ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2023 թվականի N 1949-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Ք-679-13.10.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
10.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Ք-679-13.10.2023-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում է հետևյալը.
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 420.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:»:
Նախ նշենք, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից է իրավական որոշակիության սկզբունքը: Այն ենթադրում է, որ օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1270, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449):
Հարկ է նկատել, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ դիսպոզիցիայի ուսումնասիրությունից պարզ չէ, թե ինչպես է դրսևորվելու հանցակազմի օբյեկտիվ կողմը, այսինքն՝ ենթադրյալ հանցանք կատարած անձն ինչ գործողություն կամ անգործություն (հրապարակային կոչ, հայտարարություն, գրավոր փաստաթղթի ստորագրում և այլն) պետք է կատարի, որը միտված կլինի այլ պետության կազմում ճանաչելուն: Այսինքն՝ հանցակազմի պարտադիր տարր հանդիսացող օբյեկտիվ գործողությունների շրջանակն անորոշ է, հստակ չէ օբյեկտիվ կողմի պարտադիր պայմանը, ինչն իրավակիրառ պրակտիկայում կհանգեցնի տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության:
Բացի այդ, հարկ է նշել, որ Ալմա-Աթայի հռչակագրով Անկախ պետությունների համագործակցության ստեղծման հիմնադիր փաստաթղթին միանալով՝ Հայաստանի Հանրապետությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դեռևս 1991 թ. ճանաչել է իբրև նորանկախ հանրապետությունների միջպետական սահմաններ։
Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 420.2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:»:
Գտնում ենք, որ քննարկվող արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքում արդեն իսկ նախատեսված է քրեական պատասխանատվության: Այն իրավացիորեն ներառված է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ գլխում, որտեղ սահմանված նորմերը համապարփակ կարգավորում են խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությունների քրեորեն պատժելիության հարցերը: ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է առավել խիստ՝ երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ՝ հիշյալ արարքն իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ գլուխը, որում առաջարկվում է կատարել համապատասխան լրացումները, կրում է «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությունը, ուստի քննարկվող գլխում չեն կարող նախատեսվել այնպիսի արարքներ, որոնք այս կամ այն կերպ չեն ոտնձգում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ: Ակնհայտ է, որ ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը չի կարող դիտվել որպես ՀՀ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցավոր արարք, այլ այն իր վտանգավորության բնույթով հանցավոր արարք է՝ ուղղված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ:
Նույն խնդիրն առկա է նաև նախագծով առաջարկվող առաջին լրացման դեպքում: Նկարագրվող արարքը նույնպես իր բնույթով չի կարող դիտարկվել որպես Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված, քանի որ եթե անգամ հիմնվելով նախագծի տրամաբանության վրա ընդունենք, որ Սահմանադրության նախաբանում նշված նպատակների դեմ ուղղված արարքները ևս ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով կարող են դիտարկվել որպես Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին համահունչ հանրային բարձր վտանգավորություն ունեցող հանցանքներ, ապա հարկ է հաշվի առնել, որ Սահմանադրության նախաբանը Հայաստանի անկախության մասին հռչակագրից հղում է կատարում միայն դրանում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, այնինչ Հայաստանի անկախության մասին հռչակագրում կոնկրետ այս հարցին առնչվող հիմնարար սկզբունք կամ համազգային նպատակ առկա չէ: Հռչակագրի միայն նախաբանում և ոչ թե բուն տեքստում առկա է հիշատակում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց: