ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «17» մայիսի 1995 թ.Հ.Ն-1167-I
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքով սահմանվում է ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներին սնանկ (անվճարունակ) պարտապան հայտարարելու, նրանց հնարավոր սնանկացումը (անվճարունակությունը) կանխարգելելու, անվճարունակ պարտապանին վերակազմավորելու և (կամ) դրանց գույքն իրացնելու կարգը:
Օրենքի նպատակն է`
հնարավոր առավելագույն չափով բավարարել պարտատերերի օրինական պահանջները,
հնարավորություն ստեղծել պարտապանի և պարտատիրոջ միջև համաձայնության պայմանագրերի կնքման համար` պարտապանի վերակազմավորման, ֆինանսական դրության առողջացման և հաշտության գործարքի կնքման միջոցով,
սնանկ ճանաչված պարտապանին ազատել այն պարտքերի վճարումից, որոնց կատարման համար հնարավորություններ չկան,
պարտապանին հնարավորություն տալ պահպանելու ձեռնարկությունը և դրա անխափան գործունեությունը, իսկ անհնարինության դեպքում` վերակազմավորել ձեռնարկությունը, իսկ պարտատիրոջը` առավելագույնս պաշտպանել իր օրինական շահերը:
Սույն օրենքը`
իրավական հիմք է ստեղծում անվճարունակ ձեռնարկությունների հարկադրական լուծարքի կամ վերակազմավորման համար, եթե դրանց ֆինանսական դրության առողջացումը տնտեսապես նպատակահարմար չէ կամ դրական արդյունքներ չի տվել, ինչպես նաև անհատ ձեռներեցների գործունեության հարկադրական դադարեցման համար
սահմանում է նաև սնանկացման կամ հնարավոր սնանկացման կանխարգելման արտադատարանային որոշում ընդունելու կարգը, որը կատարվում է միասնական դատավարական գործողությունների շրջանակներում` պարտապանի և պարտատիրոջ միջև հաշտության համաձայնություն ձեռք բերելու նպատակով.
սահմանում է այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն սնանկացման մասին որոշում ընդունող դատարանը և գործին մասնակցող անձինք:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին օրենսդրությունը
Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման վերաբերյալ ընթացակարգը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, քաղաքացիական դատավարության օրենսգրքերով, «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 2.
Օրենքի գործողության սահմանները
Սույն օրենքի գործողությունը տարածվում է պարտապան հանդիսացող և «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների վրա:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պարտապան հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների, բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների, հասարակական, հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների վրա:
Հոդված 3.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Պարտավորություններ են համարվում ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների գույքային պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության պետական և տեղական բյուջեների, իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի, անհատ ձեռներեցների, ֆիզիկական այլ անձանց նկատմամբ:
Գույքային պարտավորությունները օրինական են ճանաչվում, եթե ձևակերպված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե պարտատերը միջազգային կազմակերպություն է, ապա վերջինիս գույքային պարտավորությունները օրինական են ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
2. Պարտապան են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության սեփականատերերը (մասնակիցները), որոնք ի վիճակի չեն կամ հրաժարվում են ժամանակին կատարել պարտատիրոջ հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները:
3.Պարտատեր են համարվում Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների այն ֆիզիկական անձինք, անհատ ձեռներեցները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերը (մասնակիցները), իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, որոնք պարտապանի հանդեպ օրինական պահանջներ ունեն:
Մրցութային պարտատեր է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի գրավառու հանդիսացող պարտատերը:
4. Սնանկացման (անվճարունակ) վիճակ է համարվում պարտատերերի հանդեպ պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետը լրանալուց հետո երեք ամիս անց այդ պարտավորությունների կատարման անկարողությունը, որը պայմանավորված է վճարման միջոցների կայուն անբավարարությամբ:
5. Սնանկացում (անվճարունակություն) է համարվում պարտատիրոջ (պարտատերերի) հանդեպ պարտապանի ստանձնած գույքային պարտավորությունների կատարման կասեցումը դատարանի որոշմամբ կամ պարտապանի և պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությամբ` կապված վճարման միջոցների անբավարարության պատճառով պարտապանի կողմից այդ գույքային պարտավորությունների կատարման անկարողության հետ:
Սնանկացումը համարվում է կայացած այդ փաստը դատարանի կողմից ճանաչվելու կամ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա մասին Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցում կատարելու պահից:
6. Հնարավոր սնանկացումը (անվճարունակությունը) ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցների այնպիսի վիճակն է, որի շարունակումը կարող է հանգեցնել սնանկացման, եթե ժամանակին չսկսվի սնանկացման գործի դատական քննությունը:
7. Դատարան է համարվում Հայաստանի Հանրապետության դատական այն մարմինը, որը քննում է սնանկացման վերաբերյալ գործեր:
8. Պետական մասնակցությամբ ձեռնարկություններ են համարվում այն ձեռնարկությունները, որոնց գույքի կազմում պետական (իշխանության տեղական մարմինների) սեփականության մասը 50 և ավելի տոկոս է:
9. Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույք են համարվում սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքային օբյեկտները և գույքային իրավունքները, իսկ պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների համար` դրանց կողմից լրիվ տնտեսավարման իրավունքով օգտագործվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գույքային օբյեկտները և գույքային իրավունքները:
10. Մրցութային վարույթ է համարվում սնանկացման վերաբերյալ դատական քննության այն փուլը, որ որպես կանոն անցկացվում է նախնական ընթացակարգից հետո, պարտապանին վերակազմավորելու և (կամ) սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի իրացումը, վաճառքը դատարանի կողմից հաստատված կարգով իրականացնելու, ինչպես նաև պարտատերերի օրինական պահանջների բավարարման և պարտապանին պարտքերից ազատելու նպատակով:
11. Մրցութային վարույթի սկզբնական հաշվեկշիռ է համարվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող այն գույքի արժեքային գնահատականը (մրցութային վարույթ հարուցելու օրվա դրությամբ), որի վրա կարող է բռնագանձում տարածվել և, որը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է իրացման սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների մարման նպատակով: Մրցութային վարույթի լուծարման հաշվեկշիռ է համարվում սնանկ ճանաչված պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, այդ թվում` նրա պարտավորությունների կատարման նպատակով իրացված գույքի արժեքը` մրցութային կառավարչի հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ:
12. Մրցութային կառավարիչ է համարվում դատարանի կողմից նշանակված և սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը սույն օրենքով սահմանված կարգով կառավարելու իրավունք ստացած ցանկացած անձ:
13. Պարտապանի ֆինանսական դրության առողջացում է համարվում պարտատերերի կամ այլ անձանց կողմից տրամադրվող ֆինանսական, վարկային, տեխնիկական և այլ կարգի օգնությունների, առաջարկվող միջոցառումների իրականացումը, որով նպատակ է դրվում պարտապանին դուրս բերել սնանկացման վիճակից:
14. Ձեռնարկության վերակազմավորումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված կառուցվածքային, կազմակերպական-իրավական, տեխնոլոգիական և այլ կարգի փոփոխությունների իրականացման գործընթացն է, որը կատարվում է ձեռնարկության ֆինանսական դրության առողջացման կամ պարտատերերի օրինական պահանջների առավելագույն բավարարման նպատակով:
Հոդված 4.
Սնանկացման վերաբերյալ գործը
Սնանկացման վերաբերյալ գործը բաղկացած է նախնական ընթացակարգից և մրցութային վարույթից:
Սնանկացման վերաբերյալ գործը քննում է պարտապանի գտնվելու (գրանցման) վայրի դատարանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև այլ պետությունների պարտատերերի, որպես պարտատեր հանդես եկող միջազգային կազմակերպությունների և պարտապանի միջև կնքված պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
Սնանկացման վերաբերյալ գործի վարույթի կարգը որոշվում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի` սույն օրենքին չհակասող մասով: Մինչև դատարանի կողմից սնանկացման մասին որոշման կայացումը պարտապանը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ցանկացած տնտեսական գործունեություն, այդ թվում` ձեռք բերել, վաճառել և օգտագործել գույք ըստ իր հայեցողության:
Սնանկացման վերաբերյալ գործի դատական քննությունն անցկացվում է դռնբաց: Գործն սկսելու մասին հաղորդվում է զանգվածային լրատվության միջոցներով` ելնելով փաստացի և ենթադրյալ պարտատերերի շահերից:
Սնանկացման վերաբերյալ գործի քննությունն սկսելու մասին հայտնվում է պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ցանկին համապատասխան:
Հոդված 5.
Կանխամտածված սնանկացում
1. Կանխամտածված սնանկացում է համարվում պարտատերերի օրինական պահանջների լրիվ կամ մասնակի կատարումից խուսափելու նպատակով պարտապանի կողմից կազմակերպված, այդ թվում` օրինական ճանապարհով սնանկացումը:
2. Կանխամտածված սնանկացումը հայտարարվում է դատարանի կողմից` պարտատերերի ժողովի (կոմիտեի) կամ առանձին պարտատերերի դիմումի և ներկայացրած ապացույցների հիման վրա, կամ սեփական նախաձեռնությամբ:
3. Կանխամտածված սնանկացման վերաբերյալ գործ քննելիս դատարանը պարտավոր է` ուսումնասիրել պարտապանի բոլոր այն գործարքները, որոնք առնչվում են գործին, ստանալ փորձագետի եզրակացությունները և ընդունել համապատասխան որոշում:
4. Կանխամտածված սնանկացում հայտարարելու վերաբերյալ որոշումը դատարանին իրավական հիմք է տալիս պարտապանին (պարտապան ձեռնարկության ղեկավարին) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
5. Կանխամտածված սնանկացում հայտարարելուց հետո պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները դեռևս չլրացած, պարտատերերը իրավունք ունեն ժամկետից շուտ պահանջելու դրանց կատարումը:
Կանխամտածված սնանկացում հայտարարելուց հետո պարտապանի մրցութային և արտամրցութային բոլոր միջոցները սույն օրենքով սահմանված կարգով և հերթականությամբ ուղղվում են պարտատերերի օրինական պահանջների բավարարմանը:
Հոդված 6.
Ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցումը
Դատարանի որոշումները պարտապանի նկատմամբ սնանկացման գործ հարուցելու, գործը կասեցնելու, կարճելու, հաշտության գործարք կնքելու, պարտապանին սնանկ ճանաչելու, պարտապան հանդիսացող ձեռնարկությունները վերակազմավորելու կամ լուծարելու, ինչպես նաև անհատ ձեռներեցների գործունեության դադարման մասին գրանցվում են Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումներում:
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
Հոդված 7.
Սնանկացման վերաբերյալ գործի հարուցման հիմքը
1. Սնանկացման վերաբերյալ դատարանում գործի հարուցման համար հիմք է հանդիսանում պարտատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի (մարմնի) (այսուհետ` պարտատեր) հայցադիմումը պարտապանի կամ նրա կողմից լիազորված անձի (մարմնի) (այսուհետ` պարտապան) դատարան ներկայացրած գրավոր դիմումը:
2. Սնանկացման վերաբերյալ հայցը պարտատիրոջ կողմից կարող է ներկայացվել այն դեպքում, եթե պարտապանը չի կատարում պարտատիրոջ հանդեպ ստանձնած պարտավորությունները:
3. Պարտապանը պարտավոր է իր սնանկության վերաբերյալ գործ հարուցելու մասին սեփական նախաձեռնությամբ դիմում ներկայացնել դատարան:
Իրավաբանական անձ հանդիսացող պարտապանը կարող է իր սնանկության վերաբերյալ գործ հարուցելու մասին դիմում ներկայացնել դատարան նաև այն դեպքում, եթե սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի արժեքը դարձել է կամ կարող է դառնալ պարտատիրոջ հանդեպ ստանձնած իր պարտավորությունների արժեքից ավելի ցածր, երբ դեռ չի գտնվում սնանկացման վիճակում:
4. Սնանկացման վերաբերյալ գործի հարուցման համար դիմում ներկայացրած կողմը պարտավոր է մուծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուրք:
Հոդված 8.
Պարտատիրոջ հայցադիմումը
Պարտապանի նկատմամբ սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու մասին պարտատիրոջ հայցադիմումը ներկայացվում է դատարան պարտապանի գույքային պարտավորությունների կատարման ժամկետը լրանալուց երեք ամիս հետո:
Հայցադիմումի մեջ նշվում են`
պարտատիրոջ և պարտապանի անվանումները և հասցեները.
հայցի գումարը և պահանջի իրավաբանական հիմնավորվածությունը.
պարտատիրոջ և պարտապանի հաշվարկային կամ այլ հաշիվների համարները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
Այն պարտատերերը, ովքեր ունեն արտարժույթով արտահայտված գույքային պահանջներ, հայցեր ներկայացնելիս հայցի գումարը արտահայտում են արտարժույթով:
Եթե ներկայացվում են հայցեր, որոնք առնչվում են տարվող մեկ այլ դատաքննությանը, ապա հայցադիմումում նշվում է այն դատարանը, որտեղ այդպիսի քննություն:
Այն հայցերը, որոնք դատարան են ներկայացվել հաշտության գործարք կնքելու կապակցությամբ, համարվում են նաև մրցութային վարույթի կարգով ներկայացված:
Հոդված 9.
Պարտապանի դիմումը
1. Սնանկացման վիճակում գտնվող պարտապանի դիմումը պետք է ներկայացվի կայուն անվճարունակության առաջացման օրվանից սկսած մինչև երկու ամսվա ընթացքում և բովանդակի տեղեկություններ պարտապանի կայուն անվճարունակության մասին: Դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում պարտապանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:
Այն դեպքում, երբ պարտապանը դեռ չի գտնվում սնանկացման վիճակում, դիմումը պետք է բովանդակի տեղեկություններ պարտապանի հնարավոր սնանկացման (անվճարունակության) մասին:
2. Պարտապանի դիմումին կից պետք է ներկայացվեն`
ա) պարտատերերի և դեբիտորների ցուցակը.
բ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկության դեպքում` վերջին հաշվապահական հաշվեկշիռը` ըստ դիմումը ներկայացնելու ամսաթվի, իսկ անհատ ձեռներեցի և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունը.
գ) տվյալներ սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի վերաբերյալ, ընդ որում անհատ ձեռներեցը և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության սեփականատերը նշում է անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող այն գույքի կազմը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել` առանձին նշելով ձեռնարկությունում օգտագործվող, ինչպես նաև գրավ դրված գույքի կազմը:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատիրոջը (սեփականատերերին, մասնակիցներին) և անհատ ձեռներեցներին պատկանող գույքի կազմը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել, սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Եթե պարտատիրոջ գտնվելու երկրում սահմանված է անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերին (մասնակիցներին) սեփականության իրավունքով պատկանող և բռնագրավման ոչ ենթակա գույքի այլ կազմ, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և, եթե այդ մասին նշված է պարտապանի և պարտատիրոջ (պարտատերերի) միջև կնքված պայմանագրում, ապա կիրառվում է պարտատիրոջ երկրում գործող օրենսդրությունը.
իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկության դեպքում նշվում է դիմում ներկայացնելու ամսաթվի վիճակով վերջին հաշվապահական հաշվեկշռում նշված ձեռնարկության գույքի կազմը և առանձին` գրավ դրված գույքի կազմը.
դ) տվյալներ ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ձեռնարկությունից ստացված եկամուտների մասին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության համար սահմանված է ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) անձնական գույքային պատասխանատվություն ձեռնարկության պարտավորությունների համար:
Հոդված 10. | Հայցադիմումը (դիմումը) ներկայացնելու և հետ վերցնելու համար իրավասու անձինք (մարմինները) |
Պարտապանի` իր սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու մասին դիմում ներկայացնելու և հետ վերցնելու իրավունք ունեն`
իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների անունից` տվյալ ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի կողմից լիազորված անձը (մարմինը), եթե այլ բան չի նախատեսված ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անունից` սեփականատերերը կամ սեփականատերերի (լիակատար անդամների) միաձայն որոշմամբ` նրանցից մեկը. անհատ ձեռներեցի անունից` անհատ ձեռներեցը. Հայաստանի Հանրապետության պետական (իշխանության տեղական) մարմինների ձեռնարկությունների անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինը:
Հոդված 11.
Հայցադիմումը (դիմումը) հետ վերցնելը
1. Սնանկացման վերաբերյալ պարտապանի կողմից գործ հարուցելու մասին դիմումը չի կարող հետ վերցվել առանց դատարանի համապատասխան որոշման:
2. Պարտատիրոջ կողմից պարտապանի սնանկացման վերաբերյալ գործի հարուցման մասին հայցադիմումը կարող է դիմողի կողմից հետ վերցվել մինչև պարտապանի սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշման ընդունումը: Մեկից ավելի պարտատերերի առկայության դեպքում, սնանկացման վերաբերյալ գործը կարող է կարճվել միայն բոլոր պարտատերերի գրավոր համաձայնության հիման վրա:
3. Հայցադիմումը (դիմումը) հետ վերցնելու դեպքում դատարանի կատարած փաստացի ծախսերը կրում է այն անձը (մարմինը), ով ներկայացրել է սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու մասին հայցադիմումը (դիմումը), իսկ եթե վերջինը ներկայացված է Հայաստանի Հանրապետության պետական (իշխանության տեղական) մարմինների ձեռնարկությունների անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինը:
Հոդված 12.
Սնանկացման վերաբերյալ գործի սկիզբը
1. Պարտապանի, ինչպես նաև պարտատիրոջ կողմից պարտապանի սնանկացման վերաբերյալ գործի հարուցման մասին հայցադիմումի (դիմումի) ընդունումը դատարանի կողմից պարտապանի սնանկացման վերաբերյալ գործի սկիզբն է, որի վերաբերյալ դատարանը կայացնում է համապատասխան որոշում: Սնանկացման վերաբերյալ գործի նախնական ընթացակարգը գանգատարկման ենթակա չէ:
2. Դատարանը կարող է մերժել հայցադիմումի (դիմումի) ընդունումը, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին:
3. Դատարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է գործի վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների նախնական չափը: Այն դեպքում, եթե պարտապանի ներկայացրած տվյալները սույն օրենքով սահմանած կարգով ստուգվելուց հետո վկայում են, որ սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի արժեքը բավարար չէ դատական ծախսերը հատուցելու համար, պարտապանը սույն օրենքով սահմանված կարգով դատարանի որոշմամբ ճանաչվում է սնանկ և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
Հոդված 13.
Պարտապանի դիմումի հիման վրա հարուցված գործի նախնական ընթացակարգի սկիզբը
1. Սնանկացման վերաբերյալ պարտապանի դիմումը ընդունելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում դատարանը որոշում է կայացնում գործն իր վարույթն ընդունելու և սնանկացման գործի նախնական ընթացակարգը սկսելու մասին:
2. Դատարանը, ելնելով դիմումին կից ներկայացված պարտատերերի ցուցակից, պարտատերերից պահանջում է տասնօրյա ժամկետում դատարան ներկայացնել պարտապանի նկատմամբ ունեցած նրանց պահանջները հաստատող փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի օրինականությունը ստուգելուց հետո դատարանը որոշում է պարտատերերի ցանկը:
Պարտապանի այն պարտավորությունները, որոնց օրինականությունը չի ապացուցվել, դատարանի կողմից չեն քննարկվում:
3. Եթե ներկայացված փաստաթղթերից ոչ մեկի օրինականությունը չի ապացուցվել դատարանի կողմից, ապա գործը կարճվում է, իսկ նախնական ընթացակարգի հետ կապված ծախսերը հատուցվում են դիմում տված անձի (անձանց) կողմից:
Հոդված 14.
Պարտատիրոջ հայցադիմումի հիման վրա հարուցված գործի նախնական ընթացակարգի սկիզբը
1. Սնանկացման վերաբերյալ պարտատիրոջ հայցադիմումը ընդունելուց հետո, մեկ շաբաթվա ընթացքում, դատարանը որոշում է կայացնում գործն իր վարույթն ընդունելու և սնանկացման գործի նախնական ընթացակարգը սկսելու վերաբերյալ, որի մասին տեղյակ է պահվում պարտապանին:
2. Դատարանը ստուգում է դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի օրինականությունը, որոնք հաստատում են պարտատիրոջ պահանջները պարտապանի նկատմամբ:
Օրինական ճանաչված փաստաթղթերի հիման վրա դատարանը սահմանում է պարտատիրոջ (պարտատերերի) հայցագումարի չափը: Օրինական չճանաչված պահանջները դատարանի կողմից չեն քննարկվում:
3. Եթե ներկայացված փաստաթղթերից ոչ մեկի օրինականությունը չի ապացուցվել դատարանում, ապա գործը կարճվում է, իսկ նախնական ընթացակարգի հետ կապված ծախսերը հատուցվում են հայցադիմում տված անձի (անձանց) կողմից:
4. Դատարանի կողմից պարտատիրոջ պահանջները օրինական ճանաչվելուց հետո, տասնօրյա ժամկետում, պարտապանը պետք է տվյալներ ներկայացնի դատարանի սույն օրենքի 9 հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները պարտապանի կողմից չներկայացվելու դեպքում դատարանը հանձնարարում է իր կողմից նշանակված իրավասու անձանց (անկախ փորձագետներին կամ աուդիտին) անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել` կատարված ծախսերի փոխհատուցման պարտականությունը դնելով պարտապանի վրա:
5. Դատարանը պարտապանի գործի հիման վրա որոշում է հայցագումարի ընդհանուր չափը:
6. Նախնական ընթացակարգը շարունակվում է այն դեպքում, եթե հայցագումարի չափը գերազանցում է սույն օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից որոշված`
անհատ ձեռներեցների և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերին (մասնակիցներին) անձնական սեփականության իրավունքով պատկանող այն գույքի 50 տոկոսը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել.
իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկության կանոնադրական հիմնադրամի 50 տոկոսը:
7. Եթե պարտատիրոջ կողմից ներկայացված հայցագումարի մեծությունը չի բավարարում սույն հոդվածի 6-րդ կետի պահանջներին, ապա դատարանի որոշմամբ նախնական ընթացակարգը չի սկսվում, որի մասին դատարանը տեղեկացնում է պարտապանին և պարտատիրոջը: Սնանկացման վերաբերյալ ավարտված դատական գործը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 15.
Նախնական ընթացակարգը
1. Նախնական ընթացակարգն սկսելու մասին որոշման կայացման օրվանից սկսած, մեկ ամսվա ընթացքում, դատարանը նշանակում է նիստ, որին հրավիրվում են պարտապանը, դատարանի կողմից որոշված պարտատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձինք, որոնց տեղեկացնում է`
նախնական ընթացակարգի շարունակման, կասեցման կամ կարճման մասին.
պարտապանի պարտավորությունների գումարային մեծության և սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի մասին.
սնանկացման գործի վարույթի, պարտապանի ֆինանսական դրության առողջացման, հաշտության գործարք կնքելու և պարտքի հետաձգման վերաբերյալ նախատեսված կարգի, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ դատարանի կողմերի ներկայացրած առաջարկությունների մասին:
2. Պարտատիրոջ կողմից սնանկացման հայցադիմում ներկայացվելու դեպքում, դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու որոշման օրվանից սկսած մեկամսյա ժամկետում պարտապանը կարող է միջնորդել դատարանին իր ֆինանսական դրության առողջացման մասին: Դատարանը երկշաբաթյա ժամկետում քննարկում է միջնորդությունը և որոշում կայացնում դրա բավարարման կամ մերժման վերաբերյալ:
ֆինանսական դրության առողջացման հնարավորությունը կամ նպատակահարմարությունը որոշելու համար դատարանը կարող է ներգրավել անկախ փորձագետների, որոնց գործունեության հետ կապված ծախսերը հատուցվում են պարտապանի հաշվին:
Պարտապանի ֆինանսական դրության առողջացման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո դատարանը կարող է հայտարարել հրապարակային մրցույթ պարտապանի ֆինանսական դրության առողջացմանը մասնակցելու ցանկություն ունեցող ձեռնարկություններ և քաղաքացիներ ի հայտ բերելու նպատակով: Մրցույթի կայացման անհրաժեշտ պայման է հանդիսանում պարտապանի հանդեպ պարտատիրոջ (պարտատերերի) օրինական գույքային պահանջների բավարարումը և դատական ծախսերի հատուցումը:
Եթե մեկ ամսվա ընթացքում պարտապանի ֆինանսական դրության առողջացմանը մասնակցել ցանկացողներ ի հայտ չեն գալիս, կամ պարտապանը համաձայն չէ իր ֆինանսական դրության առողջացմանը մասնակցել ցանկացողների առաջարկած պայմաններին, ապա նախնական ընթացակարգը շարունակվում է:
3. Նախնական ընթացակարգն ընդհատելու նպատակով պարտապանը պարտատերերին կարող է դիմել հաշտության գործարք կնքելու առաջարկությամբ, որը պարտապանին հնարավորություն կտա հետաձգել վճարումները, ինչպես նաև պարտավորություններից զեղչեր ստանալ: Պարտապանի համաձայնությամբ դատարանին նման առաջարկությամբ կարող են դիմել նաև պարտատերերը: Պարտատերերի և պարտապանի միջև հաշտության գործարքը հաստատվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե հաշտության գործարքը կնքված է նախնական ընթացակարգի ժամանակ, ապա մինչև հաշտության գործարքի ավարտը թույլ չի տրվում պարտապանի նկատմամբ մրցութային վարույթ հարուցել:
4. Եթե դատաքննության ընթացքում պարտատերերը հայտարարում են պարտքի հետաձգման մասին, ապա դատարանը, հաշվի առնելով արված հայտարարությունը, պարտապանի համաձայնությունը, և պահանջելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներ, կարող է որոշում կայացնել գործը կասեցնելու մասին այն դեպքում, եթե պարտքի հետաձգման հետևանքով չեն բավարարում սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետի պահանջները:
Պարտքի հետաձգման մասին հայտարարած պարտատերը (պարտատերերը) դատարանի կողմից գործը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո պարտապանի պարտավորությունների վերաբերյալ ունեցած իր (իրենց) երաշխիքների չափով համապարտ պատասխանատվություն է (են) կրում այլ պարտատերերի առջև:
Այդ որոշումը կարող է գանգատարկվել պարտապանի կամ պարտատերերի կողմից:
5. Դատարանը դադարեցնում է նախնական ընթացակարգը և կարճում գործը պարտատիրոջ կողմից սնանկացման վերաբերյալ գործի հարուցման մասին հայցադիմումը հետ վերցնելիս, եթե մնացած հայցերի գումարը դառնում է սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետով սահմանված հայցագումարի չափից պակաս: Հակառակ դեպքում նախնական ընթացակարգը չի դադարեցվում, իսկ հայցագումարի մեծությունը համապատասխանաբար նվազում է հետ վերցված հայցագումարի չափով:
Դատարանը նախնական ընթացակարգը դադարեցնում է նաև այն դեպքում, եթե պարզվի, որ պարտապանը, մինչ նախնական ընթացակարգի ավարտը, դարձել է վճարունակ, և նրա կողմից չկատարված պարտավորությունների արժեքը չի գերազանցում սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետով սահմանված չափերը:
Հոդված 16.
Նախնական ընթացակարգի առանձնահատկությունները պետական մասնակցությամբ ձեռնարկությունների դեպքում
Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների վերաբերյալ սնանկացման հայցադիմում ստանալու դեպքում դատարանը պարտապանի գույքը կառավարելու համար լիազորված պետական մարմնին եռօրյա ժամկետում ծանուցում է գործը վարույթ ընդունելու մասին: Պարտապանի գույքը կառավարելու համար լիազորված պետական մարմինը ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դատարանին տեղեկացնում է պարտապանի ֆինանսական դրության առողջացման նպատակահարմարության մասին:
Պարտապանի ֆինանսական դրության առողջացման վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում պարտապանի գույքը կառավարելու համար լիազորված պետական մարմինը պարտավոր է երաշխավորել պարտատերերի պահանջների բավարարումը և սահմանված ժամկետում դատական ծախսերի հատուցումը` նշելով դրա աղբյուրները:
Պարտապանի գույքը կառավարելու նպատակով լիազորված պետական մարմնի ձեռնարկության ֆինանսական դրության առողջացմանն ուղղված երաշխիքները դատարանին հիմք են տալիս կասեցնելու գործը ոչ ավելի, քան 12 ամսով: Պարտապանի ֆինանսական դրության առողջացումը լիազորված պետական մարմնի կողմից աննպատակահարմար գտնելու, սույն հոդվածի երրորդ մասում նշված ժամկետում դատարանին պատասխան չներկայացնելու, ինչպես նաև պարտապանի ֆինանսական դրության առողջացման հարցում պարտատերերի անհամաձայնության դեպքերում, սնանկացման վերաբերյալ նախնական ընթացակարգը շարունակվում է:
Հոդված 17.
Դատարանի որոշումը պարտապանին սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ հարուցելու մասին
Դատարանի նախնական ընթացակարգի արդյունքների հիման վրա կայացնում է որոշում `
գործը կասեցնելու մասին.
գործը կարճելու մասին.
պարտապանին սնանկ ճանաչելու մասին:
Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո դատարանը որոշում է կայացնում մրցութային վարույթ հարուցելու մասին:
Դատարանը որոշում է կայացնում մրցութային վարույթի ավարտման մասին այն դեպքում, եթե պարզվի, որ պարտապանի գույքը չի բավարարում այդ մրցույթի ծախսերը փոխհատուցելու համար: Այդ դեպքում պարտապանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:
Մրցութային վարույթի հարուցման կամ ավարտման վերաբերյալ դատարանի որոշումը կարող է գանգատարկվել մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Որոշման գանգատարկումը չի կասեցնում մրցութային վարույթը:
Հոդված 18.
Սնանկացման մասին հայտարարությունը
Պարտապանին սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակում է մամուլում:
Հրապարակումը պետք է բովանդակի`
գործը վարող դատարանի անվանումը, նրա հաշվարկային հաշվի համարը և այն բանկային հաստատության անվանումը, որտեղ բացած է հաշիվը.
պարտապանի անվանումը և հասցեն.
սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու ամսաթիվը.
հայտարարություն` երկամսյա ժամկետում պարտապանի հանդեպ պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու անհրաժեշտության մասին.
մրցութային վարույթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹ
Հոդված 19.
Մրցութային վարույթի մասնակիցները
Մրցութային վարույթի մասնակիցներն են` դատարանը, մրցութային կառավարիչը, պարտատերերի ժողովը )կոմիտեն) և սույն օրենքով նախատեսված այլ սուբյեկտներ:
Հոդված 20. | Պարտապանի հաշիվները |
Սնանկ ճանաչված պարտապանի դրամական հաշիվները Հայաստանի Հանրապետության բանկերում փակվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, և բացվում է նոր հաշիվ, որտեղ փոխանցվում են պարտապանի նախկին հաշիվներում եղած միջոցները:
Հոդված 21.
Գույքային և ոչ գույքային հայցեր
Պարտատիրոջ հանդեպ պարտապանի գույքային պարտավորությունների կատարման ժամկետից անկախ մրցութային վարույթի հարուցման օր է հանդիսանում պայմանագրով նախատեսված դրանց կատարման ժամկետը:
Պարտապանի ոչ գույքային պարտավորությունները, այդ թվում` ոչ գույքային այն պարտավորությունները, որոնց կատարման պայմանագրով նախատեսված ժամկետը դեռ չի լրացել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դատարանի որոշմամբ, դրամական արտահայտությամբ` հաշվանցվում են մրցութային միջոցների հաշվին:
Արտարժույթով արտահայտված հայցերի գումարներն ընդգրկվում են մրցութային միջոցների կազմում վերահաշվարկված` մրցութային վարույթ հարուցելու մասին դատարանի որոշման օրվա դրությամբ արտարժույթի փոխանակման պաշտոնական կուրսին համապատասխան:
Հոդված 22.
Պարտապանի գործունեությունը մրցութային վարույթի ընթացքում
Մրցութային վարույթի ընթացքում պարտապանն իրականացնում է միայն այնպիսի գործողություն, որը սկսվել է մինչև մրցութային վարույթի հարուցումը, և որի կասեցումը վնաս կհասցնի սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքին:
Այդպիսի գործունեությունը շարունակելու մասին որոշումը ընդունում է մրցութային կառավարիչը` դատարանի որոշման հիման վրա:
Նոր պայմանագրեր կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում ընդունում է մրցութային կառավարիչը` դատարանի համաձայնությամբ:
2. Մրցութային վարույթ հարուցելու պահից պարտապանը իրավունք ունի մրցութային կառավարչի գործողությունները գանգատարկել դատարանին, իսկ դատարանի կողմից ընդունված որոշումները` վերադաս դատարանին, եթե սույն օրենքով այլ բան չի նախատեսված:
Հոդված 23.
Դատարանի ֆունկցիաները մրցութային վարույթի ընթացքում
1. Մրցութային վարույթ հարուցելու մասին դատարանը տեղեկացնում է`
պարտապանին կամ նրա կողմից լիազորված անձին (մարմնին).
պետական գույքի կառավարման համար լիազորված մարմնին, եթե մրցութային վարույթը հարուցվում է պետական մասնակցությամբ ձեռնարկության նկատմամբ.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական (իշխանության տեղական) լիազորված մարմիններին:
2. Դատարանը մրցութային վարույթի ընթացքում`
հարուցում և կասեցնում է մրցութային վարույթը.
հաստատում է մրցութային կառավարչին` սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը կառավարելու համար.
հրավիրում է պարտատերերի ժողով (կոմիտեի նիստ).
իրականացնում է մրցութային կառավարչի և պարտատերերի ժողովի (կոմիտեի) գործունեության վերահսկողություն, հաստատում է պարտապանի գործունեության շարունակման մասին մրցութային կառավարչի որոշումները.
որոշում է կայացնում սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի իրացման և դրա ժամկետների մասին.
որոշում է կայացնում սեփականության իրավունքով պարտապանին պատկանող, մրցութային վարույթի արդյունքում չիրացված, գույքը տնօրինելու վերաբերյալ.
ապահովում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի իրացումից ստացված դրամական միջոցների սույն օրենքով սահմանված կարգով բաշխումը պարտատերերի և շահագրգիռ մյուս կողմերի միջև.
պաշտպանում է պարտատերերին և շահագրգիռ մյուս կողմերին պարտապանի անբարեխիղճ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի արժեքի նվազեցմանը.
կանխում է առանձին պարտատերերի կողմից այլ պարտատերերի հանդեպ սույն օրենքով չնախատեսված առավելությունների առաջացումը.
դասակարգում է պարտապանների հայցերը` սույն օրենքի 33 հոդվածով սահմանված հերթականության համաձայն. սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում մրցութային վարույթին վերակազմավորված պարտապանին ներգրավելու մասին.
կազմում է լուծարային հանձնաժողով. պարտապանի և պարտատիրոջ (պարտատերերի) միջև հաշտության գործարք կնքվելու դեպքում ընդունում է համապատասխան որոշում:
3. Դատարանի որոշումները` դրանք ընդունվելու օրվանից մեկ ամսյա ժամկետում, կարող են գանգատարկվել վերադաս դատարանին, եթե սույն օրենքով այլ բան չի նախատեսված: Գանգատարկված որոշման վերաբերյալ վերադաս դատարանի կայացրած որոշումը վերջնական է:
Հոդված 24.
Մրցութային կառավարչի գործունեությունը
1. Պարտապանի լուծարումը կամ վերակազմավորումն իրականացնում է դատարանի կողմից նշանակված մրցութային կառավարչի, ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այդ թվում` աուդիտի, խորհրդատվական և այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև պարտապանի վարձու աշխատողների) կողմից:
Պարտապանի դիմումի հիման վրա, նրան սնանկ ճանաչելուց հետո, դատարանը որոշում է կայացնում մրցութային վարույթ հարուցելու մասին և 7 օրվա ընթացքում նշանակում է մրցութային կառավարիչ:
Մրցութային կառավարչի թեկնածությունն առաջարկվում է սնանկացման գործընթացում գտնվող ձեռնարկության պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի (կոմիտեի), ինչպես նաև պարտապանի կողմից, եթե առկա է պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի գրավոր համաձայնությունը:
Մրցութային կառավարիչ չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, կամ որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը.
բ) տվյալ պահին քրեական գործով հանդես է գալիս որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
գ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է տվյալ ձեռնարկության սնանկացման ելքում, կամ որի անաչառության մասին կան հիմնավոր կասկած հարուցող այլ հանգամանքներ.
դ) անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել.
ե) սնանկ է ճանաչվել:
2. Մրցութային կառավարիչը`
պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա ձևավորում է լուծարային հանձնաժողով և ղեկավարում նրա գործունեությունը.
ղեկավարում է պարտապանի գործունեությունը. կառավարում է պարտապանին պատկանող գույքը, վերահսկում պարտապանի գործունեությունը.
իրականացնում է պարտապանի ֆինանսական դրության վերլուծությունը.
ուսումնասիրում է պարտատերերի պահանջների հիմնավորվածությունը.
ձևավորում է մրցութային միջոցները. սույն օրենքով սահմանված կարգով իրացնում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը.
մշակում և իրականացնում է պարտապանի վերակազմավորման նախագիծը. մրցութային վարույթի հարուցման պահից երեք ամիսը մեկ անգամ դատարանի, ինչպես նաև պարտատերերի ժողովի (կոմիտեի) պահանջով վերջիններին գրավոր զեկուցում է սնանկացման ընթացքի և մրցութային միջոցների մասին.
վիճարկում է դատարանում պարտապանի այն գործարքները, որոնք վերջինս կնքել է գտնվելով անվճարունակ վիճակում.
դատարանին է ներկայացնում լուծարային հանձնաժողովի ամփոփիչ հաշվետվությունը:
3. Մրցութային կառավարիչն իրավասու է`
դատարանի որոշմամբ վարկ ստանալ պարտապանի գործունեությունն ապահովելու համար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրավ դնել սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը.
դատարանի որոշմամբ անվավեր հայտարարել, մինչև մրցութային վարույթ հարուցելը, սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի օտարմանը վերաբերող և գործին առնչվող ցանկացած պայմանագիր, որը կնքվել է ի վնաս որևէ պարտատիրոջ (պարտատերերի) շահերի.
դատարանի որոշմամբ անվավեր հայտարարել, մինչև մրցութային վարույթ հարուցելը, պարտապանի կողմից կնքված և գործին առնչվող ցանկացած պայմանագիր` կապված սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի օտարման կամ պարտապանի ստանձնած այնպիսի պարտավորությունների հետ, որոնք կատարված են (նախատեսված են) պարտապանի գույքը պարտատերերից թաքցնելու, պարտատիրոջը (պարտապաններին) պարտքերը վճարելուց խուսափելու նպատակով կամ, եթե այդ պարտավորությունների կատարման արդյունքում ստացվել է էապես քիչ արժեք, քան գույքի իրավական արժեքն է, եթե պարտապանը պարտավորությունն ստանձնելու կամ գործարքն իրականացնելու պահին արդեն եղել է անվճարունակ կամ դարձել է անվճարունակ այդ գործարքի հետևանքով:
Դատարանը գործարքը անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում չի կարող կայացնել, մրցութային կառավարիչը այդ գործարքը չի կարող անվավեր հայտարարել, եթե գործարքը կնքվել է սույն հոդվածի երկրորդ և երրորդ պարբերությունների պայմանների երկկողմանի շրջանցումով:
4. Եթե մրցութային կառավարիչը չի հանդիսանում պարտապանը կամ նրա կողմից լիազորված անձը (մարմինը) կամ պարտապանի վարձու աշխատողը, ապա պարտապանի գործերը վարելու համար պարտապանը կարող է նշանակել այլ անձանց կամ ինքնուրույն իրականացնել ֆինանսական վերահսկիչի ֆունկցիաներ:
Պարտապանը կամ նրա կողմից լիազորված անձը (մարմինը) կարող է փոխհատուցել դատարանի կողմից որոշված գրավի արժեքը, որն իր արժեքով համապատասխանում է հայցագումարի չափին և պարտատերերի ժողովի (կոմիտեի) համաձայնությամբ ու դատարանի որոշմամբ նշանակել մրցութային կառավարիչ:
Եթե մրցութային կառավարիչն ինքը` պարտապանն է կամ նրա կողմից լիազորված անձը (մարմինը) կամ պարտապանի աշխատակիցներից մեկը, ապա ֆինանսական վերահսկիչի ֆունկցիաները իրականացնում է դատարանի կողմից նշանակված անձը:
Մրցութային կառավարիչ նշանակելու հարցի շուրջ դատարանի և պարտատերերի ժողովի (կոմիտեի) միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում մրցութային կառավարիչ նշանակելու որոշում ընդունում է դատարանը:
Պարտատերերի ժողովը (կոմիտեն) կարող է մեկամսյա ժամկետում դատարանի որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով գանգատարկել վերադաս դատարանին, որի որոշումը վերջնական է:
5. Մրցութային կառավարչի գործունեությունը դադարեցվում է նրա ներկայացրած ամփոփիչ հաշվետվությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո:
6. Մրցութային կառավարչի այն գործողությունները, որոնք պարտատերերի և պարտապանի կարծիքով վնաս են հասցնում իրենց շահերին, գանգատարկվում են մրցութային կառավարիչ նշանակելու մասին որոշում կայացրած դատարանին:
(24-րդ հոդվածը լրաց. 10.06.96 ՀՕ-66)
Հոդված 25.
Մրցութային կառավարչի պարտականությունները
1. Մրցութային կառավարիչը պարտավոր է` դատարանի կողմից սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնել հաշվապահական հաշվառման այն փաստաթղթերը, որոնք բնութագրում են պարտապանի ֆինանսական վիճակը մրցութային վարույթ հարուցելու օրվա դրությամբ, այդ թվում` կազմել մրցութային վարույթի սկզբնական հաշվեկշիռը.
կազմել սնանկացման գործի վարույթի հետ կապված ծախսերի նախահաշիվ և այն ներկայացնել դատարանի հաստատմանը.
ապահովել մինչև մրցութային վարույթի հարուցումը պարտապանի սկսած այն գործունեությունը, որի կասեցումը կարող է վնաս հասցնել պարտապանին պատկանող գույքին.
կազմել մրցութային և արտամրցութային միջոցների բաշխման նախագիծ և այն ներկայացնել դատարանի հաստատմանը.
սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը, որը մտնում է մրցութային միջոցների կազմի մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերածել դրամական միջոցների.
կազմել մրցութային եզրափակիչ հաշվեկշռի նախագիծ և ներկայացնել դատարանի հաստատմանը:
2. Մրցութային կառավարիչը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում իր գործողությունների հետևանքով մրցութային վարույթի յուրաքանչյուր մասնակցին պատճառած վնասի համար: Եթե վնասն ի հայտ է եկել դատարանի կողմից հավանության արժանացած կամ նրա ցուցումով կառավարչի կատարած գործողությունների հետևանքով, ապա մրցութային կառավարիչը պատասխանատություն չի կրում, բացի այն դեպքերից, երբ հավանությունը կամ ցուցումը ստացված են եղել կեղծիքի միջոցով:
Հոդված 26.
Պարտատերերի ժողովը
1. Մրցութային վարույթ հարուցելուց հետո դատարանը որոշում է պարտատերերի ժողովի վայրը եւ ժամանակը: Դատարանի անդամները չեն կարող ներկա լինել պարտատերերի ժողովին:
2. Պարտատերերի ժողովին մասնակցելու իրավունք ունեն պարտատերերը կամ նրանց կողմից լիազորված անձինք (մարմինները), մրցութային կառավարիչը, պարտապանը կամ նրա կողմից լիազորված անձը (մարմինը): Պարտատերերի ժողովում ձայների իրավունք ունեն մրցութային եւ այն պարտատերերը, որոնց հանդեպ պարտապանի ստանձնած պարտավորությունների արժեքը գերազանցում է գրավի արժեքը: Պարտատերերի ձայների քանակը սահմանվում է`
մրցութային պարտատերերի համար` նրանց կողմից ներկայացված հայցերի գումարներին համապատասխան.
այլ պարտատերերի համար` գրավով չապահովված պարտավորությունների գումարներին համապատասխան:
3. Պարտատերերի ժողովն իրավասու է`
դատարանի հաստատմանը ներկայացնել մրցութային կառավարչի թեկնածությունը կամ առաջարկել դատարանին նշանակել մրցութային նոր կառավարիչ.
քննարկել մրցութային վարույթի ընթացքը.
մրցութային կառավարչին դատարանի որոշմամբ թույլ տալ կատարելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման հետ կապված առանձին գործարքներ. դատարանին կարծիք ներկայացնել պարտապանի գույքը գրավ դնելու կարգի վերաբերյալ. որոշումներ ընդունել հաշտության գործարք կնքելու մասին.
վերահսկել մրցութային կառավարչի գործունեությունը.
ներգրավել մասնագետների` մրցութային կառավարչի գործողությունները վերահսկելու նպատակով.
դատարանին կարծիք ներկայացնել, մինչև մրցութային վարույթի հարուցումը, պարտապանի սկսած գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ.
դատարանի համաձայնությամբ որոշում ընդունել պարտապանի ֆինանսական վիճակի, գործունեության ստուգման, ինչպես նաև վերակազմավորման կամ լուծարման նախագծի մշակմանը մասնակցելու վերաբերյալ.
դատարանին ներկայացնել կարծիք` պարտապանի վերակազմավորման կամ լուծարման նախագծերի վերաբերյալ.
որոշում ընդունել պարտատերերի ժողովի օպերատիվ մարմին` պարտատերերի կոմիտե, ստեղծելու վերաբերյալ և սահմանել պարտատերերի կոմիտեի իրավասությունը, սահմանված ժամկետով վերջինիս, մասամբ կամ ամբողջությամբ, փոխանցել պարտատերերի ժողովի լիազորությունները.
գանգատարկել դատարանում մրցութային կառավարչի ընդունած որոշումները:
4. Պարտատերերի ժողովն իրավազոր է, եթե ներկա են ձայնի իրավունք ունեցող այն պարտատերերը, ովքեր ներկայացնում են պարտատերերի ժողովին մասնակցելու իրավունք ունեցող սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտատերերի ընդհանուր հայցագումարի 70 տոկոսից ոչ պակասը: Պարտատերերի ժողովի որոշումներն ընդունվում են պարտատերերի ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի ընդհանուր հայցագումարի 50 տոկոսից ավելին ներկայացնողների համաձայնությամբ:
5. Պարտատերերի ժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերով, որոնք հրավիրվում են դատարանի կամ կառավարչի կողմից կամ պարտատերերի ժողովի անդամների մեծամասնության առաջարկությամբ: Նիստերը վարում է մրցութային պարտատերերի թվից ժողովում ընտրված նախագահը:
6. Պարտատերերի ժողովը կարող է ընտրել պարտատերերի կոմիտե` բաղկացած 7 կամ ավելի մրցութային պարտատերերից:
Պարտատերերի ժողովի ներկայացմամբ դատարանը հաստատում է պարտատերերի կոմիտեի կազմը:
Այն պարտատերը, որի հայցը կազմում է բացահայտված հայցագումարի ավելի քան 25 տոկոսը, իր ցանկությամբ ընդգրկվում է պարտատերերի կոմիտեում` առանց ընտրության:
Պարտատերերի կոմիտեի աշխատանքի ընթացքում պարտատերերի կոմիտեի անդամին կարող է ներկայացնել նաև նրա կողմից լիազորված անձը (մարմինը):
Պարտատերերի կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են դատարանի որոշմամբ, ինչպես նաև մրցութային կառավարչի կամ պարտատերերի կոմիտեի անդամների մեծամասնության առաջարկությամբ: Նիստերը, պարտատերերի կոմիտեի անդամների ընտրությամբ, վարում է պարտատերերի կոմիտեի անդամներից մեկը:
Պարտատերերի կոմիտեի որոշումներն ընդունվում են անդամների ձայների առնվազն 2/3-ով` մեկ անդամ` մեկ ձայն սկզբունքով:
Հոդված 27.
Մրցութային վարույթ հարուցելու հետևանքները
1. Պարտապանին սնանկ հայտարարելու և մրցութային վարույթ հարուցելու վերաբերյալ որոշման ընդունման պահից`
պարտապանը զրկվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տնօրինման և կառավարման իրավունքից, եթե դատարանի որոշմամբ նա չի նշանակված մրցութային կառավարիչ.
արգելվում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի օտարումը (բացառությամբ այն դեպքերի, երբ օտարման թույլտվությունը տրված է պարտատերերի ժողովի (կոմիտեի) կողմից) և նախկին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը.
դադարեցնում է պարտապանի բոլոր տեսակի պարտքերին տոկոսների հաշվեկցումը.
դադարեցվում է պարտապանից շահաբաժինների, տոկոսային, ռենտային, վարձակալական և այլ վճարների, գույքահարկի և եկամտահարկի գանձումը:
Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի նկատմամբ բռնագանձումներ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պարտապանի նկատմամբ պարտատիրոջ (պարտատերերի) գույքային բնույթի բոլոր պահանջները կարող են բավարարվել միայն մրցութային վարույթի շրջանակներում:
2. Մրցութային վարույթ հարուցելու պահից պարտապանի տնտեսական գործունեությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված սահմանափակումներով, այդ թվում`
աշխատանքային պայմանագրերի փոփոխությունների և պարտապանի կողմից մինչև մրցութային վարույթի հարուցումը գործունեության շարունակման մասին որոշումները կայացվում են մրցութային կառավարչի կողմից` ելնելով պարտատերերի և պարտապանի օրինական շահերից և հաստատվում են դատարանի կողմից` սույն օրենքով սահմանված կարգով.
մրցութային կառավարչի ներկայացմամբ դատարանը երկու ամսվա ընթացքում հաստատում է պարտապանի` մինչև մրցութային վարույթի հարուցումը կնքված բոլոր այն պայմանագրերը և համաձայնագրերը, որոնց կատարումը պարտապանի կողմից դատարանը համարում է անհրաժեշտ և անվավեր է ճանաչում մնացած բոլոր պայմանագրերը և համաձայնագրերը:
Հոդված 28.
Մրցութային միջոցների կազմի մեջ մտնող գույքը
1. Մրցութային միջոցների կազմում ընդգրկվում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող և բացահայտված ամբողջ այն գույքը (ակտիվները), որի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կարող է բռնագանձում տարածվել, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող այն գույքը, որի նախատեսված արժեքը գերազանցում է գրավի պայմանագրով նախատեսված պարտապանի պարտավորության դրամական արժեքը: Մրցութային միջոցների կազմի մեջ մտնում են նաև սոցիալական ոլորտի այն օբյեկտները, որոնք գտնվում են պարտապանի հաշվեկշռում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
2. Մրցութային կառավարչի և լուծարային հանձնաժողովի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ներգրավված փորձագետների եզրակացության հիման վրա, մրցութային միջոցների ձևավորման նպատակով անցկացվում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի գնահատում և պարտավորությունների վերստուգում:
Մրցութային միջոցների կազմի մեջ մտած ողջ գույքը գնահատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Իրացվող գույքի գնահատված արժեքը նախնական է և կարող է փոփոխվել իրացման ընթացքում` կախված իրացման ձևից (աճուրդ), մրցույթ, ուղղակի գործարք և այլն):
Մրցութային միջոցների կազմի մեջ չի մտնում`
պարտապանին սեփականության իրավունքով պատկանող այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բռնագանձում չի կարող տարածվել.
պարտապանի կողմից վարձակալության պայմաններով օգտագործվող գույքը.
պարտապանին լիազորագրային կառավարման հանձնված գույքը.
պարտապանի պատասխանատու պահպանմանը հանձնված գույքը.
սեփականության իրավունքով պարտապանին պատկանող և գրավի առարկա հանդիսացող այն գույքը, որի օտարումը գրավը հաստատող փաստաթղթում նախատեսվում է բնաիրային ձևով, և որի արժեքն ըստ գրավը հաստատող փաստաթղթերի չի գերազանցում պարտավորության դրամական արժեքը.
սեփականության իրավունքով պարտապանին պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գույքը:
4. Արտամրցութային միջոցներ են հանդիսանում պարտապանի կողմից որպես ֆինանսական օգնություն ստացված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ձեռք բերված դրամական միջոցները և մրցութային միջոցների կազմի մեջ չմտնող գույքը:
Հոդված 29.
Մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացումը
1. Մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացման մասին և դրա իրացման ժամկետների մասին որոշումն ընդունում է դատարանը` պարտապանի վերակազմավորման և լուծարման նախագծերի հիման վրա` մրցութային կառավարչի ներկայացմամբ և պարտատերերի ժողովի (կոմիտեի) համաձայնությամբ:
2. Մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացման և դրա ժամկետների մասին որոշումն ընդունելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում դատարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրապարակում է այն` նշելով դրա վերաբերյալ առաջարկության ներկայացման կարգը և ժամկետները:
3. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքը իրացվում է միայն աճուրդով:
4. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացման ձևը սահմանվում է դատարանի կողմից` մրցութային կառավարչի ներկայացմամբ` պարտատերերի ժողովի (կոմիտեի) համաձայնությամբ:
Մեկ առաջարկության առկայության դեպքում պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքն իրացվում է դատարանի որոշմամբ` աճուրդի, մրցույթի կամ ուղղակի գործարքի միջոցով:
Մեկից ավելի առաջարկության առկայության դեպքում պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքն իրացվում է դատարանի որոշմամբ` աճուրդի կամ մրցույթի միջոցով: Եթե առաջարկներ ներկայացնելու ժամկետում մրցութային կառավարիչը չի ներկայացնում իրացման ձևի մասին համաձայնեցված առաջարկություն, կամ դատարանը համաձայն չէ մրցութային կառավարչի կողմից ներկայացված առաջարկության հետ, ապա դատարանը իրավասու է ընդունել վերջինիս հետ չհամաձայնեցված որոշում` ներկայացնելու ժամկետը լրանալու պահից սկսած երկու շաբաթվա ընթացքում:
Նշված երկու դեպքերում դատարանը, առանց մրցութային կառավարչի հետ համաձայնեցնելու, կարող է ընտրել պարտապանի մրցութային միջոցների մեջ մտած գույքի իրացման միայն աճուրդի ձևը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակումներ են նախատեսված մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի հետագա օգտագործման վերաբերյալ: Այդ դեպքում դատարանը կարող է ընտրել իրացման միայն մրցութային ձևը:
Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքն ուղղակի գործարքի ձևով իրացնելու մասին որոշումն ընդունվում է դատարանի կողմից այն դեպքում, եթե դատարանը, պարտատերերի ժողովը (կոմիտեն) և մրցութային կառավարիչը համաձայն են, որ ուղղակի գործարքի արդյունքում ստացված դրամական միջոցների ծավալը լինի ոչ պակաս, քան աճուրդի ձևով իրացումից ստացվածը:
Հոդված 30.
Սնանկ հայտարարված իրավաբանական անձին վաճառքի ներկայացնելը
1. Դատարանը, սույն հոդվածով սահմանված կարգով, պարտապանի վերակազմավորման և լուծարման նախագծերի հիման վրա որոշում է կայացնում իրավաբանական անձ հանդիսացող պարտապանին ամբողջությամբ կամ մասնակի, որպես ինքնուրույն գործելու ունակություն ունեցող ստորաբաժանումներ, վաճառքի ներկայացնելու և դրա ժամկետների վերաբերյալ:
Իրավաբանական անձ հանդիսացող պարտապանի վաճառքն իրականացվում է աճուրդի, մրցույթի կամ ուղղակի գործարքի միջոցով:
Դատարանը իրավաբանական անձ հանդիսացող պարտապանին վաճառքի ներկայացնելու մասին որոշում կարող է ընդունել այն դեպքում, եթե համապատասխան մասնագիտական փորձաքննությունից հետո պարզվում է, որ
ա) պարտապան հանդիսացող ձեռնարկությունը, արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններից ելնելով, չի կարող մասնատվել առանձին գույքային համալիրների, կամ ձեռնարկության մասնատման վերաբերյալ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ.
բ) պարտապան հանդիսացող ձեռնարկությունը կարող է մասնատվել ինքնուրույն գործելու հնարավորություն ունեցող առանձին այնպիսի ստորաբաժանումների, որոնք արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններից ելնելով չեն մասնատվում առանձին գույքային համալիրների, կամ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ դրանց մասնատման վերաբերյալ.
գ) չկան սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պայմանները, իսկ դատարանը, պարտատերերի ժողովը (կոմիտեն) և մրցութային կառավարիչը համաձայն են, որ իրավաբանական անձի ամբողջական վաճառքից ստացված դրամական միջոցների գումարը լինի ոչ պակաս, քան մրցութային միջոցների մասնատված վաճառքից ստացված գումարը, կամ էապես կրճատվեն մրցութային վարույթի ծախսերը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում դատարանը պարտապանին վաճառքի ներկայացնելու մասին որոշումը կարող է ընդունել առանց պարտատերերի ժողովի (կոմիտեի) և մրցութային կառավարչի հետ համաձայնեցնելու:
Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում, եթե սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը հանդիսանում է գրավի առարկա, գրավը հաստատող փաստաթղթերում գրավի օտարումը նախատեսվում է բնաիրային ձևով, և գրավի առարկան չի մտնում մրցութային միջոցների կազմի մեջ, ապա պարտապանին վաճառքի ներկայացնելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ է նաև գրավատիրոջ համաձայնությունը:
3. Սնանկ հայտարարված իրավաբանական անձի վաճառքի ձևի մասին որոշումը կայացնում է դատարանը` սույն հոդվածով սահմանված կարգով:
4. Սնանկ հայտարարած իրավաբանական անձին այլ անձի կողմից ձեռք բերելու փաստը ճանաչվում է դատարանի կողմից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում:
Սնանկ հայտարարված իրավաբանական անձի պարտավորությունների համար գնորդը պատասխանատվություն չի կրում:
Հոդված 31.
Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող չիրացված գույքի տնօրինումը
1. Եթե սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը դատարանին չի հաջողվել սահմանված ժամկետում իրացնել, ապա դատարանը իրավասու է որոշել այդ գույքի հետագա տնօրինման հարցը:
2. Այն դեպքում, եթե սույն օրենքի 29 հոդվածով սահմանված կարգով սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի իրացումից ստացված դրամական միջոցների ծավալը բավարարում է պարտապանի պարտավորությունների կատարմանը, ապա մրցութային միջոցների կազմի մեջ մտած և չիրացված գույքը վերադարձվում է պարտապանին (պարտապանի սեփականատիրոջը) սեփականատերերին:
Եթե սահմանված ժամկետում իրացված գույքից ստացված դրամական միջոցների ծավալը չի բավարարում պարտապանի պարտավորությունների լրիվ կատարմանը, ապա դատարանը, ելնելով մրցութային կառավարչի և պարտատերերի ժողովի (կոմիտեի) կարծիքից, որոշում է`
շարունակել մրցութային միջոցների մեջ մտած և չիրացված գույքի իրացումը` սահմանելով իրացման նոր ժամկետներ և պայմաններ` համաձայն սույն օրենքի 29 հոդվածում սահմանված կարգի.
դադարեցնել մրցութային միջոցների իրացումը` չիրացված գույքը հանձնելով Հայաստանի Հանրապետության պետական (իշխանության տեղական) լիազորված մարմինների տնօրինությանը:
Մրցութային միջոցների կազմի մեջ մտած և չիրացված գույքի իրացումը շարունակելու մասին որոշումը կարող է ընդունվել դատարանի կողմից միայն մեկ անգամ: Գույքի իրացման երկարաձգված ժամկետը չպետք է գերազանցի սահմանված ժամկետը:
3. Այն դեպքում, եթե սույն օրենքի 30 հոդվածով սահմանված կարգով վաճառքի է ներկայացվում սնանկ հայտարարված իրավաբանական անձը, ապա`
ա) պարտապանին վաճառքի ներկայացնելու մասին որոշումը սույն օրենքի 30 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված պայմաններով կայացնելիս, դատարանը սահմանում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի իրացման նոր կարգ և ժամկետներ` համաձայն սույն հոդվածի երկրորդ մասի.
բ) պարտապանին սույն օրենքի 30 հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում սահմանված կարգով վաճառքի ներկայացնելու մասին որոշում ընդունելիս, դատարանը երկարաձգում է պարտապանին վաճառքի ներկայացնելու ժամկետները և սահմանում վաճառքի նոր պայմաններ` ելնելով սույն օրենքի 30 հոդվածում սահմանված կարգից:
Իրավաբանական անձ հանդիսացող պարտապանին վաճառքի ներկայացնելու ժամկետների երկարաձգման մասին որոշումը կարող է ընդունվել դատարանի կողմից միայն մեկ անգամ: Գույքի իրացման երկարաձգված ժամկետը չպետք է գերազանցի նախապես սահմանված ժամկետը: Եթե վաճառքի երկարաձգված ժամկետի ընթացքում իրավաբանական անձը չի իրացվում, ապա համապատասխան սարքավորումները, գույքային համալիրները ապամոնտաժվում և իրացվում են որպես ջարդոն:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և իրացման ենթակա է նաև պարտապանի զբաղեցրած տարածքը:
Հոդված 32.
Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը ձեռք բերելու իրավունք ունեցող անձինք
1. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը ձեռք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական անձինք, քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք` բացառությամբ սնանկ ճանաչված ձեռնարկության տնօրենի, վարչության անդամների, վերահսկիչ հանձնաժողովի անդամների, մրցութային կառավարչի, պարտապանի սեփականատիրոջ (սեփականատերերի):
Սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերությունների ձևով գործող և սնանկ ճանաչված պարտապանի այն սեփականատերերը, որոնց բաժնեմասերը կամ բաժնետոմսերի գումարը սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի 10 տոկոսից ավելի չէ, իրավունք ունեն ձեռք բերելու այդ գույքը:
2. Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները իրավունք ունեն իրենց շահույթի հաշվին ձեռք բերել սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը` իրենց վերադաս պետական կառավարման (իշխանության տեղական) մարմնի թույլտվությամբ:
Հոդված 33.
Պարտապանի պարտավորությունների մարման կարգը
1. Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի հաշվին առաջին հերթին ապահովվում է այն պարտավորությունների կատարումը, որոնցով նախատեսված է մրցութային միջոցների մեջ չմտած գրավի առարկա հանդիսացող գույքի օտարումը պարտատիրոջը բնաիրային ձևով: Այդ դեպքում նշված գույքը վաճառքի ենթակա չէ, և դրա նկատմամբ սեփականության իրավունքը դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցվում է պարտատիրոջը` բացառությամբ սույն օրենքի 30 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի, եթե գրավատուն համաձայնվել է գրավի դրամական փոխհատուցմանը:
2. Սույն օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի վաճառքից գոյացած գումարը ծախսվում է հետևյալ պահանջների (պարտավորությունների) խմբերի հերթականությամբ`
ա) սնանկացման գործի վարման հետ կապված դատական և այլ ծախսերի, այդ թվում` մրցութային վարույթի և մրցութային կառավարչի ծախսերի փոխհատուցումը.
բ) գրավով ապահովված պարտավորությունների կատարումը, այդ թվում` բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները բավարարվում են առաջին հերթին, գրավատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները բավարարվում են գրավը հաստատող փաստաթղթերում նշված գրավի արժեքին համապատասխան, իսկ սույն օրենքի 30 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում, երբ գրավի արժեքը չի նշված` դատարանի և գրավատուի համաձայնությամբ, բայց ոչ ավելի, քան համապատասխան պարտավորության արժեքը:
Եթե պարտավորության արժեքը գերազանցում է գրավի արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը ենթակա է բավարարման մրցութային պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:
Եթե գրավի արժեքը գերազանցում է պարտավորության արժեքը, ապա մնացորդը օգտագործվում է ըստ հերթականության հաջորդող պահանջների բավարարման նպատակով.
գ) պարտապանի վարձու աշխատողների վարձատրման, թոշակների և նպաստների վճարման հետ կապված այն պահանջների բավարարում, որոնք ծագել են մրցութային վարույթը հարուցվելուց առաջ երեք տարվա ընթացքում, ինչպես նաև աշխատանքից ազատված աշխատողներին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանած փոխհատուցման վճարումների իրականացում.
դ) սնանկացման գործի հարուցումից առաջ մեկ տարվա ընթացքում` պետական բյուջեի հանդեպ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումների կապակցությամբ ծագած պարտավորությունների կատարում.
ե) մրցութային պարտատերերի պահանջների բավարարում.
զ) սնանկ ճանաչված ընկերությունների վարձու աշխատող հանդիսացող բաժնետերերի (փայատերերի) պահանջների բավարարում.
է) պարտապանի սեփականատիրոջ (սեփականատերերի` առաջին հերթին վարձու աշխատող հանդիսացող) գույքային իրավունքների ապահովում.
ը) օրինական ճանաչված այլ պահանջների (այդ թվում` այն պահանջների, որոնք ներկայացվել են դրանց հաստատման համար նշված ժամկետը լրանալուց հետո) բավարարում:
3. Յուրաքանչյուր խմբի պահանջներ բավարարվում են միայն նախորդ խումբ պահանջների լրիվ բավարարումից հետո: Եթե նշված խմբի բոլոր պահանջների լրիվ բավարարման համար գույքի իրացումից ստացված դրամական միջոցների մնացորդը բավարար չէ, ապա այդ պահանջները բավարարվում են յուրաքանչյուր պահանջի գումարին համապատասխան:
4. Այն դեպքում, եթե սնանկ հայտարարված իրավաբանական անձը հանդիսանում է պետական մրցակցությամբ ձեռնարկություն, ապա բոլոր պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են հանրապետական )տեղական) բյուջե: Այդ միջոցների ծախսման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 34.
Պարտապանին պարտքերի վճարումից ազատ ճանաչելը
Սնանկացման վերաբերյալ գործի դատական քննությունն ավարտելու պահից դատարանը պարտապանին ազատված է հայտարարում չվճարված բոլոր պարտքերի վճարումից, որի պահից արգելվում է պարտապանի նկատմամբ դատական կարգով կատարվող ցանկացած հետապնդում` այդ պարտքերի հատուցման նպատակով:
Հոդված 35.
Մրցութային կառավարչի հաշվետվությունը
Պարտապանին բոլոր պարտքերից ազատ ճանաչելուց հետո մրցութային կառավարիչը դատարանին ներկայացնում է ամփոփիչ զեկուցում իր գործունեության մասին, պարտապանի լուծարման հաշվեկշիռը և պարտատերերի պահանջների բավարարումից մնացած միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը: Դատարանը հաստատում է մրցութային կառավարչի հաշվետվությունը և որոշում ընդունում մրցութային վարույթն ավարտելու մասին: Մրցութային վարույթն ավարտելուց հետո դատարանը մրցութային կառավարչին ազատում է իր պարտականությունների կատարումից: Դատարանը մրցութային վարույթն ավարտելու վերաբերյալ որոշում հրապարակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 36.
Պարտապանի վերակազմավորումը
1. Մրցութային վարույթում պարտապանի վերակազմավորման հիմք է հանդիսանում պարտապանի կամ մրցութային կառավարչի կողմից ներկայացված և պարտատերերի ժողովի (կոմիտեի) հավանությանն արժանացած վերակազմավորման նախագիծը:
2. Վերակազմավորման ընթացքում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը լրիվ գույքագրվում է` առանց դրա վերագնահատման: Ելնելով վերակազմավորման նախագծից իրականացվում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի մի մասի վաճառքը, պարտապան ձեռնարկության կառուցվածքի և գործունեության ուղղությունների փոփոխությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ ձեռնարկության կարգավիճակի փոփոխումը:
Հոդված 37.
Վերակազմավորման նախագիծը
1. Մրցութային վարույթը հարուցվելու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում պարտապանը իրավասու է ներկայացնել վերակազմավորման սեփական նախագիծ: Եթե պարտապանի կողմից ներկայացված վերակազմավորման նախագիծը չի արժանացել պարտատերերի ժողովի (կոմիտեի) հավանությանը կամ չի հաստատվել դատարանի կողմից կամ պարտապանը նշված ժամկետում վերակազմավորման նախագիծ չի ներկայացրել, ապա այդ նախագիծը ներկայացնելու իրավունքը փոխանցվում է մրցութային կառավարչին: Մրցութային կառավարիչն այդ նախագիծը դատարան և պարտատերերին կարող է ներկայացնել պարտապանի կողմից ներկայացված նախագիծը մերժվելու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում (սակայն ոչ ավելի, քան մրցութային վարույթ հարուցվելուց հետո երկու ամսվա ընթացքում):
2. Վերակազմավորման նախագիծը պետք է`
պարունակի լրիվ տեղեկություններ պարտապանի ֆինանսական վիճակի մասին.
առավելագույն չափով բավարարի պարտատերերի պահանջները.
հաշվի առնի աշխատատեղերի առավելագույն պահպանման հնարավորությունները.
ընդգրկի ձեռնարկության սնանկության վերացմանը (գույքագրում, գույքի մասի վաճառք, ձեռնարկության կառուցվածքի և գործունեության ոլորտների փոփոխություններ) ուղղված միջոցառումներ և սահմանի այդ միջոցառումների իրականացման ժամկետները.
ապահովի պարտապանի գործունեության հնարավորությունները դրա վերակազմավորումից հետո:
3. Պարտատերերի ժողովի (կոմիտեի) հավանությանն արժանացած նախագիծը հաստատվում է դատարանի կողմից: Նախագծի հետ չհամաձայնվող պարտատերերը կարող են գանգատարկել այն դատարանում:
4. Այն դեպքում, եթե վերակազմավորման նախագիծը սույն հոդվածում նշված ժամկետներում չի ներկայացվել պարտապանի կամ մրցութային կառավարչի կողմից կամ հավանության չի արժանացել պարտատերերի ժողովի (կոմիտեի) կողմից կամ չի հաստատվել դատարանի կողմից, ապա մրցութային վարույթն իրականացվում է պարտապանի լուծարման միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔ
Հոդված 38.
Հաշտության գործարքի կնքման պայմանները
Հաշտության գործարքը պարտապանի և պարտատերերի միջև կարող է կնքվել սնանկացման վերաբերյալ գործի վարույթի ցանկացած փուլում:
Հաշտության գործարք կարող է կնքվել պարտապանի այն պարտավորությունների վերաբերյալ, որոնք դասակարգված են սույն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ե», «զ», «է», «ը» ենթակետերում:
Հաշտության գործարք կնքելու ժամանակ վճարելիք հարկերի, տուրքերի, սոցիալական ապահովագրության վճարումների և բյուջե կատարվող այլ մուծումների հետաձգումը, տարաժամկետումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաշտության գործարք չի կարող կնքվել, եթե դատարանը հաստատել է կանխամտածված սնանկություն:
Հոդված 39.
Հաշտության գործարքի կնքումը
Հաշտության գործարքը համարվում է կնքված, եթե դրա օգտին է արտահայտվել ձայնի իրավունք ունեցող պարտատերերի առնվազն երկու երրորդը (ըստ հայցերի գումարի):
Հաշտության գործարքի կնքմանը դեմ քվեարկած պարտատերերի համար չեն կարող սահմանվել ավելի վատ պայմաններ, քան հաշտության գործարք կնքելուն կողմ քվեարկած պարտատերերի համար:
Հաշտության գործարքը ուժի մեջ է մտնում այն դատարանում հաստատվելու օրվանից:
Հոդված 40.
Հաշտության գործարքի քննարկումը դատարանում
1. Հաշտության գործարքի վերաբերյալ դատարանին դիմում տալու դեպքում պարտապանը պարտավոր է ներկայացնել հաշտության համաձայնագրի նախագիծ, ինչպես նաև ձեռնարկության հաշվեկշիռը և բոլոր այն պարտատերերի ցուցակը, որոնց պահանջների հիման վրա կնքվում է հաշտության գործարք, ինչպես նաև այն պարտատերերի ցուցակը որոնց, պահանջները հաշտության գործարքի առարկա չեն:
2. Հաշտության գործարքի քննության օրվա մասին դատարանը ծանուցում է շահագրգիռ կողմերին: Հրավիրված անձանց չներկայանալը չի խոչնդոտում գործի քննությանը:
3. Դատարանն իր նիստում պարտավոր է լսել հաշտության գործարքի դեմ առարկող յուրաքանչյուր պարտատիրոջ, եթե նույնիսկ պարտատերերի ժողովում նա քվեարկել է հօգուտ դրա ընդունման:
Պարտատերը կարող է գանգատարկել հաշտության գործարքը, եթե նա գտնում է, որ դրա կնքման ժամանակ խախտվել են օրենսդրության պահանջները կամ իր իրավունքներն ու օրինական շահերը:
4. Որպես հաշտության գործարք կնքելու արդյունք պարտատերերը պետք է ստանան փոխհատուցում ոչ պակաս, քան պարտքի գումարի 35 տոկոսի չափով:
Հաշտության գործարքի կնքման արդյունքում պարտքերի վճարումների ժամկետը ավելի քան մեկ տարով հետաձգելու դեպքում պարտքերը պետք է մարվեն ոչ պակաս, քան 40 տոկոսի չափով, իսկ եթե հետաձգման ժամկետն անցնում է 18 ամսից, ապա պարտատերերի պահանջների փոխհատուցման գումարը պետք է գերազանցի պարտքերի գումարի 50 տոկոսը:
5.Հաշտության գործարքը դատարանում հաստատվելու օրվանից, սնանկացման վերաբերյալ գործի վարույթը համարվում է ավարտված:
6. Հաշտության գործարքի կնքման մասին որոշումը դատարանը հրապարակում է մամուլում:
Հոդված 41.
Հաշտության գործարքն անվավեր ճանաչելը կամ դրա լուծումը
1. Հաշտության գործարքը կարող է դատարանի կողմից անվավեր ճանաչվել պարտատիրոջ (պարտատերերի) հայցի հիման վրա:
2. Հաշտության գործարքը կարող է լուծվել պարտատիրոջ (պարտատերերից մեկի) հայցի հիման վրա կողմերի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ հետևյալ դեպքերում`
պարտապանն իր գույքը սխալ է հաշվառել հաշվապահական հաշվեկշռում.
դրա կնքման ժամանակ խախտվել են օրենսդրության պահանջները և այլ անձանց իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերը.
չեն կատարվում հաշտության գործարքի պայմանները.
պարտապանի ֆինանսական դրությունը շարունակում է վատանալ.
պարտապանը այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք վնաս են հասցնում պարտատերերի իրավունքներին և նրանց օրինական շահերին:
Հաշտության գործարքը լուծելուց հետո դատարանը կրկին հարուցում է ձեռնարկության սնանկացման վերաբերյալ գործի վարույթ:
3. Հաշտության գործարքը լուծելու մասին որոշումը դատարանը հրապարակում է մամուլում:
4. Հաշտության գործարքը անվավեր ճանաչելու կամ լուծելու դեպքում, լիովին վերականգնվում են պարտատերերի չբավարարված այն պահանջները, որոնց վերաբերյալ վճարումների կատարումը հետաձգվել էր և (կամ) տարկետում էր տրվել, կամ պարտքերի վճարման զեղչ էր սահմանվել: Վերականգնվում են նաև պարտապան ձեռնարկության ֆինանսական բոլոր այն պարտավորությունները, որոնք գործել են մինչև հաշտության գործարք կնքելը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հոդված 42.
Պարտապանի անօրինական գործողությունները
1. Մինչև մրցութային վարույթ հարուցվելը պարտապանի անօրինական գործողություններ են համարվում այն գործողությունները, որոնք տանում են կանխամտածված սնանկացման:
2. Պարտապանի անօրինական գործողություններ են համարվում նաև այն գործողությունները, որոնք կատարվում են սնանկացման կանխատեսմամբ և վնաս են հասցնում բոլոր պարտատերերի կամ դրանց մի մասի շահերի, մասնավորապես`
պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը կամ դրա մի մասը կամ գույքային պարտավորությունները թաքցնելը.
պարտատիրոջ տնտեսական գործունեության իրականացման հետ կապված հաշվառման ցանկացած փաստաթուղթ կեղծելը, թաքցնելը կամ ոչնչացնելը.
հաշվապահական փաստաթղթերի մեջ անհրաժեշտ գրառում չկատարելը.
պարտապանի կողմից տարաժամկետ վճարումով ստացած և արժեքը դեռ չհատուցած գույքի ոչնչացումը, վաճառքը կամ գրավ դնելը:
3. Մրցութային վարույթը հարուցվելուց հետո պարտապանի անօրինական գործողություններ են համարվում`
սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունները.
պարտապանի գույքի փոխանցման մասին տեղեկությունները մրցութային կառավարչից թաքցնելը.
մրցութային կառավարչի պահանջով պարտապանի կողմից օգտագործվող կամ պահպանվող գույքի մասին տեղեկություններ չներկայացնելը.
պարտապանի կողմից մրցութային կառավարչին հաշվապահական փաստաթղթեր չներկայացնելը.
այն գործողությունները, որոնք ուղղված են նախկինում առաջացած պարտավորությունների վերաբերյալ առանձին պարտատերերի պահանջները ժամկետից շուտ բավարարելուն, եթե դրանք կատարվել են մեկ տարվա ընթացքում մինչև սնանկացման վերաբերյալ գործի վարույթ հարուցվելը և, դրանց կատարման պահին պարտապանը փաստորեն սնանկացած է եղել` անկախ վերոհիշյալ ժամկետից, և, եթե այդ գործողությունները կատարվել են պարտապանի կողմից այլ պարտատերերին վնաս հասցնելու մտադրությամբ, եթե պարտատերերը, որոնց օգտին կատարվել են նշված գործողությունները, տեղյակ են եղել պարտապանի այդ մտադրության մասին.
այն գործողությունները, որոնք ուղղված են այն առանձին պարտատերերի պահանջների բավարարմանը, որոնց պահանջների բավարարման ժամկետը լրացել է այն պահին, երբ ձեռնարկությունն արդեն փաստորեն սնանկ է եղել և կողմերը դրա մասին տեղյակ են եղել:
Սույն կետի դրույթները չեն տարածվում պարտապանի այն գործողությունների վրա, որոնք ուղղված են գրավառու պարտատերերի պահանջների բավարարմանը:
Այն դեպքերում, եթե սույն հոդվածի համաձայն պարտապանի գործողություններն անօրինական են ճանաչվում, ապա պարտատերը (պարտատերերը) պարտավոր է (են) մրցութային միջոցներին վերադարձնել այն ամենը, ինչ ստացվել է այդ գործողությունների կատարման արդյունքում, իսկ ստացվածը վերադարձնելու անհնարինության դեպքում` դրա արժեքը փոխհատուցելու դրամով:
Հոդված 43.
Պարտատիրոջ և այլ անձանց անօրինական գործողությունները
1. Պարտատերը համարվում է անօրինական գործողություն կատարած, եթե նա, գիտենալով ի վնաս այլ պարտատիրոջ (պարտատերերի) պահանջների գերադասելի բավարարման` պարտապանի մտադրության մասին, համաձայնվել է նման պահանջների բավարարմանը:
2. Ցանկացած այլ անձի գործողությունը համարվում է անօրինական, եթե նա, իմանալով պարտապանի հնարավոր սնանկացման մասին, կանխամտածված կերպով աջակցում է պարտապանի ողջ գույքի կամ դրա մի մասի թաքցնելուն:
Հոդված 44.
Անօրինական գործողությունների հետևանքները
Սույն օրենքի 42 և 43 հոդվածներում նախատեսված անօրինական գործողություններ կատարած անձինք ենթարկվում են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՐՏԱԴԱՏԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ
Հոդված 45.
Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների կատարման պայմանները
1. Պարտապանը կամ պարտատերը (պարտատերերը) սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու համար կարող են դատարան չդիմել, եթե պարտապանը հայտարարում է ֆինանսական պարտավորությունները կատարելու իր անընդունակության մասին և այդ մասին գրավոր հայտնում է յուրաքանչյուր պարտատիրոջը: Հաղորդման մեջ պետք է նշվեն ձեռնարկության անվանումը և այլ տվյալներ, ինչպես նաև պարտատերերի ժողովի անցկացման ժամկետն ու վայրը:
2. Պարտապանին սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների կարգը սահմանվում է կողմերի համաձայնությամբ: Պարտատերերի պահանջների բավարարման կարգն ու պայմանները սահմանվում են սնանկացման վերաբերյալ գործերի դատաքննության` սույն օրենքով նախատեսված կարգով և պայմաններով:
3. Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողություններն իրականացվում են պարտատերերի ժողովի կողմից:
4. Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների իրականացման մասին որոշումն ընդունվում է միաձայն ` պարտատերերի ժողովի կողմից և պարտապանի համաձայնությամբ:
5. Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների վերաբերյալ կողմերի տարաձայնության կամ պարտատերերի ժողովի կողմից, սույն օրենքով սահմանված կարգով, պահանջների բավարարման պայմանների և կարգի մասին որոշում ընդունելու անհնարինության դեպքում կողմերը կարող են դիմել դատարան:
Հոդված 46.
Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների արդյունքները
Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների արդյունքներն են`
պարտապանի և բոլոր պարտատերերի կամ նրանց մի մասի միջև պայմանավորվածությունը` պարտատերերին հասանելիք վճարումների հետաձգման և (կամ) տարկետման կամ պարտքերի վճարման զեղչ սահմանելու կամ պարտապան ձեռնարկության գործունեությունը շարունակելու վերաբերյալ.
պարտատերերի հսկողությամբ պարտապան ձեռնարկության կամավոր լուծարումը և սույն օրենքով սահմանված կարգով իր սնանկացման վերաբերյալ պարտապանի կողմից պաշտոնական հայտարարություն անելը:
Հոդված 47.
Պարտատերերի հսկողությամբ պարտապանի կամավոր լուծարումը
1. Պարտապանի կամավոր լուծարման և սնանկացման մասին պաշտոնական հայտարարության վերաբերյալ որոշումն ընդունվում է պարտապանի սեփականատիրոջ (սեփականատերերի), պարտապան ձեռնարկության ղեկավարության կողմից պարտատերերի հետ համատեղ, պարտապանի ֆինանսական դրության վերլուծության հիման վրա, որի արդյունքում պարզվել է, որ պարտապանը ի վիճակի չէ կատարելու իր պարտավորությունները և հնարավոր չէ վերականգնել նրա վճարունակությունը:
Կամավոր լուծարման մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պաշտոնական հայտարարությունը հրապարակելու պահից պարտապանը համարվում է լուծարման փուլում:
2. Մրցութային կառավարիչը նշանակվում է պարտատեր ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից:
Պարտատերերը իրավունք ունեն նշանակելու մրցութային նոր կառավարիչ` պարտապան ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից նշանակվածի փոխարեն:
Մրցութային կառավարիչն ի տնօրինություն է ընդունում պարտապանի գույքը և կառավարում այն իր նշանակման պահից: Ընդ որում, պարտապան ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) հեռացվում է պարտապան ձեռնարկության կառավարման պարտականությունների կատարումից:
Մրցութային կառավարչի պարտականությունների մեջ են մտնում` պարտատերերի ժողովների հրավիրումը, իր կողմից այդ ժողովներում պարտապան ձեռնարկության լուծարման ընթացքի մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնելը:
Մրցութային կառավարիչը կարող է իրականացնել նաև սույն օրենքի 24 և 25 հոդվածներով նախատեսված այլ լիազորություններ:
3. Մրցութային կառավարչի նշանակումից հետո պարտապանը իրավունք չունի իր գույքի հաշվին բավարարել պարտատերերի պահանջները` բացառությամբ գրավով ապահովված պահանջների:
Պարտապանը պարտավոր է մրցութային կառավարչի նշանակումից հետո յոթ օրվա ընթացքում նրան ներկայացնել հաշվապահական հաշվեկշիռ կամ դրան փոխարինող հաշվապահական այլ փաստաթղթեր: Մրցութային կառավարիչը պարտատերերի ժողով է հրավիրում պարտապան ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումն ընդունվելուց հետո 15 օրվա ընթացքում:
Պարտատերերի ժողովին ներկայացվում են` պարտապան ձեռնարկության հաշվապահական հաշվեկշիռը կամ դրան փոխարինող հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև պարտատերերի ցուցակը` վերջիններիս պահանջները գումարային արտահայտությամբ նշելով:
Պարտատերերի ժողովի իրավասությունը սահմանվում է սույն օրենքի 26 հոդվածի 3-րդ կետով:
4. Պարտապանի գույքի վաճառքի և պարտատերերի պահանջների բավարարման կարգը սահմանվում է սույն օրենքի 29-33 հոդվածներով:
5. Պարտապանի գույքի իրացումից և պարտատերերի միջև դրամական միջոցների բաշխումից հետո մրցութային կառավարիչը հրավիրում է պարտատերերի եզրափակիչ ժողով, որին մասնակցում է (են (պարտապան ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը): Մրցութային կառավարիչը ներկայացնում է եզրափակիչ հաշվետվություն: Ժողովը որոշում է ընդունում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած միջոցների օգտագործման մասին, հաստատում է լուծարման հաշվետվությունը և ձեռնարկության լուծարման մասին որոշումը:
6. Ձեռնարկությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռներեցի գործունեությունը` դադարած այն պահից, երբ այդ մասին գրանցում է կատարվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 48. Մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական դատարանի ձևավորումը` ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հետևյալ շրջանային (քաղաքային) ժողդատարանները.
ա) Երևան քաղաքի Էրեբունու շրջժողդատարանը` եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արարատի, Արտաշատի կամ Մասիսի շրջաններից որևէ մեկի տարածքում.
բ) Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջժողդատարանը եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Երևան քաղաքի Խորհրդային, Արաբկիրի, Սպանդարյանի, Շահումյանի, Շենգավիթի կամ Արմավիրի, Էջմիածնի կամ Բաղրամյանի շրջաններից որևէ մեկի տարածքում.
գ) Երևան քաղաքի Մաշտոցի շրջժողդատարանը` եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Աշտարակի, Ապարանի, Թալինի, Կոտայքի, Հրազդանի կամ Նաիրիի շրջաններից որևէ մեկի տարածքում.
դ) Վանաձորի քաղաքային ժողդատարանը` եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն քաղաքի կամ Գուգարքի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Թումանյանի կամ Արագածի շրջաններից որևէ մեկի տարածքում.
ե) Գյումրի քաղաքի Մոսկովյան շրջժողդատարանը` եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Գյումրի քաղաքի կամ Ախուրյանի, Արթիկի, Անիի, Ամասիայի կամ Աշոցքի շրջաններից որևէ մեկի տարածքում.
զ) Սևանի շրջժողդատարանը` եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Դիլիջան քաղաքի կամ Կամոյի, Մարտունու, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Տաուշի, Իջևանի կամ Նոյեմբերյանի շրջաններից որևէ մեկի տարածքում:
(լրաց. 23.10.95 թ օրենքով)
Հայաստանի Հանրապետության
ՆախագահԼ. Տեր-Պետրոսյան
15 հունիսի 1995 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-141