ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2021 թվականի N 154-Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
12.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները:
2. Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ հաստատություն), հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ ՆՄՄԿ) չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք։
3. Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած՝
1) հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված, սակայն մեկ ամսվա ընթացքում 6 աշխատանքային օր անընդմեջ չհաճախած սովորողները.
2) ՆՄՄԿ-ում կրթությունն ընդհատած սովորողները, որոնց համար կրթությունն ընդհատելու մասին հրամանի ընդունման օրը հաստատությունը «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում (այսուհետ` էլեկտրոնային ենթահամակարգ) ստեղծում է հայտ՝ նշելով պատճառը.
3) հաստատություն, ՆՄՄԿ հաճախած, սակայն ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի (արտերկիր մեկնելու նպատակով) հիման վրա ուսումն անավարտ թողած սովորողները։
4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում սույն կարգի 6-րդ կետով սահմանված մարմինների կողմից ապահովվում է սովորողի ներգրավվածությունն ուսումնական գործընթացին՝ համաձայն «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի: Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված շահագրգիռ և պատասխանատու կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվում պարզելու սովորողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու կամ չլինելու հանգամանքը։ Հայաստանի Հանրապետությունում լինելու դեպքում ապահովվում է ներգրավվածությունն ուսումնական գործընթացին:
5. Հաստատություն, ՆՄՄԿ չհաճախած կամ հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԿՏԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված չեն:
6. «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» մաս կազմող էլեկտրոնային ենթահամակարգի տեղեկատվությունը հասանելի է, և ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու համար, բացի տվյալ հաստատությունից, ՆՄՄԿ-ից, հաշիվներ են տրամադրվում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներին`
1) խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի (այսուհետ` ԽՀՄ).
2) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.
3) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.
4) կրթության տեսչական մարմնին.
5) ՀՀ մարզպետների աշխատակազմերին.
6) Միասնական սոցիալական ծառայությանը.
7) ՀՀ ոստիկանությանը:
7. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված դեպքում ինքնաշխատ եղանակով ստեղծվում է նախնական հայտ։ Հաստատության, ՆՄՄԿ-ի տնօրենը նախնական հայտի ձևավորման պահից սկսած՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ փակում է նախնական հայտը՝ նշելով հաստատման կամ փակման պատճառները՝ սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացրած գրավոր բացատրագրի հիման վրա։ Նախնական հայտը հաստատելուց հետո այն հասանելի է դառնում տարածքային ԽՀՄ-ին։
8. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում ինքնաշխատ եղանակով ստեղծվում է հայտ, որը հասանելի է տարածքային ԽՀՄ-ին։ Տվյալ դեպքերում հայտերի ստեղծող է համարվում տարածքային ԽՀՄ-ն։
9. Էլեկտրոնային ենթահամակարգում պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող սովորողների վերաբերյալ հայտը ստանալուց հետո տվյալ տարածքի ԽՀՄ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում սովորողի կրթության շարունակականությունն ապահովելու համար։
10. Անձի` հաստատություն կամ ՆՄՄԿ հաճախելը վերսկսելու օրվան հաջորդող աշխատանքային օրը հայտը ստեղծող մարմինը փակում է տվյալ հայտը։ Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում բացված հայտը ԽՀՄ-ի կողմից փակվում է, եթե հաստատվում է անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս լինելը։ Եթե ԽՀՄ-ն իր համայնքում չի հայտնաբերում անձին կամ անձին կրթություն վերադարձնելու համար արձանագրում է խոչընդոտներ, հայտ է ուղարկում ՀՀ ոստիկանությանը: Հայտնաբերելու դեպքում եթե պարզվում է, որ անձի բացակայությունների պատճառը սոցիալական կարիքներով է պայմանավորված, հայտ է ուղարկում Միասնական սոցիալական ծառայությանը՝ անձի սոցիալական կարիքները հոգալու համար:
11. Եթե անձն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համապատասխան փաստաթուղթ ներկայացված չլինելու պարագայում ԽՀՄ-ն դիմում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին: Վերջինս, տեղեկացնելով ծնողին (օրինական ներկայացուցչին), ապահովում է անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը և ուղղորդում է անձին հաստատություն կամ ՆՄՄԿ՝ սահմանված կարգով կրթությունը կազմակերպելու համար:
12. Բացված հայտերի մասին պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են շահագրգիռ և պատասխանատու բոլոր կառույցներին:
13. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման հետ կապված` սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ:
(հավելվածը խմբ. 02.11.23 N 1886-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
12.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.04.2024, N 597-Ն | 26.04.2024, N 154-Ն | |
02.11.2023, N 1886-Ն | 03.11.2023, N 154-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|