Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ2/0002/01/19

Նախագահող դատավոր՝

 Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

 Ն. Հովակիմյան

 Կ. Մարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ս. Օհանյանի

27 սեպտեմբերի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Նարինե Լևոնի Սիրեկանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ վերջինիս վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է թիվ 20199318 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նույն մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Կարինե Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող։

2018 թվականի սեպտեմբերի 28-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Նարինե Սիրեկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2019 թվականի հունվարի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ն.Սիրեկանյանի գույքի վրա 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամի չափով կալանք է դրվել:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 15-ի դատավճռով Նարինե Սիրեկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Ն.Սիրեկանյանն ազատվել է նշանակված պատժից։

Նույն դատավճռով քաղաքացիական հայցը լրիվ բավարարվել է, և վճռվել է Ն.Սիրեկանյանից հօգուտ տուժող Կ.Հովհաննիսյանի բռնագանձել 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Ն.Սիրեկանյանի անվամբ հաշվառված անշարժ գույքի վրա դրված կալանքը պահպանվել է՝ մինչև քաղաքացիական հայցով պահանջի վերջնական կատարումը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունվարի 19-ի որոշմամբ տուժող Կ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը բեկանել է և Ն.Սիրեկանյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։

Դատավճիռը մնացած մասերով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ն.Սիրեկանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբեր Ն.Սիրեկանյանի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը, իր նկատմամբ նշանակված պատիժը խստացնելով, նշանակել է ոչ արդարացի և իր անձին ու կատարված արարքին անհամաչափ պատիժ։

Մասնավորապես, ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը մատնանշել է գործում առկա մեղմացնող հանգամանքները՝ մեղքն ընդունելը և զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը, խնամքին անչափահաս երեխա ունենալը։ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ամուսնալուծված է, ընտանիքի միակ կերակրողն է, աշխատում է որպես բուժքույր, մայրը վատառողջ է ու գտնվում է իր խնամքին, անչափահաս որդին հաճախում է դպրոց և նույնպես ունի իր ամենօրյա խնամքի կարիքը։

Բողոք բերած անձը նշել է նաև, որ երբևէ չի հրաժարվել հատուցել հանցագործությամբ պատճառված վնասը, այլ լինելով ընտանիքի միակ աշխատողն ու կերակրողը՝ հնարավորություն չի ունեցել։ Միևնույն ժամանակ նշել է, որ իրեն՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող թվով 5 անշարժ գույքերի մասնաբաժինների վրա դրված է կալանք, ուստի դրանց իրացման արդյունքում տուժողին պատճառված վնասը վերականգնվելու է։

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 15-ի դատավճռին կամ իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Տուժող Կ.Հովհաննիսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ներկայացված բողոքում մատնանշված՝ ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի անձը բնութագրող տվյալներն ու մեղմացնող հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից արժանացել են պատշաճ իրավական գնահատականի, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ։

Տուժողը գտել է նաև, որ բացակայում են Ն.Սիրեկանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը։

Վերոգրյալի հիման վրա, տուժող Կ.Հովհաննիսյանը խնդրել է վարույթ չընդունել կամ մերժել ներկայացված բողոքը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Նարինե Սիրեկանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղավոր է ճանաչվել այն արարքի կատարման համար, որ. «[Նա], Կարինե Հովհաննիսյանին ներկայանալով որպես Արտեմ Ադամյան տվյալներով անձ և Կարինե Հովհաննիսյանի մոտ ստեղծելով նրա հետ ամուսնանալու մտադրության վերաբերյալ թյուր կարծիք, համացանցի «համադասարանցիներ» ինտերնետային կայքում «Արտեմ Ադամյան» տվյալներով ստեղծված կայքէջով հաղորդագրությունների, ինչպես նաև «ՍՄՍ» հաղորդագրությունների միջոցով Կարինե Աշոտի Հովհաննիսյանին տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով, շահադիտական նպատակով, պահանջել և 2015 թվականի մարտ ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Կարինե Հովհաննիսյանից մաս-մաս, միասնական դիտավորությամբ, ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.000.000 ՀՀ դրամ գումար»2:

9. Անդրադառնալով Ն.Սիրեկանյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Որպես ամբաստանյալ Նարինե Սիրեկանյանի անձը բնութագրող հանգամանքներ՝ Դատարանը հաշվի է առնում այն, որ նա կին է, ամուսնալուծված է, աշխատում է և միայնակ հոգում է ընտանիքի ապրուստը, պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ հատուցել հանցագործությամբ պատճառված վնասը, ինչպես նաև ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի՝ նախկինում դատված չի եղել:

Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, որպես ամբաստանյալ Նարինե Սիրեկանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երեխայի՝ 2007 թվականի սեպտեմբերի 19-ին ծնված Գոռ Արտակի Սիրեկանյանի առկայությունը:

Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես ամբաստանյալ Նարինե Սիրեկանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը և խոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նաև նրա խնամքին վատառողջ մոր առկայությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված՝ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք քրեական գործում առկա չէ։ (...)

Գնահատելով ամբաստանյալ Նարինե Սիրեկանյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ Դատարանն արձանագրում է, որ թեև տուժող Կարինե Հովհաննիսյանից ամբաստանյալ Նարինե Սիրեկանյանը խարդախությամբ հափշտակել է 7.000.000 ՀՀ դրամ գումար, այդուհանդերձ վերջինս պատրաստակամություն է հայտնել հատուցել տուժողին պատճառված գույքային վնասը, որպիսի պատճառաբանությամբ Դատարանն արձանագրում է ամբաստանյալ Նարինե Սիրեկանյանին մեղսագրվող արարքն օժտված է նվազ հանրային վտանգավորությամբ (...)»3։

10. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ազատազրկման ձևով նվազագույն պատժաչափ նշանակելիս` հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում պատշաճ վերլուծության չի արժանացրել.

ա/ հանցագործությամբ պատճառված վնասի չափը` մասնավորապես այն, որ Ն.Սիրեկանյանի կողմից կատարվել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի արդյունքում տուժող Կ.Հովհաննիսյանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.000.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս, որն ավելի քան երկու անգամ գերազանցում է հափշտակությունների համար նախատեսված առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմը /ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը/,

բ/ հանցագործությամբ պատճառված վնասն ընդհանրապես հատուցված չլինելը, մասնավորապես տուժող Կ.Հովհաննիսյանն ինչպես իր վերաքննիչ բողոքում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հայտնել է, որ ամբաստանյալի կողմից խաբեությամբ իրեն պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ 7.000.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնասն ընդհանրապես չի վերականգնվել, իսկ ինչ վերաբերում է Ն.Սիրեկանյանի խոստումներին, որ պատճառված վնասը կհատուցի, ապա վերջինս այդ ուղղությամբ ոչինչ չի արել։ (...)

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի խնամքին վատառողջ մոր առկայությունը որպես վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելուն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ ամբաստանյալ ՆՍիրեկանյանի մայրը գտնվում է վերջինիս խնամքին։ (...)

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշման կապակցությամբ, որ ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի կողմից հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու պատրաստակամությունը նվազեցնում է նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը։ Վնասը հատուցելու պատրաստակամությունը չի կարող նվազեցնել արարքի հանրային վտանգավորությունը, եթե գործի քննության ողջ ընթացքում մեղավոր անձի կողմից հանցագործությամբ պատճառված նյութական վնասը հատուցելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվել։

Հատկանշական է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացումից, այն է՝ 15.01.2021թ.-ից մինչև Վերաքննիչ դատարանի կողմից սույն որոշման կայացումը անցել է ավելի քան մեկ տարի, ընդ որում Վերաքննիչ դատարանում դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են հենց այն պատճառով, որ ամբաստանյալը պատրաստակամություն է հայտնել հատուցել տուժողին պատճառված նյութական վնասը, սակայն այդպես էլ որևէ փոխհատուցում չի կատարվել։ (...)

Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այն ընդհանրապես վերականգնված չլինելը վկայում են հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին, ինչն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի չի առնվել և որևէ գնահատականի չի արժանացել, մինչդեռ, գույքային բնույթի հանցագործություններում արարքի վտանգավորության վրա ազդող վերոնշյալ գործոնները իրենց բնույթով հիմնական են և կարևոր, որպիսիք յուրաքանչյուր դեպքում պատիժ նշանակելիս պետք է համարժեք գնահատականի արժանանան։ (...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, ինչը հիմք է դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու, ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատիժը խստացնելու համար` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով (...)»4։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»։

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»։

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով (...)»։

Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս, դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի5, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից6։

13. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»։

13.1. Վերոգրյալ նորմը մեկնաբանելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված քրեաիրավական նորմերի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը Նարեկ Սարգսյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Վ]երաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետևյալ դեպքերում.

1) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները,

2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանք(ներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման։

(...) [Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված։ Այլ կերպ ասած՝ պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ սկզբունքները չեն պահպանվել, հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել և արդյոք այդ հանգամանքները հաշվի չառնելն է հանգեցրել անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման։ Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պետք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խստության կամ մեղմության ակնհայտությունը»7։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Սիրեկանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղավոր է ճանաչվել այն արարքի կատարման համար, որ նա, համացանցի միջոցով Կարինե Հովհաննիսյանին ներկայանալով որպես «Արտեմ Ադամյան» տվյալներով անձ և վերջինիս մոտ ստեղծելով նրա հետ ամուսնանալու մտադրության վերաբերյալ թյուր կարծիք, տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով, շահադիտական նպատակով վերջինիցս պահանջել և 2015 թվականի մարտ ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է տարբեր չափերի գումարներ՝ նրան խաբեությամբ պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 7.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս8:

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի կատարած հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները՝ պատիժ նշանակելու պահին խնամքին մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը, մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը և խոստովանական ցուցմունքներ տալը, խնամքին վատառողջ մոր առկայությունը, որոշել է Ն.Սիրեկանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ չորս տարի ժամկետով9:

Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակել է անձին և վերջինիս արարքին անհամաչափ՝ ակնհայտ մեղմ պատիժ։ Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգել՝ հաշվի առնելով Ն.Սիրեկանյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը, մասնավորապես՝ պատճառված վնասի չափը և այն հատուցված չլինելու հանգամանքը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ ամբաստանյալի կողմից պատճառված վնասի հատուցման պատրաստակամությունը նվազեցնում է կատարված արարքի հանրային վտանգավորությունը10։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ։

Այսպես, Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի հիմնավորել դրա մեղմության ակնհայտությունը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացնելիս, պատշաճ գնահատման չի ենթարկել վերջինիս անձը բնութագրող տվյալները, գործում առկա մեղմացնող հանգամանքներն ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ն.Սիրեկանյանը կին է, նախկինում դատապարտված չի եղել, ամուսնալուծված է և միայնակ հոգում է ընտանիքի ապրուստը, խնամքին է գտնվում անչափահաս երեխան, մեղքն ընդունել և զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ11:

15.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ «(․․․) սույն գործով հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այն ընդհանրապես վերականգնված չլինելը վկայում են հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին, ինչն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի չի առնվել և որևէ գնահատականի չի արժանացել», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս անդրադարձել և գնահատման է արժանացրել ինչպես պատճառված վնասի չափը, այնպես էլ հատուցած չլինելու պայմաններում վերջինիս կողմից նման պատրաստակամություն հայտնելը։ Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ թեև Վերաքննիչ դատարանն իրավացիորեն նշել է, որ վնասը հատուցելու պատրաստակամությունը չի կարող նվազեցնել կատարված արարքի հանրային վտանգավորությունը, սակայն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը խստացնելիս հաշվի չի առել վնասը հատուցելու հնարավորության իրական լինելը՝ այն, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով Ն.Սիրեկանյանի գույքի վրա 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամի չափով կալանք է դրված։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով հափշտակությունների՝ կոնկրետ դեպքում խարդախության, չափերը ենթարկվել են փոփոխությունների, ինչի արդյունքում ամբաստանյալի հանցավոր արարքի կատարման արդյունքում տուժողին պատճառված վնասի չափն առավել մոտ է դարձել հափշտակությունների համար նախատեսված առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմին (նոր օրենսգրքով առանձնապես խոշոր չափը սկսվում է 5 միլիոն դրամից՝ նախկին 3 միլիոն դրամի փոխարեն):

Ուստի, հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից, ամբաստանյալ Ն.Սիրեկանյանի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն։

16. Ամփոփելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի պահանջների խախտում։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 399-րդ հոդվածներով նախատեսված՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ամբաստանյալի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 15-ի դատավճռին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Նարինե Լևոնի Սիրեկանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հունվարի 19-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունվարի 15-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 52-67:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 52-67:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 125-134:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 24-րդ կետը:

8 Տես սույն որոշման 8-րդ կետը:

9 Տես սույն որոշման 9-րդ կետը:

10 Տես սույն որոշման 10-րդ կետը։

11 Տես սույն որոշման 9-րդ կետը

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: