ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40776/02/22 2023 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40776/02/22 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Ա. Մկրտչյան | |
Ս. ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի հոկտեմբերի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Նարինե Եգորյանի հայցի ընդդեմ Գուրգեն Աղաջանյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին, և ըստ Գուրգեն Աղաջանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նարինե Եգորյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27․03․2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Աղաջանյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նարինե Եգորյանը պահանջել է Գուրգեն Աղաջանյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի թիվ 34/2 հասցեում գտնվող ավտոտնակը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գուրգեն Աղաջանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի թիվ 34/2 հասցեում գտնվող հողամասից 19քմ մակերեսի նկատմամբ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24․10․2022 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27․03․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Գուրգեն Աղաջանյանի միջնորդությունը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել են։
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Աղաջանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 119-րդ և 361-րդ հոդվածները, 362-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկը, որ Դատարանի 24.10.2022 թվականի որոշման՝ իր օրինակը Դատարանի աշխատակազմը սխալմամբ ուղարկել է հայցվորի ներկայացուցչի հասցեով։ Հակընդդեմ հայցադիմումում և գործի նյութերում ինքը նշել է «ք. Երևան Աճառյան 34 շ., 23 բն.» հասցեն, սակայն Դատարանի 24.10.2022 թվականի որոշման իր օրինակն ուղարկվել է ոչ թե նշված հասցեով, այլ «ք. Երևան Կիևյան 4-15» հասցեով, որը սկզբնական հայցվորի ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի հասցեն է: Նշված որոշումն ինքն ստացել է Դատարանի աշխատակազմին դիմելուց հետո՝ 01.02.2023 թվականին, ինչի մասին կատարել է համապատասխան գրառում:
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն փաստը, որ Դատարանի 24.10.2022 թվականի որոշման օրինակն իր բնակության և հաշվառման հասցեով չի ուղարկվել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքը 06.02.2023 թվականին ներկայացվելու պայմաններում ինքը պահպանել է վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով նախատեսված յոթնօրյա ժամկետը, այնուամենայնիվ միջնորդել է հարգելի ճանաչել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն, քանի որ 24.10.2022 թվականին կայացված որոշման դեմ բողոքը բերվել է 06.02.2023 թվականին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27․03․2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Նարինե Եգորյանի ներկայացրած հայցադիմումում որպես իր և իր ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի ծանուցման հասցե նշվել է «ՀՀ, ք Երևան, Կիևյան 4-15» (գ․ թ․ 5)․
2) Գուրգեն Աղաջանյանը հակընդդեմ հայցադիմումում է ներկայացրել Դատարան՝ դրանում որպես իր հաշվառման և բնակության վայրի հասցե նշելով «ք․ Երևան, Աճառյան 34 շենք, բն․ 23» (գ․ թ․ 22)․
3) Դատարանի 26․10․2022 թվականի թիվ Ե-289087/հ2 գրությամբ հակընդդեմ հայցադիմումը, կից փաստաթղթերը և Դատարանի 24․10․2022 թվականի որոշումը Գուրգեն Աղաջանյանին ուղարկվել են «ք․ Երևան, Կիևյան 4-15» հասցեով։ Ստացման հավաստագրի (փոստային ծածկագիրը՝ AL0106773067AM) վրա առկա են «29․11․» գրառում և ստորագրություն (գ․ թ․ 48, 49, 51, 52)․
4) Գործում առկա փոստային ծրարի վրա առկա են «Ստացա Գուրգեն Աղաջանյան 01․02․2023թ» գրառում և ստորագրություն (գ․ թ․ 53)․
5) Դատարանի 24.10.2022 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Աղաջանյանը փոստային առաքման միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել 06․02․2023 թվականին և նշել, որ «Որոշումն ինձ չի ուղարկվել, այլ, ինչպես հետագայում ինձ պարզաբանեցին դատարանի աշխատակազմից, սխալմամբ իմ օրինակն ուղարկվել է հայցվորի ներկայացուցչին: Որոշումը ստանալու համար ես դիմել եմ դատարանի աշխատակազմ, և այն ինձ տրամադրվել է միայն 01.02.2023 թվականին, ինչի մասին կատարել եմ համապատասխան գրառում: Այսինքն՝ ես վերաքննիչ բողոքը ներկայացնում եմ օրենքով սահմանված՝ այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում: Սակայն եթե Վերաքննիչ դատարանը կգտնի, որ սույն բողոքը ներկայացնելու ժամկետը խախտվել է, քանի որ 24.10.2022 թվականի որոշման դեմ ի վերջո բողոքը ներկայացվում է միայն 2023 թվականի փետրվար ամսին, ապա միջնորդում եմ հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը, քանի որ այն բաց եմ թողել Դատարանի սխալի պատճառով, այն է՝ Որոշումը պատշաճ կերպով ինձ չի ուղարկվել և հանձնվել է միայն իմ դիմումից հետո՝ 01.02.2023 թվականին» (գ․ թ․ 74-80)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունն ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս Khalfaoui v. France թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v․ Russia թիվ 33636/09 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը, հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս Pérez de Rada Cavanilles v. Spain թիվ 28090/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):
Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց՝ դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia թիվ 67755/14 գանգատով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը՝ մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie թիվ 36261/08 գանգատով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին ու նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս Miragall Escolano and others v. Spain թիվ 38366/97 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Կարեն Ալբերտյանի և Արտակ Ներկարարյանի թիվ ԼԴ/0759/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․09․2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվել դատարանի մատչելիության իրավունքից, ներառյալ՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող բողոքը վարույթ ընդունելու արդյունքում վերադաս դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող նույն օրենսգրքով նախատեսված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է։
Նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ հակընդդեմ հայցադիմումի նկատմամբ կիրառելի համարելով հայցադիմումի համար օրենսգրքով սահմանված կարգը՝ օրենսդիրը հայցադիմումի, այդ թվում՝ հակընդդեմ, ընդունումը մերժելու մասին որոշումը դիտարկել է որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշում՝ միաժամանակ նախատեսելով այն ստանալուց հետո դրա դեմ բողոք ներկայացնելու յոթնօրյա ժամկետ։ Բողոք բերելու նշված ժամկետային սահմանափակումը, լինելով իրավական որոշակիության սկզբունքի երաշխիք, այդուհանդերձ չպետք է կիրառվի այն կերպ, որ խոչընդոտի դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն՝ խաթարելով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը։
Նկատի ունենալով, որ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորված է դրա ստացման փաստով՝ անձն արդյունավետ կերպով պետք է տեղեկացվի դատական այդ ակտի մասին և պետք է ապահովվի պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը։ Այսինքն՝ այդ որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգելու ինչպես դատական ակտի փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը։
Եթե անձը բաց է թողել իր իրավունքներին կամ օրինական շահերին առնչվող կամ իր համար որոշակի հետևանքներ առաջացնող դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, ապա պետք է ներկայացնի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն՝ նշելով բացթողման պատճառները, որոնք դատարանի կողմից հարգելի ճանաչվելու դեպքում հիմք են ժամկետը վերականգնելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝ բողոք բերած անձը բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը և բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 24․10․2022 թվականին որոշում է կայացրել Գուրգեն Աղաջանյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։
Դատարանի 26․10․2022 թվականի թիվ Ե-289087/հ2 գրությամբ հակընդդեմ հայցադիմումը, կից փաստաթղթերը և Դատարանի 24․10․2022 թվականի որոշումը Գուրգեն Աղաջանյանին ուղարկվել են «ք․ Երևան, Կիևյան 4-15» հասցեով։ Ստացման հավաստագրի (փոստային ծածկագիրը՝ AL0106773067AM) վրա առկա են «29․11․» գրառում և ստորագրություն։
Նարինե Եգորյանի ներկայացրած հայցադիմումում որպես իր և իր ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի ծանուցման հասցե նշվել է «ՀՀ, ք Երևան, Կիևյան 4-15», իսկ Գուրգեն Աղաջանյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումում որպես իր հաշվառման ու բնակության վայրի հասցե նշվել է «ք․ Երևան, Աճառյան 34 շենք, բն․ 23»։
Գործում առկա փոստային ծրարի վրա նշված է «Ստացա Գուրգեն Աղաջանյան 01․02․2023թ» և առկա է ստորագրություն։
Դատարանի 24.10.2022 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Աղաջանյանը փոստային առաքման միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել 06․02․2023 թվականին և նշել, որ «Որոշումն ինձ չի ուղարկվել, այլ, ինչպես հետագայում ինձ պարզաբանեցին դատարանի աշխատակազմից, սխալմամբ իմ օրինակն ուղարկվել է հայցվորի ներկայացուցչին: Որոշումը ստանալու համար ես դիմել եմ դատարանի աշխատակազմ, և այն ինձ տրամադրվել է միայն 01.02.2023 թվականին, ինչի մասին կատարել եմ համապատասխան գրառում: Այսինքն՝ ես վերաքննիչ բողոքը ներկայացնում եմ օրենքով սահմանված՝ այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում: Սակայն եթե Վերաքննիչ դատարանը կգտնի, որ սույն բողոքը ներկայացնելու ժամկետը խախտվել է, քանի որ 24.10.2022 թվականի որոշման դեմ ի վերջո բողոքը ներկայացվում է միայն 2023 թվականի փետրվար ամսին, ապա միջնորդում եմ հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը, քանի որ այն բաց եմ թողել Դատարանի սխալի պատճառով, այն է՝ Որոշումը պատշաճ կերպով ինձ չի ուղարկվել և հանձնվել է միայն իմ դիմումից հետո՝ 01.02.2023 թվականին:»։
Վերաքննիչ դատարանը 27․03․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Գուրգեն Աղաջանյանի միջնորդությունը, համապատասխանաբար՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Դատարանը 24.10.2022թ. կայացրել է «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, որը ուղարկել է սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Գուրգեն Վլադիմիրի Աղաջանյանին, իսկ վերջինս այն ստացել է 29.11.2022թ., հետևաբար՝ Դատարանի նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը սկսել է հոսել 30.11.2022թ., որպիսի պայմաններում բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 08.12.2022թ. ներառյալ, սակայն վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն 06.02.2023թ.: (․․․)»։
Դատարանի 24.10.2022 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը Գուրգեն Աղաջանյանի կողմից 29.11.2022 թվականին ստացվելու և 30․11․2022 թվականից դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու յոթնօրյա ժամկետի հոսքն սկսված լինելու փաստ արձանագրելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքում ներկայացված ու գործում առկա ապացույցներով հաստատվող հանգամանքները։ Մասնավորապես՝ հակընդդեմ հայցադիմումը, կցված փաստաթղթերը և նշված որոշումը 26․10․2022 թվականի թիվ Ե-289087/հ2 գրությամբ Գուրգեն Աղաջանյանին ուղարկվել են «ք․ Երևան, ք․ Երևան, Կիևյան 4-15» հասցեով, որը գործում առկա փաստաթղթերի համաձայն՝ Նարինե Եգորյանի և նրա ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի ծանուցման հասցեն է։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ AL0106773067AM փոստային ծածկագիրը կրող ստացման հավաստագիրը, որի վրա առկա են «29․11․» գրառում և ստորագրություն, չի կարող համարվել Դատարանի 24.10.2022 թվականի որոշումը Գուրգեն Աղաջանյանի կողմից ստացված լինելու փաստը հաստատող պատշաճ ապացույց՝ դրանում ևս Նարինե Եգորյանի ու նրա ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի ծանուցման հասցեն նշված լինելու պատճառաբանությամբ։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա փոստային ծրարի վրա նշված է «Ստացա Գուրգեն Աղաջանյան 01․02․2023թ» և առկա է ստորագրություն, ինչը բողոք բերած անձի պնդմամբ նշված որոշումն իր կողմից ստացվելու օրն է։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի որոշումը Գուրգեն Աղաջանյանին ավելի վաղ հանձնված լինելու մասին այլ ապացույցներ գործում առկա չեն, հետևաբար Վերաքննիչ դատարանը որպես բողոք ներկայացնելու ժամկետի սկիզբ պետք է հիմք ընդուներ 01․02․2023 թվականը։ Դատարանի որոշումը Գուրգեն Աղաջանյանի կողմից 01․02․2023 թվականին ստացվելու պայմաններում դրա դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 10․02․2023 թվականը ներառյալ, իսկ Գուրգեն Աղաջանյանը վերաքննիչ բողոքը փոստային առաքման միջոցով ներկայացրել է 06․02․2023 թվականին, այսինքն՝ պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բողոք ներկայացնելու յոթնօրյա ժամկետը, որի պայմաններում բացակայել է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գուրգեն Աղաջանյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել չէր կարող, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Գուրգեն Աղաջանյանի միջնորդությունն առարկայազուրկ է։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գուրգեն Աղաջանյանը Դատարանի 24.10.2022 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետում, իսկ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումն օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում մերժելով, Գուրգեն Աղաջանյանին զրկել է Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից՝ խախտելով Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 27․03․2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27․03․2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: