Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.07.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԳԴ4/0004/13/21

Նախագահող դատավոր՝  ՍՀամբարձումյան

Դատավորներ՝

 ՆՀովակիմյան

 ԿՄարդանյան

 

    

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

    

7 հուլիսի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱԱֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռով Վարդան Վոլոդյայի Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով:

2 Նշված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դատապարտյալ Վարդան Մովսիսյանի և պաշտպան ԱՍարգսյանի դիմումի քննության արդյունքում, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի փետրվարի 4-ին որոշում է կայացրել դիմումը բավարարելու, ՎՄովսիսյանի նկատմամբ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը 1620 (հազար վեց հարյուր քսան) ժամ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին։

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 6-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱԱֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2023 թվականի մայիսի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 414.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:

Այսպես, բողոքաբերի կարծիքով, Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր քննելու ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ՎՄովսիսյանի և պաշտպանի դիմումը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելու փաստարկմամբ։

Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատապարտյալի համապատասխան դիմումը ներկայացնելու իրավունքը ծագում է բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում։ Այս համատեքստում քննարկելով դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության հասցեատերերի սուբյեկտային կազմը՝ բողոքաբերը նշել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժն ի կատար ածելու պարտականությունը դրված է ուղղիչ հիմնարկի վրա, հետևաբար՝ ազատազրկման ձևով պատիժը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու մասին դատարան դիմում ներկայացնելու դատապարտյալի իրավունքը ծագում է բացառապես համապատասխան կարգադրությունն ուղղիչ հիմնարկում ստացվելուց հետո՝ քսան օրվա ընթացքում։ Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքի հեղինակը նշել է, որ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական նորմերից ակնհայտ է, որ կարգադրությունը դատապարտյալին ուղարկելու պահանջ նախատեսված չէ, իսկ ՀՀ ոստիկանության իրավասությունը սահմանափակված է դատապարտյալին պատիժը կատարող հիմնարկ տեղափոխելու գործառույթով։

Անդրադարձ կատարելով սույն գործի փաստական հանգամանքներին բողոքաբերը նկատել է, որ ՎՄովսիսյանի վերաբերյալ դատավճիռը կատարելու մաuին կարգադրությունն ուղարկելուց երկու օր անց Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ՎՄովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը տեղեկություն չեն պարունակում այդ ընթացքում ՎՄովսիսյանի գտնվելու վայրի մասին։

Ամփոփելով կատարված վերլուծությունը, բողոքաբերը եզրահանգել է, որ ՎՄովսիսյանի և պաշտպանի կողմից համապատասխան դիմումը ներկայացվել է օրենքով նախատեսված կարգի խախտմամբ, ուստի Առաջին ատյանի դատարանի կողմից դիմումի քննությունն իրավաչափ չէ։ Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ առկա իրավիճակի տրամաբանությունից բխում է, որ ուղղիչ հիմնարկի կողմից կարգադրության պահանջը չի կատարվել կամ կարգադրության գործողությունն Առաջին ատյանի դատարանի կողմից կասեցվել է, մինչդեռ կատարման հանձնելու կարգադրության չկատարումը կարող է հանգեցնել անօրինական անգործության։

51 Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ համապատասխան դիմումը ներկայացնելու ժամկետը կարգադրությունը ստանալու պահից հաշվելն իրավաչափ չէ, պատճառաբանված չէ, քանի որ որևէ կերպ չի նշվել, թե հատկապես որ փաստական տվյալների կամ իրավանորմերի մեկնաբանման արդյունքում է հանգել այդ եզրահանգման։

52 Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը քննարկման առարկա է դարձրել ՎՄովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունը՝ գտնելով, որ առկա չեն ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար կլինեին հիմնավորելու ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու, ըստ այդմ՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու հնարավորությունը։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով դատապարտյալ ՎՄովսիսյանի ու պաշտպանի դիմումը, իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(․․․) [Դ]իմումը ենթակա է քննության դատական ակտը կայացրած ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ դատական ակտը դեռևս չի կատարվում և մինչև կատարումը դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական որոշում կայացրած դատարանը:

[Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ այն իրավաչափ է և ներկայացված միջնորդությունը /դիմումը/ ենթակա է քննության հետևյալ պատճառաբանությամբ՝

(․․․) ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԳԴ/0034/01/19 դատավճիռը 2021 թվականի փետրվարի 1-ին մտել է օրինական ուժի մեջ: (․․․) [Դ]ատավճիռը 2021 թվականի փետրվարի 2-ին համապատասխան կարգադրությամբ ուղարկվել է կատարման։

2021 թվականի փետրվարի 2-ին [Առաջին ատյանի դ]ատարանում ստացվել է դատապարտյալ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի և նրա պաշտպան Արմեն Սարգսյանի միջնորդությունը /դիմումը/` Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ։

Այսինքն՝ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի և նրա պաշտպան Արմեն Սարգսյանի կողմից դիմումը ներկայացվել է այն ժամանակ, երբ դատական ակտն արդեն իսկ օրինական ուժի մեջ է մտել և ուղարկվել կատարման։ Հարկ է նաև նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական ակտը կատարման ուղարկելու մասին կարգադրությունն ամբաստանյալին կամ նրա պաշտպանին ուղարկելու կարգ չի սահմանում, ուստի դիմումը ներկայացնելու ժամկետները կարգադրությունը ստանալու պահից հաշվվելն իրավաչափ չէ։

(․․․) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ (․․․) հանգամանքների համակցությունը հնարավորություն է տալիս գալու եզրահանգման, որ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում հնարավոր է ապահովել պատժի նպատակները և (․․․) հիմնավորում են Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը պատժի նպատակների իրականացման տեսանկյունից»2։

71 Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի պետին հասցեագրված 2021 թվականի փետրվարի 4-ի գրության համաձայն՝ «2021 թվականի փետրվարի 2-ին Ձեզ է ուղարկվել Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճիռը և դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը։

2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի նկատմամբ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը փոխարինվել է հանրային աշխատանքներով՝ 1620 (հազար վեց հարյուր քսան) ժամ տևողությամբ։

Հայտնելով վերոգրյալի մասին խնդրվում է չկատարել դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը և այդ մասին հայտնել դատարանին»3։

8 Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն՝ «(․․․) Առաջին ատյանի դատարանը գտնելով, որ (․․․) ՎՄովսիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում հնարավոր է ապահովել պատժի նպատակները (․․․), օրինական և հիմնավորված որոշում է կայացրել դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու դիմումը բավարարելու մասին: (․․․) [Առաջին ատյանի դ]ատարանը միջնորդությունը քննության առնելիս` թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի: Ուստի բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ դատարանի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ ՎՄովսիսյանի և պաշտպանի դիմումի առնչությամբ Առաջին ատյանի դատարանի տրված լուծման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վերաքննիչ բողոքում քննարկվել է ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածության տեսանկյունից5։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը, և հաշվի առնելով այդ կապակցությամբ Մխիթար Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները6` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալը Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ ստորադաս դատարանի կողմից դատական ակտն ընդդատության կանոնի պահպանմամբ կայացված լինելու հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

10 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ պետք է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք Առաջին ատյանի դատարանն իրավասու էր ՎՄովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին որոշում կայացնել։

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատշաճ ընդդատության կանոնի պահպանումը հիմնարար իրավական արժեք է և բխում է արդար դատաքննության ինստիտուցիոնալ տարրից՝ անկախ, անկողմնակալ, իրավասու և օրենքի հիման վրա ստեղծված դատարան ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունից7։ Այդ առումով, հաշվի առնելով, որ դատական ակտերի կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա գործերը որոշակիացնելու համար օրենսդիրն ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը8, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշակի ժամկետով ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ՎՄովսիսյանի կողմից հանցավոր արարքը կատարելու պահին գործող օրենսդրական կարգավորումներին։ Այսպես՝

ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու (․․․) դեպք[ում]»։

Վճռաբեկ դատարանն ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու դատապարտյալի իրավունքին անդրադարձել է Մատվեյ Բրուտյանի գործով որոշմամբ՝ արձանագրելով, որ դատապարտյալի պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելը պարտադիր նախապայման է դատապարտյալի կողմից ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու համապատասխան օրենսդրական կառուցակարգը գործադրելու և դատարանի առջև վերոնշյալ հարցը բարձրացնելու համար, հակառակ դեպքում նշված հարցի քննության հնարավորությունը բացառվում է։ Այլ կերպ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում խնդրո հարցը քննարկման և լուծման ենթակա է դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելու դեպքում, հակառակ պարագայում դիմումը ենթակա է մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու9։

 11 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ՎՄովսիսյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2021 թվականի փետրվարի 1-ին,

- դատական ակտը կատարման հանձնելու կարգադրությունն արձակվել է 2021 թվականի փետրվարի 2-ին,

- 2021 թվականի փետրվարի 2-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է դատապարտյալ ՎՄովսիսյանի և պաշտպանի դիմումը՝ դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու պահանջով,

- դիմումի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ ՎՄովսիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկում պատժատեսակը փոխարինել է հանրային աշխատանքներով՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նաև նրանով, որ դիմումը ներկայացնելու պահին մեղադրական դատական ակտը ստացել է օրինական ուժ, ուղարկվել կատարման և դեռևս չի կատարվել, միաժամանակ, օրենսդիրը դատական ակտը կատարման հանձնելու կարգադրությունն ամբաստանյալին կամ նրա պաշտպանին ուղարկելու կարգ չի սահմանում, ուստի դիմում ներկայացնելու ժամկետը համապատասխան կարգադրությունը ստանալու պահից հաշվվելն իրավաչափ չէ10,

- Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի փետրվարի 4-ի գրությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից պահանջել է ՎՄովսիսյանի վերաբերյալ դատական ակտը կատարելու մաuին կարգադրության կապակցությամբ գործողություններ չկատարել՝ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինվելու պատճառաբանությամբ11,

- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ ՎՄովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցում հանգել է ճիշտ եզրահանգման12։

12 Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ ՎՄովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցն Առաջին ատյանի դատարանի առջև բարձրացվել է նախքան ազատազրկում պատժատեսակի կատարումն ապահովող մարմնի կողմից պատժի կատարմանն ուղղված գործողություններ կատարելը։ Այլ կերպ՝ դատապարտյալ ՎՄովսիսյանը և պաշտպանը համապատասխան դիմումը ներկայացրել են պատժի կրման գործընթացը նախաձեռնված չլինելու պայմաններում։

13 Սույն որոշման 10-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետերում վկայակոչված ու վերլուծված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննության առնելով դատապարտյալ ՎՄովսիսյանի և պաշտպանի ներկայացրած դիմումը, չի հանդիսացել «օրենքի հիման վրա ստեղծված»՝ իրավասու դատարան։

Նախ և առաջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ընդունելով հանդերձ, որ համապատասխան դիմումը ստանալու պահին պատժի կրման գործընթացը դեռևս չէր նախաձեռնվել, այս համատեքստում պատշաճ ուշադրության չի արժանացրել դատարանի համապատասխան լիազորությունը գործադրելու օրենսդրական առանձնահատկությունը։ Տվյալ դեպքում, դատապարտյալ ՎՄովսիսյանը և պաշտպանն ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դիմումն Առաջին ատյանի դատարան են ներկայացրել սահմանված կարգի խախտմամբ, քանի որ դատապարտյալ ՎՄովսիսյանը և պաշտպանն ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի առջև բարձրացրել են նախքան պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը կրելու գործընթացը սկսված լինելու պայմանի բացակայությունը բացառել է ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու դատապարտյալ ՎՄովսիսյանի հնարավորությունը։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից պահանջելով ՎՄովսիսյանի վերաբերյալ դատական ակտը կատարելու մաuին կարգադրության կապակցությամբ գործողություններ չկատարել, ուշադրության չի արժանացրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումները։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը կարող է կասեցվել կամ հետաձգվել բացառապես դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետի վերականգնման միջնորդության քննության կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ և 431-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում13, ինչը սույն գործով բացակայում է։

Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի խնդրո իրավունքի իրացման կարգի խախտմամբ Առաջին ատյանի դատարան ներկայացված ՎՄովսիսյանի ու պաշտպանի դիմումը ենթակա էր մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու։

Վերն արված եզրահանգման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ ՎՄովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածության առնչությամբ բողոքաբերի դիրքորոշմանը։

131 Անդրադարձ կատարելով բողոքաբերի՝ սույն որոշման 51-րդ կետում մատնանշված փաստարկին, Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտով արձանագրել է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական ակտը կատարման ուղարկելու մասին կարգադրությունն ամբաստանյալին կամ նրա պաշտպանին ուղարկելու կարգ չի սահմանում, ուստի դիմումը ներկայացնելու ժամկետները կարգադրությունը ստանալու պահից հաշվվելն իրավաչափ չէ»։ Մեջբերված ձևակերպումից ակնհայտ է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական դատավարության օրենսդրության մեկնաբանմամբ, ընդ որում մեջբերելով նաև «Դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությունը» վերտառությամբ հոդվածը, դատապարտյալի՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու իրավունքի ծագման պահի հարցում հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այդ փաստարկին և արձանագրում, որ թեև Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել վերաբերելի իրավանորմերը, սակայն այդ հետևությունը չի կարող գնահատվել որպես չպատճառաբանված։

14 Սույն որոշմամբ արված եզրահանգումը հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր ՎՄովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին որոշում կայացնել։ Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում, որ Առաջին ատյանի դատարանի՝ դատապարտյալ ՎՄովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը ևս իրավաչափ չէ։

16 Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սույն գործով ենթակա էր կիրառման, իսկ Վերաքննիչ դատարանը, դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի առերևույթ առկայության պայմաններում, վիճարկվող դատական ակտը թողել է անփոփոխ, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու։ Ուստի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 6-ի որոշումը պետք է բեկանել, իսկ դատապարտյալ ՎՄովսիսյանի և պաշտպան ԱՍարգսյանի դիմումը՝ մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2 Դատապարտյալ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի և պաշտպան ԱՍարգսյանի դիմումը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 30-35:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 36:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 75-84

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 42-52

6 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և մյուսների գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

7 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Վասակ Գազանճյանի գործով 2023 թվականի մարտի 24-ի թիվ ԵԴ/1241/01/22 որոշման 12-րդ կետը:

8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշումը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի Մատվեյ Բրուտյանի գործով 2023 թվականի մարտի 24-ի թիվ ՏԴ/0124/01/19 որոշումը։

10 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։

11 Տե՛ս, սույն որոշման 7․1-րդ կետը։

12 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մատվեյ Բրուտյանի գործով վերը նշված որոշումը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

ս. աՎԵՏԻՍյան

Լ. Թադևոսյան
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: