ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 նոյեմբերի 2023 թ. |
ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-131-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Լևոն Հարությունյանի ներկայացուցիչ` փաստաբան Գ. Թորոսյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լևոն Հարությունյանի դիմումի հիման վրա` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի ապրիլի 11-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2003 թվականի մայիսի 7-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի հունիսի 1-ից:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի՝ «Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը» վերտառությամբ 26-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ «(...) ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը».
2) 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի «(...) առաջին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի վարձատրությունն իրականացվում է նշված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա: Այդ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար՝ զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով»:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-131-Ն, ընդունվել է 2021 թվականի մարտի 25-ին) 1-ին հոդվածի՝
1) 1-ին կետի համաձայն՝ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել,
2) 2-րդ կետի համաձայն՝ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանվել է «2-րդ,» բառը:
Գործի քննության առիթը Լևոն Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող) 2023 թվականի հուլիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով դիմումը, սույն գործով պատասխանողի գրավոր բացատրությունը, սույն դիմումի շրջանակներում պահանջված դատական գործը, ինչպես նաև վերլուծելով Օրենքի վերաբերելի դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Գործի դատավարական նախապատմությունը
1.1. Դիմողի ներկայացուցիչը 2020 թվականի փետրվարի 3-ին հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից Դիմողին չվճարված աշխատավարձը (ներառյալ` օրենքով հասանելիք պարգևատրումները, լրացուցիչ աշխատավարձը) ամբողջությամբ վճարել պարտավորեցնելու պահանջի մասին: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 2021 թվականի օգոստոսի 11-ի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ պարտավորեցնելով Ծառայությանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած Դիմողին օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել չվճարված աշխատավարձը, իսկ մնացած մասով հայցը մերժել է:
1.2. Ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (որպես երրորդ անձ) 2021 թվականի սեպտեմբերի 17-ին վերոնշյալ վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոքներ: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանն իր՝ 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակի, Ծառայությանը սահմանված կարգով Դիմողի՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձն ամբողջությամբ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցը մերժել է:
1.3. Վերոնշյալ որոշման դեմ Դիմողի կողմից 2023 թվականի նոյեմբերի 7-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ Դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:
1.4. 2023 թվականի նոյեմբերի 8-ին Սահմանադրական դատարան մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ. Դոլմազյանի թիվ ԴԴԱ-7-Ե-24690 գրության համաձայն՝
1) 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Դիմողը ձերբակալվել է, և նույն թվականի դեկտեմբերի 17-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը,
2) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Դիմողի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով,
3) 2023 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Դիմողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նույն որոշմամբ վերացվել է նաև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը,
4) Դիմողի նկատմամբ որպես կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցում դատավարական հարկադրանքի միջոց չի կիրառվել:
2. Դիմողի դիրքորոշումները
2.1. Դիմողը փաստում է, որ «(...) իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքով սահմանված էր, որ քրեական գործ հարուցվելու հետևանքով ազգային անվտանգության մարմինների կադրերի տրամադրության տակ թողնված ծառայողը համարվում է ազգային անվտանգության մարմինների ծառայող, ով ունի վարձատրության իրավունք, ընդ որում քրեական գործ հարուցվելու հետևանքով ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում էր կադրերի տրամադրության տակ՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը, իսկ վերջինիս վարձատրությունն իրականացվում էր համապատասխան խոչընդոտները վերացվելուց հետո, ընդ որում կադրերի տրամադրության տակ թողնվելիս վերջինս համարվում է ազգային անվտանգության մարմինների ծառայող, ով իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
2.2. Վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ բացառապես քրեական գործ հարուցված լինելու փաստով պայմանավորված, մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը կադրերի տրամադրության տակ թողնելու մասով, ինչպես նաև Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է ազգային անվտանգության մարմինների ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում, մասնավորապես՝ աշխատավարձի վճարումը պայմանավորելով «խոչընդոտները վերանալու» հանգամանքով (ծառայողի գործողություններում հանցակազմի բացակայության պարզմամբ), հակասում են Սահմանադրությանը, քանի որ նախատեսում են բացառապես քրեական գործ հարուցելու փաստի հիմքով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի՝ այդ պաշտոնից ածանցվող իրավունքի սահմանափակումներ:
2.3. Դիմողի պնդմամբ՝ «(...) անձը, մի կողմից հանդիսանալով ազգային անվտանգության ծառայող և գտնվելով կադրերի տրամադրության տակ և հնարավորություն չունենալով այլ տեղում անցնել աշխատանքի, նախ զրկվում է հանրային ծառայության անցնելու և աշխատանքի ազատ ընտրության իրավունքից, իսկ մյուս կողմից կրկին հանդիսանալով ազգային անվտանգության ծառայող և գտնվելով կադրերի տրամադրության տակ չի ստանում աշխատավարձ և զրկված է իր և իր ընտանիքի գոյության ապահովման նվազագույն միջոցներից»:
2.4. Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված՝ իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է խտրական հիմքերով հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքի միջամտություն՝ նման խտրականությունը պայմանավորելով ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով, որը, Սահմանադրական դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն, անթույլատրելի է: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ տվյալ դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստով պայմանավորված՝ վերջինս, մինչև նշված գործով վերջնական դատական ակտի կայացումը, թողնվում էր կադրերի տրամադրության տակ, այսինքն՝ հանդիսանում էր ազգային անվտանգության մարմինների ծառայող՝ իրավունք չունենալով կատարել այլ վճարովի աշխատանք: Հետևաբար` ըստ Դիմողի` խտրականորեն սահմանափակվում էին ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ հանրային ծառայության անցնելու, աշխատանքի ընտրության ազատության իրավունքները, անմեղության կանխավարկածի, համաչափության և իրավական որոշակիության սկզբունքները: Դիմողը գտնում է նաև, որ նշված սահմանափակումը չի կարող հետապնդել Սահմանադրության տեսանկյունից արդարացված որևէ նպատակ, ուստի չի կարող արդարացվել ո՛չ հանրային ծառայության ընդհանուր համակարգի տրամաբանությամբ, ո՛չ էլ հանրային ծառայության որևէ կոնկրետ տեսակի առանձնահատկություններով:
2.5. Ըստ Դիմողի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող և իր նկատմամբ կիրառված՝ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը «(...) այնքանով, որքանով մինչև մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը սահմանափակում է անձի վարձատրություն ստանալու իրավունքը, այսինքն՝ աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում է նախատեսում, ուղղակի կամ անուղղակի կանխորոշում է անձի մեղավորությունը ենթադրյալ հանցագործության կատարման համար»: Դիմողը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը խնդրահարույց է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի տեսանկյունից:
2.6. Դիմողն արձանագրում է, որ «(...) առկա չէ որևէ հիմնավորում, բացառապես քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ այդ պաշտոնից ածանցվող որևէ իրավունքի սահմանափակման համար: Բացի այդ, ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը, նրա աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում սահմանելը չեն կարող հետապնդել Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակ, այսինքն նշվածները հակասում են Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին»:
2.7. Ըստ Դիմողի՝ «(...) անհրաժեշտ է որոշել իրավահարաբերության ծագման պահին գործող «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ, 29-րդ, 49-րդ, 57-րդ, 60-րդ, 66-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
3. Պատասխանողի դիրքորոշումները
3.1. Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), վերլուծելով Դիմողի կողմից վիճարկվող Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, գտնում է, որ քրեական գործի հարուցված լինելու պայմաններում ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ այնքան ժամանակ, մինչև որ տվյալ գործով կկայացվի վերջնական որոշում: Այսինքն՝ վերջինիս՝ կադրերի տրամադրության տակ թողնելու պայմանը մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելն է, ոչ թե քրեական գործի հարուցման կամ քրեական հետապնդման հարուցման սոսկ փաստը: Հետևաբար` Պատասխանողն արձանագրում է. «(...) Դիմողի այն պնդումը, որ վիճարկվող հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իրականացվող գործողությունը իրականացվում է սոսկ քրեական գործի հարուցման փաստով՝ առարկայազուրկ է և անհիմն, քանի որ այն իրականացվում է՝ ելնելով բացառապես օրինական անհրաժեշտությունից»:
3.2. Պատասխանողն ընդգծում է, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձի աշխատանքային լիազորությունների ժամանակավոր դադարեցման՝ որպես դատավարական հարկադրանքի միջոցի առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող, այնպես էլ առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատելու՝ անձը ներգրավվա՞ծ է հանրային ծառայության մեջ, թե՞ ոչ:
3.3. Պատասխանողը նշում է, որ ըստ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողի վարձատրությունն իրականացվում է նրա նկատմամբ հարուցված քրեական գործով պայմանավորված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա: Այսինքն՝ հատուցում ստանալու իրավունքը վերապահվում է արդարացվածի կարգավիճակ ունեցող անձին: Ընդ որում` տվյալ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով:
3.4. Պատասխանողը գտնում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթներն իրենց իրավակարգավորիչ դերով սահմանադրականության խնդիր չեն առաջացնում, բավարար չափով որոշակի են և հանդիսանում են ոչ միայն սահմանադրական իրավունքների իրացման երաշխիքներ, այլև ապահովում են արդարացի հավասարակշռություն՝ հանրային և մասնավոր օրինական շահերի միջև:
3.5. Պատասխանողը խնդրում է. «Լևոն Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի (մինչև 2021 թվականի մարտի 25-ն ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթների սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.
- քրեական գործի հարուցման փաստի ուժով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը՝ փաստացի ազգային անվտանգության մարմինների ծառայողի պաշտոնավարման կամ նրա լիազորությունների կասեցումը, արդյո՞ք համապատասխանում է Սահմանադրության 49-րդ հոդվածին.
- ազգային անվտանգության մարմինների ծառայողին բացառապես քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստի ուժով կադրերի տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում վարձատրություն ստանալու արգելքն արդյո՞ք համահունչ է Սահմանադրության 49 և 75-րդ հոդվածներին:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
5.1. Սահմանադրության՝ «Հանրային ծառայության անցնելու իրավունքը» վերտառությամբ 49-րդ հոդվածի համաձայն.
«Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»:
Հանրային ծառայության անցնելու իրավունքը՝ որպես ժողովրդավարական իշխանության իրացման յուրօրինակ դրսևորում, մի կողմից՝ իրավական և ժո-ղովրդավարական պետության քաղաքացու՝ պետական կառավարման ոլորտում հանրային ծառայության` օրենքով նախատեսված կարգով և պայմաններով անցնելու հնարավորության ապահովման երաշխիք է: Մյուս կողմից՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ միայն մասնակցում է օրենքով նախանշված կարգով և պայմաններով հանրային իշխանության մարմինների քաղաքականության իրականացմանը, այլև հնարավորություն է ունենում հանրային ծառայության ոլորտում ծավալել աշխատանքային գործունեություն՝ իր մասնագիտական գիտելիքներին և կարողություններին համապատասխան:
Սահմանադրական դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արտահայտած՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի վերաբերյալ դիրքորոշումները զարգացնելով 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշմամբ, գտել է, որ`
«1) հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքին որևէ միջամտություն պետք է իրականացվի ոչ խտրական հիմքերով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, թե ոչ, և անկախ որևէ այլ հանգամանքից, որը օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով չի հանգեցնում նրա պաշտոնավարման իրավունքին իրավաչափ միջամտության.
2) հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքին այնպիսի միջամտությունը, որն ունի առավելագույն կամ բարձր ինտենսիվություն, այն է՝ հանգեցնում է նրա պաշտոնավարման հարկադիր դադարեցման կամ կասեցման, պետք է հիմքում ունենա հստակ, կանխատեսելի և մատչելի կարգավորումներ օրենքի մակարդակում, բացի դրանից, լինի համաչափ.
3) հանրային ծառայությունը կարգավորող օրենքներում չպետք է ամրագրվեն սոսկ քրեական հետապնդման հարուցման փաստով պայմանավորված այնպիսի հավելյալ սահմանափակումներ, որոնք, մի կողմից՝ դուրս են հանրային ծառայության ընդհանուր համակարգի տրամաբանությունից, մյուս կողմից՝ չունեն առարկայական արդարացում հատուկ օրենքում.
4) հաշվի առնելով հանրային ծառայողների առավել մեծ մասի և, ընդհանրապես, որևէ այլ՝ մասնավոր անձի նկատմամբ ինքնին քրեական վարույթ հարուցելու համար իրավական խոչընդոտների նվազ լինելը՝ հանրային ծառայողի պաշտոնավարման նկատմամբ քրեական դատավարության օրենքով չնախատեսված այլ՝ հավելյալ սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես սուբսիդիարության կանոնի համաձայն, այն է՝ եթե քրեադատավարական միջոցների կիրառմամբ հնարավոր չէ հասնել Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված համապատասխան իրավաչափ նպատակի կենսագործմանը (…)»:
5.2. Անդրադառնալով սույն սահմանադրաիրավական վեճին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ թիվ ՎԴ/0676/05/20 վարչական գործի նյութերում առկա Ծառայության տնօրենի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 24-ին տրված համապատասխան հրամանի քաղվածքի՝ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Լևոն Պավլուշաի Հարությունյանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից համարվել է Ծառայության կադրերի վարչության տրամադրության տակ՝ առանց դրամական բավարարման՝ ազատվելով սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնի պետի պաշտոնից (հիմք՝ Ծառայության քննչական վարչության պետ գնդապետ Մ. Մարուքյանի 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 8/5798 գրություն):
Վերոհիշյալ գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58217215 քրեական գործով 2015 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալվել է Ծառայության սահմանապահ զորքերի համապատասխան զորամասի հրամանատար՝ փոխգնդապետ Լևոն Պավլուշաի Հարությունյանը: 2015 թվականի դեկտեմբերի 17-ին Դիմողին մեղադրանք է առաջադրվել, և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 2018 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Դիմողի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:
5.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայության անցնելու` քաղաքացու իրավունքի իրականացման ոլորտը` հանրային ծառայության ընդհանուր համակարգը, դրա տարբեր բաղադրիչների առանձնահատկություններով պայմանավորված տարաբնույթ կարգավորումների ենթակա իրավահարաբերությունների համախումբ է, որտեղ, հանրային ծառայության հարաբերությունները կարգավորող ընդհանուր կանոններից բացի, օրենսդրին վերապահված է նաև հատուկ ոլորտային առանձնահատկությունների առումով հատուկ կարգավորումներ նախատեսելու իրավասությունը։
Սույն գործով վիճարկվող նորմերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավական կարգավիճակը կանոնակարգող հատուկ ոլորտային իրավական ակտով՝ Օրենքով, որի ընդունմամբ օրենսդրի նպատակները նախորոշված են ազգային անվտանգության մարմինների հատուկ գործառույթների և դրանց ծառայողների կողմից իրականացվող հանրային իշխանական լիազորությունների բնույթով։
Մասնավորապես` Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթի ուժով ազգային անվտանգության մարմինների ծառայողն ինքնաշխատ կերպով անցնում է Ծառայության կադրերի տրամադրության տակ՝ փաստացի իր պաշտոնավարման կասեցման հետևանքային ազդեցությամբ։
Մինչև Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված իրավադրույթի սահմանադրաչափության պայմանների ստուգումը Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ, պայմանավորված ազգային անվտանգության մարմինների գործառույթներով, նրանց կողմից լուծման ենթակա խնդիրների առանձնահատկություններով, այդ մարմինների գործունեության ոլորտներում համապատասխան ծառայողներից պահանջվող՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հատուկ և անվերապահ հավատարմությամբ, ինչպես նաև նրանց վերապահված իրավասությունների հատուկ բնույթով, Հայաստանի Հանրապետության և ազգային անվտանգության մարմինների ծառայողի փոխհարաբերությունները որակվում են որպես «հատուկ վստահությամբ և հավատարմությամբ փոխկապակցված» հարաբերություններ։ Այս իրավահարաբերությունները ազգային անվտանգության մարմինների ծառայողին պետության կողմից ցուցաբերված հատուկ վստահության և, փոխադարձաբար պահանջվող, ազգային անվտանգության մարմինների ծառայողից Հայաստանի Հանրապետության նկատմամբ հատուկ հավատարմության հարաբերություններ են։
Քննարկվող իրավահարաբերությունների վերը նշված հատուկ բնույթը հաշվի առնելով` Սահմանադրական դատարանը նկատում է, որ, ի տարբերություն հանրային ծառայության այլ ոլորտների կարգավորմանն ուղղված նորմերի, ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքի սահմանափակումների և այդ իրավունքին սահմանադրաչափ միջամտության դեպքում օրենսդրի հայեցողական իրավասությանը վերապահված միջակայքն ավելի ընդարձակ է։ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խիստ սահմանափակում նախատեսելը օրենսդրի իրավասության տիրույթում է այն սահմանադրաչափ նպատակներով, որոնցից են (չսահմանափակվելով միայն թվարկածով)` (1) ազգային անվտանգության մարմինների ծառայողի կողմից իր պաշտոնեական լիազորությունները քրեական գործով իրեն պաշտպանելու նպատակով գործադրելու հնարավորությունը բացառելը, (2) ազգային անվտանգության մարմինների հեղինակությունը պաշտպանելը՝ դրանց՝ քրեական հետապնդման ենթակա ծառայողին պաշտոնեական լիազորությունների կատարումից հեռու պահելով, (3) ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի բերումով նրա նկատմամբ նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հարցում Ծառայության համակարգից դուրս ազդեցությունը բացառելը։ Հետևաբար` Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված` հանրային ծառայության անցնելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի իրավունքի` Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանափակման նպատակները, հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանափակման ընդհանուր նպատակներից իրենց տարբերությամբ հանդերձ, համահունչ են Սահմանադրությանը։
Անդրադառնալով ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված` հանրային ծառայության անցնելու իրավունքի՝ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակման՝ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին համապատասխանության հարցին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող նորմով փաստացի կասեցվում են ազգային անվտանգության մարմինների ծառայողի լիազորությունները, ինչը նրա` հանրային ծառայության պաշտոնում պաշտոնավարման սահմանափակման առումով օրենսդրի՝ վերը նշված սահմանադրաչափ նպատակների բավարարման համար չի կարող համարվել ոչ համաչափ միջամտություն, քանի որ այդ նպատակների բավարարման հնարավոր միջոցը հենց ազգային անվտանգության մարմինների ծառայողի լիազորությունների փաստացի կասեցումն է։
Այդուհանդերձ, ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված` հանրային ծառայության անցնելու իրավունքի՝ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակման՝ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին համապատասխանությունը բովանդակում է նաև տվյալ ծառայողի համար կիրառված սահմանափակմամբ նրա վրա դրվող անհատական բեռի և հետապնդվող հանրային շահի հավասարակշռության ապահովման պահանջ։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «հատուկ վստահությամբ և հավատարմությամբ փոխկապակցված» իրավահարաբերություններում ազգային անվտանգության մարմինների ծառայողի` հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքի սահմանափակման կամ դրան այլ միջամտությունների համար հանրային իշխանության ունեցած ընդարձակ հայեցողական միջակայքը Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափությամբ հակակշռելու առաջնային միջոցը այս բնույթի իրավահարաբերությունների սուբյեկտ հանդիսացող անհատների սոցիալական գործուն, կայուն և պետության կողմից նրանց նկատմամբ ունեցած «հատուկ վստահությանը» համահունչ երաշխիք է, որին առնչվում է սույն գործով Դիմողին վերաբերելի մասով՝ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ առկա չէ սույն սահմանադրական վեճի շրջանակում Դիմողի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստի հիմքով նրան կադրերի տրամադրության տակ թողնելու միջոցով նրա պաշտոնեական լիազորությունների փաստացի կասեցման նպատակի և Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով դրամական բավարարում տրամադրելու պահանջի բացակայության առումով նույն իրավական դրույթի` Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության վեճ։
Նման պայմաններում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, նախևառաջ, անդրադառնալ քրեական գործ հարուցված լինելու հիմքով ազգային անվտանգության մարմինների ծառայողի լիազորությունները կասեցնելու սահմանադրականության հարցին՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի երաշխավորման համատեքստում՝ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման կազմակերպական կառուցակարգերին և ընթացակարգերին համապատասխանության լույսի ներքո:
5.4. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Սահմանադրական դատարանի դիտարկմամբ՝ մարդու հիմնական իրավունքները և ազատությունները երևութական բնույթ կկրեին, եթե ապահովված չլինեին դրանց արդյունավետ իրականացման համար կազմակերպական կառուցակարգերով և ընթացակարգերով:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է վերոնշյալ կարգավորման բովանդակության բացահայտմանը՝ արտահայտելով, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.
1) «Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Հետևաբար, այս տեսանկյունից Սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքի իրացման կարգի օրենքով նախատեսման փաստը սոսկ, այլև նման կարգի արդյունավետությունը, այսինքն՝ օրենքի նորմերում բովանդակվող իրավակարգավորիչ այնպիսի միջոցների, ձևերի առկայությունը և դրանց գործադրման հնարավորությունը, որոնք կերաշխավորեն սահմանադրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը՝ կոնկրետ դեպքում հաշվի առնելով նաև Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածների պահանջները» (ՍԴՈ-1420),
2) «Ընդ որում՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությունից անմիջականորեն բխում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ օրենքով սահմանելու իրավունքի պաշտպանությանը միտված իրավական այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն անկախ, անաչառ և մատչելի արդարադատության միջոցով անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ, արդար պաշտպանություն՝ ինչպես գործի ըստ էության քննության, այնպես էլ դատական ակտերի հետագա բողոքարկման շրջանակներում» (ՍԴՈ-1420),
3) «(...) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցան- կացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը» (ՍԴՈ-1546),
4) «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (ՍԴՈ-1571),
5) «(...) Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Սահմանադրության վերոնշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ և իրական կենսագործմանը, քանի որ իրավունքի կամ ազատության միայն ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար, ուստի համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու հարցում» (ՍԴՈ-1618):
Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված` հանրային ծառայության անցնելու իրավունքի հետ կապված մանրամասների սահմանումը վերապահելով օրենսդրին՝ Սահմանադիրը վերջինիս պարտավորեցրել է Սահմանադրության 75-րդ հոդվածում բովանդակված պահանջով, այն է` սահմանել սույն սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների ուժով ազգային անվտանգության մարմինների ծառայողը, քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու ուժով փաստացի գտնվելով Ծառայության կադրերի տրամադրության տակ (օրենքի իմաստով շարունակելով համարվել ազգային անվտանգության մարմինների ծառայող), զրկվում է՝
1) ծառայության համար համարժեք վարձատրությունից,
2) վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, կատարելու հնարավորությունից, որպիսի պայմաններում ազգային անվտանգության մարմինների ծառայողն օրենսդրական կարգավորումների արդյունքում հնարավորություն չի ունենում հոգալու նյութական և սոցիալական նվազագույն պահանջմունքները՝ ապահովելով իր և իր ընտանիքի կենսապահովման նվազագույն կարիքների բավարարումը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով օրենսդիրն ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում որպես վարձատրության տրամադրման արգելք դիտում է սոսկ ծառայողի նկատմամբ քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստը:
Արդյունքում, կրելով ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար նախատեսված իրավական սահմանափակումների ողջ բեռը` ազգային անվտանգության մարմինների ծառայողը վիճարկվող դրույթի ուժով չի կարող ստանալ որևէ տեսակի դրամական բավարարում կամ այլ եկամուտ (բացառությամբ օրենքով թույլատրելի վճարովի աշխատանքի)։ Միաժամանակ, նման սահմանափակման տևողությունն այնքանով, որքանով պայմանավորված է համապատասխան քրեական գործի տևողությամբ, չունի ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար իր իրավական վիճակի «տևողության» հարցում որոշակիություն, ինչը, համադրվելով նրա ապրուստի միջոցի սահմանափակման հանգամանքի հետ, չի կարող համարվել ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված` հանրային ծառայության անցնելու իրավունքին միջամտություն՝ համաչափության սկզբունքին համապատասխան։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում վերջինիս վարձատրության (դրամական ապահովման) իրավունքի երաշխավորումը հանրային իշխանության մարմինների պարտականությունն է:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` կադրերի տրամադրության տակ հայտնված ազգային անվտանգության մարմինների ծառայողի համապատասխան դրամական բավարարման չափի և վճարման կարգի պայմանների որոշման հարցը վերապահված է օրենսդրի հայեցողությանը` պայմանով, որ օրենսդրի հայեցողությունը չի կարող հանգեցնել ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ կադրերի տակ գտնվելու ժամանակահատվածում ապրուստի համար անհրաժեշտ եկամտի բացակայության կամ դրամական բավարարման այնպիսի պայմաններով կամ կարգով վճարման, որը կարող է հանգեցնել հանրային ծառայողի համար նախատեսված սոցիալական երաշխիքների՝ տվյալ ժամանակահատվածում առարկայական ազդեցության բացակայության (օրինակ՝ նախատեսված դրամական բավարարման գումարի վճարումն այնպիսի կարգով, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին պարբերական վճարումների փոխարեն համապատասխան բավարարումը վճարվի կադրերի տրամադրության տակ գտնվելու ողջ ընթացքի համար հետագայում՝ միանվագ, սակայն ոչ՝ ապրուստի միջոցի համար բնականորեն նախատեսված պարբերականությամբ)։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրային իշխանության մարմինները պետք է առաջնորդվեն սահմանադրաիրավական կարգավորումներին համահունչ այն տրամաբանությամբ, որ հանրային ծառայության անցնելու իրավունքին որևէ միջամտություն չի կարող փաստացի հանգեցնել հանրային ծառայության դիմաց վարձատրություն կամ ողջամիտ դրամական ապահովում ստանալու անհնարինության:
Ուսումնասիրելով սույն գործի նյութերը և դրանք համադրելով վիճարկվող կարգավորումների հետ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին՝ բացառապես քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստի ուժով կադրերի տրամադրության տակ թողնելը՝ առանց որևէ դրամական ապահովման, մինչև տվյալ գործով վերջնական որոշումը, համահունչ չէ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված` հանրային ծառայության անցնելու իրավունքին, քանզի օրենսդրական կարգավորումները չեն բավարարում Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված` հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու` Սահմանադրի պահանջը՝ հանգեցնելով ազգային անվտանգության մարմինների ծառայողի` հանրային ծառայության անցնելու իրավունքին անհամաչափ միջամտության:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) այնքանով, որքանով ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զրկվում է դրամական ապահովում ստանալու հնարավորությունից, ճանաչել Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
21 նոյեմբերի 2023 թվականի ՍԴՈ-1704 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|