Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.06.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1870/05/21

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1870/05/21

Նախագահող դատավոր՝

 Ա. Սարգսյան

Դատավորներ՝

 Կ. Ավետիսյան

 Կ. Բաղդասարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ ԲԵԴևՅԱՆ

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի հունիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հելենա Ֆոն Հարթմանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 14.01.2021 թվականի թիվ Վ-1/22 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հելենա Ֆոն Հարթմանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 14.01.2021 թվականի թիվ Վ-1/22 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 22.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.06.2022 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.06.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Զավեն Սմբատյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատական ակտը միջանկյալ բնույթի դատական ակտ է, որն ուժի մեջ է մտնում այդ որոշումը ստանալու պահից 5 օր հետո, իսկ ՀՀ գործող օրենսդրությունը չի նախատեսում միջանկյալ դատական ակտը բողոքարկելու ուժով դրա կատարումը կասեցնելու գործիքակազմ: Ըստ այդմ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն դեպքում, երբ կասեցված է շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի գործողությունը, ապա դրա հասցեատերը որոշ ժամանակով զրկվում է այդ վարչական ակտով իրեն տրված իրավունքից անարգել օգտվելու հնարավորությունից, այսինքն՝ որոշ ժամանակով տեղի է ունենում իրավունքի սահմանափակում: Վիճարկման ողջ ընթացքում վարչական ակտի հասցեատերը չունի իրավունք՝ իրականացնելու որևէ շինարարական աշխատանք և, եթե վերջինիս կողմից իրականացվում են շինարարական աշխատանքներ, ապա այդ գործողությունները որակվում են որպես ինքնակամ (առանց թույլտվության), ուստի նշված գործողությունները կատարող անձը ենթակա է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Նման պայմաններում, առարկայական չէ, թե առանձին վերցրած կատարված աշխատանքի համար անհրաժեշտ է արդյոք շինարարության թույլտվություն, թե ոչ, քանի որ այդ աշխատանքի կատարումն ուղղված է կասեցված շինարարության թույլտվությամբ սահմանված ծավալի իրացմանը՝ վարչական ակտի կասեցված լինելու պայմաններում, այսինքն՝ շարունակելով շինարարական աշխատանքները՝ կառուցապատողը նպատակ է ունեցել վերջնական տեսքի բերել շինությունը՝ անտեսելով շինարարության թույլտվության գործողության կասեցված լինելու փաստական հանգամանքը:

Վերոգրյալի հաշվառմամբ անհիմն է Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ եթե առանձին վերցրած կատարված աշխատանքի համար չի պահանջվում շինարարության թույլտվության առկայություն, ապա չի կարող կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը, ուստի Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն էական նշանակություն կունենա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի միատեսակ կիրառության համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նշված իրավանորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր հետևյալ հարցադրման համատեքստում արդյո՞ք միջանկյալ դատական ակտերը բոլոր դեպքերում ուժի մեջ են մտնում այն ստանալուց հինգ օր հետո, անկախ նրանից դրանք բողոքարկվել են, թե՝ ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերող անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 01.07.2020 թվականին Հելենա Ֆոն Հարթմանին և այլոց տրվել է թիվ 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվությունը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենքի թիվ 10, թիվ 17, թիվ 18, թիվ 28, թիվ 29, թիվ 30, թիվ 39, թիվ 40 և թիվ 41 բնակարաններ հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման /միջինից բարձր ռիսկայնության օբյեկտ, III կատեգորիա/ կառուցման աշխատանքների կատարման համար (հատոր 1-ին, գ.թ. 135)

2) 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի և Աշոտ Ղորուխչյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված թիվ ՎԴ/9163/05/20 վարչական գործի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը 16.11.2020 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, որով կասեցվել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվության կատարումը՝ մինչև նույն վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ ՀՀ վարչական դատարանի 16.11.2020 թվականի որոշումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի որոշմամբ վերացվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/9163/05/20 վարչական գործով 14.04.2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ՝ ՀՀ վարչական դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ (անվիճելի փաստ, տե՛ս նաև www.Court.am պաշտոնական կայքը)

3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 3-րդ բաժնի գլխավոր մասնագետի՝ 15.12.2020 թվականի թիվ 037043 արձանագրության համաձայն՝ նույն թվականի նոյեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի» հեռախոսահամարին ստացված տեղեկատվության հիման վրա կատարած տեղատեսությամբ պարզվել է, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/9163/05/20 որոշմամբ բողոքարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարվել է՝ Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում մանսարդային հարկի կառուցման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվության կատարումը կասեցվել է մինչև նույն վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, սակայն շինարարական աշխատանքները շարունակվել են: Իրավախախտումը հայտնաբերվել է 24.11.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 43, 100)

4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 14.01.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-1/22 որոշմամբ Հելենա Ֆոն Հարթմանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակվել է վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 19, 96):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ սույն վարչական գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի կապակցությամբ՝ պայմանավորված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտերի բողոքարկման արդյունքում այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու արգելքի բացակայությամբ, առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Վերոգրյալով պայմանավորված և սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորման համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյո՞ք վիճարկման հայցերով վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվորի միջնորդության հիման վրա ՀՀ վարչական դատարանի կողմից կասեցնելու վերաբերյալ որոշման՝ վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկումը նշված որոշումն օրինական ուժի մեջ մտնելու արգելք է հանդիսանում։

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

Իրավագիտությանը հայտնի իրավական կարգավորման տիպերի հիմքում ընկած է երկու կանխադրույթ՝ «թույլատրվում է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով» և «թույլատրվում է այն, ինչ սահմանված է օրենքով»: Առաջին կանխադրույթը գործում է անձի համար, իսկ երկրորդը՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար:

Վերոգրյալ կանխադրույթներն ստացել են իրենց սահմանադրական ամրագրումը։ Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Օրինականության սկզբունքի կիրառման պարտադիրության համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ հանրային օրենքը կիրառող իշխանության մարմինները, ներառյալ դատական իշխանության մարմինները՝ դատարանները, սահմանափակված են օրինականության սկզբունքով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։

Դատավարական իրավունքը, լինելով հանրային իրավունքի ճյուղ, օժտված է թույլատվական իրավական կարգավորման տիպով։ Այսինքն՝ արդարադատություն իրականացնող կամ արդարադատությանը օժանդակող պետական մարմինները և պաշտոնատար անձինք կարող են կատարել այնպիսի գործողություններ և ընդունել այնպիսի որոշումներ, որոնք նախատեսված են օրենքով: Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենքով չնախատեսված, սակայն և օրենքին չհակասող գործողությունների կատարումը կամ որոշումների ընդունումը կխախտի օրինականության սահմանադրական սկզբունքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատավարական իրավունքում կարևորվում են իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության սկզբունքները։ Դատավարական նորմերի կիրառումը չպետք է որևէ պարագայում հանգեցնի նշված երկու սկզբունքների խախտմանը։

Դատավարության մասնակիցները, յուրաքանչյուր պարագայում դիմելով դատարան, առաջնորդվում են արդարադատության կանխատեսելիության սկզբունքով, այսինքն՝ գործում է այն կանխավարկածը, որ դատարանները կիրառում են կանոններ, որոնք հստակ նախատեսված են իրավական նորմերով։ Օրինակ՝ այն պայմաններում, երբ հստակ նախատեսված է դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետ, դատարանները պարզապես իրավասու չեն որևէ այլ նորմ կիրառելու և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսելու, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդիրն է նշվածի համար թույլատրող նորմ սահմանել։

ՀՀ սահմանադրական դատարանը 03.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշմամբ նշել է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի։

Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին՝ ՀՀ սահմանադրական դատարանը 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ արձանագրել է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից կիրառելի յուրաքանչյուր օրենսդրական նորմ հանդիսանում է արդարադատության կանխատեսելիության սկզբունքի առանձին տարր, և դատական պաշտպանության դիմող անձը, հնարավորություն ունենալով իրազեկ լինել օրենսդրական կարգավորումներին, իր դատական պաշտպանության միջոցները ընտրում է՝ ելնելով դատարանի կողմից դատավարական օրենսդրությամբ հստակ նախատեսված կանոնների կիրառման կանխավարկածից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք բերելիս վարչական դատարանի ակտերն օրինական ուժի մեջ չեն մտնում:

Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը։

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ օրենսդիրը սահմանել է գործն ըստ էության լուծող դատական ակտերի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում օրինական ուժի մեջ մտնելու կանոնը։ Այնուհետև նույն հոդվածի այլ մասով սահմանել է դատական ակտերի՝ օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակիցների կողմից բողոքարկման պարագայում դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու արգելք։

Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածը վերնագրված է հետևյալ կերպ. «Վարչական դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը», հետևաբար քննարկվող նորմը վերաբերելի է ՀՀ վարչական դատարանի դատական ակտերին, այսինքն՝ օրենսդրի նպատակն է եղել սահմանել ՀՀ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու արգելք՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու հանգամանքով պայմանավորված։

Նշված դիրքորոշման համար հիմք է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

Բացի այդ, օրենսդիրը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանել է առանձին կարգավորում, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, իսկ երկրորդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք բերելիս այդ ակտերն օրինական ուժի մեջ չեն մտնում։

Դատավարական օրենքի անալոգիայի բացառման համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, ունենալով նպատակ ՀՀ վարչական դատարանի կամ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը պայմանավորելու այդ դատական ակտերի բողոքարկմամբ, հստակ կարգավորումներ է նախատեսել դատավարական օրենքով և բացառել գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման պարագայում դրանց օրինական ուժի մեջ մտնելը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է հստակ կանոն միջանկյալ դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ։ Մասնավորապես նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որևէ այլ կանոն կամ բացառություն, որը թույլատրող կանոն կհանդիսանա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտի՝ ստանալու պահից հնգօրյա ժամկետում օրինական ուժի մեջ մտնելու օրենսդրական կարգավորումից շեղվելու համար։

Դատավարական օրենքների անալոգիայի բացառման վերաբերյալ վերոգրյալ պատճառաբանությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդրի կողմից սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերին վերաբերող կանոնը կիրառելի չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի հաշվարկման պարագայում, որպիսի դիրքորոշումը բխում է նաև նշված միջանկյալ դատական ակտի էությունից։

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտը գործի ըստ էության լուծմանն ուղղված դատավարական գործընթացի օրինաչափ օղակի մի մասն է կազմում։ Այդպիսով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար կրճատ ժամկետի նախատեսումը և դատական ակտի բողոքարկման դեպքում դրա օրինական ուժի մեջ մտնելու վրա ազդեցություն չունենալն օրինաչափ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ միջանկյալ դատական ակտով լուծվում են ընթացակարգային բնույթի հարցեր, որոնք չեն հանգեցնում դատական պաշտպանության դիմած անձի պահանջի ըստ էության քննությանը։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյալ» թիվ (89) 8 հանձնարարականով արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու և վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով: Նույն հանձնարարականով նշվել է, որ եթե վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դատարանը դեռևս չի հրապարակել իր որոշումը, հայցվորը կարող է դիմել նույն կամ նման իրավասություն ունեցող այլ դատարան՝ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու համար: Վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով դատարան դիմելու իրավունք ունեն նաև շահագրգիռ անձինք: Նույն հանձնարարականով նաև նշվել է, որ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել մասնավորապես, երբ վարչական ակտի կատարումը կարող է ծանր վնաս հասցնել, որը վերականգնելը մեծ ջանքեր կպահանջի, և եթե prima-facie առկա են վարչական ակտի առոչնչության վերաբերյալ ապացույցներ[1]:

Այսպես. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար սահմանել է ընդհանուր կանոն, այն է՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Այսինքն՝ օրենսդիրն առանձին որոշման կայացման անհրաժեշտություն չի սահմանել, և վիճարկման հայցի վարույթ ընդունելը պայմանավորել է նաև վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցմամբ մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանել է վերոգրյալ ընդհանուր կանոնից բացառություններ, որոնց առկայության պայմաններում վիճարկման հայցի վարույթ ընդունելն ինքնըստինքյան չի հանգեցնում վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման։ Օրենսդիրը, սակայն հաշվի առնելով նաև նշված հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի առկայության պայմաններում հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հավանականությունը, սահմանել է հնարավորություն վերջինիս համար ներկայացնելու վարչական ակտի կատարման կասեցման մասին միջնորդություն։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հայցի ապահովման գործիքակազմ չի նախատեսել վիճարկման հայցի պարագայում, սակայն հաշվի առնելով վիճարկման հայցի առարկա հանդիսացող վիճարկվող վարչական ակտի կատարման արդյունքում դատավարության մասնակցի համար բացասական հետևանքների առաջացման վտանգը՝ նախատեսել է վարչական ակտի կատարման կասեցման իրավական գործիքակազմը։

ՀՀ սահմանադրական դատարանը 29.12.2020 թվականի թիվ ՍԴԱՈ-248 որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության մեկ այլ եղանակ։ Մասնավորապես, վիճարկման հայցի դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով՝ վիճարկման հայցով հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հիմք է հանդիսանում տվյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառություններով)։ Նշված կարգավորման տրամաբանությունը, ի թիվս այլնի, կայանում է նրանում, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելով վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Այլ կերպ ասած՝ նշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը, որպես այդպիսին, պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որևէ գործողություն և, այդպիսով, չի առաջացնում կատարման հետ կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ վիճարկման հայցի պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսել է ոչ թե հայցի ապահովման միջոցի, այլ նախնական իրավական պաշտպանության կիրառման հնարավորություն, այն է՝ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում՝ դրանով իսկ որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով հայցվորին՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարման կասեցումն ըստ էության վերջնարդյունքում ունի վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու նպատակ և բնութագրվում է որպես անհապաղ կիրառվող միջոց՝ հաշվի առնելով չկիրառման արդյունքում հնարավոր բացասական հետևանքների վրա հասնելու վտանգը։ Ուստի վարչական ակտի կատարման կասեցման անհապաղ չկատարումը և օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը բողոքարկմամբ պայմանավորելը և վերաքննության ու վճռաբեկության կարգով բողոքարկման արդյունքում օրենքով սահմանված ստանալու պահից հնգօրյա ժամկետում օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգումը կհանգեցնի նրան, որ վարչական ակտի կատարման կասեցման օրենսդրական մեխանիզմները կկորցնեն իրենց իմաստն ու նպատակը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասն իրավակիրառ պրակտիկայում պետք է զարգանա այն ուղղությամբ, որ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի բողոքարկումն արգելք չի հանդիսանում այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու համար։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հելենա Ֆոն Հարթմանը, դիմելով Դատարան, խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 14.01.2021 թվականի թիվ Վ-1/22 որոշումը։

Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «(…) Անելիա Միքաելյանը, Սերգեյ Ասատուրյանը, Նունե Գևորգյանը և Աշոտ Ղորուխչյանը 09.11.2020 թվականին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Հելենա Ֆոն Հարթմանին և այլոց 01.07.2020 թվականին տրամադրված 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու և Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման նպատակով 10.12.2018 թվականի հ.01/18-05/1-Մ-10399-848 նախագծման թույլտվության և 20.01.2020 թվականի հ.01/18-05/1-Գ-8838-1 նախագծման թույլտվության տրամադրման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) 16.11.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը՝ Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ընդունվել է վարույթ, մնացած մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է, ինչպես նաև «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ կասեցվել է 01.07.2020 թվականի 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվության կատարումը՝ մինչև թիվ ՎԴ/9163/05/20 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ օրենքով սահմանված ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.12.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ 08.01.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է: Վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք: Ասվածը հիմք է տալիս Դատարանին արձանագրել, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, որպիսի պայմաններում վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը դեռևս կասեցված չէր և այդ ընթացքում իրականացվող շինարարությունը չէր կարող լինել ոչ իրավաչափ: Հետևաբար Դատարանը գտնում է, որ իրավախախտման դեպքի առկայությունը չի հաստատվում»։

Վերաքննիչ դատարանը մերժել է Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(…) «առանց թույլտվության» եզրույթը ներառում է բոլոր այն դեպքերը, երբ կառուցապատման իրավական հիմքը` շինարարության թույլտվությունը, բացակայում է: Ընդ որում, դա վերաբերում է ինչպես շինարարության թույլտվության առհասարակ չլինելու, այնպես էլ դրա կատարման կասեցման` գործողության ժամանակավոր դադարեցման պարագային: Ուղղակի, ի տարբերություն շինարարության թույլտվության առհասարակ չլինելու դեպքի, շինարարության թույլտվության կատարման կասեցումը ենթադրում է բնության մեջ գոյություն ունեցող վարչական ակտի իրագործման անհնարինություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավական արգելքի ուժով:

(…) շինարարության թույլտվության կատարման կասեցումը ենթադրում է կառուցապատում իրականացնելու իրավունքի ժամանակավոր դադարեցում, որպիսի ժամանակահատվածում իրականացվող շինարարական աշխատանքները պետք է որակվեն որպես «առանց թույլտվության» իրականացվող շինարարական աշխատանքներ, ինչը, իր հերթին, հիմք է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Մինչդեռ, տվյալ դեպքում գործի նյութերով չի հիմնավորվում սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ («առանց թույլտվության») կառուցելու փաստը, այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը»:

 

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/9163/05/20 վարչական գործի շրջանակներում 16.11.2020 թվականին կայացված որոշմամբ կասեցվել է 01.07.2020 թվականին սույն վարչական գործով հայցվոր Հելենա Ֆոն Հարթմանին տրված թիվ 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվության կատարումը։

Վարչական գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 3-րդ բաժնի գլխավոր մասնագետի կողմից 15.12.2020 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 037043 արձանագրությունը (հիմք՝ 15.12.2020 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 037043 արձանագրություն), իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 14.01.2021 թվականին «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-1/22 որոշմամբ Հելենա Ֆոն Հարթմանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը։

Այսպես.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը), հետևաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի (շենքի, շինության) իրականացմանը, թե՝ ոչ (տե՛ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյան՝ թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում շենքեր և շինություններ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ շինարարական այլ աշխատանքներ իրականացնելն ու շարունակելը համարժեք են առանց շինարարության թույլտվության այդպիսի աշխատանքներ կատարելուն և հիմք են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի կիրառմամբ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե շինարարական գործունեությունը փաստացի իրականացվում է շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում, ապա այն պետք է որակվի որպես առանց շինարարության թույլտվության իրականացվող շինություն, որպիսի արարքի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով» (տե՛ս, Վարդան Չոփուրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ թիվ ՎԴ/3864/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.11.2022 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, լինելով միջանկյալ դատական ակտ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի ուժով, օրինական ուժի մեջ է մտել ստանալու պահից հնգօրյա ժամկետում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարական կանոններ կիրառելիս դատարանները պետք է խուսափեն թե՛ չափից դուրս ձևականությունից, որը կարող է ազդել քննության անաչառության վրա, թե՛ չափից դուրս ճկունությունից, որը կարող է նախատեսված դատավարական պահանջները դարձնել անօգուտ (Hasan Tunç-ը և այլք ընդդեմ Թուրքիայի, 2017, §§ 32-33)։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն պարագայում դատավարական նորմերի չափից դուրս ճկուն կիրառումը և արդյունքում վարչական ակտի կատարման կասեցման մասին որոշման ուժի մեջ մտնելը բողոքարկման փաստի հետ պայմանավորելը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դարձրել է անօգուտ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական ակտի կատարման կասեցման միջնորդության քննարկման փուլում դատարանների համար ուղենիշային գործոն է հանդիսանում այն հիմնավոր կասկածի առկայությունը, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումները համադրելով սույն վարչական գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/9163/05/20 վարչական գործով 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ կասեցվել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվության կատարումը, ուստի այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո նույն հասցեում կատարված շինարարական աշխատանքները համարվում են առանց թույլտվության կատարված, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի իմաստով դիտարկվում են որպես ինքնակամ, անկախ «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկված լինելու հանգամանքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ է Հելենա Ֆոն Հարթմանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 14.01.2021 թվականի թիվ Վ-1/22 որոշումը, իսկ հակառակի մասին ստորադաս դատարանների պատճառաբանությունները հերքվում են սույն որոշմամբ ներկայացված հիմնավորումներով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով (...)։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Հելենա Ֆոն Հարթմանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, մինչդեռ հայցադիմումի համար վերջինս վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ Երևանի քաղաքապետարանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով Հելենա Ֆոն Հարթմանի կողմից հայցադիմումի համար վճարված 4.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վճարված` վերաքննիչ բողոքի համար սահմանված 10.000 ՀՀ դրամի չափով և վճռաբեկ բողոքի համար սահմանված 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ հաշվի առնելով, որ Հելենա Ֆոն Հարթմանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, և սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Հելենա Ֆոն Հարթմանի վրա:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.06.2022 թվականի որոշումը և այն փոփոխել. Հելենա Ֆոն Հարթմանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 14.01.2021 թվականի թիվ Վ-1/22 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ. ԲԵԴևյԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան