ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/4606/05/22 2023 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/4606/05/22 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | ||
Ք. Մկոյան |
2023 թվականի մայիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Բաբուխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկ Բաբուխանյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` 02․12․2021 թվականի թիվ 3419-Ա որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը․
Դիմելով դատարան՝ Հայկ Բաբուխանյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի 02․12․2021 թվականի թիվ 3419-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) 02.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ․ Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 25.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.10.2022 թվականի որոշմամբ Հայկ Բաբուխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.08.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Բաբուխանյանը (ներկայացուցիչ՝ Լարիսա Բաղդասարյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը․
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 69-րդ, 80-րդ և 123-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորն իրացրել է նոր հայցադիմում ներկայացնելու իր իրավունքը և ոչ թե հայցադիմումի վերադարձմամբ մատնանշված խախտումների վերաբերյալ շտկված հայցադիմում ներկայացնելու իրավունքը: Եթե անգամ հայցվորի կողմից ներկայացվել էր նախկինում ներկայացված պահանջը՝ չփոփոխված տարբերակով, ապա նման պայմաններում թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը չէին կարող արձանագրել, որ առկա է գործի քննության արգելք հանդիսացող չշտկված հայցադիմում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՞ք հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման այն դեպքում, երբ ճիշտ հայցատեսակի մատնանշմամբ դատարանի կողմից վերադարձված հայցադիմումը կրկին ներկայացրած հայցվորը պնդում է սկզբնապես ներկայացված պահանջը։
Նշված հարցադրումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել տնօրինչականության սկզբունքի համատեքստում, այդ սկզբունքի և գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի հավասարակշռման տիրույթում։ Այս առնչությամբ ելակետային նշանակություն ունի ՀՀ վճռաբեկ դատարանի հետևյալ իրավական դիրքորոշումը․ յուրաքանչյուր գործով մատնանշման պարտականության կատարումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ չխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից մեկը՝ տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 66-69-րդ հոդվածներում նախատեսել է հայցատեսակների սպառիչ ցանկ, և պատշաճ հայցատեսակի ընտրությունը պայմանավորվում է հայցապահանջի էությամբ, հայցվորի կողմից հետապնդվող՝ դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակով։ Հայցապահանջի և վերջինիս ձևակերպման ընտրությունը տնօրինչականության սկզբունքի շրջանակներում են, և հայցվորն է միայն իրավասու ընտրելու հայցատեսակը, որով դիմում է դատարան։ Սակայն սա չի բացառում ՀՀ վարչական դատարանի «միջամտությունը» հայցատեսակի ընտրության գործընթացին։ Այս միջամտությունն արտահայտվում է ՀՀ վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի (այսուհետ նաև՝ «ex officio» սկզբունք) իրացմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ այս սկզբունքի բաղադրիչներից է, թիվս այլնի, դատարանի՝ իր վեճը սխալ հայցատեսակով ՀՀ վարչական դատարանի քննությանը հանձնած հայցվորին ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականությունը։
Վարչական արդարադատությանը բնորոշ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը բացահայտված է ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում։
Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: (․․․) դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, նաև Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս շեշտադրել է նաև, որ որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե՛ գործի հարուցման, թե՛ գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նաև գործի հարուցման փուլում: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը)։
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, ելնելով տնօրինչականության սկզբունքի էությունից, արձանագրել է, որ, ստանալով սխալ հայցատեսակով ձևակերպված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը՝ հայցվորը կարող է կատարել, inter alia, հետևյալ դատավարական գործողությունները.
1) ընդունել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել դատարանի կողմից մատնանշված պատշաճ հայցատեսակին համահունչ,
2) չընդունել դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել նույն կերպ, ինչպես որ այն ձևակերպված է եղել սկզբնապես ներկայացված հայցադիմումի մեջ (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․09․2019 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, տնօրինչականության սկզբունքի հաշվառմամբ ճանաչելով հայցվորի՝ ճիշտ հայցատեսակի վերաբերյալ դատարանի առաջարկը չընդունելու և կրկին ներկայացված հայցադիմումն սկզբնապես ներկայացված հայցատեսակով ներկայացնելու իրավունքը, անդրադարձել է նաև այս իրավունքն իրացնելու իրավական հետևանքներին։
Այս առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ՝
1) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը,
2) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը ոչ թե պետք է որոշում կայացնի վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու մասին, այլ պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),
3) եթե հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության և վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ։
(․․․) այս կամ այն վիճելի իրավահարաբերությունը (իրավունքի մասին վեճը կամ այլ հարցը) վարչական դատավարության կարգով դատարանի առջև բարձրացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու համար: (․․․) վարչական դատարանը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը (…) միայն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը դատական պաշտպանության չի դիմել օրենքով նախատեսված ճիշտ հայցատեսակով կամ հայցվորը դատարան է դիմել սխալ հայցատեսակով (տե՛ս, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումը, արձանագրում է, որ հայցատեսակի սխալ ընտրությունը հանրային իրավահարաբերություններից բխող վեճի նյութաիրավական բովանդակության վրա ազդեցություն ունենալ չի կարող։ Այլ կերպ՝ վեճը, որպես առանձին կատեգորիա, կարող է ինքնին ենթակա լինել կամ չլինել ՀՀ վարչական դատարանի քննությանն անկախ հայցատեսակի ընտրությունից։ ՀՀ վարչական դատարանը, անդրադառնալով անձի կողմից ընտրված հայցատեսակի ոչ պատշաճ լինելուն և առաջարկելով պատշաճ հայցատեսակ, կոնկլյուդենտ գործողություններով արձանագրում է, որ վեճը ենթակա է դատարանում քննության։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին ներկայացված հայցադիմումում սկզբնապես ներկայացված հայցատեսակը պնդելու դեպքում հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, ըստ որի՝ հայցադիմումի ընդունումը մերժվում է, եթե նույն Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնք չվերացնելն արգելք է գործի քննության համար։ ՀՀ վարչական դատարանի մատնանշած սխալները չվերացնելը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է միայն այն դեպքում, երբ սխալները չվերացնելն արգելք է գործի քննության համար։ Ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է վերլուծության ենթարկի․
- արդյո՞ք վերացված է (են) այն սխալը (սխալները), որը (որոնք) հիմք են հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար․ դրանք վերացված են մասամբ, թե՞ ամբողջությամբ,
- արդյո՞ք պահպանված է սխալները վերացնելու համար՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետը կամ ներկայացված է նշված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն,
- արդյո՞ք տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար։
(...) հայցադիմումը վերադարձնելիս դատարանի արձանագրած սխալը չշտկելը կարող է արգելք հանդիսանալ գործի քննության համար, եթե այդ սխալը գործնականում չի կարող շտկվել գործը քննության նախապատրաստելու փուլում կատարվող գործողությունների շրջանակներում և գործի փաստական հանգամանքները դատարանի կողմից ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման միջոցով (տե՛ս, Հմայակ Կյատիկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, եթե հայցվորը չի ընդունում հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ դատարանի կողմից կատարված առաջարկը՝ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ, և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպում է նույն կերպ, ինչպես որ այն ձևակերպված է եղել սկզբնապես ներկայացված հայցադիմումի մեջ, ապա դա չի նշանակում, որ հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար: Այլ կերպ ասած՝ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ կատարված առաջարկը չընդունելը և հայցապահանջի ձևակերպման թերությունը չվերացնելը չեն կարող ընկալվել և դիտարկվել որպես գործի քննության համար արգելք: Այդ դեպքում կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․09․2019 թվականի որոշումը):
Ի ամփոփումն վերոհիշյալի Վճռաբեկ դատարանն արձանագրում է․
- ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճը, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված՝ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճը ոչ ճիշտ հայցատեսակով ՀՀ վարչական դատարան ներկայացվելու դեպքում վերջինս, ի իրացումն «ex officio» սկզբունքի, պարտավոր է առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել ճիշտ հայցատեսակով․ ընդ որում՝ ՀՀ վարչական դատարանն իր այս պարտականությունը կարող է կատարել նաև հայցադիմումի ընդունելիության փուլում՝ վերադարձնելով հայցադիմումը և առաջարկելով ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել ճիշտ հայցատեսակով։
- Հայցադիմումը կրկին ներկայացնելու դեպքում հայցվորը, տնօրինչականության սկզբունքին համապատասխան, իրավունք ունի չընդունել հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ ՀՀ վարչական դատարանի կողմից առաջարկված ճիշտ հայցատեսակը։
- Այն դեպքում, երբ հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումով պնդում է սկզբնապես ներկայացված հայցադիմումը, նշված հանգամանքն արգելք չէ գործի քննության համար․ ըստ այդմ՝ հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով։ Կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայցը ենթակա չէ դատարանում քննության)։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել այն պատճառաբանությամբ, որ ճիշտ հայցատեսակի մատնանշմամբ դատարանի կողմից վերադարձված հայցադիմումը կրկին ներկայացրած հայցվորը պնդել է սկզբնապես ներկայացված պահանջը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայկ Բաբուխանյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի 02․12․2021 թվականի թիվ 3419-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանը 02.08.2022 թվականի որոշմամբ վերադարձրել է հայցադիմումը՝ նշելով, որ վիճարկվող ակտը չի կորցրել իր իրավաբանական ուժն ու միջամտող ազդեցությունը հայցվորի իրավունքներին, հետևաբար, նման պայմաններում հայցվորն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը կարող էր հայցել Օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի շրջանակներում։
Հայցվորը, չընդունելով ՀՀ վարչական դատարանի կողմից կատարված ճիշտ հայցատեսակի մատնանշումը, հայցադիմումը կրկին ներկայացրել է սկզբնապես ներկայացված պահանջով, այն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի 02․12․2021 թվականի թիվ 3419-Ա որոշումը:
Դատարանը 25.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է՝ նշելով հետևյալը․ «հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակներին ներկայացվող պահանջներն, իսկ դատարանի առաջարկները թերությունները վերացնելու մասին հայցվորի կողմից չեն ընդունվել, որպիսի թերությունները, Դատարանի գնահատմամբ, խոչընդոտ են հանդիսանում գործի քննության համար»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Հայկ Բաբուխանյանի վերաքննիչ բողոքը, նշել է․ «եթե անձի ենթադրաբար խախտված իրավունքի դատական պաշտպանությունն օբյեկտիվորեն չի կարող իրականացվել այդ անձի ներկայացրած հայցադիմումով ամփոփված պահանջով, իսկ հայցվորը հրաժարվում է ընդունել ոչ ճիշտ հայցատեսակը ճիշտ հայցատեսակով փոխարինելու վարչական դատարանի առաջարկը (համապատասխանում է սույն դեպքին), ապա նշված իրողությունը հանգում է վեճը դատարանում քննության ենթակա չլինելու, իսկ մասնավոր դեպքում, գործի քննության արգելք հանդիսացող հայցադիմումի սխալները շտկված չլինելու իրավաբանական հետևանքին։ (…) Վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված կանոնակարգումների հաշվառմամբ շեշտադրել է սույն դեպքի նկատմամբ հնարավոր ճիշտ հայցատեսակը՝ փաստելով, որ սույն դեպքում ծագում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված հայցը հարուցելու հայցվորի իրավունքը, մինչդեռ, հայցվորը կրկին ներկայացրել է ճանաչման հայցատեսակին համապատասխանող հայց, որպիսի պահանջով ամփոփված վեճը ենթակա չէ դատարանում քննության»։
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ․
Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ Դատարանի և Վերաքննիչ դատարանի դիրքորոշման՝ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արված առաջարկը չընդունելը և նույն հայցատեսակով կրկին դատարան հայցադիմում ներկայացնելը հայցադիմումի այնպիսի թերություն է, որը չշտկելն արգելք է գործի քննության համար, իսկ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ նաև տվյալ պարագայում վեճը ենթակա չէ դատարանում քննության։
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վերը նշված դիրքորոշումները, արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի 02.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշված սխալը Հայկ Բաբուխանյանի կողմից չշտկելը, այն է՝ Դատարանի մատնանշած հայցատեսակով հայցադիմում չներկայացնելը, արգելք չէր գործի քննության համար, ավելին համապատասխան հանրային իրավահարաբերություններից բխող վեճը՝ ոչ ճիշտ հայցատեսակ ներկայացնելու փաստով պայմանավորված, չէր կարող համարվել դատարանի քննությանը ոչ ենթակա։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սույն գործով 25.08.2022 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, սահմանափակել է Հայկ Բաբուխանյանի դատարանի մատչելիության իրավունքը։ Դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի հետևողականորեն ձևավորված նախադեպային պրակտիկային, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 25.08.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Լ. Հակոբյան Հ. Բեդևյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: