Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/2886/02/21

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/2886/02/21

Նախագահող դատավոր

 Հ Ենոքյան

Դատավորներ

 Ն. Մարգարյան

 Կ. Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա. Մկրտչյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) (հաճախորդ Ավետիս Ավետիսյան (այսուհետ՝ Հաճախորդ), երրորդ անձ Վիգեն Ներկարարյան և Հաշտարար)՝ Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը (այսուհետ նաև Որոշում):

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ջավախյան) 10.09.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.01.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.09.2021 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր որոշում՝ դիմումը բավարարելու մասին:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Կարինե Խաչատրյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը, 22-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նշելով, որ մինչ Հաշտարարին դիմելը Հաճախորդը պարտավոր էր Ընկերությանը ներկայացնել լրացուցիչ, ապա նաև կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշտարարին դիմելուց առաջ կատարման ենթակա միակ ընթացակարգային պահանջը կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացնելն է, որը Հաճախորդը կատարել է։ Առաջնային փորձաքննության իրականացումից հետո լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջ ներկայացնելը, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարին կամ դատարան դիմելը անձի իրավունքն է և վերջինս իր հայեցողությամբ է որոշում իր իրավունքների իրացման ծավալը: Ընդ որում՝ իրավական որոշակիության խնդիր նույնպես առկա չէ, քանի որ հստակ է, որ առաջնային փորձաքննությունից հետո անձը իր ցանկությամբ կարող է դիմել ինչպես Հաշտարարին կամ դատարան, այնպես էլ պահանջել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության անցկացում: Այսկերպ Վերաքննիչ դատարանը Հաճախորդի վրա դրել է օրենքով չսահմանված պարտականություն և զրկել նրան իր իրավունքի՝ արտադատական կարգով իրացման հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով, հետևաբար կրկնակի փորձաքննությունից հետո միայն Հաշտարարին դիմելու մասին եզրահանգում կատարելով՝ Վերաքննիչ դատարանը ապահովագրական հատուցումը մերժելու որոշումը Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի միջոցով բողոքարկելու իրավունքը գործնականում դարձրել է անհնարին և սահմանափակել արդյունավետությունը: Վերաքննիչ դատարանի մեկնաբանություններով վտանգվում է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի առաքելությունը:

Անհիմն են և գործի ելքի վրա որևէ ազդեցություն չունեն Վերաքննիչ դատարանի այն հետևությունները, որ բողոք-պահանջը չի համապատասխանել լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու պատվերի ձևաթղթին:

Դատարանի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանը քննարկել է այնպիսի հանգամանքներ, որոնք Դատարանում քննարկման առարկա չեն հանդիսացել: Մասնավորապես, Դատարանը վերոշարադրված հարցը քննարկման առարկա չի դարձրել, ուստի Վերաքննիչ դատարանը նույնպես չէր կարող ըստ էության անդրադարձ կատարել այդ հարցին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 10.09.2021 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 10.02.2021 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությամբ գույքին պատճառված վնասի չափը Ավետիս Ավետիսյանի կողմից վիճարկված չլինելու պարագայում այն Հաշտարարին բողոքարկելու հնարավորությունը բացակայում է:

Անհիմն է նաև բողոք բերած անձի այն հիմնավորումը, թե Վերաքննիչ դատարանը վտանգել է Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի արդյունավետությունը՝ ստեղծելով նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու խոչընդոտներ, քանի որ տվյալ դեպքում պետք էր պարզել այն հարցերը, թե արդյոք մինչ Հաշտարարին դիմելը Հաճախորդը պահպանել է օրենսդրությամբ ամրագրված պահանջները, եթե ոչ, ապա արդյոք դա հավասար է իրավունքի իրացումից հրաժարվելուն, և ապահովագրական ոլորտին առնչվող վեճեր քննելիս ի՞նչ իրավական ակտերով պետք է առաջնորդվի Հաշտարարը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը՝

1) Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունը պահանջել է Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով (ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ)` այն փաստարկներով, որ.

1.1. Հաշտարարը Որոշման հիմքում դրել է 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը, որն իրականացվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և ԱՊՊԱ կանոնների խախտմամբ, քանի որ ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման լրացուցիչ փորձաքննություն կարող է նշանակվել և իրականացվել մեկ անգամ,

1.2. Հաճախորդը չի բողոքարկել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը, ուստի Հաշտարարն իրավասու չէր կրկին իրականացնել փորձաքննություն, այլ կարող էր ներգրավել մասնագետների,

1.3. Հաշտարարը վերաբերելիության, արժանահավատության և վերաբերելիության տեսանկյունից չի գնահատել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը և 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը,

1.4. Որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Հաշտարարը չի պատճառաբանել, թե ինչու է հիմք ընդունել միայն 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը և այն դիտարկել հիմնավոր՝ այն դեպքում, երբ Ընկերությունը պահանջել է իրականացնել լրացուցիչ փորձաքննություն՝ կասկածի տակ դնելով նշված եզրակացությունը,

1.5. Հաշտարարը Որոշումը կայացնելիս խախտել է վիճելի իրավահարաբերությունը կարգավորող օրենքները և ԱՊՊԱ կանոնները, հաշվի չի առել ՀՀ օրենսդրությունը, գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները, ՀՀ դատարանների որոշումները, Հաշտարարի նախկինում կայացրած որոշումները:

Ընկերությունը դիմումում միաժամանակ նշել է Որոշումն ըստ էության վիճարկելու իր իրավունքի մասին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները (հատոր 2, գ.թ. 9-28):

2) Դատարանն արձանագրել է, որ Որոշման նյութաիրավական հիմնավորվածությանը չի անդրադառնում և դիմումը քննել է ընթացակարգային նորմերի խախտումներ թույլ տրված լինելու և Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների շրջանակներում (հատոր 3, գ.թ. 36-81):

3) Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել Որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքի վերաբերյալ Ընկերության հիմնավորումը, և քննել է դիմումում նշված նյութական նորմերի խախտումների մասին Ընկերության փաստարկները ևս, արդյունքում բեկանել և փոփոխել է Դատարանի 10.09.2021 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումն ու դիմումը բավարարել (դատական կազմում ներառված դատավոր Ն. Մարգարյանը հատուկ կարծիք է հայտնել) (հատոր 4, գ.թ. 54-67):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում ոչ լրիվ վերաքննության պայմաններում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի լիազորությունների իրականացման առանձնահատկություններին՝ այն հարցի տեսանկյունից, թե արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու է անդրադառնալ այն հարցերին կամ ապացույցներին, որոնք առաջին ատյանի դատարանում քննարկման և հետազոտման առարկա չեն դարձվել և դրանց հիման վրա կիրառել դատական ակտը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: (...):

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև մասնագիտացված դատարանները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող դատական համակարգի աստիճանակարգության պայմաններում վերադաս դատական ատյանների, մասնավորապես վերաքննիչ դատարանի, գոյությունը դատական ակտերի վերանայման և դատարանի որոշումների բողոքարկման իրավունքի իրացման կարևոր նախադրյալներից է: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի, որպես դատական ատյանի, սահմանադրաիրավական գործառութային խնդիրն առաջին ատյանի դատարանների դատական ակտերը վերանայելն ու այդ միջոցով ստորադաս դատարանի կողմից գործերի քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև կատարված դատավարական գործողությունների օրինականությունը ստուգելն է՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակում անդրադառնալով վերաքննիչ դատարանի դերին, արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի պարտադրում, որ պայմանավորվող պետությունները նախատեսեն վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, սակայն երբ կան այդպիսի դատարաններ, պետությունը պարտավորվում է ապահովել, որպեսզի այդ դատարաններ դիմումատուներն օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված հիմնարար երաշխիքներից (տե՛ս, Andrejeva-ն ընդդեմ Լատվիայի գործով ՄԻԵԴ-ի 18.02.2009 թվականի վճիռը, կետ 97)։ Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարաններում գործերի քննության նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման եղանակը կախված է քննության հատուկ առանձնահատկություններից, պետք է հաշվի առնվի ներպետական իրավական համակարգում քննության ամբողջականությունը, ինչպես նաև դրանում Վերաքննիչ դատարանի ունեցած դերը (տե՛ս, Helmers-ն ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ի 02.12.1991 թվականի վճիռը, կետ 31)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի գործառութային դերի հստակեցումը և դրանով պայմանավորված՝ դատավարական օրենքում համահունչ լիազորություններ նախատեսելը կարևոր են անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման, դատարանի մատչելիության, վերանայման արդյունավետության բարձրացման, դատավարության խնայողականության ու արագության և այդպիսով` գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու տեսանկյունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նշված նորմը կանխորոշում է դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու օբյեկտային սահմանը` նշելով, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը պարտավոր է վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում (բացառություն համարվող դեպքերը սահմանված են օրենքով), և միայն այն պահանջների մասով, որոնք առաջին ատյանի դատարանում քննվել և որոնց վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացրել։ Այսինքն՝ նախատեսված է առաջին ատյանի դատարանի դատական ակտը սահմանափակ՝ վերաքննիչ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների և առաջին ատյանի դատարանի կողմից քննված պահանջի սահմաններում վերանայելու վերաքննիչ դատարանի պարտականությունը, ինչը ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններից է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտի բողոքարկման հիմքերն են` նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:

Նշված նորմերից բխում է, որ վերաքննիչ բողոքում պարտադիր նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև իրավունքի այդ նորմերի խախտումների և գործի ելքի վրա դրանց ազդեցության մասին հիմնավորումները, որոնք վերաքննիչ դատարանի համար կանխորոշում են վերանայման օբյեկտային սահմանները: Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերաքննիչ դատարանը ստուգում է, թե արդյոք ստորադաս դատարանը տվյալ կոնկրետ գործով դատական ակտը կայացնելիս պահպանել է օրենքի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի պահանջները, թե ոչ։ Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանի գործառութային դերը նրանում է, որ որպես ոչ լրիվ վերաքննության կարգով դատական ակտի վերանայման գործառույթ իրականացնող երկրորդ ատյան, վերաքննիչ դատարանը ոչ թե իրականացնում է գործի ամբողջ ծավալով քննություն, այլ վերաքննիչ բողոքի սահմաններում ստուգում է բողոքարկված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, մասնավորապես թե ներկայացված պահանջների, հետազոտված ապացույցների, գործին մասնակցող անձանց փաստարկների և դիրքորոշումների շրջանակներում դատարանը կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ, թե ոչ: 

Թեև վերանայման օբյեկտային սահմանները պայմանավորված են վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, այդուհանդերձ վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ բողոքում ներկայացված պահանջով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 3-րդ մաս), և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով նախատեսված իր լիազորություններն իրացնում է դատական գործունեության նպատակահարմարությունից և արդարադատության արդյունավետությունից ելնելով: Այդուհանդերձ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված լիազորությունների կիրառությունը բացարձակ չէ և յուրաքանչյուր դեպքում ելակետ պետք է ընդունվեն դատական այդ ատյանի առջև դրված խնդիրները՝ ստորադաս դատական ատյանի կողմից քաղաքացիական գործերի ճիշտ քննության և լուծման ապահովումը:

Ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններով պայմանավորված են նաև վերաքննիչ դատարանի լիազորությունները, քանի որ դրանք նախևառաջ պայմանավորված են դատական այդ ատյանի գործառութային դերով: Վերաքննիչ դատարանի գործառութային լիազորություններն առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտերը վերանայելու միջոցով բացահայտված սխալներին և իրավունքի նորմերի խախտումներին արձագանքելու՝ վերաքննիչ դատարանի իրավունքների և պարտականությունների համակցությունն են: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` (...) 3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վճիռը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, 4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, 5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. (...):

Շարադրվածից հետևում է, որ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու դեպքում, ի թիվս այլնի, վերաքննիչ դատարանը կա՛մ գործն ուղարկում է նոր քննության՝ սահմանելով դրա ծավալը, կա՛մ փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հաստատել նոր փաստ կամ չհաստատված համարել հաստատված փաստը, առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը փոփոխելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է բացառապես առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների և հաստատած փաստական հանգամանքների հիման վրա նման ակտ կայացնելու հնարավորությամբ, քանի որ վերաքննիչ դատարանը ստուգում է դրանց կապակցությամբ առաջին ատյանի դատարանի հետևությունները և դատական սխալի դեպքում փոփոխում դրանք, և ոչ թե իրականացնում գործի լրիվ ծավալով քննություն՝ քննարկման առարկա դարձնելով նոր փաստարկներ և հետազոտելով նոր ապացույցներ: Նորմում կիրառված «փոփոխել» եզրույթն ինքնին ենթադրում է վերանայվող դատական ակտում առկա պատճառաբանությունը և/կամ փաստը փոփոխության ենթարկելու, այլ ոչ թե ամբողջությամբ նոր հանգամանքներ քննարկելու միջոցով դատական ակտ կայացնելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակով սահմանափակելով օրենսդիրը նպատակ է ունեցել կանխելու վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների գործառութային տարբերությունն ու տրամաբանական բնույթը և երաշխավորելու գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Հետևաբար` վերաքննության փուլում չպետք է իրականացվեն դատական ակտի վերանայման օբյեկտային սահմաններից դուրս դատավարական գործողություններ և դրանցով պայմանավորված՝ կիրառվեն դատավարական ներգործության միջոցներ: Մասնավորապես, վերաքննության փուլում անդրադարձ չի կարող կատարվել այնպիսի հանգամանքների կամ ապացույցների, որոնք առաջին ատյանի դատարանում քննության և հետազոտման առարկա չեն դարձվել, հակառակ դեպքերում վերաքննիչ դատարանը կգործի որպես դրանք քննող առաջին ատյանի դատարան և ոչ թե դրանց կապակցությամբ ստորադաս դատարանի պատճառաբանությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգող վերադաս դատարան:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակներով (դիրքորոշումներ, փաստարկներ, ապացույցներ և այլն) սահմանափակված լինելը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասից և 379-րդ հոդվածի 5-րդ մասից: Մասնավորապես, գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներում որևէ ապացույց կամ դիրքորոշում հայտնած չլինելու մասին վերաքննիչ բողոքի փաստարկը հիմնավորված համարելու դեպքում դատական ակտը ցանկացած դեպքում բեկանվում, իսկ գործն ուղարկվում է դրանց հաշվառմամբ նոր քննության: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը չի կրում նոր ապացույցներ հետազոտելու և դիրքորոշումներ քննելու պարտականություն, այլ գործի քննության նոր ծավալ սահմանելու միջոցով ցուցում է տալիս ստորադաս դատարանին դրանք քննելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով, որ բացառվում է այնպիսի հանգամանքների կամ փաստերի մասով ստուգում իրականացնելու հնարավորությունը, որոնք ստորադաս դատարանում առկա չեն եղել ու չեն քննարկվել: Նույնպիսի տրամաբանություն ունեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 4-րդ մասն ու 379-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը ևս, որոնք վերաքննիչ դատարանին վերապահում են որևէ փաստ հաստատված համարել կամ չհամարել միայն ստորադաս դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա, իսկ նոր ապացույցի հետազոտում թույլատրում են այնքանով, որքանով դա անհրաժեշտ է բացահայտելու գործի քննության համար էական նշանակություն ունենալու հանգամանքը:

Վերոշարադրյալից ելնելով Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ եթե վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանքի կամ ապացույցի մասով քննություն չի իրականացվել, բայց պետք է իրականացվեր, ապա բացակայում է վերաքննության օբյեկտը՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ հանգամանքի կամ ապացույցի մասին պատճառաբանություններ պարունակող դատական ակտը, ուստի վերաքննիչ դատարանը ոչ թե պետք է կիրառի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը, այլ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը: Ընդ որում, գործը նոր քննության ուղարկելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է որոշմամբ սահմանել գործի նոր քննության ծավալը, որը հանդիսանում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանին տրված ցուցում այն մասին, թե գործի նոր քննության ժամանակ ինչպիսի հարցեր պետք է քննարկվեն և/կամ ինչպիսի դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Այսինքն՝ գործի նոր քննության ծավալ սահմանելն իրավական այն գործիքն է, որը կիրառում է վերաքննիչ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող, բայց չքննարկված կամ չհետազոտված, հանգամանքների կամ ապացույցների վրա առաջին ատյանի դատարանի ուշադրությունը սևեռելու և գործի նոր քննության ժամանակ դրանք քննելու ու հետազոտելու պարտականություն դնելու համար:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով՝ Հաշտարարը Որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ և բացահայտվել են Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ: Ընդ որում, դիմումի հիմքում դրվել են ինչպես ընթացակարգային նորմերի, այնպես էլ նյութաիրավական բնույթի խախտումների մասին փաստարկներ (տե՛ս փաստ 1), և Ընկերությունը դիմումում նշել է Որոշումն ըստ էության վիճարկելու իր իրավունքի մասին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները:

Դատարանը 10.09.2021 թվականի որոշմամբ նախ արձանագրել է, որ «(…) դիմող «ՌԵՍՈ» ԱՓԲ ընկերության կողմից, որպես «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ որոշում կայացրած լինելու փաստական հիմքում վկայակոչված հանգամանքներն, ինքնին վերաբերում են ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման նյութաիրավական հիմնավորվածությանը, որի վերաբերյալ, ինչպես արդեն իսկ վերոշարադրյալում արձանագրվեց, սույն դեպքում դատարանը չի կարող քննություն իրականացնել, ուստի դատարանը գտնում է, որ «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը սույն դեպքում առկա չէ: (…)»:

Այնուհետև Դատարանն ընթացակարգային նորմերի շրջանակներում քննարկել է Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու և Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դիմում նշված փաստարկները, դրանք են՝

1. Հաշտարարը վերաբերելիության, արժանահավատության և վերաբերելիության տեսանկյունից չի գնահատել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը և 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը,

2. Որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Հաշտարարը չի պատճառաբանել, թե ինչու է հիմք ընդունել միայն 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը և այն դիտարկել հիմնավոր՝ այն դեպքում, երբ Ընկերությունը պահանջել է իրականացնել լրացուցիչ փորձաքննություն՝ կասկածի տակ դնելով նշված եզրակացությունը:

Դատարանը հանգել է համապատասխանաբար հետևյալ եզրակացություններին.

Ներմուծեք նկարագրությունը_1371 «(…) թե՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով, և թե՝ պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների 25-րդ և 84-րդ հոդվածներով սահմանված է, որ պահանջի քննությանը կարող է ներգրավվել համապատասխան որակավորում կամ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետ: Այսինքն` Հաշտարարը հաճախորդի դիմում-բողոքը ստանալուց հետո իրավասու է եղել բողոքի քննության ընթացքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավել մասնագետի, նշանակել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ առաջնային փորձաքննություն և ստանալ եզրակացություն: Տվյալ դեպքում, Հաշտարարը պահանջի քննության ընթացքում, նկատի ունենալով, որ անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքներ, ներգրավել է «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին՝ առաջադրելով հարցեր, և ստացել է թիվ Ֆ21 0451 ԱՏ եզրակացությունը: Այսինքն` վերոգրյալից պարզ է դառնում, որ Հաշտարարը գործել է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և ընթացակարգային որևէ խախտում թույլ չի տվել, հետևաբար՝ վերջինիս որոշումը չի կայացվել ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ: (…)»:

Ներմուծեք նկարագրությունը_1371 «(…) անաչառությունը իրականության մեջ դրսևորվում է գործը լրիվ և բազմակողմանի չքննելու, քննության արդյունքում այնպիսի որոշման կայացում, որը չի բխում օրենսդրական նորմերից և գործում հետազոտված փաստերից: (…) վերոնշյալ և գործում առկա այլ փաստերը չեն վկայում Հաշտարարի անաչառության բացակայության մասին, քանի որ ինչպես սուբյեկտիվ մոտեցմամբ, այնպես էլ օբյեկտիվ մոտեցմամբ չի հիմնավորվում Հաշտարարի մոտ անձնական կանխակալ և կողմնակալ վերաբերմունքի, ինչպես նաև վարույթի մյուս մասնակիցների հետ ունեցած աստիճանակարգային կամ մյուս կապերի առկայությունը, որոնք կարող են հիմնավորել Հաշտարարի անաչառության հետ կապված մտավախությունները: Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ հաշտարարի կողմից օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում պահանջի պատշաճ քննություն իրականացնելը, գործի հանգամանքները պարզելը և արդյունքում՝ գնահատողական դատողություններ ներկայացնելը չի կարող դիտվել հաշտարարի աչառությունը վկայող հանգամանք: (…)»:

Դատարանն արձանագրել է, որ բացակայում են «ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար՝ Վազգեն Մանուկյանի 03.06.2021 թ-ին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքերը» և մերժել Ընկերության դիմումը:

Վերաքննիչ դատարանը, 21.01.2022 թվականի որոշմամբ «հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 08.12.2020թ. թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը», արձանագրել է, որ «սույն դեպքում բողոքաբերի փաստարկները ենթակա են դիտարկման նաև ըստ էության»։

Այնուհետև «անդրադառնալով նյութական նորմերի խախտման, (…) վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին»` Վերաքննիչ դատարանը քննել է Հաշտարարի կողմից փորձաքննություն նշանակելու ոչ իրավաչափության և Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու իրավասության հարցերը՝ անդրադառնալով նաև նյութական իրավունքի նորմերին և վերլուծելով կարգավորումները:

Մասնավորապես, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմեր վերլուծելու արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «ապահովագրական պատահարի հետևանքով տուժողի փաստացի կրած վնասների հատուցման պահանջի շրջանակներում դատարանում նշված պայմանների պարզման նպատակով այլ ապացույցների ներգրավումն անթույլատրելի է, քանի որ այդպիսիք պետք է պարզվեն և հաստատվեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով:»: Այնուհետև հաստատելով, որ «Հաճախորդը թիվ 0308-21 եզրակացությունը չի բողոքարկել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, որի հիմքով էլ վերջինս վերը նշված իրավակարգավորումների համաձայն այն հաշտարարի միջոցով վիճարկելու իրավունքը չի ունեցել։», Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «հաճախորդը վնասի հատուցման չափը վիճարկելու իրավունք «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերը սպառելուց հետո միայն այն կարող էր բողոքարկել հաշտարարին դիմում ներկայացնելու միջոցով կամ դատական կարգով, ինչը, սակայն չի իրականացրել, հետևաբար Հաշտարարն այդ մասով քննություն իրականացնելու իրավական հնարավորություն ևս չի ունեցել և այդ հիմքով ներկայացված դիմումը բավարարվել չէր կարող։»:

Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու կամ փորձաքննություն նշանակելու իրավասության հարցի քննարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը համադրել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020թ. թիվ 11/20 որոշմամբ հաստատված «Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոններ» հավելված 1-ով սահմանված կանոնները (այսուհետ՝ Կանոններ) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների հետ, և նշել, որ «յուրաքանչյուր դեպքում Հաշտարարը պետք է պարզի՝ արդյո՞ք հաճախորդը պահպանել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշումների բողոքարկման ընթացակարգը, թե ոչ, որից հետո միայն որոշի որոշ ընթացակարգային նորմերի կիրառման անհրաժեշտությունը։»:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Հաշտարարը փորձաքննություն նշանակելու իրավասություն չուներ այն համատեքստում, որ ոչ թե վերջինս առհասարակ նման լիազորություն չունի, այլ յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի արդյո՞ք հաճախորդը վիճարկվող եզրակացությունը, ըստ այդմ նաև՝ վնասի չափը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով բողոքարկել է թե ոչ, որից հետո միայն օգտվելով իր լիազորություններից գործին ներգրավվի մասնագետների։ Ինչը, սակայն, տվյալ դեպքում չի կատարվել։»:

Ի վերջո արձանագրելով, որ «բողոքարկված որոշմամբ Դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության՝ ներկայացված փաստարկները գնահատելով միայն որպես Հաշտարարի անաչառության հիմքում ընկած հանգամանքները, քանի որ դրանցում ներկայացված փաստարկներով, ըստ էության, հիմնավորվել է, որ Հաշտարարը կայացված որոշմամբ թույլ է տվել նյութական նորմերի և ընթացակարգային կանոնների խախտումներ», Վերաքննիչ դատարանը վերացրել է բողոքարկված որոշումն ու կայացրել դիմումը բավարարելու մասին նոր դատական ակտ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Որոշումը նաև դրա նյութաիրավական հիմնավորվածության տեսանկյունից քննարկման ենթակա լինելու վերաբերյալ իրավաչափ հետևության հանգելով հանդերձ, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է այնպիսի հանգամանքների, որպիսիք ստորադաս դատարանում քննարկման առարկա չեն դարձվել: Մասնավորապես, մասնագետ ներգրավելու և փորձաքննություն նշանակելու Հաշտարարի իրավասության հարցը Վերաքննիչ դատարանը գնահատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և Կանոններով սահմանված կարգավորումների շրջանակներում՝ անդրադառնալով Հաճախորդի կողմից թիվ 0308-21 եզրակացությունը բողոքարկված չլինելու, այն Հաշտարարի միջոցով վիճարկելու Հաճախորդի իրավունքի բացակայության և նույն իրավակարգավորումների շրջանակում Հաշտարարի կողմից նոր փորձաքննություն նշանակելու հարցերին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության դիմումը, համապատասխանաբար դրանում ներկայացված՝ Հաշտարարի անաչառության վերաբերյալ փաստարկները, Դատարանը քննարկել է միայն ընթացակարգային նորմերի շրջանակում, որպիսի պայմաններում չի անդրադարձել նյութական իրավունքի՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նորմերով Հաճախորդի կողմից թիվ 0308-21 եզրակացությունը բողոքարկված լինելու կամ չլինելու, մասնագետ ներգրավելուց առաջ նշված հանգամանքը Հաշտարարի կողմից գնահատված չլինելու հարցերին: Տվյալ դեպքում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի և Կանոնների վկայակոչմամբ Դատարանն արձանագրել է մասնագետ ներգրավելու Հաշտարարի իրավունքի առկայությունը, իսկ փորձագիտական եզրակացությունները դրանց արժանահավատության և վերաբերելիության տեսանկյունից գնահատված, իսկ Որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չլինելու վերաբերյալ Ընկերության փաստարկները չի համարել Հաշտարարի մոտ անձնական կանխակալ և կողմնակալ վերաբերմունքի առկայությունը հաստատելու համար բավարար:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքներն ու դուրս է եկել Դատարանում իրականացված գործի քննության ծավալից՝ արդյունքում ոչ թե ստուգելով Դատարանի պատճառաբանությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, այլ գործելով որպես առաջին ատյանի դատարան՝ քննարկել է այնպիսի հանգամանքներ, որոնք ստորադաս դատարանում քննության առարկա չեն դարձել: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը փոփոխել է դատական ակտը՝ անտեսելով, որ բացակայում են այդ լիազորությունը կիրառելու հիմքերը: Որոշման նյութաիրավական հիմնավորվածության մասին դիմումում նշված պահանջները Դատարանում քննության առարկա դարձված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է գործն ուղարկեր նոր քննության՝ սահմանելով դիմումում բարձրացված հարցերը նաև նյութաիրավական նորմերի շրջանակում քննարկելու մասին նոր ծավալ:

Շարադրված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի խախտման կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը հանգել է Հաշտարարի Որոշումը նաև ըստ էության վիճարկելու Ընկերության իրավունքի առկայության վերաբերյալ իրավաչափ հետևության, իսկ նյութաիրավական հիմնավորվածության մասով Ընկերության դիմումի փաստարկներն առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության: Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Հաշտարարի բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշումը բեկանվում է և գործն ուղարկվում է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՏԴ/2886/02/21 քաղաքացիական գործով 24․03․2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

24․03․2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) (հաճախորդ Ավետիս Ավետիսյան (այսուհետ՝ Հաճախորդ), երրորդ անձ Վիգեն Ներկարարյան և Հաշտարար)՝ Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը (այսուհետ նաև Որոշում):

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ջավախյան) 10.09.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.01.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.09.2021 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր որոշում՝ դիմումը բավարարելու մասին:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Կարինե Խաչատրյան)»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը, 22-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նշելով, որ մինչ Հաշտարարին դիմելը Հաճախորդը պարտավոր էր Ընկերությանը ներկայացնել լրացուցիչ, ապա նաև կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշտարարին դիմելուց առաջ կատարման ենթակա միակ ընթացակարգային պահանջը կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացնելն է, որը Հաճախորդը կատարել է։ Առաջնային փորձաքննության իրականացումից հետո լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջ ներկայացնելը, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարին կամ դատարան դիմելը անձի իրավունքն է և վերջինս իր հայեցողությամբ է որոշում իր իրավունքների իրացման ծավալը: Ընդ որում՝ իրավական որոշակիության խնդիր նույնպես առկա չէ, քանի որ հստակ է, որ առաջնային փորձաքննությունից հետո անձը իր ցանկությամբ կարող է դիմել ինչպես Հաշտարարին կամ դատարան, այնպես էլ պահանջել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության անցկացում: Այսկերպ Վերաքննիչ դատարանը Հաճախորդի վրա դրել է օրենքով չսահմանված պարտականություն և զրկել նրան իր իրավունքի՝ արտադատական կարգով իրացման հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով, հետևաբար կրկնակի փորձաքննությունից հետո միայն Հաշտարարին դիմելու մասին եզրահանգում կատարելով՝ Վերաքննիչ դատարանը ապահովագրական հատուցումը մերժելու որոշումը Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի միջոցով բողոքարկելու իրավունքը գործնականում դարձրել է անհնարին և սահմանափակել արդյունավետությունը: Վերաքննիչ դատարանի մեկնաբանություններով վտանգվում է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի առաքելությունը:

Անհիմն են և գործի ելքի վրա որևէ ազդեցություն չունեն Վերաքննիչ դատարանի այն հետևությունները, որ բողոք-պահանջը չի համապատասխանել լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու պատվերի ձևաթղթին:

Դատարանի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանը քննարկել է այնպիսի հանգամանքներ, որոնք Դատարանում քննարկման առարկա չեն հանդիսացել: Մասնավորապես, Դատարանը վերոշարադրված հարցը քննարկման առարկա չի դարձրել, ուստի Վերաքննիչ դատարանը նույնպես չէր կարող ըստ էության անդրադարձ կատարել այդ հարցին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 10.09.2021 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 10.02.2021 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությամբ գույքին պատճառված վնասի չափը Ավետիս Ավետիսյանի կողմից վիճարկված չլինելու պարագայում այն Հաշտարարին բողոքարկելու հնարավորությունը բացակայում է:

Անհիմն է նաև բողոք բերած անձի այն հիմնավորումը, թե Վերաքննիչ դատարանը վտանգել է Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի արդյունավետությունը՝ ստեղծելով նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու խոչընդոտներ, քանի որ տվյալ դեպքում պետք էր պարզել այն հարցերը, թե արդյոք մինչ Հաշտարարին դիմելը Հաճախորդը պահպանել է օրենսդրությամբ ամրագրված պահանջները, եթե ոչ, ապա արդյոք դա հավասար է իրավունքի իրացումից հրաժարվելուն, և ապահովագրական ոլորտին առնչվող վեճեր քննելիս ի՞նչ իրավական ակտերով պետք է առաջնորդվի Հաշտարարը»։

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը՝

1) Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունը պահանջել է Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով (ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ)` այն փաստարկներով, որ.

1.1. Հաշտարարը Որոշման հիմքում դրել է 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը, որն իրականացվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և ԱՊՊԱ կանոնների խախտմամբ, քանի որ ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման լրացուցիչ փորձաքննություն կարող է նշանակվել և իրականացվել մեկ անգամ,

1.2. Հաճախորդը չի բողոքարկել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը, ուստի Հաշտարարն իրավասու չէր կրկին իրականացնել փորձաքննություն, այլ կարող էր ներգրավել մասնագետների,

1.3. Հաշտարարը վերաբերելիության, արժանահավատության և վերաբերելիության տեսանկյունից չի գնահատել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը և 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը,

1.4. Որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Հաշտարարը չի պատճառաբանել, թե ինչու է հիմք ընդունել միայն 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը և այն դիտարկել հիմնավոր՝ այն դեպքում, երբ Ընկերությունը պահանջել է իրականացնել լրացուցիչ փորձաքննություն՝ կասկածի տակ դնելով նշված եզրակացությունը,

1.5. Հաշտարարը Որոշումը կայացնելիս խախտել է վիճելի իրավահարաբերությունը կարգավորող օրենքները և ԱՊՊԱ կանոնները, հաշվի չի առել ՀՀ օրենսդրությունը, գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները, ՀՀ դատարանների որոշումները, Հաշտարարի նախկինում կայացրած որոշումները:

Ընկերությունը դիմումում միաժամանակ նշել է Որոշումն ըստ էության վիճարկելու իր իրավունքի մասին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները (հատոր 2, գ.թ. 9-28):

2) Դատարանն արձանագրել է, որ Որոշման նյութաիրավական հիմնավորվածությանը չի անդրադառնում և դիմումը քննել է ընթացակարգային նորմերի խախտումներ թույլ տրված լինելու և Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների շրջանակներում (հատոր 3, գ.թ. 36-81):

3) Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել Որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքի վերաբերյալ Ընկերության հիմնավորումը, և քննել է դիմումում նշված նյութական նորմերի խախտումների մասին Ընկերության փաստարկները ևս, արդյունքում բեկանել և փոփոխել է Դատարանի 10.09.2021 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումն ու դիմումը բավարարել (դատական կազմում ներառված դատավոր Ն. Մարգարյանը հատուկ կարծիք է հայտնել) (հատոր 4, գ.թ. 54-67)»։

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում ոչ լրիվ վերաքննության պայմաններում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի լիազորությունների իրականացման առանձնահատկություններին՝ այն հարցի տեսանկյունից, թե արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու է անդրադառնալ այն հարցերին կամ ապացույցներին, որոնք առաջին ատյանի դատարանում քննարկման և հետազոտման առարկա չեն դարձվել և դրանց հիման վրա կիրառել դատական ակտը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: (...):

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև մասնագիտացված դատարանները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող դատական համակարգի աստիճանակարգության պայմաններում վերադաս դատական ատյանների, մասնավորապես վերաքննիչ դատարանի, գոյությունը դատական ակտերի վերանայման և դատարանի որոշումների բողոքարկման իրավունքի իրացման կարևոր նախադրյալներից է: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի, որպես դատական ատյանի, սահմանադրաիրավական գործառութային խնդիրն առաջին ատյանի դատարանների դատական ակտերը վերանայելն ու այդ միջոցով ստորադաս դատարանի կողմից գործերի քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև կատարված դատավարական գործողությունների օրինականությունը ստուգելն է՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակում անդրադառնալով վերաքննիչ դատարանի դերին, արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի պարտադրում, որ պայմանավորվող պետությունները նախատեսեն վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, սակայն երբ կան այդպիսի դատարաններ, պետությունը պարտավորվում է ապահովել, որպեսզի այդ դատարաններ դիմումատուներն օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված հիմնարար երաշխիքներից (տե՛ս, Andrejeva-ն ընդդեմ Լատվիայի գործով ՄԻԵԴ-ի 18.02.2009 թվականի վճիռը, կետ 97)։ Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարաններում գործերի քննության նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման եղանակը կախված է քննության հատուկ առանձնահատկություններից, պետք է հաշվի առնվի ներպետական իրավական համակարգում քննության ամբողջականությունը, ինչպես նաև դրանում Վերաքննիչ դատարանի ունեցած դերը (տե՛ս, Helmers-ն ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ի 02.12.1991 թվականի վճիռը, կետ 31)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի գործառութային դերի հստակեցումը և դրանով պայմանավորված՝ դատավարական օրենքում համահունչ լիազորություններ նախատեսելը կարևոր են անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման, դատարանի մատչելիության, վերանայման արդյունավետության բարձրացման, դատավարության խնայողականության ու արագության և այդպիսով` գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու տեսանկյունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նշված նորմը կանխորոշում է դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու օբյեկտային սահմանը` նշելով, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը պարտավոր է վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում (բացառություն համարվող դեպքերը սահմանված են օրենքով), և միայն այն պահանջների մասով, որոնք առաջին ատյանի դատարանում քննվել և որոնց վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացրել։ Այսինքն՝ նախատեսված է առաջին ատյանի դատարանի դատական ակտը սահմանափակ՝ վերաքննիչ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների և առաջին ատյանի դատարանի կողմից քննված պահանջի սահմաններում վերանայելու վերաքննիչ դատարանի պարտականությունը, ինչը ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններից է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտի բողոքարկման հիմքերն են` նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:

Նշված նորմերից բխում է, որ վերաքննիչ բողոքում պարտադիր նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև իրավունքի այդ նորմերի խախտումների և գործի ելքի վրա դրանց ազդեցության մասին հիմնավորումները, որոնք վերաքննիչ դատարանի համար կանխորոշում են վերանայման օբյեկտային սահմանները: Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերաքննիչ դատարանը ստուգում է, թե արդյոք ստորադաս դատարանը տվյալ կոնկրետ գործով դատական ակտը կայացնելիս պահպանել է օրենքի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի պահանջները, թե ոչ։ Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանի գործառութային դերը նրանում է, որ որպես ոչ լրիվ վերաքննության կարգով դատական ակտի վերանայման գործառույթ իրականացնող երկրորդ ատյան, վերաքննիչ դատարանը ոչ թե իրականացնում է գործի ամբողջ ծավալով քննություն, այլ վերաքննիչ բողոքի սահմաններում ստուգում է բողոքարկված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, մասնավորապես թե ներկայացված պահանջների, հետազոտված ապացույցների, գործին մասնակցող անձանց փաստարկների և դիրքորոշումների շրջանակներում դատարանը կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ, թե ոչ: 

Թեև վերանայման օբյեկտային սահմանները պայմանավորված են վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, այդուհանդերձ վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ բողոքում ներկայացված պահանջով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 3-րդ մաս), և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով նախատեսված իր լիազորություններն իրացնում է դատական գործունեության նպատակահարմարությունից և արդարադատության արդյունավետությունից ելնելով: Այդուհանդերձ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված լիազորությունների կիրառությունը բացարձակ չէ և յուրաքանչյուր դեպքում ելակետ պետք է ընդունվեն դատական այդ ատյանի առջև դրված խնդիրները՝ ստորադաս դատական ատյանի կողմից քաղաքացիական գործերի ճիշտ քննության և լուծման ապահովումը:

Ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններով պայմանավորված են նաև վերաքննիչ դատարանի լիազորությունները, քանի որ դրանք նախևառաջ պայմանավորված են դատական այդ ատյանի գործառութային դերով: Վերաքննիչ դատարանի գործառութային լիազորություններն առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտերը վերանայելու միջոցով բացահայտված սխալներին և իրավունքի նորմերի խախտումներին արձագանքելու՝ վերաքննիչ դատարանի իրավունքների և պարտականությունների համակցությունն են: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` (...) 3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վճիռը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, 4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, 5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ. (...):

Շարադրվածից հետևում է, որ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու դեպքում, ի թիվս այլնի, վերաքննիչ դատարանը կա՛մ գործն ուղարկում է նոր քննության՝ սահմանելով դրա ծավալը, կա՛մ փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հաստատել նոր փաստ կամ չհաստատված համարել հաստատված փաստը, առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը փոփոխելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է բացառապես առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների և հաստատած փաստական հանգամանքների հիման վրա նման ակտ կայացնելու հնարավորությամբ, քանի որ վերաքննիչ դատարանը ստուգում է դրանց կապակցությամբ առաջին ատյանի դատարանի հետևությունները և դատական սխալի դեպքում փոփոխում դրանք, և ոչ թե իրականացնում գործի լրիվ ծավալով քննություն՝ քննարկման առարկա դարձնելով նոր փաստարկներ և հետազոտելով նոր ապացույցներ: Նորմում կիրառված «փոփոխել» եզրույթն ինքնին ենթադրում է վերանայվող դատական ակտում առկա պատճառաբանությունը և/կամ փաստը փոփոխության ենթարկելու, այլ ոչ թե ամբողջությամբ նոր հանգամանքներ քննարկելու միջոցով դատական ակտ կայացնելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակով սահմանափակելով օրենսդիրը նպատակ է ունեցել կանխելու վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների գործառութային տարբերությունն ու տրամաբանական բնույթը և երաշխավորելու գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Հետևաբար` վերաքննության փուլում չպետք է իրականացվեն դատական ակտի վերանայման օբյեկտային սահմաններից դուրս դատավարական գործողություններ և դրանցով պայմանավորված՝ կիրառվեն դատավարական ներգործության միջոցներ: Մասնավորապես, վերաքննության փուլում անդրադարձ չի կարող կատարվել այնպիսի հանգամանքների կամ ապացույցների, որոնք առաջին ատյանի դատարանում քննության և հետազոտման առարկա չեն դարձվել, հակառակ դեպքերում վերաքննիչ դատարանը կգործի որպես դրանք քննող առաջին ատյանի դատարան և ոչ թե դրանց կապակցությամբ ստորադաս դատարանի պատճառաբանությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգող վերադաս դատարան:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակներով (դիրքորոշումներ, փաստարկներ, ապացույցներ և այլն) սահմանափակված լինելը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասից և 379-րդ հոդվածի 5-րդ մասից: Մասնավորապես, գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներում որևէ ապացույց կամ դիրքորոշում հայտնած չլինելու մասին վերաքննիչ բողոքի փաստարկը հիմնավորված համարելու դեպքում դատական ակտը ցանկացած դեպքում բեկանվում, իսկ գործն ուղարկվում է դրանց հաշվառմամբ նոր քննության: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը չի կրում նոր ապացույցներ հետազոտելու և դիրքորոշումներ քննելու պարտականություն, այլ գործի քննության նոր ծավալ սահմանելու միջոցով ցուցում է տալիս ստորադաս դատարանին դրանք քննելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով, որ բացառվում է այնպիսի հանգամանքների կամ փաստերի մասով ստուգում իրականացնելու հնարավորությունը, որոնք ստորադաս դատարանում առկա չեն եղել ու չեն քննարկվել: Նույնպիսի տրամաբանություն ունեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 4-րդ մասն ու 379-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը ևս, որոնք վերաքննիչ դատարանին վերապահում են որևէ փաստ հաստատված համարել կամ չհամարել միայն ստորադաս դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա, իսկ նոր ապացույցի հետազոտում թույլատրում են այնքանով, որքանով դա անհրաժեշտ է բացահայտելու գործի քննության համար էական նշանակություն ունենալու հանգամանքը:

Վերոշարադրյալից ելնելով Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ եթե վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանքի կամ ապացույցի մասով քննություն չի իրականացվել, բայց պետք է իրականացվեր, ապա բացակայում է վերաքննության օբյեկտը՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ հանգամանքի կամ ապացույցի մասին պատճառաբանություններ պարունակող դատական ակտը, ուստի վերաքննիչ դատարանը ոչ թե պետք է կիրառի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը, այլ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը: Ընդ որում, գործը նոր քննության ուղարկելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է որոշմամբ սահմանել գործի նոր քննության ծավալը, որը հանդիսանում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանին տրված ցուցում այն մասին, թե գործի նոր քննության ժամանակ ինչպիսի հարցեր պետք է քննարկվեն և/կամ ինչպիսի դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Այսինքն՝ գործի նոր քննության ծավալ սահմանելն իրավական այն գործիքն է, որը կիրառում է վերաքննիչ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող, բայց չքննարկված կամ չհետազոտված, հանգամանքների կամ ապացույցների վրա առաջին ատյանի դատարանի ուշադրությունը սևեռելու և գործի նոր քննության ժամանակ դրանք քննելու ու հետազոտելու պարտականություն դնելու համար:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով՝ Հաշտարարը Որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ և բացահայտվել են Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ: Ընդ որում, դիմումի հիմքում դրվել են ինչպես ընթացակարգային նորմերի, այնպես էլ նյութաիրավական բնույթի խախտումների մասին փաստարկներ (տե՛ս փաստ 1), և Ընկերությունը դիմումում նշել է Որոշումն ըստ էության վիճարկելու իր իրավունքի մասին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները:

Դատարանը 10.09.2021 թվականի որոշմամբ նախ արձանագրել է, որ «(…) դիմող «ՌԵՍՈ» ԱՓԲ ընկերության կողմից, որպես «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ որոշում կայացրած լինելու փաստական հիմքում վկայակոչված հանգամանքներն, ինքնին վերաբերում են ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման նյութաիրավական հիմնավորվածությանը, որի վերաբերյալ, ինչպես արդեն իսկ վերոշարադրյալում արձանագրվեց, սույն դեպքում դատարանը չի կարող քննություն իրականացնել, ուստի դատարանը գտնում է, որ «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը սույն դեպքում առկա չէ: (…)»:

Այնուհետև Դատարանն ընթացակարգային նորմերի շրջանակներում քննարկել է Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու և Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դիմում նշված փաստարկները, դրանք են՝

1. Հաշտարարը վերաբերելիության, արժանահավատության և վերաբերելիության տեսանկյունից չի գնահատել 10.02.2021 թվականի «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դատաավտոտեխնիկական փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը և 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը,

2. Որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Հաշտարարը չի պատճառաբանել, թե ինչու է հիմք ընդունել միայն 12.03.2021 թվականի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ Ֆ21 0451 ԱՏ առաջնային փորձաքննությունը և այն դիտարկել հիմնավոր՝ այն դեպքում, երբ Ընկերությունը պահանջել է իրականացնել լրացուցիչ փորձաքննություն՝ կասկածի տակ դնելով նշված եզրակացությունը:

Դատարանը հանգել է համապատասխանաբար հետևյալ եզրակացություններին.

Ներմուծեք նկարագրությունը_1371 «(…) թե՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով, և թե՝ պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների 25-րդ և 84-րդ հոդվածներով սահմանված է, որ պահանջի քննությանը կարող է ներգրավվել համապատասխան որակավորում կամ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետ: Այսինքն` Հաշտարարը հաճախորդի դիմում-բողոքը ստանալուց հետո իրավասու է եղել բողոքի քննության ընթացքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավել մասնագետի, նշանակել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ առաջնային փորձաքննություն և ստանալ եզրակացություն: Տվյալ դեպքում, Հաշտարարը պահանջի քննության ընթացքում, նկատի ունենալով, որ անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքներ, ներգրավել է «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին՝ առաջադրելով հարցեր, և ստացել է թիվ Ֆ21 0451 ԱՏ եզրակացությունը: Այսինքն` վերոգրյալից պարզ է դառնում, որ Հաշտարարը գործել է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և ընթացակարգային որևէ խախտում թույլ չի տվել, հետևաբար՝ վերջինիս որոշումը չի կայացվել ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ: (…)»:

Ներմուծեք նկարագրությունը_1371 «(…) անաչառությունը իրականության մեջ դրսևորվում է գործը լրիվ և բազմակողմանի չքննելու, քննության արդյունքում այնպիսի որոշման կայացում, որը չի բխում օրենսդրական նորմերից և գործում հետազոտված փաստերից: (…) վերոնշյալ և գործում առկա այլ փաստերը չեն վկայում Հաշտարարի անաչառության բացակայության մասին, քանի որ ինչպես սուբյեկտիվ մոտեցմամբ, այնպես էլ օբյեկտիվ մոտեցմամբ չի հիմնավորվում Հաշտարարի մոտ անձնական կանխակալ և կողմնակալ վերաբերմունքի, ինչպես նաև վարույթի մյուս մասնակիցների հետ ունեցած աստիճանակարգային կամ մյուս կապերի առկայությունը, որոնք կարող են հիմնավորել Հաշտարարի անաչառության հետ կապված մտավախությունները: Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ հաշտարարի կողմից օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում պահանջի պատշաճ քննություն իրականացնելը, գործի հանգամանքները պարզելը և արդյունքում՝ գնահատողական դատողություններ ներկայացնելը չի կարող դիտվել հաշտարարի աչառությունը վկայող հանգամանք: (…)»:

Դատարանն արձանագրել է, որ բացակայում են «ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար՝ Վազգեն Մանուկյանի 03.06.2021 թ-ին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքերը» և մերժել Ընկերության դիմումը:

Վերաքննիչ դատարանը, 21.01.2022 թվականի որոշմամբ «հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 08.12.2020թ. թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը», արձանագրել է, որ «սույն դեպքում բողոքաբերի փաստարկները ենթակա են դիտարկման նաև ըստ էության»։

Այնուհետև «անդրադառնալով նյութական նորմերի խախտման, (…) վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին»` Վերաքննիչ դատարանը քննել է Հաշտարարի կողմից փորձաքննություն նշանակելու ոչ իրավաչափության և Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու իրավասության հարցերը՝ անդրադառնալով նաև նյութական իրավունքի նորմերին և վերլուծելով կարգավորումները:

Մասնավորապես, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմեր վերլուծելու արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «ապահովագրական պատահարի հետևանքով տուժողի փաստացի կրած վնասների հատուցման պահանջի շրջանակներում դատարանում նշված պայմանների պարզման նպատակով այլ ապացույցների ներգրավումն անթույլատրելի է, քանի որ այդպիսիք պետք է պարզվեն և հաստատվեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով:»: Այնուհետև հաստատելով, որ «Հաճախորդը թիվ 0308-21 եզրակացությունը չի բողոքարկել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, որի հիմքով էլ վերջինս վերը նշված իրավակարգավորումների համաձայն այն հաշտարարի միջոցով վիճարկելու իրավունքը չի ունեցել։», Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «հաճախորդը վնասի հատուցման չափը վիճարկելու իրավունք «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերը սպառելուց հետո միայն այն կարող էր բողոքարկել հաշտարարին դիմում ներկայացնելու միջոցով կամ դատական կարգով, ինչը, սակայն չի իրականացրել, հետևաբար Հաշտարարն այդ մասով քննություն իրականացնելու իրավական հնարավորություն ևս չի ունեցել և այդ հիմքով ներկայացված դիմումը բավարարվել չէր կարող։»:

Հաշտարարի կողմից մասնագետ ներգրավելու կամ փորձաքննություն նշանակելու իրավասության հարցի քննարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը համադրել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020թ. թիվ 11/20 որոշմամբ հաստատված «Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոններ» հավելված 1-ով սահմանված կանոնները (այսուհետ՝ Կանոններ) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների հետ, և նշել, որ «յուրաքանչյուր դեպքում Հաշտարարը պետք է պարզի՝ արդյո՞ք հաճախորդը պահպանել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշումների բողոքարկման ընթացակարգը, թե ոչ, որից հետո միայն որոշի որոշ ընթացակարգային նորմերի կիրառման անհրաժեշտությունը։»:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Հաշտարարը փորձաքննություն նշանակելու իրավասություն չուներ այն համատեքստում, որ ոչ թե վերջինս առհասարակ նման լիազորություն չունի, այլ յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի արդյո՞ք հաճախորդը վիճարկվող եզրակացությունը, ըստ այդմ նաև՝ վնասի չափը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով բողոքարկել է թե ոչ, որից հետո միայն օգտվելով իր լիազորություններից գործին ներգրավվի մասնագետների։ Ինչը, սակայն, տվյալ դեպքում չի կատարվել։»:

Ի վերջո արձանագրելով, որ «բողոքարկված որոշմամբ Դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության՝ ներկայացված փաստարկները գնահատելով միայն որպես Հաշտարարի անաչառության հիմքում ընկած հանգամանքները, քանի որ դրանցում ներկայացված փաստարկներով, ըստ էության, հիմնավորվել է, որ Հաշտարարը կայացված որոշմամբ թույլ է տվել նյութական նորմերի և ընթացակարգային կանոնների խախտումներ», Վերաքննիչ դատարանը վերացրել է բողոքարկված որոշումն ու կայացրել դիմումը բավարարելու մասին նոր դատական ակտ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Որոշումը նաև դրա նյութաիրավական հիմնավորվածության տեսանկյունից քննարկման ենթակա լինելու վերաբերյալ իրավաչափ հետևության հանգելով հանդերձ, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է այնպիսի հանգամանքների, որպիսիք ստորադաս դատարանում քննարկման առարկա չեն դարձվել: Մասնավորապես, մասնագետ ներգրավելու և փորձաքննություն նշանակելու Հաշտարարի իրավասության հարցը Վերաքննիչ դատարանը գնահատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և Կանոններով սահմանված կարգավորումների շրջանակներում՝ անդրադառնալով Հաճախորդի կողմից թիվ 0308-21 եզրակացությունը բողոքարկված չլինելու, այն Հաշտարարի միջոցով վիճարկելու Հաճախորդի իրավունքի բացակայության և նույն իրավակարգավորումների շրջանակում Հաշտարարի կողմից նոր փորձաքննություն նշանակելու հարցերին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության դիմումը, համապատասխանաբար դրանում ներկայացված՝ Հաշտարարի անաչառության վերաբերյալ փաստարկները, Դատարանը քննարկել է միայն ընթացակարգային նորմերի շրջանակում, որպիսի պայմաններում չի անդրադարձել նյութական իրավունքի՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նորմերով Հաճախորդի կողմից թիվ 0308-21 եզրակացությունը բողոքարկված լինելու կամ չլինելու, մասնագետ ներգրավելուց առաջ նշված հանգամանքը Հաշտարարի կողմից գնահատված չլինելու հարցերին: Տվյալ դեպքում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի և Կանոնների վկայակոչմամբ Դատարանն արձանագրել է մասնագետ ներգրավելու Հաշտարարի իրավունքի առկայությունը, իսկ փորձագիտական եզրակացությունները դրանց արժանահավատության և վերաբերելիության տեսանկյունից գնահատված, իսկ Որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չլինելու վերաբերյալ Ընկերության փաստարկները չի համարել Հաշտարարի մոտ անձնական կանխակալ և կողմնակալ վերաբերմունքի առկայությունը հաստատելու համար բավարար:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքներն ու դուրս է եկել Դատարանում իրականացված գործի քննության ծավալից՝ արդյունքում ոչ թե ստուգելով Դատարանի պատճառաբանությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, այլ գործելով որպես առաջին ատյանի դատարան՝ քննարկել է այնպիսի հանգամանքներ, որոնք ստորադաս դատարանում քննության առարկա չեն դարձել: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը փոփոխել է դատական ակտը՝ անտեսելով, որ բացակայում են այդ լիազորությունը կիրառելու հիմքերը: Որոշման նյութաիրավական հիմնավորվածության մասին դիմումում նշված պահանջները Դատարանում քննության առարկա դարձված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է գործն ուղարկեր նոր քննության՝ սահմանելով դիմումում բարձրացված հարցերը նաև նյութաիրավական նորմերի շրջանակում քննարկելու մասին նոր ծավալ:

Շարադրված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի խախտման կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը հանգել է Հաշտարարի Որոշումը նաև ըստ էության վիճարկելու Ընկերության իրավունքի առկայության վերաբերյալ իրավաչափ հետևության, իսկ նյութաիրավական հիմնավորվածության մասով Ընկերության դիմումի փաստարկներն առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության: Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի համապատասխան մասի վերաբերյալ:

 

Ինչպես արդեն նշվեց վերը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։

Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել վերոգրյալով, քանի որ թեև բողոք բերած անձն ինչպես առաջին, այնպես էլ կրկին անգամ ներկայացված բողոքներում նշել է, որ «բողոքը կարող է ընդունվել Վճռաբեկ դատարանի վարույթ նաև այն պատճառով, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը», սակայն տվյալ բաժնում չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը, որի պայմաններում առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթակա էր վերադարձման նաև այն հիմքով, որ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջին՝ բողոք բերած անձին հնարավորություն տալով շտկելու այդ թերությունը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը նման որոշում չի կայացրել, և այժմ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է մի այնպիսի հիմքով, որը, իմ կարծիքով, վճռաբեկ բողոքում նշված չէ։

 

Բացի այդ ցանկանում եմ կարծիք հայտնել նաև հետևյալի մասին

Հաշտարարի կողմից սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ 2022 թվականի մայիս ամսվա դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

Օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Օրենսգիրքը նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում է սահմանել քաղաքացիական գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգ, որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու բացառապես նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով։ Այդ կարգի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել միայն գործին մասնակցող անձանց, ինչպես նաև՝ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին՝ օրենքով նախատեսված դեպքերում:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, օրենսդիրը սահմանել է գործին մասնակցող անձանց կազմը՝ դրա մեջ ներառելով կողմերին (հայցվորին, պատասխանողին), երրորդ անձանց, ինչպես նաև Օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերի դեպքում՝ դիմողներին, ովքեր ներկայացրել են Օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում, և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց: Այսինքն՝ միայն նշված անձանց է վերապահվել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք։

Օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

Տվյալ դեպքում Օրենսգրքի 50-րդ գլխով վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով հատուկ կանոն նախատեսված չէ, ուստի վերը նշված կարգավորման համաձայն՝ այս վարույթը ևս ենթակա է իրականացման Օրենսգրքով նախատեսված՝ գործի քննության վերը նշված ընդհանուր կանոնների համաձայն։

Սույն գործի փաստերի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքարկվել է Օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով եզրափակիչ դատական ակտ հանդիսացող վերաքննիչ դատարանի որոշումը, որի դեմ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես վերը նշված անձինք։

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով նախատեսված վարույթի կողմերն են (գործին մասնակցող անձինք են) դիմողը՝ Ընկերությունը, դիմումի քննության ելքով շահագրգռված անձ Ավետիս Ավետիսյանը: Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ֆինանսական համակարգի հաշտարարը, որը վերը նշված իրավական կարգավորումների համաձայն՝ գործին մասնակցող անձ չէ, քանի որ ո՛չ հայցվոր է, ո՛չ պատասխանող, ո՛չ երրորդ անձ և ո՛չ էլ դիմող կամ նույն օրենսգրքի իմաստով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ: Վերջինս նույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով լավագույն դեպքում կարող է հանդիսանալ իրավասու անձի (մարմնի) կարգավիճակով քաղաքացիական դատավարությանը մասնակցելու իրավունք ունեցող անձ, որպիսի իրավունքը նրան տրամադրվել է Օրենսգրքի 50-րդ գլխով, իսկ նշված հանգամանքից ելնելով և՝ օրենսդիրն ընդամենը դիմողի համար պարտականություն է նախատեսել դիմումին կցելու դիմումը և դրան կից փաստաթղթերը նաև դատավարության մասնակից Ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը, իսկ դատարանի համար՝ պարտականություն՝ դատական նիստ հրավիրելու դեպքում դրա վայրի և ժամանակի մասին, բացի կողմերից, ծանուցելու նաև դատավարության մասնակից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, ինչպես նաև բացի կողմերից, դատարանի որոշումն ուղարկելու նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, որպիսի օրենսդրական ձևակերպումներից ևս բխում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը տվյալ վարույթի կողմ չէ. հակառակ պարագայում օրենսդիրը «կողմ», «Ֆինանսական համակարգի հաշտարար» և «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» եզրույթներն առանձին-առանձին չէր օգտագործի: Կարծում եմ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է իր քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծած մարմին, ում որոշումը սույն գործով դարձել է դատական վերահսկողության օբյեկտ: Ավելին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը սահմանում է նույն օրենքում օգտագործվող «կողմեր» հասկացությունը, բացահայտել է դրա կազմը՝ նշելով, որ դրանք են Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը, որպիսի կարգավորումից է բխում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված տվյալ վարույթի գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգը, այդ թվում՝ տվյալ վարույթի կողմերի առումով սահմանված համապատասխան շրջանակը։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ եթե գործին մասնակցող անձ չհանդիսացող Ֆինանսական համակարգի հաշտարարին դատական պրակտիկայում իրավունք վերապահվի իր կողմից կայացված՝ դատական վերահսկողության օբյեկտ հանդիսացած որոշման վիճարկման արդյունքում դատարանների կողմից կայացված դատական ակտերը բողոքարկելու, ապա նույն իրավունքից օգտվելու ցանկություն կարող են հայտնել նաև արբիտրաժի վճիռը կայացրած դատավորները, օրինակ, այն դեպքերում, երբ իրենց կողմից կայացված վճիռները վիճարկելու՝ չեղյալ ճանաչելու, պահանջ է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան, և այն բավարարվել է, որը, կարծում եմ, անընդունելի է և ոչ իրավաչափ։

 

Վերը նշվածի հիման վրա գտնում եմ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, ենթակա է առանց քննության թողնման՝ որպես վճռաբեկ բողոքը դրա ներկայացնելու իրավունքը չունեցող անձի կողմից ներկայացվածի՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանել է Վճռաբեկ դատարանի՝ կայացվելիք որոշումների տեսակների առումով այն լիազորությունների շրջանակը, որոնք վերջինս իրավասու է իրականացնել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիազորությունների վերը նշված շրջանակը սահմանելիս օրենսդիրը ղեկավարվել է այն կանխավարկածով, որ եթե վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, ուստի բացակայել են այն վերադարձնելու, առանց քննության թողնելու և դրա ընդունումը մերժելու հիմքերը, կարծում եմ, որ տվյալ դեպքում ևս պետք է հնարավոր համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառումը, քանի որ հակառակ պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի վճռաբեկ բողոքն ըստ էության քննվել է, որը չի բխում իմ կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումներից։

Վերոգրյալով պայմանավորված՝ նաև ժամանակին դեմ եմ քվեարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին։

 

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան