Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.07.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34355/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34355/02/20

Նախագահող դատավոր

 Դ Սերոբյան

Դատավորներ

 Մ Հարթենյան

 Գ. Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

Նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հուլիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Արմենակ Ստեփանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բյուրոն պահանջել է Արմենակ Ստեփանյանից բռնագանձել 402.310 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դ. Մխեյան) (այսուհետ` Դատարան) 21.02.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2022 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Ժենյա Մինասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ և 345-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 10-րդ, 21-րդ և 49-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Բյուրոն բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, քանի որ նախնական հատուցման՝ կանխավճարի փոխանցման ժամանակ Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հետադարձ պահանջի իրավունքը ծագել է միայն 23.07.2020 թվականից հետո, քանի որ առանց անձի մեղավորության վերաբերյալ համապատասխան դատական ակտի առկայության՝ Բյուրոն չէր կարող հատուցման որոշում կայացնել և իրացնել իր հետադարձ պահանջի իրավունքը:

Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված չէ, քանի որ Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.11.2022 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, և վճռաբեկ բողոքում չեն վիճարկվում փաստերն այն մասին, որ 03.03.2016 թվականին Արմենակ Ստեփանյանն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարիետա Թադևոսյանին ու անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Բյուրոյի կողմից 26052016 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնին հատուցվել է 402.310 ՀՀ դրամ գումար՝ որպես բուժման կապակցությամբ կատարված նախնական հատուցում: Բյուրոն 22.06.2020 թվականի ծանուցմամբ Արմենակ Ստեփանյանին առաջարկել է հատուցել Բյուրոյի կողմից 26052016 թվականին հատուցված 402.310 ՀՀ դրամ գումարը (հատոր 2, գ.թ. 36-41).

2) Ավտոտրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ Բյուրոյի տեղեկանքի պատճենի համաձայն՝ Արմենակ Ստեփանյանի վարած ավտոմեքենան վրաերթի պահին ԱՊՊԱ պայմանագիր չի ունեցել (հատոր 1, գ.թ. 37).

3) Թիվ ԵԷԴ/0089/01/16 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2016 թվականի դատավճռով Արմենակ Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել` 2 տարի ժամկետով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից (հատոր 1, գ.թ. 13-18).

4) Թիվ ԵԷԴ/0089/01/16 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.02.2017 թվականի որոշմամբ 21.10.2016 թվականի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1, գ.թ. 21-24).

5) Թիվ ԵԷԴ/0089/01/16 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 09.06.2017 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.02.2017 թվականի որոշման դեմ Արմենակ Ստեփանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1, գ.թ. 25-26).

6) Բյուրոյի կողմից տուժող Մարիետա Թադևոսյանին հատուցում վճարելու վերաբերյալ որոշումն ընդունվել է 06.05.2020 թվականին: Հատուցում վճարելու վերաբերյալ 06.05.2020 թվականի որոշման պատճենի համաձայն՝ տուժող Մարիետա Թադևոսյանի կողմից որպես թիվ ԵԷԴ/0089/01/16 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռի՝ դատալեքս համակարգից արտատպված օրինակը Բյուրո ներկայացնելու օր նշված է 23.04.2020 թվականը (հատոր 1, գ.թ. 12).

7) Բյուրոն հայցադիմումը Դատարան է ներկայացրել 01.12.2020 թվականին (հատոր 1, գթ 7-61).

8) Թիվ ԵԷԴ/0089/01/16 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռի վերաբերյալ Բյուրոյի կողմից մինչ 23.04.2020 թվականը տեղեկանալու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում պատճառված անձնական վնասները հատուցելիս ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի իրացման հայցային վաղեմության ժամկետի սկզբնական պահը որոշելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, 4-րդ կետի համաձայն՝ հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է հիմնական պարտավորությունը կատարելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: (...) (տե'ս Հարություն Ղարագոզյանն ընդդեմ Կարեն Ղազարյանի թիվ ԵՄԴ/0529/02/14 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի, Սևակ Միլիտոնյանն ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԴ/6646/02/21 գործով 06.03.2023 թվականի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության և վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը (տե'ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22042016 թվականի, Սևակ Միլիտոնյանն ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԴ/6646/02/21 քաղաքացիական գործով 06.03.2023 թվականի որոշումները):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը

Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17122020 թվականի որոշումը

Միևնույն ժամանակ հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը քննարկելիս դատարանը, նախ և առաջ պարզում է հարցն առ այն, թե հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի տվյալ դեպքում: (...) (տե՛ս նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 08.02.2023 թվականի թիվ ԿԴ3/0225/02/14 որոշումը

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությունից բխում է, որ ապահովագրական պատահարը նույն օրենքով նախատեսված դեպք կամ իրադարձություն է, որի դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն պարտավորվում է տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում:

Նույն հոդվածի 15-րդ կետի բովանդակությունից բխում է, որ ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Նույն օրենքի իմաստով` ապահովագրական հատուցումը նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից:

Օրենքի 3-րդ հոդվածի 20-րդ կետի բովանդակությունից բխում է, որ Երաշխավորման ֆոնդը նույն օրենքի համաձայն ստեղծված ֆոնդն է, որի կառավարիչն է Բյուրոն, և որի հաշվին նույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ.

Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (...) Բյուրոն վնաս պատճառած անձի, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, (...): (...):

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով ապահովագրական հատուցում է նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից՝ տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից: Այսինքն՝ օրենսդիրն ամրագրել է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքը Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին, այն պայմաններում, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր: (...) օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և(կամ) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին:

Մասնավորապես օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր և ապահովագրական հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի հաշվին: Հետևաբար` տուժող կողմին ապահովագրական ընկերության կողմից հատուցում վճարելու դեպքում վերջինս հետադարձ պահանջ կարող է ներկայացնել բացառապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, որոնք վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջով դիմելու իրավունք ձեռք բերելու հիմքերի մեջ, inter alia, ներառում են վնասի պատճառումն այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր (տե՛ս «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի թիվ ԼԴ/0747/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.05.2022 թվականի որոշումը)։

Տուժած անձանց պատճառված վնասները Բյուրոն հատուցում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին, եթե վնասը պատճառվել է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ: Իր հերթին վնասը հատուցած (հետադարձ պահանջի իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայման է տուժողին ապահովագրական հատուցում վճարած լինելու հանգամանքը, քանի որ հիմնական պարտավորությունը կատարված չլինելու պայմաններում չի կարող ծագել հետադարձ պարտավորության կատարում պահանջելու իրավունքը) Բյուրոն հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի և (կամ) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ:

Անդրադառնալով հետադարձ պարտավորությունների դեպքում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հետադարձ պարտավորությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ այդպիսի պարտավորություններն ունեն ածանցյալ բնույթ, քանի որ չեն կարող ծագել քանի դեռ չի կատարվել հիմնական պարտավորությունը: Այլ կերպ ասած՝ հիմնական պարտավորությունը կատարված լինելու հանգամանքն այն անհրաժեշտ իրավաբանական փաստն է, որի առկայությունը պարտադիր է հետադարձ պարտավորության կատարում պահանջելու իրավունքի ծագման համար: Ուստի, վերոհիշյալ հանգամանքի հաշվառմամբ օրենսդիրը հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի առանձնահատուկ կարգ է սահմանել՝ ամրագրելով, որ հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է հիմնական պարտավորությունը կատարելու պահից (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջը բխում է օրենքից և չի կարող համարվել ապահովագրական պայմանագրից բխող պահանջ, ուստի ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է ապահովագրական ընկերության կողմից իր հիմնական պարտավորության կատարման, այն է՝ տուժողին ապահովագրական հատուցում վճարելու պահից (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Ավետիսյանի և Սիմա Ղուկասյանի թիվ ԵՇԴ/0307/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.09.2021 թվականի որոշումը)։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել հիմնական պարտավորությունը կատարելու, այն է՝ տուժողին ապահովագրական հատուցում վճարելու «պահի» բնորոշումն այն դեպքում, երբ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցով պատճառվել է անձնական վնաս, և հարուցվել է քրեական գործ, որի քննության արդյունքում կայացված դատական ակտով որոշվել է վնաս պատճառած անձի մեղավորության աստիճանը: Այսպես.

Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատում է տուժողին բժշկական օգնություն ցուցաբերած կամ նրա առողջությունը վերականգնած բժշկական կամ այլ հաստատությունը կամ մասնագետը, իսկ անձի մեղավորության աստիճանը՝ փորձագետը:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, ինչպես նաև նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Բյուրոյի կանոններով սահմանված դեպքերի: (...):

Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, և ուժի մեջ է մտել այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ, (...) ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:

 Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե առկա է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, և ապահովագրական հատուցման վճարումը կախված է այդ գործի ելքից, ապա նույն հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերում նշված ժամկետները կասեցվում են մինչև տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը: (...):

Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ անձի առողջությանը պատճառվել է վնաս (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) և նրան անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել (նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն), և եթե նրա` բժշկական հաստատություն դիմելու օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում, դեռևս որոշում չի կայացվել նրան ապահովագրական հատուցում վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, ապա Բյուրոն տուժողի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա վճարում է բժշկական օգնության հետ կապված ծախսերը՝ նրա հետ համաձայնեցրած չափով և կարգով: (...).

Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծախսերը Բյուրոյի կամ նրա անդամ ապահովագրական ընկերության կողմից վճարված լինելու դեպքում, եթե որոշվում է վնաս պատճառած անձը, ապա վնաս պատճառած անձի պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր կողմից վճարման ենթակա ապահովագրական հատուցման գումարից առաջնահերթ փոխհատուցել Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության վճարած գումարը: Չփոխհատուցված գումարի, իսկ վնասը պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրված չլինելու դեպքում Բյուրոյի (համապատասխան ապահովագրական ընկերության) վճարած ամբողջ գումարի չափով Բյուրոն (համապատասխան ապահովագրական ընկերությունը) հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի նկատմամբ: Տուժողի մեղքի առկայության դեպքում Բյուրոն (համապատասխան ապահովագրական ընկերությունը) նույն մասով նախատեսված հետադարձ պահանջի իրավունքը ձեռք է բերում տուժողի նկատմամբ այն չափով, որ չափով տուժողը, օրենքի համաձայն, վնասի փոխհատուցման իրավունք չունի վնաս պատճառած անձի նկատմամբ: (...):

Վկայակոչված հոդվածների համակարգային մեկնաբանումից հետևում է, որ՝

1) ընդհանուր կանոնի համաձայն՝ ապահովագրական հատուցում վճարելու հարցը լուծվում է ապահովագրական հատուցում վճարելու կամ հատուցում վճարելը մերժելու մասին որոշմամբ,

2) պատճառված անձնական վնասի դեպքում տուժողին ապահովագրական հատուցումը կարող է վճարվել մինչև Բյուրոյի կողմից ապահովագրական հատուցում վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում կայացնելը, ինչից հետևում է, որ հատուցումը փաստացի վճարվելուց հետո Բյուրոյի կողմից կարող է կայացվել ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում,

3) նման հնարավորությունը պայմանավորված է նրանով, որ անձնական վնասների դեպքում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու, հետևաբար նաև՝ բժշկական անհետաձգելի և անհրաժեշտ ծախսեր կատարելու դրությամբ վնաս պատճառած անձը, այդ թվում՝ վերջինիս մեղավորության աստիճանը կարող են անորոշ լինել,

4) միաժամանակ քրեական գործ հարուցված լինելու դեպքում անձնական վնաս պատճառած անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ դրա առկայության դեպքում,

5) այն դեպքում, երբ տուժողին հատուցումը վճարվել է մինչև Բյուրոյի կողմից ապահովագրական հատուցում վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում կայացնելը, վնաս պատճառած անձը որոշվելու դեպքում տուժողին վճարած ամբողջ գումարի չափով Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի նկատմամբ:

Այսինքն՝ այն դեպքում, երբ վնաս պատճառած անձի մեղավորության աստիճանը պետք է որոշվի դատական կարգով, և նշված հանգամանքին պետք է գնահատական տա դատարանը, ապա ապահովագրական հատուցում վճարելու կամ հատուցում վճարելը մերժելու մասին որոշման կայացումն ու դրա հիման վրա հատուցում վճարելը, ըստ էության, կախված են դատական կարգով հարուցված գործի ելքից, և հատուցումը վճարվում է կամ վճարելը մերժվում են անձնական վնաս պատճառած անձի մեղավորության վերաբերյալ գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:

Արդյունքում՝ այն դեպքում, երբ Բյուրոյի կողմից անձնական վնասների գծով ապահովագրական հատուցումը վճարվում է մինչև ապահովագրական հատուցման վերաբերյալ որոշում կայացնելը (բավարարելու կամ մերժելու մասին), Բյուրոյի հետադարձ պահանջի իրավունքի իրացման հայցային վաղեմության ժամկետի ընթացքի (հոսքի) սկիզբ և միաժամանակ հիմնական պարտավորության կատարման՝ Օրենքի իմաստով հատուցում վճարելու պահ պետք է դիտարկել ապահովագրական հատուցման վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակը՝ նկատի ունենալով, որ հետագայում ինչպես վնասի չափի գնահատում իրականացնելու, այնպես էլ վնաս պատճառած անձին որոշելու (այդ թվում՝ մեղավորության աստիճանը պարզելու) դեպքում հատուցման ենթակա գումարի չափը կարող է նվազեցվել (ավելացվել) նախապես վճարված հատուցման չափից:

Հետևաբար` նյութաիրավական վերոշարադրյալ փաստակազմի առկայության դեպքում հիմնական պարտավորությունը կատարելու՝ Օրենքի իմաստով հատուցում վճարելու «պահ»-ը ծագում է ապահովագրական հատուցման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, երբ բացահայտված են պատճառված անձնական վնասների չափն ու դրանում անձի մեղավորության աստիճանը, ինչը իր հերթին դատական կարգով գործ հարուցված լինելու դեպքում որոշվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Բյուրոն պահանջել է Արմենակ Ստեփանյանից բռնագանձել 419.637 ՀՀ դրամ, որից 402.310 ՀՀ դրամը՝ որպես տուժողին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված անձնական վնասների գումար, 17.327 ՀՀ դրամը՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրված տոկոսներ, ինչպես նաև շարունակել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը:

Գործի քննության ընթացքում պատասխանող Արմենակ Ստեփանյանը (ներկայացուցիչ Միշա Էլոյան) ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն՝ այն հիմնավորմամբ, որ 26.05.2016 թվականի վճարման հանձնարարագրով Բյուրոյի կողմից փոխանցվել է 402.310 ՀՀ դրամ՝ որպես տուժող Մարիետա Թադևոսյանի նախնական հատուցում, հետևաբար հիմնական պարտավորության կատարման հաջորդ օրվանից՝ 27.05.2016 թվականից Բյուրոյի մոտ ծագել է պատասխանողից 402.310 ՀՀ դրամ գումարը պահանջելու իրավունք, Բյուրոն իր խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատարան կարող էր դիմել մինչև 27.05.2019 թվականը, մինչդեռ բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը:

Քննարկելով միջնորդությունը՝ Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ կետը, արձանագրել է, որ՝

- ««Արդշինբանկ» ՓԲԸ-ի 26.05.2016 թվականի վճարման հանձնարարականի պատճենի համաձայն՝ Բյուրոյի կողմից Բժշկական կենտրոնին է փոխանցվել 402.310 դրամ, որպես փոխանցման նպատակ նշվել է՝ «նախնական հատուցում Մարիետա Թադևո»: (...) նշված գումարի ուղղվածությունը հստակ է և հանդիսանում է ապահովագրական պատահարի արդյունքում տուժած անձի համար կատարված հատուցում:

- (...) վճարման հանձնարարականում «նախնական հատուցում» արտահայտությունն ինքնին փաստի փոփոխության չի հանգեցնում, քանզի Օրենքի 49-րդ հոդվածը հստակ սահմանում է երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասների հատուցման և դրանով պայմանավորված հետադարձ պահանջի իրականացման հնարավորությունը, որի արդյունքում ևս Մարիետա Թադևոսյանի համար վճարված գումարը այլ կերպ, քան երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձին պատճառված վնասի հատուցում, բնութագրելու հիմքեր առկա չեն: Նշվածի արդյունքում Դատարանը գտնում է, որ Պատասխանողի միջնորդությունը 26.05.2016թ.-ը որպես հիմնական պարտավորության կատարման պահ որոշելու առնչությամբ, հիմնավոր է: (...):

- Սույն դեպքում ապացուցված համարելով հիմնական պարտավորության կատարման պահը՝ 26.05.2016թ.-ին, Դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության եռամյա ժամկետի հաշվարկը սկսվում է դրան հաջորդող օրվանից՝ 27.05.2016թ.-ից և համարվում է լրացած 27.05.2019թ.-ին:

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է 2020թ. դեկտեմբերի 03-ին, Դատարանն արձանագրում է, որ լրացել է հայցային վաղեմության ժամկետը, որը հայցը մերժելու իմպերատիվ հիմք է»:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Դատարանը վճռել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը հայցվորի կողմից բաց թողնվելու հիմքով:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Արմենակ Ստեփանյանի կողմից 03.03.2016թ. Մարիետա Թադևոսյանին վրաերթի ենթարկելու և վերջինիս բուժման նպատակով Բյուրոյի կողմից 402.310 ՀՀ դրամ գումարը բժշկական կենտրոնին 26.05.2016թ. հատուցելու պայմաններում, Բողոքաբերն առնվազն 27.05.2016թ. սկսած գիտեր կամ պետք է իմացած լիներ Արմենակ Ստեփանյանի կողմից պատճառված վնասի հատուցմամբ պայմանավորված վերջինիս նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի ծագման մասին: Արդյունքում, հաշվի առնելով, որ Բողոքաբերի կողմից «Էրեբունի» բժշկական կենտրոնին վճարում կատարվել է 26.05.2016թ., իսկ Բողոքաբերի կողմից հաստատապես հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի ծագման մասին տեղեկացված լինելու պայմաններում, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը մեկնարկել է վճարում կատարելու հաջորդ՝ 27052016թ և ավարտվել է 27052019թ, մինչդեռ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացվել է միայն 01.12.2020թ., հետևաբար հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը»:

Անդրադառնալով Բյուրոյի այն հիմնավորումներին, որ թիվ ԵԷԴ/0089/01/16 քրեական գործով վերջնական դատական ակտը, որով հաստատվում է Արմենակ Ստեփանյանի մեղավորությունը, Բյուրոն ստացել է 23.04.2020 թվականին, և հայցային վաղեմության ժամկետը կարող էր սույն քաղաքացիական գործով հոսել առնվազն 24.04.2020 թվականից, ինչպես նաև հատուցում վճարելու վերաբերյալ որոշմամբ հստակ արձանագրվել է, որ որոշումը կայացվել է միայն թիվ ԵԷԴ/0089/01/16 քրեական գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, երբ հաստատվել է Արմենակ Ստեփանյանի մեղավորությունը, քանի որ առանց համապատասխան անձի մեղավորության հաստատման Բյուրոն չէր կարող հատուցման որոշում կայացնել, և չէր կարող իրացնել իր հետադարձ պահանջի իրավունքը, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «մեղքի հաստատման փաստը դատական կարգով հաստատելը օրենսդիրը պարտադիր չի համարել, ուստի Բողոքաբերի կողմից բժշկական կենտրոնին 26.05.2016թ. վճարում կատարելու արդյունքում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը մեկնարկել է վճարում կատարելու հաջորդ՝ 27052016թ և ավարտվել է 27052019թ»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է Բյուրոյի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ ստորադաս դատարանները հայցը մերժելիս և վճիռն անփոփոխ թողնելիս հիմք են ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման հատուկ կարգը:

Ստորադաս դատարանները, ըստ էության հաստատված համարելով վթարի պահին ԱՊՊԱ պայմանագրի բացակայության փաստի ուժով Բյուրոյի կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժողին հատուցում տրամադրված լինելու հանգամանքը, հայցային վաղեմության ընդհանուր՝ եռամյա ժամկետի բացթողումն արձանագրելիս ելակետային են համարել Բյուրոյի կողմից տուժողին փաստացի հատուցում վճարելը՝ հիմք ընդունելով գործում առկա 26052016 թվականի վճարման հանձնարարականը:

Վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ հետադարձ պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ապահովագրական ընկերության կողմից տուժողին ապահովագրական հատուցում վճարելու պահից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են սույն գործի փաստակազմի առանձնահատկություններն ու Օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը, այդ թվում՝ քրեական գործ հարուցված լինելու փաստը:

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ, եթե հատուցում վճարելու պարտականությունը կախված է հարուցված քրեական գործի ելքից, այսինքն՝ համապատասխան ելքը, տվյալ դեպքում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, կանխորոշում է հատուցում վճարելու օրենքով նախատեսված պարտականության կատարումը, ապա Բյուրոյի համար հատուցումը վճարելու օրենքով նախատեսված պարտականությունը ծագում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող թիվ 3, 4 և 5 փաստերից հետևում է, որ պատասխանող Արմենակ Ստեփանյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ, որով հաստատվել է վերջինիս մեղքը տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով Մարիետա Թադևոսյանին պատճառված անձնական վնասի հարցում. դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 09.06.2017 թվականին:

Այսինքն՝ Օրենքի իմաստով վնաս պատճառած անձը որոշվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով, որի մասին Բյուրոն իրազեկվել է միայն 23.04.2020 թվականին (տե՛ս փաստ 6): Սույն գործի նյութերով չեն հիմնավորվել Բյուրոյի կողմից դատավճռի մասին ավելի վաղ՝ մինչև 23.04.2020 թվականը, տեղեկանալու, այդ թվում՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 23.04.2020 թվականը, տուժողի կողմից Բյուրոյին դիմելու փաստերը:

Ապահովագրական հատուցումը փաստացի վճարվել է ավելի վաղ՝ մինչև հարուցված քրեական գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը և 06.05.2020 թվականին ապահովագրական հատուցում վճարելու մասին որոշում կայացնելը: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով Բյուրոյի կողմից իր հետադարձ պահանջի իրավունքի պաշտպանության հայցով դատարան դիմելու եռամյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու հաջորդող օրվանից՝ 07.05.2020 թվականից: Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բյուրոն իրավունք ուներ հետադարձ պահանջի իրավունքն իրացնել (հայցադիմում ներկայացնել դատարան) մինչև 07.05.2023 թվականը ներառյալ:

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող 7-րդ փաստից հետևում է, որ հայցվորը հայցադիմումը Դատարան է ներկայացրել 01.12.2020 թվականին, հայցային վաղեմության եռամյա ժամկետի պահպանմամբ։

Մինչդեռ ստորադաս դատարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ կետը մեկնաբանելով Օրենքի կիրառելի նորմերի և սույն գործի փաստերի անտեսմամբ, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը սխալ են որոշել, գործում առկա ապացույցների սխալ գնահատման հետևանքով հանգել են հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու վերաբերյալ չհիմնավորված հետևության, ուստի վերոշարադրյալ պատճառաբանությունների ուժով հայցային վաղեմություն կիրառելու պատասխանողի միջնորդությունը ենթակա էր մերժման:

Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցը մերժվել է հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրացած լինելու հիմքով, և գործի ըստ էության քննություն չի իրականացվել, իսկ Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ է թողել Դատարանի վճիռը, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկների հիմնավորվածությանը և գտնում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն՝ պարզելու և ըստ էության ստուգելու հայցապահանջի իրավաչափությունն ու հիմնավորվածությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժելու պայմաններում ստորադաս դատարանները գործի ըստ էության քննություն չեն իրականացրել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

 

 

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.112022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

ԱՄԿՐՏՉՅԱՆ

ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: