Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22976/02/22

2023 թ.

Նախագահող դատավոր`

 Հ. Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի նոյեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կարինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինե Հակոբյանի ընդդեմ Ալեքսանդր Սահակյանի՝ պաշտպանական որոշում կայացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կարինե Հակոբյանը պահանջել է կայացնել պաշտպանական որոշում և Ալեքսանդր Սահակյանի նկատմամբ վեց ամիս ժամկետով կիրառել հետևյալ սահմանափակումները՝

1. արգելել Ալեքսանդր Սահակյանին այցելել իր հետ համատեղ չբնակվող Կարինե Հակոբյանին, ինչպես նաև վերջինիս խնամքի տակ գտնվող անչափահաս որդուն՝ Առնո Սահակյանին, նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակության և այլ վայրեր,

2. արգելել Ալեքսանդր Սահակյանին հիսուն մետր հեռավորությունից ավելի մոտենալ Կարինե Հակոբյանին և իր խնամքին գտնվող անչափահաս որդուն՝ Առնո Սահակյանին,

3. արգելել Ալեքսանդր Սահակյանին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Կարինե Հակոբյանի հետ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.06.2022 թվականի որոշմամբ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետևյալ կերպ՝

«(...) 2. Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի նկատմամբ 6 /վեց/ ամիս ժամկետով կիրառել հետևյալ սահմանափակումները.

1/ Արգելել Ալեքսանդր Բաբկենի Սահակյանին այցելել իր հետ համատեղ չբնակվող Կարինե Վարուժի Հակոբյանին /ծնված՝ 01.07.1986թ-ին/, նրա աշխատանքի, ուսման, հանգստի, բնակության և այլ վայրեր,

2/ Արգելել Ալեքսանդր Բաբկենի Սահակյանին 50 մետր հեռավորությունից ավելի մոտենալ Կարինե Վարուժանի Հակոբյանին,

3/ Արգելել Ալեքսանդր Սահակյանին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Կարինե Վարուժանի Հակոբյանի հետ»: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.07.2022 թվականի որոշմամբ Դատարանի 20.06.2022 թվականի «Պաշտպանական որոշման պահանջի մասին հայցադիմումը քննության առնելու մասին» որոշման դեմ Կարինե Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Հակոբյանը (ներկայացուցիչ Անահիտ Բեգլարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 26-րդ, 360-րդ և 361-րդ հոդվածները, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված է պաշտպանական որոշման բողոքարկման ենթակա լինելու մասին կանոն, իսկ բողոքարկման կարգի մասով հղում է կատարված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Տվյալ դեպքում գործը քննվել է հատուկ հայցային վարույթի կարգով և կայացվել է եզրափակիչ դատական ակտ, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակում ենթակա է բողոքարկման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ, 361-րդ և 370-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/13821/02/20, թիվ ԵԴ/24118/02/18 ու թիվ ԵԴ/8186/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմերը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման մասին առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորության հարցին:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

Իր մի շարք որոշումներում անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն ամրագրել է հետևյալը.

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշումը):

Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է նաև, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն ևս՝ արդարադատության մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարր է:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Եվրոպական դատարանի Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 28.05.1985 թվականի վճիռը):

Դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Եվրոպական դատարանի Case of Khalfaoui v. France գործով 14.03.2000 թվականի վճիռը):

Ազգային ժողովի կողմից 13.12.2017 թվականին ընդունվել և 31.01.2018 թվականին ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):

Ընտանիքում բռնության դրսևորումները կանխարգելելու և պատասխանատվության գործուն իրավական մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Օրենքով ներդրվել է նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների ինստիտուտը և սահմանվել են այդ միջոցների տեսակները: Այսպես՝

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են` նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության որոշումը և պաշտպանական որոշումը:

Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Օրենքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ (…) Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: 

Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: (…)

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Օրենքի համապատասխան իրավակարգավորումներով օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է, որ ինչպես նախազգուշացում կիրառելու մասին որոշումը, այնպես էլ անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Մինչդեռ, ի տարբերություն վերը նշված՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու միջոցների, մյուս երրորդ միջոցի՝ պաշտպանական որոշման առումով օրենսդիրը նպատակ չի ունեցել Օրենքի շրջանակներում կարգավորելու նաև դրա բողոքարկման հարցը և այդ որոշման դատական կարգով բողոքարկում Օրենքով ուղղակիորեն չի նախատեսել, ու նման որոշման վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները, այն քննելու կարգը, նման դիմումի վերաբերյալ դատարանի կողմից ընդունվող ակտերի տեսակները, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսելը վերապահել էՀայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին։

Ազգային ժողովի կողմից 13.07.2018 թվականին ընդունվել և 26.07.2018 թվականին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը համարվել են որպես հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործեր, ու ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգիրքը լրացվել է «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ» վերնագիրը կրող 27.1-րդ գլխով։

Վերը նշված լրացմամբ համապատասխան իրավակարգավորումներ են նախատեսվել պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումի ներկայացման վայրի դատարանի, այդ հայցադիմումին ներկայացվող պահանջների, դրա քննության, այդ հայցադիմումի վերաբերյալ կայացվող դատական ակտերի տեսակների, դրանց բովանդակության, ուժի մեջ մտնելու և այլնի մասին, մինչդեռ այդ լրացմամբ որևէ իրավակարգավորում չի նախատեսվել դատական կարգով պաշտպանական որոշման բողոքարկման կարգի վերաբերյալ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10‑րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը,

2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը,

3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները,

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները,

5) գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները,

6) հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշումը,

7) գործի վարույթը կարճելու մասին որոշումը,

8) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը,

9) օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

10) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

11) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

12) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

13) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը,

14) դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

15) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` պայմանով, որ այդ իրավունքը նախատեսված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում թվարկելով առաջին ատյանի դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը, միևնույն ժամանակ չի սահմանափակել դրանց շրջանակը՝ նշելով, որ վերաքննության կարգով կարող են բողոքարկվել նաև այլ որոշումներ՝ պայմանով, որ բողոքարկումը նախատեսված լինի օրենքով։

Տվյալ դեպքում ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ այլ օրենքով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման բողոքարկում նախատեսված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը գործին մասնակցող անձինք վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք չունեն։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված եզրահանգումը բխում է նաև օրենսդրի դրսևորած վարքագծից, որի համաձայն՝ վերջինս, Օրենքն ընդունելուց հետո ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, իսկ դրանից հետո՝ նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» վերը նշված օրենքը, պաշտպանական որոշումը բողոքարկելու կարգ այնուամենայնիվ չի սահմանել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:

Նշված իրավակարգավորման բովանդակությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, ապա նման բողոքի ընդունումը ենթակա մերժման։

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում եզրահանգում է, որ եթե վերաքննության կարգով բողոքարկվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած՝ Օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը, ապա նման բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա է մերժման։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 20062022 թվականին որոշում է կայացրել Օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը բավարարելու մասին։

Այդ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով, և Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Տվյալ պարագայում բողոքարկվել է Դատարանի՝ 20.06.2022թ. «Պաշտպանական որոշման պահանջի մասին հայցադիմումը քննության առնելու մասին» դատական ակտը, որը բողոքարկման ենթակա լինելու մասին որևէ դրույթ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածով նախատեսված չէ, այսինքն՝ առկա է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու օրենսդրական արգելք:

14.07.2022 թվականին որոշում է կայացրել բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված հիմքով մերժելու մասին։

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր են, իսկ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը, արձանագրում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններին համապատասխան, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված հիմքով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն բողոքը մերժվում է, և բողոքի քննության շրջանակներում դատական ծախսեր, այդ թվում՝ պետական տուրք, չեն առաջացել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Ն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: