Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5232/05/19
2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5232/05/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Թովմասյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

 

2023 թվականի փետրվարի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.03.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Լիվաֆարմ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Գագիկ Բոյախչյանի ընդդեմ Տեսչական մարմնի` 03.05.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 404 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերության տնօրեն Գագիկ Բոյախչյանը պահանջել է վերացնել Տեսչական մարմնի 03.05.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 404 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2021 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.03.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Հակոբ Ավագյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 32-րդ, 251-րդ և 279-րդ հոդվածները, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա մարմին, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է։

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ԵԱՏՄ երկրներից դեղերի ներմուծումն իրականացվում է առանձնահատուկ կարգավորմամբ՝ ներմուծողը պետական սահմանը հատելուց հետո դեղերը տեղափոխում է իրեն պատկանող պահեստ, դրոշմապիտակավորում է դրանք, ապա հայտ է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն՝ համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով, այսինքն՝ դրոշմապիտակի առկայությունն իրացնող կազմակերպության համար չէր կարող հիմք լինել կարծելու, թե դրանք ներմուծված են օրինական ճանապարհով, և ուրեմն գրանցված են Հայաստանի Հանրապետությունում։ Շատ տնտեսվարողներ ուղղակիորեն շրջանցում են համապատասխանության հավաստագրի ստացման փուլը, և առանց որևէ խոչընդոտի համապատասխանություն չանցած դեղերը, որոնք մեծ հավանականությամբ նաև գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում, հայտնվում են շուկայում։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ օրենսդիրը գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատմանն ուղղված ապացույցների շարքին է դասել նաև վերոնշյալ ապացույցներից բացի այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ դեղերի գրանցամատյանը:

Տվյալ դեպքում, քաղաքացիների և իրավաբանական անձանց համար օրենքի իմացության կանխավարկածը նշանակում է օրենքներն իմանալու և դրանց հետևելու պարտականություն:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 17.02.2017 թվականի թիվ 06-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցամատյանի» ուսումնասիրությունից հստակ երևում է, որ «Բիսեպտոլ 240մգ/5մլ, սերիա՝ 020518» դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ առկա է դեղերի անվան և արտադրողի անհամապատասխանություն:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը և փոփոխել այն, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 22.03.2019 թվականի ապրանքների մատակարարման թիվ Ա0456829556 հարկային հաշվի համաձայն՝ Ընկերությունը «ՎԱԳԱ ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունից, ի թիվս այլնի, ձեռք է բերել «Բիսեպտոլ կախ 240մգ/5մլ 80մլ» դեղը (հատոր 1-ին, գ.թ. 101-104):

2) 23.04.2019 թվականին վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 398 արձանագրության համաձայն՝ Ընկերությանը պատկանող դեղատանը 22.03.2019 թվականին իրականացված զննման ժամանակ հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցման և օրինական ներմուծման լինելու տեսանկյունից կասկած հարուցող 6 անուն դեղ, որոնք Տեսչական մարմնի ղեկավարի 29.03.2019 թվականի թիվ 01/2620-19 գրությամբ ուղարկվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերություն փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 85-87):

3) «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 02.04.2019 թվականի թիվ Տ-09/19 փորձագիտական եզրակացության համաձայն՝ Բիսեպտոլ դեղակախույթ ներքին ընդունման 240մգ/5մլ, 80մլ դեղը, սերիա՝ 020518, պիտանիության ժամկետ՝ 05.2021 թվական, գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, անվանման անհամապատասխանության հիմքով՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի անվանումն է «Բիսեպտոլ Մեդանա», ներկայացված դեղի անվանումն է «Բիսեպտոլ» և արտադրողի անհամապատասխանության հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 93-96):

4) Տեսչական մարմնի 03.05.2019 թվականի ««ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Բոյախչյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 404 որոշման համաձայն՝ որոշվել է Ընկերության տնօրեն Գագիկ Բոյախչյանին՝ որպես խախտում թույլ տված անձի, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և իրացված Բիսեպտոլ 240մգ/5մլ սերիա՝ 020518, պիտանելիության ժամկետ՝ 05.2021 թվական, դրոշմապիտակ՝ Ե0770933977 (1 տուփ) դեղի համար ենթարկել վարչական տույժի՝ մինչև 10 փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 78-81):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք դեղեր իրացնողը ցանկացած պարագայում պարտավոր է ստուգել իր կողմից ձեռք բերված դեղի՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված լինելու հանգամանքը:

 

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև 10 փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով.

2) 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով.

3) 30 և ավելի փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Տվյալ դեպքում hայցվորը վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղ իրացնելու համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները` բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելու նպատակով, ինչպես նաև սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների և դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորություններն այդ ոլորտում:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառությունը կարգավորվում է նույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) դեղ` դեղաբանական և (կամ) իմունաբանական և (կամ) նյութափոխանակային ակտիվությամբ օժտված մարդկային և (կամ) կենդանական և (կամ) բուսական և (կամ) քիմիական և (կամ) կենսատեխնոլոգիական ծագման միջոց՝ համապատասխան դեղաչափով և դեղաձևով, անհրաժեշտ փաթեթավորմամբ և մակնշմամբ, որը նախատեսված է կիրառել մարդկանց և կենդանիների հիվանդությունները բուժելու, կանխարգելելու և (կամ) օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաները փոփոխելու, վերականգնելու, կարգավորելու համար կամ ներմուծվում է մարդու և կենդանու օրգանիզմ հիվանդությունը ախտորոշելու նպատակով. (․․․)

20) դեղերի շրջանառություն` դեղի ստեղծում կամ նախակլինիկական հետազոտություն կամ կլինիկական փորձարկում կամ ստանդարտացում կամ արտադրություն կամ պատրաստում կամ դեղաբուսական հումքի մշակում կամ որակի հսկողություն կամ գրանցում կամ ներմուծում կամ արտահանում կամ փոխադրում, պահպանում կամ իրացում կամ բաշխում կամ կիրառում կամ արդյունավետության, անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկում կամ տեղեկատվության կամ գովազդի տարածում կամ ոչնչացում.

21) դեղերի շրջանառության սուբյեկտներ` դեղերի շրջանառության որևէ փուլն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր. (․․․)

 39) գրանցամատյան` Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցում ստացած դեղերի ռեգիստր.

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում, մասնավորապես 1-ին մասի համաձայն՝ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին) դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում իրականացնում է`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը դեղերի շրջանառության ոլորտում.

2) իր իրավասության շրջանակներում դեղերի շրջանառության կարգավորում.

3) դեղերի շրջանառության ոլորտի` օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորում.

4) դեղերի պետական գրանցում.

5) դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպում և իրականացում.

6) դեղի գրանցման, պատշաճ արտադրական գործունեության, պատշաճ բաշխման գործունեության հավաստագրի տրամադրման համար և սույն օրենքով նախատեսված մասնագիտական այլ դիտարկումների ապահովում.

7) դեղերի գրանցամատյանի վարման ապահովում.

8) դեղերի արդյունավետ կիրառման և դեղերի կողմնակի ազդեցությունների մասնագիտական դիտարկման և համապատասխան երաշխավորությունների մշակման ապահովում.

9) միջազգային համագործակցություն.

10) միջգերատեսչական համագործակցություն.

11) դեղային պետական քաղաքականության ծրագրերի մշակում և դրանց իրականացման դիտարկում.

12) նույն օրենքով և այլ օրենքներով իրեն վերապահված գործառույթներ:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դեղի գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը և ուժը կորցրած ճանաչելը փորձագիտական եզրակացության հիման վրա իրականացնում է Լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, բացառությամբ անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների, որոնց պետական գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը և ուժը կորցրած ճանաչելը իրականացնում է գյուղատնտեսության բնագավառի պետական Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դեղի գրանցումը հիմնվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի գիտականորեն հիմնավորված չափանիշների և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած միջազգային մասնագիտական կազմակերպությունների ընդունած փաստաթղթերի վրա` հաշվի առնելով նաև շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցության հնարավոր վտանգի գործոնները:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձև, թողարկման ձև, նոր ցուցում, արտադրող (ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գրանցման ժամանակ հաստատվում են դեղի առաջնային և (կամ) արտաքին փաթեթը, պիտակը, մակնիշը (այդ թվում` գունավոր պատկերների տեսքով), բժշկական կիրառման հրահանգը (դեղի ընդհանուր բնութագիրը), օգտագործման հրահանգը (ներդիր-թերթիկը) և որակի հատկորոշիչները (սպեցիֆիկացիաները):

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ գրանցման նպատակով հայտատու կարող է հանդես գալ արտադրողը կամ արտադրանքի համար պատասխանատու այլ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որը դեղի գրանցումից հետո համարվում է գրանցման հավաստագրի իրավատերը: Գրանցման փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը: Ներկայացված տվյալների ճշտության և հավաստիության համար պատասխանատու է հայտատուն:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է դեղի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող փորձաքննության կարգը` սահմանելով նոր, վերարտադրված դեղերի, կենսանմանակների, դեղերի համակցությունների, հոմեոպաթային, կենսաբանական դեղերի, ներառյալ` արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական, ռադիոակտիվ, անասնաբուժական դեղերի (ներառյալ` դեղանյութեր պարունակող անասնակերերի), բուսական դեղերի (այդ թվում` սպառողական փաթեթներում փաթեթավորված և պիտակավորված դեղաբուսական հումքի), մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար նախատեսված հիվանդությունների հարուցիչներին, ինչպես նաև դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկների և հակապարազիտային դեղերի գրանցման, վերագրանցման և հավաստագրի ժամկետի երկարաձգման համար իրականացվող փորձաքննության եզրակացության ձևը, փորձաքննություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած միջազգային մասնագիտական կազմակերպության փաստաթղթի պահանջներին համապատասխան:

ՀՀ կառավարության 28.02.2019 թվականի թիվ 162-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև գրանցումը, վերագրանցումը, հավաստագրի ժամկետի երկարաձգումը մերժելու, գրանցումը կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ Հավելված 1), իսկ 2-րդ ենթակետով հաստատվել է դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև հետգրանցումային փոփոխությունների ներկայացման և փորձաքննության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի (այսուհետ՝ Հավելված 2):

Հավելված 1-ով հաստատված կարգի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև դեղի գրանցումը, վերագրանցումը և հավաստագրի ժամկետի երկարաձգումը մերժելու, գրանցումը կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու հետ կապված հարաբերությունները: (…):

Նույն կարգի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 23-րդ մասով և 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի:

Հավելված 2-ով հաստատված կարգի 1-ին կետի համաձայն՝ տվյալ կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող փորձաքննության, գրանցումը, վերագրանցումը, հավաստագրի ժամկետի երկարաձգումն ուժը կորցրած ճանաչելու, դեղի գրանցումը կասեցնելու նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև հետգրանցումային փոփոխությունների համար փորձաքննության իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը (...): 

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը սահմանել է դեղերի գրանցման պարտադիր պայման դեղերի անվանման, բաղադրակազմի, դեղաչափի, դեղաձևի, թողարկման ձևի, նոր ցուցումի, արտադրողի /ներառյալ` յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող/, գրանցման հավաստագրի իրավատիրոջ համար այն դեպքում, երբ այդ դեղերը նոր միայն պետք է Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեն:

Նշված իրավանորմերի համատեղ ուսումնասիրությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող, պահպանվող, բաշխվող, իրացվող և կիրառվող յուրաքանչյուր դեղ պետք է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից իրականացված փորձաքննության եզրակացության հիման վրա պետական գրանցում ստացած լինի։

Այսպես, ՀՀ առողջապահության նախարարի 17.02.2017 թվականի թիվ 06-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դեղերի գրանցամատյանը (ռեեստրը), որտեղ գրառվում են գրանցվող դեղը նույնականացնելու հնարավորություն ընձեռող այնպիսի վավերապայմաններ, ինչպիսիք են դեղի առևտրային անվանումը, միջազգային համընդհանուր կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումը, դեղաձևը, դեղաչափը և թողարկման ձևը (փաթեթավորումը), արտադրողը, երկիրը, դեղերի ծածկագիրը և/կամ տեսակային պատկանելությունը, գրանցման հավաստագրի համարը, գրանցման ժամկետը, բաց թողնման կարգը, գրանցման հավաստագրի իրավատերը։ Նման իրավակարգավորումը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում դեղի գրանցումը ենթադրում է դրա մասին Հայաստանի Հանրապետության դեղերի գրանցամատյանում (ռեեստր) թվարկված բոլոր ցուցանիշների վերաբերյալ տվյալների ամրագրում, իսկ գրանցված դեղ ներմուծելը, պահպանելը կամ իրացնելը՝ դեղերի ռեեստրում ամրագրված բոլոր ցուցանիշներին համապատասխանող արդեն իսկ գրանցված դեղերի ներմուծում, պահպանում կամ իրացում։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական նորմերին, արձանագրել է, որ դեղը դեղաբանական և (կամ) իմունաբանական և (կամ) նյութափոխանակային ակտիվությամբ օժտված մարդկային և (կամ) կենդանական և (կամ) բուսական և (կամ) քիմիական և (կամ) կենսատեխնոլոգիական ծագման միջոց է՝ համապատասխան դեղաչափով և դեղաձևով, անհրաժեշտ փաթեթավորմամբ և մակնշմամբ, որը նախատեսված է կիրառել մարդկանց և կենդանիների հիվանդությունները բուժելու, կանխարգելելու և (կամ) օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաները փոփոխելու, վերականգնելու, կարգավորելու համար կամ ներմուծվում է մարդու և կենդանու օրգանիզմ հիվանդությունը ախտորոշելու նպատակով: Դեղը բնութագրող հիմնական հատկանիշներն են՝ արդյունավետությունը՝ դեղի սպասվելիք դրական ազդեցության դրսևորման աստիճանի բնութագիրը, անվտանգությունը` առողջությանը վնասելու հնարավոր անթույլատրելի ռիսկի բացակայությունը, և որակը` համապատասխանությունը դեղագրքային պահանջներին և/կամ որակի հատկորոշիչներին (սպեցիֆիկացիաներին): Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միայն նշված հատկանիշների միաժամանակյա առկայության պայմաններում դեղը կարող է ծառայել իր նպատակին և պատշաճորեն կիրառվել գործնականում:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի մատչելիության ապահովման կարևորությունը և առանձնահատուկ դերը բնակչության համար՝ օրենսդիրը կարգավորել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը և այլ գործողություններ՝ դեղերի ստացման կամ ոչնչացման նպատակով, դեղերի ձեռքբերումը, պահպանումը, պահեստավորումը, բաշխումը, բացթողնումը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, դրանց մասին տեղեկատվությունը, գովազդը, ինչպես նաև սահմանել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորություններն այդ ոլորտում: Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վերոնշյալը բխում է հանրապետության առողջապահության այնպիսի սկզբունքներից, ինչպիսին են՝ պետական պատասխանատվությունը բնակչության առողջության համար և անվտանգ, արդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի ապահովումը:

Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում: Դեղերի պետական գրանցումը մի քանի փուլերից բաղկացած վարչական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս խուսափելու և բնակչությանը զերծ պահելու անորակ, անարդյունավետ կամ քիչ արդյունավետ, վտանգավոր և կեղծ դեղերի կիրառումից: Այլ կերպ ասած՝ դեղերի գրանցումը արտադրանքի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման համակարգի հիմքն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դեղերի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու փաստը կարող է հաստատվել միայն ներմուծվող դեղերի և Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) պետական գրանցում ունեցող դեղերի՝ ներառյալ վերջինիս բոլոր վավերապայմանների համապատասխանության պայմաններում: Հետևաբար՝ դեղի Հայաստանի Հանրապետությունում գրանցում ունենալու փաստը պարզելու համար անհրաժեշտ է ստուգել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) տվյալ դեղի մասին նշված տեղեկությունները:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դեղերի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելը փաստելու համար անհրաժեշտ է դեղի բոլոր վավերապայմանների համապատասխանությունը դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված դեղի վավերապայմաններին, (...) (տե´ս, «Ստանդարտ Մեդիքլ» ՍՊԸ-ի տնօրեն Ստյոպա Հայրապետյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի թիվ ՎԴ/1096/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.07.2021 թվականի որոշումը)։

Հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավակարգավորումները՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է ներմուծել, արտադրել, պահպանել, իրացնել, բաշխել և կիրառել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, ինչպիսի պահանջի խախտումը հիմք է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ գրանցում չի պահանջվում:

Վերոնշյալից բխում է, որ դեղ և (կամ) դեղանյութ պահպանողը կամ իրացնողը ցանկացած պարագայում պարտավոր է պարզել, թե արդյոք համապատասխան դեղը և (կամ) դեղանյութը գրանցված է, թե՝ ոչ, և արդյո՞ք իր ցուցանիշներով համապատասխանում է դեղերի ռեեստրում ամրագրված ցուցանիշներին:

Ամփոփելով ողջ վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դեղերի՝ գրանցված լինելու պահանջի պահպանման նկատմամբ վարչական մարմինները և դատարանները պետք է ցուցաբերեն առավել խիստ և հետևողական մոտեցում, քանի որ դեղերի գրանցված լինելու վերաբերյալ իրավակարգավորումների օրենսդրական ամրագրումը բխում է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և առողջության պահպանության իրավունքի ապահովման պետության պոզիտիվ պարտականությունից, քանզի դեղերի գրանցման վերաբերյալ իրավակարգավորումների պահպանությունն ուղղակիորեն կարող է ազդել մարդու կյանքի և առողջության վրա:

Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում ՀՀ օրենսդրության իմաստով դեղը համարվում է գրանցված, եթե արդեն իսկ տվյալ պահին գործող Հայաստանի Հանրապետության դեղերի գրանցամատյանում առկա է գրանցված նույն դեղի նույն առևտրային անվանումը, նույն միջազգային համընդհանուր կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումը, նույն դեղաձևը, նույն դեղաչափը և նույն թողարկման ձևը (փաթեթավորումը), նույն արտադրողը, նույն երկիրը, նույն դեղերի ծածկագիր և/կամ տեսակային պատկանելությունը, գրանցման հավաստագրի նույն համարը, գրանցման նույն ժամկետը, բաց թողնման նույն կարգը, գրանցման հավաստագրի նույն իրավատերը, որը փորձաքննության եզրակացության համաձայն նույնականանում է իրացվող դեղի հետ: Իսկ նշված նույնականացման պայմաններից որևէ մեկի կամ դրա որևէ մասի տարբերությունը հանգեցնում է նրան, որ տվյալ դեղը գրանցված չէ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Տեսչական մարմնի 03.05.2019 թվականի ««ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Բոյախչյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 404 որոշման համաձայն՝ որոշվել է Ընկերության տնօրեն Գագիկ Բոյախչյանին՝ որպես խախտում թույլ տված անձի, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և իրացված Բիսեպտոլ 240մգ/5մլ սերիա՝ 020518, պիտանելիության ժամկետ՝ 05.2021 թվական, դրոշմապիտակ՝ Ե0770933977 (1 տուփ) դեղի համար ենթարկել վարչական տույժի՝ մինչև 10 փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի: 23.04.2019 թվականին վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 398 արձանագրության համաձայն՝ Ընկերությանը պատկանող դեղատանը 22.03.2019 թվականին իրականացված զննման ժամանակ հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցման և օրինական ներմուծման լինելու տեսանկյունից կասկած հարուցող 6 անուն դեղ։

Դատարանը բավարարել է Ընկերության տնօրեն Գագիկ Բոյախչյանի հայցը՝ պատճառաբանելով, որ «(…) Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ Ընկերության եզրակացությունը չէր կարող հիմք հանդիսանալ առ այն, որ հայտնաբերված դեղը ՀՀ-ում գրանցված չէ: Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ (ուժը կորցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 28.03.2019թ. թիվ 202-Ն որոշմամբ) հաստատված Կարգի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` կարգը նպատակ ունի կանխելու չգրանցված, ժամկետանց, կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Նշված կարգի 5-րդ, 9-րդ, 14-րդ, 18-րդ, 24-րդ, 28-34-րդ կետերի իրավակարգավորումների համադրված վերլուծության արդյունքում` Դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետություն դեղերը և (կամ) դեղանյութերը կարող են ներմուծվել ու արտահանվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման կամ արտահանման հավաստագրի հիման վրա, որոնք տրամադրվելու ժամանակ, ի թիվս այլնի, ստուգվում է (այդ թվում` փորձաքննությունների միջոցով) նաև դեղերի և դեղանյութերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման առկայությունը։ Փորձաքննությունների բացասական արդյունքի դեպքում տվյալ դեղի կամ դեղանյութի Հայաստանի Հանրապետություն ներմուծումը մերժվում է։ Ապրանքախմբի մնացած դեղերի և (կամ) դեղանյութերի համար, որոնք ունեցել են փորձաքննության դրական արդյունք, տրվում է ներմուծման հավաստագիր»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Տեսչական մարմնի ներկայացրած վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի հետևություններն այն պատճառաբանությամբ, որ «(…) Վերոգրյալ իրավական վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության (այդ թվում՝ դեղերի ներմուծման) հետ կապված հարաբերությունները կարգավորող «Դեղերի մասին» ՀՀ օրենքով հստակ ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է ներմուծել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, իսկ դեղեր ներմուծել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագրի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, որ սույն գործով Հայցվորի` որպես դեղատան միջոցով դեղերի առևտրի գործունեություն իրականացնող սուբյեկտ մոտ, կարող էր առկա լինել ողջամիտ համոզմունք առ այն, որ ինքը Հայաստանի Հանրապետության տարածքում 22.03.2019թ. ապրանքների մատակարարման թիվ Ա 0456829556 հարկային հաշվով ձեռք է բերել և իրացման նպատակով դեղատանը պահպանել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղ։ Հայցվորին վերագրվող արարքի կատարման մեջ բացակայում է վերջինիս մեղավորությունը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ դեղի վրա համապատասխան դրոշմապիտակների առկայությունը փաստում է, որ այդ դեղը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել օրինական ճանապարհով, այսինքն՝ առկա են եղել դրա համապատասխանության ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, քանի որ դրանց բացակայությունը կհանգեցներ այդ դեղի ներմուծումն արգելելուն, այսինքն` անձն օբյեկտիվորեն զրկված է եղել իր գործողությունների հակաիրավական բնույթը գիտակցելու հնարավորությունից, իսկ մեղքի բացակայությունը հանգեցնում է զանցակազմի բացակայության»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ դեպքում, հայցվորը չի վիճարկել գրանցված և փորձաքննություն անցած դեղերի անվան և արտադրողի տարբերությունների առկայությունը, այլ վիճարկել է այն հարցը՝ արդյո՞ք իրավաչափ է դեղը համարել գրանցամատյանում չգրանցված, այն պարագայում, երբ ներմուծման ժամանակ տրվել է համապատասխան հավաստագիրը։

Այսպիսով, և´ Դատարանը, և´ Վերաքննիչ դատարանը հայտնել են միևնույն դիրքորոշումն առ այն, որ տվյալ դեպքում հայցը ենթակա է բավարարման:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սույն գործի շրջանակում ձեռնամուխ լինելով գնահատելու վիճարկվող որոշման իրավաչափությունը, ստուգելով դրա համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, արձանագրում է, որ ինչպես վերը նշվեց, վարչական մարմինները և դատարանները պետք է ցուցաբերեն առավել խիստ և հետևողական մոտեցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղերի գրանցման վերաբերյալ իրավակարգավորումների պահպանությունն ուղղակիորեն կարող է ազդել մարդու կյանքի և առողջության վրա: Հետևաբար անվանման և արտադրողի, ինչպես նաև դեղերը նույնականացնելու ցանկացած պայմանի տարբերություն հիմք է պնդելու, որ տվյալ դեղը գրանցված չէ:

Այսպես, վարչական մարմնի կողմից Ընկերությանը պատկանող՝ «Բիսեպտոլ 240մգ/5 մլ, սերիա՝ 020518» դեղը նույնական չէ ՀՀ առողջապահության նախարարի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում գրանցված դեղի հետ՝ հաշվի առնելով անվանման և արտադրողի տարբերությունները:

Մասնավորապես, հայտնաբերված դեղը՝ Բիսեպտոլ դեղակախույթ ներքին ընդունման 240մգ/5մլ, 80մլ դեղը, սերիա՝ 020518, պիտանիության ժամկետ՝ 05.2021 թվական, արտադրող՝ «ԱԵՆ ԹՐԵՅԴ», պետական գրանցամատյանում գրանցված է «Բիսեպտոլ Մեդանա» անվանումով, արտադրող՝ Մեդանա Ֆարմա։ Նշվածից հետևում է, որ պետական գրանցամատյանում նշված դեղի վերաբերյալ տվյալները նույնական չեն, մի դեպքում առկա է անվանման անհամապատասխանություն, մեկ այլ դեպքում՝ արտադրողի։

Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում իրացնողը պարտավոր է ստուգել դեղի գրանցված լինելու հանգամանքը, իսկ գրանցված և փորձաքննություն անցած դեղի անվանման և արտադրողի ցանկացած տարբերությունը հիմք է պնդելու, որ տվյալ դեղը գրանցված չէ՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրական կարգավորումներն առ այն, որ գրանցվող դեղը նույնականացնելու հնարավորություն ընձեռող վավերապայմաններից են նաև դեղի անվանումը և արտադրողը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է Վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

 

Հաշվի առնելով, որ «Լիվաֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Տեսչական մարմնի կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել «Լիվաֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով և 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.03.2021 թվականի որոշումը և այն փոփոխել. «Լիվաֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բոյախչյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` 03.05.2019 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ 404 որոշումը վերացնելու պահանջի մասին, մերժել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: