Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3921/05/22
2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3921/05/22

Նախագահող դատավոր՝

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի մայիսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ Էդդի Ռակուբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արփի Ավետիսյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ Էդդի Ռակուբյանի՝ 11.04.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, 20.06.2022 թվականի թիվ Եօ1275/09 վարչական ակտը և 15.06.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արփի Ավետիսյանը պահանջել է վերացնել 11.04.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, 20.06.2022 թվականի թիվ Եօ1275/09 վարչական ակտը և 15.06.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն` կասեցվել է Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 11.04.2022 թվականին ընդունված Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 15.06.2022 թվականին ընդունված՝ «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշման կատարումը՝ մինչև նույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, մնացած՝ Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ, արդարադատության մայոր Վ. Մելիքբեկյանի կողմից 20.06.2022 թվականին ընդունված՝ Եօ1275/09 վարչական ակտի կատարումը կասեցնելու մասով միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.12.2022 թվականի որոշմամբ Էդդի Ռակուբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.06.2022 թվականի որոշումը՝ Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 11.04.2022 թվականին ընդունված Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 15.06.2022 թվականին ընդունված՝ «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշման կատարումը կասեցնելու մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդդի Ռակուբյանը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Օհնիկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արփի Ավետիսյանը (ներկայացուցիչ` Նաիրա Համբարձումյան

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն վարչական գործով հայցվոր՝ վարչական վարույթով պարտապան Արփի Ավետիսյանի կողմից Դատարան դիմելը եղել է ինքնանպատակ։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ անչափահաս Մայքլ Ռակուբյանի հորը՝ սույն վարչական գործով երրորդ անձ Էդդի Ռակուբյանին հանձնելու պարտավորության իրավաչափությունը ստուգվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռևս թիվ ԵԴ/22943/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում։ Քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնող դատարանն օտարերկրյա դատական ակտը և դրա անբաժանելի մասը կազմող համաձայնագրի յուրաքանչյուր դրույթը ուսումնասիրելով համոզվել է, որ դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին, երրորդ անձանց (այդ թվում՝ անչափահաս Մայքլ Ռակուբյանի) իրավունքներին և շահերին, և որ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածով ամրագրված՝ օտարերկրյա դատական ակտի ճանաչումը մերժելու հիմքերը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թողնվել է անփոփոխ։

 Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի փաստարկներում չկա վարչական մարմնին վերագրվող իրավական նորմի որևէ խախտում, ավելին, երեխային հանձնելու պարտավորության վերաբերյալ հայցվորի պնդումները՝ հանձնումը ոչ նպատակահարմար լինելու մասին, կենցաղային պնդումներ են, որոնք դուրս են ՀՀ վարչական դատարանի քննության շրջանակներից, ինչը փաստում է հայցվորի կողմից դատական պաշտպանության իրավունքի չարաշահման մասին։

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական ակտի կատարման դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վտանգն ուղղակիորեն բացակայում է, ուստի դատական ակտի կատարումը չկասեցվելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու փաստի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները ողջամիտ լինել չեն կարող, քանի որ հիմնված չեն գործի փաստական տվյալների վրա։

 Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ վարչական ակտի կատարումը կասեցվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու շուրջ հիմնավոր կասկած ձևավորելու։

 Միաժամանակ նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ՝ թիվ ՎԴ/3481/05/22 վարչական գործով ստորադաս դատարանը տվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված նորմի՝ սույն դատական ակտով տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանություն, ինչի արդյունքում արդարացիորեն չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավանորմը, այն է՝ չի կասեցրել վիճարկվող վարչական ակտի կատարումը։

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված նորմի սխալ մեկնաբանման արդյունքում նույն հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավանորմի կիրառումը հանգեցրել է սույն գործով երրորդ անձ Էդդի Ռակուբյանի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով ամրագրված ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար իրավունքի խախտմանը և նույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված՝ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտմանը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հարկադիր կատարողի որոշումների գործողության կասեցումը զրկել է անչափահաս Մայքլ Ռակուբյանին և հորը՝ Էդդի Ռակուբյանին, միմյանց հետ շփվելու իրավունքից, ինչն ուղղակիորեն ամրագրված է կատարողական թերթով, և ինչպիսի փաստը վարչական գործի հանգամանքները չպարզելու արդյունքում անտեսվել է Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.12.2022 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արփի Ավետիսյանի պատասխանի հիմնավորումները.

Բողոքաբերի փաստարկներն ակնհայտ անհիմն են։ Հարկադիր կատարողի որոշումների վիճարկման հիմնավորումները մանրամասն ներկայացված են հայցադիմումում, իսկ այդ հիմնավորումները հավաստող ապացույցները ներկայացված են հացադիմումին կից։ Արփի Ավետիսյանը գործել է երեխայի լավագույն շահից ելնելով։

Հայցվոր կողմը հայցադիմումում նշել է, որ օտարերկրյա դատական ակտի ստրկացուցիչ պայմաններ սահմանող տեքստը հայցվորը ստորագրել է ստիպված։ Արփի Ավետիսյանը, մտահոգված լինելով երեխայի հոգեհուզական վիճակով, պայմանավորված վերջինիս 01.07.2022 թվականից Լիբանանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխելու և այդ կապակցությամբ երեխայի կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ, դիմել է հոգեբանական աջակցման կենտրոն՝ երեխայի հոգեախտորոշիչ աշխատանքների իրականացնելու նպատակով մասնագիտական կարծիք ստանալու համար, 03.05.2022 թվականին կենտրոնի կողմից տրվել է մասնագիտական կարծիք։

Դատական ակտում որևէ դրույթ նախատեսված չէ, որով սահմանվում է, որ Արփի Ավետիսյանը վիճարկվող որոշումներում նշված պահանջները անմիջականորեն կատարելու պարտավորություն ունի, հետևաբար անհասկանալի է վերոնշյալ որոշումներով հայցվորին դատական ակտը կատարել պարտավորեցնելը, իսկ ավելի կոնկրետ ստացվում է, որ Արփի Ավետիսյանը այն դեպքում, երբ Մայքը չի ցանկանում գնալ հոր մոտ, չի կարող ունենալ պարտավորություն իր որդու կամքին հակառակ նրան հանձնելու հորը: Վիճարկվող որոշումների կատարումն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Մայքլն ինքը ցանկություն հայտնի վերադառնալ հոր մոտ՝ մշտական բնակության, սակայն երեխան չի ցանկանում նույնիսկ կարճատև այցելություններով մեկնել Լիբանանի Հանրապետություն հոր մոտ, նա չի կարողանում անգամ կարճ ժամանակով հեռու գտնվել իր մորից։

Գտնում են, որ ստիպողաբար երեխային տեղափոխելն այլ երկիր մշտական բնակության, իսկ դրա կատարման պարտավորությունը դնել հայցվորի վրա՝ կհակասի երեխայի լավագույն շահերին և կխախտի երեխայի իրավունքները:

 Ծառայությունը չի կարող ստիպել հայցվորին երեխայի կամքին հակառակ վերջինիս հանձնել հորը, հետևաբար երեխայի նկատմամբ վիճարկվող որոշումներով նախատեսված որևէ գործողության կատարումը ստիպողաբար՝ երեխայի կամքին հակառակ, չի բխում երեխայի լավագույն շահերից: Հայցվորն առարկություն չունի իր որդու հետ նրա հոր տեսակցության կամ շփման վերաբերյալ։

Ստորադաս դատարանները գործի փաստական հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում պատշաճ են պատճառաբանել իրենց որոշումները և կայացրել են օբյեկտիվ որոշումներ, ուստի վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ, անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ (…)

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում։ Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:

ՀՀ վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը

Վերոգրյալ իրավանորմերի և նախկինում կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը

Նույն որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում։ «Հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։ «Հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ «Կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։ Քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև վերոնշյալ իրավակարգավորմանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության և կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, նույն որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար: ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար` օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նաև կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, և հարկադիր կատարման գործողություններն անհարկի չերկարաձգվեն, որոնք անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում քննության հետ, քանի որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում կարևորել է նաև կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը: Հակառակ պարագայում՝ անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է: Օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը:

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի պարտադիր կատարման կանխավարկածի սահմանման ուժով ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինության հիմք հանդիսանալ, և որոշ բավարար, հստակ հիմնավորումների ու ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը (տե՛ս, Սարգիս Գարգարյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6001/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը)։

 Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում հավելել, որ դատական ակտի անհապաղ կատարումը կարող է կասեցվել բացառապես ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում, քանի որ դատական ակտի անկատար մնալու հանգամանքը խաթարում է պետության իրավական համակարգի ողջ բնականոն ընթացքը, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկվելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու երկու վավերապայմանների կամ դրանցից առնվազն մեկի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով առկա փաստական հանգամանքները, տվյալ գործի առանձնահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջնորդությունը հիմնավորող փաստարկները և ներկայացված ապացույցները։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը, վերջին հաշվով, խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է, ուստի առանց բավարար փաստական հանգամանքների առկայության, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից 11.04.2022 թվականին կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, որտեղ նշված է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.01.2022 թվականին տրված թիվ ԵԴ/22943/02/20 կատարողական թերթի համաձայն՝ պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչել Լիբանանի Հանրապետության Ալ Մաթնի առաջին ատյանի դատարանի կողմից 30.01.2020 թվականին կայացված թիվ 4535/2019 դատական գործով 27/2020 վճիռը՝ միայն դրա անբաժանելի մասը կազմող 6695-2019 համաձայնագրի բովանդակության մասով, և այդ մասով, կախված դիմող կողմի ապագայում ներկայացվող խնդրանքի բովանդակությունից, թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում դրա կատարումը՝ նույն վճռի 1.2 կետում նշված և կայացված վճռի անբաժանելի մասը կազմող համաձայնագրի հետևյալ բովանդակությամբ.

Վեցերորդ՝ անչափահաս որդին՝ Մայքլը, բնակվում է երկրորդ կողմի (այսինքն մոր) հետ Հայաստանի Հանրապետությունում մինչև 01.07.2022 թվականը, ինչպես էլ որ փոխվեն հանգամանքներն ու պայմանները, որից հետո անչափահաս որդին տեղափոխվելու է Լիբանանի Հանրապետություն: Այդ նպատակով երկրորդ կողմը պարտավորվում է 01.07.2022 թվականին առաջին կողմին հանձնել անչափահաս Մայքլին մինչև չափահաս դառնալը առաջին կողմի հետ բնակվելու համար:

Ութերորդ՝ որպեսզի առաջին կողմի համար հեշտացվի իր որդուն՝ Մայքլին, տեսակցելը, նրան ընկերակցելը, Հայաստան մեկնելու օրվանից մինչև 01.07.2022 թվականին Լիբանան վերադարձը, կողմերը համաձայնել են, որ անչափահաս Մայքլը տարվա մեջ երեք անգամ այցելելու է Լիբանան՝ անցկացնելու Սուրբ Ծննդյան ու Ամանորի արձակուրդների կեսը, Զատկի արձակուրդի կեսը և ամառային արձակուրդից մեկ ամիսը, պայմանով, որ անչափահաս Մայքլի, երկրորդ կողմի կամ երկրորդ կողմի ընտրությամբ անչափահաս որդուն Լիբանան ուղեկցող մեկ այլ անձի մեկնման ու ետադարձի ավիատոմսի ծախսը հոգալու է առաջին կողմը: Երկրորդ կողմի Լիբանանում գտնվելու ընթացքում նա նաև երկրորդ կողմին պետք է ապահովի բնակության վայրով՝ ըստ կողմերի համաձայնության: Այդ ընթացքում երկրորդ կողմը կարող է տեսակցել ու ընկերակցել իր անչափահաս որդուն Սէմին՝ բնակվելով նրա հետ:

Բ - առաջին կողմն իրավունք ունի ցանկացած ժամանակ այցելել Հայաստան՝ երկրորդ կողմին մեկ շաբաթ առաջ նախապես այցելության ամսաթվի մասին տեղեկացնելով, շփվել իր որդու՝ Մայքլի հետ, այդ այցելությունների ընթացքում բնակվել նրա հետ իր ընտրած վայրում, պայմանով, որ այդ ժամանակահատվածը չի գերազանցի մեկ շաբաթը (այսինքն յոթ օր անընդմեջ) երկու ամիսը մեկ անգամ, պայմանով, որ անչափահաս որդի Սէմը նույնպես գա իր հետ այդ ժամանակահատվածում երկրորդ կողմի հետ բնակվելու հնարավորությամբ:

Տասնչորսերորդ՝ իրենց անչափահաս որդիների հետ կապված կարևոր որոշումներ կայացնելիս, որոնք, ի թիվս այլոց, առնչվում են նրանց առողջությանը, դպրոցական, կրոնական հարցերին, ճամփորդություններին, Լիբանանից դուրս այլ երկրում մշտական բնակությանը, կողմերը համաձայնություն են ձեռք բերել հետևյալի շուրջ.

Բ – յուրաքանչյուր կողմ, մյուս կողմի խնդրանքով պետք է գրավոր համաձայնություն տա երկու երեխաների անձնագրերը թարմացնելու համար, պայմանով, որ երեխաներից յուրաքանչյուրի անձնագիրը գտնվելու է այն կողմի մոտ, ում հետ նա բնակվում է (հավելված, գ.թ. 21):

Ծառայության կողմից 15.06.2022 թվականին կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.042022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշում, որի համաձայն՝ որոշվել է 11.04.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշման «Որոշեցի» մասը փոփոխել հետևյալ կերպ.

Պարտավորեցնել պարտապան Արփի Արազի Ավետիսյանին իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, 01.07.2022 թվականին հանձնել առաջին կողմին՝ Էդդի Սեմի Ռակուբյանին, մինչև չափահաս դառնալը, առաջին կողմի հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար:

Պարտավորեցնել պարտապանին, պահանջատիրոջ խնդրանքի առկայության դեպքում տալ գրավոր համաձայնություն երկու երեխաների անձնագրերի թարմացման համար, և երեխային՝ Մայքլին, պահանջատիրոջը հանձնելու հետ մեկտեղ տրամադրել նաև անձնագիրը:

Որոշման կատարման վերջնաժամկետ սահմանվել է 01.07.2022 թվականը (հավելված, գ.թ. 24):

Հայցվոր Արփի Ավետիսյանի կողմից ներկայացված հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով վերջինս խնդրել է կասեցնել վիճարկվող որոշումներն այն պատճառաբանությամբ, որ հայցվոր կողմը, հացադիմումում շարադրվածի հիմնավորմամբ, հիմնավոր կասկած ունի, որ վիճարկվող վարչական ակտերի կատարման դեպքում վարչական ակտերի կատարումը ոչ միայն զգալի վնաս կպատճառի հայցվորին, այլև դրանցով կոտնահարվի երեխայի լավագույն շահը, հաշվի առնելով հայցադիմումին կից ներկայացված հոգեբանական կենտրոնի կողմից տրված մասնագիտական կարծիքի բովանդակությունը, կարող է շատ բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեկան առողջության, վարքի և ընդհանուր զարգացման վրա, որը անդառնալի հետևանքներ կունենա: Վիճարկվող վարչական ակտերի կատարումը չկասեցնելը չի բխում երեխայի լավագույն շահից, իսկ վարչական ակտերի կատարումը զգալի վնաս կպատճառի հայցվորին, ինչպես նաև անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (հավելված, գ.թ. 4-16)։

Դատարանը 30.06.2022 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ հայցվորի կողմից վիճարկվում է Ծառայության «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումները, որով իրականացվում է կատարողական գործողություն, այն է՝ հայցվորին պարտավորեցնել իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, 01.07.2022 թվականին հանձնել առաջին կողմին՝ Էդդի Սեմի Ռակուբյանին, մինչև չափահաս դառնալը առաջին կողմի հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար, հետևաբար նշված վիճարկվող վարչական ակտերի կատարումը չկասեցնելու դեպքում առկա է իրական վտանգ, որ դրանց ի կատար ածվելու պայմաններում կարող է անհնարին դարձնել հայցվորի իրավունքների պաշտպանությունը:

Վերաքննիչ դատարանի 16.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Էդդի Ռակուբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող որոշումները վերաբերում են հարկադիր կատարողի այնպիսի հարկադիր գործողությունների կատարմանը, որոնց արդյունքում հայցվորին պետք է պարտավորեցնել իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, 01.07.2022 թվականին հանձնել առաջին կողմին՝ Էդդի Սեմի Ռակուբյանին, մինչև չափահաս դառնալը առաջին կողմի հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար: Այսինքն` այդ որոշումների կատարման արդյունքում հայցվորը պարտավորված կլինի հանձնել իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, Էդդի Սեմի Ռակուբյանին, մինչև չափահաս դառնալը նրա Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ հայցվորի կողմից, ի թիվս հայցադիմումով ներկայացված այլ փաստարկների, Ծառայության որոշումները վիճարկվում են այն հիմքով, որ իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, Էդդի Սեմի Ռակուբյանին մինչև չափահաս դառնալը նրա հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար հանձնելու գործողությունը ոչ իրավաչափ է և ենթակա չէ կատարման:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցի հնարավոր բավարարումը կստեղծի իրավիճակ, երբ հայցվորը պարտադրված չի լինի առնվազն վիճարկվող կատարողական վարույթների շրջանակներում կատարելու վիճարկվող որոշումներով իր վրա դրված պարտավորությունը, այն է` հանձնել իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, Էդդի Սեմի Ռակուբյանին մինչև չափահաս դառնալը նրա հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար, իսկ գործի քննության ընթացքում բողոքարկվող որոշումների կատարման պարագայում հայցն այլևս առարկայազուրկ կլինի, քանզի հայցի հիմքն ու առարկան ուղղված են խնդրո առարկա գործողությունը չկատարելուն, որի կատարման պարագայում գործի հետագա քննությունը որևէ նպատակ չի ունենա:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով վիճակվող Ծառայության 11.04.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» և 15.06.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշումները կայացվել են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.01.2022 թվականին տրված թիվ ԵԴ/22943/02/20 կատարողական թերթի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչված Լիբանանի Հանրապետության Ալ Մաթնի առաջին ատյանի դատարանի կողմից 30.01.2020 թվականին կայացված թիվ 4535/2019 դատական գործով 27/2020 վճռի (միայն դրա անբաժանելի մասը կազմող 6695-2019 համաձայնագրի բովանդակության մասով) կատարումն ապահովելու նպատակով, այսինքն՝ սույն գործով վիճարկվող վարչական ակտերն ընդունվել են արդարադատության իրականացման արդյունքում ընդունված դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով։

Վերը նշված որոշումների դեմ հայցվոր Արփի Ավետիսյանի կողմից վիճարկման հայցի շրջանակներում հայցադիմումին կից ներկայացվել է վիճարկվող վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն և որպես միջնորդության հիմնավորում, հայցվորն ըստ էության, ներկայացրել է հայցի հիմքի վերաբերյալ փաստարկներ, որոնք վերաբերում են օտարերկրյա դատական ակտի իրավաչափությանը, որոնց քննարկումը դուրս է հայցվորի կողմից ներկայացված միջնորդության և դրա հիման վրա կայացված որոշման հիմնավորվածությունն ստուգելու շրջանակից, ուստի հայցվորի մատնանշած հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Բացի այդ, հայցվորի կողմից չի վկայակոչվել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ չի ներկայացվել ապացույց առ այն, որ վարչական ակտերի՝ վիճարկման հայցի շրջանակներում վիճարկվող վարչական ակտերի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն, կամ անհնարին կդառնա իր իրավունքների հետագա պաշտպանությունը։

Անդրադառնալով «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Լիլիթ Խաչատրյանի կողմից 03.05.2022 թվականին տրված մասնագիտական կարծիքին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանով որևէ կերպ չի հիմնավորվում սույն գործով վիճարկվող վարչական ակտերը կասեցնելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից վկայակոչված փաստարկներն ու ապացույցը բավարար չեն եզրահանգելու, որ վարչական ակտերի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն, կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը, ուստի սույն գործով կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է։

Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ վիճարկվող վարչական ակտերի կատարմամբ կոտնահարվի երեխայի լավագույն շահը, իսկ վիճարկվող վարչական ակտերը չկասեցնելը չի բխում երեխայի լավագույն շահից՝ նշելով նաև այն հանգամանքը, որ առկա է դատական ակտի կատարման անհնարինություն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վիճարկման հայցի շրջանակներում դատական ակտի կատարման անհնարինության հարց չի կարող քննարկվել և նշված փաստարկը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման հիմք չի կարող հանդիսանալ՝ ուստիև չի կարող դրվել վարչական ակտերի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու հիմքում։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, կասեցնելով Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 11.04.2022 թվականին ընդունված «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» և Ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 15.06.2022 թվականին ընդունված՝ «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշումների կատարումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 16.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 30.06.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու, վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մասնակիորեն բավարարելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը՝ վարչական ակտերի կատարումը կասեցնելու միջնորդությունը մասնակիորեն բավարարելու մասով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. ԲԵԴևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: