ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32820/02/19 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32820/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
Գ. Հակոբյան
զեկուցող
Ա. Մկրտչյան
Ս. Մեղրյան
Է. Սեդրակյան
2023 թվականի հոկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Իվան Մարինոյի հայցի ընդդեմ Լուսինե Մինասյանի, երրորդ անձ Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, ու ըստ Լուսինե Մինասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Իվան Մարինոյի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ Իվան Մարինոյի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Իվան Մարինոն պահանջել է սահմանել իր երեխայի՝ Միքայել Անտոնիո Իվան Մարինոյի հետ տեսակցության հետևյալ կարգը՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր օր 5 ժամ ֆիզիկապես և Հայաստանի Հանրապետությունից դուրս ու Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր օր 15 րոպե հեռահաղորդակցության սարքերի, հավելվածների, հարթակների և ծրագրերի միջոցով՝ առավոտյան 09:00-ից մինչև երեկոյան 23:00-ն ընկած ժամանակահատվածում՝ կողմերի համաձայնությամբ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լուսինե Մինասյանը պահանջել է Իվան Մարինոյից բռնագանձել 05.08.2014 թվականին ծնված Միքայել Անտոնիո Մարինոյի ապրուստի միջոց՝ ալիմենտ կայուն դրամական գումարով՝ յուրաքանչյուր ամիս 350․000 ՀՀ դրամ՝ սկսած հայցը ներկայացնելու օրվանից մինչև չափահաս դառնալը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է սահմանել տեսակցության հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր 5 ժամ տևողությամբ՝ ժամը 16:00-21:00 ընկած ժամանակահատվածում, իսկ ոչ աշխատանքային օրերին 5 ժամ տևողությամբ՝ ժամը 13:00-18:00 ընկած ժամանակահատվածում՝ կողմերի համաձայնությամբ որոշված վայրում, հեռահաղորդակցության սարքերի, հավելվածների, հարթակների, ծրագրերի միջոցով տեսակցության հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր օր Հայաստանի Հանրապետության ժամով 20:00-20:15 հայցը՝ մնացած մասով, մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Իվան Մարինոյից հօգուտ Լուսինե Մինասյանի, որպես Միքայել Անտոնիո Մարինոյի ապրուստի միջոց բռնագանձվել է 200.000 ՀՀ դրամ ալիմենտի գումար, ալիմենտի բռնագանձումն սկսվել է 17.07.2020 թվականից մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված հիմքերի վրա հասնելը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2022 թվականի որոշմամբ Իվան Մարինոյի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.06.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Իվան Մարինոն (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-9-րդ, 11-րդ, 13-րդ 27-րդ, 29-րդ, 62-րդ, 66-րդ, 167-րդ, 169-րդ, 182-րդ, 203-րդ, 365-րդ, 379-րդ և 431-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ Դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնող դատավորներ Կ. Համբարձումյանին և Ն. Գաբրիելյանին փոխարինելու, այն է` վերջիններիս վարույթից հեռացնելու ու դատավորներ Կ. Չիլինգարյանին ու Լ. Գրիգորյանին նշանակելու գործողությունն ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասին: Հետևաբար` առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված անվերապահ բեկանման հիմքը, այն է՝ գործը ոչ օրինական կազմով քննելու պայմանի առկայությունը։
Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը և հիմնավորումները, չի անդրադարձել դրանց՝ թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը երբևէ չի հայտարարել ՀՀ իրավազորությունն ընդունելու մասին, ՀՀ իրավազորությունն ընդունելուն ուղղված համապատասխան միջնորդություն չի ներկայացրել, իսկ ներկայացուցչի ակտիվ գործողությունները բավարար պայման չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար, հետևաբար Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել տվյալ նորմը: Իր ներկայացուցիչը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված գործողություններից որևէ մեկը չկատարելով և տեսնելով, որ Դատարանն ամեն դեպքում քննում է ՀՀ իրավազորությունից դուրս գտնվող վեճ ու իր իրավունքները սահմանափակող դատական ակտեր է կայացնում, իրականացրել է իր դատական պաշտպանության իրավունքը, իսկ դատական պաշտպանության իրավունքն իրականացնելը չի կարող մեկնաբանվել որպես իրավազորության ճանաչմանն ուղղված գործողության կատարում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում կիրառել է տվյալ հոդվածը և առանց պատճառաբանելու իրավաչափ է համարել Դատարանի եզրահանգումները՝ այդպիսով հիմնավոր համարելով վճիռը։ Ավելին, Դատարանը չի ունեցել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավորումը կիրառելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների համակցություն ու վճռում չի պատճառաբանել, թե ո՞ր օրենքի կամ այլ իրավական ակտի հիման վրա, ո՞ր ապացույցն է գտնվում միայն հակընդդեմ հայցով հայցվորի մոտ ու չի գտնվում որևէ այլ անձի մոտ:
Վերաքննիչ դատարանը, ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում թույլատրելի համարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 7-րդ մասում նշվածից բացի այլ հետևանքի կիրառումը, դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 7-րդ մասի և 169-րդ հոդվածի խախտում, ինչի հետևանքով իրեն չի տրամադրվել ողջամիտ հնարավորություն իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապացուցման ենթակա փաստերը ներկայացնող և այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները կրող սուբյեկտին որոշելիս Դատարանը չի առաջնորդվել իր կողմից կայացված ու օրինական ուժի մեջ մտած 16.12.2021 թվականի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ, խախտել է այն, իսկ Վերաքննիչ դատարանն առանց որևէ իրավական հիմքի հիմնավոր է համարել Դատարանի գործողությունները` կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից չբխող դատողություններ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածը, որևէ ձևով չի պարզել և բացահայտել երեխայի նախկին կենսաապահովման մակարդակն ու հակընդդեմ հայցով հայցվորի գույքային դրությունը, իր հերթին իրավաչափ է համարել այդ մասով Դատարանի անգործությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 10․10․2016 թվականին տրված թիվ 459224 ծննդյան վկայականի համաձայն՝ 05.08.2014 թվականին ծնված Միքայել Անտոնիո Մարինոյի հայրն Իվան Մարինոն է, մայրը՝ Լուսինե Մինասյանը (հատոր 1-ին, գ․թ․ 189).
2) «Միկա» սպորտային ակումբի նախագահի կողմից 07.07.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Մարինոն 2019 թվականի նոյեմբեր ամսից հաճախում է «Միկա» սպորտային ակումբ (հատոր 1-ին, գ․թ․ 200)։ Նույնաբովանդակ տեղեկանք է տրվել նաև 25.01.2022 թվականին (հատոր 3-րդ, գ․թ․ 94).
3) «Օլիմպավան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի կողմից 09.07.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Մարինոն հաճախում է «Օլիմպավան» ՍՊԸ-ի լողի մարզումներին, ամսվա վճարը կազմում է 12.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 199).
4) ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի քոլեջի ղեկավարի կողմից 10.07.2020 թվականին տրված թիվ 20-07-699 տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Իվան Մարինոն 2018-2019 թվականների ուսումնական տարում հաճախել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկանների խումբ: Ուսումնառության պայմանագրով սահմանված տարեկան ուսումնական վճարը կազմել է 370.000 ՀՀ դրամ՝ ներառյալ տրանսպորտային ծառայության դիմաց վճարվող գումարը: 2019-2020 թվականների ուսումնական տարում հաճախել է նախակրթարանի 5-6 տարեկանների խումբ, տարեկան ուսումնական վճարը կազմել է 350.000 ՀՀ դրամ՝ ներառյալ տրանսպորտային ծառայության դիմաց վճարվող գումարը: Հաճախել է կարատեի խմբակ՝ 6.000 ՀՀ դրամ և նկարչության խմբակ՝ 5.000 ՀՀ դրամ ամսավճարով (հատոր 1-ին, գ․թ․ 202).
5) ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավարի կողմից 14.07.2020 թվականին տրված թիվ 20-07-704 տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Իվան Մարինոն 2020-2021 թվականների ուստարում սովորում է 2-րդ դասարանում։ Ուսումնառության պայմանագրով սահմանված տարեկան ուսումնական վճարը կազմում է 290.000 ՀՀ դրամ։ Հաճախելու է լողի (ամսական վճարը՝ 8․000 ՀՀ դրամ) և կարատեի (ամսական վճարը՝ 10․000 ՀՀ դրամ) պարապմունքների (հատոր 1-ին, գ․թ․ 201)․
6) ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավարի կողմից 18.01.2022 թվականին տրված թիվ 22-01-19 տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Իվան Մարինոն 2021-2022 թվականների ուստարում սովորում է 3-րդ դասարանում, ուսումնառության պայմանագրով սահմանված ուսումնական վճարը տարեկան կազմում է 130.000 ՀՀ դրամ, երկարացված օրվա ծառայության համար՝ տարեկան 100.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ․թ․ 92).
7) Լուսինե Մինասյանին հասցեագրված 19․04․2021 թվականի գրությամբ Իվան Մարինոյի ներկայացուցիչը պահանջել է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝ կրթադաստիարակչական, սպորտային ի՞նչ հաստատություններ է հաճախում երեխան, դրանց անվանումները, գտնվելու վայրի հասցեները, առկայության դեպքում՝ ամսական վճարվող վճարների չափերը, արդյո՞ք երեխան ենթարկվել է բժշկական որևէ միջամտության ՀՀ-ում գտնվելուց ի վեր, բժշկական հաստատությունների անվանումները, գտնվելու վայրի հասցեները, կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (հատոր 2-րդ, գ.թ. 32-33, հատոր 4-րդ, գ.թ. 44-45).
8) Իվան Մարինոյին հասցեագրված 27․05․2021 թվականի պատասխան գրությամբ Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը տրամադրել է տեղեկատվություն, այդ թվում՝ երեխայի համար կատարվող վճարումների վերաբերյալ (հատոր 2-րդ, գ․թ․ 35-38).
9) Դատարանի 22.07.2020 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա 23.10․2020 թվականին ավագ հարկադիր կատարողի կողմից որոշում է կայացվել կատարողական վարույթ հարուցելու մասին (հատոր 3-րդ, գ․թ․ 110), որի շրջանակներում Իվան Մարինոն ներկայացրել է հայտարարագիր՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի, գույքային իրավունքների մասին՝ նշելով, որ գույք չունի (հատոր 3-րդ, գ․թ․ 102-107).
10) Իվան Մարինոյին հասցեագրված 19․01․2022 թվականի դիմում-պահանջով Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը պահանջել է տրամադրել համապատասխան ապացույցներ Իվան Մարինոյի՝ Իտալիայում աշխատանքի, աշխատավարձի չափի, Իտալիայում սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ համատեղությամբ առկա անշարժ գույքի (հնարավորության դեպքում ֆինանսական միջոցների) առկայության վերաբերյալ՝ Դատարան ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կամ որևէ ձևով այն բացահայտել Դատարանի համար (հատոր 3-րդ, գ․թ․ 111-112).
11) ՀՀ արտաքին գործերի նախարարին հասցեագրված դիմումով Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը խնդրել է աջակցել դիվանագիտական միջոցներով պարզելու հետևյալ տեղեկությունները՝ Իտալիայի քաղաքացի Իվան Մարինոն Իտալիայում ո՞րտեղ է աշխատում, ո՞րքան է կազմում նրա աշխատավարձը, ի՞նչ անշարժ և շարժական գույք է գրանցված նրա անունով (հատոր 3-րդ, գ․թ․ 116).
12) ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի՝ Լուսինե Մինասյանի ներկայացուցչին հասցեագրված 25․01․2022 թվականի թիվ 1108-1/2929-22 գրությամբ հայտնվել է, որ հայցվող տեղեկությունները ներառում են անձնական տվյալներ և երրորդ անձանց կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ (հատոր 3-րդ, գ․թ․ 114).
13) Իվան Մարինոյի աշխատավարձի և նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն կատարած հարցմանն ի պատասխան Լուսինե Մինասյանի ներկայացուցչին 25․01․2022 թվականին էլեկտրոնային հաղորդագրությամբ հայտնվել է, որ նման առկա տվյալներ չունեն (հատոր 3-րդ, գ․թ․ 117-123).
14) Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը, 26.01.2022 թվականին Դատարան ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասը, պահանջել է Իվան Մարինոյին պարտավորեցնել ներկայացնելու համապատասխան ապացույցներ Իտալիայում աշխատանքի, աշխատավարձի չափի, նրան սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ համատեղությամբ առկա անշարժ գույքի (հնարավորության դեպքում ֆինանսական միջոցների) առկայության վերաբերյալ կամ հաստատված համարել Իվան Մարինոյի՝ Իտալիայի Հանրապետության Տոսկանա երկրամասի Արեցցո քաղաքի Կաստիլիոն Ֆիորետինո «Պաստիֆիչո Ֆաբիանելի» իտալական մակարոնեղեն արտադրող ընկերությունում որպես արտահանման մենեջեր աշխատելու և 2000 եվրո կայուն եկամուտ, ինչպես նաև պարգևավճար ստանալու, սեփականության իրավունքով 10.000 եվրո արժողությամբ Ռենո մակնիշի ավտոմեքենա ու 500.000 եվրո շուկայական արժեքով առանձնատուն ունենալու փաստերը (հատոր 3-րդ, գ․թ. 127-128).
15) Դատարանը 09.03.2022 թվականին որոշում է կայացրել Լուսինե Մինասյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ ապացույց պահանջելու վերաբերյալ, բավարարել և Իվան Մարինոյից պահանջել Իտալիայում աշխատանքի, աշխատավարձի չափի, սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ համատեղությամբ առկա անշարժ գույքի (հնարավորության դեպքում ֆինանսական միջոցների) առկայության վերաբերյալ ապացույցներ (հատոր 4-րդ, գ․թ․ 19).
16) Դատարանում գործի քննության ընթացքում՝ 06.06.2022 թվականի դատական նիստին, Իվան Մարինոյի ներկայացուցիչը հայտնել է, որ ստացել է Դատարանի 09.03.2022 թվականի որոշումը, սակայն վստահորդ Իվան Մարինոյի՝ արտասահմանում գտնվելու պատճառով այդ որոշման կատարման մասին ոչինչ չի կարող ասել, անհնար է ապացույց ներկայացնել (հատոր 4-րդ, գ․թ․ 67-71)․
17) Իվան Մարինոյի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատական հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան, դատավորներ՝ Կ. Համբարձումյան, Ն. Գաբրիելյան (հիմք՝ էլեկտրոնային մակագրության թերթիկ, հատոր 5-րդ, գ.թ. 1-2)․
18) նախագահող դատավոր Հ. Ենոքյանի կողմից 11.10.2022 թվականին «Բացարկ հայտնելու մասին» որոշում է կայացվել (հատոր 5-րդ, գ.թ. 109-110)։ Այնուհետև գործը վերաբաշխվել է, և դատական համակարգ համակարգչային ծրագրի միջոցով մակագրվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան, դատավորներ՝ Կ. Չիլինգարյան ու Լ. Գրիգորյան (հատոր 6-րդ, գ.թ. 8)․
19) Դատարանում գործի քննության ընթացքում հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոն որպես հակընդդեմ հայցից պաշտպանվելու միջոց հակընդդեմ հայցի վերաբերյալ առարկություն և գրավոր դիրքորոշումներ (պահանջներ), ինչպես նաև հակընդդեմ հայցի քննության շրջանակներում հակընդդեմ հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու գրավոր ու բանավոր միջնորդություններ է ներկայացրել Դատարան՝ դրանց հիմքում երբևէ չդնելով Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության բացակայության փաստը (հատոր 1-ին, գ.թ. 262-264, հատոր 2-րդ, գ.թ. 4, 5, 32, 33, 39-43, հատոր 3-րդ, գ.թ. 64, 65, հատոր 4-րդ, գ.թ. 44, 45)․
20) Դատարանը 16.12.2021 թվականին ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում է կայացրել՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով սահմանելով ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝ Լուսինե Մինասյանը պետք է ապացուցի, որ նա հանդիսանում է երեխայի մայրը, ամսական 350.000 ՀՀ դրամ վճարելու ալիմենտային պարտավորությունը բխում է երեխայի լավագույն շահերից․ հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոյի համար ապացուցման պարտականություն չի սահմանվել (հատոր 3-րդ, գ. թ. 73-74):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝
1) դատական կազմում ընդգրկված նախագահող դատավորի ինքնաբացարկի դեպքում տվյալ դատավորին հանձնված գործի վերաբաշխման կարգին,
2) Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորությունն ընդունելու եղանակների հարցին,
3) ինչպես նաև վերահաստատել ծնողների և երեխայի փոխհարաբերությունները դատական կարգով որոշելու գործերով «երեխայի լավագույն շահ»-ի ապահովման առաջնահերթության վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ դրանց համատեքստում անդրադառնալով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի իրավակարգավորման նպատակին և բովանդակային ծանրաբեռնվածությանը,
4) վերահաստատել ապացուցման բեռի բաշխման կանոնների վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:
1) Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով վճռաբեկ բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտման վերաբերյալ հիմքի առկայությունը, նշված մասով վճռաբեկ բողոքի հիմնավորվածությունը պարզելու համար նախ անդրադառնում է այդ մասով վերաբերելի և կիրառելի իրավակարգավորումներին: Այսպես՝
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև նույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ինքնաբացարկ հայտնելու կամ բացարկը բավարարվելու դեպքում բացարկված դատավորը փոխարինվում է, և գործի քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատավորը (...) տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, (...), ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև նույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: (...):
Բարձրագույն դատական խորհրդի՝ «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (ուժի մեջ է մտել 28.05.2021 թվականին) 2-րդ կետի համաձայն՝ սահմանվել է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու, դատավորների միջև գործերի վերաբաշխման կարգը՝ համաձայն հավելված 2-ի (այսուհետ՝ Հավելված):
Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ օրենքով սահմանված է դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի կոլեգիալ քննության կարգ, ապա վերաքննիչ դատարանում գործը քննվում է կոլեգիալ դատական կազմերով: Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն դատավորը, որին նույն որոշմամբ սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:
Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ Ծրագրի միջոցով տարվա սկզբում ձևավորված դատական կազմերն ամբողջ տարվա ընթացքում չեն փոփոխվում: Նշված կայուն դատական կազմերին հանձնված գործերով դատական կազմում ընդգրկված դատավորին (դատավորներին) հնարավոր է փոխարինել բացառապես օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքերում և դրա համար սահմանված համապատասխան կարգով:
Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ եթե ինքնաբացարկի որոշում է կայացվել դատական կազմի նախագահող դատավորի կամ դատական կազմի բոլոր դատավորների կողմից, ապա նշված դատական գործի վերաբաշխումը կատարվում է Ծրագրի միջոցով: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենք» հասկացությունը ներառում է, մասնավորապես, դատական մարմինների ստեղծումը և դրանց իրավասությունը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև ներպետական օրենսդրության ցանկացած այլ դրույթ, որի խախտման դեպքում մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանը կհակասեր օրենքին (տե´ս Pandjikidze and others v. Georgia թիվ 30323/02 գանգատով Եվրոպական դատարանի 27.10.2009 թվականի վճիռը, կետ 104):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով վերահաստատել է, որ «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթն ինքնին արտացոլում է օրինականության սկզբունքը, որը բնորոշ է Կոնվենցիայով և կից Արձանագրություններով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Հետևաբար` այն պարագայում, երբ ներպետական օրենսդրության կիրառելի դրույթների համաձայն՝ դատարանն իրավասու չէ քննել տվյալ գործը, այն չի համարվում «օրենքի հիման վրա ստեղծված» դատարան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տե´ս Richert v. Poland թիվ 54809/07 գանգատով Եվրոպական դատարանի 25.10.2011 թվականի վճիռը, կետ 41):
Ընդ որում, Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթը ոչ միայն կազմում է «դատարանի»՝ առհասարակ գոյության իրավական հիմքը, այլև ներառում է յուրաքանչյուր գործով դատարանի կազմը (տե´ս Yegorychev v. Russia թիվ 8026/04 գանգատով Եվրոպական դատարանի 17.05.2016 թվականի վճիռը, կետ 64; Buscarini v. San Marino թիվ 24645/94 գանգատով Եվրոպական դատարանի 18․02․1999 թվականի վճիռը; Posokhov v. Russia թիվ 63486/00 գանգատով Եվրոպական դատարանի 04․03․2003 թվականի վճիռը, կետ 39): Ուստի այն դեպքերում, երբ օրենքով դատարանի կազմին ներկայացվող պահանջներն ապահովված չեն, ապա խաթարվում է օրինականության սկզբունքը` անձին զրկելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առջև կանգնելու իրավունքից (տե՛ս mutatis mutandis, Jorgic v. Germany թիվ 74613/01 գանգատով Եվրոպական դատարանի 12․07․2007 թվականի վճիռը, կետ 64)։
Դեռ ավելին, Կոնվենցիայի համակարգին բնորոշ օրինականության սկզբունքի լույսի ներքո Եվրոպական դատարանն արձանագրել է, որ համապատասխան գործը ենթակա է քննության միայն «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից, քանի որ հակառակ դեպքում այն չի կարող ունենալ գործեր քննելու համար ժողովրդավարական հասարակությունում պահանջվող լեգիտիմություն (տե´ս Lavents v. Latvia թիվ 58442/00 գանգատով Եվրոպական դատարանի 28.11.2002 թվականի վճիռը, կետ 81):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերին, նշել է, որ վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե'ս «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Արթուր Մնացականյանի, Ա/Ձ Լիանա Աբրահամյանի թիվ ԵԿԴ/2677/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.05.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է դատավորի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման հիմքերը, որոնցից է, ի թիվս այլնի, դատավորի ինքնաբացարկը: Միաժամանակ նախատեսվել է, որ այդ (ինքնաբացարկի) հիմքով գործի վերաբաշխումը ենթակա է կատարման Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածով: Իր հերթին Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածով նախատեսվում է, որ Վերաքննիչ դատարանում կոլեգիալ դատական կազմի նախագահող դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու դեպքում դատական կազմը նախագահող դատավորին հանձնված գործը վերաբաշխվում է Ծրագրի միջոցով:
Այսինքն՝ նկարագրված դեպքում ինքնաբացարկ հայտնած դատավորը չի փոխարինվում մեկ այլ դատավորով, այլ նախագահող դատավորին հանձնված գործը վերաբաշխվում է այլ դատական կազմի:
Վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծրագրի միջոցով սույն գործով Իվան Մարինոյի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան, դատավորներ՝ Կ. Համբարձումյան և Ն. Գաբրիելյան: Այնուհետև, նախագահող դատավոր Հ. Ենոքյանի կողմից 11.10.2022 թվականին «Բացարկ հայտնելու մասին» որոշում է կայացվել: Դատավոր Հ. Ենոքյանի ինքնաբացարկի հիմքով գործը վերաբաշխվել է, և Ծրագրի միջոցով մակագրվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան, դատավորներ՝ Կ. Չիլինգարյան և Լ. Գրիգորյան:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանում սույն գործի վերաբաշխման հիմք է հանդիսացել դատական կազմի նախագահող դատավոր Հ. Ենոքյանի ինքնաբացարկը, որպիսի պայմաններում գործը Ծրագրի միջոցով վերաբաշխվել և հանձնվել է դատական այլ կազմի:
Հետևաբար` Վերաքննիչ դատարանում դատական կազմը փոփոխվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 46-րդ հոդվածով սահմանված հիմքով և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ և վերոշարադրյալ հիմնավորմամբ հերքվում են բողոք բերած անձի կողմից Վերաքննիչ դատարանի ոչ օրինական կազմի վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները:
2) ՀՀ իրավազորությունը չընդունելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ (…):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրությամբ ամրագրված իրավունքի խախտմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն քննելու օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր նաև այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և գործին մասնակցող օտարերկրյա անձն ընդունում է Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորությունը կա´մ այդ մասին հայտարարելով կա´մ իրավազորության իրականացմանն ուղղված համապատասխան միջնորդություններ ներկայացնելով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Տվյալ դեպքում օտարերկրյա անձ Իվան Մարինոն երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու մասին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ինչն իրենից ենթադրում է, որ վերջինս, դրսևորելով նման վարքագիծ, ընդունել է Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորությունը: Բացի այդ, տեսակցության կարգ սահմանելու մասին հայց ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատարան և այդ կերպ ընդունելով Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորությունը՝ հայցվոր Իվան Մարինոն ընդունել է նաև դրա դեմ օրենքով նախատեսված բոլոր դատավարական միջոցներով պաշտպանվելու պատասխանողի հնարավորությունը: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ Իվան Մարինոյի՝ որպես հայցվորի համար պետք է կանխատեսելի լիներ հայցի դեմ պատասխանող Լուսինե Մինասյանի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորության առկայությունը:
Մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցի դեմ պատասխանողի պաշտպանության երկու միջոց է նախատեսում՝ հայցադիմումի պատասխան (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդված) և հակընդդեմ հայց ներկայացնելը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդված): Ընդ որում, իրեն վերապահված դատական պաշտպանության միջոցները և եղանակները գործին մասնակցող անձը տնօրինում է սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս):
Տվյալ դեպքում սկզբնական հայցով պատասխանող Լուսինե Մինասյանը, իրացնելով հակընդդեմ հայց հարուցելու իրեն տրված դատավարական իրավունքը, որպես հայցի դեմ պաշտպանվելու օրենքով նախատեսված դատավարական միջոց, ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին հակընդդեմ հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Իր հերթին Դատարանում գործի քննության ընթացքում հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոն որպես հակընդդեմ հայցից պաշտպանվելու միջոց հակընդդեմ հայցի վերաբերյալ առարկություն և գրավոր դիրքորոշումներ (պահանջներ), ինչպես նաև հակընդդեմ հայցի քննության շրջանակներում հակընդդեմ հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու գրավոր ու բանավոր միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարան՝ դրանց հիմքում երբևէ չդնելով Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության բացակայության փաստը։ Բացի այդ, Իվան Մարինոյի ներկայացուցիչը մասնակցել է հակընդդեմ հայցի քննության նպատակով հրավիրված դատական նիստերին՝ նաև բանավոր դիրքորոշումներ հայտնելով ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին՝ դրանց հիմքում նույնպես չդնելով Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության բացակայության փաստը:
Վերոգրյալից հետևում է, որ Դատարանում գործի քննության ընթացքում Իվան Մարինոն ՀՀ իրավազորությունն ընդունելու վերաբերյալ թեև ուղղակիորեն չի հայտարարել, սակայն իր վարքագծով փաստացի և ըստ էության ընդունել է այն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը թեև հիմնավոր է գնահատում բողոք ներկայացրած անձի փաստարկն այն մասին, որ դատական պաշտպանության իրավունքն իրականացնելը չի կարող մեկնաբանվել որպես իրավազորության ճանաչմանն ուղղված գործողության կատարում, այդուհանդերձ, սույն գործի փաստերի (սկզբնական հայցի հարուցումը, հակընդդեմ հայցի դեմ առարկություններ ներկայացնելը, հակընդդեմ հայցի շրջանակներում միջնորդություններ հարուցելը, ինչպես նաև Դատարանում գործի քննության ընթացքում Դատարանի՝ գործը քննելու իրավազորությունը չվիճարկելը, իրավազորության բացակայության վերաբերյալ որևէ դիրքորոշում չհայտնելը) համակցությունը բավարար հիմք է հետևություն անելու, որ դատական պաշտպանության իրավունքի ի սկզբանե և հետագա իրականացումը, ինչպես նաև իրավազորության վերաբերյալ առաջին ատյանի դատարանում առարկության բացակայությունն ուղղակիորեն վկայում են սկզբնական հայցով հայցվորի Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության անվերապահ ընդունման մասին:
Իվան Մարինոյի վերոշարադրյալ վարքագիծը Վճռաբեկ դատարանը գնահատում է Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության ընդունում, որպիսի իրավաչափ եզրահանգում է կատարել նաև Վերաքննիչ դատարանը:
Վերոշարադրյալի ուժով հերքվում են Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության բացակայության և գործն այդ հիմքով կարճման ենթակա լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները:
3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավական նորմերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը: Դատական կարգով պահանջներ կամ առարկություններ ներկայացնող անձը կրում է ոչ միայն դրանց հիմքում որոշակի փաստեր դնելու (վկայակոչելու), այլև այդ փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու պարտականություն, ինչը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը նրա համար առաջացնում է անբարենպաստ հետևանքներ:
Այսինքն՝ ապացուցելու պարտականությունը դիտարկվում է որպես պահանջների և առարկությունների հիմքում ընկած ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտություն, ինչն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են նրան, որ բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ Ա/Ձ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար կամ այդպիսիք, բացառությամբ կողմերի ցուցմունքների, ընդհանրապես բացակայում են, այսինքն՝ երբ բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, գործով վերջնական որոշում կայացնելու ուղենիշը դրա բացասական հետևանքներն այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմի վրա դնելու կանոնն է, ինչը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտներին, ովքեր պետք է կրեն նման իրավիճակի անբարենպաստ հետևանքները (տե՛ս Մոնիկա Մարտիրոսյանն ընդդեմ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի իրավակարգավորման շրջանակներում (հոդվածներ 48-րդ և 49-րդ) ՀՀ վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, նշել է, որ օրենսդիրն այդպես է սահմանել, քանի որ որևէ փաստի վրա հիմնվող կողմն իրազեկ է և դատարանին կարող է ցույց տալ տվյալ փաստի մասին տեղեկություններ պարունակող աղբյուրները։ Ենթադրվում է, որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար (տե՛ս «Դեագա» ՍՊԸ-ն ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի թիվ ԿԴ1/1125/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2021 թվականի որոշումը):
Ընդ որում, ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոն: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված դատավարական կանոնը դատարանին իրավունք է վերապահում որոշակի փաստական հանգամանքների հաստատման դեպքում ենթադրելու որոշակի փաստի գոյությունը կամ բացակայությունը՝ որոնվող փաստի ապացուցման պարտականություն կրող անձին ազատելով այն ապացուցելու պարտականությունից և հակառակն ապացուցելու պարտականությունը դնելով մյուս կողմի վրա: Ընդ որում, ենթադրվող փաստը կարող է համարվել հաստատված ու դրվել վճռի հիմքում այն դեպքում, երբ հակառակն ապացուցելու պարտականություն կրող կողմը չի կատարում դատարանի կողմից իր վրա դրված ապացուցման պարտականությունը:
Արդյունքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասում ձևակերպված կանոնն ընդհանուր նշանակություն ունի բոլոր այն իրավիճակների համար, երբ գործին մասնակցող անձի վկայակոչած փաստը հաստատող ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է գործին մասնակցող այլ անձի տիրապետման ներքո: Եթե ապացուցման պարտականության կատարումը նշված պատճառներով դատավարության մասնակցից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, ապա այն չի կարող դրվել տվյալ կողմի վրա. ապացուցման ենթակա փաստը պետք է ենթադրվի, իսկ հակառակն ապացուցելու բեռը՝ դրվի հակառակ կողմի վրա:
3․1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում, (...):
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի նկատմամբ նշանակում է տուգանք:
Ինչպես արդեն նշվել է, ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելը գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքն է (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված): Գործին մասնակցող անձանց միջնորդությամբ ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ դատարանը կարող է իրականացնել, մասնավորապես, ապացույցներ պահանջելու կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածը հանդես է գալիս այն կառուցակարգի դերում, որը կոչված է օժանդակելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ապացուցման պարտականության կատարմանը, և հնարավորություն է ընձեռում իր վկայակոչած փաստը հիմնավորող ապացույցին օբյեկտիվորեն չտիրապետող, այն ձեռքբերելու անհնարինությունը հիմնավորող կողմին օժանդակելու համապատասխան ապացույցը ձեռքբերելու հարցում:
Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածը ոչ թե գործում է 62-րդ հոդվածից զատ կամ հանդիսանում է ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոն, այլ կրում է օժանդակ բնույթ՝ ըստ էության նպատակ հետապնդելով ապահովելու 62-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ փաստակազմի առկայությունը:
Իր հերթին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված են դատավարական հետևանքներ (կատարողական թերթը կատարման ուղարկելը և տուգանքը), որոնք, որպես կանոն, Դատարանի կողմից պետք է կիրառվեն, եթե ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանվի կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչվեն։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վկայակոչված հետևանքներն ընդամենը ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելուն ուղղված ներգործության միջոցներ են, քանի որ միջնորդության հարուցումն ու դրա բավարարումը չեն կարող ինքնանպատակ լինել. դրա վերջնական նպատակն անհրաժեշտ ապացույցի ձեռքբերումն է, իսկ ապացույց պահանջելու մասին որոշման կատարման պարտականությունը կրող կողմը պետք է կրի պատասխանատվություն իր դատավարական պարտականությունը հարգելի չճանաչված պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Հաշվի առնելով կոնկրետ գործի դատավարական ընթացքը և փաստերը, ելնելով առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ գործը քննելու և օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը լուծելու (Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ) պահանջից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը կարող է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված դատավարական հետևանքները:
3․2) Ինչպես արդեն նշվեց, դատարանը, որպես ընդհանուր կանոն, իր նախաձեռնությամբ ապացույցներ ձեռք բերելու իրավասություն չունի։ Այլ կերպ ասած, գործը քննող դատավորը կարող է իրականացնել բացառապես մրցակցությանն օժանդակող, այն երաշխավորող գործառույթներ՝ զերծ մնալով կողմերի նախաձեռնությունը սեփականով փոխարինելուց։
Բացառություն են այն վարույթները, որոնց առանձնահատկությունների հաշվառմամբ, օրենսդիրը սահմանել է, որ դրանց շրջանակներում դատարանը, չկաշկանդվելով գործին մասնակցող անձանց միջնորդությունների բացակայությամբ, օրենքով կանխորոշված շրջանակներում պարտավոր է ցուցաբերել անհրաժեշտ նախաձեռնություն և կատարել ապացույցների ձեռքբերմանն ուղղված որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես գործին մասնակցող ու այդպիսին չհանդիսացող այլ անձանցից պահանջելու ապացույցներ, ստանալու այլ տեղեկություններ և նյութեր, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, փորձագետների ու այլն:
Նման նախաձեռնություն ցուցաբերելու անհրաժեշտություն է նախատեսված, օրինակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասում: Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածում օգտագործված` «երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով» բառակապակցության բովանդակության պարզաբանմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հոդվածում «ելնելով» բառի կիրառումն ինքնանպատակ չէ։ Տվյալ դեպքում երեխայի շահը գնահատելիս օրենսդիրն օգտագործում է «ելնելով» եզրույթը՝ ուղղակիորեն ընդգծելով հոդվածում նկարագրված դատավարական գործողություններն ի պաշտոնե կատարելու դատարանի պարտականության հիմքը, այն է՝ յուրաքանչյուր գործողություն կատարելիս բացառապես երեխայի շահով առաջնորդվելու անհրաժեշտությունը:
Վկայակոչված իրավակարգավորման որևէ այլ, այդ թվում՝ երեխային պահելու պարտականություն ունեցող ծնողների շահերի ապահովմանն օժանդակող և մրցակցային դատավարությունը կասկածի դնող մեկնաբանությունը չի բխում հոդվածի նպատակային նշանակությունից:
Վճռաբեկ դատարանի նման հետևության հիմք է նաև հետևյալը․
- ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը.
- «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ուժով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել պետական և պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը.
- «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները.
- Սահմանադրությունն առանձին՝ 37-րդ հոդվածով ամրագրել է երեխայի իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լուսինե Մինասյանը պահանջել է Իվան Մարինոյից բռնագանձել 05.08.2014 թվականին ծնված Միքայել Անտոնիո Մարինոյի ապրուստի միջոց՝ ալիմենտ կայուն դրամական գումարով՝ յուրաքանչյուր ամիս 350.000 ՀՀ դրամ՝ սկսած հայց ներկայացնելու օրվանից մինչև չափահաս դառնալը:
Հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոյի ներկայացուցիչը գործի ամբողջ քննության ընթացքում առարկել է ալիմենտ բռնագանձելու պահանջի դեմ՝ հայտնելով, որ գործի շրջանակներում չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Իվան Մարինոն աշխատում է, ունի 2.000 եվրո կայուն եկամուտ, ստանում է պարգևավճար, ինչպես նաև հակընդդեմ հայցվորը պահանջել է բռնագանձել ամսական 350.000 ՀՀ դրամ, սակայն չի ներկայացրել նշված գումարի հաշվարկի մեխանիզմը:
Դատարանը, արձանագրելով, որ «հայցվոր կողմից չեն տրամադրվել Իտալիայում աշխատանքի, աշխատավարձի չափի, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ ապացույցներ, քանի որ համապատասխան որոշումը ստացել է հայցվորի ներկայացուցիչը, սակայն դատական նիստին հայտնել է, որ քանի որ իր վստահորդը Հայաստանի Հանրապետությունում չէ, հետևաբար, այդ տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել», «միաժամանակ, հայցվորի ներկայացուցիչը ստացել է նաև հակընդդեմ հայցվորի ներկայացուցչի դիմում-պահանջը, վերը նշված ապացույցները տրամադրելու համար, սակայն որևէ ապացույց չի տրամադրվել», հաստատված է համարել հայցվորի կողմից վկայակոչված հիշյալ փաստերը:
Միաժամանակ, Դատարանը նշելով, որ «չնայած հաստատված է համարել հայցվորի գույքային դրության վերաբերյալ հակընդդեմ հայցվորի ներկայացրած փաստերը, այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ առկա չէ կոնկրետ ապացույց, որ Հայցվորն աշխատավարձը ստանում է կայուն կերպով և յուրաքանչյուր ամիս, ինչպես նաև առկա չէ ապացույց պարգևավճարի չափի վերաբերյալ և այն ևս յուրաքանչյուր ամիս ստանալու վերաբերյալ», եզրահանգել է, որ «ալիմենտի գումարը պետք է սահմանել կայուն գումարով», «այլ ապացույցների բացակայությամբ պայմանավորված հաստատված համարելով, որ երեխայի ծախսերն ամբողջությամբ հոգում է մայրը», արձանագրելով, որ «երեխայից առանձին ապրող ծնողը ևս պետք է մասնակցի երեխայի համար կատարվող ծախսերին», ու վճռել է հայցը բավարարել մասնակիորեն՝ Իվան Մարինոյից որպես երեխայի ապրուստի միջոց բռնագանձել 200.000 ՀՀ դրամ ալիմենտի գումար, հայցը մնացած մասով մերժվել է:
Դատարանի վճիռը սույն գործով վճռաբեկ բողոքին նույնաբովանդակ հիմքերով և հիմնավորումներով Իվան Մարինոն բողոքարկել է վերաքննության կարգով:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 64-րդ հոդվածների վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին, արձանագրել է, որ «26.01.2022 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը կողմերի հետ քննարկել է ապացույց պահանջելու մասին միջնորդությունը և հաջորդ՝ 09.03.2022 թվականի դատական նիստով այդ միջնորդությունը բավարարել է՝ հրապարակելով միջնորդության բովանդակությունը։ Թե՛ 26.01.2022 թվականի, թե՛ 09.03.2022 թվականի դատական նիստերին մասնակցել է Իվան Մարինոյի ներկայացուցիչը, իսկ 06.06.2022 թվականին Իվան Մարինոյի ներկայացուցիչը հայտնել է, որ որոշումը ստացել են, սակայն ոչինչ այդ մասով չի կարող ներկայացնել, քանի որ վստահորդը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս», «Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը ապացույց պահանջելու մասին որոշման մեջ նշված ապացույցները ձեռք բերելու նպատակով դիմել է ինչպես ՀՀ արտաքին գործերի նախարարություն, այնպես էլ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան հյուպատոսական բաժին, սակայն պատասխան չի ստացել՝ մի դեպքում դրանք անձնական տվյալներ համարվելու, մյուս դեպքում՝ այդ տեղեկատվության բացակայության հիմքով։ Միաժամանակ, գույքային իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվությանը լավագույնս տիրապետում է հենց հասցեատերը, անձը չի կարող տեղեկություն չունենալ կամ հնարավորություն չունենալ իր եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ կամ ներկայացնել։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Իվան Մարինոն չի կատարել դատարանի՝ իրեն ուղղված պահանջը՝ առանց որևէ հարգելի պատճառ նշելու՝ չներկայացնելով գույքային իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ապացույցներ, ինչը չի կարող գնահատվել որպես դատավարական բարեխիղճ վարքագիծ, մինչդեռ իրավունքներից ոչ բարեխղճորեն օգտված կողմը չի կարող հայցել այդ իրավունքի պաշտպանություն», «Դատարանը գրավոր ապացույց է պահանջել հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոյից, իսկ վերջինս առանց որևէ հարգելի պատճառի չի տրամադրել այն, ինչը հակընդդեմ հայցով հայցվոր Լուսինե Մինասյանի համար դժվարացրել և անհնարին է դարձրել այդ ապացույցի ձեռքբերումը», եզրահանգել է, որ «այդ ապացույցները չներկայացնելու բացասական հետևանքների ռիսկը պետք է կրեր հակընդդեմ հայցով պատասխանողը»։
Տվյալ դեպքում Դատարանը 16.12.2021 թվականին կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով սահմանելով ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝ Լուսինե Մինասյանի կողմից պետք է ապացուցվի, որ նա հանդիսանում է երեխայի մայրը, ամսական 350.000 ՀՀ դրամ վճարելու ալիմենտային պարտավորությունը բխում է երեխայի լավագույն շահերից: Հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոյի համար ապացուցման պարտականություն չի սահմանվել։
Դատարանի 16.12.2021 թվականի որոշման լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանի սահմանած վերոնշյալ բեռն ունի ընդհանրական ձևակերպում, և հաշվի առնելով սկզբնական հայցով հայցվոր Լուսինե Մինասյանի ներկայացուցչի կողմից կատարված դատավարական գործողությունները, կոնկրետ փաստի ապացուցման համար ապացույց ձեռք բերելուն ուղղված գործողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Լուսինե Մինասյանի վրա ուղղակիորեն ապացուցման պարտականություն չի դրվել ապացուցելու, որ Իվան Մարինոն ստանում է ամսական 2.000 եվրո աշխատավարձ, սակայն այն պարզ է եղել Լուսինե Մինասյանի համար, որպիսի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է պահանջվող ալիմենտի չափն Իվան Մարինոյի ենթադրյալ ամսական աշխատավարձի հետ համադրելու արդյունքում։
Նման պայմաններում բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Իվան Մարինոյի կողմից 2.000 եվրո աշխատավարձ ստանալու փաստը չի ներառվել ապացուցման ենթակա փաստերի մեջ, Վճռաբեկ դատարանը վերը նշված պատճառաբանությամբ հիմնավորված չի համարում։
Տվյալ դեպքում Լուսինե Մինասյանը, ի կատարումն Դատարանի որոշմամբ իր վրա դրված ապացուցման պարտականության՝
- Դատարան է ներկայացրել երեխայի համար կատարված և շարունակաբար կատարվող ծախսերը հիմնավորող ապացույցներ,
- Իվան Մարինոյին հասցեագրված դիմումով պահանջել է տրամադրել համապատասխան ապացույցներ աշխատավարձի չափի, սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ,
- նույնաբովանդակ գրություններ է հասցեագրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն ու Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանատան ներկայացուցչին:
Նկատի ունենալով հայցվող տեղեկատվության և դրանք հիմնավորող ապացույցներն ինքնուրույն ձեռքբերելու անհնարինությունը՝ Լուսինե Մինասյանի ներկայացուցիչն ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը բավարարվել է, և Իվան Մարինոյից պահանջվել են աշխատանքի, աշխատավարձի չափի, սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ ապացույցներ:
Արդյունքում միջնորդությունը ներկայացնելիս Լուսինե Մինասյանը հիմնավորել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն չունի, քանի որ հարցումների հասցեատերերը, հիմք ընդունելով այդ թվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, մերժել են դրանց տրամադրումը, ձեռնարկել է հնարավոր բոլոր իրական և ողջամիտ միջոցներն Իվան Մարինոյի գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ հավաքագրելու ուղղությամբ, ապացույց պահանջելու միջնորդության հիմնավորումներում Լուսինե Մինասյանը նշել է ինչպես պահանջվող ապացույցը, այն ներկայացնելու անհնարինությունը, այնպես էլ այն փաստը, որի հաստատման համար անհրաժեշտ է պահանջվող ապացույցը, այսինքն՝ Լուսինե Մինասյանի ներկայացրած միջնորդությունն ուղղված է եղել Իվան Մարինոյի կողմից 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ վճարելու համար անհրաժեշտ եկամուտ ստանալու և ալիմենտի հայցվող գումարի նշված չափը երեխայի լավագույն շահից բխելու վկայակոչված փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելուն։
Գործի քննության ընթացքում Իվան Մարինոյի ներկայացուցիչը, ընդունելով ապացույց պահանջելու որոշումն ստանալու փաստը, ոչ թե հերքել է իր վստահորդի՝ որևէ գույք ունենալու կամ աշխատելու և աշխատավարձ ստանալու փաստերը, այլ վկայակոչել է հայցվող ապացույցները ներկայացնելու անհնարինությունը՝ պայմանավորված իր վստահորդի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հանգամանքով:
Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով պահանջել է հաստատված համարել Իվան Մարինոյի գույքային դրության վերաբերյալ հակընդդեմ հայցով հայցվոր Լուսինե Մինասյանի վկայակոչած փաստերը (փաստ 14)։
Փաստերի նման դասավորվածության պայմաններում Դատարանը, իրավաչափորեն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասով, հակընդդեմ հայցվոր Լուսինե Մինասյանի վկայակոչած փաստերը համարել է հաստատված, ինչն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին՝ Դատարանը, հաստատված համարելով հայցվորի գույքային դրության վերաբերյալ հակընդդեմ հայցվորի ներկայացրած փաստերը, այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ առկա չէ կոնկրետ ապացույց, որ հայցվորն աշխատավարձը ստանում է կայուն կերպով և յուրաքանչյուր ամիս, ինչպես նաև առկա չէ ապացույց պարգևավճարի չափի ու յուրաքանչյուր ամիս այն ստանալու վերաբերյալ, նվազեցրել է ալիմենտի չափը՝ այն սահմանելով կայուն գումարով՝ հայցը բավարարելով մասնակիորեն։
Արդյունքում գործին մասնակցող անձը, սույն պարագայում՝ հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոն, տիրապետության տակ ունենալով իր գույքային դրության վերաբերյալ ապացույցները, դրանք չի բացահայտել և չի ներկայացրել Դատարան, դրսևորել է անգործություն:
Վճռաբեկ բողոքում բողոքաբերը փորձ է կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածը ծառայեցնել ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողի շահերի պաշտպանությանն այն դեպքում, երբ, ինչպես սույն որոշմամբ նշվել է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածը կոչված է ծառայելու երեխայի լավագույն շահի բացահայտմանը և պաշտպանությանը, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում ապահովվել է: Ներկայացված վճռաբեկ բողոքի համապատասխան հիմքը չի բխում քննարկվող հոդվածի նպատակից, հետևաբար չի կարող դատական ակտի բեկանման հանգեցնող դատական սխալ գնահատվել:
Անդրադառնալով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, Վճռաբեկ դատարանը, այն մասամբ հիմնավորված գնահատելով հանդերձ, հարկ է համարում նշել, որ Իվան Մարինոյի ներկայացուցիչը, ներկայանալով 06.06.2022 թվականի դատական նիստին, հայտնել է, որ իր վստահորդ Իվան Մարինոյի գույքային դրության վերաբերյալ ապացույց ներկայացնելն անհնարին է վերջինիս՝ արտասահմանում գտնվելու պատճառով: Նման պատճառաբանության առկայությունն ինքնին բավարար հիմք է տվել Դատարանին չկիրառելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հետևանքները և կիրառելու նույն օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված հետևանքը:
Այս առումով հատկանշական է նաև այն, որ բողոքաբերը ո՛չ գործի քննության ընթացքում, ո՛չ վերաքննիչ բողոքում կրկին չի բացահայտում իր գույքային դրությունը՝ չի մատնանշել որևէ ապացույց, որի բացակայությունը կամ առկայությունը կարող էր այլ դատական ակտի կայացման օբյեկտիվ հիմք հանդիսանալ:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, երեխայի համար ամսական 200.000 ՀՀ դրամ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին վճիռ կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելով, ապահովել են երեխայի նկատմամբ ծնողի ունեցած պարտականությունների կատարումը և ծնողների իրավունքների իրականացումը՝ երաշխավորելով երեխայի շահերը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալի առկայությունը։ Դատարանը, հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այդ մասով Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցագինը որոշվում է` ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե ալիմենտի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Սույն գործի նկատմամբ կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով՝ հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշումը բողոքարկվում է մասնակիորեն՝ ըստ Լուսինե Մինասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Իվան Մարինոյի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասով, և հաշվի առնելով, որ սույն գործով բողոքարկված մասով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.06.2023 թվականի որոշմամբ հետաձգվել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը մերժվելու պայմաններում Իվան Մարինոյից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 72.000 ՀՀ դրամ (200.000 ՀՀ դրամ * 12 * 3%)՝ որպես բողոքարկված մասով վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.06.2023 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։
Միաժամանակ, նկատի ունենալով, որ պետական տուրքից բացի փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսեր առկա չեն, Վճռաբեկ դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Իվան Մարինոյից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 72.000 ՀՀ դրամ:
3. Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. Մկրտչյան |
Ս. Մեղրյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: