Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0453/04/20

2023 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0453/04/20

Նախագահող դատավոր՝

 Լ Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)  հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի սեպտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Ուստյանի և սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի (այսուհետ նաև՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01022023 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Ուստյանի դիմումի՝ Մարիաննա Ոսկանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տիգրան Ուստյանը պահանջել է Մարիաննա Ոսկանյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի 25022020 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, իսկ 03082020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18122020 թվականի որոշմամբ Մարիաննա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ սնանկության դատարանի 03082020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26022021 թվականի որոշմամբ սնանկության գործն ընդունվել է վարույթ, իսկ 25.04.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 04.05.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ռուզաննա Մարգարյանը:

Դատարանի 12.08.2022 թվականի որոշմամբ բավարարվել է սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրելու մասին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.02.2023 թվականի որոշմամբ Մարիաննա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել է նոր քննության:

Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Տիգրան Ուստյանը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան) և սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը։

Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Մարիաննա Ոսկանյանը։

 

2. Տիգրան Ուստյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ և 98-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածը, չի կիրառել 12122019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մարիաննա Ոսկանյանը գործի քննության ընթացքում նշած՝ «ք.Երևան, Նալբանդյան փողոց 25/14 շենք, բն. 85» ծանուցման հասցեով դատարանի և սնանկության գործով կառավարչի ուղարկած ծանուցագրերը մի դեպքում ստացել է, մյուս դեպքում՝ ոչ, ինչը վկայում է վերջինիս ուղղակի դիտավորություն ունենալու մասին: Ավելին՝ Մարիաննա Ոսկանյանը գործի քննության ընթացքում իր հասցեի փոփոխության մասին Դատարանին և սնանկության գործով կառավարչին չի հայտնել, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի ուժով համարվել է պատշաճ ծանուցված, և սնանկության գործով կառավարիչը չի ունեցել վերջինիս մասով հրապարակային ծանուցում անելու պարտականություն։ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, որ պարտապանն իր վերաքննիչ բողոքում կրկին նույն հասցեն է նշել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ պարտապանն ունեցել է ներկայացուցիչ փաստաբան, ով նույնպես իր ծանուցման՝ «ք Երևան, Ծարավ Աղբյուրի փ 55/11 շ․, 176 բն» հասցեով ուղարկված պարտատերերի ժողովի վերաբերյալ ծանուցումը չի ստացել և չի հայտնել հասցեի փոփոխության մասին։

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգավորմանը՝ անտեսելով, որ այն չկիրառելու դեպքում կխաթարվի ամբողջ սնանկության վարույթը, քանի որ սնանկության գործով գույքն աճուրդի միջոցով արդեն իսկ վաճառված կլինի և առկա կլինի անշարժ գույքի նոր սեփականատեր։ Արդյունքում կխախտվեն ոչ միայն իրավական որոշակիության սկզբունքն ու գործի քննության ողջամիտ ժամկետները, այլ նաև նոր սեփականատիրոջ՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը կիրառել է 12122019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասը, սակայն անտեսել է, որ այն ուժի մեջ մտած չի եղել և տարածվել է 15042020 թվականից հետո հարուցված սնանկության գործերի վրա։ Սույն սնանկության գործով սնանկության դիմումը ներկայացվել է 24022020 թվականին, իսկ նշված օրենքն ուժի մեջ է մտել 15042020 թվականից։ Նշվածից հետևում է, որ սնանկության գործով կառավարիչը հրապարակային ծանուցում տեղադրելու պարտականություն չի ունեցել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01022023 թվականի որոշումը։

 

2.1 Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է կիրառել 12122019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ 29-րդ հոդվածի 9-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ պարտատերերի ժողովի վերաբերյալ ծանուցումը պարտապանի կողմից չստացվելու պայմաններում սնանկության գործով կառավարիչը դրա մասին հայտարարությունը չի հրապարակել «www.azdarar.am» կայքում, մինչդեռ անտեսել է, որ 12122019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ 29-րդ հոդվածի 9-րդ մասը տարածվում է միայն այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց օրվանից՝ 15.04.2020 թվականից հետո վարույթ ընդունված գործերի վրա։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի կիրառման, մասնավորապես հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կառավարչի կողմից հայտարարություն հրապարակելու դեպքերից որևէ մեկն առկա չէ՝ պարտատերերի թիվը 10-ից ավել չէ, չկան խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող պարտատերեր և անհրաժեշտ տեղեկությունների բացակայություն։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանին և սնանկության գործով կառավարչին հայտնի է պարտապանի ծանուցման հասցեն՝ «Երևան, Նալբանդյան փ., 25/14շ., 85», որը վերջինս և նրա ներկայացուցիչը հայտնել են Դատարանին՝ այն նշելով ներկայացված բոլոր դիմումների, բողոքների, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի մեջ: Այսինքն՝ ծանուցումն արվել է կառավարչին հայտնի պարտապանի ծանուցման հասցեով, և առկա չէ անհրաժեշտ տեղեկության բացակայություն, ուստի հրապարկային ծանուցում ապահովելու անհրաժեշտությունը բացակայել է։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թեև պարտապանը հրաժարվել է ստանալ ժողովի մասին ծանուցումը, այնուհանդերձ տեղյակ է եղել ինչպես սնանկության գործի, այնպես էլ գույքի վաճառքի մասին։ 22.07.2022 թվականին, երբ գնահատողը տեղազննություն կատարելու նպատակով այցելել է անշարժ գույք, Մարիաննա Ոսկանյանը տեղեկացել է իր անշարժ գույքի գնահատման գործընթացի մասին, որպիսի փաստն ընդունել է վերաքննիչ բողոքով՝ նշելով, որ գնահատողը տարածքը լավ չի զննել, մի քանի լուսանկար է արել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ պարտատերերի ժողովի և բոլոր երեք աճուրդների մասին հայտարարությունները հրապարակվել են «www.azdarar.am» կայքում, ու պարտապանը հնարավորություն ունեցել է տեղեկանալու աճուրդների անցկացման վայրի, ժամի, մեկնարկային գնի մասին և հանդես գալու գույքն ավելի թանկ վաճառելու առաջարկով: Ավելին՝ պարտապանը կարող էր իմանալ, որ գրավի առարկա հանդիսացող իր անշարժ գույքը սնանկության վարույթում պետք է վաճառվի, ուստի բավարար բարեխղճություն ցուցաբերելու դեպքում կարող էր սնանկության գործով կառավարչից կամ դատարանից ժամանակին տեղեկանալ գույքի իրացման գործընթացի մասին, ստանալ գույքի գնահատման հաշվետվության և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

Բողոքարկվող որոշումն իրավական անորոշություն է առաջացնում, քանի որ աճուրդը կայացել է, և գնորդի իրավունքն էլ ենթարկվել է պետական գրանցման: Հարցը նոր քննության ուղարկելու արդյունքում ստացվում է իրավիճակ, որ դատարանի կողմից լուծման ենթակա հարցը սպառված է ու օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը:

 

2.2 Մարիաննա Ոսկանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների պատասխանների հիմնավորումները

Սույն գործով առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի կիրառման հիմքը, քանի որ ինքը և իր ներկայացուցիչն իրենց հասցեները չեն փոխել։ Ավելին՝ իր վերաքննիչ բողոքի դեմ վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել և նշված հանգամանքը Վերաքննիչ դատարանում քննության առարկա չի դարձվել։

Բացի այդ, ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին սնանկության գործով կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի ոչ թե պարտապանի ներկայացուցչին, այլ պարտապանին, առավել ևս, որ իր տված լիազորագրում ներկայացուցչին վերապահված չէ ծանուցումներ ստանալու լիազորություն։

12122019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ 29-րդ հոդվածի 9-րդ մասը սույն գործով կիրառելի է։ Թեև սույն գործով սնանկության դիմումը ներկայացվել է 24022020 թվականին և 25022020 թվականին ընդունվել է վարույթ, այդուհանդերձ դրա հիման վրա 03082020 թվականին կայացված վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18122020 թվականի որոշմամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում 16022021 թվականին գործն ընդունվել է Դատարանի վարույթ։ Այսինքն՝ սույն գործը հարուցված է համարվում 16022021 թվականին։ Եթե անգամ նշված հոդվածը սույն սնանկության գործով կիրառելի չէ, ապա կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը, որի պահանջները սնանկության գործով կառավարչի կողմից չեն պահպանվել։

01082023 թվականի դրությամբ իրեն ուղարկված՝ ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցագրի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է եղել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրել։ Ավելին՝ 01082023 թվականի ժողովի մասին սնանկության գործով կառավարիչը ոչ միայն ծանուցագիրն ուղարկել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, այլև ծանուցումը չի պարունակել ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու կարգն ու ժողովի մասնակիցների գրանցման կարգը, և դրանում չեն պարզաբանվել ժողովին չներկայանալու հետևանքները։

Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող գույքը գնահատվել է որպես բնակարան, մինչդեռ այն հասարակական նշանակության օբյեկտ է։ Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի խախտումներով, դրանում նշված գույքի շուկայական արժեքն անհամեմատ ցածր է, իսկ ինքը ծանուցված չի եղել ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին, ինչի հետևանքով զրկված է եղել իր միակ բնակարանի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու հարցի շրջանակներում միջնորդություններ ու առարկություններ ներկայացնելու հնարավորությունից։

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1)  24022020 թվականին Դատարանում մուտքագրված դիմումով Տիգրան Ուստյանը պահանջել է Մարիաննա Ոսկանյանին ճանաչել սնանկ (հավելված 1, գ թ 2-4)

2)  Դատարանի 25022020 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, իսկ 03082020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18122020 թվականի որոշմամբ Մարիաննա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ սնանկության դատարանի 03082020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Դատարանի 26022021 թվականի որոշմամբ սնանկության գործն ընդունվել է վարույթ, իսկ 25.04.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հավելված 1, գ թ 1, 21-25, 30-36)

3)  21072022 թվականին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը պարտապան Մարիաննա Ոսկանյանին փոստային ծառայության միջոցով՝ «ԵՐԵՎԱՆ, Ք / Գ ԵՐԵՎԱՆ Փ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Փ, 25/14, 85» հասցեով ուղարկել է ծանուցում՝ հայտնելով, որ անկախ գնահատող ընկերության միջոցով իրականացվելու է պարտապան Մարիաննա Ոսկանյանին պատկանող՝ ՀՀ, ք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, թիվ 28 շենք, բնակարան 1 հասցեում գտնվող անշարժ գույքի գնահատում, պարտատերերի ժողովը կայանալու է 01082022 թվականին և դրա օրակարգը պարտապանին պատկանող գույքի վաճառքի ծրագիրը հաստատելն է (հավելված 1, գ թ 58, 59)

4)  01082022 թվականի արձանագրության համաձայն՝ պարտատերերի ժողովին մասնակցել են պարտատերեր Քրիստինա Գուլոյանի ներկայացուցիչ Ռուզաննա Գևորգյանը և Տիգրան Ուստյանը, պարտապանը և մյուս պարտատեր «Յունիվերսալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ժողովին չեն ներկայացել, թեև պատշաճ ծանուցվել են, պարտատերերը կողմ են քվեարկել, և ժողովում հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը (հավելված 1, գ թ 60)

5)  03082022 թվականին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը պարտապան Մարիաննա Ոսկանյանին փոստային ծառայության միջոցով՝ «ԵՐԵՎԱՆ, Ք / Գ ԵՐԵՎԱՆ Փ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Փ, 25/14, 85» հասցեով ուղարկել է ծանուցում՝ ՀՀ, ք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 28-րդ շենք, բնակարան 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու մասին միջնորդությամբ դատարան դիմելու և հրապարակային սակարկություններով գույքի վաճառքի մեկնարկային գինը 132700000 ՀՀ դրամ կազմելու մասին (հավելված 1, գ թ 66, 67)

6) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 20112006 թվականի թիվ 2238162 վկայականում Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարանի նպատակային նշանակությունը նշված է բնակելի, իսկ օգտագործման նպատակը՝ բնակարան (հավելված 2, գ թ 79-81)

7)  05082022 թվականին դատարանում ստացվել է պարտապան Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 28-րդ շենք, թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի բաց դասական եղանակով հրապարակային սակարկություններով վաճառքը 132700000 ՀՀ դրամ մեկնարկային գնով թույլատրելու մասին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը։

Միջնորդությանը կցված թիվ 20-055 փորձագետի եզրակացության (այսուհետ նաև՝ Եզրակացություն) համաձայն՝

-  փորձաքննության կատարումը սկսվել է 22072022 թվականին և ավարտվել 29072022 թվականին,

-  փորձագետին պարզաբանման համար ներկայացվել է հետևյալ հարցը. «Առանց տեղազննություն կատարելու որոշել պարտապան Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28 շենքի, թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի շուկայական արժեքը (տարածքը փաստացի օգտագործվում է հասարակական նշանակությամբ՝ որպես ատամնաբուժարան)՝ հիմք ընդունելով գույքագրման ժամանակ իմ կողմից կատարված լուսանկարները։»,

-  փորձաքննության կատարման համար տրամադրվել է «20112006թ տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2238162 վկայականի պատճենը։»,

-  «Թույլատրող և սահմանափակող պայմաններ» բաժնում, ի թիվս այլնի, նշված է, որ «Սույն եզրակացության հետևությունները հիմնված են փորձաքննությունը նշանակելու մասին որոշմամբ առաջադրված ելակետային տվյալների և տրամադրված նյութերի հետազոտության վրա՝ առանց այդ տվյալների և նյութերի հավաստիություն ու թույլատրելիությունը երաշխավորելու, (…)»։

-  «ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» բաժնում նշված է, որ անշարժ գույքը «Հետազոտման ամսաթվի դրությամբ օգտագործվում է որպես ատամնաբուժարան»,

-  Փորձագետի կողմից անշարժ գույքի շուկայական արժեքի որոշումն իրականացվել է համեմատական և եկամտային մեթոդներով՝ ստացված արդյունքների կշիռն ընդունելով համապատասխանաբար 60% և 40% հարաբերակցությամբ։

Փորձագետը եզրակացրել է, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմել է 132700000 ՀՀ դրամ (հավելված 1, գ թ 44-57)

8) Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Մարիաննա Ոսկանյանը որպես իր հասցե նշել է «ք Երևան, Նալբանդյան փ, 25/14շ բն85» հասցեն (հավելված 2, գ թ 35-41)

9)  Մարիաննա Ոսկանյանը ներկայացրած վերաքննիչ բողոքում նշել է հետևյալը

«(…) Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Աբովյան փողոց, 28շ, բն1 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության օբյեկտ, որտեղ ներկայումս գործում է ատամնաբուժարան, սակայն այն հրապարակային սակարկություններով վաճառելու նպատակով գնահատման է ներկայացվել որպես բնակարան և գնահատվել անհամեմատ ցածր արժեքով, որի հետևանքով խախտվել է Մարիաննա Ոսկանյանի սեփականության իրավունքը: (…) Գնահատվող անշարժ գույքի նկատմամբ առկա է եղել սահմանափակում, այն է` թիվ ԵԴ/28887/02/19 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանող Մարիաննա Ոսկանյանին և այլ երրորդ անձանց կատարել ք Երևան, Աբովյան փողոցի 28 շենքի թիվ 1 բնակարան հասցեի անշարժ գույքի օտարման կամ այլ իրավունքով ծանրաբեռնման գործողություններ, (…) որը պարտադիր կերպով պետք է արտացոլված լիներ սույն գործով իրականացված փորձաքննության հաշվետվության մեջ: Բացի այդ, չի կատարվել անշարժ գույքի տեղազննություն, փորձաքննության եզրակացության մեջ ամբողջությամբ ներկայացված չեն անշարժ գույքի տեղազննության արդյունքները, (…): Փորձագետը չի կատարել պատշաճ տեղազննում, (…): Նման պայմաններում փորձագետը չէր կարող գնահատվող գույքի վերաբերյալ ստանալ անհրաժեշտ և բավարար տվյալներ գնահատումը ճիշտ և օբյեկտիվ իրականացնելու համար, բացի այդ, անշարժ գույքի գնահատումն իրականացվել է որպես բնակարանի, սակայն տվյալ անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության օբյեկտ, այլ ոչ թե բնակարան: (…)» (հավելված 2, գ թ 35-41)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի  34-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից 12122019 թվականի ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի խախտման արդյունքում  թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ մինչև ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12122019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերով ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին ու պարտապանին պատշաճ ծանուցելու կառավարչի պարտականության կատարման, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի ապահովման հարցերին։

 

Նախքան նշված հարցին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում նախ քննարկման առարկա դարձնել Վերաքննիչ դատարանի կողմից սխալ խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենք կիրառված լինելու մասին վճռաբեկ բողոքներում նշված փաստարկները՝ նկատի ունենալով, որ այդ հարցի լուծումը ելակետային է բողոքների քննության hամար և կանխորոշում է սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից կիրառման ենթակա իրավական նորմերը։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12122019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:

Անդրադառնալով նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին  (տե՛ս ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի՝ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19022019 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների կիրառումն օրենսդիրը պայմանավորել է սնանկության գործի հարուցման ամսաթվի հետ՝ սահմանելով, որ եթե սնանկության գործը հարուցվել է մինչ Օրենքի ուժի մեջ մտնելը՝ 15042020 թվականը, ապա այն վարվում է նախքան դրա ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով, իսկ եթե հարուցվել է Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ապա Օրենքով կատարված փոփոխությունները և լրացումներն այդ սնանկության գործով կիրառելի են։

Ինչպես մինչև Օրենքը գործած, այնպես էլ ներկայումս գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է, իսկ 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ` դիմումն ստանալու օրը: (…):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի հարուցման հիմքը կամավոր կամ հարկադրված սնանկության դիմումն է, որն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված լինելու դեպքում ընդունվում է վարույթ, որպիսի փաստի հիմքով հարուցվում է սնանկության գործը։

Տվյալ դեպքում 24022020 թվականին մուտքագրված հարկադրված սնանկության դիմումով Տիգրան Ուստյանը պահանջել է Մարիաննա Ոսկանյանին ճանաչել սնանկ, որը ՀՀ սնանկության դատարանի 25022020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն սնանկության գործը հարուցվել է, այսինքն՝ Մարիաննա Ոսկանյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ Տիգրան Ունուսյանի հարկադրված սնանկության դիմումը վարույթ է ընդունվել 25022020 թվականին՝ նախքան Օրենքի ուժի մեջ մտնելը, հետևաբար Օրենքով կատարված լրացումները և փոփոխությունները սույն սնանկության գործով կիրառելի չեն։

Վերաքննիչ դատարանը 01022023 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցումները պատշաճ կատարված լինելու հարցը քննարկելիս կիրառել է այդ պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասը, որը, ի թիվս այլ դեպքերի, անձի հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու դեպքում պարտավորեցնում է ծանուցումն իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Պարտապանին պատկանող գույքի վաճառքի ծրագրի հաստատման օրակարգով 2022 թվականի օգոստոսի 01-ին Կառավարիչը հրավիրել է պարտատերերի ժողով, որի մասին պարտատերերին և Պարտապանին 21.07.2022թ. ծանուցում է ուղարկել, սակայն վերջինիս ծանուցումը վերադարձվել է, որից հետո Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցում չի հրապարակվել: (…)», հանգելով այն եզրակացության, որ «բացակայում է այն փաստը հիմնավորող ապացույց, որ վերը նշված ժողովի մասին Պարտապանը պատշաճ ծանուցված է, մինչդեռ Կառավարիչը միջնորդություն ներկայացնելիս և Դատարանը որոշում կայացնելիս առանց հիմքերի ընդունել են այն փաստը, որ Պարտապանը պատշաճ ծանուցվել է կայացած ժողովի մասին և իբրև պահպանվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները: (…)»։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը 9-րդ մասով լրացվել է ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12122019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքով, ուստի այդ նորմը ենթակա է կիրառման միայն 15042020 թվականից հետո հարուցված սնանկության գործերով, մինչդեռ սույն գործը հարուցվել է մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը՝ 25022020 թվականին։ Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով ծանուցում իրականացնելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում լրացված նորմը սույն գործով կիրառելի չէ և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով սխալ նորմ կիրառված լինելու կապակցությամբ բողոքներում ներկայացված փաստարկները հիմնավորված են։

Հիմք ընդունելով շարադրված պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանի կողմից հաջորդիվ վկայակոչվում են մինչև ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12122019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին և պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի:

Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով, (...):

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը:

Նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցել դրան ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին ու պարտապանին, մասնավորապես՝ պատվիրված նամակով նրանց ծանուցում ուղարկել՝ ապահովելով ստացման փաստի մասին ապացույցների առկայությունը։ Այդուհանդերձ նույն հոդվածով նախատեսված դեպքերում ծանուցումը պատվիրված նամակով ուղարկելու փոխարեն սնանկության գործով կառավարիչն անձանց պատշաճ ծանուցումը կարող է ապահովել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրելու միջոցով։ Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելին լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքերում սնանկության գործով կառավարչի կողմից http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրելը նույնպես համարվում է պատշաճ ծանուցում։ Այս եղանակով ծանուցումն իրականացվում է նաև բոլոր այն դեպքերում, երբ պետք է ծանուցվեն խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող պարտատերերը։

Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պարտապան Մարիաննա Ոսկանյանին ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու պայմաններում սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցում չի հրապարակվել», իսկ «Դատարանը չի անդրադարձել այն հարցին, որ Կառավարչի կողմից պահպանվել են արդյոք «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես, գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու վերաբերյալ ժողովի մասին նույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն Պարտապանը պատշաճ ծանուցվել է, թե ոչ:»։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից որևէ մեկն առկա չէ։ Մասնավորապես՝ սույն գործով պարտատերերի թիվը 10-ից ավել չէ, ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունները չեն բացակայել, ինչպես նաև առկա չեն խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող պարտատերեր, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղադրելու պարտականություն սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը չի կրել և այս կապակցությամբ բողոք բերած անձանց փաստարկները նույնպես հիմնավորված են։

Բողոք բերած անձինք բողոքներում ներկայացրել են Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը վերացնելու և Երևանի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու հարցը նոր քննության ուղարկելու պայմաններում իրավական որոշակիության սկզբունքի խախտման մասին փաստարկներ՝ մասնավորապես նշելով, որ «կխաթարվի ամբողջ սնանկության վարույթը, քանի որ սնանկության գործով գույքն աճուրդի միջոցով արդեն իսկ վաճառված կլինի և առկա կլինի անշարժ գույքի նոր սեփականատեր», «աճուրդը կայացել է և գնորդի իրավունքը ենթարկվել է պետական գրանցման: Հարցը նոր քննության ուղարկելու արդյունքում ստացվում է իրավիճակ, որ դատարանի կողմից լուծման ենթակա հարցը սպառված է և օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի»։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապան Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշման հիման վրա արդեն իսկ հրապարակային սակարկություններով վաճառված լինելու պայմաններում այդ հարցը նոր քննության ուղարկելը պետք է դիտարկել իրավական որոշակիության սկզբունքի, սեփականության և արդար դատաքննության իրավունքների համատեքստում:

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակված է որպես իրավական պետություն, իսկ իրավական որոշակիության սկզբունքն իրավական պետության և հատկապես դրա կարևորագույն հատկանիշներից իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկն է, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դիտել է որպես Կոնվենցիայի անքակտելի մաս:

Եվրոպական դատարանը մասնավորապես նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը։ Եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական իշխանությունները, ըստ էության, ամենաարդյունավետը կարող են գնահատել, թե ինչպես են արդարադատության շահերը և օրենքի գերակայությունը դրսևորվել կոնկրետ իրադրությունում։ Եվրոպական դատարանն այնուամենայնիվ ընդգծել է, որ օրենքի գերակայության սկզբունքը ներառում է հավասարապես կարևոր մի շարք այլ սկզբունքներ, որոնք չնայած որ փոխկապակցված են և հաճախ՝ լրացուցիչ, որոշակի հանգամանքներում մտնում են մրցակցության մեջ (տե՛ս Brumărescu-ն ընդդեմ Ռումինիայի 28.10.1999 թվականի, Sabeh El Leil-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով 29.06.2011 թվականի, Nejdet Şahin and Perihan Şahin-ն ընդդեմ Թուրքիայի 20102011 թվականի, GUÐMUNDUR ANDRI ÁSTRÁÐSSON-ն ընդդեմ Իսլանդիայի 12032019 թվականի վճիռները)։

Ռիսովսկին ընդդեմ Ուկրաինայի գործով (գանգատ թիվ 29979/04) 20.01.2012 թվականի վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հին «սխալը» շտկելու անհրաժեշտությունը չպետք է անհամաչափորեն միջամտի նոր իրավունքին, որը ձեռք է բերվել անհատի կողմից՝ բարեխղճորեն ապավինելով պետական մարմինների գործողությունների օրինականությանը:

Սահմանադրական դատարանը ևս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և նշել, որ իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս թիվ ՍԴՈ-1213 որոշումը)։

Սահմանադրական դատարանը հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (տե՛ս թիվ  ՍԴՈ-630 և թիվ ՍԴՈ-1142 որոշումները)։

Եվրոպական դատարանը նշել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (տե՛ս Ryabykh v. Russia գործով 03122003 թվականի վճիռը, կետ 52, Bratyakin v. Russia գործով 09032006 թվականի վճիռը, Xheraj v. Albania գործով 29.07.2008 թվականի վճիռը, կետեր 51-52-րդ):

Հիմք ընդունելով վճռաբեկ բողոքներում ներկայացված փաստարկները և շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի հրապարակային սակարկություններն արդեն կայացած լինելու և գույքի նոր սեփականատեր առկա լինելու պայմաններում նշված հարցը նոր քննության ուղարկելիս Վերաքննիչ դատարանը պետք է պատճառաբաներ, որ իրավական որոշակիության սկզբունքից շեղվելն արդարացված է, մասնավորապես՝ առկա է արդար դատաքննության իրավունքի էական և անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի խախտում, որը հնարավոր չէր վերականգնել առանց իրավական որոշակիության սկզբունքից շեղվելու, կամ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ։

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ պարտապան Մարիաննա Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառված լինելու պայմաններում այդ հարցը նոր քննության ուղարկելը պարունակում է նաև Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտման ռիսկեր՝ այն անձի համար, ով, ապավինելով պետական մարմնի գործողությունների օրինականությանը, ձեռք է բերել սեփականության իրավունք՝ վստահ լինելով պաշտոնապես ճանաչված իր կարգավիճակի անփոփոխելիությանը։

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձևակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը (տե՛ս Սպորրոնգը և Լոնրոդն ընդդեմ Շվեդիայի գործով Եվրոպական դատարանի 22.09.1982 թվականի վճիռը, կետ 61)։

Սահմանադրության 60-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքը բացարձակ չէ, ուստի Սահմանադրությամբ և Արձանագրությամբ նախատեսվում է այն սահմանափակելու իրավական հնարավորություն։ Միաժամանակ, Եվրոպական դատարանը նախատեսել է մի շարք չափանիշներ, որոնց պետք է բավարարի այդ սահմանափակումը, և որոնց առկայության դեպքում այն կարող է համարվել թույլատրելի սահմանափակում։

Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե՝

1. նախատեսված է օրենքով,

2. բխում է հանրային շահից,

3.անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:

Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները։ Այն միաժամանակ պետք է բավարարի Կոնվենցիայի 1-ին Արձանագրությամբ և Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (տե'ս Ջեյմսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 21021986 թվականի վճիռը, կետ 67)։

Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ՝ ելնելով ընդհանուր, հանրային շահից (տե'ս Former king of Greecc and others v. Grecee գործով Եվրոպական դատարանի 23112000 թվականի վճիռը, կետ 83)։

Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն։ Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև։ Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերն ստիպված է «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ» կրել։ Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց, քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից։ Մյուս կողմից, հետապնդվող նպատակի և միջամտության համարժեքության հարցը լուծելիս պետք է հաշվի առնվի այլընտրանքային լուծումների առկայությունը։ Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նաև միջամտության ծավալներից (տե'ս Former king of Greecc and others v. Grecee գործով Եվրոպական դատարանի 23112000 թվականի վճիռը, կետ 89, Սկոլլոն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 28.09.1985 թվականի վճիռը, կետ 32)։

Տվյալ գործով Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատշաճ ծանուցված չլինելու հետևանքով «խախտվել է Պարտապանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը»։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել նաև այն հարցերը, թե արդյոք պարտապան Մարիաննա Ոսկանյանի արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտումն ինքնին այնպիսին է, որ գույքից անարգել օգտվելու կոնվենցիոն իրավունքի սահմանափակումը համաչափ է, և արդյոք առկա չէ գույքից անարգել օգտվելու կոնվենցիոն իրավունքն ավելի քիչ սահմանափակող այլընտրանքային միջոց, քան ընտրված հարցը նոր քննության ուղարկելն է։

Մարիաննա Ոսկանյանի արդար դատաքննության իրավունքի խախտում թույլ տրված լինելու իր պատճառաբանությունների հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է վերջինիս պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքը, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (․․․) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անդրադառնալով նշված իրավանորմերի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի՝ Ամալյա Բեգլարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Սույն գործով կիրառելի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին սնանկության գործով կառավարչի կողմից պարտատերերին ու պարտապանին ուղարկված ծանուցագրերը վերադարձվելու դեպքում այլ կանոններ սահմանված չլինելու պայմաններում կիրառման են ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներքոնշյալ նորմերը և դրանց վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները: Այսպես`

Սույն գործով կիրառելի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե), իսկ 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը (․․․)։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝

1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով. (․․․

Սույն գործով կիրառելի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։

Շարադրված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ծանուցագիրը ֆիզիկական անձի կողմից չստացվելու կամ այդ փաստի հաստատմանը ծառայող ապացույցի բացակայության դեպքերում դատարանը կրում է գործի ընթացքի մասին գործին մասնակցող անձանց իրազեկելուն ուղղված որոշակի գործողություններ ձեռնարկելու պարտականություն, այն է՝ ծանուցագիրն ուղարկում է ֆիզիկական անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեներով, ինչպես նաև նրա վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում նաև այդ հասցեներով՝ միաժամանակ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում՝ եթե դատարանը կատարել է նշված բոլոր գործողությունները, ապա հաջորդող  15-րդ օրը ֆիզիկական անձն օրենքի իմաստով համարվում է ծանուցված:

Այդուհանդերձ դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցումն ապահովելու տեսանկյունից ակտիվ գործողություններ ձեռնարկելու պարտականություն ունի ոչ միայն դատարանը՝ օրենքով նախատեսված և կոնկրետ իրավիճակում ծանուցման հնարավոր բոլոր միջոցների և եղանակների կիրառմամբ գործի ընթացքի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու տեսանկյունից, այլ նաև դատավարության մասնակիցը՝ գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային այլ հաղորդակցության միջոցի փոփոխության մասին դատարանին հայտնելու տեսանկյունից: Ընդ որում, դատարանին հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը դատավարության մասնակցի կողմից չստացվելու դեպքում, եթե բացակայում է հասցեի փոփոխության մասին հաղորդումը, համարվում է հասցեատիրոջը հանձնված՝ անգամ հասցեատիրոջ կողմից այն փաստացի չստացվելու դեպքում։

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել շահագրգիռ տարբեր շահերի միջև: Դատավարությունն անորոշ ժամկետով երկարաձգելը դատավարությանը ներգրավված անձանցից մեկի հասցեն գտնելու նպատակով կարող է անհամատեղելի լինել իրավական օրինականության և արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքների հետ: Հետևաբար` դատարան դիմելու իրավունքը պայմանավորվող կողմերին չի արգելում իրենց օրենսդրությամբ նախատեսելու նման իրավիճակներում կիրառվող ընթացակարգեր՝ երաշխավորելով այդ շահերի պատշաճ պաշտպանվածությունը (տե՛ս Nunes Dias v. Portugal գործով (գանգատ թիվ 69829/01, 2672/03) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 10042003 թվականի վճիռը):

Այս առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես նշել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքը և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող կառուցակարգը կօգտագործի ի վնաս մյուս կողմի` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տե՛ս ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքով սնանկության գործով կառավարչի համար սահմանված լիազորությունների, նրա դերակատարման մասին ամրագրված օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունը թույլ է տալիս ընդգծել, որ սնանկության գործով կառավարչի կողմից իր լիազորությունների իրականացումը հետապնդում է պարտապանի գույքի պահպանման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելու նպատակ, հետևաբար այդ լիազորությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանք ուղղված են նշված նպատակի կենսագործմանը։ Այս մոտեցումը դրված է նաև թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17042017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչի դատավարական կարգավիճակի վերաբերյալ արտահայտված դիրքորոշման հիմքում, համաձայն որի՝ սնանկության գործով կառավարիչը սնանկության վարույթում պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող հիմնական անձն է:

Հիմք ընդունելով մի կողմից պարտապանի գույքային դրությունը կայունացնելու և մյուս կողմից պարտատերերի շահերի պաշտպանությունն ապահովելու դերը՝ սնանկության վարույթի ընթացքում առանձին գործողությունների մասին ծանուցումներ իրականացնում է նաև սնանկության գործով կառավարիչը, ով պարտապանին և պարտատերերին ծանուցագրերը նույնպես ուղարկում է նրանց նշած՝ սնանկության գործով հայտնի հասցեներով (ծանուցման հասցե)։ Եթե սնանկության վարույթի ընթացքում պարտապանը կամ պարտատերն իրենց նշած հասցեով ծանուցվում են դատավարական կամ առանձին գործողությունների մասին, և իրենց հասցեի փոփոխության մասին գործի քննության ընթացքում չեն հայտնում, սույն գործով կիրառելի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ կանոն նախատեսված չլինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի ուժով կրում են նաև դրանից բխող բացասական հետևանքները՝ հասցեագրված ծանուցումը համարվում է նրանց հանձնված՝ անկախ փաստացի ստացվելու հանգամանքից։

Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության իրավունքը երաշխավորված է նաև դատավարության մյուս կողմի համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված հետևանքը հետապնդում է դատավարության մասնակիցների շահերը հավասարակշռելու և նրանցից մեկի անբարեխիղճ վարքագծից մյուսների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակ, երբ դատավարության կողմերից մեկը ստեղծում է գործի քննության բնականոն ընթացքին սպառնացող խոչընդոտներ՝ ձգձգելով դատավարությունն ու ստեղծելով իրավական օրինականության և արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքների հետ անհամատեղելի իրավիճակներ։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, եթե դատավարության կողմերից մեկն իր իրավունքների պաշտպանության հարցում շահագրգռվածություն չի ցուցաբերում՝ իր հասցեի փոփոխության մասին դատարանին հայտնելու միջոցով դատարանի կողմից լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը կանխելու և այդկերպ գործի ողջամիտ ժամկետում քննությանը նպաստելու հարցում, ապա իր վարքագծի բացասական հետևանքները պետք է կրի հենց այդ կողմը, ոչ թե դատավարության մյուս մասնակիցներն ու դատավարությունն ընդհանրապես։

Սույն սնանկության վարույթի շրջանակներում պարտապան Մարիաննա Ոսկանյանի՝ դատարանին, ինչպես նաև սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին հայտնի հասցեն է՝ «ք Երևան, Նալբանդյան փ, 25/14շ․, բն 85»։ Այս նույն հասցեն որպես պարտապան Մարիաննա Ոսկանյանի հասցե նշված է նաև Դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում։

Սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը պարտապան Մարիաննա Ոսկանյանի՝ սնանկության գործով հայտնի հասցեով 21072022 թվականին ուղարկել է ծանուցում՝ հայտնելով, որ անկախ գնահատող ընկերության միջոցով իրականացվելու է նրան պատկանող՝ ՀՀ, ք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 28-րդ շենք, թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի գնահատում, պարտատերերի ժողովը կայանալու է 01082022 թվականին և դրա օրակարգը պարտապանին պատկանող գույքի վաճառքի ծրագիրը հաստատելն է։

01082022 թվականին կայացած պարտատերերի ժողովում հաստատվել է գույքի վաճառքի ծրագիրը։

03082022 թվականին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը կրկին պարտապան Մարիաննա Ոսկանյանի՝ սնանկության գործով հայտնի հասցեով ուղարկել է ծանուցում՝ ՀՀ, ք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 28-րդ շենք, թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու մասին միջնորդությամբ դատարան դիմելու և հրապարակային սակարկություններով գույքի վաճառքի մեկնարկային գինը 132700000 ՀՀ դրամ կազմելու մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապան Մարիաննա Ոսկանյանը սնանկության գործի ընթացքում իր հասցեի փոփոխության մասին ոչ միայն չի հայտնել, այլև պարտատերերի ժողովի, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի հանելու մասին պատշաճ ծանուցված չլինելու հիմքով ներկայացված իր վերաքննիչ բողոքում նշել է նույն՝ «ք Երևան, Նալբանդյան փ, 25/14շ․, բն 85» հասցեն։

Պարտապան Մարիաննա Ոսկանյանի կողմից սնանկության վարույթի ընթացքում իր հասցեի փոփոխության մասին հաղորդման բացակայության, ինչպես նաև վերաքննիչ բողոքում նույն՝ «ք Երևան, Նալբանդյան փ, 25/14շ․, բն 85» հասցեն նշված լինելու փաստերի համակցությունը Վճռաբեկ դատարանին թույլ են տալիս արձանագրել, որ  պարտապան Մարիաննա Ոսկանյանը 21072022 թվականին և 03082022 թվականին իրեն հասցեագրված ծանուցումները չի ստացել ոչ թե սնանկության գործով կառավարչի կողմից իր լիազորությունները ոչ պատշաճ կամ թերի կատարելու, այլ սույն գործով իր հայտնած (հետագայում վերաքննիչ բողոքով հաստատած) հասցեով ուղարկված ծանուցումները չստանալու և իր հասցեի փոփոխության մասին չհայտնելու վարքագծի պատճառով։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշվածի բացասական հետևանքները պետք է կրի պարտապան Մարիաննա Ոսկանյանը՝ «ք Երևան, Նալբանդյան փ, 25/14շ․, բն 85» հասցեով 21072022 թվականին և 03082022 թվականին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի ուղարկած ծանուցումները նրան հանձնված համարելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության 98-րդ հոդվածով նախատեսված հետևանքը կիրառելու եղանակով։

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի դատավարական փաստերի պայմաններում սնանկության գործով կառավարչի վրա Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելու պարտականություն դնելով՝ Վերաքննիչ դատարանը վերջինիս ծանրաբեռնել է օրենքով չնախատեսված լրացուցիչ գործառույթ իրականացնելու պարտականությամբ, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տրված լինելու կապակցությամբ վճռաբեկ բողոքներում նշված փաստարկները հիմնավորված են։

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքներում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 01022023 թվականի որոշումը վերացնելու համար։

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 01022023 թվականի դատական ակտը վերացնելու արդյունքում ՀՀ սնանկության դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը մտնում է օրինական ուժի մեջ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարիաննա Ոսկանյանի լսված լինելու, իր իրավունքների լիարժեք իրականացումը և դրանց պաշտպանությունն ապահովելու, այսինքն՝ վերջինիս արդար դատաքննության իրավունքի իրացումը երաշխավորելու համար պետք է անդրադառնալ իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու հարցի վերաբերյալ պարտապան Մարիաննա Ոսկանյանի՝ վերաքննիչ բողոքում ներկայացված դիրքորոշմանը։

Սույն որոշման «3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը» բաժնի 9-րդ փաստը Մարիաննա Ոսկանյանի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկների տառացի վերարտադրությունն է, որի բովանդակությունից հետևում է, որ վերջինիս առարկությունը հանգել է մասնավորապես հետևյալին՝

1.  Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը գնահատման է ներկայացվել որպես բնակարան և գնահատվել անհամեմատ ցածր արժեքով, մինչդեռ հանդիսանում է հասարակական նշանակության օբյեկտ և գործում է որպես ատամնաբուժարան,

2.  եզրակացության մեջ չի արտացոլվել նշված անշարժ գույքի նկատմամբ առկա սահմանափակումը՝ կիրառված հայցի ապահովման միջոցը,

3.  փորձագետը չի կատարել պատշաճ տեղազննում, իսկ եզրակացության մեջ ամբողջությամբ ներկայացված չեն անշարժ գույքի տեղազննության արդյունքները։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձաքննության կատարման համար տրամադրվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 20112006 թվականի թիվ 2238162 վկայականի պատճենը, որում անշարժ գույքի նպատակային նշանակությունը նշված է բնակելի, իսկ օգտագործման նպատակը՝ բնակարան։

Անշարժ գույքի շուկայական արժեքի որոշումը համեմատական մեթոդով իրականացնելիս համեմատվող նմանակների (անալոգների) սեփականության իրավունքի արժեքը ճշտելու գործոններից է անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունը (տե՛ս Եզրակացության «ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» բաժինը), ուստի Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակության մասին տեղեկություններ պարունակող միակ փաստաթղթի հետազոտման հիման վրա փորձագետը նշված գույքի շուկայական արժեքը որոշել է նույն նպատակային և գործառնական նշանակությունն ունեցող նմանակների (անալոգների) հետ համեմատությամբ՝ արժեքների վրա ազդող հնարավորինս համադրելի գործոնների հիման վրա։ Ընդ որում, փորձագետը խնդրո առարկա անշարժ գույքը հասարակական նշանակությամբ՝ որպես ատամնաբուժարան օգտագործվելու մասին նշել է Եզրակացության «ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» բաժնում։

Շարադրված պատճառաբանությունների հիմքով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձագետը, նշված անշարժ գույքի շուկայական արժեքը 2022 թվականի հուլիս ամսին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում առաջարկվող՝ բնակելի նպատակային նշանակություն ունեցող բնակարանների համեմատական տվյալների վերլուծությամբ որոշելով, որևէ խախտում թույլ չի տվել։

Ինչ վերաբերում է Մարիաննա Ոսկանյանի այն փաստարկներին, որ Եզրակացության մեջ չի արտացոլվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ առկա սահմանափակումը՝ կիրառված հայցի ապահովման միջոցը, փորձագետը չի կատարել պատշաճ տեղազննում և եզրակացության մեջ ամբողջությամբ ներկայացված չեն անշարժ գույքի տեղազննության արդյունքները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետը փորձաքննությունն իրականացրել է իրեն առաջադրված հարցերի շրջանակներում՝ տրամադրված նյութերի հիման վրա։

Փորձագետի եզրակացությունից հետևում է, որ փորձագետին առաջադրվել է առանց տեղազննություն իրականացնելու որոշել Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը՝ հիմք ընդունելով սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից գույքագրման ժամանակ կատարված լուսանկարները, իսկ փորձաքննության համար տրամադրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 20112006 թվականի թիվ 2238162 վկայականի պատճենը։

Վճռաբեկ դատարանը նշում է, որ Եզրակացության «Թույլատրող և սահմանափակող պայմաններ» բաժնում, ի թիվս այլնի, նշված է, որ «Սույն եզրակացության հետևությունները հիմնված են փորձաքննությունը նշանակելու մասին որոշմամբ առաջադրված ելակետային տվյալների և տրամադրված նյութերի հետազոտության վրա՝ առանց այդ տվյալների և նյութերի հավաստիություն ու թույլատրելիությունը երաշխավորելու, (…)»։ Նշվածից հետևում է, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի հաշվարկը փորձագետն իրականացրել է փորձաքննություն իրականացնելու համար տրամադրված նյութերի, տվյալ դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենի հետազոտության վրա, ուստի նշված անշարժ գույքի նկատմամբ առկա սահմանափակման՝ հայցի ապահովում կիրառված լինելու մասին իմանալ, համապատասխանաբար նաև այդ գործոնը հաշվի առնել վերջինս չէր կարող։ Ընդ որում, անշարժ գույքի շուկայական արժեքի որոշումը համեմատական մեթոդով իրականացնելիս փորձագետն այդ մեթոդի շարադրանքի մեջ նշել է համեմատվող նմանակների (անալոգների) սեփականության իրավունքի արժեքը ճշտելու գործոնները, որոնցից է նաև «գույքային իրավունքներն ու սահմանափակումները (այդ թվում՝ իրավունքների և օգտագործման նկատմամբ)», մինչդեռ նշված գործոնի առկայության մասին իրեն նյութեր տրամադրված չլինելու պայմաններում վերջինս օբյեկտիվորեն այդ գործոնը հաշվի չի առել, ուստի այս մասով պարտապան Մարիաննա Ոսկանյանի առարկությունն անհիմն է։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը փորձագետը որոշել է իրեն առաջադրված հարցի շրջանակում՝ սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կողմից գույքագրման ժամանակ կատարված լուսանկարների հիման վրա (թվով 6 լուսանկարները կցվել են Եզրակացությանը) և առանց տեղազննություն իրականացնելու, ուստի այս կապակցությամբ պարտապան Մարիաննա Ոսկանյանի առարկությունը նույնպես իրավաչափ չէ։

Ամփոփելով շարադրված պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապան Մարիաննա Ոսկանյանի ներկայացրած առարկությունը քննարկման առարկա դարձնելու պայմաններում անգամ բացակայել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 28-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի բաց դասական եղանակով հրապարակային սակարկություններով վաճառքը 132700000 ՀՀ դրամ մեկնարկային գնով թույլատրելու մասին սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով սահմանված հիմքը։

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում են էական և անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի հանգամանքները կամ իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ գերակայող լուրջ իրավական նկատառումները, որոնք կարող էին Վերաքննիչ դատարանին հիմք տալ իրավական որոշակիության սկզբունքից շեղվելու և սեփականության իրավունքին միջամտելն արդարացնելու համար։

 

Վճռաբեկ բողոքների պատասխաններում ներկայացված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանությամբ:

 

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 01022023 թվականի որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի թույլ տրված խախտումները հանգեցրել են հարցի սխալ լուծման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը խախտել է իրավունքի գերակայության բաղկացուցիչ տարր համարվող իրավական որոշակիության սկզբունքը՝ անտեսելով, որ բացակայում է պարտապան Մարիաննա Ոսկանյանի արդար դատաքննության իրավունքի էական և անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի խախտումը կամ իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ գերակայող լուրջ իրավական նկատառումը, որը կարող էր արդարացնել իրավական որոշակիության սկզբունքից շեղվելը, ինչպես նաև անհամաչափ սահմանափակել է գույքից անարգել օգտվելու իրավունքը՝ անտեսելով արդար դատաքննության իրավունքի իրացման նպատակին հասնելու համար գույքից անարգել օգտվելու իրավունքն ավելի քիչ սահմանափակող այլընտրանքային միջոցի առկայությունը։

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 01022023 թվականի դատական ակտը վերացնելու արդյունքում ՀՀ սնանկության դատարանի 12.08.2022 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը մտնում է օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1Տիգրան Ուստյանի և սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի վճռաբեկ բողոքները բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01022023 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: