600.0367.25.10.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 հոկտեմբերի 2023 թվականի |
N 367-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՐԽԻՎԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» և «ժա» ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողներն ապահովում են՝
1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների և սակագնային պլանների (այսուհետ՝ Պայմանագրեր), ինչպես նաև դրանց փոփոխությունների, լրացումների հրապարակումը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում.
2) Պայմանագրերում նախատեսվող՝ բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունների, լրացումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային նամակների, ավտոմատ հեռախոսազանգերի կամ հեռուստատեսային հաղորդագրությունների (TVMS) միջոցով բաժանորդներին ծանուցումը (նշված եղանակներով սույն ենթակետում նախատեսված տեղեկատվության ուղարկումը, հայտնումը), բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն ենթակետում նշված ծանուցումը ստանալուց.
3) հնարավորություն՝ բաժանորդի կողմից առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու Պայմանագրերի գործողությունը՝ նախքան Պայմանագրերում նախատեսվող՝ բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունները, լրացումներն ուժի մեջ մտնելը, բացառությամբ եթե այդ փոփոխությունները, լրացումները պայմանավորված են ՀՀ օրենսդրության պահանջներով:
4) Պայմանագրերի տարբերակների (դրանցում կատարվող փոփոխությունների, լրացումների դեպքում) և սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի համաձայն` բաժանորդներին ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային նամակների, ավտոմատ հեռախոսազանգերի և հեռուստատեսային հաղորդագրությունների (TVMS) արխիվացումը էլեկտրոնային բազայում և դրանց պահպանումը 3 տարի ժամկետով։
2. Պայմանագրերում նախատեսվող փոփոխությունները, լրացումները ուժի մեջ են մտնում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակվելու կամ հրապարակման մեջ նշված օրը, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փոփոխությունները, լրացումները՝ այն բաժանորդների մասով, ովքեր նույն ենթակետին համապատասխան չեն հրաժարվել դրանում նշված ծանուցումները ստանալուց, ուժի մեջ են մտնում բաժանորդներին նույն ենթակետի համաձայն ծանուցելուց 30 օր հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2-ամսյա ժամկետում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողները Պայմանագրերը համապատասխանեցնում են սույն որոշմամբ սահմանված պահանջներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲաղրամՅԱՆ |
25 հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական: