Գլխավոր տեղեկություն
Համար
N 615
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.558
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2001

040.0615.09.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2001 թվականի N 615
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը (կցվում է):

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

հուլիսի 9-ի N 615 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը:

2. Գիտական կոչում կարող է շնորհվել այն անձանց, որոնք ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, որպես կանոն՝ գիտական աստիճան, որոշակի ավանդ` գիտության տվյալ բնագավառում և զբաղվում են գիտամանկավարժական (գիտական) գործունեությամբ:

3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումները շնորհվում են հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհ) և գիտական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշմամբ` ղեկավարվելով սույն կարգով և ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկով:

4. Գիտական կոչում շնորհելու մասին որոշումը հաստատում և համապատասխան դիպլոմով ամրագրում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետ` ԲԿԳԿ):

(4-րդ կետը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

 

2. ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

5. Դոցենտի գիտական կոչում կարող է շնորհվել`

1) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն.

2) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք գիտական կոչում շնորհող բուհում վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանք, որոնց ընդհանուր թիվն առնվազն 3 է.

3) դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, այդ թվում` գիտական կոչում շնորհող բուհում` առնվազն վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և ունեն մենագրություն կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների կամ դասագրքեր` համահեղինակներով ու տվյալ բնագավառում` ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 15, որոնցից առնվազն 2-ը հրատարակվել են վերջին 3 տարվա ընթացքում.

4) մշակույթի և սպորտի ասպարեզում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց հետևյալ կարգով`

արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի.

5) ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապետության բնագավառներում` անձանց, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 10 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

ա. ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

բ. հանրապետական կամ միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են,

գ. հանրապետական փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,

դ. հեղինակ են առնվազն 5 բեմադրության, ստեղծագործական աշխատանքի, տեսագրության, կառույցի, նախագծի, հանրապետական կամ միջազգային մրցույթներում մրցանակ ստացած առնվազն 1 ստեղծագործության,

ե. ղեկավարել են հանրապետական կամ միջազգային փառատոների, մրցույթների դափնեկիրների (գեղարվեստական խմբեր, համույթներ),

զ. ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում՝ առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում.

6) սպորտի բնագավառում` անձանց, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

ա. ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

բ. հանրապետական կամ միջազգային մրցումների մրցանակակիրներ են,

գ. պատրաստել են սաներ, որոնք մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների,

դ. ունեն բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված՝ հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում՝ առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:

 

3. ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

6. Պրոֆեսորի գիտական կոչում շնորհվում է`

1) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք՝

ա. վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոկտորական ատենախոսություն պաշտպանելուց հետո ունեն տվյալ բնագավառում առնվազն 6 հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` միջազգային գիտական ամսագրում տպագրված հոդված` բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների), ղեկավարել են պաշտպանած ատենախոսություն կամ նախարարության կողմից երաշխավորված դասագրքի` առանց համահեղինակների, կամ առնվազն 3 դասագրքի` համահեղինակներով, հեղինակ են,

բ. վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում և 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար են.

2) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք ունեն դոցենտի կոչում.

ա. գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 30 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն, ունեն բուհի կամ կազմակերպության գիտական խորհուրդների կողմից երաշխավորված` հրատարակված մենագրություն կամ նախարարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, տվյալ բնագավառի ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 30, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք և 3 պաշտպանած ատենախոսության ղեկավար են,

բ. գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում, առնվազն 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար են, ունեն մենագրություն կամ նախարարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, և տվյալ բնագավառում առնվազն 20 գիտական և ուսումնամեթոդական աշխատանք, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք, որոնցից առնվազն մեկը` միջազգային գիտական ամսագրում (բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների).

3) մշակույթի և սպորտի բնագավառի դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, որոնք ունեն դոցենտի կոչում`

արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի.

4) ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապետության բնագավառներում` անձանց, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում զբաղվել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեությամբ և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

ա. ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

բ. միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են և ունեցել են անհատական ցուցահանդեսներ,

գ. միջազգային մրցույթների մասնակիցներ են և ունեցել են տարբեր ծրագրերով մենահամերգներ կամ մասնակցել են բեմադրությունների,

դ. հանրապետական և միջազգային փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,

ե. հեղինակ են միջազգային մրցույթներում հաղթած ստեղծագործությունների, նախագծերի, կառույցների,

զ. ղեկավարել են միջազգային փառատոների, մրցույթների հաղթողների (գեղարվեստական խմբեր, համույթներ),

է. ունեն հրատարակված կամ համապատասխան բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում՝ առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում.

5) սպորտի բնագավառում` անձանց, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

ա. ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (տվյալ երկրի հետ համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

բ. միջազգային մրցումների հաղթողներ են,

գ. պատրաստել են սաներ, որոնք օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ են,

դ. ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում՝ առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:

 

4. ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

7. Գիտական կոչում ստանալու համար անձը դիմում է ներկայացնում բուհի ռեկտորի կամ կազմակերպության տնօրենի անունով, որտեղ հիմնական աշխատող է, կամ համատեղությամբ աշխատող է` առնվազն 150 ակադեմիական ժամ ժամավճարով: Դիմումին կցվում են անհրաժեշտ փաստաթղթեր (Ցանկ 1):

8. Բուհերի կամ կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհրդում գիտական կոչում շնորհելու մասին դիմումը քննարկվում է դիմում տալու օրվանից երկու ամսվա ընթացքում:

9. Գիտական կոչում շնորհելու մասին որոշումն ընդունվում է փակ, գաղտնի քվեարկությամբ:

Խորհուրդն իրավասու է գիտական կոչում շնորհելու հարցը քննարկելու խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ: Գիտական կոչում շնորհելու մասին որոշումն ընդունվում է նիստին մասնակից անդամների ձայների առնվազն կեսից ավելին ստանալու դեպքում:

10. Գիտական խորհրդի կողմից բացասական որոշում ընդունվելու դեպքում հավակնորդն իրավունք ունի այդ որոշումից մեկ տարի անց կրկին դիմելու գիտական խորհուրդ` ներկայացնելով այդ ընթացքում հրատարակած իր նոր գիտական աշխատանքները կամ սույն կարգի 2-րդ կամ 3-րդ գլուխների պահանջներին համապատասխան այլ տվյալներ:

11. Գիտական խորհրդի նիստի արձանագրությունից քաղվածքը և սույն կարգի 7-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը 15 օրվա ընթացքում համապատասխան տեղեկանքի (Ձև) հետ միասին ներկայացվում են ԲԿԳԿ:

(11-րդ կետը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

5. ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԲԿԳԿ-ՈՒՄ
(վերնագիրը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

12. Գիտական կոչումների շնորհման մասին գիտական և գիտատեխնիկական խորհուրդների որոշումը հաստատում ու համապատասխան գիտական կոչման դիպլոմ տալիս է ԲԿԳԿ-ը:

(12-րդ կետը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

13. ԲԿԳԿ-ը գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:

(13-րդ կետը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

14. Այլ երկրներում ստացած գիտական կոչման փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից, եթե գոյություն ունեն համապատասխան միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր: Փաստաթղթերը համապատասխանեցվում են ԲԿԳԿ-ի կողմից սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

15. Գիտական կոչման դիպլոմը կորցնելու դեպքում անձը դիմում է ԲԿԳԿ` կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում են փաստաթղթեր (Ցանկ 2):

Թերթի հայտարարությունից 30 օր հետո` կորցրած դիպլոմը չհայտնաբերվելու դեպքում ԲԿԳԿ-ն անվավեր է ճանաչում կորցրած դիպլոմը և հանձնում կրկնօրինակը:

(15-րդ կետը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

16. ԲԿԳԿ-ի կողմից գիտական խորհրդի ներկայացրած որոշումը չհաստատվելու դեպքում այն մեկամսյա ժամկետում վերադարձվում է տվյալ գիտական խորհրդին:

Հիմք ընդունելով ԲԿԳԿ-ի դիտողությունները՝ խորհուրդը`

1) լրամշակված գործը երկամսյա ժամկետում կրկին ներկայացնում է ԲԿԳԿ.

2) չեղյալ է համարում գիտական կոչում շնորհելու մասին իր որոշումը:

(16-րդ կետը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

 

Ցանկ 1

 

Գիտական կոչում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

 

ա) Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (եթե գիտական աստիճան չկա),

բ) գիտական աստիճանի դիպլոմի (վկայագրի) պատճենը,

գ) գիտական կոչման դիպլոմի պատճենը,

դ) հրատարակված աշխատանքների ցուցակը,

ե) տեղեկանք աշխատավայրից` գիտամանկավարժական գործունեության մասին,

զ) գիտության, մանկավարժության, մշակույթի, սպորտի բնագավառներում նվաճումները հաստատող փաստաթղթերի պատճենները:

(ցանկը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

 

Ցանկ 2

Գիտական կոչման կորցրած դիպլոմի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
(վերնագիրը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

 

ա) Դիմում` կորցրած դիպլոմը վերականգնելու վերաբերյալ,

բ) հայտարարություն թերթում՝ կորցրած դիպլոմի մասին:

(ցանկը փոփ. 02.11.23 N 1901-Ն)

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

1. Հայցորդի ազգանունը, անունը, հայրանունը

______________________________________

 

(հայերեն և ռուսերեն)

____________________________________________________________________________________________________

 

2. Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը ___________________________________________________________________

 

3. Քաղաքացիությունը, ազգությունը ___________________________________________________________________

 

4. Որտեղ, երբ է ընդունվել և ավարտել բուհը _____________________________________________________________

____________________________________________________________________________________________________

 

5. Մասնագիտությունը _______________________________________________________________________________

 

6. Գիտական աստիճանը ______________________________________________________________________________

 

7. Գիտական կոչումը _________________________________________________________________________________

(կարգը փոփ. 21.02.19 N 119-Ն, խմբ. 17.02.22 N 177-Ն, փոփ. 02.11.23 N 1901-Ն)