Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3368/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3368/05/22

Նախագահող դատավոր՝

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ ԲԵԴևՅԱՆ

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Բար» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 07.01.2022 թվականի թիվ 57973-9Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 07.01.2022 թվականի թիվ 57973-9Ա որոշումը։ Միաժամանակ ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.08.2022 թվականի որոշմամբ Դատարանի 07.06.2022 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Ալբերտ Արզումանյան

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 131-րդ և 136-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։

Բողոքաբերը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն Ընկերությանը զրկել է արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքից, որի արդյունքում խախտվել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ Դատարանի որոշումը իր մեջ ներառում է երկու միջանկյալ դատական ակտ՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին և հայցադիմումը վերադարձնելու մասին, որոնցից առաջինի՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով Դատարանի 07.06.2022 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, այսինքն՝ Դատարանի 07.06.2022 թվականի որոշումը կարող էր բողոքարկվել միայն հայցադիմումը վերադարձնելու մասով:

Դատարանի մեկ ամբողջական որոշումը որպես երկու առանձին միջանկյալ դատական ակտ դիտարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքն ընդունել վարույթ, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը վարույթ ընդունելը մերժել՝ առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով: Նման պայմաններում ակնհայտ է, որ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն առնվազն մի մասով ենթակա էր քննության Վերաքննիչ դատարանում, հետևաբար ենթակա չէր վերադարձման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս, Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 23805/94 գանգատով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, կետ 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս, Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 23805/94 գանգատով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, կետ 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի, թիվ 69829/01, թիվ 2672/03 գանգատով Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշում): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս, Cañete de Goñi-ն ընդդեմ Իսպանիայի, թիվ 55782/00 գանգատով Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի որոշում, կետ 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս, Miragall Escolano-ն ընդդեմ Իսպանիայի, թիվ 38366/97, թիվ 38688/97, թիվ 40777/98, թիվ 40843/98, թիվ 41015/98, թիվ 41400/98, թիվ 41446/98, թիվ 41484/98, թիվ 41487/98 և թիվ 41509/98 գանգատներով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի որոշում, Zvolský-ն և Zvolská-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, թիվ 46129/99 գանգատով, Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի որոշում, կետ 51):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ առանձնացրել է դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող հետևյալ չափանիշները.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները երաշխավորող իրավակարգավորումների և դրանցից բխող իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Այսպես՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ՝ ձևին և բովանդակությանը: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է նաև կոնկրետ կառուցակարգ, որի շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իրավասու է գնահատել վերաքննիչ բողոքի ընդունելիությանն առնչվող պարտադիր պահանջների ու պայմանների պահպանվածությունը։ Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ինչպես նաև՝ նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները։

Իսկ նույն օրենսգրքի 134-րդ հոդվածով սահմանվում են վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի ցանկը սահմանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ այդմ, ի թիվս այլնի, վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են նաև վարչական դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները:

Վերոգրյալ իրավակարգավորումներից բխում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, դատավարության մասնակիցների համար սահմանել է վարչական դատարանի՝ օրենքով նախատեսված միջանկյալ դատական ակտերի, այդ թվում հայցադիմումը վերադարձնելու մասին վարչական դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորություն։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրն ամրագրել է Վերաքննիչ դատարանի պարտականությունը՝ դատական ակտը վերանայել վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բողոքարկելով հայցադիմումը վերադարձնելու մասին վարչական դատարանի որոշումը՝ դատավարության մասնակիցը հետապնդում է դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վերաքննության կարգով գնահատման առարկա դարձնելու նպատակ, ուստի վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում վերանայելով հայցադիմումը վերադարձնելու մասին վարչական դատարանի որոշումը` վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, այդ թվում՝ ստուգել հայցադիմումը վերադարձնելու հիմքերի իրավաչափությունը։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայցադիմումը վերադարձնելու հիմքերից պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելը մերժելուն և հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման շրջանակներում այդ հիմքը դատական վերահսկողության ենթարկելու առանձնահատկություններին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. (…) հայցադիմումը վերադարձնելու մասին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածով օրենսդիրը հստակ սահմանել է այն հիմքերը, որոնցով ղեկավարվելով՝ դատարանն իրավասու է վերադարձնելու հայցադիմումը՝ համապատասխան որոշման մեջ նշելով հայցադիմումը վերադարձնելու համար հիմք հանդիսացող բոլոր հանգամանքները: Միաժամանակ օրենսդրի կողմից սահմանվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման հասցեատիրոջ իրավունքը՝ վերաքննության կարգով բողոքարկելու տվյալ որոշումը այն դեպքում, երբ վերջինս համաձայն չէ դրանում նշված հիմքերի հետ:

Այսինքն՝ իրավասու սուբյեկտի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու միջոցով վերջինս, ըստ էության, հայտնում է իր անհամաձայնությունը՝ կայացված որոշման և դրանում նշված հիմքերի վերաբերյալ, հետևաբար անձի կողմից տվյալ որոշումը բողոքարկելիս վերջինս պետք է հիմնավորի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ դատարանի կողմից մատնանշված որևէ հիմքի ոչ իրավաչափությունը, ըստ այդմ՝ դրա հետ համաձայն չլինելու հանգամանքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը վերադարձնելու հիմքում դրված հանգամանքների վերաբերյալ դատարանի եզրահանգումները չեն կարող դիտարկվել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումից զատ, առանձին որոշում, քանի որ ըստ էության՝ նման եզրահանգումներն են հիմք հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար, ուստի դրանք պետք է գնահատման առարկա դառնան հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու շրջանակներում: Այլ հարց է, երբ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ զետեղված են մեկից ավելի հիմքեր, և անձի կողմից վիճարկվում է այդ հիմքերից որևէ մեկի իրավաչափությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ հայցադիմումը վերադարձվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկով՝ այդպիսով դառնալով վերաքննության կարգով բողոքարկման առարկա, վերաքննիչ դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման իրավաչափությունը պետք է գնահատի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու հիմքերի սահմաններում՝ անդրադառնալով այն հարցերին, թե արդյոք առկա են եղել հայցադիմումը վերադարձնելու օրենքով սահմանված հիմքերը, և արդյոք դրանց առկայության կամ բացակայության հիմքում դատարանը դրել է հիմնավոր և իրավաչափ պատճառաբանություններ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելն օրենսդրի կողմից նախատեսվել է որպես հայցադիմումը վերադարձնելու առանձին հիմք, ուստի պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը տվյալ դեպքում դիտարկվում է ոչ թե որպես առանձին միջանկյալ դատական ակտ, այլ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման հիմք, ուստի պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը չի կարող գնահատման առարկա դառնալ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումից անջատ:

Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելը մերժելու հիմքով կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման շրջանակներում դատավարության մասնակիցը կարող է պահանջել վերացնել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը՝ հիմքում դնելով իր անհամաձայնությունը պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելը մերժելու մասին ստորադաս դատարանի եզրահանգումների հիմնավորվածության վերաբերյալ, իսկ վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացնելու պահանջ պարունակող վերաքննիչ բողոքն ըստ էության քննելու համար, այդ թվում՝ ստուգել հայցադիմումը վերադարձնելու հիմքի՝ պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելը մերժելու իրավաչափությունը։

 

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 07.01.2022 թվականի թիվ 57973-9Ա որոշումը։ Միաժամանակ ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն:.թ. 5-11, 14)։

Դատարանի 07.06.2022 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերության միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է, և հայցադիմումը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանը Դատարանի 07.06.2022 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ «Դատարանի (դատավոր Գ. Սոսյան) «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.06.2022թ. որոշման բովանդակությունից հետևում է, որ այն իր մեջ ներառում է երկու միջանկյալ դատական ակտ՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին և հայցադիմումը վերադարձնելու մասին, որոնցից առաջինի՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով Դատարանի 07.06.2022թ. որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, այսինքն՝ Դատարանի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.06.2022թ. որոշումը կարող էր բողոքարկվել միայն հայցադիմումը վերադարձնելու մասով: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջն անհրաժեշտ է հստակեցնել (…)»։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Տվյալ դեպքում Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով, 07.06.2022 թվականի որոշմամբ մերժել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, որն էլ հիմք է հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար։

Վերաքննության կարգով բողոքարկելով Դատարանի 07.06.2022 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը և պահանջելով վերացնել այն, Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնել պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելը մերժելու մասին Դատարանի եզրահանգումների հիմնավորվածության վերաբերյալ։ Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանի 07.06.2022 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացնելու պահանջ պարունակող վերաքննիչ բողոքն ըստ էության քննելու համար, տվյալ դեպքում ստուգելով հայցադիմումը վերադարձնելու հիմքի՝ պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելը մերժելու իրավաչափությունը։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Դատարանի որոշումը դիտարկելով առանձին միջանկյալ դատական ակտ, ուստիև հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումից անջատ գնահատման ենթակա, եզրահանգում է արել այն մասին, որ վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով Դատարանի 07.06.2022 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, այսինքն՝ Դատարանի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.06.2022 թվականի որոշումը կարող էր բողոքարկվել միայն հայցադիմումը վերադարձնելու մասով:

Նման մեկնաբանության պայմաններում կստացվի մի իրավիճակ, որ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու պարագայում անձը զրկված է լինելու այդ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անթույլատրելի է։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելն օրենսդրի կողմից նախատեսվել է որպես հայցադիմումը վերադարձնելու առանձին հիմք, ինչի հաշվառմամբ պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը տվյալ դեպքում դիտարկվում է ոչ թե որպես առանձին միջանկյալ դատական ակտ, այլ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման հիմք, հետևաբար պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը չի կարող գնահատվել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումից անջատ, այլ դրա իրավաչափությունը պետք է գնահատման առարկա դառնա պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելը մերժելու հիմքով կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» 07.06.2022 թվականի որոշման դեմ Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է Դատարանի վերոգրյալ որոշումը բողոքարկելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 04.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ. ԲԵԴևյԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: