Գլխավոր տեղեկություն
Համար
N 922-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 26.07.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2019 թվականի N 922-Լ

 

Հայաստանի Հանրապետության ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.10.23 N 1820-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության.

2) հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության.

3) հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության.

4) ավիացիայի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի ավիացիայի վարչության.

5) ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության.

6) անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության.

7) թիկունքի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի թիկունքի վարչության.

8) սպառազինության վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի սպառազինության վարչության.

9) ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի ռազմաբժշկական վարչության.

10) զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության.

11) ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության.

12) ֆինանսական վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի ֆինանսական վարչության.

13) կատարվում են հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝

ա. վարչական ապարատը վերակազմավորվում է գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության.

բ. օպերատիվ վարչությունը, ռազմավարական պլանավորման վարչությունը և ռազմական հաղորդակցությունների բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչություն.

գ. մարտական պատրաստության վարչությունը և ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչություն.

դ. կազմզորահավաքային վարչությունը և կադրերի վարչությունը միաձուլվում են՝ ստեղծելով գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչություն.

ե. հետախուզության վարչությունը վերակազմավորվում է գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության.

զ. ռադիոէլեկտրոնային պայքարի բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության.

է. ռազմատեղագրական բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության.

ը. ութերորդ բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայության.

թ. ստանդարտացման և չափագիտական բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության ծառայության.

ժ. ռազմանվագախմբային բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության:

(2-րդ կետը փոփ. 19.08.21 N 1359-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 922-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը (այսուհետ` գլխավոր շտաբ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը (այսուհետ` նախարարություն) ենթակա մարմին է, որն ապահովում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականության իրականացումը:

2. Գլխավոր շտաբը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Գլխավոր շտաբը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Գլխավոր շտաբի անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ.

2) ռուսերեն` Генеральный штаб вооружսнных сил Республики Армения.

3) անգլերեն` General Staff of the Armed Forces of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Etat-Major des Forces Armees de la Republique d'Armenie:

5. Գլխավոր շտաբն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Գլխավոր շտաբը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Գլխավոր շտաբի կառուցվածքում ընդգրկվում են գլխավոր շտաբի պետի, գլխավոր շտաբի պետ տեղակալների, գլխավոր շտաբի պետի օգնականի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Գլխավոր շտաբին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Գլխավոր շտաբի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բագրևանդի 5:

 

II. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Գլխավոր շտաբի նպատակն է`

1) ապահովել զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Կառավարության քաղաքականությունը:

10. Գլխավոր շտաբի խնդիրներն են`

1) օրենքով սահմանված՝ զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը.

2) հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների ու միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսման, գնահատման և կանխարգելման միջոցառումների պլանավորման ապահովումը.

3) զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային անհրաժեշտ պատրաստականության ապահովումը.

4) զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական (օպերատիվ) ծավալման կազմակերպման ապահովումը.

5) զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումը.

6) պահեստազորային պատրաստության իրականացման ապահովումը.

7) զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը:

 

III. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Գլխավոր շտաբն իր նպատակի և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) իրականացնում է զինված ուժերի, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ՝ նաև այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի օպերատիվ կառավարումը.

2) զինված ուժերի կիրառման պլանի համաձայն կազմակերպում և իրականացնում է զինված ուժերի ծավալումը և ռազմական դրության ու պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի կիրառումը.

3) կազմակերպում է զինված ուժերի օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացը.

4) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.

5) կազմակերպում է զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինված ուժերում զինվորական կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացը, զինված ուժերում հոգևոր ծառայության իրականացումը՝ հոգևոր առաջնորդության միջոցով.

6) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումը.

7) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է զինված ուժերի համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության և նյութական այլ միջոցների ընթացիկ ու հեռանկարային կարիքների պլանավորումը, այդ կարիքների ապահովման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը.

8) իր լիազորությունների սահմաններում պլանավորում է զինված ուժերի կարիքների համար ձեռք բերված ռազմական տեխնիկայի, սպառազինության և նյութական այլ միջոցների բաշխման գործընթացը.

9) իրականացնում է հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, ռազմական սպառնալիքների կանխատեսումը և գնահատումը, այդ սպառնալիքների կանխարգելման միջոցառումների պլանավորումը.

10) իրականացնում է հետախուզական գործունեություն` պաշտպանության և անվտանգության նպատակով.

11) ապահովում է զինված ուժերի զարգացման պլանով սահմանված միջոցառումների իրականացումը.

12) կազմակերպում է զինված ուժերի մարտական կառավարման կենտրոնացված համակարգերի գործունեությունը և ապահովում է դրանց կիրառման պատրաստականությունը.

13) ապահովում է զինված ուժերն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման միջոցառումների իրականացումը.

14) իրականացնում է օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության ապահովման գործընթացը.

15) կազմակերպում է ռազմական ավիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության օդային տարածության օգտագործման գործընթացը.

16) կազմակերպում է զինված ուժերում ներքին ծառայության, մարտական ծառայության և մարտական հերթապահության իրականացման, զինվորական ծառայության անվտանգության ապահովման գործընթացը.

17) կազմակերպում է զինված ուժերում զինվորական մասնագիտությունների ուսուցման և դրա ապահովման համար անհրաժեշտ ուսումնական ծրագրերի ներդրման գործընթացը.

18) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի գործունեությունն ու զարգացումը, պլանավորում և ապահովում է այդ համակարգի կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.

19) կազմակերպում և իրականացնում է զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացը.

20) կազմակերպում է զինված ուժերում պետական գաղտնիքի պահպանման միջոցառումների իրականացումը.

21) ապահովում է զինված ուժերում շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

22) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.

23) ապահովում է պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների հաշվառման գործընթացը.

24) պլանավորում է պահեստազորային պատրաստության, աշխարհազորի պատրաստության և կիրառման միջոցառումները և ապահովում է այդ միջոցառումների իրականացումը.

25) միջազգային պայմանագրերին համապատասխան՝ իր լիազորությունների սահմաններում իրականացնում է միջազգային ռազմական համագործակցություն օտարերկրյա պետությունների զինված ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ.

26) ապահովում է զինված ուժերի և օտարերկրյա պետությունների զինված ուժերի համատեղ մասնակցությամբ միջոցառումների իրականացումը.

27) մասնակցում է զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը.

28) մասնակցում է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների պետական փորձարկումների իրականացմանը.

29) մասնակցում է ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.

30) իր իրավասության շրջանակներում աջակցում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին.

31) իրականացնում է պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (այսուհետ՝ նախարար):

13. Նախարարը`

1) գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է Անվտանգության խորհրդի կողմից որոշված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում.

2) Կառավարության հաստատմանն է ներկայացնում գլխավոր շտաբի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները.

3) իրականացնում է գլխավոր շտաբի և նրան ենթակա ստորաբաժանումների գործունեության վերահսկողությունը.

4) լսում է գլխավոր շտաբի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում գլխավոր շտաբին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) գլխավոր շտաբի գործունեության ապահովման ուղղությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

14. Գլխավոր շտաբը ղեկավարում է գլխավոր շտաբի պետը, որը զինված ուժերի անմիջական հրամանատարն է և հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:

15. Գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախարարի առաջին տեղակալն է և չի հանդիսանում նախարարին փոխարինող առաջին տեղակալ: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է նախարարին: Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող նախարարին գլխավոր շտաբի պետի ենթակայությունը:

16. Գլխավոր շտաբի պետը`

1) ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբի խնդիրների իրականացման և գլխավոր շտաբի կողմից զինված ուժերի կառավարման համար.

2) ապահովում է պաշտպանության նախարարի հանձնարարականների և ցուցումների կատարումը, զինվորական կառավարման ոլորտում իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս կարգադրություններ, հանձնարարականներ ու ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինծառայողների և այլ ծառայողների, շնորհում է զինվորական կոչումներ, կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

4) իր իրավասության սահմաններում զինծառայողներին և այլ ծառայողների օրենքով սահմանված կարգով ներկայացնում է պետական պարգևներով և գերատեսչական մեդալներով պարգևատրման ու պատվավոր կոչումների շնորհման.

5) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների, խորհրդականի, օգնականի միջև.

6) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, որոշումները, հանձնարարությունները, կարգադրությունները և ցուցումները.

7) ամփոփում և նախարարի հաստատմանն է ներկայացնում գլխավոր շտաբի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

8) հաստատում է գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` դրանցում սահմանելով կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

9) իրականացնում է հսկողություն գլխավոր շտաբին ամրացված պետական սեփականության պահպանության և նպատակային օգտագործման նկատմամբ.

10) գլխավոր շտաբի միջոցով մշակում և նախարարին է ներկայացնում`

ա. առաջարկություններ` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի վերաբերյալ,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վերաբերող պլանները և ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը,

գ. գլխավոր շտաբի կանոնադրությունը և հաստիքային թվաքանակը,

դ. զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտա կան ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների, զինծառայողների որակավորումների տեսակների և դրանց շնորհման կարգի սահմանման վերաբերյալ առաջարկություններ,

ե. զինված ուժերի հաստիքային կառուցվածքի արդիականացման և զարգացման վերաբերյալ առաջարկություններ,

զ. սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և ծախսի նորմաների, շահագործման ժամկետների վերաբերյալ առաջարկություններ,

է. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, մարտական և շարային կանոնադրությունների, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,

ը. քաղաքացիական պաշտպանության պլանավորման վերաբերյալ առաջարկություններ.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

17. Գլխավոր շտաբի պետի բացակայության դեպքում գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարում է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ գլխավոր շտաբի պետի ներկայացմամբ և նախարարի հրամանով՝ այլ տեղակալը:

18. Գլխավոր շտաբի պետի տեղակալը (առաջին տեղակալը)`

1) համակարգում է գլխավոր շտաբի աշխատանքները` գլխավոր շտաբին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` իր լիազորությունների սահմաններում համակարգում է գլխավոր շտաբի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) գլխավոր շտաբի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում արձակում է հրամաններ, գլխավոր շտաբի համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) գլխավոր շտաբի պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի և գլխավոր շտաբի պետի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին զեկուցում գլխավոր շտաբի պետին.

6) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զինված ուժերում օրենքով սահմանված համապատասխան ծրագրերի, պլանների մշակման և իրականացման աշխատանքները.

8) գլխավոր շտաբի պետին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

9) գլխավոր շտաբի պետի հանձնարարությամբ` իրականացնում է այլ գործառույթներ:

19. Գլխավոր շտաբի պետն ունի օգնական:

20. Գլխավոր շտաբի պետի օգնականը`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում գլխավոր շտաբի պետին.

2) համաձայնեցնելով գլխավոր շտաբի պետի հետ` կազմակերպում է գլխավոր շտաբի պետի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում գլխավոր շտաբի պետին.

3) կազմակերպում է գլխավոր շտաբի պետի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` գլխավոր շտաբի պետի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և գլխավոր շտաբի պետին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է գլխավոր շտաբի պետի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

V. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

21. Գլխավոր շտաբի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) օպերատիվ գլխավոր վարչությունը.

2) հետախուզության գլխավոր վարչությունը.

3) կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչությունը.

4) մարտական պատրաստության վարչությունը.

5) ռազմավարական պլանավորման վարչությունը.

6) հրթիռային զորքերի և հրետանու վարչությունը.

7) հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունը.

8) ավիացիայի վարչությունը.

9) ինժեներական զորքերի վարչությունը.

10) կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչությունը.

11) բարոյահոգեբանական ապահովման վարչությունը.

12) ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչությունը.

13) անօդաչու թռչող սարքերի վարչությունը.

14) ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչությունը.

15) զորքերի ծառայության վարչությունը.

16) գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայությունը.

17) ռազմատեղագրական ծառայությունը.

18) ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայությունը.

19) ռազմանվագախմբային ծառայությունը:

22. Գլխավոր շտաբի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է`

1) վարչակազմակերպչական վարչությունը:

 

VI. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԳՈՒՅՔԸ

 

23. Գլխավոր շտաբի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գլխավոր շտաբի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

24. Գլխավոր շտաբը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության շրջանակներում անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, ակտիվների և պարտավորությունների կառավարման գործառույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվետվությունների ներկայացման գործընթացն իրականացնում է նախարարությունը:

(հավելվածը փոփ., լրաց. 19.08.21 N 1359-Լ, փոփ., խմբ. 26.05.22 N 760-Լ, խմբ. 19.10.23 N 1820-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2023, N 1820-Լ 01.12.2023, N 922-Լ
26.05.2022, N 760-Լ 27.05.2022, N 922-Լ
19.08.2021, N 1359-Լ 22.08.2021, N 922-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան