ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 2-592/2007թ. 2023 թ. | ||||
Քաղաքացիական գործ թիվ 2-592/2007թ. | |||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ա . Բարսեղյան | ||
Ա. Մ կրտչյան | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի ապրիլի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը, ի թիվս այլնի, պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երևան քաղաքի Աբովյան 10 4/4 հասցեում գտնվող 124.52քմ մակերեսով բնակարանի և 222քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը դադարել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 վճռով, և որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր Է․ Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 16.01.2007 թվականի վճռով Կազմակերպության դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ․ Հարթենյան, դատավորներ Կ․ Չիլինգարյան, Ա․ Խառատյան) 28.12.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ․ Հարթենյան, դատավորներ Կ․ Չիլինգարյան, Ա․ Խառատյան) 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն․ Կարապետյան, դատավորներ Ա․ Մխիթարյան, Գ․ Խանդանյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.06.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.01.2007 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 1-ին, 6-րդ, 10-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, 60-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 13-րդ հոդվածները, նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 372-րդ հոդվածի 5-րդ մասը, 378-րդ հոդվածի 1-ին մասը, 379-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին մասը։
Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և որպես սույն քաղաքացիական գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք վկայակոչել է մեկ այլ քաղաքացիական գործով գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի 17.10.2019 թվականի վճիռը այն պայմաններում, երբ նշված որոշումը կայացվել է վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո` խախտելով մրցակցության սկզբունքը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճիռը կայացվել է մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում, ուստի մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում տրամադրվելիք փոխհատուցման պայմաններում չէր կարող սահմանափակվել սույն գործով մասնակից չդարձած անձի դատավարական իրավունքները։
Ի թիվս այլնի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի՝ 16.01.2007 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի բողոքարկումը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը՝ այդ կերպ իմաստազրկելով գործին մասնակից չդարձած անձի կողմից դատական ակտի մասին իմանալուց հետո եռամսյա ժամկետում նշված դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու իրավունքը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, քննելով վերաքննիչ բողոքը, մերժել է այն նաև այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոք բերած անձը բաց է թողել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը՝ գտնելով, որ վերաքննիչ բողոք բերած անձը հնարավորություն ունենալով ավելի վաղ ծանոթանալ Դատարանի 16.01.2007 թվականի վճռին, վերաքննիչ բողոք է ներկայացրել դրա կայացումից 12 տարի անց։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) Դատարանի 16.01.2007 թվականի վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն առ այն, որ «(․․․) 252. Երևան քաղաքի Աբովյան 10 4/4 հասցեում գտնվող 124․52քմ մակերեսով բնակարանի և 222քմ հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14․07․2006 թվականի թիվ 06-2156 վճռով դադարել է և որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը» (հատոր 1-ին, գ․թ․ 164-166)։
2) Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ 26․11․2018 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչներ՝ Դավիթ Ասատրյան, Արայիկ Ղազարյան) (հավելված 2-րդ, գ․թ․ 9-23)։
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է (հավելված 2-րդ, գ․թ․ 38-40)։
4) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2019 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը (հավելված 2-րդ, գ․թ․ 71-79)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 6-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 378-րդ հոդվածի 1-ին մասի, 379-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:
Չնայած նրան, որ դատաքննության հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Եվրոպական դատարանի կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպ, համաձայն որի` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է նաև այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 17.10.1993 թվականի վճիռը, § 30-35):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ (տե՛ս, Ամատունի Վիրաբյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի թիվ ԵԴ/28124/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29․06․2022 թվականի որոշումը)։
Սահմանադրական դատարանն իր որոշումներում ևս արձանագրել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1599 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով վերը նշված իրավակարգավորումներին համանման իրավակարգավորումներ պարունակող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 219-րդ հոդվածին, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե´ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումները)։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին կայացրած իր մեկ այլ որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին, արձանագրել է, որ. «1. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:
2. Օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես` եթե առկա են նշված օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն` անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից` բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե` ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:
3. Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում
Վերոգրյալի ամփոփմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառությունները, ապա ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերաքննության սահմանների, ինչպես նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դրանից արված բացառությունների մասին նախկինում կայացրած իր դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքը քննել բացառապես դրանում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում՝ բացառությամբ օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերի։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրական նշված կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված և դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վերաքննիչ բողոք բերող անձի համար սահմանել է պարտականություն բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, դրանց հիմնավորումները նշելու մասին, որն ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի սահմանած նշված իրավակարգավորումները միտված են ապահովելու գործի արդարացի՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննությունը՝ վերաքննության կարգով, ուստի օրենսդրի սահմանած բացառությունների բացակայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքը քննել և որոշում կայացնել բացառապես դրանում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանի 16․01․2007 թվականի վճռով, ի թիվս այլ փաստերի, հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ «(․․․) 252. Երևան քաղաքի Աբովյան 10 4/4 հասցեում գտնվող 124․52քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14․07․2006 թվականի թիվ 06-2156 վճռով դադարել է և որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը (․․․)»:
Վերաքննիչ դատարանը 08.06.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 16.01.2007 թվականի վճիռը թողնել է անփոփոխ՝ հիմքում դնելով հետևյալ պատճառաբանությունները․ «(․․․) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի որոշմամբ, արձանագրելով սեփականության իրավունքից զրկում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեփականության նույն օբյեկտի՝ ք. Երևան, Կենտրոն, Աբովյան 10 (4/4) հասցեում գտնվող գույքի համար հատկացրել է փոխհատուցում 250.000 եվրոյին համարժեք, որը պարտավորվել է վճարել Հայաստանի Հանրապետությունը: Սույն գործով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Արդյո՞ք վերանայման վարույթի քննության ընթացքում չի կարելի համարել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետությանը պարտավորեցնելով վճարել սեփականության իրավունքից զրկելու համար փոխհատուցում, դրանով իսկ գույքի նախկին սեփականատիրոջ համար չի սահմանափակել տվյալ գույքի նկատմամբ որևէ հավակնություն ունենալու հնարավորությունը: Հատկապես, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է, որ բնեղենով սեփականության իրավունքի վերականգնումն անհնար է:
(․․․)Վերաքննիչ դատարանը նաև կարևորում է, որ սույն վճռի կատարումից հետո անցել է ավելի քան 12 տարի, որի ընթացքում վեճի առարկա գույքը եղել է քաղաքացիաիրավական շրջանառության ազատ շրջանառության օբյեկտ։ Բացի այդ, անձը, ով իր պնդմամբ պայքարում է իր սեփականության իրավունքի պաշտպանության համար, 12 տարի չի ցուցաբերել իրավատիրոջը բնորոշ վարքագիծ, ի թիվս այլի՝ հետամուտ չի եղել ծանոթանալու իր համար հասանելի կադաստրային նյութերին՝ հասկանալու համար, թե ինչ հիմքով է ինքը զրկվել սեփականության իրավունքից։ Այնուամենայնիվ, իրեն համարելով սեփականությունից զրկված, իր իրավունքների պաշտպանության միջոց է ընտրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը։ Առավել կարևոր հանգամանք է այն, որ անձը իր սեփականության իրավունքից զրկելու համար ստացել է ամբողջական փոխհատուցում, որը հատկացնելիս Եվրոպական դատարանը հաշվի է առել և ընդունել, որ բնեղենով իրավունքի վերականգնումը նպատակահարմար չէ»։
Ավելին, Վերաքննիչ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «(․․․) բողոք բերած անձը կարող էր ծանոթանալ կադաստրային նյութերին և իմանալ տվյալ վճռի առկայության մասին ավելի վաղ, քան վճռից 12 տարի անց, այն հանգամանքը, որ բողոք բերած անձի սեփականության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա փոխհատուցման ենթակա է ամբողջ գույքի արժեքի չափով, արժևորելով իրավական որոշակիության քաղաքացիաիրավական շրջանառության կայունության սկզբունքները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման»։
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ, ի թիվս այլնի, Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17․10․2019 թվականի վճռի վկայակոչումն ու կիրառումն իրավաչափ չէ, հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչներ՝ Դավիթ Ասատրյան, Արայիկ Ղազարյան) Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 26․11․2018 թվականին, որի ընդունումը մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ․ Հարթենյան, դատավորներ Կ․ Չիլինգարյան, Ա․ Խառատյան) 28.12.2018 թվականի որոշմամբ։ Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ․ Հարթենյան, դատավորներ Կ․ Չիլինգարյան, Ա․ Խառատյան) 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 20․02․2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17․10․2019 թվականի վճռի վկայակոչմամբ վերաքննիչ բողոքը մերժելով՝ դուրս է եկել վերաքննիչ բողոքը՝ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննելու լիազորության շրջանակից, քանի որ Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը հրապարակվել է 17․10․2019 թվականին, իսկ Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ավելի վաղ՝ 26․11․2018 թվականին, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Եվրոպական դատարանը Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի ներկայացրած գանգատի շրջանակներում որոշում չէր կայացրել։ Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Վերսանդիկ Հակոբյանը վերաքննիչ բողոքում թեև նշել է, որ մեկ այլ քաղաքացիական գործով գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, այդուհանդերձ փաստել է նաև, որ Եվրոպական դատարանը 09․03․2009 թվականին վերոնշյալ գանգատն ընդունել է վարույթ, սակայն վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին նշված գանգատի շրջանակներում ըստ էության որոշում չի կայացրել։
Ավելին, Վերաքննիչ դատարանը դուրս գալով ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում վերաքննիչ բողոքը քննելու լիազորության շրջանակից, ոչ իրավաչափորեն գտել է, որ «(․․․) Առավել կարևոր հանգամանք է այն, որ անձը իր սեփականության իրավունքից զրկելու համար ստացել է ամբողջական փոխհատուցում, որը հատկացնելիս Եվրոպական դատարանը հաշվի է առել և ընդունել է, որ բնեղենով իրավունքի վերականգնումը նպատակահարմար չէ»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի 17․10․2019 թվականի վճռի հիման Հայաստանի Հանրապետությունից փոխհատուցում ստացած լինելու մասին վերոնշյալ եզրահանգումները իրավաչափ չեն, քանի որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ տեղեկություն Եվրոպական դատարանի նշված վճռի հիման վրա փոխհատուցում ստանալու փաստի մասին։
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.10.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության՝ Եվրոպական դատարանի վճռով որոշված նյութական վնասի և դիմումատուների կրած ծախսերի ու ծախքերի գումարները ստացված լինելու վերաբերյալ հարցերը պարզելու նպատակով։ Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ սույն գործով Կազմակերպությունն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջ է ներկայացրել՝ հիմնվելով թիվ 06-2165 քաղաքացիական գործով[1] ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճռի հիման վրա, որը բեկանվել է վերոնշյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.10.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ։
Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննություն, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը և գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը ըստ էության քննելու նպատակով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության: Նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործն ուղարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ամբողջ ծավալով նոր քննության, Վճռաբեկ դատարանն անդրադարձ չի կատարում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնելու նպատակով գործն ուղարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին։ Դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2020 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան |
Ա . Բարսեղյան | |
Ա. Մ կրտչյան | |
Է. Սեդրակյան | |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ 2-592/2007 քաղաքացիական գործով 06.04.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
06.04.2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի ապրիլի 06-ին գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08․06․2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2020 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ սույն հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը, ի թիվս այլնի, պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երևան քաղաքի Աբովյան 10 4/4 հասցեում գտնվող 124.52քմ մակերեսով բնակարանի և 222քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը դադարել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 վճռով, և որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր Է․ Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 16.01.2007 թվականի վճռով Կազմակերպության դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ․ Հարթենյան, դատավորներ Կ․ Չիլինգարյան, Ա․ Խառատյան) 28.12.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ․ Հարթենյան, դատավորներ Կ․ Չիլինգարյան, Ա․ Խառատյան) 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն․ Կարապետյան, դատավորներ Ա․ Մխիթարյան, Գ․ Խանդանյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.06.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.01.2007 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 1-ին, 6-րդ, 10-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, 60-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 13-րդ հոդվածները, նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 372-րդ հոդվածի 5-րդ մասը, 378-րդ հոդվածի 1-ին մասը, 379-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին մասը։
Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և որպես սույն քաղաքացիական գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք վկայակոչել է մեկ այլ քաղաքացիական գործով գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի 17.10.2019 թվականի վճիռը այն պայմաններում, երբ նշված որոշումը կայացվել է վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո` խախտելով մրցակցության սկզբունքը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճիռը կայացվել է մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում, ուստի մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում տրամադրվելիք փոխհատուցման պայմաններում չէր կարող սահմանափակվել սույն գործով մասնակից չդարձած անձի դատավարական իրավունքները։
Ի թիվս այլնի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի՝ 16.01.2007 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի բողոքարկումը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը՝ այդ կերպ իմաստազրկելով գործին մասնակից չդարձած անձի կողմից դատական ակտի մասին իմանալուց հետո եռամսյա ժամկետում նշված դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու իրավունքը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, քննելով վերաքննիչ բողոքը, մերժել է այն նաև այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոք բերած անձը բաց է թողել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը՝ գտնելով, որ վերաքննիչ բողոք բերած անձը հնարավորություն ունենալով ավելի վաղ ծանոթանալ Դատարանի 16.01.2007 թվականի վճռին, վերաքննիչ բողոք է ներկայացրել դրա կայացումից 12 տարի անց։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«1) Դատարանի 16.01.2007 թվականի վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն առ այն, որ «(․․․) 252. Երևան քաղաքի Աբովյան 10 4/4 հասցեում գտնվող 124․52քմ մակերեսով բնակարանի և 222քմ հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14․07․2006 թվականի թիվ 06-2156 վճռով դադարել է և որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը» (հատոր 1-ին, գ․թ․ 164-166)։
2) Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ 26․11․2018 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչներ՝ Դավիթ Ասատրյան, Արայիկ Ղազարյան) (հավելված 2-րդ, գ․թ․ 9-23)։
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է (հավելված 2-րդ, գ․թ․ 38-40)։
4) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2019 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը (հավելված 2-րդ, գ․թ․ 71-79)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 6-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 378-րդ հոդվածի 1-ին մասի, 379-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:
Չնայած նրան, որ դատաքննության հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Եվրոպական դատարանի կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպ, համաձայն որի` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է նաև այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 17.10.1993 թվականի վճիռը, § 30-35):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ (տե՛ս, Ամատունի Վիրաբյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի թիվ ԵԴ/28124/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29․06․2022 թվականի որոշումը)։
Սահմանադրական դատարանն իր որոշումներում ևս արձանագրել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1599 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով վերը նշված իրավակարգավորումներին համանման իրավակարգավորումներ պարունակող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 219-րդ հոդվածին, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե´ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումները)։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին կայացրած իր մեկ այլ որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին, արձանագրել է, որ. «1. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:
2. Օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես` եթե առկա են նշված օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն` անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից` բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե` ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:
3. Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում
Վերոգրյալի ամփոփմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառությունները, ապա ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերաքննության սահմանների, ինչպես նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դրանից արված բացառությունների մասին նախկինում կայացրած իր դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքը քննել բացառապես դրանում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում՝ բացառությամբ օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերի։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրական նշված կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված և դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վերաքննիչ բողոք բերող անձի համար սահմանել է պարտականություն բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, դրանց հիմնավորումները նշելու մասին, որն ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի սահմանած նշված իրավակարգավորումները միտված են ապահովելու գործի արդարացի՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննությունը՝ վերաքննության կարգով, ուստի օրենսդրի սահմանած բացառությունների բացակայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքը քննել և որոշում կայացնել բացառապես դրանում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանի 16․01․2007 թվականի վճռով, ի թիվս այլ փաստերի, հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ «(․․․) 252. Երևան քաղաքի Աբովյան 10 4/4 հասցեում գտնվող 124․52քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14․07․2006 թվականի թիվ 06-2156 վճռով դադարել է և որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը (․․․)»:
Վերաքննիչ դատարանը 08.06.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 16.01.2007 թվականի վճիռը թողնել է անփոփոխ՝ հիմքում դնելով հետևյալ պատճառաբանությունները․ «(․․․) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի որոշմամբ, արձանագրելով սեփականության իրավունքից զրկում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեփականության նույն օբյեկտի՝ ք. Երևան, Կենտրոն, Աբովյան 10 (4/4) հասցեում գտնվող գույքի համար հատկացրել է փոխհատուցում 250.000 եվրոյին համարժեք, որը պարտավորվել է վճարել Հայաստանի Հանրապետությունը: Սույն գործով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Արդյո՞ք վերանայման վարույթի քննության ընթացքում չի կարելի համարել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետությանը պարտավորեցնելով վճարել սեփականության իրավունքից զրկելու համար փոխհատուցում, դրանով իսկ գույքի նախկին սեփականատիրոջ համար չի սահմանափակել տվյալ գույքի նկատմամբ որևէ հավակնություն ունենալու հնարավորությունը: Հատկապես, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է, որ բնեղենով սեփականության իրավունքի վերականգնումն անհնար է:
(․․․)Վերաքննիչ դատարանը նաև կարևորում է, որ սույն վճռի կատարումից հետո անցել է ավելի քան 12 տարի, որի ընթացքում վեճի առարկա գույքը եղել է քաղաքացիաիրավական շրջանառության ազատ շրջանառության օբյեկտ։ Բացի այդ, անձը, ով իր պնդմամբ պայքարում է իր սեփականության իրավունքի պաշտպանության համար, 12 տարի չի ցուցաբերել իրավատիրոջը բնորոշ վարքագիծ, ի թիվս այլի՝ հետամուտ չի եղել ծանոթանալու իր համար հասանելի կադաստրային նյութերին՝ հասկանալու համար, թե ինչ հիմքով է ինքը զրկվել սեփականության իրավունքից։ Այնուամենայնիվ, իրեն համարելով սեփականությունից զրկված, իր իրավունքների պաշտպանության միջոց է ընտրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը։ Առավել կարևոր հանգամանք է այն, որ անձը իր սեփականության իրավունքից զրկելու համար ստացել է ամբողջական փոխհատուցում, որը հատկացնելիս Եվրոպական դատարանը հաշվի է առել և ընդունել, որ բնեղենով իրավունքի վերականգնումը նպատակահարմար չէ»։
Ավելին, Վերաքննիչ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «(․․․) բողոք բերած անձը կարող էր ծանոթանալ կադաստրային նյութերին և իմանալ տվյալ վճռի առկայության մասին ավելի վաղ, քան վճռից 12 տարի անց, այն հանգամանքը, որ բողոք բերած անձի սեփականության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա փոխհատուցման ենթակա է ամբողջ գույքի արժեքի չափով, արժևորելով իրավական որոշակիության քաղաքացիաիրավական շրջանառության կայունության սկզբունքները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման»։
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ, ի թիվս այլնի, Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17․10․2019 թվականի վճռի վկայակոչումն ու կիրառումն իրավաչափ չէ, հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչներ՝ Դավիթ Ասատրյան, Արայիկ Ղազարյան) Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 26․11․2018 թվականին, որի ընդունումը մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ․ Հարթենյան, դատավորներ Կ․ Չիլինգարյան, Ա․ Խառատյան) 28.12.2018 թվականի որոշմամբ։ Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ․ Հարթենյան, դատավորներ Կ․ Չիլինգարյան, Ա․ Խառատյան) 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 20․02․2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17․10․2019 թվականի վճռի վկայակոչմամբ վերաքննիչ բողոքը մերժելով՝ դուրս է եկել վերաքննիչ բողոքը՝ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննելու լիազորության շրջանակից, քանի որ Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը հրապարակվել է 17․10․2019 թվականին, իսկ Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ավելի վաղ՝ 26․11․2018 թվականին, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Եվրոպական դատարանը Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի ներկայացրած գանգատի շրջանակներում որոշում չէր կայացրել։ Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Վերսանդիկ Հակոբյանը վերաքննիչ բողոքում թեև նշել է, որ մեկ այլ քաղաքացիական գործով գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, այդուհանդերձ փաստել է նաև, որ Եվրոպական դատարանը 09․03․2009 թվականին վերոնշյալ գանգատն ընդունել է վարույթ, սակայն վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին նշված գանգատի շրջանակներում ըստ էության որոշում չի կայացրել։
Ավելին, Վերաքննիչ դատարանը դուրս գալով ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում վերաքննիչ բողոքը քննելու լիազորության շրջանակից, ոչ իրավաչափորեն գտել է, որ «(․․․) Առավել կարևոր հանգամանք է այն, որ անձը իր սեփականության իրավունքից զրկելու համար ստացել է ամբողջական փոխհատուցում, որը հատկացնելիս Եվրոպական դատարանը հաշվի է առել և ընդունել է, որ բնեղենով իրավունքի վերականգնումը նպատակահարմար չէ»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի 17․10․2019 թվականի վճռի հիման Հայաստանի Հանրապետությունից փոխհատուցում ստացած լինելու մասին վերոնշյալ եզրահանգումները իրավաչափ չեն, քանի որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ տեղեկություն Եվրոպական դատարանի նշված վճռի հիման վրա փոխհատուցում ստանալու փաստի մասին։
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.10.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության՝ Եվրոպական դատարանի վճռով որոշված նյութական վնասի և դիմումատուների կրած ծախսերի ու ծախքերի գումարները ստացված լինելու վերաբերյալ հարցերը պարզելու նպատակով։ Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ սույն գործով Կազմակերպությունն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջ է ներկայացրել՝ հիմնվելով թիվ 06-2165 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճռի հիման վրա, որը բեկանվել է վերոնշյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.10.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ։
Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննություն, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը և գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը ըստ էության քննելու նպատակով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության: Նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործն ուղարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ամբողջ ծավալով նոր քննության, Վճռաբեկ դատարանն անդրադարձ չի կատարում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Սահմանադրության 6-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 378-րդ հոդվածի 1-ին մասի և 379-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշման մեջ, կարծում եմ, չի նշել վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վարույթ ընդունելու հիմնավորումը, և բավարարվել է որոշման մեջ նշելով միայն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար են Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Մինչդեռ իմ կողմից հայտնված վերը նշված դիրքորոշման համաձայն՝ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է նաև համապատասխան վերլուծություն պարունակեր Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումների կամ դրանց սխալ կիրառման վերաբերյալ, որոնց արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Բացի այդ, ցանկանում եմ կարծիք հայտնել նաև հետևյալի մասին․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես շարժառիթներ, որոնցով չի համաձայնվել Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ, նաև նշել է, որ՝
- «Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17․10․2019 թվականի վճռի վկայակոչմամբ վերաքննիչ բողոքը մերժելով՝ դուրս է եկել վերաքննիչ բողոքը՝ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննելու լիազորության շրջանակից, քանի որ Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը հրապարակվել է 17․10․2019 թվականին, իսկ Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ավելի վաղ՝ 26․11․2018 թվականին, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Եվրոպական դատարանը Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի ներկայացրած գանգատի շրջանակներում որոշում չէր կայացրել»,
- «սույն գործի քննության համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.10.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության՝ Եվրոպական դատարանի վճռով որոշված նյութական վնասի և դիմումատուների կրած ծախսերի ու ծախքերի գումարները ստացված լինելու վերաբերյալ հարցերը պարզելու նպատակով։ Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ սույն գործով Կազմակերպությունն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջ է ներկայացրել՝ հիմնվելով թիվ 06-2165 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճռի հիման վրա, որը բեկանվել է վերոնշյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.10.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ»։
Այսինքն՝ մի դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին դատավարական իրավունքի համապատասխան նորմի խախտում է վերագրել այն առումով, որ վերջինս անտեսել է, որ Եվրոպական դատարանի վճիռը հրապարակվել է Դատարանի 16.01.2007 թվականի վճռից հետո, իսկ մյուս դեպքում հենց ինքն է դրսևորել նման վարքագիծ՝ սույն որոշումը կայացնելիս վկայակոչելով թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 21.10.2022 թվականին, այսինքն՝ սույն գործով բողոքարկվող դատական ակտը կայացնելուց հետո կայացված որոշումը։
Վերոգրյալից ելնելով հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|