Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39757/02/21

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39757/02/21

Նախագահող դատավոր

 Կ Համբարձումյան

Դատավորներ

 Հ Ենոքյան

 Ա. Ոսկանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Ա. Մկրտչյան

Ա. Բարսեղյան

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հունիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ նաև՝ ԵՊՀ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գևորգ Էմին-Տերյանի ընդդեմ ԵՊՀ-ի՝ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գևորգ Էմին-Տերյանը պահանջել է անվավեր ճանաչել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07.09.2021 թվականի թիվ 165/80 հրամանը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07092021թ թիվ 165/80 հրամանը, պատասխանողից բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.102022 թվականի որոշմամբ ԵՊՀ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.12.2022 թվականի որոշմամբ ԵՊՀ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել ԵՊՀ-ն (ներկայացուցիչ Էդգար Բադեմյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ և 223-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Գործով ձեռքբերված ապացույցներով հիմնավորվել է, որ վիճարկվող հրամանը հայցվորի նկատմամբ արձակելու պահի դրությամբ վերջինս աշխատել է ԵՊՀ-ում՝ ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակի աշխատանքային պաշտոնում, անմիջական վերադասն է հանդիսացել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանը, ում կողմից 26.08.2021 թվականին հայցվորին տրվել է կոնկրետ և հստակ աշխատանքային հանձնարարություն՝ մինչև 27.08.2021 թվականը ժամը 13.00-ն պատրաստել «Առավոտ» օրաթերթին ներկայացվելիք հերքման տեքստի նախագիծ՝ «Գևորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով, որտեղ հստակ նշված կլինի, որ «Առավոտ» օրաթերթում 24.08.2021 թվականին «Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերնագրով տպագրված նյութն ամբողջությամբ սուտ է, կեղծիք և զրպարտություն, hերքման տեքստի նախագիծը նախապես էլեկտրոնային եղանակով համաձայնեցնել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:

Գործի քննությամբ հիմնավորվել է, որ հայցվորի կողմից չի կատարվել աշխատանքային հանձնարարությունը, գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ աշխատանքային հանձնարարությունն ստանալուց հետո հայցվորի կողմից պատրաստվել է կոնկրետ «Գևորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով և ««Առավոտ» օրաթերթում 24.08.2021 թվական «Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերնագրով տպագրված նյութն ամբողջությամբ սուտ է, կեղծիք և զրպարտություն» շարադրանքով տեքստի նախագիծ ու այն համաձայնեցվել է ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:

Աշխատանքային հանձնարարությունը տրվել է կոնկրետ այն սուբյեկտի կողմից, ով ունեցել է հայցվորին աշխատանքային հանձնարարություն տալու լիազորություն, հանձնարարությունը վերաբերել է կոնկրետ ԵՊՀ-ի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հերքմանը, այլ ոչ թե մասնավոր անձի: Հայցվորի կողմից աշխատանքային հանձնարարությունը չկատարելը հանդիսացել է աշխատանքային կարգապահական կանոնների խախտում՝ անմիջական վերադասի կարգադրությունը չկատարելու առումով, ինչպես նաև՝ տվյալ պահին առաջացրել է ԵՊՀ-ի հեղինակությունը վտանգվելու ռիսկի առաջացման ողջամիտ ենթադրություն:

Ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, որ աշխատանքային հանձնարարությունը չկատարելու հանգամանքն ընդունվել է հայցվորի կողմից 31.08.2021 թվականին ներկայացված գրավոր բացատրությամբ՝ վկայակոչելով նաև չկատարման վերաբերյալ որոշակի պատճառներ:

Աշխատանքային հանձնարարությունը հայցվորի կողմից կատարված չլինելու փաստը հաստատվել է գործում առկա ապացույցներով, որոնք սխալ են գնահատվել կամ անտեսվել են ստորադաս դատարանների կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ գործում առկա չէ ապացույց՝ հերքման տեքստն ինչպես Գևորգ Էմին-Տերյանի կողմից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին «Mullberry» էլեկտրոնային համակարգով ուղարկված լինելու, այնպես էլ «Առավոտ» օրաթերթում կամ այլ ԶԼՄ-ում հրապարակված լինելու վերաբերյալ, ապա նշված եզրահանգումն անհիմն է, չի բխում գործով ձեռք բերված ապացույցների համադրումից, քանի որ հիշյալ հանգամանքները նախ որևէ էական նշանակություն չեն կարող ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար, բացի այդ, գործի նյութերի, այդ թվում՝ հայցվորի կողմից ներկայացված փաստական տվյալների օբյեկտիվ ուսումնասիրությունից նշված փաստերն անվիճելի են դառնում: Բացի այդ, տվյալ պատճառաբանությունն արձանագրելով՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, քանի որ այն չի բխում ոչ վճռի բովանդակությունից, ոչ էլ ներկայացված վերաքննիչ բողոքի ծավալից:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2022 թվականի որոշումը և այն փոփոխել՝ որոշում կայացնել Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը բեկանելու ու փոփոխելու՝ Գևորգ Էմին-Տերյանի հայցն ամբողջությամբ մերժելու մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «Աշխատանքի ընդունելու մասին» 27.02.2018 թվականի թիվ 37/135 հրամանով Գևորգ Էմին-Տերյանն ընդունվել է աշխատանքի որպես ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ – ԵՊՀ մամուլի խոսնակ:

Հրամանի 2.2.1. կետի համաձայն՝ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն և ժամանակին կատարել ՀՀ օրենսդրությամբ, պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքային պարտականությունները, 2.2.2. կետի համաձայն՝ կատարել ԵՊՀ կառավարման մարմինների որոշումները, 2.2.4. կետի համաձայն՝ անվերապահորեն պահպանել ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները, 2.2.8. կետի համաձայն՝ հոգ տանել ԵՊՀ հեղինակության բարձրացման մասին, 2.2.10. կետի համաձայն՝ կատարել ՀՀ օրենսդրությամբ և ԵՊՀ ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ, 2.3.3. կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ կիրառել խրախուսանքներ և կարգապահական տույժեր (հատոր 1-ին, գթ 101).

2) «Այլ աշխատանքի տեղափոխելու մասին» 26.07.2019 թվականի թիվ 137/13 հրամանով ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը տեղափոխվել է այլ աշխատանքի և նշանակվել ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ – ԵՊՀ մամուլի խոսնակ:

 Հրամանի 2.2.1. կետի համաձայն՝ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն և ժամանակին կատարել ՀՀ օրենսդրությամբ, պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքային պարտականությունները, 2.2.2. կետի համաձայն՝ կատարել ԵՊՀ կառավարման մարմինների որոշումները, 2.2.3. կետի համաձայն՝ անվերապահորեն պահպանել ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները, 2.2.7. կետի համաձայն՝ հոգ տանել ԵՊՀ հեղինակության բարձրացման մասին, 2.2.9. կետի համաձայն՝ պատասխանատվություն կրել օրենքների, ԵՊՀ կանոնադրության, պաշտոնի անձնագրի, իրավական այլ ակտերի պահանջները և իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, 2.3.3. կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ կիրառել խրախուսանքներ և կարգապահական տույժ (հատոր 1-ին, գթ 96).

3) «Աշխատանքային հարաբերությունները երկարաձգելու մասին» 15.11.2019 թվականի թիվ 213/29 հրամանով ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ – ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հետ 01.01.2020 թվականից աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են անորոշ ժամկետով, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի մյուս դրույթները թողնվել են անփոփոխ (հատոր 1-ին, գթ 94).

4) «Առավոտ» օրաթերթում 24082021 թվականին Գևորգ Էմին-Տերյանի կողմից հրապարակվել է «Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերտառությամբ հետևյալ հոդվածը

 «Հարգելի պարոն Հովհաննես Հովհաննիսյան, նախ ուզում եմ ասել, որ մեծագույն պատիվ է Ձեր ժամանակակիցը լինելը։ Ձեզ պես հմուտ և խորագետ աստվածաբան աշխարհը չի տեսել արդեն մի քանի հարյուր տարի։ Ամեն անգամ, երբ մեդիաներով ու հատկապես Հանրային հեռուստաընկերությամբ ես լսում եմ Ձեր խոսքը, իմ մարմինը հուզմունքից քրտնում է, որովհետև անհնար է պատկերացնել, որ նման մեծությունը կարող է ժամանակակից մեդիառեսուրսներով երևալ. ոնց որ հնարավոր լիներ տեսնել Լյութերին, Կալվինին կամ վերջապես՝ Գոշին։ Մենք ապրում ենք այնպիսի մանր ժամանակներում, երբ աննշան մարդիկ անընդհատ փորձում են ճղճիմ միջոցներով առաջ գնալ, երբ թայֆայականությունը միշտ ավելի բարձր է գնահատվում, քան հայրենիքի շահը, երբ գաճաճ գրագողները փորձում են գրոհել գիտության ու կրթության կաճառները, երբ բարեփոխիչների դիմակ հագած սրիկաները կործանում են հայրենիքը, երբ ի պաշտոնե արժեքների պաշտպանները մտածում են միայն փողի և շնության մասին։ Մի խոսքով, պարոն Հովհաննիսյան, կարելի էր ասել, որ սա Ձեր ժամանակը չէ, բայց իրականում Դուք եք մեր մանր և աղետի ժամանակները բարձրացնողը։ Կանցնի մի քիչ ժամանակ՝ մի հինգ հարյուր-հազար տարի, և մեր ժամանակից կմնա միայն Ձեր անունը՝ որպես մարդկության փրկության համար շողացող մի արեգակ։ Եվ ես ուզում եմ ԵՊՀ բոլոր ներկա ու նախկին սերունդների անունից՝ Հրաչյա Աճառյանից մինչև Սերգեյ Համբարձումյան, Հակոբ Մանանդյանից մինչև վաղվա առաջին կուրսեցին, Ձեզ շնորհակալություն ասել, որ թողել եք աստվածաբանական Ձեր լրջագույն գործերը, դարերի համար մղվող բանավեճերը և համաձայնել եք զբաղեցնել Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Ինչ խոսք, դա շատ փոքր ու նեղ աթոռ է Ձեզ պես գիգանտի համար, բայց Ձեր որոշումը հույս է ներշնչում, որ գուցե ԵՊՀ-ն էլ տանեք Ձեր հետևից, բարձրացնեք 100-ամյա պապիկին և հազարամյակների խորքից Ձեր անվան կողքին հիշվի նաև ԵՊՀ անունը, գուցե դառնա նաև այնպիսի ուխտատեղի, ինչպիսին Նարեկավանքն է, բայց ոչ հարևան պետության կազմում։ Բայց քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բացարձակապես բոլոր մարդիկ ունեն որոշակի իրավունքներ (ինչպիսի անհեթեթություն), ես էլ ուզում եմ օգտվել այդ անհեթեթ իրավունքից և հրապարակային Ձեզ ուղղել մի քանի հարց։ Իհարկե, կլինեն չար լեզուներ, որոնք կպնդեն, թե հարցեր տալու իրավունքից ես չարամտորեն օգտվում եմ՝ Ձեզ աստվածաբանական լրջագույն խնդիրներից և ԵՊՀ ներկայիս իրավիճակով հիանալուց կտրելու համար, բայց հավատացեք. նախ՝ այս հարցերն ունեն շատ երկրային, նույնիսկ կենցաղային նպատակ. սերունդների համար ցրել որոշ բամբասանքներ և ամբողջացնել Ձեր վսեմ կենսագրության քիչ լուսաբանված որոշ դրվագներ, ապա նաև՝ որպես աննշան և վատը տարածող մի մարդ՝ ես էլ եմ տենչում փառքի և Ձեզ նամակ գրելը, անկասկած, մի այնպիսի փաստ է, որի շնորհիվ իմ համեստ անունն էլ ինչ-որ կերպ կապրի դարեդար Ձեր անվան կողքին, ինչպես Լուիջի դել Ռիչիոյի անունն ապրում է Միքելանջելոյի նամականիում։ Բայց անցնենք հարցերին։ 1. ԵՊՀ որոշ չարամիտ խմբեր տարածում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին Դուք հանդիպել եք ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ և առաջարկել եք, որ պարոն Սիմոնյանը ևս օգնի նրան, որ Գևորգ Մուրադյանը դառնա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Դրա դիմաց, ասում են, Դուք Ա. Սիմոնյանին խոստացել եք, որ նա կպահպանի իր պաշտոնը մինչև ռեկտորական ժամկետի ավարտը, այսինքն՝ 2020 թվականի մայիսը։ Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց ԵՊՀ-ում հայտնաբերված 800 միլիոն դրամի չափով չարաշահումների մասին, ինչին հաջորդեց Արամ Սիմոնյանի ասուլիսը։ Չարամիտ լեզուները, ամեն կերպ փորձելով նսեմացնել Ձեր քաջությունը, պնդում են, որ Դուք այդ օրը չափազանց վախեցած եք եղել և նույնիսկ մի նախկին ընկերոջ միջոցով փոխանցել եք պարոն Սիմոնյանին, որ Դուք այդ հայտարարության հետ կապ չունեք։ Հետո Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ ՀԽ նախագահ, բայց Դուք, այդուհանդերձ, «գցեցիք» Արամ Սիմոնյանին։ Ասեք սերունդներին, որ սա լկտի սուտ է։ 2. Ճի՞շտ են, արդյոք, կրթության ու գիտության համակարգի միջանցքներում ուրվականների պես համառ պտտվող այն լուրերը, թե իբր Ձեզ պես առաքինի գործիչը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը մշակելիս անընդհատ շփվել է ԳԱԱ ակադեմիկոսների հետ, նրանց որոշակի խոստումներ է տվել, բթացրել է տարեց մարդկանց զգոնությունը և վերջում փաստի առաջ է կանգնեցրել։ 3. Հ1-ի եթերում խոսելով ընդհանրապես հոգաբարձու հասկացության մասին՝ շատ դիպուկ նկատեցիք, որ հոգաբարձուները պետք է լինեն այն մարդիկ, որոնք փող են բերում ԵՊՀ։ Խնդրում եմ՝ մի կողմ դրեք Ձեզ այդքան գեղեցկացնող համեստությունը և հրապարակեք, թե որպես ԵՊՀ «գլխավոր հոգաբարձու» աշխատած ընթացքում ինչքա՞ն գումար եք Ձեր ձեռքով բերել և մուտք արել ԵՊՀ բանկային հաշվեհամարին։ Եվ Ձեզնից բացի՝ մյուս հոգաբարձուները ֆինանսական ինչպիսի՞ հոսքեր են ապահովել համալսարանի համար: 4. Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է նաև Ձեր «հոգաբարձուական» գործողություններից ԵՊՀ-ն տուժե՞լ է, թե՞ ոչ։ Օրինակ՝ քաղաքական պատվերները դատական վեճերի պատճառ դարձե՞լ են, թե՞ ոչ։ 5. Հանրային հեռուստաընկերության եթերում նշեցիք անձնական շահով առաջնորդվելու անթույլատրելիության մասին։ Իրոք, միայն մեծերը կարող են նման պարզ ձևակերպմամբ խտացնել ասելիքը։ Բայց բնական հարց է առաջանում. անձնական շահ չէ՞ արդյոք այն, որ հատուկ Ձեր «չափսերով» օրենք և կառավարության ու նախարարի որոշումներ են կարվում՝ ապականելով կրթության ու գիտության ոլորտը և բուհական համակարգը։ 6. Մամուլում անընդհատ հրապարակումներ են հայտնվում այն մասին, թե իբր Ձեզ պես մտքի գիգանտը իր դոկտորական ատենախոսության մեծ մասը հմտորեն արտագրել է տարբեր աղբյուրներից։ Դուք Ձեզ գրագող համարո՞ւմ եք։ Եվ ինչպե՞ս կարող է գրագողության մեջ մեղադրվող գիտնականը համալսարանի ուսանողներից պահանջել, որ բարեխիղճ լինեն իրենց ուսանողական աշխատանքներում։ 7. Ճի՞շտ են, արդյոք, այն լուրերը, որ Դուք եք մասամբ կազմակերպել ԵՊՀ-ի դեմ ուսանողական և ոչ միայն ուսանողական որոշ խմբերի ցույցերը, ապա գիտխորհրդի դահլիճի գրավումից և Արամ Սիմոնյանի հոսպիտալացումից հետո գիշերով թաքուն գնացել եք ԵՊՀ, որ ուսանողներին հրահանգեք՝ լքեն դահլիճը, քանի որ որոշ դեսպանատներից զանգել էին վարչապետի աշխատակազմ և դժգոհություն հայտնել։ 8. Ինչպե՞ս ստացվեց, որ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի նախորդ ընտրություններին հաղթեց ԵՊՀ պաշտոնապես ամենահարուստ մարդը, արդյո՞ք այդ փաստում կոռուպցիոն ռիսկեր չկային։ Դուք՝ որպես այդ ընտրությունների ժամանակ «գլխավոր հոգաբարձու», պետք է, որ իմանաք այս հարցի պատասխանը։ 9. Ի՞նչ եք կարծում. արդյոք աշխարհի երեսին գոյություն ունի պատասխանատվություն, թե՞ դա մտացածին բառ է։ Եթե գոյություն ունի, ապա ո՞վ է պատասխանատու նրանում, որ և Գևորգ Մուրադյանը, և Գեղամ Գևորգյանը և բազմաթիվ այլ նշանակումներ եղել են օրենքի և ԵՊՀ կանոնադրության կոպիտ խախտումներով։ 10. Երբևէ 50 դոլար կաշառք վերցրե՞լ եք ուսանողներից։ 11. Եվ կոռուպցիայի վերաբերյալ հաջորդ հարցը։ Կոռուպցիա չէ՞ արդյոք այն, որ Ազգային ժողովի պատգամավորը, որն ավելի բարձր աշխատավարձ է ստանում մասնավոր բուհերից մեկից, քան իր պատգամավորական աշխատավարձն է, օրենք է գրում հանրային բուհերի մասին։ Եվ արդյոք տարօրինակ չէ՞, որ այդ օրենքի հակասահմանադրական ճանաչվելուց հետո ոչ մի ձևի պատասխանատվություն չի ցանկանում կրել։ 12. Ճի՞շտ է, արդյոք, այն ստոր բամբասանքը, որ տարիներ առաջ Դուք վեց ամսով գործուղված եք եղել եվրոպական մի համալսարան, բայց չեք հասցրել ժամանակին վերադառնալ և Ձեր փոխարեն մի որոշ ժամանակ ուրիշ մարդիկ են ստորագրել ու դաս արել, ապա այդ փաստը բացահայտվել է, և Սերժ Սարգսյանի եղբայր, նույնպես աստվածաբան, նույնպես ԵՊՀ ռեկտորի հավակնություն ունեցած Լևոն Սարգսյանը, ում դոկտորականի թղթերի համար Դուք ԵՊՀ միջանցքներում վազվզում էիք, միջնորդել է և փրկել Ձեր աստվածաբանական կաշին։ 13. Հանրային հեռուստաընկերության եթերում Դուք այն տեսակետը հայտնեցիք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ պետք է լինեն աշխարհում ճանաչում և փող ունեցող մարդիկ, օրինակ՝ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, և հանուն դրա պետք է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից հանել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին։ Հետաքրքիր է, այդ մարդիկ միայն այդ պայմանո՞վ են համաձայն ընդգրկվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում, մի՞թե հնարավոր չէր նրանց համոզել, որ ԿԳՄՍ նախարարության քվոտայով ևս հնարավոր է ԵՊՀ ՀԽ անդամ դառնալ, ինչպես դարձել էր Ռալֆ Յիրիկյանը, որը առեղծվածային պայմաններում փաստացի հրաժարվեց իր մանդատից։ 14. Եղե՞լ է, արդյոք, այնպիսի դեպք Ձեր կյանքում, որ խառնակչություն անեք և հետո պատասխանատվությունը թողնեք այնպիսի խեղճ մարդու վրա, ինչպիսին նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էր։ 15. Արդյո՞ք այն հանգամանքը, որ բազմաթիվ հանրապետականներ և «Հայաստան» դաշինքի անդամներ թաքուն աջակցում են Ձեզ, չի նշանակում, որ ինչ-որ այլ, ավելի մեծ ու չերևացող, գուցե հետախուզական ուժեր են աջակցում Ձեզ, որոնք բնավ հետաքրքրված չեն ԵՊՀ հզորացմամբ, 16. Հանրային հեռուստաընկերության եթերում ասացիք, որ հնարավորինս շուտ պետք է ընտրվի ԵՊՀ ռեկտոր։ Ինչո՞ւ դա չէիք ասում ու անում այն ժամանակ, երբ Դուք ինքներդ էիք ռեկտոր ընտրելու պատասխանատուն, մի՞թե այն պատճառով, որ թեկնածուների ցուցակում Դուք ինքներդ չկայիք։ 17. Երեք տարի շարունակ հերքում էիք ԵՊՀ ռեկտոր դառնալու Ձեր երազանքի մասին, թեև ես ինքս դա գիտեի ուսանողախուլիգանական խմբի կողմից ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը գրավելու օրը։ Բացի աստվածահաճո աղոթքներից՝ ուրիշ ի՞նչ կերպ եք փոխելու սուտ խոսողի Ձեր իմիջը։ 18. Եղե՞լ է, արդյոք, վերջին օրերին մի այնպիսի դեպք, որ մի շատ հայտնի ընդդիմադիր գործչի խնդրեք, որ միջնորդի և հանդիպում կազմակերպի ԵՊՀ ստորաբաժանումներից մեկի ղեկավարի՝ մի չնչին մարդու հետ, բարեկամության խոստումներով և աշխատանքից ազատելու սպառնալիքով, բայց այդ չնչին մարդը Ձեր աստվածաբանական էությունը մերժել է, ինչպես դրանից մեկ տարի առաջ մերժել էր դեկան դառնալու Ձեր մեկ այլ ակնարկ-առաջարկը։ 19. Ե՛վ ԵՊՀ-ում Ձեզ ներկայացնելու ժամանակ, և Հանրային հեռուստաընկերության եթերում շեշտեցիք, որ ինչ-որ անտիպ ծրագիր ունեք, թե ինչ է պետք անել ԵՊՀ-ի հետ։ Ի՞նչ եք կարծում. արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Ձեզ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս հաշվի է առել Ձեր «ԵՊՀ կա ԵՊՀ» ծրագրի դրույթները, թե՞ նա դա արել է հոտնկայս իրեն ծափահարելու և նմանատիպ այլ գործողությունների համար։ 20. Եվ վերջին հարցս. պարոն Հովհաննիսյան, Ազգային ժողովի դահլիճում Նիկոլ Փաշինյանին հոտնկայս ծափ տվող պատգամավորը ինչպե՞ս է դիմավորելու նրան Երևանի պետական համալսարանում։ Մի բան է ինձ շատ զարմացնում, ինչքան նախանձ և անհեռատես կարող են լինել մարդիկ։ Մանավանդ այն մարդիկ, որոնք նստած են կառավարությունում։ Երբ կառավարության հատուկ նիստում փոփոխվում էր ԵՊՀ կանոնադրությունը, որ համապատասխանեցվի Ձեզ, այսինքն՝ հանվում էր ռեկտորի դոկտոր-պրոֆեսոր լինելու պահանջը, մի՞թե հնարավոր չէր ևս երկու բառ ավելացնել. ԵՊՀ ռեկտորը պետք է լինի աստվածաբան և նրա անունը պետք է լինի Հովհաննես։ Իրոք, անհատակ է մարդկային նախանձը։ Ես գիտեմ, որ Ձեր մեծության տեր անձնավորությունը այս մեծարանքի նամակը կարդալուց հետո հապշտապ վերցնելու է փետուրով գրիչը և Լյութերի մտքի սրությամբ ու շատ կարճ մի գրությամբ ցիրուցան է անելու արծվի դեմ դուրս եկած ճնճղուկին։ Արևմտյան քաղաքակրթությունը փոխած Վերածննդի դարաշրջանը պայմանականորեն սկսում են Պետրարկայի նամակներից մեկով, որտեղ պոետը նկարագրում է մեղմ հովիկը և դա համարում աստվածային։ Ես վստահ եմ, որ Դուք հենց այդ մեղմ հովիկն եք, որից սկիզբ է առնելու Երևանի պետական համալսարանի Մեծ Վերածնունդը։ Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն Գևորգ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ» (հատոր 1-ին, գթ 103).

5) ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի կողմից Գևորգ Էմին-Տերյանին հասցեագրված «աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ 26.08.2021 թվականի գրությամբ «Երևանի պետական համալսարան» ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին հանձնարարվել է «1. Մինչև 27.08.2021թ., ժամը` 13:00-ն, պատրաստել «Առավոտ» օրաթերթին ներկայացվելիք հերքման տեքստի նախագիծ «Գևորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով, որտեղ հստակ նշված կլինի, որ «Առավոտ» օրաթերթում 24.08.2021թ., «Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ-ի վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերնագրով տպագրված նյութն ամբողջությամբ սուտ է, կեղծիք և զրպարտություն։ 2. Հերքման տեքստի նախագիծը, նախապես էլեկտրոնային եղանակով համաձայնեցնել ինձ հետ» (հատոր 1-ին, գթ 82).

6) ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի կողմից Գևորգ Էմին-Տերյանին հասցեագրված «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ 31.08.2021 թվականի գրությամբ «Երևանի պետական համալսարան» ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին հայտնվել է հետևյալը. «Համաձայն 26.08.2021թ. աշխատանքային հանձնարարության՝ ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը՝ ի դեմս ծառայության պետ Գևորգ Էմին-Տերյանի, պարտավոր էր հստակ և պատշաճ կերպով պատրաստել հերքման տեքստի նախագիծ և այն ինձ հետ համաձայնեցնելուց հետո հրապարակեր «Առավոտ» օրաթերթում: Mulberry համակարգով 27.08.2021թ-ին ստացել եմ հերքման տեքստը, այնուհետև նույն տեքստը տեսել եմ հրապարակված, առանց իմ համաձայնության: Խնդրում եմ տալ բացատրություն առ այն, թե ինչու է հերքման տեքստը հրապարակվել առանց իմ համաձայնությունը ստանալու» (հատոր 1-ին, գթ 102).

7) ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի կողմից ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանին հասցեագրված «Բացատրություն» վերտառությամբ 31.08.2021 թվականի գրությամբ՝

- «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ 31.08.2021 թվականի գրության վերաբերյալ հայտնվել է հետևյալը. «Նախ՝ տվյալ հանձնարարությունը չի տրվել հստակ կերպով, չունի իրավական որոշակիություն, և անհայտ էր դրա իրականացման հնարավորությունը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ նման հանձնարարությունը չի բխում գործատու-աշխատող հարաբերություններից: Ես՝ որպես ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, պարտավոր եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում իրականացնել իմ պարտականությունները, որոնք բխում են ԵՊՀ շահերից, սակայն ոչ անձերի (ինչքան էլ աշխատանքային իրավահարաբերություններով պայմանավորված նրանք իմ նկատմամբ ունեն վերադաս դիրք): Տվյալ դեպքում Դուք հանդես եք գալիս ոչ թե որպես ԵՊՀ ռեկտոր, այլ որպես ֆիզիկական անձ, այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք երկու տարբեր իրավական սուբյեկտների հետ՝ Հովհաննես Հովհաննիսյանը՝ որպես ԵՊՀ ռեկտորի ժ.պ. և Հովհաննես Հովհաննիսյանը՝ որպես ֆիզիկական անձ, ՀՀ քաղաքացի: Որպես ֆիզիկական անձ՝ Ձեր իրավունքները Դուք կարող եք պաշտպանել՝ դիմելով դատարան, քանի որ դա հանդիսանում է իրավական պաշտպանության միակ հնարավոր ձևը ԶԼՄ-ներով հրապարակված հոդվածի հերքում ստանալու համար: Ավելին, Ձեր մատնանշած հոդվածում ԵՊՀ հասցեին առկա չէ որևէ վիրավորական կամ զրպարտչական փաստական հանգամանք, ուստի ԵՊՀ իրավունքները որևէ կերպ խախտված չեն, իսկ ես Ձեր հանձնարարականի համատեքստում չեմ կարող ԵՊՀ անունից հանդես գալ օրաթերթի հետ հարաբերություններում և պահանջել հերքում: (...): Լավագույն դեպքում ես կարող էի Ձեր՝ որպես ֆիզիկական անձի անունից հանդես գալ օրաթերթի հետ հարաբերություններում, որը դուրս է աշխատանքային հարաբերությունների համատեքստից: (...) Հետևաբար Ձեր հանձնարարությունը չի բխում աշխատանքային իրավահարաբերություններից, այն չի ձևավորվել ԵՊՀ-ԵՊՀ մամլո խոսնակ հարաբերություններից, չի բխում իմ աշխատանքային գործառույթներից, ուստի Դուք՝ հանդես գալով որպես գործատուի իրավասու անձ, այսինքն՝ ԵՊՀ անունից հանդես գալու իրավունք ունեցող անձ, չեք կարող ԵՊՀ աշխատողին տալ նման հանձնարարություն, պահանջել դրա համար բացատրություն, ուստիև կիրառել հնարավոր պատասխանատվության միջոց (...)».

- «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ 26.08.2021 թվականի գրության վերաբերյալ հայտնվել է հետևյալը. «Բացատրության 1-ին կետում նշված փաստարկներն ամբողջությամբ կիրառելի են նաև սույն հանձնարարության համար: (...) Ես՝ հանդես գալով որպես ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ մամուլի խոսնակ, ունեմ աշխատանքային պայմանագրով և ԵՊՀ ներքին կանոնակարգերով նախատեսված իմ աշխատանքային գործառույթները և աշխատանքային պարտականությունները, մինչդեռ Ձեր նշած հանձնարարականը որևէ կերպ չի տեղավորվում իմ աշխատանքային գործառույթների կամ աշխատանքային պարտականությունների մեջ: Ավելին, որպես ընդհանուր կանոն, անձը չի կարող կատարել վերադասի այնպիսի հանձնարարություններ, որոնք չեն բխում օրենքից կամ հակասում են դրանց, իսկ հանձնարարությունը, ձևակերպված լինելով գրավոր, ըստ էության իրավական ակտ է, որը կարող է ՀՀ աշխատանքային օրենսգրքով անվավեր ճանաչվել դատարանի կողմից, քանի որ իմ վերոնշյալ պատճառաբանություններով դրանք հակասում են օրենքին, չեն բխում դրանից, ուստի դուրս են աշխատանքային իրավահարաբերություններից: Բացի դրանից, Դուք Ձեր հանձնարարություններով ինձ փաստացի դրդում եք այնպիսի արարքի կատարմանը, որն ընդհուպ կարող է հանգեցնել քրեաիրավական արարքի, քանի որ դա ճնշում է լրատվական միջոցի նկատմամբ (...): Հերքման իրավունք ունի անձը, որի իրավունքները խախտող փաստացի տեղեկություններ են հրապարակվել: Մինչդեռ ես, հանդես գալով որպես ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, այսինքն՝ հանդես գալով ԵՊՀ անունից, պարտավոր էի լրատվամիջոցին ապացուցել, որ փաստացի խախտվել են ԵՊՀ իրավունքները, սակայն ես իրավասու չեմ և իմ աշխատանքային պարտականություններից ամենևին չի բխում ֆիզիկական անձի իրավունքների հնարավոր խախտման համար իմ պաշտոնի դիրքերից հանդես գալը: ԵՊՀ իրավունքները նշված հոդվածում որևէ կերպ խախտված չեն, ուստի Դուք անձամբ կամ որպես ֆիզիկական անձ Ձեր լիազոր ներկայացուցչի միջոցով կարող եք միայն դիմել լրատվամիջոցին հերքում ստանալու պահանջով, եթե այն կարծիքին եք, որ այդ հոդվածով խախտվել են Ձեր իրավունքները: (...) ես օժտված եմ պաշտպանության այնպիսի մակարդակով, ինչպիսին ԶԼՄ-ն է, սակայն պետք է նկատի ունենալ, որ ես ամենամեծ ցանկության դեպքում անգամ իմ հոդվածները հրապարակած ԶԼՄ-ին չեմ կարող հարկադրել հերքումներ հրապարակելուն: Այս առումով ինձ մոտ առաջանում է նաև շահերի բախման խնդիր՝ մի կողմից հանդես գալ որպես հոդվածի հեղինակ, իսկ մյուս կողմից՝ որպես ԵՊՀ աշխատող: Ուստի Դուք կարող եք նման հանձնարարությունը տալ այլ անձի, որը կզբաղվի դրանով՝ պահպանելով ՀՀ օրենսդրությամբ և ՄԻԵԴ նախադեպերով սահմանված բոլոր պահանջները» (հատոր 1-ին, գթ 36-40).

8) ԵՊՀ-ի 07.09.2021 թվականի թիվ 165/80 հրամանով, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ, 220-րդ, 223-րդ և 224-րդ հոդվածներով, ԵՊՀ-ի Կանոնադրության 56-րդ կետի 13-րդ ենթակետով, նկատի ունենալով Գևորգ Էմին-Տերյանի ներկայացրած գրավոր բացատրության հիմնավոր չլինելը, Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը՝ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը չկատարելու համար:

Հրամանի համաձայն՝ «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի կողմից ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ Գևորգ Էմին-Տերյանին 26.08.2021 թվականին տրվել է աշխատանքային հանձնարություն (...): Ի կատարումն հանձնարարության՝ Գևորգ Էմին-Տերյանի կողմից կատարվել է նյութի հրապարակում՝ առանց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ նախապես համաձայնեցնելու, իսկ հրապարակված նյութի տեքստը Mulberry էլեկտրոնային համակարգով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին է ուղարկվել դրա հրապարակումից հետո: Ընդ որում, ուղարկված նյութը չի պարունակել աշխատանքային հանձնարարությամբ նշված նյութի հերքման բովանդակություն: Այսինքն՝ չի կատարվել 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը, այն է՝ չի պատրաստվել հերքում աշխատանքային հանձնարարությամբ նշված նյութի կապակցությամբ, ի կատարումն հանձնարարության հրապարակված նյութը,նախապես չի համաձայնեցվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: (...): «Առավոտ» օրաթերթում 24082021 թվականին տպագրված հոդվածի առնվազն վերնագրից պարզ է դառնում, որ այն վերաբերում է ոչ միայն Հովհաննես Հովհաննիսյանի անձին, այլև ԵՊՀ-ին, դրանում Հովհաննես Հովհաննիսյանի անձը բնութագրվում է որպես ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կամ առնվազն ԵՊՀ-ի հետ անմիջական առնչություն ունեցող անհատ անձ: Բացի այդ, տվյալ հոդվածի տարբեր հատվածներում արտահայտված մտքերից հասարակ ընթերցողի համար առավել քան պարզ է դառնում, որ դրանում խոսքը գնում է ոչ թե Հովհաննես Հովհաննիսյանի՝ որպես առանձին անհատի, այլ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մասին՝ վերջինիս առերևույթ բացասական որակներ հասցեագրելու երանգներով և դրանք զուգորդելով բացարձակ ցինիզմի ոճաբանությամբ: Ըստ հոդվածի հեղինակի՝ ԵՊՀ-ի հետագա ճակատագիրը վտանգված է այն դեպքում, եթե ԵՊՀ-ի ղեկավարը հանդիսանում է Հ. Հովհաննիսյանը, որպիսի պայմաններում էական վտանգ է առաջանում ԵՊՀ-ի հեղինակության և վարկանիշի նվազեցման առումով: Այդ իսկ պատճառով պետք է արձանագրել, որ քննարկվող հոդվածը վերաբերում է ոչ միայն Հ. Հովհաննիսյան մասնավոր անձին, այլ կոնկրետ և էապես ԵՊՀ-ի հեղինակությանը՝ այն բացասական ներկայացնելու ոճաբանությամբ:

Հետևաբար 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը լիովին օրինաչափ է, դրա կատարման անհրաժեշտությունը բխում է կոնկրետ ԵՊՀ-ի շահերի պաշտպանության և ԵՊՀ-ի հեղինակությունը բարձր պահելու նպատակից, որը բխում է Գևորգ Էմին-Տերյանի աշխատանքային պարտականություններից և կոնկրետ նախատեսված է վերջինիս աշխատանքի ընդունելու մասին 27.02.2018 թվականի թիվ 37/135 հրամանի 2.2.8. և 26.07.2019 թվականի թիվ 137/13 հրամանի 2.2.7. կետերով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը չկատարելը իրավաչափ չէ, ուստի այն պետք է որակել որպես աշխատանքային կանոնների կարգապահական խախտում, որին պետք է հետևի համապատասխան կարգապահական պատասխանատվություն, իսկ աշխատանքային կարգապահության խախտման կապակցությամբ ներկայացված գրավոր բացատրությունը հիմնավոր չէ: (...):» (հատոր 1-ին, գթ 88-91)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ, 220-րդ և 223-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ աշխատողի աշխատանքային գործառույթների, աշխատողին տրվող հանձնարարությունների և դրանք չկատարելու հետևանքների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործատուի հանձնարարության և աշխատողի պարտականությունների հարաբերակցության հարցին՝ բացահայտելու համար գործատուի հանձնարարությունը չկատարելու դեպքում աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հնարավորության սահմանները՝ վերահաստատելով և զարգացնելով աշխատողին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի՝ աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)՝ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային իրավունքները և պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել և դադարել` սույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և գործատուների այն գործողություններից, որոնք, թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների, առաջացնում են աշխատանքային իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: (...):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, (...):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են (...) աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, (...) աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Ըստ այդմ, թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Մասնավորապես, աշխատողը պարտավորվում է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածը՝ որպես աշխատանքային պարտականությունների կատարման սահմանները որոշող ընդհանուր նորմ, սահմանում է աշխատանքային իրավունքների իրացման և պարտականությունների կատարման երեք հիմնական չափանիշ՝ օրենքի պահպանում, բարեխղճություն և ողջամտություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրն աշխատողին պարտավորեցնում է աշխատանքային պարտականությունները կատարել օրինականության, բարեխղճության և ողջամտության սկզբունքների պահպանմամբ: Աշխատողն աշխատանքային պարտականությունները կատարում է ոչ թե ամբողջովին իր հայեցողությամբ՝ այլ պարտադիր կերպով ենթարկվելով աշխատանքային ռեժիմին, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմաներին (տե՛ս Արմինե Աբելյանն ընդդեմ ԱՁ Հովհաննես Դանիելյանի թիվ ԿԴ/0125/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ստանձնած պարտավորությունների (այսուհետ նաև՝ աշխատանքային պարտականություններ) կատարման ընդհանուր ցուցիչը բարեխղճությունն է:

Ողջամտությունը և բարեխղճությունն աշխատանքային իրավունքների իրականացման անհրաժեշտ ընդհանուր չափանիշներն են: Նշված երկու սկզբունք-հասկացությունները ի թիվ այլնի կիրառվում են աշխատանքային իրավունքների և պարտականությունների կատարման սահմանները որոշելիս: Բարեխղճությունը մասնավորապես պահանջում է հաշվի առնել մյուս կողմի արդարացված շահը, իսկ ողջամտությունը գործողություն է՝ իրավունքի սուբյեկտի կամային ակտ, որը սերտորեն կապված է բարեխղճության հետ, քանի որ ողջամիտ վարքագիծ կարող է դրսևորել բարեխիղճ սուբյեկտը:

Վկայակոչված չափանիշներն ուղենիշային են և էական ի թիվ այլնի աշխատանքային պարտականությունների կատարման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ կարգապահական ներգործության հարցերը քննարկելիս:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, ընդգծելով, որ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր բոլոր պարտականությունները, որոնք կարող են սահմանված լինել ինչպես օրենսդրությամբ կամ գործատուի ներքին իրավական ակտերով, այնպես էլ աշխատանքային պայմանագրով՝ այդ թվում նաև բարեխղճորեն կատարելով աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը՝ աշխատանքային գործառույթները, անդրադարձել է աշխատանքային գործառույթների սահմանմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես փաստել է, որ պայմանավորված աշխատանքի տարբեր տեսակների առանձնահատկություններով՝ մի դեպքում աշխատանքային գործառույթները հնարավոր է սահմանել հստակորեն և սպառիչ կերպով, մեկ այլ դեպքում հնարավոր է միայն սահմանել գործառույթների որոշակի շրջանակ, որի դեպքում աշխատողի վրա կարող են դրվել սահմանված գործառույթներին համանման պարտականություններ: Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածը պարտադիր է համարում աշխատանքային պայմանագրում (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները նշելը: Այսինքն՝ անգամ հնարավոր է աշխատանքային գործառույթները պայմանագրում ընդհանրապես չնախատեսել, որի դեպքում աշխատանքային պարտականությունները, որպես կանոն, սահմանվում են գործատուի ներքին իրավական ակտերով (օրինակ՝ տվյալ պաշտոնի նկարագիրը սահմանող իրավական ակտով): Չնայած աշխատանքային պայմանագրով հիմնական գործառույթները կամ դրանց բնույթը (պաշտոնի սահմանման եղանակով) պետք է սահմանված լինեն, այդուհանդերձ, դա չի բացառում, որ աշխատողի վրա կարող են դրվել նաև պարտականություններ, որոնք բխում են վերջինիս պաշտոնի բնույթից, գործատուի ներքին կարգապահական կանոններից կամ օրենսդրությունից:

Աշխատանքային պայմանագրի հասկացությունից հետևում է, որ աշխատողն աշխատանք է կատարում գործատուի համար, այլ կերպ ասած՝ կատարում է գործատուի հանձնարարությունները: (...) գործատուի կողմից աշխատողին հանձնարարություններ կարող են տրվել ցանկացած ձևով, եղանակով և կարգով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ հանձնարարությունների ոչ պատշաճ կատարման դեպքում գործում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հետևանքները, մասնավորապես՝ այն կարող է համարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով սահմանված աշխատանքային կարգապահության խախտում, որի դեպքում կարող են կիրառվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված տույժերը, ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի լուծում (տե՛ս «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/3614/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.07.2018 թվականի որոշումը):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները, իսկ աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը` գործատուները (գործատուների ներկայացուցիչները):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ:

Այսինքն՝ աշխատողի կարգապահական պատասխանատվությունն իրագործվում է նրա նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգապահական սանկցիաների (ներգործության միջոցներ) կիրառմամբ:

Նշված միջոցները նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:

Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավազորությամբ օժտված է գործատուն, ով աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքն իրականացնում է անհատական իրավական ակտ ընդունելու միջոցով, ընդ որում, պարտադիր է գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու համար օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Վերոգրյալից բխում է, որ աշխատողի նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական տույժ՝ ներքոհիշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- աշխատողը թույլ է տվել աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահության կանոններից որևէ մեկի խախտում,

- խախտումը տեղի է ունեցել աշխատանքային որևէ պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով,

- խախտումը կատարվել է աշխատողի մեղքով,

- խախտումը կատարել է կոնկրետ աշխատողը:

Այսինքն՝ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը պետք է պայմանավորվի ոչ միայն կարգապահության խախտման, այլև այդ խախտման մեջ աշխատողի մեղքի առկայության, աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի համակցությամբ:

Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային կարգապահությունը ենթադրում է աշխատողի կողմից իր իրավունքներից բարեխիղճ օգտվելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու պարտականություն: Աշխատանքային կարգապահության պահպանումը պետք է յուրաքանչյուր աշխատողի համար համարվի վարքագծի պարտադիր, այլ ոչ թե ընտրանքային կանոն, որի պահպանումը յուրաքանչյուր աշխատողի պարտականությունն է, իսկ դրանով ամրագրված պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հիմք է նրա նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված ներգործության համապատասխան միջոցների կիրառման համար:

Միաժամանակ, չնայած նրան, որ աշխատողի կողմից աշխատանքային կարգապահությունը խախտելու դեպքում գործատուն ինքն է որոշում կիրառման ենթակա կարգապահական տույժի տեսակը, այնուամենայնիվ, այն չի կարող կրել կամայական բնույթ, և յուրաքանչյուր դեպքում գործատուի ընտրած կարգապահական տույժի տեսակը պետք է համաչափ լինի աշխատողի կատարած խախտման ծանրությանը, որի ապահովմանն էլ ուղղված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված՝ մինչև կարգապահական տույժի կիրառումն աշխատողից խախտման մասին պարտադիր գրավոր բացատրություն պահանջելու գործատուի պարտականությունը։

Ենթադրյալ խախտում թույլ տված աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գրավոր բացատրություն պահանջելու և այդ բացատրության ներկայացման համար ողջամիտ ժամանակ տրամադրելու գործատուի պարտականությունն ինքնանպատակ չէ. ուղղված է աշխատողի իրավունքներն ու պարտականությունները հավասարակշռելուն, գործատուի կողմից ինքնիրավչությունն ու աշխատողի իրավունքների խախտումը կանխելուն:

Փաստորեն, մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է, իսկ այդ բացատրությունն աշխատողից պետք է պահանջվի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ (տե՛ս Էդգար Գրիգորյանն ընդդեմ «Ազադ Ֆայն Քեմիքլս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/1066/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ գործատուի կայացրած իրավական ակտը պետք է հիմնված լինի խախտման փաստի օբյեկտիվ և բազմակողմանի (հաշվի առնելով նաև աշխատողի փաստարկներն ու պատճառաբանությունները) քննության վրա:

Այլ կերպ ասած, գործատուի կողմից աշխատանքային կարգապահությունը խախտած անձի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս և այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունն աշխատողի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին, դրա արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին: Այսինքն` առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ աշխատանքային կարգապահական պատասխանատվության միջոց, և հակառակը: (...) Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է նաև աշխատանքային իրավահարաբերությունների կայունության պահպանմանը, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձևական բնույթ, ուստի և տույժ նշանակելիս գործատուն պարտավոր է իրավական գնահատման ենթարկել աշխատողի կատարած խախտման բնույթը, դրա ծանրությունը և արդյունքում վրա հասնող իրավական հետևանքները, աշխատողի նախկինում կատարված աշխատանքը, ինչպես նաև աշխատանքային բնականոն հարաբերությունների խաթարման պատճառ հանդիսացած այլ հանգամանքները (տե՛ս Հարություն Անտոնյանն ընդդեմ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/3661/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2021 թվականի որոշումը):

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝ կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը, ռեկտորը):

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «կառավարիչը`

(...)

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

10) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ»:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել կառավարչի նաև այլ իրավասություններ:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության (այսուհետ նաև՝ Կանոնադրություն) (հաստատվել է ՀՀ կառավարության 27.11.2014 թվականի թիվ 1408-Ն որոշմամբ, փոփոխությունը գրանցվել է 13.09.2021 թվականին) 56-րդ կետի համաձայն՝ «ԵՊՀ ռեկտորը՝

(...)

11) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է (...) գիտահետազոտական ինստիտուտների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունը,

(...)

13) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, (...)»:

Կանոնադրության 131-րդ կետի համաձայն՝ ԵՊՀ-ի աշխատողները պարտավոր են՝

«1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.

2) կատարել ԵՊՀ-ի ղեկավար մարմինների օրինական որոշումները.

(...)

6) կատարել ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերով նախատեսված պարտականություններ»:

Շարադրվածն ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

- ԵՊՀ-ի ռեկտորն աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում է նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունը.

- ԵՊՀ-ի ռեկտորն իր իրավասության սահմաններում արձակում է կատարման համար պարտադիր ցուցումներ՝ հանձնարարություններ և վերահսկում դրանք.

- կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կրում է ռեկտորի՝ որպես ԵՊՀ-ի կառավարման և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի իրավասությունը սահմանող և վերահսկող մարմնի օրինական ցուցումները կատարելու պարտականություն:

 

Վերը նշված դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան՝ հայցվոր Գևորգ Էմին-Տերյանը պահանջել է անվավեր ճանաչել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07.09.2021 թվականի թիվ 165/80 հրամանը:

Գործի քննության ընթացքում հայտնած գրավոր և բանավոր դիրքորոշումներով հայցվոր Գևորգ Էմին-Տերյանը ի թիվ այլնի հայտնել է, որ Mulberry համակարգի միջոցով պատասխանողի ուղարկած գրությամբ բացատրություն է պահանջվել առ այն, «թե ինչու է հերքման տեքստը հրապարակվել առանց իմ համաձայնությունը ստանալու», մինչդեռ, ինչպես վկայում է հրամանի ուսումնասիրությունը, հայցվորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել այլ արարքի համար, իբր թե հայցվորը չի կատարել իր պարտականությունը՝ հոգ տանելու ԵՊՀ-ի հեղինակության մասին: Հիմնավորված չէ ԵՊՀ-ի մասին հոգ տանելու պարտականության խախտման փաստը, հրամանում վկայակոչված 227 կետը չունի իրավական որոշակիություն, և իր նկատմամբ այդ պարտականության խախտման համար չէր կարող կիրառվել կարգապահական պատասխանատվության միջոց։ Հրամանով հայտարարված է խիստ նկատողություն, սակայն հիմնավորված չէ մեղքը, խախտման ծանրությունը և այլ հանգամանքեր։

Վիճարկվող հրամանի փաստական հիմքերը չեն համընկնում իրավական հիմքերի հետ: Որպես իրավական հիմք նշված է ԵՊՀ-ի հեղինակության մասին հոգ տանելու պարտականությունը, սակայն որպես փաստական հիմք ներկայացվել է, որ հայցվորը չի կատարել աշխատանքային հանձնարարությունը: Աշխատանքային հանձնարարությունը բաղկացած է եղել երկու կետից. պատրաստել հերքման տեքստ և համաձայնեցնել տեքստը գործատուի հետ: Հրամանում ներառված է այն, որ հերքման տեքստ չի պատրաստվել և չի հրապարակվել, այնինչ պատասխանող կողմն ընդունել է, որ հերքման տեքստը հրապարակվել է առանց համաձայնեցնելու: Դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը հայտնել է, որ հերքման տեքստի բովանդակությունը չի համապատասխանել գործատուի պահանջներին, ընդ որում այդ պահանջների մասին աշխատանքային հանձնարարության մեջ նշված չի եղել: ԵՊՀ-ի հեղինակության մասին հոգ տանելու պարտականությունը վերացական պահանջ է, հետևաբար աշխատողը չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իրավական որոշակիությունից զուրկ նորմի խախտման համար: Պատիժը պետք է համաչափ լինի, ուստի, եթե ԵՊՀ-ի հեղինակությունը չի տուժել և խիստ նկատողություն է հայտարարվել, իսկ տուժելու պարագայում ի՞նչ պետք է արվեր: Գևորգ Էմին-Տերյանը «Գևորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ գրված է, որ նյութն ամբողջությամբ կեղծիք է և զրպարտություն: Իրենք չեն ընդունում այն հանգամանքը, որ տեքստը համաձայնեցված չի եղել գործատուի հետ: ԵՊՀ-ի ռեկտորը հաստատել է, որ ստացել է հրապարակման տեքստը:

Պատասխանողը գործի քննության ընթացքում հայտնած գրավոր և բանավոր դիրքորոշումներով հայտնել է, որ հայցվորի կողմից չի կատարվել կամ առնվազն ոչ պատշաճ է կատարվել իր վերադասի՝ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի աշխատանքային հանձնարարությունը, կատարվել է նյութի հրապարակում՝ առանց ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ նախապես համաձայնեցնելու, հրապարակված նյութի տեքստը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին է ուղարկվել դրա հրապարակումից հետո, որը չի պարունակել աշխատանքային հանձնարարությամբ նշված նյութի հերքման բովանդակություն: Գևորգ Էմին-Տերյանի աշխատանքային պայմանագրով և պաշտոնի անձնագրով որպես աշխատանքային պարտավորություն ամրագրված է, որ պետք է հոգ տանի ԵՊՀ-ի հեղինակության մասին: Տպագրված հոդվածը միանշանակ վերաբերել է ոչ թե Հովհաննես Հովհաննիսյան անձին, այլ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, որն անբաժանելի կապ է ստեղծում ցանկացած ընթերցողի մոտ, որ այդ հոդվածը կապված է ԵՊՀ-ի հետ, քանի որ հոդվածում անընդհատ նշվում է ԵՊՀ-ի ռեկտորի ժպ: Եթե անձը թույլ է տալիս այնպիսի աշխատանքային կարգապահական խախտում, որը չի ենթադրում ԲՈՒՀ-ի հեղինակության համար վտանգ, ապա դա հասարակ աշխատանքային կարգապահական խախտում կհամարվի, իսկ տվյալ դեպքում Գևորգ Էմին-Տերյանը չի հերքել և դրանով իսկ ԲՈՒՀ-ի ռեկտորի մոտ ողջամիտ ենթադրություն է առաջացել, որ, եթե դա չկանխվեր, հնարավոր է առաջացներ ԲՈՒՀ-ի հեղինակազրկման վտանգ: Հոդվածը հրապարակվել է, սակայն այն չի համաձայնեցվել և այդ հոդվածը հերքում չի եղել:

Դատարանն արձանագրել է, որ «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի 26.08.2021 թվականի «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ գրությամբ նշված հանձնարարության՝ հերքման տեքստի նախագիծը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հ. Հովհաննիսյանի հետ չհամաձայնեցնելու հանձնարարության ենթադրյալ չկատարումը չի կարող համարվել հայցվորի՝ ԵՊՀ հեղինակության բարձրացման մասին հոգ տանելու պարտավորության չկատարում: Ավելին, պատասխանողը, կրելով ապացուցման բեռի պարտականությունը, չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ հերքման տեքստի նախագիծը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հ. Հովհաննիսյանի հետ չի համաձայնեցվել և հրապարակված տեքստը հանձնարարության պահանջներին չի համապատասխանել։ Ընդ որում, պատասխանողն իր 31.08.2021թ. «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ գրությամբ ընդունել է, որ հերքման տեքստը հրապարակվել է և այն «mulberry» էլեկտրոնային համակարգով ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատարին է ուղարկվել 27.08.2021 թվականին, մինչդեռ պատասխանողի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որ հերքման տեքստը «mulberry» էլեկտրոնային համակարգով ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատարին է ուղարկվել 27.08.2021 թվականին՝ դրա հրապարակումից հետո միայն: 31.08.2021թ. «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ գրության վերնագրի և բովանդակության համադրումից լիարժեքորեն չի բխում, որ դրանով հայցվորից պահանջվել է գրավոր բացատրություն որևէ ենթադրյալ իրավախախտման համար՝ կարգապահական վարույթի շրջանակներում։ Իսկ այդպիսին դիտարկելու պարագայում անգամ, այն չի կարող համարվել խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու գրություն՝ հրամանի հիմքում ընկած ենթադրյալ խախտման («Աշխատողը պարտավոր է հոգ տանել ԵՊՀ հեղինակության բարձրացման մասին») վերաբերյալ: Հետևաբար, աշխատողը զրկված է եղել վիճարկվող հրամանի հիմքում դրված իրավական նորմով սահմանված դիսպոզիցիայով նկարագրված պահանջի ենթադրյալ խախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու իրավաչափ հնարավորությունից»:

Դատարանը, անդրադառնալով «հերքման տեքստի նախագիծը նախապես էլեկտրոնային եղանակով ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի հետ համաձայնեցնելու» հանձնարարության՝ աշխատանքային հանձնարարություն հանդիսանալու հանգամանքին և աշխատողի` այն կատարելու պարտականությանը, արձանագրել է, որ «ԵՊՀ ռեկտոր ժ/պ Հ. Հովհաննիսյանի «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ գրությունից, ինչպես նաև «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածի բովանդակությունից հստակ երևում է, որ հայցվորի վրա դրվել է իր աշխատանքային գործառույթների, ինչպես նաև գործատուի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ իրավաբանական անձի հետ որևէ առնչություն չունեցող, ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հ. Հովհաննիսյանի՝ որպես ֆիզիկական անձի հետ կապված պարտականություն, որի կատարումը չէր բխում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասից, հայցվորի աշխատանքային պարտականություններից, ուստի այս առումով նշված հանձնարարությունը չկատարելը չէր կարող համարվել ոչ իրավաչափ վարքագիծ: Ավելին, 24.08.2021թ. «Առավոտ» օրաթերթում տպագրված նյութի բովանդակությունից հետևում է, որ այն կարող էր վերաբերել բացառապես ֆիզիկական անձի, մասնավորապես «մեծն աստվածաբան», «վեհագույն հայագետ», «Մեծ Հայքի կրթության և գիտության վերջին հույս» արտահայտությունները ԵՊՀ հիմնադրամին՝ որպես գործատուի և որպես իրավաբանական անձի, չեն կարող վերագրվել, դրանք մարդուն նկարագրող գնահատողական դատողություններ են»:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով, վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ, 218-րդ, 220-րդ, 222-224-րդ, 226-րդ հոդվածները, Դատարանը վճռել է հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07092021 թվականի թիվ 165/80 հրամանը:

Վերաքննիչ դատարանը որպես պարզման ենթակա առաջադրել է հետևյալ հարցադրումը. «արդյո՞ք սույն վեճի ծագման հիմք հանդիսացած հրամանի առանցքում ընկած փաստական տվյալը («Առավոտ» օրաթերթում արված հրապարակումը) և այդ տվյալը՝ համալսարանի ռեկտորի ժ/պ-ի՝ 26.08.2021 թվականի հանձնարարությամբ սահմանված ձևաչափով չհերքելն առհասարակ բխել է Հիմնադրամի՝ որպես գործատու և Գևորգ Էմին-Տերյանի՝ որպես աշխատող աշխատանքային իրավահարաբերություններից, արդյո՞ք տվյալ աշխատանքային հանձնարարությունը բխել է գործատու-աշխատող հարաբերություններից և այդպիսի հանձնարարության չկատարումն արդյո՞ք գործատուի աշխատանքային կարգապահության խախտում է հանդիսանում»։

Առաջադրված հարցադրման համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ««Առավոտ» օրաթերթում 24082021թ-ին ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի կողմից հրապարակվել է հոդվածը, որի ամբողջական ուսումնասիրության, սկսած հոդվածի վերտառության և բովանդակության համադրական հետազոտման արդյունքում հետևությունն այն է, որ հրապարակված նյութը ամբողջությամբ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյան ֆիզիկական անձին և նրա գործողություններին՝ նախքան ռեկտորի ժամանակավոր պաշտոնին նշանակվելը։ (...) Նշված բովանդակությամբ աշխատանքային հանձնարարություն վերտառությամբ փաստաթղթից ուղղակիորեն հետևում է, որ գործատուի ակնկալիքն ուղղված է «Առավոտ» օրաթերթում 24.08.2021թ.-ի «Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերնագրով տպված նյութի հերքմանը։ Այնինչ օրաթերթում տպված հիշյալ հոդվածն իր բովանդակությամբ ուղղված է Հովհաննես Հովհաննիսյան ֆիզիկական անձին և նրա նախկին գործունեությանը։ Հոդվածում վերջինիս հղվում են որոշակի հարցադրումներ։ Իսկ ողջ հոդվածն իր բովանդակությամբ չի բովանդակում որևէ առերևույթ զրպարտություն և (կամ) վիրավորանք՝ ուղղված Երևանի պետական համալսարանի հասցեին (ընդ որում՝ հակառակն ապացուցող որևէ փաստական տվյալ գործում առհասարակ բացակայում է)։ (...) «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և ԵՊՀ կանոնադրության իրավակարգավորումների շրջանակում Հովհաննես Հովհաննիսյանը կարող է Երևանի պետական համալսարանի անունից գործել՝ ներկայացնելով վերջինիս, ինչպես նաև պաշտպանելով վերջինիս շահերը, սակայն Հովհաննես Հովհաննիսյանը չի կարող, գործելով Երևանի պետական համալսարանի անունից, աշխատանքային հանձնարարություն տալու միջոցով պահանջել ի շահ իրեն՝ որպես ֆիզիկական անձ Հովհաննես Հովհաննիսյանի որոշակի գործողությունների կատարում, և առավել ևս այդպիսի պահանջի չկատարման բացասական հետևանքները չեն կարող որակվել որպես աշխատողի կողմից աշխատանքային կարգապահության խախտում՝ դրանից բխող հետևանքներով։ Գևորգ Էմին-Տերյանը 24082021թ-ին հոդված հրապարակելիս չի գործել որպես ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, մամուլի խոսնակ, այլ գործել է որպես ֆիզիկական անձ Գևորգ Էմին-Տերյան»:

Վկայակոչված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Երևանի պետական համալսարանի անունից գործող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 26082021 թվականի աշխատանքային հանձնարարություն վերտառությամբ փաստաթղթով ԵՊՀ մամուլի խոսնակին «Գևորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով հոդված (հերքում) հրապարակելու պահանջը չի տեղավորվում գործատու-աշխատող իրավահարաբերությունների շրջանակում: (...) Բացի այդ, նշված հրապարակումը կատարվել է ոչ թե ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ էմին-Տերյանի կողմից, այլ հրապարակումը կատարած ԶԼՄ-ի հոդվածի հեղինակն անձամբ Գևորգ Էմին-Տերյանն է, ով ի պաշտոնե չի գործել, հրապարակումը կատարվել է աշխատանքային իրավահարաբերություններից դուրս, ուստի հերքման տեքստ հրապարակելու հիմքերն ու ընթացակարգն այլ է: Նշվածից հետևությունն այն է, որ դրա իրավաչափ չլինելու հանգամանքը բացառում է այն չկատարելու մեջ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը»:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «պատասխանող կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ և չի հիմնավորել այն փաստը, որ 24.08.2021թ.-ին Գևորգ Էմին-Տերյանի կողմից «Առավոտ» օրաթերթում տպագրված նյութն իր բովանդակությամբ զրպարտություն է ուղղված հենց Երևանի պետական համալսարանի հասցեին, և այդ կապակցությամբ ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին տրված աշխատանքային հանձնարարությունը՝ համարժեք հերքման տեքստ հրապարակելու տեսքով, բխել է հենց Երևանի պետական համալսարանի և Գևորգ Էմին-Տերյանի աշխատանքային հարաբերություններից: Գևորգ Էմին-Տերյանը պարտավորվել է կատարել իր և գործատուի միջև կնքված անհատական իրավական ակտին համահունչ և միայն այդ աշխատանքային իրավահարաբերություններից բխող հանձնարարությունները։ Ուստի, հարցի կապակցությամբ պարզաբանման ենթակա միակ հարցադրումը պետք է լիներ՝ արդյո՞ք աշխատանքային հանձնարարությունը բխել է գործատու-աշխատող աշխատանքային հարաբերությունների բնույթից։ Ինչի պատասխանն էլ սույն որոշմամբ Վերաքննիչ դատարանի կողմից հանգամանորեն տրվել է: Ավելին, պարզ չէ, թե առհասարակ հրապարակվել է հերքում, թե ոչ, եթե այնուամենայնիվ հրապարակվել է, ապա որ օրը և այդ օրվա կոնկրետ ժամը քանիսին է հրապարակվել այն, ինչպիսի բովանդակություն է այն ունեցել և վերջիվերջո Mullberry էլեկտրոնային համակարգով Հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին հերքման տեքստի նախագիծը ուղարկվել է նախքան ենթադրյալ հրապարակումը, թե ենթադրյալ հրապարակումից հետո։ Այս հանգամանքների ապացուցման բեռը կրում էր պատասխանող կողմը, առավել ևս, որ Mullberry էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս բացահայտել թե կոնկրետ հասցեատերերի միջև տեղի ունեցած էլեկտրոնային գրագրությունը (փաստաշրջանառությունը) կոնկրետ որ օրը և այդ օրվա ժամը քանիսին է եղել։ Ասվածը առավել քան տրամաբանական է, քանի որ նշված ապացույցների՝ քաղաքացիական գործում բացակայության պայմաններում հնարավոր չէ բացառել, որ Գևորգ Էմին-Տերյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի 26082021 թվականի աշխատանքային հանձնարարություն վերտառությամբ փաստաթղթով պահանջվող գործողությունը կատարել է մինչև 27082021 թվականի ժամը 13։00-ին, այսինքն` այդ փաստաթղթով սահմանված ժամկետում, չհաշված որ հերքման տեքստի բացակայության պայմաններում առհասարակ հնարավոր չէ հասկանալ, թե բովանդակային առումով վերջիվերջո ինչի հետ համաձայն չի եղել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը։ Հետևաբար, վիճելի է մնում վերոհիշյալ փաստերի հաստատված լինելու հարցը, ուստիև այդ մասով ևս դրա բացասական հետևանքները կրում է պատասխանողը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ ստորադաս դատարանները հայցը մերժելիս և վճիռն անփոփոխ թողնելիս հիմք են ընդունել այն, որ՝

- հայցվորի վրա դրվել է իր աշխատանքային գործառույթների, գործատու ԵՊՀ-ի՝ որպես իրավաբանական անձի հետ առնչություն չունեցող, ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Հ. Հովհաննիսյանի՝ որպես ֆիզիկական անձի հետ կապված պարտականություն, որի կատարումը չէր բխում հայցվորի աշխատանքային պարտականություններից,

- 24.08.2021 թվականի «Առավոտ» օրաթերթում տպագրված նյութն ամբողջությամբ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյան ֆիզիկական անձին և նրա գործողություններին,

- Հովհաննես Հովհաննիսյանը չի կարող, գործելով ԵՊՀ-ի անունից, աշխատանքային հանձնարարություն տալու միջոցով պահանջել ի շահ իրեն՝ որպես ֆիզիկական անձ Հովհաննես Հովհաննիսյանի որոշակի գործողությունների կատարում,

- գործատուի ակնկալիքն ուղղված է «Առավոտ» օրաթերթում 24.08.2021 թվականին տպված նյութի հերքմանը, այնինչ հոդվածն իր բովանդակությամբ ուղղված է Հովհաննես Հովհաննիսյան ֆիզիկական անձին և նրա նախկին գործունեությանը, ողջ հոդվածն իր բովանդակությամբ չի բովանդակում որևէ առերևույթ զրպարտություն և (կամ) վիրավորանք՝ ուղղված Երևանի պետական համալսարանի հասցեին.

- հերքման տեքստ հրապարակելու հիմքերն ու ընթացակարգն այլ են:

Հայցը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանություններից վկայակոչված առանցքային եզրահանգումներին անդրադառնալիս Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ գործի քննության ընթացքում կողմերի հայտնած դիրքորոշումներից և ներկայացրած ապացույցներից հետևում է, որ ինչպես հայցվոր Գևորգ Էմին-Տերյանը, այնպես էլ ԵՊՀ-ն ընդունել են Գևորգ Էմին-Տերյանի՝ որպես աշխատողի կողմից 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունն ստանալուց հետո որոշակի (անհայտ) բովանդակությամբ տեքստ պատրաստելու, այն 27.08.2021 թվականին ԵՊՀ-ին ուղարկելու, ԵՊՀ-ի կողմից 27.08.2021 թվականին ստացվելու, ինչպես նաև՝ այն հրապարակելու հանգամանքները (տե՛ս կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև փաստեր 6, 7, 8):

Հետևաբար Վերաքննիչ դատարանը, կասկածի տակ դնելով առհասարակ 26.08.2021 թվականի հանձնարարությունը որևէ կերպ կատարված լինելու, այն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին ուղարկված լինելու կամ չլինելու, հրապարակման ժամանակի և բովանդակության հարցերն ու դրանք քննարկման առարկա դարձնելով, ըստ էության, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, գնահատման առարկա է դարձրել հարցեր, որոնք չեն դրվել վճռի հիմքում, գործի ելքը որևէ կերպ չեն կանխորոշել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա պետք է դարձվեին հետևյալ հարցադրումները՝

1) հայցվոր Գևորգ-Էմին-Տերյանը՝ որպես աշխատող, ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 26.08.2021 թվականի հանձնարարությունը կատարելու պարտականություն ունեցե՞լ է, թե՞ ոչ,

2) եթե այո՝ գործատուի կողմից շարադրված բովանդակությամբ հանձնարարությունը կատարե՞լ է, թե՞ ոչ:

 

1) Առաջին հարցադրման կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ որոշակի (անհայտ) բովանդակությամբ տեքստի նախագիծ պատրաստվելու և այն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանին ուղարկելու, ինչպես նաև հրապարակվելու փաստերն անվիճելի են այնքանով, որքանով ըստ էության չվիճարկվելով՝ ընդունվել են հայցվորի և պատասխանողի կողմից:

Միաժամանակ սույն գործով ԵՊՀ-ի՝ որպես գործատուի կողմից Գևորգ Էմին-Տերյանին՝ որպես աշխատողին հասցեագրված 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը կատարելու պարտականություն ունենալու փաստը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Այսպես, վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող թիվ 1, 2 և 3 փաստերից հետևում է, որ ԵՊՀ-ի՝ «Աշխատանքի ընդունելու մասին» 27.02.2018 թվականի հրամանով Գևորգ Էմին-Տերյանն ընդունվել է աշխատանքի որպես ԵՊՀ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ, 26.07.2019 թվականի հրամանով տեղափոխվել է այլ աշխատանքի և նշանակվել ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ, 15.11.2019 թվականի հրամանով Գևորգ Էմին-Տերյանի հետ 01.01.2020 թվականից աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են անորոշ ժամկետով, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի մյուս դրույթները թողնվել են անփոփոխ:

Վկայակոչված անհատական իրավական ակտերով Գևորգ Էմին-Տերյանն ունեցել է ի թիվ այլնի ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները պահպանելու, ԵՊՀ-ի ղեկավար մարմինների օրինական որոշումները կատարելու, ԵՊՀ-ի հեղինակության բարձրացման մասին հոգ տանելու պարտականություններ (տե՛ս փաստեր 1, 2, 3):

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ելնելով մամլո խոսնակի գործունեության առանձնահատկությունից և, օրինակ, ԵՊՀ-ի հեղինակության բարձրացման մասին հոգալու պարտականության բովանդակությունից, վերջինիս վրա ԵՊՀ-ի ղեկավար մարմնի ցուցումով կարող են դրվել նաև համանման այլ պարտականություններ, այդ թվում՝ տրվել հանձնարարություններ:

Մասնավորապես ԵՊՀ-ի մամլո խոսնակի՝ որպես կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի համար հստակ սահմանված չեն այն գործողությունները, որոնք ենթակա են կատարման, ինչը, ինչպես արդեն նշվեց ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումների վկայակոչմամբ, լիովին իրավաչափ է. աշխատանքային պարտականությունները նման կերպ սահմանված լինելու պայմաններում միանշանակ է, որ հայցվորը, քաջատեղյակ լինելով, օրինակ, ԵՊՀ-ի շահերից բխող պարտականություններ իրականացնելու, դրանից բխող՝ ԵՊՀ-ի կառավարման մարմնի օրինական ցուցումները կատարելու պարտականության առկայության մասին, իրազեկված է նաև այն հնարավոր հանձնարարությունների, ցուցումների կատարման հավանականության մասին, որոնք կարող են բխել ինչպես ԵՊՀ-ի շահերից բխող գործողություններ իրականացնելու, այնպես էլ ԵՊՀ-ի կառավարման մարմնի հանձնարարությունները կատարելու պարտականության բնույթից:

Մասնավորապես, օրինակ ԵՊՀ-ի հեղինակության պահպանման նկատառումով ԵՊՀ-ի ռեկտորի՝ որպես կառավարման մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի իրավասությունը սահմանելու իրավունք ունեցող անձի՝ ռեկտորի կողմից կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին կարող է ցուցվել ԵՊՀ-ի հեղինակության պահպանմանը, այն որևէ կերպ խաթարող հանգամանքների չեզոքացմանը միտված հանձնարարությունների կատարում, ինչպես օրինակ՝ ԵՊՀ-ի վերաբերյալ հրապարակված նյութերի վերլուծություն, արձագանք և այլն:

Հետևաբար Գևորգ Էմին-Տերյանի՝ որպես կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, մամլո խոսնակի՝ ԵՊՀ-ի հեղինակության բարձրացման մասին հոգալու և ռեկտորի հանձնարարությունները կատարելու պարտականությունն ուղղակիորեն կանխորոշում է վերջինիս՝ որպես աշխատողի գործունեության ուղղություններն ու առանցքային գործողությունները, թեև դրանք ուղղակիորեն սահմանված չեն, այդուհանդերձ, բխում են վերջինիս պաշտոնի բնույթից, կառավարման մարմնի որոշումները կատարելու պարտականությունից:

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող թիվ 4 փաստից հետևում է, որ «Առավոտ» օրաթերթում 24082021 թվականին հրապարակված հոդվածը օբյեկտիվ դիտորդի ընկալմամբ կարող է գնահատվել «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանին» վերաբերող: Ընդ որում, թեև հոդվածի առանձին բաղադրիչներ, հարցադրումներ կարող են որակվել որպես ՀՀ քաղաքացի Հ. Հովհաննիսյանին հասցեագրված, այդուհանդերձ, այլ է առանձին բաղադրիչներից ձևավորված համատեքստի ընդհանրական բովանդակությունն ու օբյեկտիվ դիտորդի , հանրության կողմից ընկալումը:

Մասնավորապես, տվյալ դեպքում հոդվածն առանց հայցվորի և ստորադաս դատարանների նախընտրած մասնավորեցումների (օրինակ ստորադաս դատարանները ըստ էության նշել են, որ «մեծն աստվածաբան», «վեհագույն հայագետ», «Մեծ Հայքի կրթության և գիտության վերջին հույս» արտահայտությունները ԵՊՀ հիմնադրամին՝ որպես գործատուի և որպես իրավաբանական անձի չեն կարող վերագրվել, դրանք մարդուն նկարագրող գնահատողական դատողություններ են կարող էր վերաբերել բացառապես ֆիզիկական անձի) դիտարկելու պայմաններում ակնհայտ է, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները, թեկուզև հարցադրումների ձևով (ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձևական բնույթ է կրում, հարցադրումներն ըստ էության ճարտասանական են) բացառապես նպատակ են հետապնդում անվերապահորեն արձանագրելու ԵՊՀ-ի՝ որպես Մայր բուհի հեղինակազրկման վտանգը Հ. Հովհաննիսյանի՝ որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու փաստով պայմանավորված:

Իր հերթին ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանը, հանդես գալով որպես ԵՊՀ-ի կառավարիչ, հրապարակված հոդվածը գնահատելով որպես ԵՊՀ-ի հեղինակությունը և գործարար համբավն արատավորող, ի պաշտոնե որպես ԵՊՀ-ի աշխատակից, ստորաբաժանման ղեկավար, մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին 26.08.2021 թվականին հասցեագրել է հանձնարարություն հետևյալ բառացի շարադրանքով՝ «1. Մինչև 27.08.2021թ., ժամը` 13:00-ն, պատրաստել «Առավոտ» օրաթերթին ներկայացվելիք հերքման տեքստի նախագիծ, 2. Հերքման տեքստի նախագիծը, նախապես էլեկտրոնային եղանակով համաձայնեցնել ինձ հետ»:

Շարադրվածից հետևում է, որ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի կողմից մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանից պահանջվել է պատրաստել նախագիծ և այն համաձայնեցնել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի հետ:

Ասվածի համատեքստում ստորադաս դատարանների հետևությունները՝ հերքման տեքստ հրապարակելու վերաբերյալ հանձնարարությունը ԵՊՀ-ի՝ որպես գործատուի և Գևորգ Էմին-Տերյանի՝ որպես աշխատողի աշխատանքային իրավահարաբերություններից չբխելու, հերքում հրապարակելու պահանջը գործատու-աշխատող իրավահարաբերությունների շրջանակում չտեղավորվելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գնահատում է գործի փաստական հանգամանքներից, մասնավորապես 26.08.2021 թվականի հանձնարարության բովանդակությունից չբխող:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գևորգ Էմին-Տերյանից՝ որպես ԵՊՀ-ի մամլո խոսնակից պահանջվել է բացառապես տեքստի նախագծի պատրաստում և համաձայնեցում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ տրվել է հերքման տեքստ հրապարակելու հանձնարարություն:

Այսպիսով, չի հիմնավորվել, որ 26.08.2021 թվականի հանձնարարությամբ աշխատողի վրա դրվել է հերքում հրապարակելու պարտականություն, քանի որ այդպիսի բովանդակությամբ հանձնարարություն գործում առկա չէ, իսկ տրված հանձնարարությունն էլ աշխատողի կողմից պարտադիր կատարման ենթակա որևէ անօրինական ցուցում չի պարունակում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ 26.08.2021 թվականի բովանդակությամբ հանձնարարությունը (տե՛ս փաստ 5) բխում է ինչպես ԵՊՀ-ի կառավարման մարմնի՝ որպես գործատուի՝ հանձնարարություն տալու, դրա կատարումը վերահսկելու իրավասությունից, այնպես էլ այդ հանձնարարությունը կատարելու և ԵՊՀ-ի հեղինակության բարձրացման մասին հոգալու Գևորգ Էմին-Տերյանի՝ որպես աշխատողի պարտականությունից (տե՛ս սույն որոշման 1). կետը):

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Գևորգ-Էմին-Տերյանը՝ որպես աշխատող, ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 26.08.2021 թվականի հանձնարարությունը (տեքստի նախագծի պատրաստում և համաձայնեցում) կատարելու պարտականություն ունեցել է:

 

2) Երկրորդ հարցադրման կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ միաժամանակ սույն գործով ԵՊՀ-ի՝ որպես գործատուի կողմից Գևորգ Էմին-Տերյանին՝ որպես աշխատողին հասցեագրված 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը կատարված չլինելու փաստը հիմնավորվում է գործում առկա ապացույցներով:

Այսպես, ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի կողմից ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանին հասցեագրված «Բացատրություն» վերտառությամբ 31.08.2021 թվականի գրությամբ փաստացի ներկայացված են 26.08.2021 թվականի հանձնարարությունը չկատարելու պատճառները, որոնք ըստ էության հանգում են հետևյալին՝

- 24.08.2021 թվականին «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածը վերաբերել է Հ. Հովհաննիսյանին՝ որպես ֆիզիկական անձի, ոչ թե որպես ԵՊՀ-ի ռեկտորի,

- հոդվածը չի վերաբերում ԵՊՀ-ին, չի առնչվում վերջինի հեղինակությանը, ԵՊՀ-ի իրավունքները որևէ կերպ խախտված չեն,

- Ռեկտորը Գևորգ Էմին-Տերյանին հոդվածը հերքելու պահանջ ներկայացնելու իրավունք չունի:

Այսինքն՝ աշխատողը ներկայացված բացատրությամբ անուղղակիորեն ընդունել է հանձնարարությունը կատարված չլինելու հանգամանքը՝ շարադրելով այն չկատարելու պատճառները:

Ընդ որում, հանձնարարությունը չկատարելու վկայակոչված պատճառաբանությունները չեն բխում բուն հանձնարարությունից, դրա բովանդակությունից, քանի որ 26.08.2021 թվականի հանձնարարությունը չի բովանդակում հայցվորի՝ որպես հոդվածի հեղինակ ֆիզիկական անձի անունից հերքում հրապարակելու պահանջ:

Անդրադառնալով նաև գործատուի աշխատանքային հանձնարարությունը հստակ և որոշակի չլինելու վերաբերյալ հայցվորի բացատրություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ցանկացած աշխատանքային գործունեություն ենթադրում է գործատուի կողմից աշխատողին հանձնարարությունների հասցեագրում և վերջինիս կողմից նշված հանձնարարությունների կատարմանն ուղղված գործողությունների իրականացում, և նշված բնականոն աշխատանքային գործընթացի ընթացքում օբյեկտիվորեն հնարավոր են իրավիճակներ, երբ տրված հանձնարարությունների կապակցությամբ աշխատողի մոտ առկա լինեն որոշակի մտահոգություններ և (կամ) հարցեր ու (կամ) աշխատողի համար հանձնարարության կատարման կապակցությամբ պահանջվեն լրացուցիչ պարզաբանումներ, ինչը, սակայն, չի կարող ենթադրել, որ աշխատողը կարող է առհասարակ հրաժարվել նշված հանձնարարությունների կատարումից և ցուցաբերել լիակատար անգործություն:

Բարեխիղճ աշխատանքը ենթադրում է, որ աշխատողը ողջամտորեն պետք է ձեռնարկի որոշակի միջոցներ՝ բացահայտելու իրեն առաջադրված պահանջի բովանդակությունը և ակնկալվող կատարման եղանակը (այդ թվում՝ ներկայացնել նշված խնդիրը իր անմիջական աշխատանքային ղեկավարին), և (կամ) ողջամտության սահմաններում ձեռնարկել միջոցներ իրեն հասցեագրված հանձնարարության կապակցությամբ առկա հարցերի պատասխանները ստանալու համար, որպիսի գործողությունների կատարումից հետո և գործատուի կողմից հանձնարարության կատարման խոչընդոտների վերացման կապակցությամբ որոշակի միջոցներ չձեռնարկելու պայմաններում միայն կարելի է խոսել աշխատողի մոտ մեղքի, ուստի և կարգապահական խախտման դեպքի բացակայության մասին:

Մինչդեռ տվյալ դեպքում հայցվորը, ստանալով հանձնարարականը, ի սկզբանե ցուցաբերել է անգործություն, իսկ հայցվորի կողմից վկայակոչված խնդիրների բնույթը թույլ է տալիս եզրահանգել, որ հայցվորի կողմից շրջահայացություն և բարեխղճություն ցուցաբերելու պայմաններում դրանք կարելի էր լուծել և սահմանված կարգով իրականացնել աշխատանքային հանձնարարությունը, ինչը, սակայն, հայցվորի կողմից չի կատարվել:

Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին թույլ է տալիս եզրահանգելու, որ հայցվորն ունեցել է 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը կատարելու պարտականություն, հանձնարարության կատարումը բխել է հայցվորի՝ որպես ստորաբաժանման ղեկավարի, մամլո խոսնակի՝ ԵՊՀ-ի հեղինակության բարձրացման մասին հոգալու պարտականության կատարման ապահովման անհրաժեշտությունից, հայցվորի հաստիքին վերագրված գործառույթից (ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ հայցվորի վերադասը հանդիսանալու և հայցվորին հանձնարարություն տալու իրավասության առկայությունը, ինչպես նաև ԵՊՀ-ի շահերից բխող գործառույթներ կատարելու աշխատանքային պարտականություն ունենալու փաստը հայցվորն ընդունել է նաև գրավոր բացատրությամբ՝ նշելով. «Ես՝ որպես ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, պարտավոր եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում իրականացնել իմ պարտականությունները, որոնք բխում են ԵՊՀ շահերից, սակայն ոչ անձերի (ինչքան էլ աշխատանքային իրավահարաբերություններով պայմանավորված նրանք իմ նկատմամբ ունեն վերադաս դիրք»)), ինչը հայցվորը պետք է կատարեր բարեխղճորեն և պատշաճ, սակայն չի կատարել:

Ըստ էության առկա է եղել հայցվորի կողմից իր գործատուի աշխատանքային բնույթի հանձնարարության կատարումից հրաժարվելու դեպք, ինչը հաստատվում է գործով առկա վերոշարադրյալ գրավոր ապացույցների համակցությամբ:

Տվյալ դեպքում վիճարկվող հրամանի հիմքում վկայակոչվել է բացառապես 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը չկատարելու փաստը, իսկ ԵՊՀ-ի հեղինակության բարձրացման մասին հոգալու պարտականությունը վկայակոչվել է՝ ի հիմնավորումն նշված հանձնարարությունը կատարելը հայցվորի աշխատանքային պարտականություններից բխելու փաստի՝ ելնելով հայցվորի կողմից գրավոր բացատրությամբ ներկայացված փաստարկներից:

Վկայակոչված փաստական հանգամանքներն անտեսվել են ստորադաս դատարանների կողմից:

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցների սխալ գնահատման հետևանքով հանգել են հայցվորի վրա իր աշխատանքային գործառույթների հետ չառնչվող պարտականություն դրված լինելու, այն կատարելու պարտականություն չունենալու վերաբերյալ չհիմնավորված հետևության, ինչն ազդել է գործի ելքի վրա և բավարար է Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն։

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գումարը վճարված է, և վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակի, գտնում է, որ հայցվորի՝ կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի ուժով պետական տուրքի վճարումից ազատված լինելու և Վճռաբեկ դատարանում այլ դատական ծախսերի մասով փաստաթղթեր ներկայացված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.102022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Գևորգ Էմին-Տերյանի հայցն ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07.09.2021 թվականի կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 165/80 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան