ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի նպատակը |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) կազմելու և ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:
Հոդված 2. | Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց (ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
Բանկերի, ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների և գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջև այդպիսի իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(2-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-231-Ն, 09.04.07 ՀՕ-188-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-207-Ն)
Հոդված 3. | Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը |
Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են սույն օրենքը, հաշվապահական հաշվառմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ, սույն օրենքով սահմանված` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից ընդունված իրավական այլ ակտեր:
Հոդված 4. | Հաշվապահական հաշվառման կարգավորումը |
1. Հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնում է կառավարության լիազորած պետական մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ բանկերում, վարկային, վճարահաշվարկային կազմակերպություններում, ապահովագրական և գրավատնային գործունեություն իրականացնող, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց և այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ` կենտրոնական բանկը` կառավարության լիազորած պետական մարմնի հետ համատեղ (այսուհետ` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմին):
2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`
ա) հաշվապահական հաշվառման ստանդարտները.
բ) հաշվապահական հաշվառման հաշվային պլանները և դրանց կիրառման մասին հրահանգները.
գ) հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման, ֆինանսական հաշվետվություններում բացահայտումների կատարման, հաշվապահական հաշվառման քաղաքականության, արտադրական ծախսումների (ինքնարժեքի) հաշվառման վերաբերյալ մեթոդական ցուցումներ, հրահանգներ:
3. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու որևէ հարցի վերաբերյալ հաշվապահական հաշվառման ստանդարտներում և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերում մոտեցումների բացակայության դեպքում կազմակերպությունը մշակում է դրանք ինքնուրույն, ելնելով`
ա) նման հարցերին առնչվող հաշվապահական հաշվառման ստանդարտներով և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից և ցուցումներից.
բ) սույն օրենքով սահմանված` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքներից, ֆինանսական հաշվետվությունների տարրերի սահմանումներից, ճանաչման չափանիշներից և չափման հիմունքներից.
գ) գործնական փորձից` այնքանով, որքանով դա համահունչ է սույն մասի «ա» և «բ» կետերով սահմանված դրույթներին:
(4-րդ հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-247-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 5. | Հաշվապահական հաշվառումը |
1. Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:
2. Բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:
3. Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:
(5-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-85-Ն)
Հոդված 6. | Ֆինանսական հաշվետվությունները և դրանց տարրերը |
Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն են:
Ֆինանսական հաշվետվությունների տարրերն են կազմակերպության ակտիվները, սեփական կապիտալը, պարտավորությունները, եկամուտները և ծախսերը:
1. Ակտիվը կազմակերպության կողմից վերահսկվող միջոց է` որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք, որից ակնկալվում է ապագա տնտեսական օգուտների ներհոսք կազմակերպություն:
2. Պարտավորությունը կազմակերպության ներկա պարտականությունն է` որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք, որի կատարումն ակնկալվում է, որ կհանգեցնի կազմակերպությունից տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսքի:
3. Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվներն են` պարտավորությունները հանելուց հետո:
4. Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների ավելացումն է, որը տեղի է ունենում ակտիվների ներհոսքի կամ աճի կամ պարտավորությունների նվազման ձևով, և որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի ավելացման:
5. Ծախսը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների նվազումն է, որը տեղի է ունենում ակտիվների արտահոսքի կամ նվազման կամ պարտավորությունների առաջացման կամ աճի ձևով, և որը հանգեցնում է սեփական կապիտալի նվազման, բացառությամբ մասնակիցների միջև սեփական կապիտալի բաշխման հետևանքով դրա նվազման դեպքի:
Հոդված 7. | Ֆինանսական հաշվետվությունների նպատակը |
Ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին (ներկա և պոտենցիալ ներդրողներին, կառավարչական անձնակազմին և աշխատողներին, պետական մարմիններին, մատակարարներին և այլ կրեդիտորներին, փոխատուներին, հասարակությանը և ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին) անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովումն է, որը նրանց օգտակար է տնտեսական որոշումներ կայացնելու համար:
Հոդված 8. | Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը |
1. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում այնպիսի հոդվածների ներառումն է, որոնք համապատասխանում են տարրի սահմանմանը և բավարարում են հետևյալ չափանիշները`
ա) հավանական է, որ հոդվածի հետ կապված ապագա տնտեսական օգուտները կներհոսեն կազմակերպություն կամ կարտահոսեն կազմակերպությունից.
բ) հոդվածն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն չափվել:
2. Ակտիվը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում է, եթե հավանական է, որ դրա հետ կապված ապագա տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն, և այն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն չափվել:
3. Պարտավորությունը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում է, եթե հավանական է, որ ներկա պարտականության կատարումը (մարումը) կհանգեցնի տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսքի, և այն գումարը, որով մարվելու է պարտականությունը, կարող է արժանահավատորեն չափվել:
4. Եկամուտը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կամ ուղղակիորեն հաշվապահական հաշվեկշռի սեփական կապիտալում ճանաչվում է, եթե տեղի է ունեցել ապագա տնտեսական օգուտների աճ` կապված ակտիվների աճի կամ պարտավորությունների նվազման հետ, որոնք կարող են արժանահավատորեն չափվել:
5. Ծախսը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կամ ուղղակիորեն հաշվապահական հաշվեկշռի սեփական կապիտալում ճանաչվում է, եթե տեղի է ունեցել ապագա տնտեսական օգուտների նվազում` կապված ակտիվների նվազման կամ պարտավորությունների աճի հետ, որոնք կարող են արժանահավատորեն չափվել:
Հոդված 9. | Ֆինանսական հաշվետվությունների տարրերի չափումը |
1. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի չափումն այն դրամական մեծության որոշումն է, որով դրանք ենթակա են ճանաչման հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
2. Կազմակերպության ակտիվների և պարտավորությունների չափումը կատարվում է տարբեր աստիճաններով ու համակցություններով` ներքոհիշյալ հիմունքները կիրառելու միջոցով`
ա) սկզբնական (փաստացի) արժեք`
- ակտիվները գրանցվում են ձեռքբերման պահի դրությամբ դրանց ձեռքբերման համար վճարված (վճարվելիք) դրամական միջոցների գումարի չափով, իսկ այլ ձևով հատուցելու դեպքում` հատուցման իրական արժեքի չափով,
- պարտավորությունները գրանցվում են դրանց դիմաց ստացված ակտիվների (ծառայությունների) գումարի չափով կամ, եթե դրանց դիմաց ակտիվներ (ծառայություններ) չեն ստացվել, դրամական միջոցների այն գումարի չափով, որն ակնկալվում է, որ կվճարվի սովորական գործունեության ընթացքում այդ պարտավորությունները մարելու համար.
բ) ընթացիկ (վերականգնման) արժեք`
- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին միևնույն կամ համանման ակտիվ ձեռք բերվեր,
- պարտավորությունները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որն անհրաժեշտ կլիներ այդ պարտավորությունները ներկա պահին մարելու համար.
գ) իրացման (մարման) արժեք`
- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կարող էր ներկա պահին ստացվել ակտիվները սովորական պայմաններում վաճառելով,
- պարտավորությունները գրանցվում են իրենց մարման արժեքով, այսինքն` դրամական միջոցների այն գումարի չափով, որն ակնկալվում է, որ կվճարվի սովորական գործունեության ընթացքում այդ պարտավորությունները մարելու համար.
դ) ներկա արժեք`
- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների ապագա զուտ ներհոսքերի զեղչված գումարի չափով, որոնք ակնկալվում է, որ կստեղծեն այդ ակտիվները կազմակերպության սովորական գործունեության ընթացքում,
- պարտավորությունները գրանցվում են դրամական միջոցների ապագա զուտ արտահոսքերի զեղչված գումարի չափով, որոնք ակնկալվում է, որ կպահանջվեն կազմակերպության սովորական գործունեության ընթացքում այդ պարտավորությունները մարելու համար:
3. Եկամուտները չափվում են այն գումարով, որով չափվում է ակտիվների համապատասխան աճը կամ պարտավորությունների համապատասխան նվազումը:
4. Ծախսերը չափվում են այն գումարով, որով չափվում է ակտիվների համապատասխան նվազումը կամ պարտավորությունների համապատասխան աճը:
5. Չափման հիմունքների կիրառման եղանակները սահմանվում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
Հոդված 10. | Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները |
Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքներն են`
ա) անընդհատությունը` կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը տեսանելի ապագայում և միտում կամ անհրաժեշտություն չունի լուծարվելու կամ էականորեն կրճատելու իր գործունեությունը.
բ) հետևողականությունը` հաշվապահական հաշվառման քաղաքականությունը մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը չպետք է փոփոխվի, բացառությամբ, եթե էական փոփոխություններ են տեղի ունենում կազմակերպության գործառնությունների բնույթում, կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության միջոցով տրվում է առավել էական տեղեկատվություն, կամ հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ.
գ) հաշվեգրումը` տնտեսական գործառնությունների և դեպքերի արդյունքները (ակտիվները, սեփական կապիտալը, պարտավորությունները, եկամուտները և ծախսերը) ճանաչվում և հաշվապահական հաշվառման մեջ գրանցվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել, անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների վճարման կամ ստացման ժամկետից, և արտացոլվում են այն ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվություններում, որոնց դրանք վերաբերում են.
դ) հասկանալիությունը` ֆինանսական հաշվետվություններում պարունակող տեղեկատվությունը պետք է հասկանալի լինի օգտագործողներին, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ (տնտեսական գործունեության և հաշվապահական հաշվառման բնագավառներում).
ե) էականությունը` տեղեկատվությունը համարվում է էական, եթե նրա չբացահայտումն ազդում է ֆինանսական հաշվետվություններ օգտագործողների` այդ հաշվետվությունների հիման վրա կայացրած տնտեսական որոշումների վրա.
զ) միասնականությունը` հաշվապահական հաշվառման բնույթով և գործառույթներով (ֆունկցիաներով) նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում էական տեղեկատվություն.
է) արժանահավատությունը` ֆինանսական հաշվետվությունները համարվում են արժանահավատ, եթե բավարարում են հետևյալ պահանջները`
- ձևի նկատմամբ բովանդակության գերակայությանը` տնտեսական գործունեության արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ և ֆինանսական հաշվետվություններում պետք է հաշվառվեն և ներկայացվեն` ելնելով դրանց տնտեսական բովանդակությունից և տնտեսավարման պայմաններից և ոչ թե միայն դրանց իրավական ձևից,
- չեզոքությանը` ֆինանսական հաշվետվությունները չպետք է ուղղված լինեն օգտագործողների առանձին խմբի շահերի բավարարմանը և պետք է զերծ լինեն կանխակալ արդյունք ստանալու նպատակով տեղեկատվության ընտրովի ներկայացումից,
- հաշվենկատությանը` բավարար չափի զգուշության պահպանումն է, այնպես, որ ակտիվները և եկամուտները գերագնահատված չլինեն, իսկ պարտավորությունները և ծախսերը` թերագնահատված, միևնույն ժամանակ թույլ չտալով ակտիվների և եկամուտների միտումնավոր թերագնահատում, պարտավորությունների և ծախսերի միտումնավոր գերագնահատում,
- ամբողջականությանը` ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական` էականության և արժեքի սահմաններում.
ը) համադրելիությունը` կազմակերպության տարբեր ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տվյալ կազմակերպության և այլ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն համադրելի.
թ) հաշվանցումը` ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերի.
ժ) սահմանազատումը` կազմակերպության ակտիվները և պարտավորություններն առանձնացված են այդ կազմակերպության հիմնադիրների, մասնակիցների և այլ կազմակերպությունների ակտիվներից և պարտավորություններից:
Հաշվապահական հաշվառման ստանդարտներով կարող են սահմանվել նաև այլ սկզբունքներ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ
Հոդված 11. | Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում |
1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (այսուհետ` կազմակերպության ղեկավար) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:
2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`
- կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
- կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
- հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
- անձամբ:
3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`
ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.
բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը:
(11-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-190-Ն)
Հոդված 12. | Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները |
1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը կամ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար:
Բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպության ղեկավարը համատեղում է նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները, կազմակերպությունում գլխավոր հաշվապահը պարտադիր է: Գլխավոր հաշվապահը կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառումը կազմակերպությունում վարվում է հաշվապահական ծառայություններ մատուցող այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միջոցով):
3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:
4. Առանձին տնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը կատարման է ընդունում փաստաթղթերը` կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ), և նման գործառնությունների իրականացման հետևանքների պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:
5. Առևտրային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի որակավորված գլխավոր հաշվապահը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող ֆիզիկական անձը: Այդ նպատակով գլխավոր հաշվապահների որակավորումն իրականացնում է կամ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը, կամ նրա կողմից սահմանված չափանիշների համաձայն ընտրված մասնագիտացված կառույցը:
Որակավորումը հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից իրականացվելու դեպքում որակավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ որակավորման հանձնաժողովի կազմը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը:
Որակավորումը մասնագիտացված կառույցի կողմից իրականացվելու դեպքում որակավորման կարգը, որակավորման հանձնաժողովի կազմը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է այդ մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի հետ:
Որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը ենթակա են հրապարակման:
(12-րդ հոդվածը փոփ. 26.05.04 ՀՕ-87-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-190-Ն)
Հոդված 13. | Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները |
1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`
ա) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.
բ) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան.
գ) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմակերպումը կամ լուծարումը:
2. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:
3. Բոլոր տնտեսական գործառնությունների արդյունքները պետք է հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն ժամանակին այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որին վերաբերում են:
Հոդված 14. | Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը |
1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարումը:
2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները).
ա) փաստաթղթի անվանումը.
բ) հերթական համարը.
գ) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
դ) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).
ե) տնտեսական գործառնության բովանդակությունը.
զ) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ.
է) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստորագրությունները:
Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը և (կամ) կազմակերպությունը:
3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:
Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:
4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ և հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը և ամսաթիվը: Դրամարկղային և բանկային փաստաթղթերում սխալների ուղղում չի թույլատրվում:
5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձևերը կամ, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:
Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևեր:
Հոդված 15. | Հաշվապահական հաշվառման գրանցամատյանները |
1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում (այսուհետ` գրանցամատյաններ):
2. Տնտեսական գործառնությունները գրանցամատյաններում գրանցվում են ժամանակագրական կարգով:
3. Գրանցամատյանները ժամանակին և ամբողջական կազմելու պատասխանատվությունը կրում են դրանք վարող անձինք:
4. Գրանցամատյաններում չծանուցված ուղղումներ չեն թույլատրվում: Սխալի ուղղումը հաստատվում է տվյալ գրանցամատյանն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ` նշելով ուղղման տարին, ամիսը և ամսաթիվը:
5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է սահմանել գրանցամատյանների օրինակելի ձևեր, որոնցից կազմակերպությունն ինքնուրույն ընտրում է իր կողմից կիրառելի ձևը, կամ, ելնելով սույն օրենքից և հաշվապահական հաշվառման ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներից, ինքնուրույն սահմանում է գրանցամատյանների ձևերը:
Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա գրանցամատյանների ձևեր:
Հոդված 16. | Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում |
Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարը, ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, գործառնության ոլորտից, էությունից և դրամական արժեքի մեծությունից:
Հոդված 17. | Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը |
1. Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կազմակերպությունն անցկացնում է ակտիվների և պարտավորությունների գույքագրում:
2. Գույքագրման անցկացումը պարտադիր է`
ա) տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ.
բ) կազմակերպության վերակազմակերպման և լուծարման դեպքերում.
գ) տարերային աղետների, հրդեհների և այլ պատճառների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների դեպքերում.
դ) գույքի հափշտակման, փչացման և կորստի փաստերի բացահայտման դեպքերում,
ե) նյութական պատասխանատու անձի փոփոխման դեպքերում:
Պարտադիր գույքագրումների դեպքում գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերից, գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները որոշում է կազմակերպության ղեկավարը:
Հոդված 18. | Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը |
1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար կազմված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է առևտրային գաղտնիք, որին կարելի է ծանոթանալ կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով և օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
2. Առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվությանը ծանոթացած անձինք և կազմակերպությունները պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Վերջինիս հրապարակման դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 19. | Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը |
1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը կազմակերպության կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի:
2. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավված փաստաթղթերը կրկնօրինակել և պահել իր մոտ:
3. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 20. | Ֆինանսական հաշվետվությունների կազմը |
Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները ներառում են`
ա) հաշվապահական հաշվեկշիռը` բնութագրում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպության ֆինանսական վիճակը, որի գնահատման հետ անմիջականորեն կապված տարրերն են ակտիվները, սեփական կապիտալը և պարտավորությունները.
բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը` բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքները, որի հետ անմիջականորեն կապված տարրերն են եկամուտները և ծախսերը.
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը` բնութագրում է կազմակերպության սեփական կապիտալի հոդվածների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ և դրանց շարժը հաշվետու ժամանակաշրջանում.
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը` բնութագրում է դրամական միջոցների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ և դրանց շարժը հաշվետու ժամանակաշրջանում.
ե) ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները` բացահայտում են կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը և հաշվապահական հաշվառման ստանդարտներով պահանջվող այլ տեղեկատվություն:
Եթե ֆինանսական հաշվետվություններն օրենքով ենթակա են պարտադիր աուդիտի, ապա ֆինանսական հաշվետվություններին կից պետք է ներկայացվի աուդիտորական եզրակացություն:
Հոդված 21. | Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները |
1. Բոլոր կազմակերպություններն անալիտիկ և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել ֆինանսական հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության արժույթով:
Օրենքով և հաշվապահական հաշվառման ստանդարտներով նախատեսված դեպքերում հիմնական (մայր) կազմակերպությունը պարտավոր է կազմել համախմբված ֆինանսական հաշվետվություններ:
2. Ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները սահմանվում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
3. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն դրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
4. Ֆինանսական հաշվետվությունը պետք է ունենա հետևյալ պարտադիր վավերապայմանները`
ա) անվանումը.
բ) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը.
գ) կազմակերպության անվանումը.
դ) գտնվելու վայրը.
ե) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը).
զ) պատասխանատու անձանց ստորագրությունները:
Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ վավերապայմաններ:
5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը սահմանում է ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումները: Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերում և դրանց լրացման ցուցումներում սահմանում է պարտադիր պահանջներ: Կազմակերպությունները կարող են օգտագործել այդ ձևերը կամ սահմանել դրանք ինքնուրույն` պահպանելով հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի պարտադիր պահանջները:
6. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Դրանք կնքվում են կազմակերպության կնիքով:
Հոդված 22. | Հաշվետու ժամանակաշրջանը |
1. Հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարին կամ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը:
2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանն է: Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ:
3. Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը տարուց փոքր ժամանակաշրջան է: Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կազմվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ կազմակերպությունների հայեցողությամբ:
Հոդված 23. | Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը |
1. Կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`
ա) հիմնադիրներին, մասնակիցներին` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ օրենքի համաձայն.
բ) պետական մարմիններ` օրենքով սահմանված կարգով:
2. Կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից կենտրոնական բանկին ներկայացվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
3. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման օր է համարվում դրանց` ըստ պատկանելության հանձնելու կամ փոստով ուղարկելու օրը:
Հոդված 24. | Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը |
1. Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, պարտավոր են տարեկան հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. | Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար |
Կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 26. | Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության պահանջը վերաբերում է 2002 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ընկած ժամանակաշրջաններին:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հունիսի 16-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
4. 1998 թվականի հունիսի 16-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|