Գլխավոր տեղեկություն
Համար
N 1791-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1791-Լ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-616-14.06.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

19.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-616-14.06.2023-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում է հետևյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով սահմանված դրույթը՝ «նպաստել տեսալսողական ոլորտում վարկանիշային չափումների զարգացմանը և չափման գործընթացին», չի կարող սահմանվել որպես «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) նպատակ, քանի որ այն չի բխում ինչպես օրենքի, այնպես էլ ՀՀ Սահմանադրության կարգավորումներից։ Կարծում ենք, որ նախագծով առաջարկվող այս կարգավորումը տեղեկատվության հավաքագրում է և կարող է սահմանվել տեղեկատվության հավաքագրմանը, պահպանմանը և տարածմանը վերաբերող իրավական ակտերով, ինչպես այն իրականացվում է նախագծի հիմնավորման մեջ ներկայացված որոշ պետություններում:

2. Նախագծով սահմանված «Հեռուստալսարանի չափումներ» նոր հասկացությունն օրենքում ներառելը քննարկման առարկա է, քանի որ ուղղված է տեսալսողական հաղորդումների և ծրագրերի վարկանիշների բացահայտմանը, ինչի հիման վրա ձևավորվում է գովազդի գինը, ինչը «Գովազդի մասին» օրենքի կարգավորման շրջանակում է։

3. Նախագծով սահմանված «Հեռուստատեսային ինդուստրիալ Կոմիտե» նոր հասկացությունը ներկայացվում է որպես ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն, սակայն իրավական տեսանկյունից ինքնակարգավորման հատկանիշներ չունի, քանի որ ստեղծվում է օրենքով և մեկ գործառույթ իրականացնելու լիազորությամբ։

4. Նախագծով նախատեսված են նաև պատասխանատվության միջոցներ, մասնավորապես՝ «Հեռուստատեսային ինդուստրիալ Կոմիտեի» կողմից չընտրված և (կամ) չվերահսկվող ընկերության նկատմամբ, որը hանձնաժողովը չի կարող կիրառել։

5. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված կարգավորումից պարզ չէ, թե ում կողմից ստացված գրավոր հավաստումների մասին է խոսքը, ովքեր են երրորդ անձինք և ով է տվյալ իրավակարգավորման պարագայում դիտարկվելու որպես գրավոր հավաստումը ստորագրող անձ: Ուստի անհրաժեշտ է վերանայել և խմբագրել վերոնշյալ կարգավորումները:

Այդուհանդերձ, ներկայացված դիտարկումների հետ միաժամանակ, նախագծի վերաբերյալ ստորև ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածում`

1) «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել,

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով՝

«2) 4-րդ մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի վրա:»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող՝

1) 29-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29) Տեսալսողական մեդիայի չափումներ՝ (այսուհետ՝ չափումներ) էլեկտրոնային գրանցման համակարգի միջոցով՝ փիփլմետրիկ (մարդաչափեր) սարքավորումներով առանձին տեսալսողական հաղորդումների և տեսալսողական ծրագրերի վարկանիշների բացահայտման կապակցությամբ իրականացվող գործունեություն:».

2) 30-րդ ենթակետում «Հեռուստատեսային» բառը փոխարինել «Տեսալսողական մեդիայի» բառերով:

3. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 3.1-ին գլխի՝

1) վերնագրում «Հեռուստալսարանի» բառը փոխարինել «Տեսալսողական մեդիայի» բառերով.

2) 14.1-ին հոդվածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տեսալսողական մեդիայի վարկանիշային չափումները և սկզբունքները»,

բ. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Տեսալսողական մեդիայի ոլորտում վարկանիշի ձևավորումը, ինչպես նաև տեսալսողական մեդիայի ոլորտի գովազդային ծառայությունների շուկայում գնագոյացումն իրականացվում է հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների և տեսալսողական ծրագրերի չափումների միջոցով»,

գ. 2-րդ մասից հանել «Հեռուստալսարանի» բառը,

դ. 3-րդ մասից հանել «Հեռուստալսարանի» բառը, իսկ 2-րդ «համապատասխան» բառը փոխարինել «գրավոր» բառով, «գծով» բառը՝ «մասով» բառով.

3) 14.2-րդ հոդվածի՝

ա. վերնագրից և տեքստից հանել «Հեռուստալսարանի» բառը,

բ. 3-րդ մասից հանել «նվազագույն» բառը,

գ. 4-րդ մասից հանել «, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման» բառերը.

4) նախագծի 5-րդ հոդվածի 2-ից 12-րդ մասերով նախատեսված կարգավորումները 5-րդ հոդվածից հանել՝ նախատեսելով առանձին հոդվածի տեսքով, նախագծի 14.2-րդ հոդվածից հետո, և նոր լրացվող 14.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 14.3. Չափումների իրականացումը մինչև 2024 թ. հունվարի 1-ը

1․ Մինչև 2024 թ․ հունվարի 1-ը չափումներ կարող են իրականացնել Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք՝ պայմանով, որ այդ մասին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում կամ չափումներն իրականացնելուն նախորդող առնվազն հինգերորդ օրը պետք է ծանուցեն կարգավորող մարմնին, իսկ Կոմիտեի ստեղծվելուց հետո՝ Կոմիտեին։ Սույն մասում նշված ծանուցումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները՝ չափումներ իրականացնող անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն։

2․ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված անձանց կողմից մինչև 2024 թ․ հունվարի 1-ը հեռուստալսարանի չափումներ կատարելու մասով կարգավորող մարմինը կարող է սահմանել, փոփոխել կամ չեղարկել չափանիշներ (ստանդարտներ)՝ հեռուստալսարանի չափումներ իրականացնելու համար, և վերահսկողություն իրականացնել իր կողմից սահմանված չափանիշների (ստանդարտների) պահպանման նկատմամբ։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերահսկողության շրջանակներում կարգավորող մարմինը կարող է հեռուստալսարանի չափումներն իրականացնող անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ այլ նյութեր՝ սահմանելով դրանք ներկայացնելու ժամկետները և (կամ) ձևաչափերը։

4․ Մինչև 2024 թ․ հունվարի 1-ը չափումներ իրականացնող անձինք, ինչպես նաև ցանկացած այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որևէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում մինչև դրանց փոխանցումը և (կամ) օգտագործումը, պետք է այդ անձանցից ստացված գրավոր հավաստումների բնօրինակները ներկայացնի կարգավորող պետական մարմին։ Սույն մասում նշված գրավոր հավաստման մեջ առնվազն պետք է նշված լինի, որ՝

1) չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ չի կարող հանդիսանալ օբյեկտիվ տվյալ.

2) տեղեկատվություն առ այն, որ գրավոր հավաստումը ներկայացնող անձը ծանոթացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի չափումների մասով իրականացված աուդիտի, ստուգումների և ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից չափումների արժանահավատությունը՝ դրանց առկայության դեպքում գրավոր հավաստմանը կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների և ցանկացած այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացությունները):

Սույն մասում նշված աուդիտի, ստուգումների և ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան չափումներ իրականացնող անձինք և ցանկացած այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որևէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում, պարտավոր է տրամադրել գրավոր հավաստումը ստորագրող անձին։

5․ Մինչև 2024 թ․ հունվարի 1-ը չափումներ իրականացնող անձինք, ինչպես նաև ցանկացած այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ տարածում է դրանց տարածմանը զուգահեռ, պետք է համաժամանակյա նույն եղանակով ծանուցի երրորդ անձանց առնվազն հետևյալի մասին.

1) չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ չի կարող հանդիսանալ օբյեկտիվ տվյալ.

2) տեղեկատվություն սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի մոտ չափումների մասով իրականացված աուդիտի, ստուգումների և ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքների մասին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից չափումների արժանահավատությունը՝ կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների և ցանկացած այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացությունները) դրանց առկայության դեպքում։».

5) հաշվի առնելով նախորդ առաջարկությունը՝ 14.3-րդ հոդվածը համարակալել որպես 14.4-րդ հոդված և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 14.4․ Կոմիտեն, դրա ձևավորումն ու մասնակիցների լիազորությունների դադարումը

1. Կոմիտեն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները․

1) սահմանում է չափումների չափանիշները.

2) մրցութային կարգով, որոշակի ժամկետով ընտրում է համապատասխան չափումներ իրականացնող կազմակերպությանը․

3) վերահսկողություն է իրականացնում չափում անցկացնող կազմակերպության չափումների կատարման նկատմամբ.

4) սահմանում է չափումներ իրականացնող անձանց ընտրության և մրցույթի կազմակերպման կարգը.

5) սահմանում է չափումների գործընթացը կասեցնելու, դադարեցնելու, վերահսկողության իրականացնելու կարգը.

6) իրականացնում է օրենքով չարգելված այլ գործառույթներ, որոնք միտված են չափումների գործընթացի բնականոն գործունեությանը և կատարելագործմանը:

2. Կոմիտեն համարվում է ձևավորված, եթե ապահովվել է հանրային մուլտիպլեքսով հեռարձակողների կազմում հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների առնվազն կեսից ավելիի մասնակցությունը։ Կոմիտեին կարող են անդամակցել նաև Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք։

3. Կոմիտեի հիմնադիր ժողովի մասնակիցներ կարող են լինել հանրային մուլտիպլեքսի հեռարձակողների կազմում հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողները:

4. Հիմնադիր ժողովում ներառված հարցերը հաստատվում են մասնակիցների պարզ մեծամասնությամբ:

5. Կոմիտեն չի կարող ստեղծվել, իսկ ստեղծված լինելու դեպքում գործունեությունն օրենքի ուժով ժամանակավորապես դադարեցվում է, եթե դրան չի անդամակցում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների առնվազն կեսից ավելին։

6. Կոմիտեին անդամակցող անձինք իրենց անդամակցության ժամանակահատվածում պարտավորվում են օգտվել սույն օրենքի 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած չափումների տվյալներից և ծառայություններից՝ Կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պայմաններով։

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում իրականացնել Կոմիտեին, որի հաշվարկման կարգը սահմանվում է Կոմիտեի կողմից։

8. Կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերը սահմանում է Կոմիտեն։

9. Կոմիտեն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կոմիտեի պետական գրանցումն իրականացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Կոմիտեի գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին: Կոմիտեի անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը և «ԻԿԿ» հապավումը:».

6) 14.4-րդ հոդվածը համարակալել որպես 14.5-րդ հոդված և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 14.5․ Կոմիտեի կառավարման մարմինները

1. Կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան և արտահերթ ժողովների գումարման միջոցով:

2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

1) Կոմիտեի կանոնադրության հաստատումը.

2) Կոմիտեի դիտորդ խորհրդի (առկայության դեպքում), վերահսկիչ ծառայության (առկայության դեպքում) անդամների և ղեկավարի, ընտրությունը, նրանց գործառույթների սահմանումը, լիազորությունների դադարեցումը.

3) Կոմիտեի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը (հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանվում են ընդհանուր ժողովի կողմից).

4) չափումներ իրականացնող անձանց ընտրության ժամկետների որոշումը, գործունեության կասեցումը, դադարեցումը.

5) Կոմիտեի անդամավճարի չափը և այն վճարելու կարգը սահմանելը.

6) գործադիր մարմին ընտրելը.

7) Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր։

3. Գործադիր մարմնի և այլ մարմինների գործառույթները, գործունեության կարգը սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ։ Կոմիտեի կանոնադրությամբ կարող են սահմանվել սույն օրենքում չնշված այլ կառավարման մարմիններ ևս։»:

4. Նախագծի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ մասերով`

«6.1. Օրենքի 14․3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին) չհամապատասխանելու դեպքում համապատասխան անձի իրականացրած չափումների արդյունքներն օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում չափումներն իրականացնող անձի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։ Ընդ որում, եթե համապատասխան չափումներն իրականացնող անձի կողմից չեն ներկայացվում իրենից պահանջվող 14․3-րդ հոդվածի 3-րդ մասում նշած անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ այլ նյութեր, կամ ներկայացվում են ոչ պատշաճ (սխալ, թերի, կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված ժամկետից ուշ կամ վերջինիս կողմից սահմանված ձևաչափից տարբերվող ձևով), ապա համարվում է, որ համապատասխան չափումները չեն համապատասխանում օրենքի 14․3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին)։

6.2. Օրենքի 14․3-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված գրավոր հավաստումը չներկայացնելու (այդ թվում՝ նաև, երբ ներկայացված հավաստումը չի պարունակում սահմանված բովանդակության որևէ մաս կամ անհրաժեշտ կից փաստաթղթեր) դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան չափումներ իրականացնող անձանց, ինչպես նաև ցանկացած այլ անձի համար, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որևէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Ընդ որում՝ սույն մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ներկայացնում իր հետ անմիջականորեն հարաբերությունների մեջ մտած անձանցից ստացված գրավոր հավաստումները։

6.3. Օրենքի 14․3-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված չափումների մասով իրականացված աուդիտի, ստուգումների և ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան անձանց չտրամադրելու (այդ թվում՝ նաև սահմանված ժամկետում չտրամադրելու կամ ոչ ամբողջական տրամադրելու) դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այն տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

6.4. Օրենքի 14․3-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված ծանուցումը չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այդպիսի ծանուցում իրականացնելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան