Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2148/05/19
2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2148/05/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Թովմասյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ ԲԵԴևՅԱՆ

Լ. Հակոբյան

 

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.05.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Խաչատուր Մաղաքյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայցվորին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Խաչատուր Մաղաքյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանն ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին սեփականության իրավունքով բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ս Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 1106.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանն ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 0305.2022 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 1106.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը (ներկայացուցիչ` Արմեն Աղաբալյան) և ՀՀ ֆինանսների նախարարությունը (ներկայացուցիչ` Հայկ Հարությունյան):

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 124-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը, ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» թիվ 384-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգի» 17.1, 17.2, 17.3 կետերը և 17.4 կետի 3-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված 18.03.2019 թվականի գրությամբ ոչ թե մերժվել է հայցվորի դիմումը, այլ պարզապես տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, թե ինչ գործողություններ են կատարվում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1535-Ն որոշման պահանջները կատարելու համար և ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ սահմանված կարգով հայցվորին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով: Այսինքն՝ նշված գրությամբ հայցվորի պահանջը չի մերժվել և վերջինիս իրավունքները չեն խախտվել, քանի որ հայցվորի նկատմամբ չի կայացվել անբարենպաստ վարչական ակտ:

Հետևաբար՝ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի բացակայության պայմաններում հայցվորը Դատարան պարտավորեցման հայց ներկայացնել չէր կարող:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի է դառնում միայն այն դեպքերում, երբ դա բարենպաստ է վարչական մարմնի դեմ հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, իսկ երբ այն բարենպաստ չէ (վատթարացնող է), ապա կարելի է կիրառել իրավահարաբերությունների ծագման պահին գործող իրավական ակտերը: Նման մոտեցումն անթույլատրելի է և դատավարության մասնակիցներին, որի մի կողմը հանդիսանում է վարչական մարմինը՝ դնում է անհավասար պայմանների մեջ: Տվյալ դեպքում աղավաղվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման իմպերատիվ բնույթը:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որևէ իրավական կարգավորում, որի պարագայում հնարավոր կլինի շրջանցել նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնելով ընդունել բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման, խախտվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունը, քանի որ հայցվորը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից դեռևս չի լուծվել սահմանամերձ բնակավայրեր ունեցող և այլ մարզերի նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու գործընթացը:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 0305.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ «հայցն ամբողջությամբ մերժել կամ բեկանել և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալները»:

 

 2.1. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 124-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» թիվ 384-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգի» 17.1, 17.2 և 17.3 կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշման մեջ կատարված լրացումով վատթարացվել է հայցվորի իրավական վիճակը, հետևաբար այն հետադարձ ուժ ունենալ չի կարող և նշված խմբագրությամբ չի կարող կիրառվել հայցվորի նկատմամբ: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի բնակարանային ապահովության իրավունքը ծագել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու պահին, իսկ բնակարանային ապահովություն ստանալու իրավունքը ծագել է այդ իրավունքը իրացնելու համար դիմում ներկայացնելու պահին, իսկ տվյալ պահին գործող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ կետը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքի իրացման կարգը և պայմանները սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը:

Վերաքննիչ դատարանը նաև անտեսել է, որ օրենսդիրը որպես աջակցություն սահմանել է երեք հնարավոր տարբերակներից որևէ մեկը: Այսինքն, մի դեպքում կարող էր տրամադրել բնակարան, որը կլուծեր շահառուի բնակարանային խնդիրը, տնամերձ հողատարածք, որը կպահանջեր լրացուցիչ ջանքեր շահառուի կողմից` բնակարանային խնդիրը լուծելու համար և բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն, որը չի ենթադրում բնակարանի ձեռք բերում, քանի որ «աջակցություն» բառն արդեն իսկ ենթադրում է շահառուին օժանդակելու կամ գործակցելու մասին: Հետևաբար «բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն» հասկացությունը չի կարող ընկալվել որպես պետության վրա դրված բնակարան տրամադրելու իմպերատիվ պահանջ:

Այլ կերպ ասած՝ հայցվորի իրավական ակնկալիքը կարող էր ծագել միայն ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ արտացոլված համապատասխան գործիքակազմի և բնակարանային ապահովություն ստանալու իրավունքի միաժամանակյա առկայության դեպքում:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 0305.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Խաչատուր Մաղաքյանի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը 15.02.2019 թվականի թիվ 066/19 գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին՝ հայտնելով, որ Խաչատուր Մաղաքյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով արձակվել է զինված ուժերից և հաշվառվել է պահեստազորում: Վերջինս ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներով սահմանված կարգով նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետներում հաշվառվել է որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում: Ինչպես զինվորական ծառայության ընթացքում, այնպես էլ ՀՀ զինված ուժերից արձակվելուց հետո Խաչատուր Մաղաքյանին մինչև օրս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն չի տրամադրվել: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ խնդրել է նշված գրությունն ընդունել որպես հիմք և Խաչատուր Մաղաքյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

2) Ի պատասխան Խաչատուր Մաղաքյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի՝ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից տրված 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությամբ հայտնվել է, որ «(...) Խաչատուր Մաղաքյանը արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող, զինվորական ծառայության ընթացքում նրան չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, որի հիման վրա զինվորական ծառայությունից արձակվելուց հետո նա պահպանել է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի ու ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների համաձայն:

Հայտնում եմ նաև, որ ՀՀ զինված ուժերի գոյության ընթացքում առաջին անգամ՝ երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5,705 մլրդ դրամ: Նշված որոշման պահանջների համաձայն` անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է բնակարանի գնման վկայագրի միջոցով, իսկ քանի որ ՀՀ կառավարության 07.03.2007թ. որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլուխը չէր նախատեսում բնակարանի գնման վկայագրերի հատկացման ընթացակարգ` ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է մշակել և ներկայացնել ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ:

Հանձնարարականի համաձայն նախագիծը մշակվել և ներկայացվել է շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, ինչպես նաև տեղադրվել է իրավական ակտերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում, ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակված որոշման նախագիծը ներկայումս ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանը, որի վերաբերյալ եզրակացությունը ստացվելուց հետո նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն և ընդունումից հետո 2019-2020թթ. ընթացքում սահմանված կարգով կիրականացվի համապատասխան շահառուներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը» (հատոր 1-ին, գ.թ. 27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում.

ա) անդրադառնալ պարտավորեցման հայցի նախապայման հանդիսացող` բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի գնահատման առանձնահատկություններին,

 բ) որոշել պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված գործերով կիրառելի օրենսդրությունն այն դեպքերում, երբ դատական ակտի կայացման պահին գործող օրենքները և այլ իրավական ակտերը վատթարացնում են անձի իրավական վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների և այլ իրավական ակտերի համեմատ:

 

ա) Վճռաբեկ դատարանը, սույն գործով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի քննության պարագայում հայց ներկայացնելու համար նախապայման հանդիսացող միջամտող վարչական ակտի որակման հարցին և դատական ակտ կայացնելու առանձնահատկություններին:

Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրել է, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին։ Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի ներկայացման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրման վերաբերյալ դիմումին ուղղված վարչական մարմնի պատասխանը որպես միջամտող վարչական ակտ որակելու հարցին:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի՝ անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը կարող է դրսևորվել թե´ ուղղակի և թե´ անուղղակի եղանակով: Այլ կերպ ասած՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի՝ անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի դիմումի առնչությամբ վարչական մարմնի տված պատասխան-գրությունում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին ուղղակիորեն նշում կատարված լինելու փաստով, այն դեպքում, երբ այդ իրավունքի տրամադրման մերժումն անմիջականորեն բխում է այդ փաստաթղթի բովանդակությունից: Այսինքն՝ այն դեպքերում, երբ հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ուղղված դիմումին ի պատասխան տրված գրությունն ուղղակիորեն չի պարունակում դրույթներ՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին, սակայն բովանդակային վերլուծությունը վկայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման մերժման մասին, կարող է որակվել որպես միջամտող վարչական ակտ:

Այդուհանդերձ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրումը մերժված լինելու հանգամանքի գնահատումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է խնդրո առարկա վիճելի իրավահարաբերության բնույթով, տվյալ գործի փաստական հանգամանքներով, կիրառելի իրավական նորմերով և այլն: Հետևաբար՝ յուրաքանչյուր դեպքում պարտավորեցման հայց ներկայացնելու՝ քննարկվող իրավական նախադրյալի առկայությունը դատարանը պետք է գնահատի տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ և ներքին համոզմամբ (տե՛ս, Նարեկ Ղամբարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ թիվ ՎԴ/2061/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը)։

 

 բ) Սույն որոշմամբ առաջադրված երկրորդ հարցադրման շրջանակներում՝ Վճռաբեկ դատարանը, որպես օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսական կիրառությունն ապահովող սահմանադրական մարմին, հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը» վերտառությամբ 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «հայցվող բարենպաստ վարչական ակտի (...) իրավաչափությունը որոշվում է (...) դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա» կանոնի կիրառման առանձնահատկություններին:

 Նախկինում կայացրած որոշումներից մեկում Վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից ոչ միայն կարևոր նշանակություն ունի պարտավորեցման հայցի հարուցման թույլատրելիության նախապայմանների բավարարումը, այլև՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակի հստակեցումը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը(տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.11.2022 թվականի որոշումը):

Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է վերը նշված իրավական նորմերին և պարտավորեցման հայցի կապակցությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ արձանագրելով, որ յուրաքանչյուր գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս վճռորոշ նշանակություն ունի այն հարցը, թե որո՞նք են տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վարչական դատարանը պարտավոր է դատական ակտում արտացոլել ոչ միայն ապացույցների գնահատման և փաստերի հաստատման, այլ նաև իրավունքի կիրառման կապակցությամբ իր դատողությունների ընթացքը: Դատական ակտը շարադրելիս վարչական դատարանը չի կարող բավարարվել բացառապես կիրառելի իրավունքի նորմերի վրա հղումներ կատարելով և յուրաքանչյուր դեպքում պարտավոր է բացահայտել կիրառելի իրավական նորմերի բովանդակությունը, իսկ այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ծագել է վեճ՝ կիրառման ենթակա նորմի վերաբերյալ, դատական ակտում պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վճռի պատշաճ իրավական հիմնավորումը ընդգծում է դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս, Նարեկ Ղամբարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն թիվ ՎԴ/2061/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը, Ստեփան Գևորգյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ թիվ ՎԴ/2132/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը, Արթուր Զախրաբեկյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ թիվ ՎԴ/2692/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը)։

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ օրենսդիրը սահմանել է գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի առնչությամբ որոշակի առանձնահատկություններ՝ վարչադատավարական օրենսդրությամբ նախատեսված հայցատեսակների բնույթով պայմանավորված: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր հայցատեսակի քննության համար օրենսդիրը նախատեսել է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ որոշակի կանոններ: Այսպես՝ պարտավորեցման հայցի դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա՝ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու ընդհանուր կանոնի բովանդակությունն անմիջականորեն բխում է պարտավորեցման հայցի էությունից և տրամաբանությունից, որը հանգում է հետևյալին. այն դեպքերում, երբ վարչական մարմինը մերժում է որոշակի բովանդակությամբ վարչական ակտ ընդունելու անձի պահանջը, վերջինս ձեռք է բերում հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու սուբյեկտիվ հանրային պահանջի իրավունք, որը կարող է իրացնել պարտավորեցման հայցի շրջանակներում: Այսինքն՝ պարտավորեցման հայցի շրջանակներում անձը ներկայացնում է իր կողմից ներկայացված դիմումով հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու հարցը քննարկելու պահանջ, որպիսի պահանջի հիմնավորված լինելու դեպքում դատարանը պարտավորեցնում է վարչական մարմնին այդ վարչական ակտն ընդունել: Այսինքն՝ վարչական մարմնի վրա պարտավորություն է դրվում ընդունելու հայցվող բարենպաստ վարչական ակտը, իսկ վարչական մարմինն իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «հայցվող բարենպաստ վարչական ակտի (...) իրավաչափությունը որոշվում է (...) դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա» դրույթը միտված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը: Այդուհանդերձ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված կանոնը բացարձակ չէ և գործնականում չեն բացառվում դեպքերը, երբ տվյալ գործով կիրառելի օրենքները և նորմատիվ իրավական ակտերը փոփոխվում են մինչև դատական ակտի կայացման պահը՝ սահմանելով անձի վիճակը վատթարացնող նորմեր այն պահի համեմատությամբ, երբ անձի մոտ ծագել է հայցվող իրավունքը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունը, հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու կանոնի կիրառելիությանը այն դեպքերում, երբ դատական ակտի կայացման պահին գործող օրենքները վատթարացնում են անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ:

 Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

 ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

 Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

 Անդրադառնալով իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին՝ ՀՀ սահմանադրական դատարանը 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից:

 ՀՀ սահմանադրական դատարանը իր թիվ ՍԴՈ-649, թիվ ՍԴՈ-723, թիվ ՍԴՈ-758, թիվ ՍԴՈ-881 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներում բազմիցս արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, կարևորելով, որ «(...) անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը», և որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «(...) հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով»:

 ՀՀ սահմանադրական դատարանը նաև թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ գտել է, որ անհրաժեշտ է, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

 Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ անձի հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի պաշտպանության տեսանկյունից ելակետային նշանակություն ունի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը: Ընդ որում, այս արգելքը վերաբերում է ոչ միայն նյութական իրավունքի նորմերին, այլ նաև` ընթացակարգային նորմերին, որոնք կարող են որևէ կերպ վատթարացնել անձի իրավական վիճակը: Հետևաբար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավական կարգավորումները ենթակա են մեկնաբանման ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի անմիջական գործողություն ունեցող նորմի լույսի ներքո:

 Այսինքն՝ պարտավորեցման հայցի քննության դեպքում, երբ մինչև դատական ակտի կայացումը կիրառելի օրենքները փոփոխվում են՝ վատթարացնելով անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ, վարչական դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով ամրագրված անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիության կանոնով և կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող՝ անձի համար առավել բարենպաստ օրենքները և այլ իրավական ակտերը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ նշված դիրքորոշումը նպատակ է հետապնդում անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել իրավական որոշակիության սկզբունքի ապահովման, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման և մարդու իրավունքների երաշխավորման համար:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 15.02.2019 թվականին ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ Խաչատուր Մաղաքյանի ներկայացուցիչ Ն. Նորիկյանը խնդրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն:

Ի պատասխան Խաչատուր Մաղաքյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի՝ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից տրվել է 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունը, որով հայտնվել է, որ Խաչատուր Մաղաքյանն արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող, զինվորական ծառայության ընթացքում նրան չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, որի հիման վրա զինվորական ծառայությունից արձակվելուց հետո նա պահպանել է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի ու ՀՀ կառավարության 07.03.2007 թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների համաձայն: Միևնույն ժամանակ տեղեկացվել է, որ ՀՀ զինված ուժերի գոյության ընթացքում առաջին անգամ՝ երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5,705 մլրդ դրամ: Նշված որոշման պահանջների համաձայն` անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է բնակարանի գնման վկայագրի միջոցով, իսկ քանի որ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլուխը չէր նախատեսում բնակարանի գնման վկայագրերի հատկացման ընթացակարգ` ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է մշակել և ներկայացնել ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ:

Սույն գործով Խաչատուր Մաղաքյանի կողմից ի սկզբանե ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարելու որոշակի գործողություններ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման:

Այնուհետև՝ 04.09.2019 թվականին կայացված դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը խնդրել է փոփոխել հայցի առարկան և ընդունել հետևյալ պահանջը՝ պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանն ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին բնակարան տրամադրելու վերաբերյալ հրաման:

Դատարանը 1106.2021 թվականի վճռով բավարարել է Խաչատուր Մաղաքյանի հայցը՝ պատճառաբանելով, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի (մինչև 01.06.2019թ. գործած խմբագրությամբ) և Հայաստանի Հանրապետության կառավարության 540-Ն որոշմամբ լրացված 17.3-րդ կետի 3-րդ ենթակետի համեմատական վերլուծության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 540-Ն որոշմամբ լրացված 17.3-րդ կետի 3-ին ենթակետի նորմը վատթարացնող նորմ է մինչև թիվ 540-Ն որոշման ուժի մեջ մտնելը գործած կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի համեմատությամբ:

(…) Նման պայմաններում, համադրելով գործում առկա փաստարկները, այդ թվում` նաև Խաչատուր Նորայրի Մաղաքյանի 19.07.2010 թվականի զեկուցագիրը` ուղղված թիվ 59016 զորամասի հրամանատարին, իրեն բնակարանների ստացման համար հերթագրման ցուցակում հաշվառելու խնդրանքի վերաբերյալ, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, Դատարանն արձանագրում է, որ առկա են բոլոր հիմքերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման և այդ հիմքով հայցվող վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու համար, մասնավորապես` Հայցվոր կողմից ներկայացվել է դիմում, որում պահպանված են եղել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջները, օրենքով սահմանված ժամկետում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում չի կայացվել վարույթը եզրափակող վարչական ակտ և դիմումով հայցվող վարչական ակտում առկա չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքը, այսինքն` այդ վարչական ակտով Հայցվորին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք չի տրամադրվում: Հետևաբար, նախորդիվ շարադրված հիմնավորումներով Դատարանը գտնում է, որ Հայցվորի կողմից հայցվող վարչական ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ուժով համարվում է ընդունված:»:

Վերաքննիչ դատարանի 03052022 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը, իրավական գնահատական տալով ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությանը, գտել է, որ այն միջամտող վարչական ակտ է, և սույն գործով պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական նախադրյալի (վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու) առկայությունը հաստատված է:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն դեպքում Խաչատուր Մաղաքյանի 15.02.2019 թվականի գրության հիման վրա հարուցվել է վերջինիս՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ, որի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավոր էր ընդունել վարույթը եզրափակող վարչական ակտ:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ զինվորական ծառայությունից արձակվելուց հետո հայցվոր Խաչատուր Մաղաքյանը պահպանել է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի ու ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների համաձայն և նշված փաստերը վերստին ապացուցման կարիք չունեն:

 Այնուհետև՝ Վերաքննիչ դատարանն անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հայցվորի նկատմամբ կիրառելի է ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ ուժը կորցրած ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետը, արձանագրել է, որ ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի (մինչև 01.06.2019 թվականը գործած խմբագրությամբ) և ՀՀ կառավարության 540-Ն որոշմամբ լրացված 17.3-րդ կետի 1-ին ենթակետի համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետը՝ մինչև 01.06.2019 թվականը ուժի մեջ մտած փոփոխությունը գործած խմբագրությամբ, Երևան քաղաքում բնակարանների ձեռքբերման նպատակով զինծառայողներին տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկելիս հիմք էր ընդունում թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինը, մինչդեռ, 01.06.2019 թվականի ուժի մեջ մտած փոփոխությամբ հիմք է ընդունվում թվաբանական միջինի 50 տոկոսը: Այսինքն, ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ Կարգում լրացված 17.3-րդ կետը, ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետի համեմատությամբ, նախատեսում է hայցվորի իրավական վիճակը վատթարացնող նորմ:

Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորի նկատմամբ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշումը կիրառելի չէ: Սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետը, քանի որ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ Կարգում լրացված 17.3-րդ կետը, ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետի համեմատությամբ, նախատեսում է հայցվորի իրավական վիճակը վատթարացնող նորմ, ուստի դրան հետադարձ ուժ տալը և այն դրա ընդունումից առաջ ծագած հարաբերությունների վրա տարածելը, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, անթույլատրելի է:

 

Սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

 Սույն գործով հայցվոր Խաչատուր Մաղաքյանը ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին ուղղված 15.02.2019 թվականի գրությամբ հայցել է բարենպաստ վարչական ակտի ընդունում, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ: Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությամբ նշվել է, որ Խաչատուր Մաղաքյանը զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող, զինվորական ծառայության ընթացքում նրան չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, որի հիման վրա զինվորական ծառայությունից արձակվելուց հետո նա պահպանել է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի ու ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների համաձայն։

 Միաժամանակ հայտնվել է, որ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5.705 մլրդ դրամ: Նշված որոշման պահանջների համաձայն՝ անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է բնակարանի գնման վկայագրերի միջոցով, իսկ քանի որ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլուխը (17-րդ կետ) չէր նախատեսում բնակարանի գնման վկայագրերի հատկացման ընթացակարգ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է մշակել և ներկայացնել ՀՀ կառավարության 03.07.2007 թվականի (իրականում 07.03.2007 թվականի) թիվ 384-Ն որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ:

 Հանձնարարականի համաձայն նախագիծը մշակվել և ներկայացվել է շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը (...) ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակված որոշման նախագիծը ներկայումս ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանը, որի վերաբերյալ եզրակացությունը ստացվելուց հետո նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն և ընդունումից հետո 2019-2020 թվականների ընթացքում սահմանված կարգով կիրականացվի համապատասխան շահառուներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:
 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյո՞ք սույն դեպքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ դիմումին ի պատասխան տրված ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունը միջամտող վարչական ակտ է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: (...)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով`

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը. (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ առանձնահատուկ ուշադրության է արժանացրել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորումները և արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն միջամտող վարչական ակտ է, քանի որ համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված` միջամտող վարչական ակտի հասկացության սահմանմանը: Այսպես`

- ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունն անհատական ակտ է, որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված հասցեատերերի համար, որոնց թվում է նաև Խաչատուր Մաղաքյանը,

- ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունն ընդունվել է վարչական մարմնի՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից,

- ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունն ունի արտաքին ներգործություն, քանի որ առնչվում է Խաչատուր Մաղաքյանին, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ, այսինքն` կարգավորում է վարչական մարմնի և ֆիզիկական անձի միջև ծագած իրավահարաբերությունները,

- ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 ակտն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, քանի որ այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի, այն է` ՀՀ պաշտպանության նախարարության կատարված միակողմանի կարգադրություն է ուղղված ֆիզիկական անձանց, որոնց թվում է Խաչատուր Մաղաքյանը,

- ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունն ընդունվել է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձի` Խաչատուր Մաղաքյանին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է` սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցի լուծմանը,

- ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունը ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող Խաչատուր Մաղաքյանի համար: Տվյալ դեպքում հայցվոր Խաչատուր Մաղաքյանի կողմից 15.02.2019 թվականի գրությամբ հայցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրեն սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վերջինիս կողմից ակնկալվող իրավունքը՝ սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալն է, մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 պատասխան գրությամբ հայտնվել է, որ կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր: Ավելին՝ նշված գրությամբ վերջինիս հայտնվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել և ներկայացրել է ՀՀ կառավարության 03.07.2007 թվականի թիվ 384-Ն որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ գնման վկայագրերի հատկացման ընթացակարգի նախատեսման վերաբերյալ, որն ակնհայտորեն վատթարացնում է խնդրո առարկա վարչական ակտի հասցեատերերի իրական և փաստական դրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրության բովանդակությունից ակնհայտ է հայցվոր Խաչատուր Մաղաքյանի կողմից ակնկալվող իրավունքի տրամադրման մերժումը, քանի որ նույնիսկ բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթաց իրականացվելու արդյունքում ընդունվելու է ոչ թե հայցվող բարենպաստ վարչական ակտը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ), այլ տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր, ինչը չի կարող մեկնաբանվել որպես Խաչատուր Մաղաքյանի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունում կամ ակնկալվող իրավունքի տրամադրում:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Խաչատուր Մաղաքյանի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ուղղված դիմումին ի պատասխան տրված գրությունն ուղղակիորեն չի պարունակում դրույթներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրումը մերժելու մասին, այդուհանդերձ այդ ակտի բովանդակությունն ուղղակիորեն վկայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին:

Վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցի թույլատրելիության նախապայման հանդիսացող հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի առկայությունը հաստատված է:

Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, արդյո՞ք, առկա են բավարար հիմքեր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հայցվոր Խաչատուր Մաղաքյանին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու համար, թե՝ ոչ:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության` այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներ ու շահեր նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ», հետևաբար` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք, գործի բոլոր հանգամանքներից ելնելով, դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը, մասնավորապես` դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Պրեսոսն Կոմպանիա Նավիեռան ՍԱ ընդդեմ Բելգիայի, 20.11.1995 թվականի թիվ 17849/91):

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է սեփականության իրավունքի պաշտպանության իրավական խնդրին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Սահմանադրությունը, հռչակելով սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, երաշխավորում է յուրաքանչյուրի՝ սեփականություն ունենալու բացարձակ իրավունքը` միաժամանակ ամրագրելով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքից զրկելու հնարավորությունը միայն դատական կարգով (տե՛ս, Գևորգ Գևորգյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2434/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ գտել է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը:

Սույն գործով հայցվոր Խաչատուր Մաղաքյանի՝ ՀՀ ՊՆ համակարգի բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների բնակարանային հաշվառման ցուցակում ընդգրկվելու պահին գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 30.11.1998 թվականին և ուժը կորցրել է 16.12.2017 թվականին) 34-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

15.11.2017 թվականին ընդունված և 16.12.2017 թվականին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Նույն օրենքի մինչև 20.06.2019 թվականը գործող խմբագրությամբ «Անցումային և եզրափակիչ դրույթները» սահմանող 73-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների համար պահպանվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածում փոփոխություն է կատարվել 20.06.2019 թվականին ուժի մեջ մտած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-57 օրենքով, որի համաձայն՝ նույն օրենքի 73-րդ հոդվածում 7-րդ մասի «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինվել են «բնակարանային պայմանների բարելավում» բառերով, իսկ նույն մասը «իրավունքը» բառից հետո լրացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասն այժմ գործում է հետևյալ խմբագրությամբ՝ մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավում չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-57 ՀՀ օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ «(...) զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը» (տե՛ս, http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=10502&Reading=0):

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով: Ինչպես նախկինում գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, այնպես էլ ներկայումս գործող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգի տարր է դիտարկում զինծառայողների բնակարանային ապահովությունը:

Անդրադառնալով զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքն ունեցող սուբյեկտների շրջանակին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 30.11.1998 թվականին ուժի մեջ մտած և 16.12.2017 թվականին ուժը կորցրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածն առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողներին, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ վերապահել է բնակարանով կամ տնամերձ հողամասով ապահովվելու կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք: Մինչդեռ 16.12.2017 թվականին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողներին, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ բնակարանային ապահովության իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում չի ներառել:

Նկատի ունենալով, որ 16.12.2017 թվականին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» սահմանող 65-րդ հոդվածը բնակարանային ապահովության իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում չի ներառել նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողներին, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ՝ օրենսդիրը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածով սահմանել է անցումային կարգավորում այս սուբյեկտների իրավունքների երաշխավորման համար: Նշված անցումային դրույթների նպատակն է ապահովել իրավական որոշակիությունը և երաշխավորել նշված սուբյեկտների՝ բնակարանային ապահովության՝ օրենքով երաշխավորված բնակարան կամ տնամերձ հողամաս կամ բնակարան ստանալու պահանջի իրավունքը՝ որպես «օրինական սպասելիք»:

Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 30.11.1998 թվականին ուժի մեջ մտած և 16.12.2017 թվականին ուժը կորցրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը բնակարանային ապահովության իրավունք ունեցող սուբյեկտների համար նախատեսել է այդ իրավունքի իրացման հետևյալ ձևերը՝ բնակարան կամ տնամերձ հողամաս կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Մինչդեռ՝ 16.12.2017 թվականին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի «Անցումային և եզրափակիչ դրույթները» սահմանող 73-րդ հոդվածի 7-րդ կետի ի սկզբանե գործող խմբագրության համաձայն՝ վերը նշված սուբյեկտների բնակարանային ապահովության իրավունքը երաշխավորվում էր միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը պահպանելու միջոցով: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը տնամերձ հողամաս կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքի պահպանման կապակցությամբ որևէ անցումային կարգավորում չէր նախատեսել:

Նշված թերկարգավորումը վերացնելու նպատակով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում փոփոխություն է կատարվել 20.06.2019 թվականին ուժի մեջ մտած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-57 օրենքով, որի համաձայն՝ «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինվել են «բնակարանային պայմանների բարելավում» բառերով, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկել է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը:

Ամփոփելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավում չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքը պահպանվել է ամբողջ ծավալով:

Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» թիվ 384-Ն որոշմանը, որի 1-ին կետով հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգը` համաձայն հավելվածի (այսուհետ նաև՝ Կարգ):

Կարգի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու պայմանները: Սույն կարգով նախատեսված զինծառայողների և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության պայմանները տարածվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամների վրա:

Կարգի 4-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացն իրականացնելու նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանձնաժողովի նիստերը կարող են գումարվել ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովի ընդունած որոշումներով զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարան, տնամերձ հողամաս կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով (բացառությամբ նույն կարգի 3-րդ կետի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի հաստատած ցանկում ընդգրկված բնակելի տարածությունների):

Կարգի 7-րդ կետի համաձայն՝ բնակարանային հաշվառման մեջ գտնվող և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, առողջության, տարիքի կապակցությամբ զինված ուժերից արձակված և առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ստաժ ունեցող անձինք պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, իսկ հաշվառումից հանվում են բնակարանային պայմանների բարելավման դեպքում:

Կարգի 12-րդ կետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները, այդ թվում՝ նույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածությունները կարող են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվել նաև անհատույց սեփականության իրավունքով, եթե զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամները ՀՀ տարածքում սեփականության իրավունքով չունեն բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով ունեն բնակելի տարածություն, սակայն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են, և առկա են հետևյալ պայմանները՝

1) զինված ուժերից արձակվել է առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով,

2) զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերով և ունի առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ,

3) զոհվել (մահացել) է կամ հաշմանդամ է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս,

4) գտնվում է զինվորական ծառայության մեջ և ունի առնվազն 10 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

Կարգի 15-րդ կետի համաձայն՝ բնակարանները սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու համար զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը, ինչպես նաև նույն կարգի 7-րդ կետում նշված անձինք պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) բնակարանը սեփականության իրավունքով տրամադրելու մասին դիմում,

2) բնակարանի հատկացումը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) տեղեկանք տվյալ հասցեում հաշվառված անձանց մասին, եթե կան նման անձինք,

4) տեղեկանք զինվորական ծառայության ստաժի մասին,

5) կենսաթոշակի վկայականի պատճենը, եթե այդպիսին առկա է,

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի կողմից տրված տեղեկանք զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ ՀՀ տարածքում սեփականության առկայության մասին,

7) իր և իր ընտանիքի անդամների անվամբ սեփականության իրավունքով բնակարանի կամ բնակելի տան առկայության դեպքում՝ համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանային պայմանների մասին` կցելով սեփականության վկայականի պատճենը,

8) անհրաժեշտության դեպքում՝ նույն կարգի 6-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

Կարգի 15.1-րդ կետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և նույն կարգի 9-րդ կետի համաձայն զինծառայողին կամ նույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանը զինծառայողին կամ նույն կարգի 7-րդ կետում նշված անձին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելիս հիմք է ընդունվում զինծառայողի կամ նույն կարգի 7-րդ կետում նշված անձի ընտանիքի անդամների այն կազմը, որը հաշվի է առնվել զինծառայողին կամ նույն կարգի 7-րդ կետում նշված անձին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու ժամանակ:

Կարգի 17-րդ կետի (ուժը կորցրել է ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի «ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի թիվ 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» թիվ 540-Ն որոշմամբ) համաձայն՝ բնակարանների ձեռքբերման նպատակով զինծառայողներին (այդ թվում` նույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմաններով պահեստազոր արձակված անձանց) տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկվում է` ելնելով ֆինանսական աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի՝ ձևավորված շուկայական միջին արժեքից` հետևյալ հաշվարկով`

1) Երևան քաղաքում` թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով,

2) ՀՀ այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքով,

3) ՀՀ գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով:

ՀՀ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների` ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին տվյալները տրամադրում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի «ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի թիվ 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» թիվ 540-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան` ՀՀ կառավարությունը որոշում է ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել կարգի 17-րդ կետը.

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին, 17.2-րդ, 17.3-րդ, 17.4-րդ, 17.5-րդ, 17.6-րդ, 17.7-րդ և 17.8-րդ կետերով՝ (...):

«17.3. Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության ընդունման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ ՀՀ տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների մասին տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով՝

1) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50 տոկոսը.

2) ՀՀ այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը.

3) ՀՀ գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, ՀՀ Տավուշի մարզի Այրումի և ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90 տոկոսը»:

Վերը նշված իրավական նորմերի և սույն գործով փաստական հանգամանքների համադրման արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Խաչատուր Մաղաքյանը զինվորական ծառայության ընթացքում հաշվառվել է որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող:

ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին ուղղված 15.02.2019 թվականի գրությամբ հայցվորի ներկայացուցիչ Ն. Նորիկյանը խնդրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն:

Վերը նշված դիմումին ի պատասխան տրված ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությամբ արձանագրվել է այն հանգամանքը, որ մի շարք նախկին զինծառայողներ, այդ թվում՝ Խաչատուր Մաղաքյանը, զինվորական ծառայությունից արձակվել են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող, զինվորական ծառայության ընթացքում նրանց չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, որի հիման վրա զինվորական ծառայությունից արձակվելուց հետո Խաչատուր Մաղաքյանը պահպանել է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի ու ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների համաձայն։

Վերոգրյալ փաստական հանգամանքներից ակնհայտ է, որ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդունել է, որ Խաչատուր Մաղաքյանը, զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող, զինվորական ծառայության ընթացքում նրան չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, որի հիման վրա զինվորական ծառայությունից արձակվելուց հետո նա պահպանել է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի ու ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների համաձայն։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Խաչատուր Մաղաքյանը զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող և զինվորական ծառայության ընթացքում նրան չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս: Ընդ որում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ նշված փաստերը սույն գործով չեն վիճարկվում:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է: Ուստի, Վճռաբեկ դատարանը իրավաչափ է համարում Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ նշված փաստերը վերստին ապացուցման կարիք չունեն և համարվում են հաստատված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվող բարենպաստ վարչական ակտի, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրամանի իրավաչափությունը գնահատելիս ելակետային նշանակություն ունի քննարկվող իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրության հարցը:

 Բողոքաբերների պնդմամբ ստորադաս դատարանները, կիրառելով ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ ուժը կորցրած ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետը, խախտել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

 

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի լուծման համար վճռորոշ նշանակություն ունի այն հարցը, թե արդյո՞ք սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ ուժը կորցրած ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Խաչատուր Մաղաքյանի բնակարանային ապահովության իրավունքը ծագել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու պահից և վերջինս օրինական սպասելիք է ունեցել, որ իր՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողի բնակարան ձեռք բերելու կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու պայմանները կարգավորվելու են այդ պահին գործող ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան: Այնուհետև՝ 15.02.2019 թվականին ՀՀ պաշտպանության նախարարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով դիմում ներկայացնելիս, Խաչատուր Մաղաքյանը ձեռնամուխ է եղել իր իրավունքների իրացմանն այն ողջամիտ ակնկալիքով, որ խնդրո առարկա իրավահարաբերությունը կարգավորվելու է ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշման ուժի մեջ մտնելը՝ 01.06.2019 թվականը, բնակարանների ձեռքբերման նպատակով զինծառայողներին տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկվում էր` ելնելով ֆինանսական աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի՝ ձևավորված շուկայական միջին արժեքից, հետևյալ հաշվարկով. Երևան քաղաքում` թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով: Այնուհետև՝ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում լրացված 17.3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության ընդունման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ ՀՀ տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների մասին տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով՝ Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50 տոկոսը:

Մինչև 01.06.2019 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի և ՀՀ կառավարության 540-Ն որոշմամբ լրացված 17.3-րդ կետի 1-ին ենթակետի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետը՝ մինչև 01.06.2019 թվականի ուժի մեջ մտած փոփոխությունը գործած խմբագրությամբ, Երևան քաղաքում բնակարանների ձեռքբերման նպատակով զինծառայողներին տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկելիս հիմք էր ընդունում թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինը, մինչդեռ, 01.06.2019 թվականին ուժի մեջ մտած փոփոխությամբ հիմք է ընդունվում թվաբանական միջինի 50 տոկոսը: Այսինքն՝ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ Կարգում լրացված 17.3-րդ կետը նախատեսում է հայցվորի իրավական վիճակը վատթարացնող նորմ, իսկ մինչև նշված փոփոխությունը գործող ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ սահմանված կարգն առավել բարենպաստ պայմաններ է նախատեսում բնակարան ձեռք բերելու կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշումը, որը ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի համեմատությամբ նախատեսում է զինծառայողի իրավական վիճակը վատթարացնող նորմ, չի կարող հետադարձ ուժով տարածվել նաև այդ ակտի ընդունումից առաջ ծագած հարաբերությունների վրա ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի ուժով, որի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ սույն գործով հայցվորի նկատմամբ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշումը կիրառելի չէ: Սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետը, քանի որ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ Կարգում լրացված 17.3-րդ կետը, ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետի համեմատությամբ, նախատեսում է հայցվորի իրավական վիճակը վատթարացնող նորմ, ուստի դրան հետադարձ ուժ տալը և այն դրա ընդունումից առաջ ծագած հարաբերությունների վրա տարածելը, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, անթույլատրելի է:

Հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված (չվիճարկվող) փաստերն առ այն, որ Խաչատուր Մաղաքյանն արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող, զինվորական ծառայության ընթացքում նրան չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ինչպես նաև հայցվոր Խաչատուր Մաղաքյանի նկատմամբ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետը կիրառելի լինելու վերաբերյալ վերը նշված հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրական կարգավորումների համաձայն, հայցվորն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք:

Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է եզրահանգել, որ պատասխանողը պետք է պարտավորեցվի ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Խաչատուր Մաղաքյանին բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման՝ ֆինանսական աջակցության չափը հաշվարկելով Երևան քաղաքում թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայցվորը պահպանել է իր բնակարանային ապահովության իրավունքը և զինվորական ծառայության ընթացքում վերջինիս չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս:

 

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումներն ու եզրահանգումը համահունչ են Վճռաբեկ դատարանի սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումներին:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը՝ կայացրել են գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտեր, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն իրացնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքները մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջիններիս բողոքները ենթակա են մերժման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ավել վճարված 10.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0305.2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. ԲԵԴևյԱՆ

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: