադիմումը ընդունելով վարույթ, քննություն կատարելով, Դատավորը որոշել է, որ գործի վարույթը ենթակա է կարճման այն հիմքով, որ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածով օրենսդիրը կառավարչին, պարտատերերին և պարտապանին իրավունք է վերապահել բողոքարկել «Սնանկության մասին» օրենքի կամ իրավական ակտերի պահանջների խախտմամբ ընդունված որոշումը, իսկ դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչել ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է դատավորի կողմից քննման կարգը: Այսինքն ստացվում է, որ հենց սնանկության վարույթում, հենց սնանկության գործի շրջանակներում, և ոչ որպես առանձին քաղաքացիական գործ, կարող է բողոքարկվել գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի որոշումը, և, որ առանձին քաղաքացիական գործերի շրջանակներում չի կարող վիճարկվել պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի որոշումը, որով հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը:
Դատավորը նշել է նաև, որ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի հայցը կարճելով՝ ընկերության որևէ իրավունք չի խախտվել: 09.04.2019 թվականին «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի կողմից ընդունված գույքի վաճառքի ծրագրի հիման վրա կառավարչի կողմից կազմակերպած աճուրդը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից բողոքարկվելով վերաքննիչ քաղաքացիական դատարան, այն բեկանվել է և որոշվել է անվավեր ճանաչել սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Ղահրամանյանի կողմից «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում ՀՀ, քաղաք Երևան, Շենգավիթ համայնք, Սմբատ Զորավար փողոց 55 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ 20.12.2019 թվականի աճուրդը և որպես անվավերության հետևանք աճուրդում հաղթած անձի՝ Էդուարդ Լևոնի Աթոյանի հետ կնքված պայմանագիրը:
Դատավորը հայտնել է, որ տվյալ դեպքում դիմումատուի ոչ մի իրավունք չի խախտվել: Մասնավորապես թե՛ սնանկության գործով պարտապան «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի, թե՛ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի միակ հիմնադիր և տնօրեն հանդիսանում է հաղորդում ներկայացրած անձ Դավիթ Պետրոսյանը: Պարտապան «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ն ծանուցված է եղել սնանկության գործով պարտատերերի 09.04.2019 թվականի ժողովի մասին: «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն հնարավորություն է ունեցել օգտվելու «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված իրավունքներից: Հաղորդում ներկայացրած «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանն այժմ էլ հնարավորություն ունի օգտվելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ընձեռված իր իրավունքներից:
Դատավորը հայտնել է, որ 25.03.2020 թվականի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին և 18.08.2022 թվականի գործի վարույթը կարճելու մասին որոշումները կայացրել է գործում եղած փաստաթղթերի ուսումնասիրման և օրենքների կիրառման արդյունքում և, հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 9-րդ մասին, միջնորդել է կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
Դատավորը, Խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ Հանձնաժողովը, ուսումնասիրելով «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանի կողմից ներկայացված հաղորդումը 27.07.2023 թվականի որոշմամբ, իր նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ: 14.08.2023 թվականին իր կողմից ներկայացվել է բացատրություն: 25.09.2023 թվականին Հանձնաժողովի աշխատակիցը զանգահարել է իրեն և խնդրել տրամադրել իր արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև խնդրել է ներկայացնել Դատարանի նախագահ Գ. Հովհաննիսյանի 22.06.2023 թվականի «Ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին» թիվ 19Ա հրամանի օրինակը։ Իր կողմից Հանձնաժողովին հասցեագրված 26.09.2023 թվականի գրությամբ տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 3-ը ներառյալ գտնվել է ամենամյա արձակուրդում, կից ներկայացրել է Դատարանի նախագահ Գ. Հովհաննիսյանի 22.06.2023 թվականի «Ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին» թիվ 19Ա հրամանի պատճենը:
Դատավորը հայտնել է, որ Հանձնաժողովը 27.09.2023 թվականին որոշում է կայացրել «Կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին», որով իր նկատմամբ 27.07.2023 թվականին հարուցված թիվ N-Կ-7/2023 կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև 05.10.2023 թվականը:
09.10.2023 թվականին Դատավորը ստացել է Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանի կողմից 05.10.2023թ. թվագրված գրությունը, որով հայտնվել է, որ Հանձնաժողովը, ուսումնասիրելով «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանի հաղորդման առթիվ 27.07.2023 թվականին իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի նյութերը, 02.10.2023 թվականին որոշում է կայացրել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհուրդ:
Դատավորը, վկայակոչելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-4-րդ մասերը, 156-րդ հոդվածը հայտնել է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է կարճման, քանի որ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետները և ինքը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը, մասնավորապես Հանձնաժողովը 27.07.2023 թվականի որոշմամբ, իր նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, 27.09.2023 թվականին Հանձնաժողովը որոշում է կայացրել «Կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին», որով իր նկատմամբ 27.07.2023 թվականին հարուցված թիվ N-Կ-7/2023 կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև 05.10.2023 թվականը:
Դատավորը գտել է, որ Հանձնաժողովի 27.09.2023 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ:
Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանվել է, որ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը չի կարող երկու ամսից ավելի լինել, միևնույն ժամանակ օրենսդիրը հնարավորություն է տվել վարույթ հարուցող մարմնին միայն դատավորի բացակայությամբ պայմանավորված երկարաձգել կարգապահական վարույթի տևողությունը, այսինքն օրենսդիրը նման հնարավորություն է տվել որպեսզի դատավորը հնարավորություն ունենա Օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իր իրավունքները լիարժեք իրացնել, տվյալ դեպքում ինքը դեռևս 14.08.2023 թվականին ներկայացրել է բացատրություն, ինչպես նաև վարույթ հարուցող մարմինը Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ստանար դատարանի նախագահի կողմից, այլ ոչ՝ դատավորի:
Ըստ Դատավորի՝ նման պայմաններում կարգապահական վարույթ հարուցած մարմինը խախտել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետը, որպիսի հանգամանքը ներկայացված միջնորդությունը կարճելու հիմք է։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրել է Խորհրդին իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել։
Միաժամանակ Դատավորը հայտնել է, որ թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելիս ինքն առաջնորդվել և ղեկավարվել է ՀՀ օրենսդրությամբ և իր ներքին համոզմամբ:
09.04.2019 թվականին տեղի է ունեցել սնանկ ճանաչված «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովը, որտեղ քննարկվել է «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող և «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի ծրագրի հաստատման հարցը:
09.04.2019 թվականի ժողովին ծանուցված են եղել պարտատերերը, ինչպես նաև պարտապան «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ն:
17.05.2019 թվականին Սնանկության դատարանի որոշմամբ «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչին թույլատրվել է երրորդ անձ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորությունների դիմաց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը ներկայացնել հրապարակային սակարկություններով վաճառքի:
23.03.2020 թվականին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ՊԵԿ-ի և Խաչատուր Ղահրամանյանի դեմ հայց է ներկայացրել, որով խնդրել է թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով 09.04.2019 թվականին «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի երրորդ անձ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչել։
Դատավորը հայտնել է, որ հայցադիմումը մակագրվել է իրեն և 25.03.2020 թվականին որոշում է կայացրել «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին»՝ գտնելով, որ հայցվոր ընկերությունը հայց է ներկայացրել Սնանկության դատարան թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի որոշումն անվավեր ճանաչելու մասին, մինչդեռ սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի ժողովի ընդունած որոշումները ենթակա են բողոքարկման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի կարգով՝ սնանկության գործի շրջանակներում, ուստի սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։
«ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ու «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի միակ հիմնադիր և սեփականատերը հանդիսանում է նույն անձը՝ Դավիթ Պետրոսյանը։
Դատավորը նշել է, որ ըստ էության 09.04.2019 թվականին տեղի է ունեցած «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի մասին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն որպես գրավատու երրորդ անձ տեղյակ է եղել, և կարող էր 09.04.2019 թվականի պարտատերերի ժողովի որոշումը բողոքարկեր սնանկության վարույթի շրջանակներում, սակայն որևէ բողոք չի ներկայացրել։ Սնանկության վարույթում ձևավորվել է այն պրակտիկան, որ գրավատու երրորդ անձանց դիմում-միջնորդությունները քննարկման առարկա են դառնում, ուստի դիմելու դեպքում այն կարող էր քննարկման առարկա դառնալ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատավորը Խորհրդին խնդրել է իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1) Թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 23.03.2020 թվականին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ՊԵԿ-ի, Խաչատուր Ղահրամանյանի դեմ հայց է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով պարտատերերի ժողովի 09.04.2019 թվականի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «ՖՈՒԴՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչել: Հայցադիմումը նույն օրը մակագրվել է Դատավորին:
4.2) 25.03.2020 թվականին կայացվել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, որով Դատավորը հղում է կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասին, «Սնանկության մասին» օրենքի 1-ին և 36-րդ հոդվածներին, ապա գտել է, որ. «Տվյալ դեպքում հայցվոր ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09․04․2019թ-ի որոշումը անվավեր ճանաչելու մասին։ Սնանկության վարույթի շրջանակներում պարտատրերի ժողովի ընդունած որոշումների ենթակա են բողոքարկման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի կարգով՝ սնանկության գործի շրջանակներում։
Հետևաբար Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։»:
4.3) «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից 06.04.2020 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Լ. Գրիգորյան) 21.04.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ 05.05.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 25.03.2020 թվականի ՍնԴ/0039/02/20 հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվել է:
4.4) 05.05.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է. «Տվյալ դեպքում գործի նյութերով հիմնավորվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը, որը սնանկ ճանաչված անձի պարտավորությունների համար գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը, հայց է ներկայացրել Դատարան թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09․04․2019թ-ի՝ Ընկերությանը պատկանող գրավադրված գույքն օտարելու ծրագիրը հաստատելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:», այնուհետև գտել է, որ. «Տվյալ դեպքում հայցադիմումը ներկայացվել է ոչ թե նշված հոդվածով սահմանված անձանց կողմից, այլ պարտապանի պարտավորությունների համար իր սեփական գույքը գրավ դրած անձի կողմից՝ իր սեփականատիրական շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով, ով չէր կարող ղեկավարվել վերը նշված նորմի կանոններով և դրանց համապատասխան բողոքարկեր վիճարկվող որոշումը, որպիսի պայմաններում վերջինս իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարան դիմելու իրավունքից հայցադիմում է ներկայացրել Դատարան, սակայն վերջինս անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերությունը զրկված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նման որոշման բողոքարկման հնարավորությունից՝ անհիմն մերժել է հայցադիմումի ընդունումը:»:
4.5) Գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործը 15.06.2020 թվականին ստացվել է Դատարանում, նույն օրը մակագրվել է Դատավորին, 19.06.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
4.6) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի որոշման դեմ պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի 25.05.2022 թվականի որոշմամբ մերժվել է: Դատավոր Գ. Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք:
4.7) Գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործը 15.08.2022 թվականին մուտքագրվել է Դատարան, և 16.08.2022 թվականին հանձնվել է Դատավորին։
4.8) Դատարանի կողմից թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 18.08.2022 թվականին որոշում է կայացվել գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշմամբ Դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով օրենսդիրը կառավարչին, պարտատերերին ու պարտապանին իրավունք է վերապահել բողոքարկելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված որոշումը, իսկ դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է։ Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է դատավորի կողմից բողոքի քննման կարգը։ Այսինքն՝ ստացվում է, որ հենց սնանկության վարույթում հենց սնանկության գործի շրջանակներում, և ոչ որպես առանձին քաղաքացիական գործ, կարող է բողոքարկվել գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի որոշումը, և որ առանձին քաղաքացիական գործի շրջանակներում չի կարող վիճարկվել պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի այն որոշումը, որով հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը: Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտել է, որ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի վարույթն ենթակա է կարճման, քանի որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
4.9) «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի և սնանկության գործով կառավարչի կողմից 22.09.2022 թվականին կրկին վերաքննիչ բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որոնք 05.10.2022 թվականին ընդունվել են վարույթ, 20.01.2023 թվականին հրապարակված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր Դավիթ Սերոբյան, դատավորներ՝ Մարգարիտա Հարթենյան, Տարոն Նազարյան) վերաքննիչ բողոքները բավարարել է՝ վերացրել է թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով ՀՀ սնանկության դատարանի 18.08.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը:
4.10) 20.01.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի կողմից «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը գրավադրելու, թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 09․04․2019թ. «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող գրավադրված գույքն օտարելու ծրագիրը հաստատելու մասին որոշում կայացնելու և այդ որոշումը ոչ թե թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով, այլ սույն գործի վարույթում որպես առանձին քաղաքացիական գործ քննելու համար հայց հարուցելու պայմաններում սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելը պարտատերերի ժողովի՝ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին որոշումը սնանկության վարույթում հարուցված առանձին քաղաքացիական գործի քննության շրջանակներում վիճարկվելու հնարավորության բացակայության պատճառաբանությամբ խախտում է «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի դատարան դիմելու իրավունքն այն պատճառաբանությամբ, որ վերջինս, «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի ուժով թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով դատավարական կարգավիճակ չունենալու հիմքով պայմանավորված, զրկվել է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար պարտատերերի ժողովի՝ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին որոշումը թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործի շրջանակներում վիճարկելու իրավական հնարավորությունից, իր սեփականության պաշտպանության համար հարուցել է սույն քաղաքացիական գործը, ինչի հաշվառմամբ վերջինիս նկատմամբ չի կարող կիրառվել «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված՝ պարտատերերի ժողովի որոշումները միայն սնանկության կառավարչի, պարտատերերի ու պարտապանի կողմից բողոքարկելու հնարավորություն նախատեսող իրավանորմը: Արդյունքում, նշված նորմի կիրառմամբ «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքի՝ դատական կարգով պաշտպանությունը սահմանափակվել է, ինչի կապակցությամբ ի դեպ առկա է նաև Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2020թ. օրինական ուժի մեջ մտած որոշումը։
4.11) Թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործը բեկանումից հետո 29.03.2023 թվականին ստացվել է Դատարանում, մակագրվել է դատավոր Բագրատ Մկրտչյանին, 05.04.2023 թվականին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված բացատրությունը, պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1 արդյո՞ք թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտում,
5.2 եթե այո, ապա արդյո՞ք թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով կատարված/ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3 արդյո՞ք թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման:
6․ Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Հիմք ընդունելով այն, որ Դատավորի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին, Խորհուրդը գտնում է, որ առաջնահերթ պետք է անդրադառնալ ներկայացված միջնորդությանը:
Ուստի, քննության առնելով Հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին Դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը, Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլ դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:
Տվյալ դեպքում, ըստ Դատավորի, Հանձնաժողովը խախտել է իր նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետները, մասնավորապես Հանձնաժողովը Դատավորից ստանալով «Ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին» Սնանկության դատարանի նախագահ Գ. Հովհաննիսյանի 22.06.2023 թվականի թիվ 19 Ա հրամանի պատճենը, 27.09.2023 թվականին որոշում է կայացրել «Կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին», որպիսի պայմաններում ըստ Դատավորի խախտվել է Օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը դատարանի նախագահից ստանալու մասին օրենսդրական պահանջը, այնինչ Խորհրդի գնահատմամբ վերոնշյալ օրենսդրական կարգավորումն ուղղված է դատավորի արձակուրդում, անաշխատունակության կամ գործուղման մեջ գտնվելու մասին տեղեկատվության առկայության պարագայում կարգապահական վարույթի տևողությունը համապատասխան ժամանակահատվածով երկարաձգելու միջոցով դատավորի համար կարգապահական վարույթում իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովվելուն, հետևաբար սույն պարագայում Դատավորի 14.07.2023 թվականից մինչև 03.08.2023 թվականն ամենամյա արձակուրդում գտնվելու մասին տեղեկատվությունը հենց Դատավորից ստանալն ինքնին չի հանդիսանում այնպիսի հանգամանք, ինչը Խորհրդին հնարավորություն կտա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննության կարճման միջոցով կասկածի տակ առնել Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության իրավաչափությունը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Խորհուրդը գալիս է եզրահանգման, որ Դատավորի կողմից ներկայացված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման:
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Հանձնաժողովի ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով Դատավորի բացատրությունն ու պատասխանը, կարգապահական վարույթի նյութերը, ինչպես նաև հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Խորհուրդը, անդրադառնալով թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի քննության ընթացքում իրավական որոշակիության սկզբունքի պահպանված լինել/չլինելու հարցին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ՝ սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:
Նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:
Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին ներկայացած, քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատարան բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված ժողովի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է:
Դատավորը բողոքը քննում է մեկշաբաթյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու ժողովի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տրված խախտումներն էական չեն:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է inter alia, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, պարբ. 61)։
Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res judicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջել վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու՝ վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստան ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52)։
Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը, որպես իրավական որոշակիության արդյունք, ենթակա է հարգանքի (տե՛ս, Սահմանադրական դատարանի 20.07.2007 թվականի թիվ ՍԴՈ-709 որոշումը)։
ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 23.03.2020 թվականին «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ՊԵԿ-ի, Խաչատուր Ղահրամանյանի դեմ հայց է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թիվ ԵԿԴ/0258/04/17 սնանկության գործով պարտատերերի ժողովի 19.04.2019 թվականի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչել: Հայցադիմումի ընդունումը Դատավորի 25.03.2020 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի ժողովի ընդունած որոշումները ենթակա են բողոքարկման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի կարգով՝ սնանկության գործի շրջանակներում։ Հետևաբար Դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 05.05.2020 թվականի որոշմամբ բավարարել է «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից Դատարանի 25.03.2020 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և վերացրել նշված որոշումը: Ընդ որում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշված որոշմամբ գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է (...) պարտապանի պարտավորությունների համար իր սեփական գույքը գրավ դրած անձի կողմից՝ իր սեփականատիրական շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով, ով (...) իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարան դիմելու իրավունքից հայցադիմում է ներկայացրել Դատարան, սակայն վերջինս անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերությունը զրկված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նման որոշման բողոքարկման հնարավորությունից՝ անհիմն մերժել է հայցադիմումի ընդունումը:
Այնուհետև, գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո հայցադիմումը Դատավորի 19.06.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, սակայն, 01.10.2021 թվականին Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցն առանց քննության թողնելու մասին, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերացվելուց հետո 15.08.2022 թվականին ստացվել է Դատարանում, նույն օրը մակագրվել Դատավորին, ապա ընդունվել է վարույթ:
18.08.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշմամբ Դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով օրենսդիրը կառավարչին, պարտատերերին ու պարտապանին իրավունք է վերապահել բողոքարկելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված որոշումը, իսկ դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է։ Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է դատավորի կողմից բողոքի քննման կարգը։ Այսինքն՝ ստացվում է, որ հենց սնանկության վարույթում հենց սնանկության գործի շրջանակներում, և ոչ որպես առանձին քաղաքացիական գործ, կարող է բողոքարկվել գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի որոշումը, և որ առանձին քաղաքացիական գործի շրջանակներում չի կարող վիճարկվել պարտատերերի խորհրդի կամ պարտատերերի ժողովի այն որոշումը, որով հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը:
Դատարանի 18.08.2022 թվականի որոշումը «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի և սնանկության գործով կառավարչի կողմից կրկին բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որի արդյունքում 20.01.2023 թվականին հրապարակված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքները բավարարել է՝ թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի 18.08.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերացրել: Նշված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ն իր սեփականության պաշտպանության համար հարուցել է սույն քաղաքացիական գործը, ինչի հաշվառմամբ վերջինիս նկատմամբ չի կարող կիրառվել «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված՝ պարտատերերի ժողովի որոշումները միայն սնանկության կառավարչի, պարտատերերի ու պարտապանի կողմից բողոքարկելու հնարավորություն նախատեսող իրավանորմը: Արդյունքում, նշված նորմի կիրառմամբ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքի՝ դատական կարգով պաշտպանությունը սահմանափակվել է, ինչի կապակցությամբ ի դեպ առկա է նաև Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2020 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը։
Այդպիսով, վերոգրյալ իրավական նորմերի և նշված փաստերի համակարգային վերլուծությամբ՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ, նախ՝ 25.03.2020 թվականի որոշմամբ մերժվել է հայցադիմումի վարույթ ընդունումը՝ քաղաքացիական գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով, ապա, չնայած նշված որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2020 թվականի որոշմամբ վերացված լինելու հանգամանքին, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո 18.08.2022 թվականի որոշմամբ կրկին «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ և նույնաբովանդակ պատճառաբանություններով կարճվել է գործի վարույթը՝ միևնույն՝ քաղաքացիական գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով: Ընդ որում, այս որոշումը կրկին վերացվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից՝ ի թիվս այլնի արձանագրելով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի՝ դատարանի դատական ակտով հաստատված այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ նույն հիմքով վերացվել էր հայցադիմումի ընդունումը մերժելու մասին նույնպիսի պատճառաբանությամբ կայացված որոշումը:
Մասնավորապես՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով Դատարանի 18.08.2022 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները, բավարարել է դրանք, կայացված որոշմամբ հետևության հանգելով, որ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ «ՖՈՒԴՈ» Հ/Ձ ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքի՝ դատական կարգով պաշտպանությունը սահմանափակվել է, նշել է, որ այդ կապակցությամբ առկա է Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2020 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառման ու մեկնաբանության արդյունքում կարճել է թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի վարույթը, այն դեպքում, երբ նույն քաղաքացիական գործով նույնաբովանդակ պատճառաբանություններով և ըստ էության միևնույն հիմքով կայացված հայցադիմումի վարույթ ընդունումը մերժելու մասին իր որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2020 թվականի որոշմամբ արդեն իսկ վերացվել էր:
Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ գործի վարույթը կարճելիս թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի նկատմամբ տարածվել են հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի դրույթները, որպիսի պայմաններում, նույն գործով արդեն իսկ առկա էր վերադաս դատական ատյանի օրինական ուժի մեջ մտած միջանկյալ դատական ակտ՝ «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի կիրառման ու այդ հիմքով գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հարցի վերաբերյալ:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ 18.08.2022 թվականի որոշման մեջ առկա չէ որևէ հիմնավորում կամ ծանրակշիռ փաստարկ՝ վերադաս դատական ատյանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտում արտահայտած իրավական դիրքորոշումներից շեղվելու մասին, որը կարող էր արտահայտվել նախկինում այդ մասին կայացրած՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման և գործի վարույթը կարճելու մասին որոշման իրավական դիրքորոշումների համադրման, դրանց առանձին-առանձին անդրադառնալու կամ որևէ կերպ նախկինում իրավահաստատված իրողությունից շեղվելու մասին այլ հիմնավորումներ ներկայացվելու միջոցով, հետևաբար Դատավորը պարտավոր էր գործել իրավական որոշակիության սկզբունքի տիրույթում՝ ապահովելով հայցվորի օրինական շահերի արդյունավետ պաշտպանության տեսանելի, որոշակի և բարձր չափանիշներ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը, թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 25.03.2020 թվականի որոշմամբ մերժելով հայցադիմումի վարույթ ընդունումը, ապա նշված որոշումը վերացվելուց հետո 18.08.2022 թվականի որոշմամբ նույն հիմքով կարճելով գործի վարույթը, չի պահպանել իրավական որոշակիության սկզբունքը՝ առանց որևէ ծանրակշիռ փաստարկի անտեսելով օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի դատական ակտերի օրինականության և պարտադիրության սկզբունքը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 5-րդ հոդվածի 5-րդ մասի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սնանկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի դրույթների խախտման:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Դատարանի նման վարքագծի դրսևորումն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության հարցում, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը, թիվ ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործով 25.03.2020 թվականին կայացրած հայցադիմումի վարույթ ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելուց հետո 18.08.2022 թվականի որոշմամբ նույն հիմքով կարճելով ՍնԴ/0039/02/20 քաղաքացիական գործի վարույթը, բավարար չափով չի պատճառաբանել վերադաս ատյանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներից շեղվելը:
Խորհուրդը Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի է առնում այն հանգամանքը, որ վերջինս հստակ չի վերլուծել և գնահատման չի արժանացրել օրենսդրական իրավակարգավորումները։ Խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորն իր գործունեության ընթացքում երբևէ չի ունեցել որևէ տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Անդամներ` |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|