Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.04.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3922/05/15

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3922/05/15

Նախագահող դատավոր՝

Է. Նահապետյան

Դատավորներ՝

Լ. Հակոբյան

Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

  զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. Մկոյան

 

2023 թվականի ապրիլի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ավետիք Ղազարյանի, Սիլվարդ Ղազարյանի, Արսեն Ղազարյանի, Կարինե Ղազարյանի ընդդեմ ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հայկական ՍՍՀ Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի (այսուհետ՝ Գործադիր կոմիտե) 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 (71քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց) բնակարանին համարժեք բնակարան հայցվորներին հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ավետիք, Սիլվարդ, Արսեն և Կարինե Ղազարյանները պահանջել են պարտավորեցնել ՀՀ կառավարությանն ընդունելու Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ իրենց հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 (71քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց) բնակարանին համարժեք բնակարան հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) 13.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան, դատավորներ՝ Ա. Բաբայան, Ա. Սարգսյան) 09.11.2016 թվականի որոշմամբ Ավետիք, Սիլվարդ, Արսեն և Կարինե Ղազարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 13.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Միրզոյան) 16.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան, դատավորներ՝ Կ. Բաղդասարյան, Կ. Մաթևոսյան) 20.03.2019 թվականի որոշմամբ Ավետիք, Սիլվարդ, Արսեն և Կարինե Ղազարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 16.06.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.07.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.03.2019 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

 ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 31.03.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.06.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.03.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Նախարարության (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ավետիք, Սիլվարդ, Արսեն և Կարինե Ղազարյանները (ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ և ՀՀ կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման նորմերը։

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Քաղաքացիներին ամրակցված առանձին կանգնած կամ կցված անավարտ բնակելի տների մասով, որոնց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավոր է կատարել իրավունքի պետական գրանցում, սահմանվում է ապագա բնակարանատերերի անհատույց սեփականաշնորհման առանձին կարգ, որը ենթադրում է քաղաքացիների գրավոր համաձայնություն, որից հետո էլ երկամսյա ժամկետում սահմանվում է լիազոր մարմնի որոշման կայացման պարտականությունը, ընդ որում, գրավոր համաձայնություն չներկայացնելը հիմք է արձանագրելու կամավորության սկզբունքի ուժով քաղաքացու՝ սեփականության իրավունք ձեռք բերելու իրավունքից հրաժարման փաստը, հետևաբար, պետության կամ համայնքի կողմից քաղաքացու համաձայնության առկայության փաստը պարզելու ուղղությամբ որևէ լրացուցիչ գործողության կատարման պարտականություն օրենսդրությամբ չի սահմանվել:

Տվյալ դեպքում Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշման կապակցությամբ ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ և ՀՀ կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված են եղել Ավետիք Ղազարյանի և իր ընտանիքի անդամների որոշակի պարտականություններ, որոնց կատարման կապակցությամբ սույն գործում ապացույց առկա չէ, ուստի Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշման իրավական ուժը պահպանված համարվել չի կարող և հետևաբար Հայաստանի Հանրապետությունն առհասարակ այդ կապակցությամբ որևէ պարտավորություն չունի:

Ավելին նույնանման հանգամանքներով թիվ ՎԴ/5750/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած 11.05.2018 թվականի վճռով Ռազմիկ Մանուչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության` Գործադիր կոմիտեի որոշման հիմքով ք. Երևան, Նորքի 9-րդ միկրոշրջան թիվ 7 հասցեում կառուցվող շենքի 1-ին մուտքի 11-րդ հարկում 38 համարի 3 սենյականոց բնակարանին համարժեք բնակարան հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն կամ բարենպաստ վարչական ակտի առկայության ակնհայտ փաստն ընդունելու դեպքում` խնդրո առարկա բնակարանին համարժեք փոխհատուցում տրամադրելու (այլ բնակարան և/կամ դրամական փոխհատուցում) համար գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել է՝ արձանագրելով, որ բոլոր այն դեպքերում, երբ նախկին գործադիր կոմիտեի որոշման հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն, և այն այդ որոշման հասցեատիրոջ կողմից չի կատարվել, ապա այդ որոշումը կորցնում է իր ուժը, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ որոշման հիմքով կրել պարտականություններ։ Նույն գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 22.03.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ հայցվորն այլևս չունի Գործադիր կոմիտեի որոշմամբ բնակարանի նկատմամբ որևէ գույքային իրավունք, ուստիև հայցվորի պահանջը տվյալ դեպքում բավարարման ենթակա չէ:

Մինչդեռ, սույն վարչական գործով, Վերաքննիչ դատարանը 10.06.2022 թվականի որոշմամբ հանգել է այն սխալ եզրակացության, որ ՀՀ կառավարության թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն՝ անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներում իրենց ամրակցված բնակարանը սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` օրենքով սահմանված կարգով, հետևապես այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունն ունի որոշակի պարտավորություններ հայցվորների նկատմամբ:

Այսպիսով, ակնհայտ է, որ սույն գործով 10.06.2022 թվականի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի, ՀՀ կառավարության թիվ 358 և թիվ 191 որոշումների կիրառելիության և մեկնաբանության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների համադրությունից բխում է, որ դրանք կիրառվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/5750/05/17 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 22.03.2019 թվականի որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Խնդրո առարկա բնակարանը հատկացնելու որոշում կայացնելուց հետո հայցվորներին նշված բնակարանը փաստացի չի հատկացվել, չի պարզվել Ավետիք Ղազարյանի և իր ընտանիքի անդամների համաձայնությունը, և բնակարանն անհատույց սեփականության իրավունքով չի հանձնվել վերջիններիս, ինչը հնարավորություն կտար սահմանված կարգով մասնակցելու սեփականատերերի միավորումների ձևավորմանը և ավարտին hասցնելու շինարարությունը, այսինքն` Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշումն իր իրավաբանական ուժը պահպանված լինելու և դրանով պայմանավորված պայմանը Հայաստանի Հանրապետության կողմից կատարված չլինելու պարագայում ակնհայտ է, որ որոշումից բխող իրավունքների մասով պետք է հնարավորություն լինի կատարման, ինչն էլ փաստացի Վերաքննիչ դատարանը կատարել է` մերժելով պատասխանողի վերաքննիչ բողոքը, իսկ բողոքաբերի մյուս մատնանշումները որևէ կապ չունեն սույն գործի ըստ էության լուծման հետ, անհիմն են և ենթակա են ողջ ծավալով մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հաստատվել են բնակարանային բաշխման ցուցակները, որտեղ առաջնահերթության իրավունքով` Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47` երեք սենյականոց, 44.6քմ բնակելի, 71քմ ընդհանուր մակերեսով բնակարանը հատկացնելու համար, ընդգրկված են եղել Ավետիք Ղազարյանը և իր ընտանիքի անդամները` Սիլվարդ Ղազարյանը, Արսեն Ղազարյանը և Կարինե Ղազարյանը (հատոր 1-ին, գ.թ. 15-17)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված 17.07.2015 թվականի դիմումով Ավետիք Ղազարյանի, Սիլվարդ Ղազարյանի, Արսեն Ղազարյանի, Կարինե Ղազարյանի ներկայացուցիչ` Վարդան Առաքելյանը խնդրել է ընդունել բարենպաստ վարչական ակտ և Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված` Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 /երեք սենյականոց, 71քմ ընդհանուր մակերեսով/ բնակարանին համարժեք բնակարան հատկացնել դիմողներին` այդպիսով վերացնելով դիմողների սեփականատիրական իրավունքի խախտումները կամ բարենպաստ վարչական ակտի առկայության ակնհայտ փաստն ընդունելու դեպքում կատարել գործողություններ` խնդրո առարկա բնակարանին համարժեք փոխհատուցում տրամադրելու /բնակարան և/կամ դրամական փոխհատուցում/ համար (հատոր 1-ին, գ.թ. 18)

3. Նախարարության իրավաբանական վարչության պետի 31.07.2015 թվականի թիվ 11-1/20550-15 գրությամբ Վարդան Առաքելյանին հայտնվել է, որ ՀՀ կառավարության 15.05.2008 թվականի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 503-Ն որոշման 8-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված են Նախարարության իրավասությունները, որտեղ բացակայում են վերջինիս կողմից բնակարաններ հատկացնելու հետ կապված հարաբերություններ։ Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնվել է, որ Նախարարությունը ք. Երևան, Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքից բնակարան կամ բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու պարտականություն չի կրում (հատոր 1-ին, գ.թ. 19)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի և ՀՀ կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման նորմերը կիրառվել են սույն գործով բողոքարկվող դատական ակտում միևնույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ քաղաքացիներին ամրակցված, անհատույց սեփականության իրավունքով հատկացման ենթակա բնակարանների տրամադրման վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին չմասնակցած անձանց համարժեք բնակարան հատկացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ՀՀ կառավարությանը պարտավորեցնելու իրավական հնարավորության հարցին։

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, իսկ 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:

Նախկինում կայացված որոշումներից մեկում համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավանորմերը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ պարտավորեցման հայցով անձը կարող է պահանջել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու իր համար այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է: Այսինքն՝ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, և, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ ասած՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի և 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի կարգավորումները:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանելով պարտավորեցման հայցով հայցը բավարարելու դեպքում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին իմպերատիվ պահանջը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է պարտավորեցման հայցը բավարարելու նախապայմանը, այն է՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ է պայմանավորված վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը և ոչ թե՝ հակառակը:

Մյուս կողմից, պարտավորեցման հայցի դեպքում օրենսդիրը, կարևորելով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին: Դա նշանակում է, որ պարտավորեցման հայցի մերժումը ևս պայմանավորված է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ: Այսինքն, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, և այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը (տե´ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի բավարարման գլխավոր նախադրյալին՝ հայցվող վարչական ակտի իրավաչափությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և ևս մեկ անգամ արձանագրել, որ պարտավորեցման հայցի հիմնական նպատակը հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, ուստի, պարտավորեցման հայցը բավարարելու և վարչական մարմնին հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատական ակտը պետք է պարունակի պատճառաբանություններ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության ստուգման վերաբերյալ։ Եվ միայն այդպիսի վերլուծությունների արդյունքում հայցվող վարչական ակտի իրավաչափության հիմնավորվածության հաստատումն է, որ կարող է հիմք հանդիսանալ պարտավորեցման հայցը բավարարելու և վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու համար (տե´ս, Վալոդյա Ռուստամյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/9853/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2023 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված իրավակարգավորմամբ օրենսդիրը երաշխավորել է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացումը՝ վարչական մարմինների կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու դեպքերում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տների (բնակարանների) սեփականաշնորհման ընթացակարգը կարգավորվել է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով, ուստի սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունի նշված որոշումներով նախատեսված կարգավորումների բացահայտումը:

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 04.01.2007 թվականին) 29-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 31121998 թվականը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով:

ՀՀ կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) սակավաբնակարան բնակելի տների և բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման կարգը (այսուհետ` Կարգ 1):

Նույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ բնակելի տների շինարարությունն ավարտելու նպատակով ապագա բնակարանատերերը պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և պետական կառավարման տարածքային մարմինների աջակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են սեփականատերերի միավորումներ, որոնք իրականացնում են բնակելի տան շինարարության պատվիրատուի պարտականությունները:

Սեփականատերերի միավորումներ չձևավորվելու դեպքում պատվիրատուի պարտականություններն իրականացնում են համապատասխանաբար պատգամավորների գյուղական և քաղաքային խորհուրդների գործադիր մարմինները, համապատասխան մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը կամ հանրային բնակարանային ֆոնդի սեփականատերը:

Կարգ 1-ի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով սահմանվում են անավարտ շինարարության այն պետական (հանրային) սակավաբնակարան (1-4 բնակարան ունեցող) բնակելի տների և բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման հիմնական դրույթները, որոնց համար մինչև 22.06.1993 թվականը պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ընդունել են համապատասխան որոշումներ բնակելի տուն (բնակարան) հատկացնելու վերաբերյալ:

Կարգ 1-ի 2-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմինները և պետական կառավարման տարածքային մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող` քաղաքացիներին ամրակցված առանձին կանգնած կամ կցված անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տները, քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում, համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացնում են դրանց ապագա բնակարանատերերին` հինգ տարվա ընթացքում շինարարությունը պարտադիր ավարտելու պայմանով: Ապագա բնակարանատերերը կարող են սահմանված կարգով փոփոխություններ կատարել շենքի նախագծում` այն համաձայնեցնելով համապատասխան մարմինների հետ:

Կարգ 1-ի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին ամրակցված այն սակավաբնակարան բնակելի տները և բնակարանները, որոնք սեփականության իրավունքով քաղաքացիները հրաժարվել են ստանալ, ներկայացվում են աճուրդի` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22041994 թվականի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 196 որոշման: Իսկ քաղաքացիներին ամրակցված բնակելի տները (բնակարանները) սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշման 1-ին կետի համաձայն՝ ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 15111996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հաստատել քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը (այսուհետ՝ Կարգ 2):

Կարգ 2-ի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով սահմանվում են քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության այն պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների (այսուհետև` անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներ) բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման հիմնական դրույթները, որոնց համար մինչև 22061993 թվականը նախկին պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ընդունել են բնակարան հատկացնելու վերաբերյալ համապատասխան որոշումներ:

Կարգ 2-ի 2-րդ կետի համաձայն՝ պետական կառավարման տարածքային մարմինները քաղաքացիներին սահմանված կարգով ամրակցված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանները քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում, համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացնում են դրանց ապագա բնակարանատերերին:

Կարգ 2-ի 3-րդ կետի համաձայն՝ անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների շինարարությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 15111996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման 3-րդ կետով սահմանված կարգի:

Կարգ 2-ի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկ տարվա ընթացքում անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանների հատկացումից քաղաքացիների հրաժարվելու և սեփականատերերի միավորումներ չձևավորվելու դեպքում անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տները սահմանված կարգով ներկայացվում են աճուրդի` համաձայն նույն կարգի 8-րդ կետի:

Կարգ 2-ի 5-րդ կետի համաձայն՝ սեփականատերերի միավորումների կազմում ընդգրկված քաղաքացիների կողմից անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանի հատկացումից հրաժարվելու հետ կապված կամ սահմանված կարգով չամրակցված ազատ բնակարանների առկայության դեպքում նշված միավորումները կարող են համալրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջնահերթություն ունեցող այն քաղաքացիներով, որոնց ամրակցված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներում չեն ձևավորվել սեփականատերերի միավորումներ:

Կարգ 2-ի 8-րդ կետի համաձայն՝ անավարտ շինարարության բազմաբնակարան այն բնակելի տները (բնակարաններ), որոնք սեփականության իրավունքով ստանալուց հրաժարվել են քաղաքացիները, ներկայացվում են աճուրդի` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22041994 թվականի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 196 որոշման:

Կարգ 2-ի 9-րդ կետի համաձայն՝ անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներում իրենց ամրակցված բնակարանը սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` օրենքով սահմանված կարգով:

Վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության այն պետական (հանրային) սակավաբնակարան (1-4 բնակարան ունեցող) բնակելի տները և (կամ) բազմաբնակարան բնակելի տների բնակարանները, որոնց համար մինչև 22.06.1993 թվականը նախկին պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ընդունել են բնակարան հատկացնելու վերաբերյալ համապատասխան որոշումներ, քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում պետական իրավասու մարմինների համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացվում են դրանց ապագա բնակարանատերերին: Ընդ որում, քաղաքացիներին ամրակցված այն սակավաբնակարան բնակելի տները և բնակարանները, որոնք սեփականության իրավունքով քաղաքացիները հրաժարվել են ստանալ, ներկայացվում են աճուրդի, որի դեպքում քաղաքացիներին ամրակցված բնակելի տները (բնակարանները) սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ո՛չ օրենքով և ո՛չ էլ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված չէ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին չմասնակցած անձանց համարժեք բնակարաններ հատկացնելու որևէ հնարավորություն։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործող իրավակարգավորումների իմաստով որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե քաղաքացիներն ինչ պատճառով չեն մասնակցել պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ավետիք, Սիլվարդ, Արսեն և Կարինե Ղազարյանների կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են պարտավորեցնել ՀՀ կառավարությանն ընդունելու Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ իրենց հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 (71քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց) բնակարանին համարժեք բնակարան հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ:

Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(…) հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հաստատվել է բնակարանային բաշխման ցուցակները, որտեղ առաջնահերթության իրավունքով` Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47` երեք սենյականոց, 44.6 քմ բնակելի, 71 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը հատկացնելու համար, ընդգրկված են եղել Ավետիք Արտուշի Ղազարյանը և իր ընտանիքի անդամները` Սիլվարդ Վաչագանի Ղազարյանը, Արսեն Ավետիքի Ղազարյանը և Կարինե Ավետիքի Ղազարյանը։ Նշված բնակարանը հատկացնելուց հետո նախորդիվ նշված ընթացակարգերը իրավասու մարմինների կողմից չեն իրականացվել` մասնավորապես Ավետիք Արտուշի Ղազարյանին և իր ընտանիքի անդամներին նշված բնակարանը փաստացի չի հատկացվել, չի պարզվել Ավետիք Արտուշի Ղազարյանի և իր ընտանիքի անդամների համաձայնությունը և բնակարանն անհատույց սեփականության իրավունքով չի հանձնվել վերջիններիս, ինչը նրանց հնարավորություն կտար սահմանված կարգով մասնակցելու սեփականատերերի միավորումների ձևավորմանը և ավարտին հասցնելու շինարարությունը: Հաջորդիվ` սույն գործում առկա չէ որևէ պատշաճ ապացույց, որը կվկայեր հայցվորներին արված հարցման և ի պատասխան դրա` Հայաստանի Հանրապետության Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված բնակարանն ստանալուց հայցվորների հրաժարվելու մասին: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշումը պահպանում է իրավաբանական ուժը և ենթակա է կատարման»։

Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ կառավարության՝ ի դեմս Նախարարության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ. «Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ նախևառաջ իրավասու մարմինը որոշակի ակտիվ գործողությունների միջոցով պետք է պարզեր գործադիր կոմիտեի թիվ 33/40 որոշմամբ հատկացված բնակարանը սեփականության իրավունքով ստանալու հայցվորների համաձայնության առկայության կամ համաձայնության բացակայության փաստը, որից հետո նոր կարող էին տեղի ունենալ այն գործընթացները, որոնք մատնանշվել են նախորդիվ: Այսինքն, ոչ թե ՀՀ կառավարության թիվ 358 և /կամ/ թիվ 191 որոշումների պահանջները բավարարող քաղաքացին պետք է սեփական նախաձեռնությամբ իրավասու պետական մարմնին ներկայացներ գործադիր կոմիտեի որոշմամբ իրեն ամրակցված բնակարանը սեփականության իրավունքով ստանալու գրավոր ցանկություն, այլ այդպիսի համաձայնությունը պետք է տրվեր ի պատասխան գործադիր կոմիտեի որոշմամբ ամրակցված բնակարանը սեփականության իրավունքով ստանալու մասին համաձայնություն ունենալու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տվյալ քաղաքացուն հասցեագրված առաջարկին: Նկատենք, գործով ձեռք չի բերվել որևէ պատշաճ ապացույց, որը կվկայեր հայցվորներին արված հարցման և ի պատասխան դրա՝ գործադիր կոմիտեի թիվ 33/40 որոշմամբ հատկացված բնակարանը ստանալուց հայցվորների հրաժարվելու մասին»:

 

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հաստատվել են բնակարանային բաշխման ցուցակները, որտեղ առաջնահերթության իրավունքով` Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47` երեք սենյականոց, 44.6քմ բնակելի, 71քմ ընդհանուր մակերեսով բնակարանը հատկացնելու համար, ընդգրկված են եղել Ավետիք Ղազարյանը և իր ընտանիքի անդամները` Սիլվարդ Ղազարյանը, Արսեն Ղազարյանը և Կարինե Ղազարյանը։

Վերոգրյալի հիման վրա՝ Ավետիք Ղազարյանի, Սիլվարդ Ղազարյանի, Արսեն Ղազարյանի, Կարինե Ղազարյանի ներկայացուցիչ` Վարդան Առաքելյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված 17.07.2015 թվականի դիմումով խնդրել է ընդունել բարենպաստ վարչական ակտ և Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված` Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 /երեք սենյականոց, 71քմ ընդհանուր մակերեսով/բնակարանին համարժեք բնակարան հատկացնել դիմողներին` այդպիսով վերացնելով դիմողների սեփականատիրական իրավունքի խախտումները կամ բարենպաստ վարչական ակտի առկայության ակնհայտ փաստն ընդունելու դեպքում կատարել գործողություններ` խնդրո առարկա բնակարանին համարժեք փոխհատուցում տրամադրելու /բնակարան և/կամ դրամական փոխհատուցում/ համար:

Նախարարության իրավաբանական վարչության պետի 31.07.2015 թվականի թիվ 11-1/20550-15 գրությամբ Վարդան Առաքելյանին հայտնվել է, որ ՀՀ կառավարության 15.05.2008 թվականի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 503-Ն որոշման 8-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված են Նախարարության իրավասությունները, որտեղ բացակայում են վերջինիս կողմից բնակարաններ հատկացնելու հետ կապված հարաբերություններ։ Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնվել է, որ Նախարարությունը ք. Երևան, Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքից բնակարան կամ բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու պարտականություն չի կրում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորները, դիմելով վարչական մարմնին, ըստ էության, հայտնել են, որ ո՛չ վեճի առարկա բնակարանը, ո՛չ էլ դրան համարժեք փոխհատուցումն իրենց չի տրվել, ուստի խնդրել են առնվազն համարժեք բնակարան կամ համարժեք փոխհատուցում տրամադրել իրենց:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը, համաձայն որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին՝ նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա, այլ խոսքով, Սահմանադրությունը կամ օրենքը պետք է լիազորի պետական մարմնին գործելու կամ չգործելու: Օրինականության սկզբունքը բացառիկ կարևոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որևէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև այլ իրավական ակտով (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/11193/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով և օրենքով, ինչը դրսևորվում է նաև օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) և օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որևէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): Վարչարարություն իրականացնող բոլոր մարմինները պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերևս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված՝ վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլևս իմաստազրկվում է (տե՛ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ո՛չ օրենքով և ո՛չ էլ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված չէ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին չմասնակցած անձանց համարժեք բնակարաններ հատկացնելու որևէ հնարավորություն։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործող իրավակարգավորումների իմաստով որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե քաղաքացիներն ինչ պատճառով չեն մասնակցել պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը լիազորված չէ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին չմասնակցած անձանց հատկացնել համարժեք բնակարաններ։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բացակայում են հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու համար ինչպես փաստական, այնպես էլ իրավական հիմքերը։ Ավելին, գործը քննելու ու դատական ակտ կայացնելու պահի դրությամբ գործող կոնկրետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներից չի բխում հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու ՀՀ կառավարության իրավասությունը, հետևաբար համապատասխան իրավական հիմքերի բացակայության պարագայում վերջինիս չի կարող պարտադրվել ընդունելու հայցվող բարենպաստ վարչական ակտը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/5750/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով արձանագրվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ նախկին գործադիր կոմիտեի որոշման հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն, և այն այդ որոշման հասցեատիրոջ կողմից չի կատարվել, ապա այդ որոշումը կորցնում է իր ուժը, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ որոշման հիմքով կրել պարտականություններ։ Նույն գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 22.03.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ հայցվորն այլևս չունի Գործադիր կոմիտեի որոշմամբ բնակարանի նկատմամբ որևէ գույքային իրավունք, ուստիև հայցվորի պահանջը բավարարման ենթակա չէ:

Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի և ՀՀ կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման նորմերը ենթակա են կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա քաղաքացիներին ամրակցված, անհատույց սեփականության իրավունքով հատկացման ենթակա բնակարանների տրամադրման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասին գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները, ինչպես նաև հաշվի առնելով սույն որոշման մեջ վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ վարչական մարմնին կարող է պարտադրվել ընդունելու վարչական ակտ միայն իր լիազորությունների շրջանակներում, որը պետք լինի իրավաչափ, որպիսի նախադրյալները տվյալ դեպքում բացակայում են, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումի համար հայցվորները վճարել են 4.000 ՀՀ դրամ պետական տուրք, առաջին անգամ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման ժամկետը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.06.2016 թվականի որոշմամբ հետաձգվել է, իսկ երկրորդ անգամ վերաքննիչ բողոքի համար հայցվորները վճարել են 10.000 ՀՀ դրամ պետական տուրք:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Սույն գործով ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Նախարարության վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքի համար` 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, մինչդեռ վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը՝ 10.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Նախարարությանը:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս Նախարարության վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում հայցվորների հայցը ենթակա է մերժման, գտնում է, որ սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ.

- հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար սահմանված և հայցվորների կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված,

- ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.06.2016 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգված լինելու հիմքով չվճարված պետական տուրքի գումարը ենթակա է հատուցման հայցվորների կողմից,

- վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ՀՀ կառավարության՝ ի դեմս Նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքերի գումարները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով, ենթակա են հատուցման հայցվորների կողմից,

- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով՝ ավել վճարված պետական տուրքը՝ 10.000 ՀՀ դրամի չափով ենթակա է վերադարձման ՀՀ կառավարությանը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` Ավետիք Ղազարյանի, Սիլվարդ Ղազարյանի, Արսեն Ղազարյանի, Կարինե Ղազարյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության` Հայկական ՍՍՀ Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 (71քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց) բնակարանին համարժեք բնակարան հայցվորներին հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել։

2. Ավետիք Ղազարյանից, Սիլվարդ Ղազարյանից, Արսեն Ղազարյանից և Կարինե Ղազարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.06.2016 թվականի որոշմամբ վճարման ժամկետը հետաձգված պետական տուրքի գումար:

3. Ավետիք Ղազարյանից, Սիլվարդ Ղազարյանից, Արսեն Ղազարյանից և Կարինե Ղազարյանից հօգուտ ՀՀ կառավարության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: