ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 մայիսի 1997 թ.
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Բ Ա Ժ Ի Ն I
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:
Հոդված 2. ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և սույն օրենքի 6 հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք):
Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այն քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` ֆիզիկական անձինք), ովքեր գործատուների հետ կնքված պայմանագրերի համաձայն հանդիսանում են վարձու աշխատողներ և միաժամանակ չեն իրականացնում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) ԱԱՀ վճարող չեն հանդիսանում:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:
(2-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 26.12.00 ՀՕ-126)
Հոդված 3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գործարքներ իրականացրած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը համարվում են ԱԱՀ վճարող`
- եթե նրանք օրենքի համաձայն չեն համարվում պարզեցված հարկ վճարողներ (ներառյալ` այն դեպքերը, երբ անձինք չեն կարող կամ դադարում են համարվել այդպիսիք),
- այն գործարքների (գործունեության) մասով, որոնք ենթակա չեն պարզեցված հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման:
Տնտեսական գործունեություն իրականացրած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում և վճարում են 3 միլիոն դրամը գերազանցող մասի համար:
Օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝
1) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը.
2) բնակելի թաղամասերում կամ համալիրներում մինչև 4 անհատական բնակելի տների օտարումը:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործունեությունն օրենքով սահմանված կարգով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում, այդ անձի հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:
Սույն օրենքի իմաստով` հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:
(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, 27.11.06 ՀՕ-189-Ն)
Հոդված 4. (4-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)
Բ Ա Ժ Ի Ն II
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`
1) ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը` հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:
Ֆիզիկական անձանց անձնական գույքի (այդ թվում՝ բնակելի շինության) օտարումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ապրանքների մատակարարում չի համարվում.
2) ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը.
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի.
4) «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ`
ա) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքների, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման.
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)
գ) այն ապրանքների, որոնց մատակարարումը սույն օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն ազատված է ԱԱՀ-ից:
(6-րդ հոդվածը լրաց. 08.09.97 ՀՕ-141, խմբ. 26.12.97 ՀՕ-177, 26.12.00 ՀՕ-126, փոփ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, 27.11.06 ՀՕ-189-Ն)
Հոդված 61 . 1. ԱԱՀ վճարողների կողմից «ԱՏԳԱԱ-8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8441, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 250510, 250900, 251820, 2836, 39162010, 76041090, 8419, 8426, 8429, 8430, 8435, 8443, 8478, 8479, 85023100, 870410» ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է`
ա) մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից,
բ) երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունը հաշվարկվում է`
ա) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները գերազանցում են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո հարկ վճարողները մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն ունենում.
բ) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները պակաս են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա այդ տարբերությունը հարկ վճարողի կողմից ենթակա է վճարման պետական բյուջե` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանում:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կազմակերպությունն իրականացրել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, ապա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոս հաշվարկային մեծությունը սույն հոդվածի 2-րդ մասի կիրառման նպատակով ավելացվում է այդ մասով նախատեսված` պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարներին:
(61 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-117-Ն, փոփ. 03.10.05 ՀՕ-181-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-129-Ն)
Հոդված 7. ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`
1) պետական տուրքի գումարը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից`
- ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,
- մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը.
3) հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց կոմպլեկտավորող տարրերի անհատույց փոխարինումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արժեքում.
4) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում սեփականաշնորհման), ինչպես նաև ապապետականացման գործարքները.
5) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության` օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գործարքները.
6) պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալության գործարքները.
7) (7-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
8) (8-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի իրացման շրջանառությունը, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները, սուբվենցիաները, դրամաշնորհները.
10) բռնագրավման կամ նվիրատվության ձևով գույքի կամ գույքային իրավունքի օտարումը պետությանը.
11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը` այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.
12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.
13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը:
14) Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
(7-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 06.07.98 ՀՕ-242, խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-126, խմբ. 14.12.01 ՀՕ-288, փոփ., լրաց. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 22.03.06 ՀՕ-44-Ն)
Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով.
1) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի) ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)` առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում:
Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաև այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը կամ ներմուծողը.
2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը.
3) ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում` ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը.
4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման և պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով.
5) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)` առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ.
6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծությունը (գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծությունը), իսկ դրա բացակայության դեպքում` գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի իրական արժեքը).
7) փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը` առանց ԱԱՀ-ի.
8) ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:
9) շենքերի, շինությունների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս՝ գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի:
Գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը.
10) եթե Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով մատակարարված ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը կնքված պայմանագրի համաձայն ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա, ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օտարերկրյա բորսայի, հանդեսի կողմից հրապարակվող կամ այլ աղբյուրից ստացվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն կետի կիրառման առումով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց., փոփ., խմբ. 26.12.00 ՀՕ-126, լրաց., խմբ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 27.11.06 ՀՕ-189-Ն, 09.04.07 ՀՕ-157-Ն, 11.10.07 ՀՕ-211-Ն)
Բ Ա Ժ Ի Ն III
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 9. ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:
Ապրանքների ու ծառայությունների լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ (ներառյալ 20 տոկոս դրույքաչափը) ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափով:
Հոդված 10. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է սահմանվում սույն օրենքի 16 հոդվածում նշված ապրանքների և ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ
Հոդված 11. ԱԱՀ առանձին վճարողների, նրանց խմբերի, գործարքների և գործառնությունների առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ:
Բ Ա Ժ Ի Ն IV
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Հոդված 12. Ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվում են: Ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք`
ա) առաքվել կամ հանձնվել են գնորդին (պատվիրատուին) Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ) արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից:
Ներմուծված ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում դրանց ներմուծման պահից:
Հոդված 13. Ծառայությունը համարվում է մատուցված Հայաստանի Հանրապետությունում, եթե ծառայությունների մատուցման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ծառայությունների մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղ ծառայություն մատուցող անձը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի վայրի բացակայության կամ որոշման անհնարինության դեպքում` նշված անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված դեպքերի):
Հոդված 14. Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար, այդ թվում` վարձակալության, առք ու վաճառքի գործակալների և փորձագետների ծառայությունների, շինարարության նախապատրաստման և իրականացման ծառայությունների (ներառյալ նախագծման, հետախուզման, վերահսկողության և այլ հարակից ծառայությունները) մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը կամ նախատեսվում է դրա կառուցումը:
Տրանսպորտային ծառայությունների համար մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղից սկսվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը: Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և չընդհատվող երթուղով բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների միասնական միջազգային փաստաթղթերով ձևակերպված փոխադրումների (այսուհետ` միջազգային փոխադրումներ) մատուցման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում:
Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում մատուցվող ծառայությունների (ներառյալ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունները), օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, բեռների մշակումը, պահպանումը և այլ ծառայություններ), շարժական գույքի գնահատման, նորոգման, տեղակայման և համանման այլ ծառայությունների մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդ ծառայությունները փաստացի մատուցվում են:
Արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման այլ իրավունքների` այլ անձանց փոխանցման, գովազդային խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակների փոխադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայությունն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են նշված ծառայությունները, իսկ դրանց բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:
Փոխադրամիջոցների վարձակալության դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ վարձատուն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ դրա բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:
Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա պետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ պետության տարածքը: Օտարերկրյա պետության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքը:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում օտարերկրյա անձանց կողմից հեռուստառադիոընկերություններին մատուցվող հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների վրա:
(14-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-276, 24.12.04 ՀՕ-194-Ն)
Բ Ա Ժ Ի Ն V
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ
Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները`
1) (1-ին կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
2) հանրակրթական դպրոցները, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի դպրոցները, մարզադպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները` ուսման վարձի մասով.
3) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը.
4) գիտահետազոտական աշխատանքները.
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
6) անասնաբուժական դեղամիջոցների իրացումը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատների, պարարտանյութերի, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը` գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին.
7) արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.
8) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.
9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288).
10) թերթերի և ամսագրերի իրացումը.
11) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.
12) կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.
13) (13-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
14) (14-րդ կետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)
15) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.
16) կենսաթոշակային ապահովման գործառնությունները ներառյալ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.
17) բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, վճարահաշվարկային կազմակերպությունները (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայությունների մասով) և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները`
- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.
- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում` պարտքերը կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.
- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.
- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.
- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը, ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը.
- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) գնումը, վաճառքը ու փոխանակումը, հայկական դրամի և բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կատարումը.
- կանխիկ տրամադրման ծառայությունները.
- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.
- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը.
- բանկային ոսկու վաճառքը, դրանցով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանցով այլ գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.
- (Պարբերությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
- բրոքերային և միջնորդական այլ ծառայություններ.
- (Պարբերությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
- օրենքով սահմանված կարգով բանկի և վարկային կազմակերպության սեփականություն դարձած` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը.
- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները` կնքված պայմանագրերի համաձայն.
- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել և չի գանձվելուղղ..
- բանկերի և վարկային կազմակերպություններիուղղ. կողմից ֆինանսական վարձակալությունից (լիզինգից) ստացված տոկոսագումարները:
ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները:
171 ) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով նախաձեռնողի կողմից ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին կամ վաճառողին, վաճառողի կողմից ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին, ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նախաձեռնողի կողմից արժեթղթավորման հիմնադրամից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ ակտիվների փոխանակումը:
18) (18-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
19) դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.
20) (20-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)
21) միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
22) հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը.
23) (23-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)
24) (24-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.12.97 ՀՕ-118)
25) (25-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕ-118)
26) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.
27) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր-7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը.
28) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ԱԱՀ վճարողների կողմից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն` ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.
281) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մշակութային արժեքները:
29. (29-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-182-Ն)
(15-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146, խմբ. 21.10.97 ՀՕ-152, լրաց., խմբ., փոփ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-276, լրաց. 13.12.00 ՀՕ-137, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, լրաց. 26.07.01 ՀՕ-210, փոփ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 19.11.02 ՀՕ-461-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 03.12.03 ՀՕ-45-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-54-Ն, լրաց. 24.11.04 ՀՕ-152-Ն, 06.12.04 ՀՕ-166-Ն, 08.12.04 ՀՕ-193-Ն, 24.12.04 ՀՕ-179-Ն, փոփ. 04.10.05 ՀՕ-182-Ն, 23.05.06 ՀՕ-87-Ն, 25.12.06 ՀՕ-42-Ն, 09.04.07 ՀՕ-147-Ն, 26.05.08 ՀՕ-101-Ն)
Հոդված 16. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը` սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ` հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ.
Օտարերկրյա անձանց կողմից հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են նրանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2) օդանավակայաններում մաքսային և անձնագրային հսկողության տարածքից հետո հատուկ առանձնացված վայրերում միջազգային երթուղիներով մեկնող ուղևորներին ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչև վաճառքի դրվելը անցել են մաքսային ձևակերպում ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)
5) միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ աէրոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.
6) այն ծառայությունների (այդ թվում` գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.
7) օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից տրված հումքից, նյութերից ու կիսաֆաբրիկատներից իրենց պատվերով Հայաստանի Հանրապետության տարածքում այն արտադրանքի մշակման կամ հավաքման, շարժական գույքի նորոգման, արդիականացման և համանման այլ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք արտահանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում.
8) այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում.
9) (9-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
10) (10-րդ կետը հանվել է 28.12.98 ՀՕ-276)
11) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ.
12) հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ.
Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների մոտ դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
(16-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276, 26.12.00 ՀՕ-126, խմբ., փոփ. 14.12.01 ՀՕ-288)
Հոդված 17. Առանձին օրենքներով կարող են սահմանվել ԱԱՀ-ից ազատման և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ:
(17-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177)
Բ Ա Ժ Ի Ն VI
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Ենթաբաժին I. Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը
Հոդված 18. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարողներն ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի հաշվարկային փաստաթուղթը` լրացված սույն օրենքի 20 հոդվածի համաձայն:
(18-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177)
Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`
1) ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից.
2) այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից.
3) սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար:
Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:
Հոդված 20. Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներին համապատասխան հաշվարկային փաստաթղթում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները, առանձին տողով ԱԱՀ-ի դրույքաչափը և գումարը, ինչպես նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում: Հարկային հաշվում առանձին տվյալների և վավերապայմանների բացակայության (բացառությամբ ԱԱՀ-ի գումարի) կամ սխալ լրացման դեպքում հարկային հաշիվը համարվում է սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվ: Հարկային հաշվում օրենքով սահմանված չափից ավելի ԱԱՀ-ի գումար առանձնացված լինելու դեպքում պետական բյուջեի օգտին հաշվեգրման, իսկ հարկային հաշիվ ստացած անձի կողմից հաշվանցման ենթակա է օրենքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը:
Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ-ի հաշվանցումներ կատարելու առումով սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվը դիտվում է որպես մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվ, եթե դրանում արտացոլված տվյալները բավարար են գործարքի էությունը (ապրանքների անվանացանկն ու քանակը կամ ծառայության տեսակն ու ծավալը), գործարքի կողմերը կամ դրա ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը պարզելու համար:
(2-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)
(3-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)
(4-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)
Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկություններ` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Ընդ որում, այդ տեղեկություններում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը:
Գնորդի պահանջով հարկային հաշիվ դուրս չգրելու համար ԱԱՀ վճարող անձինք կրում են հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու համար օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ձեռնարկատիրական գործունեություն վարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում, որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի` հարկ վճարողի հաշվառման համար և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում), նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են դուրս գրված մատակարարի կողմից:
(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 20.05.02 ՀՕ-347-Ն, լրաց., խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-478-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-211-Ն)
Հոդված 21. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ԱԱՀ-ի հաշվարկումը և գանձումը հիմնավորվում է մաքսային ձևակերպման ժամանակ լրացվող մաքսային հայտարարագրերով և վճարային փաստաթղթերով (վճարման հանձնարարագիր, անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթեր):
Հոդված 22. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարի պահպանել իրենց կողմից տրված բոլոր հարկային հաշիվների պատճենները, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը հաստատող հաշիվները, ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին ԱԱՀ-ի վճարումը հաստատող հայտարարագրերը, ինչպես նաև ԱԱՀ-ի հաշվարկմանը և վճարմանը վերաբերող այլ փաստաթղթեր:
Ենթաբաժին II. ԱԱՀ-ի հաշվարկման կարգը
Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`
1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված արժեքի հարկի)`
- 2003 թվականի ընթացքում յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 500 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 5 միլիոն դրամը,
- 2004 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը,
- 2005 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 100 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 1 միլիոն դրամը:
Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը, բացառությամբ էլեկտրաէներգիայի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների, որոնք կարող են հաշվանցվել նաև էլեկտրաէներգիայի ստացման հաշվետու ժամանակաշրջանում:
Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը:
2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին:
Սույն օրենքի 3 հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող դարձած և սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառման կանգնած անձինք հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածով սահմանված կարգով հաշվանցում են սույն օրենքի 3 հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու պահից հետո ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված (մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները:
ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:
(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, խմբ. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն)
Հոդված 24. (24-րդ հոդվածը լրաց. 04.11.97 ՀՕ-156, խմբ. 26.12.97 ՀՕ-177, ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
Հոդված 241. Մինչև 2009 թվականի հունվարի 1-ը բնակչությանը Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:
Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում`
1) բանկային փոխանցմամբ վճարվել են մատակարարներին` արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց` սույն օրենքի IV բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.
2) գանձվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից` հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար` օրենքով սահմանված կարգով և չափերով:
(241 հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-288, փոփ. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-259-Ն)
Հոդված 242.
Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերություններում հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե ենթակա է վճարման հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`ա) հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.
բ) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված կամ ներմուծված այլ ապրանքների (բացառությամբ էլեկտրաէներգիայի) և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:
Եթե էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունները հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի վճարումները կատարել են լիցենզիայով սահմանված ժամկետներն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանից ուշ ժամկետներում, ապա էլեկտրաէներգիայի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (չվճարված մասին համապատասխան չափով) հաշվանցվում են սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:
(242 հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն)
Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23-րդ, 241-րդ և 242-րդ հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքների գծով՝ նույն մասին համապատասխան որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների
հաշվին:
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) իրականացման դեպքում ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, և (կամ) պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում վերադարձվել կամ հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Այս դեպքում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (առանց գերավճարի և հարկի չհաշվանցվող մնացորդների գումարների) այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: Ընդ որում, ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Սույն հոդվածին համապատասխան ԱԱՀ-ի գումարների հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշվում է հարկային հաշվանցումների ուսումնասիրությամբ և (կամ) ստուգմամբ՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: ԱԱՀ-ի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշման, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացման առանձնահատկությունները, հարկային մարմնին ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով:
Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքների գծով հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների: Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ոչ ենթակա գումարը (հարկի չհաշվանցվող մնացորդը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:
(25-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 11.12.02 ՀՕ-478-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-211-Ն)
Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`
1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից.
2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքների (գործառնությունների) գծով, ինչպես նաև այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:
Բացառությամբ ապրանքների արտահանման դեպքի, սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի` բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից կամ անմիջական ներմուծողից ձեռք բերողների վրա` այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ կատարողների վրա.
Սույն կետում նշված` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:
3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:
(2-րդ մասը հանվել է 14.12.01 ՀՕ-288)
(3-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
(4-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
(5-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը:
5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:
(26-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, լրաց. 11.12.02 ՀՕ-478-Ն, 19.05.05 ՀՕ-117-Ն)
Հոդված 27. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), ապա նրանք կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են վարել հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործառնությունների, ինչպես նաև դրանց իրականացման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների առանձնացված հաշվառում: Եթե նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնար է, ապա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է` ելնելով նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարների) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում` զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարների) տեսակարար կշռից: (4-րդ նախադասությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126): (5-րդ նախադասությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126): (6-րդ նախադասությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126): (7-րդ նախադասությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
Սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետով նշված գործարքների մասով հարկվող շրջանառություն չի առաջանում և ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարների` սույն հոդվածով սահմանված կարգով վերահաշվարկներ չեն կատարվում:
(27-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-276, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, փոփ. 25.12.03 ՀՕ-54-Ն)
Հոդված 28. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում իրենց բնակության վայրում սեփական սպառման հետ միաժամանակ և ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար վճարել (ձևակերպել) են ԱԱՀ, ապա հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել (ձևակերպվել) են անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ձեռք բերված ապրանքների ծառայությունների համար:
Հոդված 29. Սույն օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու և հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե:
(29-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-126)
Ենթաբաժին III. ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները
Հոդված 30. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե նախապես հայտարարված մաքսային ռեժիմը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է ազատ շրջանառության համար բացթողման (ներմուծման) ռեժիմով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ռեժիմով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր հաստատած ցանկին համապատասխան սահմանել այդ ապրանքների համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգ:
(30-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, 19.05.05 ՀՕ-117-Ն)
Հոդված 31. ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որևէ մեկը`
1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.
2) սույն օրենքի 24 հոդվածում նշված կարգով ԱԱՀ վճարողների համար` ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով գնորդներից (պատվիրատուներից) ստացվել է հատուցում (հաշվի առնելով հատուցման չափը).
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը (այդ թվում` սույն օրենքի 24 հոդվածում նշված ԱԱՀ վճարողների համար):
(31-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177)
Հոդված 32. Սույն օրենքի 23 և 24 հոդվածների համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:
Այն անձանց համար, որոնց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 60 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
(5-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)
(32-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-276, փոփ. 26.12.00 ՀՕ-126, խմբ. 14.12.01 ՀՕ-288)
Հոդված 33. ԱԱՀ վճարողները սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:
ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածով սահմանված դեպքի:
(33-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126)
Բ Ա Ժ Ի Ն VII
ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում` այլ զբոսաշրջիկային գործակալությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը` առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների: Օտարերկրյա անձանց մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
(34-րդ հոդվածը խմբ. 25.12.03 ՀՕ-54-Ն)
Հոդված 35. Քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող անձնական գույքի սահմանված կարգով հանձնուրդային (կոմիսիոն) վաճառքի դեպքում առևտրական գործունեություն իրականացնողի համար հարկվող շրջանառություն է համարվում հանձնուրդավճարի (կոմիսիոն գանձույթի) գումարը` պայմանով, որ նշված գույքի հաշվառումն իրականացվում է նոր (ոչ կոմիսիոն) ապրանքների հաշվառումից առանձնացված կարգով` հանձնուրդային (կոմիսիոն) առևտրի կանոնների պահպանմամբ:
Հոդված 36. Ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար հարկվող շրջանառություն է համարվում վաճառվող ապրանքների սեփականատիրոջ (կամ անձի) կողմից միջնորդավճարի (պարգևավճարի, տոկոսի և այլն) գումարը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 37. Հայաստանի Հանրապետության տարածքում կապի ծառայությունների մատուցման ժամանակ հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը` ելնելով սահմանված սակագներից:
Հայաստանի Հանրապետության և էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) անդամ մյուս երկրների միջև միջազգային կապի ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում ԷՄՄ անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում կապի ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային փոստային միության անդամ մյուս երկրների միջև փոստային ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում Համաշխարհային փոստային միության անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները համարվում են որպես արտահանված ծառայությունների դիմաց ստացվող փոխհատուցում, և դրանց նկատմամբ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:
(37-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-177)
Հոդված 38. Գրավի հետ կապված գործառնությունների իրականացման դեպքում, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 8-րդ կետում նշված դեպքի, հարկվող շրջանառություն է համարվում`
1) շրջանառության մեջ գտնվող ապրանքներով (ներառյալ անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) առարկայի իրացման դեպքում` սույն օրենքի 8 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունը.
2) շրջանառությունից դուրս եկած (օգտագործման մեջ եղած) ապրանքներով գրավի առարկայի իրացման դեպքում` դրանց փաստացի բավարարման պահին ստացված լրիվ ծավալով պահանջի, ներառյալ տոկոսները, գրավի մասին պայմանագրով նախատեսված պարտավորության կատարումն ուշացնելու հետևանքով վնասի փոխհատուցումը, տուգանք, տույժ, գրավ դրված գույքը պահելու և գրավով ապահովված պահանջը կատարելու հետ կապված ծախսերի և իրացման (վաճառքի) գների տարբերությունը:
Սույն հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն: (38-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-276)
Հոդված 39. (39-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)
Հոդված 391. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրագործողներն այդ մասին նշումներ պետք է կատարեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող մատակարարների հետ կնքվող պայմանագրերում:
Մատակարարված ապրանքների գծով ստացված հասույթները կամ ստացված (առանց ԱԱՀ-ի) ապրանքներն ու ծառայությունները կանոնադրական (ծրագրային) նպատակներով չօգտագործելու դեպքում նշված ծրագրի (գործունեության) որակավորումը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործականի կարող է փոփոխել կամ կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:
Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում է`
ա) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագիրն իրականացրած կազմակերպությունն այն մասով, որով իրականացվող ծրագրի շահառու կողմը եղել են ֆիզիկական անձինք կամ կազմակերպություններ, եթե նախատեսված էր, որ ծրագրի շրջանակներում նշված անձինք պետք է ստանային ապրանքներ կամ ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ապրանքները կամ ծառայությունները փաստացի ստացված չլինելու պատճառով.
բ) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագրի շահառուներից յուրաքանչյուրը, եթե վերջիններս կազմակերպություններ են և նախատեսված էր, որ նշված անձինք պետք է ծրագրի շրջանակներում ստացած ապրանքների կամ ծառայությունների օգտագործման արդյունքում երրորդ անձանց մատուցեին ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ծառայությունները փաստացի մատուցած չլինելու պատճառով:
Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 301-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:
(391 հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-461-Ն)
Հոդված 40. Առևտրային կազմակերպությունների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում` պետության և երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման` սահմանված ընդհանուր կարգով:
Անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով (այդ թվում` ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների), այլ գույքային իրավունքների գծով ձեռքբերումների դիմաց վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) և մինչև գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն:
(40-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-126)
Հոդված 401. Գույքի հավատարմագրային կառավարման արդյունքում հավատարմագրային կառավարչի կողմից իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում այդ գործարքների համար սույն օրենքին համապատասխան որոշվող ընդհանուր շրջանառությունը: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, իր և կառավարման հիմնադրի փոխարեն, կրում է գույքի հավատարմագրային կառավարիչը:
Հավատարմագրային կառավարման արդյունքում իրականացված գործարքների մասով բյուջե վճարման ենթակա է այդ գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող` այդ գործարքների իրականացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված` սույն օրենքին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների տարբերությունը:
(401 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-478-Ն)
Բ Ա Ժ Ի Ն VIII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 41. Սույն օրենքը խախտելու համար ԱԱՀ վճարողները և նրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 42. Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգի խախտումով հարկային հաշիվների լրացման համար վճարողներից գանձվում է տուգանք այդ փաստաթղթերում հաշվարկված ԱԱՀ-ի տասը տոկոսի չափով:
Հոդված 43. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները պակասեցնելու (հաշվանցելու) հետևանքով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի: Այդ տուգանքը կիրառվում է նաև սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետով սահմանված հարկի գծով պարտավորությունը չկատարելու և այն դեպքում (անկախ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու հանգամանքից), երբ հարկային տեսչության մարմինների կողմից կատարվող ստուգման արդյունքում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջանում` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցելու հետևանքով` պակաս հաշվարկված կամ ավել հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարների նկատմամբ:
(43-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126, փոփ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն) Հոդված 431.
Սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկություններում կամ որոնց վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել, ենթակա չեն հաշվանցման այդ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն կարող են հաշվանցվել այդ տեղեկությունները ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանում, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին:
(431 հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, 25.12.03 ՀՕ-54-Ն)
Հոդված 44. (44-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.97 ՀՕ-177)
Հոդված 441. (1-ին մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-261-Ն)
Օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների, ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված` ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձևակերպման: Ընդ որում, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Անապրանք փաստաթղթերի օգտագործման միջոցով, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշվանցում):
Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների սույն հոդվածով սահմանված կարգով չձևակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում):
(441 հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-261-Ն)
Հոդված 45. Եթե ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք սույն օրենքի 3 հոդվածի պահանջներին համապատասխան պարտավոր էին, սակայն չեն վճարել ԱԱՀ` իրականացնելով հարկվող գործարքներ (գործառնություններ), ապա դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 451. (451 հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)
Բ Ա Ժ Ի Ն IX
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 46. Սույն օրենքի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ինչպես նաև`
- օրենքի 15 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ.
- օրենքի 15 հոդվածի 5 - 7-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ.
- օրենքի 15 հոդվածի 8-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ.
- օրենքի 15 հոդվածի 13-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հետ.
- օրենքի 15 հոդվածի 18-րդ կետի և 16 հոդվածի 10-րդ կետի (շինարարական և հարակից աշխատանքների գծով) դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հետ.
- օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման կարգին վերաբերող դրույթների մասով համապատասխան հրահանգը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարյությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:
Հոդված 47. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 48. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:
Օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հունիսի 30-ի օրենքը:
Սույն օրենքի 15 հոդվածի 24-րդ կետն ուժի մեջ է մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Սույն օրենքի 15 հոդվածի 25-րդ կետն ուժի մեջ է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Սույն օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ կետն ուժի մեջ է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
(48-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146, 04.10.05 ՀՕ-182-Ն)
Հավելված 1 «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
Ավելացված արժեքի հարկի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ԵՎ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման կարգը
1. Սույն կարգով սահմանվում են`
ա) օրենքով սահմանված կարգով անցկացվող՝ հարկային հաշվանցումների ուսումնասիրության կամ ստուգման միջոցով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) գծով (այսուհետ՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման, այդ նպատակով հարկ վճարողի դեբետային մնացորդում գերավճարի և չհաշվանցվող մնացորդների գումարների որոշման կարգը, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացման առանձնահատկությունները.
բ) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի կողմից հարկային մարմին փաստաթղթերի ներկայացման կարգն ու ժամկետները:
2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) վերադարձվում են նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարները:
3. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելն իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցվում և (կամ) վերադարձվում են այդ գործարքների իրականացման պահին գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
4. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ), պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, վերադարձվում կամ հաշվանցվում են հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու վերաբերյալ դիմում (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու դեպքում: Դիմումի ձևը սահմանում է հարկային մարմինը:
5. Հարկ վճարողի ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սահմանված չափից ավելի վճարված գումար է (գերավճարի մնացորդը), ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում, գերավճարի մնացորդի մեծությունը որոշվում է հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով:
6. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելիս որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է հարկ վճարողի դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ ԱԱՀ-ի փաստացի դեբետային մնացորդը, առանց գերավճարի մնացորդի և հարկի չհաշվանցվող մնացորդի գումարների: Ընդ որում, հարկի չհաշվանցվող մնացորդ են համարվում այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձն անցկացվող և (կամ) նախկինում անցկացված ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ համարվել են չհիմնավորված, ինչպես նաև այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետներն օրենքով սահմանված դեպքերում կասեցվել են:
7. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հաշվանցվում են դիմումի հիման վրա օրենքով սահմանված կարգով անցկացված՝ հարկային հաշվանցումների ուսումնասիրության կամ ստուգման (այսուհետ՝ ուսումնասիրություն կամ ստուգում) արդյունքներով: Հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման իրականացման ընթացքում հարկ վճարողի կողմից դիմում ներկայացվելու դեպքում այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են ստուգման արդյունքներով: Հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
8. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակաշրջանների: Ընդ որում`
ա) եթե հարկ վճարողը ներկայացրել է որևէ (մեկ) հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին դիմում, ապա որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է դիմումի ներկայացման օրվա և այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացմանը հաջորդող օրվա դրությամբ, սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող` դեբետային մնացորդներից նվազագույնը.
բ) եթե հարկ վճարողը ներկայացրել է երկու և ավելի հաշվետու ժամանակաշրջաններում իրականացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին դիմում, ապա որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանի դեբետային մնացորդ ընդունվում է սույն կետի «ա» ենթակետին համապատասխան որոշվող դեբետային մնացորդը, իսկ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների մնացորդ՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացմանը հաջորդող օրվա դրությամբ, սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող` դեբետային մնացորդը:
9. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (այսուհետ՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի) այն մասը, որը չի գերազանցում այդ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:
Երկու և ավելի ժամանակաշրջանների համար այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելիս հաշվանցվում և (կամ) վերադարձվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված համապատասխան գումարների հանրագումարը, սակայն ոչ ավելի հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվա դրությամբ դեբետային մնացորդից: Հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված գումարների հանրագումարը հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվա դրությամբ դեբետային մնացորդը գերազանցելու դեպքում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն ըստ ժամանակաշրջանների բաշխելիս գերազանցող գումարը նվազեցվում է վերջին ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարից:
10. Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին: Գերազանցող մեծությունը համարվում է վերագրված հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին, եթե այն հաշվի է առնվում որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշելիս (եթե այդ գումարը ներառված է հարկ վճարողի դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդում):
11. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հավելագրելու փաստ հայտնաբերելու դեպքերում անցկացվում է ստուգում, և հարկային մարմինն իրավասու է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հաշվարկել անուղղակի եղանակներով՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հավելագրելու հետևանքով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց ավել հաշվանցված և (կամ) ավել վերադարձված գումարը համարվում է հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված չափից ավելի հաշվանցված հարկային պարտավորության գումար, որի նկատմամբ ստուգման ակտով հաշվարկվում են օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ:
12. Հարկային մարմինը պարտավոր է ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով կազմել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան եզրակացություն, կամ ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտի օրինակը հարկ վճարողին տրամադրելու միջոցով տեղեկացնել հաշվանցման կամ վերադարձման իրավունքը լրիվ կամ մասնակիորեն ճանաչելու մասին:
Ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտում մասնավորապես նշվում են`
ա) որոշման կայացման իրավական հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել).
բ) այն փաստաթղթերն ու փաստերը, որոնք հիմք են ծառայել նման որոշում ընդունելու համար:
13. Ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները համարվում են չհիմնավորված, եթե չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները: Ընդ որում, այդ գումարները համարվում են չհիմնավորված, եթե՝
ա) ԱԱՀ-ի դեբետային մնացորդն առաջացել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների դուրս գրած այնպիսի հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարներից, որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով հարկային հաշիվ չեն համարվում.
բ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցում կատարվել է այնպիսի հարկային հաշիվներով, որոնցում արտացոլված ԱԱՀ-ի գումարները, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 431-րդ հոդվածի համաձայն, ենթակա չեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման.
գ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցում կատարվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան անապրանք համարվող փաստաթղթերով.
դ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը կապված է այնպիսի գործարքների հետ, որոնք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն, անվավեր են.
ե) ԱԱՀ-ի գումարները հաշվանցվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 241-րդ, 242-րդ, 26-րդ կամ 27-րդ հոդվածներով սահմանված կարգերի խախտմամբ.
զ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 441-րդ հոդվածում նշված գործարքներին վերաբերող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների) մասով մատակարարների դուրս գրած հարկային հաշիվներով կատարվել է հաշվանցում.
է) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու արդյունքում կատարվել է օրենքով սահմանված չափից ավելի գումարի հաշվանցում.
ը) հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերով չի հիմնավորվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով դիմումում նշված իրացման շրջանառությունը: Այդ դեպքում որպես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով իրացման շրջանառություն ընդունվում է հարկ վճարողի ներկայացրած՝ փաստաթղթերով հիմնավորված մասը:
Ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը չհիմնավորված համարվելու դեպքերում (սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված դեպքերում) այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար հարկ վճարողի ներկայացրած գումարը չհիմնավորված է համարվում միայն այդ գործարքների մասով:
Օրենքով և իրավական ակտերով չնախատեսված գումարով հաշվանցում կատարելու դեպքերում (սույն կետի «զ» և «է» ենթակետերում նշված դեպքերում) այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար հարկ վճարողի ներկայացրած գումարը չհիմնավորված է համարվում միայն այդ գումարների մասով:
14. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման փաստը հիմք չէ այլ հարկային պարտավորությունները կատարված համարելու, ինչպես նաև հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերը չհաշվարկելու համար, եթե հարկ վճարողը սույն կարգին համապատասխան չի ներկայացրել դիմում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու մասին: Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առկայությունն արձանագրվելու (կամ հիմնավորվելու) դեպքում ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, սույն կարգի 9-րդ կետին համապատասխան հաշվարկված գումարներով, կազմված համապատասխան եզրակացություններով, հաշվանցվում են հարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի այլ հարկային պարտավորությունները: Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների գծով նախկինում հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները և ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման ամսաթիվը:
15. ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից առանց ուսումնասիրության կամ ստուգման չի կարող ուղղվել այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման:
Սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գծով առաջացող` հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողի կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներից՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
16. ԱԱՀ-ի դեբետային մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար հարկ վճարողը համապատասխան հարկային մարմին (ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնող անձանց) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից հարկ վճարողին տրված տեղեկանքը` Հայաստանի Հանրապետության մաքսային oրենսդրությամբ սահմանված կարգով լրացված` «Բացթողումը թույլատրված է» և «Բեռը ստացված է» նշումներով մաքսային հայտարարագրի առկայության մասին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրում է հարկ վճարողին՝ վերջինիս դիմումի ստացման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան «Բեռը ստացված է» դրոշմակնիքը մաքսային հայտարարագրի վրա դնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամանակահատվածը: «Բացթողումը թույլատրված է» և «Բեռը ստացված է» նշումներով մաքսային հայտարարագրի առկայության մասին տեղեկանքի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն.
բ) հաղորդակցության միջոցների՝ ֆաքսի, էլեկտրոնային փոստի, համակարգչային «Ինտերնետ» համակարգի և նման այլ կապի միջոցների կիրառմամբ տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման ու տեղեկատվության հաղորդման ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայությունների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու դեպքում՝ օտարերկրյա անձի հետ պայմանագրի կամ այդ անձի պատվերի պատճենն ու ծառայության ստացման գրավոր հավաստման (ակտի կամ այլ փաստաթղթի) պատճենը.
գ) եթե ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկված ծառայության մատուցման վայրը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան, որոշվում է ծառայություն ստացող անձի ձեռնարկատիրական գործունեության վայրով, ապա իրավասու մարմնի (իրավաբանական անձանց գրանցող մարմնի` պետական ռեգիստրի) տված տեղեկանքն այն մասին, որ ծառայություն ստացած օտարերկրյա անձը, հարկ վճարողի նշած՝ գործարքի իրականացման հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված չէ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:
Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրում է հարկ վճարողին՝ վերջինիս դիմումի ստացման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկանքի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.
դ) ձեռք բերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների հարկային հաշիվները (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը), ձեռքբերումների դիմաց մատակարարներին կատարված վճարումը հավաստող փաստաթղթերը (բանկային հանձնարարագրերը, բանկի հաշվարկային հաշվից քաղվածքները, դրամարկղի ելքի օրդերները):
17. Սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմնի կողմից անցկացվող ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում, սակայն ոչ ուշ, քան հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունը կամ ստուգումը սկսելուն հաջորդող 5-րդ օրը, բացառությամբ այն դեպքի, երբ նշված կետով սահմանվել է փաստաթղթի ներկայացման այլ ժամկետ: Նշված ժամկետում փաստաթղթերի չներկայացումը հիմք է սույն կարգի 24-րդ կետի համաձայն ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և ուսումնասիրության համար սույն կարգով սահմանված ժամկետների ընթացքը կասեցնելու կամ չներկայացված փաստաթղթերին վերաբերող՝ ԱԱՀ-ի գումարների հաշվին այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) այդ գումարների հետվերադարձը սույն կարգի 25-րդ կետի համաձայն մերժելու համար:
18. Եթե դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, ապա ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:
19. ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետի սկիզբ է համարվում հարկ վճարողի դիմում ներկայացնելու ժամկետը՝ դիմումում նշված գումարի այն մասով, որով սույն կարգին համապատասխան չի մերժվել և (կամ) չի կասեցվել հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը:
20. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը որոշելու նպատակով ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում մասնավորապես՝
ա) ճշտվում են դիմումի ստացման օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները` համադրելով հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում արձանագրված և հարկ վճարողի ներկայացրած տեղեկությունները՝ կազմելով փոխադարձ ստուգման ակտ.
բ) ճշտվում են հարկ վճարողի մոտ անցկացված նախորդ ուսումնասիրություններով արձանագրված այն գումարները, որոնք համարվել են չհիմնավորված և այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով ուսումնասիրության ժամկետի ընթացքը կասեցվել է.
գ) իրականացվում է օրենքով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերության (գերազանցող գումարի) ուսումնասիրություն, որի ընթացքում ճշտվում է հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկների արժանահավատությունը:
Ուսումնասիրության ժամանակ մասնավորապես ճշտվում են`
ա) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրացման շրջանառությունը.
բ) ձեռքբերումների գծով հարկային հաշիվների համապատասխանությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջներին.
գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան՝ դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին հարկ վճարողի կողմից տեղեկությունները սահմանված ժամկետում ներկայացվելու փաստը.
դ) այնպիսի հարկային հաշիվների առկայությունը, որոնք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, համարվում են անապրանք, և որոնք վերաբերում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 441-րդ հոդվածում նշված գործարքներին (գործունեությանը):
Ուսումնասիրության արդյունքներով կազմված արձանագրության կամ ստուգման ակտի հիման վրա կազմվում է սահմանված ձևի համապատասխան եզրակացություն՝ այն գումարով, որի հաշվին այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցումը և (կամ) վերադարձը չի մերժվել կամ համարվել է հիմնավորված:
21. Այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումներն իրականացվում են` պահպանելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային պարտավորությունների մարման կարգը:
22. Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվանցումների (հարկային մարմնի կողմից հաշվառվող բոլոր հարկային պարտավորությունների մարման) արդյունքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի մնացորդը հարկ վճարողի ցանկությամբ կարող է ուղղվել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների հաշվանցմանը, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների մասով մաքսային մարմիններին վճարման ենթակա՝ հարկերի գծով պարտավորությունների մարմանը կամ կարող է վերադարձվել:
23. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը որոշելու նպատակով ուսումնասիրությունն անցկացվում է հարկ վճարողի դիմումի ստացման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում (ներառյալ ուսումնասիրություն անցկացնելու մասին հարկային մարմնի կողմից որոշում կայացնելու համար նախատեսված ժամկետը): Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով, եթե ուսումնասիրության 15-օրյա ժամկետն անբավարար է ներկայացված փաստաթղթերը պատշաճ կարգով ուսումնասիրելու կամ անհրաժեշտության դեպքում հարկ վճարողի հետ գործարքներ իրականացրած այլ հարկ վճարողների մոտ օրենսդրությամբ սահմանված ուսումնասիրություններ, ստուգումներ կամ այլ գործողություններ կատարելու համար:
24. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար սահմանված ժամկետները սույն կարգով և օրենքով սահմանված դեպքերում կարող են կասեցվել:
25. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից մերժվում է, եթե`
ա) օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության կամ ստուգման արդյունքում պարզվել է, որ սույն կարգի համաձայն ներկայացվող փաստաթղթերում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
բ) ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, առոչինչ են: Առանձին գործարքներ առոչինչ հանդիսանալու դեպքում հաշվանցման և (կամ) վերադարձման մասին դիմումը մերժվում է միայն այդ գործարքների մասով.
գ) հարկ վճարողի կողմից ներկայացված՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը, սույն կարգի 13-րդ կետի համաձայն, հիմնավորված չէ:
Առանձին գործարքների մասով տեղեկություններն իրականությանը չհամապատասխանելու կամ առանձին գործարքներ առոչինչ հանդիսանալու դեպքերում հարկ վճարողի դիմումը մերժվում է այդ գործարքների մասով, իսկ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը մասնակիորեն հիմնավորված չլինելու դեպքում՝ չհիմնավորված գումարի մասով:
26. Սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերում նշված դեպքերում, եթե անցկացվում է ուսումնասիրություն, ապա հարկային մարմինը պարտավոր է որոշումն ընդունելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հարկ վճարողի դիմումի ստացման օրվան հաջորդող 21-րդ աշխատանքային օրը, հարկ վճարողին գրավոր տեղեկացնել այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետը (ուսումնասիրության ժամկետի ընթացքը) կասեցնելու մասին՝ նշելով նման որոշում կայացնելու հիմքերը: Հարկ վճարողի կողմից նման որոշման կապակցությամբ ներկայացված գրավոր առարկությունները քննարկվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում՝ կայացնելով ուսումնասիրությունը շարունակելու, հարկ վճարողի դիմումը բավարարելու կամ առարկությունները մերժելու վերաբերյալ որոշում, որի մասին նշված ժամկետում տեղեկացնում է հարկ վճարողին:
27. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունների բողոքարկումը իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
28. Ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու որոշում ընդունելու, ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու և հարկ վճարողին գումարների վերադարձման ժամկետները (բացառությամբ սույն կարգի 24-րդ կետի համաձայն ուսումնասիրության ժամկետների կասեցման դեպքերի) խախտելու համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում հարկ վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել ԱԱՀ-ի գումարները:»:
(Հավելված 1-ը լրաց. 11.10.07 ՀՕ-211-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|