Գլխավոր տեղեկություն
Համար
N 1529-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.18/8(1097) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1529-Ն

 

 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) պոլիկլինիկական հաստատությունների օրինակելի մոդելները` համաձայն N 1 հավելվածի:

2) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.23 N 1971-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.23 N 1971-Ն)

(1-ին կետը փոփ. 17.11.23 N 1971-Ն)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, անհրաժեշտության դեպքում, ապահովել սույն որոշումից բխող համապատասխան կառուցվածքային և կազմակերպական փոփոխությունների կատարումը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Երևան քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում, այդ թվում՝ բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկական հաստատություններում: Առաջարկվող կառուցվածքային և կազմակերպական փոփոխությունները կատարել տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի համար նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև 2016 թվականի հունվարի 10-ը՝

1) Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մինչև 10.000 բնակչություն սպասարկող պոլիկլինիկաները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով համապատասխանաբար 10.000 և ավելի բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին և նրանց գործունեությունը կազմակերպել որպես առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ 10.000 և ավելի բնակչության սպասարկող պոլիկլինիկաների մասնաճյուղերի կարգավիճակով (այսուհետ` մասնաճյուղ).

2) նեղ մասնագիտական խորհրդատվությունը կազմակերպել մասնաճյուղում: Անհրաժեշտության դեպքում, նեղ մասնագիտական խորհրդատվությունը կազմակերպել նաև առողջության առաջնային պահպանման բժշկի ուղեգրմամբ` այն բժշկական հաստատություններում, որոնց հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 30
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման

 

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Քաղաքային վայրերում բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն իրականացվում է պոլիկլինիկական հաստատությունների կողմից, որոնք սպասարկում են 10.000 և ավելի բնակչություն` ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մարզերում (ընդ որում, այդ թիվը Հայաստանի Հանրապետության մարզերում գործող պոլիկլինիկաներում ներառում է նեղ մասնագիտական և դիսպանսերային ծառայությունների կողմից սպասարկվող գյուղական բնակչությանը):

2. Պոլիկլինիկական հաստատությունն իր կառուցվածքում պետք է ունենա նվազագույնը հետևյալ ստորաբաժանումները`

1) վարչական մաս.

2) բուժական մաս, որի կազմում գործում են` առողջության առաջնային պահպանման բաժին (ընտանեկան բժշկի, ընդհանուր պրակտիկայի թերապևտի և ընդհանուր պրակտիկայի մանկաբույժի կողմից մատուցվող ծառայություններ) և նեղ մասնագիտական խորհրդատվական բաժին (վիրաբուժական/ վնասվածքաբանական, ակնաբուժական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական), ինչպես նաև դիսպանսերային (շարունակական հսկողություն իրականացնող) մասնագիտական կաբինետները, մեծահասակների և երեխաների համար (վարակաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական, մաշկավեներաբանական, անհրաժեշտության կամ առանձին դեպքերում նաև հոգեբուժական/նարկոլոգիական, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ): Բոլոր այն դեպքերում, երբ առողջության առաջնային պահպանման բաժինը ձևավորվում է միայն ընտանեկան բժիշկներից, որոնք հավաքագրում են նաև մանկական ազգաբնակչություն, նեղ մասնագիտական բաժինը ներառում է նաև մանկաբույժի (3 ընտանեկան բժշկին 1 մանկաբույժ հաշվարկով).

3) իմունականխարգելման կաբինետ՝ երեխաների և մեծահասակների համար.

4) ախտորոշման բաժին, որը ներառում է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ և օժանդակ ծառայությունները.

5) կանանց կոնսուլտացիա, որը ձևավորվում է հետևյալ սկզբունքով` Երևանում, Գյումրիում և Վանաձորում 18 և բարձր տարիքի իգական սեռի 3300 անձանց համար 1 մանկաբարձ-գինեկոլոգ, իսկ Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերում 18 և բարձր տարիքի իգական սեռի 3700 անձանց համար` 1 մանկաբարձ-գինեկոլոգ հաշվարկով (բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տարածքի կանանց մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը ցուցաբերվում է ծննդատան կամ այլ բժշկական կազմակերպության կազմում, որտեղ գործում է կանանց կոնսուլտացիա): Այդ դեպքում պոլիկլինիկան պարտավոր է ունենալ գինեկոլոգիական կաբինետ.

6) մատենավարման բաժին.

7) բժշկական վիճակագրության բաժին.

8) միջամտությունների կաբինետ.

9) ախտահանման կաբինետ:

 

II. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Երևան քաղաքի այն պոլիկլինիկական հաստատությունները (խառը, մանկական, մեծահասակների), որոնք սպասարկում են 10 000-25 000 բնակչություն, որակվում են որպես փոքր պոլիկլինիկաներ: Փոքր պոլիկլինիկաների կառուցվածքը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված բոլոր ծառայությունները և ստորաբաժանումները:

4. Երևան քաղաքի այն փոքր պոլիկլինիկաները, որոնք սպասարկում են միայն մանկական բնակչություն՝

1) կարող են իրականացնել նեղ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ՝ խառը պոլիկլինիկաների կողմից սպասարկվող երեխաների համար.

2) պետք է ունենան վերականգնողական բուժման բաժանմունք.

3) կարող են ծավալել նաև շուրջօրյա հսկողություն չպահանջող ցերեկային ստացիոնար բաժին` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

5. Երևան քաղաքի այն պոլիկլինիկական հաստատությունները (խառը, մանկական, մեծահասակների), որոնք սպասարկում են 25.000-45.000 բնակչություն, որակվում են որպես միջին պոլիկլինիկաներ: Միջին պոլիկլինիկաների կառուցվածքը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված բոլոր ծառայությունները և ստորաբաժանումները, ինչպես նաև վերականգնողական բուժման կաբինետը:

6. Երևան քաղաքի այն պոլիկլինիկական հաստատությունները (խառը, մանկական, մեծահասակների), որոնք սպասարկում են 45.000-ից ավելի բնակչություն, որակվում են որպես խոշոր պոլիկլինիկաներ: Խոշոր պոլիկլինիկաների կառուցվածքը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված բոլոր ծառայությունները և ստորաբաժանումները, ինչպես նաև այլ նեղ մասնագիտական բժշկական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններ (օրինակ` ուրոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական, ալերգոլոգիական և այլն), վերականգնողական բուժման բաժանմունք, որի նպատակն է իրականացնել հետհիվանդանոցային վերականգնողական բուժում (մեծահասակների և երեխաների), ինչպես իր սպասարկման տարածքի, այնպես և այլ պոլիկլինիկաների ուղեգրմամբ` պայմանագրային հիմունքներով:

7. Խոշոր պոլիկլինիկաներում կարող է ծավալվել նաև շուրջօրյա հսկողություն չպահանջող ցերեկային ստացիոնար բաժին` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Հայաստանի Հանրապետության մարզերի այն պոլիկլինիկական հաստատությունները (խառը, մանկական, մեծահասակների), որոնք սպասարկում են 10000-25000 բնակչություն, որակվում են որպես փոքր պոլիկլինիկաներ: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության մարզերի` մինչև 10 000 բնակչություն ունեցող քաղաքային պոլիկլինիկաներն իրականացնում են նաև տարածաշրջանի գյուղական համայնքների բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդպիսով փաստացի գերազանցելով 10 000 բնակչությունը, դրանք ևս որակվում են որպես փոքր պոլիկլինիկաներ: Այդ պոլիկլինիկաների կառուցվածքը (ինչպես ինքնուրույն, այնպես և բժշկական կենտրոնի կազմում գործող) ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված բոլոր ծառայությունները և ստորաբաժանումները:

9. Հայաստանի Հանրապետության մարզերի այն քաղաքային պոլիկլինիկական հաստատությունները (խառը, մանկական, մեծահասակների), որոնք սպասարկում են 25.000-45.000 բնակչություն, որակվում են որպես միջին պոլիկլինիկաներ: Միջին պոլիկլինիկաների կառուցվածքը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված բոլոր ծառայությունները և ստորաբաժանումները, ինչպես նաև վերականգնողական բուժման կաբինետը:

10. Հայաստանի Հանրապետության մարզերի մարզկենտրոնների բժշկական կենտրոնների (միավորում) կառուցվածքում գործող պոլիկլինիկական հաստատությունները (խառը, մանկական, մեծահասակների), անկախ սպասարկող բնակչության թվից, իրականացնում են խոշոր պոլիկլինիկաներին բնորոշ գործառույթներ` տարածաշրջանի բնակչության բնականոն բժշկական օգնության և սպասարկման ապահովման նպատակով, և որակվում են որպես բժշկական կենտրոնի (միավորում) պոլիկլինիկա: Բժշկական կենտրոնի (միավորում) պոլիկլինիկաների կառուցվածքը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ և 7-րդ կետով սահմանված բոլոր ծառայությունները և ստորաբաժանումները:

11. Հայաստանի Հանրապետության այն մարզերում, որտեղ մարզկենտրոնների պոլիկլինիկաները գործում են ինքնուրույն իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ մարզային նշանակության բժշկական կենտրոններն իրենց կառուցվածքում պոլիկլինիկական ծառայություն չունեն, խոշոր պոլիկլինիկաներին բնորոշ գործառույթների իրականացման լիազորությունը, Հայաստանի Հանրապետության տվյալ մարզպետի որոշմամբ, դրվում է առավել բարվոք շենքային պայմաններ ունեցող, սարքավորումներով հագեցած և մասնագիտական ներուժով ապահովված պոլիկլինիկայի վրա: Այդ պոլիկլինիկաների կառուցվածքը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ և 7-րդ կետով սահմանված բոլոր ծառայությունները և ստորաբաժանումները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշման

 

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹՎԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 17.11.23 N 1971-Ն)