ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0268/02/19 2023 թ. | ||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0268/02/19 | |||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ա . ԲարսեղյանՍ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. Մ կրտչյան | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի մարտի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վերա Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վերա Ղարիբյանի ընդդեմ Ստեփան, Գոհար, Ժաննա, Գառնիկ, Սասուն Խաչատրյանների (այսուհետ` Համապատասխանողներ), երրորդ անձ Համլետ Խաչատրյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վերա Ղարիբյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքում գտնվող, Համապատասխանողների անվամբ գրանցված 0.62հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Բալյան) (այսուհետ` Դատարան) 16.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2020 թվականի որոշմամբ Ստեփան Խաչատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.03.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերա Ղարիբյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ, 318-րդ, 321-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վերա Ղարիբյանի մոտ ձևավորել է համոզմունք այն մասին, որ վիճելի գույքը ձեռք է բերում որպես սեփականություն` վճարելով դրա դիմաց: Վիճելի գույքը որպես սեփական գույք ձեռք բերելու և տիրապետելու մասին է վկայում նաև այն, որ գույքը ձեռք բերելուց հետո Վերա Ղարիբյանը հիմնել է այգի, վճարել հարկեր, տուրքեր, կատարել համապատասխան այլ վճարումներ, այդքան տարիներ ընթացքում գույքի նախկին սեփականատերերը որևէ կերպ չեն առարկել Վերա Ղարիբյանի կողմից հողամասի տիրապետման և օգտագործման դեմ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սեփականության իրավունքը ճանաչելու համար էական նշանակություն ունի ոչ թե գործարքի վավեր լինելը, մասնավորապես` ձևը պահպանված լինելու տեսանկյունից, այլ գույքը ձեռք բերելու պահին ձեռքբերողի օրինական ակնկալիքն այն մասին, որ նախկին սեփականատերը վերջնականապես հրաժարվել է գույքի նկատմամբ ցանկացած իրավունքներից: Այսինքն՝` գործարքի վավեր չլինելը չի կարող արգելք հանդիսանալ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառման համար: Ավելին, գործարքը վավեր լինելու պարագայում սեփականության իրավունքը կարող էր ճանաչվել` հիմնվելով հենց գործարքի, այլ ոչ թե` ձեռքբերման վաղեմության հիմքի վրա: Տվյալ դեպքում Համլետ Խաչատրյանի 20.06.2003 թվականի հայտարարության առկայության պայմաններում Վերա Ղարիբյանի հետ սահմանված կարգով առուվաճառքի պայմանագիր չկնքելը չի կարող ինքնին փաստել վերջինիս մոտ բարեխղճության բացակայության մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գույքի նախկին սեփականատերերի կողմից իրականացվել են գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից վերջիններիս մեկուսացման մասին, ավելին՝ Վերա Ղարիբյանի կողմից գույքի բացահայտ, որպես իր սեփականը տիրապետելու ընթացքում գույքն ազատելու պահանջով կամ գույքի պահպանման հոգսը կրելու նախաձեռնությամբ Համապատասխանողները երբևէ հանդես չեն եկել` նման անգործությամբ իրենց ակնհայտ մեկուսացնելով վիճելի գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Վերա Ղարիբյանի կողմից բավարար ապացույցներ չեն ներկայացվել տիրապետման բարեխղճությունը հիմնավորելու համար, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ բոլոր վավերապայմանների առկայության պայմաններում է Դատարանը ճանաչել ձեռքբերման վաղեմության ուժով վերջինիս սեփականության իրավունքը վիճելի հասցեում գտնվող համապատասխանողների անվամբ գրանցված 0.62հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ: Սույն գործով հաստատվել է, որ Համապատասխանողներն իրենց գործողություններով հրաժարվել են վիճելի գույքից, իսկ Վերա Ղարիբյանը շուրջ 17 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է գույքը, ինչպես նաև դրա պահպանման հետ կապված ծախսեր և գործողություններ է կատարել, հիմնել է բերքատու այգի և նման պայմաններում այդ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ծագել է վերջինիս սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.03.2020 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համլետ Խաչատրյանի կողմից 20.06.2003 թվականին տրված գրավոր հայտարարության համաձայն` վերջինս 2000 ԱՄՆ դոլար գումարով Վերա Ղարիբյանի ամուսին Վոլոդյա Ղարիբյանին է վաճառել որդու ու վերջինիս ընտանիքի` Ստեփան, Գոհար, Ժաննա, Գառնիկ, Սասուն Խաչատրյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքում գտնվող սեփականաշնորհված հողամասը, հայտարարությունում առկա է նաև Վերա Ղարիբյանի անուն-ազգանունը և ստորագրություն (հատոր 1-ին, գ․թ․ 14):
2) Համաձայն 26.06.1969 թվականի ամուսնության վկայականի՝ Վոլոդյա Ղարիբյանի և Վերա Ղարիբյանի ամուսնությունը գրանցվել է 26.06.1969 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 12):
3) Այգեզարդ համայնքի ղեկավարի կողմից 11.01.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի բնակիչ Ստեփան Խաչատրյանի և նրա ընտանիքի անվամբ սեփականաշնորհված 0,62հա գյուղ նշանակության ծիրանի այգին 2003 թվականից փաստացի մշակում և հողի հարկերը վճարում է Վերա Ղարիբյանը և նրա ընտանիքի անդամները։ Վերա Ղարիբյանի տիրապետումը եղել է բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ (հատոր 1-ին, գ․թ․ 17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հաստատվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:
Վերոգրյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման հիմք։
ՀՀ սահմանադրական դատարանը, իր 21.11.2006 թվականի թիվ ՍԴՈ-667 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
Զարգացնելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը այլ անձի կողմից իր գույքի սեփականության տիրապետման կապակցությամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման նկատմամբ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը (տե´ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից և անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս թիվ 3-81(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և ակներև դարձնել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (տե՛ս Աշոտ Ղազարյանն և Մարգարիտ Դալլաքյանն ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի, Մարինե Յուրիկի Պարանյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Համլետ Խաչատրյանի կողմից 20.06.2003 թվականին տրված գրավոր հայտարարության համաձայն` վերջինս 2000 ԱՄՆ դոլար գումարով Վերա Ղարիբյանի ամուսին Վոլոդյա Ղարիբյանին է վաճառել որդու ու վերջինիս ընտանիքի` Ստեփան, Գոհար, Ժաննա, Գառնիկ, Սասուն Խաչատրյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքում գտնվող սեփականաշնորհված հողամասը, հայտարարությունում առկա է նաև Վերա Ղարիբյանի անուն-ազգանունը և ստորագրություն:
Համաձայն 26.06.1969 թվականի ամուսնության վկայականի՝ Վոլոդյա Ղարիբյանի և Վերա Ղարիբյանի ամուսնությունը գրանցվել է 26.06.1969 թվականին:
Այգեզարդ համայնքի ղեկավարի կողմից 11.01.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի բնակիչ Ստեփան Խաչատրյանի և նրա ընտանիքի անվամբ սեփականաշնորհված 0,62հա գյուղ նշանակության ծիրանի այգին 2003 թվականից փաստացի մշակում և հողի հարկերը վճարում է Վերա Ղարիբյանը և նրա ընտանիքի անդամները։ Վերա Ղարիբյանի տիրապետումը եղել է բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ:
Դատարանը 16.03.2020 թվականի վճռով հայցը բավարարելիս արձանագրել է, որ առկա են բոլոր վավերապայմանները՝ ձեռքբերման վաղեմության ուժով Վերա Ղարիբյանի սեփականության իրավունքը վիճելի հասցեում գտնվող, Ստեփան, Գոհար, Ժաննա, Գառնիկ, Սասուն Խաչատրյանների անվամբ գրանցված 0.62հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչելու համար:
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ բողոքը բավարարելիս և հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Համլետ Խաչատրյանի հայտարարությանն այն մասին, որ իրեն է փոխանցվել 2000 ԱՄՆ դոլար, որը նա փոխանցել է իր որդուն՝ Ստեփան Խաչատրյանին, ապա այն բավարար և արժանահավատ չէ հայցվորի կողմից վկայակոչված հանգամանքները հաստատված համարելու համար, քանի որ նախ հայտարարություն տված անձը նախապես զգուշացված չի եղել սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին, ինչն էականորեն նվազեցնում է այդ ապացույցի արժանահավատությունը: Բացի այդ, էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել կամ սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի կողմից։ Մինչդեռ, Համլետ Խաչատրյանը չի հանդիսանում վեճի առարկա անշարժ գույքի սեփականատեր կամ համասեփականատերերի կողմից լիազորված անձ, ուստի նրան գումարի տրամադրմամբ, եթե նույնիսկ դրա՝ իրականությանը համապատասխանելը հաստատված համարվեր, հայցվորը չէր կարող բավարար երաշխիքներ ունենալ առ այն, որ իրեն կարող է փոխանցվել սեփականության իրավունք, սեփականության իրավունքի փոխանցման կամքի դրսևորումը չի հիմնավորվում գործում առկա որևէ ապացույցով։ Բացի այդ, հայցվորի կողմից ներկայացված ստացականում նշված չէ գումարի տրամադրման նպատակը։ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ միայն անշարժ գույքին տիրապետելը չի կարող վկայել անձի տիրապետման բարեխղճության մասին և չի կարող հիմնավորել, որ անձը բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ այդ գույքը տիրապետում է որպես սեփականություն։ Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ համայնքի ղեկավարն այն սուբյեկտը չէ, որը կարող է հաստատել անձի տիրապետության բացահայտ, բարեխիղճ լինելը։ Հետևաբար, գործով ձեռք բերված ապացույցները համարել է ոչ բավարար հայցվորի բարեխղճության փաստի հաստատման համար։
Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ արձանագրում է հետևյալը.
Սույն գործով հաստատված և չվիճարկված փաստ է այն, որ վիճելի հողամասի սեփականատերերը 1992 թվականից բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, իսկ 2003 թվականից սկսած մինչև 2019 թվականը՝ հայց ներկայացնելը, Վերա Ղարիբյանն է տիրապետել այդ հողամասը, վճարել դրա հարկերը: Նշված փաստերը հերքող ապացույցներ, հայցադիմումի պատասխան, դիրքորոշում Դատարանում գործի քննության ընթացքում չեն ներկայացվել: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, թե համայնքի ղեկավարն այն սուբյեկտը չէ, որը կարող է հաստատել անձի տիրապետման բացահայտ, բարեխիղճ լինելը, հիմնավոր չէ, քանի որ որոշման մեջ բացակայում է նման եզրահանգման հիմնավորումը, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու համայնքի ղեկավարը չի կարող հաստատել հողամասի տիրապետման բացահայտությունը և անընդմեջությունը: Ինչ վերաբերում է տիրապետման բարեխղճությանը, ապա համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ նախադեպային իրավական դիրքորոշումների՝ այն որոշվում է գույքն անձի տիրապետմանն անցնելիս և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ գույքն անձի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, տիրապետողը համոզմունք է ունեցել, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետելու է որպես սեփականություն: Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչու համայնքի ղեկավարը չէր կարող հաստատել նշված հանգամանքները և դա այն դեպքում, երբ գործում առկա է գրավոր ապացույց՝ հայտարարություն այն մասին, որ սույն գործով երրորդ անձը հայցվորի ամուսնուց 2003 թվականին 2000 ԱՄՆ դոլար գումար է ստացել հողամասը վաճառելու դիմաց:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի հետևությանը՝ սույն գործով ներկայացված հայտարարության նվազ արժանահավատության վերաբերյալ, ապա այն ևս հայցը մերժելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով հայտնած իրավական դիրքորոշման համաձայն՝ սեփականությունից հրաժարվելու փաստը հաստատելիս կարևորվում են ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը): Սույն գործով չի վիճարկվել այն հանգամանքը, որ հողամասի գրանցված սեփականատերերը 1992 թվականից լքել են իրենց գույքը, իսկ 2003 թվականից գույքի դիմաց վճարելուց հետո այն տիրապետում է հայցվոր Վերա Ղարիբյանը, նման պայմաններում սեփականատերերի կողմից գույքից հրաժարվելու վերաբերյալ որևէ գրավոր ապացույցի բացակայության դեպքում անգամ ակնհայտ է, որ նրանք գույքը ետ չպահանջելով այն փաստացի տիրապետող անձից, տասը տարուց ավելի անտարբեր վերաբերմունք են դրսևորել իրենց գույքի նկատմամբ:
Հիմնավոր չէ նաև վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե քանի որ հայտարարություն տված անձը նախապես զգուշացված չի եղել սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին, ուստի այդ ապացույցի արժանահավատությունն էականորեն նվազում է: Այդ եզրահանգումը կատարելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսք չի գնում օրենքով պահանջվող ձևին համապատասխանող դատավարական փաստաթղթի մասին, իսկ հայտարարությունում պարունակվող տեղեկության արժանահավատությունն էլ կարող է կասկածի տակ դրվել այլ ապացույցներում պարունակվող տեղեկությունների հետ դրա հակասության դեպքում, մինչդեռ սույն գործով նման ապացույցներ չեն ներկայացվել:
Տեղին չեն նաև առուվաճառքի պայմանագրի կնքման իրավասություն ունեցող անձի, հայտարարությունում գումարի վճարման նպատակի մասին նշման բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունները, քանի որ տվյալ դեպքում հայցվորը չի վկայակոչել օրենքի պահանջներին համապատասխան առուվաճառքի պայմանագիր կնքված լինելու փաստը, այլ վերոհիշյալ հայտարարությունը ներկայացրել է որպես իր տիրապետման բարեխղճությունը հիմնավորող գրավոր ապացույց, որի թույլատրելիությունը չի վիճարկվել: Ի վերջո ընդունելով հայցվորի կողմից վիճելի հողամասին տիրապետելու փաստը, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ միայն անշարժ գույքին տիրապետելը չի կարող վկայել անձի տիրապետման բարեխղճության մասին, անտեսելով այն հանգամանքը, որ հայցվորի ներկայացրած ապացույցներով հիմնավորվել են գույքն առանց բռնության նրա տիրապետմանն անցնելու, որպես սեփականատեր տիրապետելու օրինաչափ ենթադրություն կատարելու հիմքերի առկայության, ինչպես նաև հողամասի սեփականատերերի կողմից տասը տարուց ավելի ժամկետով իրենց գույքի նկատմամբ անտարբեր վերաբերմունք դրսևորելու հանգամանքները, որոնք Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումներին համապատասխան, հիմք են ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 16.03.2020 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ստեփան Խաչատրյանից հօգուտ Վերա Ղարիբյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2020 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Ստեփան Խաչատրյանից հօգուտ Վերա Ղարիբյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան |
Ա . ԲարսեղյանՍ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա. Մ կրտչյան | |
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԱՎԴ/0268/02/19 քաղաքացիական գործով 24․03․2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
24․03․2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով Վերա Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վերա Ղարիբյանի ընդդեմ Ստեփան, Գոհար, Ժաննա, Գառնիկ և Սասուն Խաչատրյանների, երրորդ անձ Համլետ Խաչատրյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2020 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում վճռաբեկ բողոքում նշել է հետևյալը.
«Անդրադառնալով սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերին և դրանց հիմնավորումներին հայտնում ենք հետևյալը`
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 հոդվածի`
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1)բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում`
․ Կայացված Որոշման հիմքով Բանկը ոչ իրավաչափ հիմքով զրկվելու է օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա բավարարում ստանալու իր իրավունքից, որով խախտվելու է Վերա Ղարիբյանի սեփականության իրավունքը, որի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական նորմերի ուժով:
Հետևաբար գտնում ենք, որ առկա են սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված հիմքերը»:
Վերոգրյալից բխում է, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք, ըստ էության, նշել է առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը՝ պայմանավորված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համապատասխան բաժնում չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը:
Նման պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր 13․01․2021 թվականին որոշում կայացնելով առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքն այլ հիմքով վերադարձնելու մասին՝ այն վերադարձնել վճռաբեկ բողոքը նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով՝ բողոք բերած անձին հնարավորություն տալով շտկելու այդ թերությունը, որը տվյալ դեպքում չի արվել։ Ավելին՝ կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել առանց դրանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը պատշաճ ձևով նշված լինելու։
Հիմք ընդունելով վերոգրյալը կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում ինչպես չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այնպես էլ՝ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|