Գլխավոր տեղեկություն
Համար
N 1867-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2023 թվականի N 1867-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱՊԵՍ ԲԱՐԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությանն ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն սույն որոշման հետևյալ հավելվածների՝

1) ներդրումային ծրագրերին, դրանց հայեցակարգերին և առևտրային ընկերություններին ներկայացվող պահանջները, ներդրումային ծրագրերի գնահատման չափորոշիչները, մեթոդաբանությունը և կարգը՝ ըստ N 1 հավելվածի.

2) ծրագրի շահառու ճանաչվելու և աջակցության տրամադրման կարգը` ըստ N 2 հավելվածի.

3) աջակցության չափը սահմանելու կարգը` ըստ N 3 հավելվածի.

4) շահառու ճանաչվելու համար հայտի ձևը և կից փաստաթղթերի ցանկը՝ ըստ N 4 հավելվածի.

5) աջակցություն ստանալու դիմումի ձևը և կից փաստաթղթերի ցանկը՝ ըստ N 5 հավելվածի։

2. Սահմանել, որ ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափանիշներին համապատասխանող ներդրումային ծրագրեր իրականացնող առևտրային ընկերությունները։

3. Սահմանել, որ սույն որոշման իրականացման պատասխանատու մարմինն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում են ներդրումային պայմանագրի օրինակելի ձևը և ներդրումային պայմանագրերի ռեեստրի վարման կարգը։

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում է 2024 թվականի համար տնտեսապես բարդ ապրանքների ցանկը (այսուհետ՝ ցանկ)։ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում է հաջորդ տարվա ցանկը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

27.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․

1) ակտիվ՝ հետևյալ ոչ ընթացիկ ակտիվները՝ շենք, շինություն, սարքավորում, ենթակառուցվածք (էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր, օդային և ստորգետնյա մալուխային գծեր ու խողովակաշարեր, հենասյուներ և դրանց անվտանգ շահագործման հետ կապված շինություններ)․

2) ապրանքի տնտեսական բարդության ցուցիչ՝ ապրանքի բարդության՝ գիտատարության աստիճանը և միջազգային առևտրի կառուցվածքում հարաբերական մրցակցային առավելությունն արտահայտող՝ https://atlas.cid.harvard.edu/ կայքում հրապարակված ցուցիչը՝ ըստ հասանելի վերջին տվյալների․

3) առևտրային ընկերություն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն (բացառությամբ տնտեսական ընկերակցությունների), որն իրականացնում է ներդրումային ծրագիր․

4) զուտ ներկա արժեք՝ գնահատվող ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ներկա արժեքների տարբերություն․

5) կապիտալ ներդրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ակտիվներում ներդրումային պայմանագրի ստորագրման օրվանից 48 ամսվա ընթացքում ներդրված գույք, եթե այդպիսի ակտիվների ստեղծումը, ձեռքբերումը, կառուցմանը, վերակառուցումը, վերանորոգումը կամ արդիականացումն անհրաժեշտ է տնտեսապես բարդ ապրանքի արտադրության կամ դրա ծավալների ընդլայնման համար․

6) մեկնարկի տարի՝ ծրագրի շրջանակներում շահառու ճանաչվելու տարի.

7) ներդրումային ծրագիր՝ շահույթ ստանալու նպատակով ժամանակի մեջ սահմանափակված և որոշակի ռեսուրսներ պահանջող փոխկապակցված գործողությունների և միջոցառումների համախումբ, որն ուղղված է անշարժ կամ շարժական գույքի կամ անշարժ և շարժական գույքի՝ միմյանց հետ փոխկապակցված օբյեկտների համալիրի ստեղծմանը, ձեռքբերմանը, կառուցմանը, վերակառուցմանը, վերանորոգմանը կամ արդիականացմանը կամ շահագործմանը․

8) մեկնարկի աջակցություն՝ ներդրումային ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների ավարտից հետո տնտեսապես բարդ ապրանքի արտադրության փաստով պայմանավորված՝ տրամադրվող միանվագ աջակցություն․

9) միանվագ աջակցություն՝ եռամսյակի ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների 10%-ի չափով տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառություն ունենալու պարագայում.

10) հոսքի աջակցություն՝ արտադրության մեկնարկին հաջորդող տարիներին տրամադրվող տարեկան աջակցություն․

11) տնտեսապես բարդ ապրանք՝ մեկնարկի տարվա ցանկում ներառված ապրանք, որի տնտեսական բարդության ցուցիչը հավասար է առնվազն 0.2–ի՝ բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների․

12) տնտեսավարող սուբյեկտ՝ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ, որը նախաձեռնում է ներդրումային ծրագիր։

2. Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում այն առևտրային ընկերություններին, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․

1) առևտրային ընկերության նկատմամբ ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ․

2) առևտրային ընկերությունը սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան, և վերջինիս նկատմամբ ներկայացված չէ սնանկության դիմում:

3. Ներդրումային ծրագրի հայեցակարգը պետք է պարունակի՝

1) տնտեսավարող սուբյեկտի և վերջինիս գործունեության հակիրճ նկարագրությունը․

2) ներդրումային ծրագրի նպատակը․

3) ներդրումների հակիրճ նկարագրությունը՝ ոլորտը, ուղղությունը, ֆինանսավորման աղբյուրները, ժամանակացույցը, հիմնական միջոցների և ընթացիկ ակտիվների խմբերը․

4) ներդրումային ծրագրի իրականացման վայրի նկարագրությունը, այդ թվում՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի կամ հիմնական միջոցների առկայությունը․

5) ձեռք բերվող կամ ստեղծվող հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկություն՝ ըստ տեսակների․

6) տեղեկություններ ապրանքների մասին, որոնք արտադրվելու և իրացվելու են ներդրումային ծրագրի շրջանակներում․

7) ներդրումային ծրագրի իրականացման ժամանակացույցը․

8) իրացման շուկայի, այդ թվում՝ արտաքին, հակիրճ բնութագիրը․

9) տարեկան իրացման կանխատեսումները՝ ըստ ապրանքատեսակների և շուկաների․

10) նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն (քա նակ և միջին աշխատավարձ)․

11) ֆինանսավորման կառուցվածքը․

12) ծրագրի ֆինանսական մոդելը, որով ներկայացվում են ներդրումները (ոչ ընթացիկ և շրջանառու միջոցներում), իրացման շրջանառությունը, շահագործման և պահպանման, իրացման և վարչական ծախսերը, ներդրումների ֆինանսավորման աղբյուրները, մարման ժամանակացույցը և զուտ ներկա արժեքի հաշվարկը։ Մոդելը մշակվում է այն նվազագույն ժամանակաշրջանի համար, որի ավարտին ապահովվում է իրականացված ներդրումների հետգնումը և ներգրավված պարտքի մարումը։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներդրումային ծրագրի գնահատումն իրականացնում է տնտեսավարող սուբյեկտի՝ ծրագրի շահառու ճանաչվելու փուլում բավարար/ոչ բավարար սկզբունքով՝ հիմնվելով ներդրումային ծրագրի հայեցակարգում և դրան կից փաստաթղթերում առկա տվյալների վրա՝ ըստ հետևյալ չափորոշիչների․

1) ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական կարողությունների առկայություն․

2) ներդրումային ծրագրի ֆինանսական իրագործելիություն․

3) ներդրումային ծրագրում նախատեսվող կապիտալ ներդրումներ․

4) ներդրումային ծրագրի շրջանակներում արտադրվելիք և իրացվելիք ապրանքների տնտեսական բարդություն․

5) ներդրումային ծրագրի իրացման շուկայի կառուցվածք։

5. Գնահատումն իրականացվում է հետևյալ մեթոդաբանությամբ․

1) ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական կարողությունների առկայության չափորոշիչի գնահատումն իրականաց վում է՝ հիմք ընդունելով ներդրումային ծրագրով առաջարկվող ֆինանսավորման կառուցվածքը և ֆինանսական միջոցների հասանելիությունը հիմնավորող փաստաթղթերը։ Ներդրումային ծրագիրը ստանում է «ԲԱՎԱՐԱՐ» գնահատական, եթե ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում է անհրաժեշտ ներդրումների իրականացման համար ֆինանսական միջոցների հասանելիու թյունը․

2) ներդրումային ծրագրի ֆինանսական իրագործելիության չափորոշիչի գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով ծրագրում ներդրման հետգնումը ապահովելու կարողությունը։ Ներդրումային ծրագիրը ստանում է «ԲԱՎԱՐԱՐ» գնահատական, եթե ներդրումային ծրագրի հիմքում դրված են իրատեսական ենթադրություններ, առկա է ռիսկերի համապարփակ վերլուծություն, և դրանք կառավարելի են, ներդրումային ծրագրի ֆինանսական արդյունքները չափավոր զգայուն են հիմնական արտաքին գործոնների նկատմամբ․

3) ներդրումային ծրագրում նախատեսվող կապիտալ ներդրումներ չափորոշիչով ներդրումային ծրագիրը ստանում է «ԲԱՎԱՐԱՐ» գնահատական, եթե վերջինիս շրջանակներում կատարվելու է առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում, և առկա է բավարար հիմնավորում, որ այդ ներդրումներն ուղղված են լինելու տնտեսապես բարդ ապրանքների արտադրությանը․

4) ներդրումային ծրագրի շրջանակներում արտադրվելիք և իրացվելիք ապրանքների տնտեսական բարդության չափորոշիչի գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով առևտրային ընկերության ակնկալվող իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառության մասնաբաժինը։ Ներդրումային ծրագիրը ստանում է «ԲԱՎԱՐԱՐ» գնահատական, եթե ըստ ներդրումային ծրագրի հիմքում դրված իրատեսական ենթադրությունների՝ առևտրային ընկերության տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառության մասնաբաժինը առկա մասնաբաժնից (գործող արտադրության դեպքում) չի նվազելու և կազմելու է առնվազն 30%-ը: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է․

5) ներդրումային ծրագրի իրացման շուկայի կառուցվածքի չափորոշիչով ներդրումային ծրագիրը ստանում է «ԲԱՎԱՐԱՐ» գնահատական, եթե ըստ վերջինիս հիմքում դրված իրատեսական ենթադրությունների՝ արտադրվող ապրանքների առնվազն 30%-ն իրացվելու է արտաքին շուկաներում։

6. Չափորոշիչներից որևէ մեկի գծով «ԱՆԲԱՎԱՐԱՐ» գնահատական ստանալու պարագայում ներդրումային ծրագրին տրվում է բացասական եզրակացություն, և վերջինս ենթակա է մերժման։

7. Ծրագրի շրջանակներում աջակցություն չեն ստանում այն առևտրային ընկերությունները, որոնք աջակցություն ստանալու դիմումի ներկայացման պահին օգտվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Տնտեսավարող սուբյեկտը ծրագրի շահառու (այսուհետ՝ շահառու) ճանաչվելու նպատակով դիմում է նախարարությանը՝ ներկայացնելով ներդրումային ծրագրի հայեցակարգը, N 4 հավելվածով սահմանված հայտը (այսուհետ՝ հայտ) և կից փաստաթղթերը։ Ներդրումային ծրագրի հայեցակարգը և հայտին կից փաստաթղթերը հայերենից բացի կարող են ներկայացվել նաև ռուսերեն և անգլերեն։

2. Նախարարությունը ներդրումային հայեցակարգը և հայտը (կից փաստաթղթերով) ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներդրումային ծրագրի գնահատում N 1 հավելվածով սահմանված մեթոդաբանությամբ։

3. Գնահատման արդյունքում դրական եզրակացության դեպքում նախարարությունը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտին։

4. Գնահատման արդյունքում դրական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնտեսավարող սուբյեկտին շահառու ճանաչելու մասին հրաման, որի մասին նախարարությունը տնտեսավարող սուբյեկտին էլեկտրոնային եղանակով ծանուցում է հրամանի ընդունմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։

5. Շահառու ճանաչվելու մասին ծանուցումը ստանալու օրվան հաջորդող 1 (մեկ) ամսվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է նախարարության հետ կնքել ներդրումային պայմանագիր (այսուհետ՝ ներդրումային պայմանագիր)։

6. Ներդրումային ծրագրի իրականացման համար նոր առևտրային ընկերության ստեղծման դեպքում կնքվում է եռակողմ ներդրումային պայմանագիր՝ տնտեսավարող սուբյեկտի, նախարարության և առևտրային ընկերության միջև, ինչից հետո որպես շահառու հանդես է գալիս առևտրային ընկերությունը։

7. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում ներդրումային պայմանագիր չկնքելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կորցնում է շահառուի իր կարգավիճակը և զրկվում նոր հայտ ներկայացնելու իրավունքից՝ բացառությամբ այն դեպքերի, որոնց պարագայում պայմանագրի՝ սահմանված ժամկետում չկնքելը պայմանավորված էր շահառուի կամքից անկախ հանգամանքներով։

8. Շահառու ճանաչվելու օրվանից մինչ ներդրումային պայմանագրի գործողության ավարտի օրը շահառուն նախարարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը, որում պետք է ներկայացվեն՝

1) ըստ ներդրումային ծրագրի հայեցակարգում ներկայացված ժամանակացույցի՝ փաստացի իրականացված գործողությունները և դրանք հավաստող փաստաթղթերը (կիրառելիության դեպքում), շեղումների և փոփոխությունների վերաբերյալ շահառուի գործադիր մարմնի պարզաբանումները.

2) իրականացված կապիտալ ներդրումները՝ դրամային արտահայտությամբ՝ ըստ ակտիվների խմբերի․

3) ներդրումային ծրագրի ֆինանսավորման փաստացի կառուցվածքը՝ ըստ ներգրավված միջոցների աղբյուրների․

4) ներդրումային ծրագրի հայեցակարգի և կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների էական փոփոխությունների (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն․

5) շահառու ճանաչվելու տարվան հաջորդող տարիների համար նախորդ հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը՝ տրամադրված հետևյալ աուդիտորական կազմակերպություններից մեկի կողմից՝

ա․ «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն,

բ․ «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերություն, գ․ «Էրնսթ Ընդ Յանգ» փակ բաժնետիրական ընկերություն,

դ․ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

ե․ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

9. Սույն հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված աուդիտորական եզրակացությամբ պետք է հաստատվեն նաև՝

1) կապիտալ ներդրումների իրականացման արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) ակտիվների՝ ստեղծման (ձեռքբերման, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերանորոգման) պահին իրական արժեքները․

2) հաշվետու ժամանակաշրջանում արտադրված և (կամ) իրացված արտադրանքի ծավալը՝ ըստ ապրանքատեսակների և դրանց տնտեսական բարդության, ինչպես նաև իրացման (առկայության դեպքում) ներքին և արտաքին շուկաների բացվածքի։

10. Ներդրումային պայմանագրով կարող են նախատեսվել հաշվետվողականության լրացուցիչ պահանջներ։

11. Ներդրումային պայմանագրով սահմանվում են աջակցության տրամադրումից հետո ներդրումային ծրագրերին և շահառուներին ներկայացվող՝ N 1 հավելվածով սահմանված չափորոշիչները և պահանջները խախտելու համար շահառուի նկատմամբ պատասխանատվության միջոցները։

12. Աջակցություն ստանալու դիմումը (այսուհետ՝ դիմում) ներկայացվում է N 5 հավելվածով սահմանված ձևի համաձայն՝ արտադրության մեկնարկից հետո՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը։ Դիմումը պետք է ուղեկցվի սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հաշվետվությամբ, աջակցության չափի՝ սահմանված ձևի համաձայն ներկայացված հաշվարկով և N 5 հավելվածով սահմանված փաստաթղթերով։

13. Աջակցությունը տրամադրվում է, եթե դիմումը ներկայացնելու պահին՝

1) շահառուն բավարարում է N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջները․

2) ներդրումային ծրագրում կատարվել է առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում, որն ամբողջությամբ ուղղվել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրության հիմնմանը կամ ընդլայնմանը և բացառությամբ մեկնարկային աջակցության տրամադրման դեպքի՝ բավարարվում են հետևյալ չափանիշները․

ա․ շահառուի տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառության մասնաբաժինը կազմել է առնվազն 30% և պակաս չէ արտադրության մեկնարկի տարվան նախորդող տարվա՝ իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառության մասնաբաժնից: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է,

բ․ շահառուի տարեկան իրացման շրջանառության առնվազն 30%-ը ձևավորվել է արտաքին շուկաներում իրացումից։

14. Նախարարությունը դիմումը (կից փաստաթղթերով) ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է շահառուի և ներդրումային ծրագրի համապատասխանությունը սույն հավելվածի 13-րդ կետի պահանջներին և որոշում կայացնում աջակցության տրամադրման կամ աջակ ցության տրամադրման մերժման մասին կամ դիմում ներկայացրած շահառուին տեղեկացնում դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության մասին։

15. Դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության մասին նախարարությունը դիմում ներկայացրած շահառուին տեղեկացնում է էլեկտրոնային գրությամբ, որի մեջ նշվում է, որ 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվության) ամբողջական ներկայացնելու դեպքում դիմումը համարվում է նախարարություն ներկայացված թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվությունը) ամբողջական ներկայացնելու օրը։ Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվությունը) ամբողջական չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է մերժված, իսկ ներկայացնելու դեպքում նախարարությունը քննում է շտկված դիմումը (կից փաստաթղթերով) սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում։

16. Աջակցության տրամադրման մասին որոշման մեջ նշվում է աջակցության՝ տվյալ տարվա գումարի չափը, նախորդ տարիներին տրամադրված չափը (կիրառելիության դեպքում), աջակցության՝ բոլոր տարիների ընթացքում տրամադրվող ընդհանուր գումարի առավելագույն չափը, ինչպես նաև այդ առավելագույն չափի և արդեն տրամադրված (այդ թվում՝ աջակցության տրամադրման մասին որոշմամբ) չափի տարբերությունը (աջակցության մնացորդային գումար)։

17. Սույն հավելվածով նախատեսված հայտերը, դիմումները և դրանց կից փաստաթղթերը նախարարության են ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով նախարարության պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային փոստին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Մեկնարկի աջակցության չափը հավասար է ներդրումային ծրագրում կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների (բացառությամբ ենթակառուցվածք չհանդիսացող անշարժ գույքի) իրական արժեքի 10%-ին։

2. Միանվագ աջակցության չափը հավասար է ներդրումային ծրագրում կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների (բացառությամբ ենթակառուցվածք չհանդիսացող անշարժ գույքի) իրական արժեքի 5%-ին։

3. Աջակցության գումարը տրամադրվում է աջակցությունը տրամադրելու մասին որոշումը կայացնելուց 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում շահառուի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում ունեցած հաշվին փոխանցում կատարելու միջոցով։

4. Հոսքի աջակցության տարեկան առավելագույն գումարը կազմում է շահառուի՝ դիմումի ներկայացմանը նախորդող տարվա արդյունքներով հաշվարկված և առևտրային ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված շահութահարկի 100%-ի և եկամտային հարկի 50%-ի հանրագումարը։ Ընդ որում` հոսքի աջակցության ընդհանուր գումարը ներդրումային պայմանագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել ներդրումային ծրագրում կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների իրական արժեքի 20%-ը: Ներդրումային պայմանագրի գործողության ընթացքում անշարժ գույքում կատարված կապիտալ ներդրումների գծով հաշվարկված հոսքի աջակցության ընդհանուր չափը չի կարող գերազանցել 40,000,000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամը` բացառությամբ ենթակառուցվածքում կատարված կապիտալ ներդրումների։

5. Հոսքի աջակցության տարեկան չափը որոշվում է հետևյալ չափորոշիչների հիման վրա․

1) դիմումի ներկայացմանը նախորդող տարում շահառուի կողմից իրացված տնտեսապես բարդ ապրանքների տնտեսական բարդության միջին կշռված ցուցիչ (այսուհետ՝ չափորոշիչ 1), և

2) դիմումի ներկայացմանը նախորդող տարում շահառուի իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների արտահանումից գոյացած հասույթի մասնաբաժին (այսուհետ՝ չափորոշիչ 2):

6. Չափորոշիչ 1-ով շահառուին տրվում է գնահատական, որը հաշվարկվում է՝ վերջինիս կողմից դիմումի ներկայացմանը նախորդող տարում իրացված յուրաքանչյուր տեսակի տնտեսապես բարդ ապրանքին աղյուսակ 1-ում ներկայացված սանդղակի հիման վրա տրվող միավորը բազմապատկելով այդ ապրանքի իրացումից ստացված հասույթի՝ ընդհանուր հասույթում մասնաբաժնով (այսուհետ՝ ապրանքի կշռված գնահատական) և ստանալով իրացված տնտեսապես բարդ բոլոր ապրանքների կշռված գնահատականների հանրագումարը։ Ընդ որում՝ ապրանքի տնտեսական բարդության ցուցիչը սահմանվում է մեկնարկի տարվա ցանկի հիման վրա։ Ապրանքի տնտեսական բարդության սահմանային ցուցիչի (օրինակ՝ 0.3, 0.4, 0.5 և այլն) դեպքում տրվում է առավել բարձր միավորը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ չափորոշիչ 1-ով տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևի հիման վրա՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23070

G1` չափորոշիչ 1-ով տրվող գնահատական․

N` տնտեսապես բարդ ապրանքների քանակ․

Pi` i-րդ տնտեսապես բարդ ապրանքին աղյուսակ 1-ի հիման վրա տրված միավոր.

Si` i-րդ տնտեսապես բարդ ապրանքի վաճառքից ստացված հասույթ (դրամ)․

TS՝ ընդհանուր հասույթ (ՀՀ դրամ)։

 

Աղյուսակ 1

Ապրանքի տնտեսական բարդության ցուցիչ

Միավոր

0.2-0.3

12

0.3-0.4

18

0.4-0.5

24

0.5-0.6

30

0.6-0.7

36

0.7-0.8

42

0.8-0.9

48

0.9 – 1

54

1 և ավելի

60

 

7. Չափորոշիչ 2-ով շահառուին տրվում է գնահատական աղյուսակ 2-ում ներկայացված սանդղակի հիման վրա։ Ապրանքների արտահանումից հասույթում տնտեսապես բարդ ապրանքների մասնաբաժնի սահմանային ցուցիչի (օրինակ՝ 6, 12, 18 և այլն) դեպքում տրվում է առավել բարձր միավորը։

 

Աղյուսակ 2

Տնտեսապես բարդ ապրանքների արտահանումից հասույթի

մասնաբաժին ընդհանուր հասույթում (տոկոսային արտահայտությամբ)

Միավոր

0-6

0

6-12

4

12-18

8

18-24

12

24-30

16

30-36

20

36-42

24

42-48

28

48-54

32

54-60

36

60 և ավելի

40

 

8. Տրամադրվող աջակցության չափը որոշելու համար չափորոշիչ 1-ով և չափորոշիչ 2-ով տրված գնահատականների հանրագումարը բազմապատկվում է աջակցության՝ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տարեկան առավելագույն գումարի և բաժանվում 100-ի: Եթե ստացված գումարը գերազանցում է աջակցության մնացորդային գումարը, ապա աջակցությունը տրամադրվում է աջակցության մնացորդային գումարի չափով։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ աջակցության չափը որոշվում է հետևյալ բանաձևի հիման վրա․

 

Ներմուծեք նկարագրությունը_23072

 

G1՝ չափորոշիչ 1-ով տրված գնահատական. G2՝ չափորոշիչ 2-ով տրված գնահատական. AC = PT+ IT*0.5, որտեղ՝

PT` նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված շահութահարկի գումար,

IT` նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումար։

9. Արտադրության մեկնարկի տարվան հաջորդող տարիներին շահառուի կողմից աջակցության գումարը ստանալուց հետո ճշգրտված հարկային հաշվետվության ներկայացման դեպքում, եթե

1) հարկերի չափը նվազում է, ապա շահառուն պարտավոր է ճշգրտված հաշվետվությունը ներկայացնելու օրվանից հետո հնգօրյա ժամկետում դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել նախարարությանը և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել գոյացած տարբերության գումարը․

2) հարկերի չափն ավելանում է, ապա շահառուն պարտավոր է ճշգրտված հաշվետվությունը ներկայացնելու օրվանից հետո հնգօրյա ժամկետում դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել նախարարությանը և իրավասու է նոր դիմում ներկայացնել՝ տարբերության գումարը ստանալու նպատակով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման

 

ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ*

 

Խնդրում ենք ճանաչել ______________կազմակերպությունը ՀՀ կառավարության 2023 թվականի _____________ -ի _______-ի N ______որոշմամբ սահմանված միջոցառման շահառու։

Կազմակերպության մասին հայտնում ենք հետևյալը՝

1) ընկերության անվանումը, հիմնադրման տարին.

2) գրանցման և փաստացի գործունեության հասցեն (եթե տարբերվում է).

3) էլեկտրոնային փոստի հասցեն.

4) հեռախոսահամարը.

5) գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի.

6) արտադրանքի (ԱՏԳ ԱԱ 4 նիշ ծածկագիր) իրացման ծավալները՝ ըստ տարիների, շուկաների.

7) հայտին առնչվող հարցերի պատասխանատուի կոնտակտային հեռախոսահամարը.

8) եթե հայտատուն ընկերությունների խմբի մաս է, ապա խմբի բոլոր մասնակիցների վերաբերյալ 1-ից 5-րդ կետերում նշված տեղեկությունները.

9) հայտատուի և խմբի (կիրառելիության դեպքում) բաժնետերեր (մասնակիցներ)` ըստ բաժնետոմսի (բաժնեմասի).

10) հայտատուի կամ խմբի վերջնական շահառուների անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, բնակության հասցեն.

11) արդյո՞ք հայտատուն (կիրառելիության դեպքում խմբի անդամներից որևէ մեկը) ցուցակված է որևէ ֆոնդային բորսայում։ Եթե այո, ապա ո՞ր թվականից և ո՞ր բորսայում:

Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը

1) նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունները (առկայության դեպքում).

2) ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը հիմնավորող փաստաթղթերը.

3) հայտատուի հիմնադիր փաստաթղթերը.

4) հայտատուի իրական շահառուների1 վերաբերյալ ներկայացված տեղեկություններ.

5) հայտատուի նկատմամբ սնանկության վարույթի բացակայությունը հաստատող փաստաթղթեր.

6) հայտատուի՝ ժամկետանց հարկային պարտավորություններ չունենալը հաստատող փաստաթղթեր.

7) հայտատուի՝ N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կողմից.

8) հայտատուի գրավոր համաձայնություն՝ տարեկան անկախ աուդիտ անցկացնելու (կիրառելիության դեպքում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով իր կողմից ստեղծված իրավաբանական անձում) և դրա արդյունքները նախարարությանը տրամադրելու վերաբերյալ։

* Սույն ձևի բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար, սակայն տնտեսավարող սուբյեկտները չեն սահմանափակվում միայն առաջարկվող դաշտերով։

 

Ղեկավարի պաշտոնը __________________

 

Ստորագրություն ______________________

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ*

 

Խնդրում ենք  _____________________________ առևտրային ընկերությանը տրամադրել ՀՀ կառավարության 2023 թվականի _____________ -ի ________-ի N _________ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում աջակցություն։

Առևտրային ընկերության վերաբերյալ տվյալներ

1) ընկերության անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային հաշվի տվյալները,

3) գրանցման և փաստացի գործունեության հասցեն (եթե տարբերվում է),

4) էլեկտրոնային փոստի հասցեն,

5) հեռախոսահամարը,

6) գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․

7) դիմումի ներկայացմանը նախորդող տարում արտադրանքի (ԱՏԳ ԱԱ 4 նիշ ծածկագիր) իրացման (առկայության դեպքում)՝ աուդիտորական եզրակացությամբ հավաստված ծավալները (դրամային արտահայտությամբ)՝ ըստ յուրաքանչյուր ապրանքատեսակի և իրացման արտաքին և ներքին շուկաների բացվածքի.

8) Դիմումին առնչվող հարցերի պատասխանատուի կոնտակտային հեռախոսահամարը։

Կապիտալ ներդրումների վերաբերյալ տվյալներ

1) կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների ցանկը՝ ներառյալ յուրաքանչյուր ակտիվի տվյալները.

ա․ շենքեր, շինություններ (հասցե, կադաստրային համար), բ․ սարքավորումներ (արտադրող, մոդել, համար),

գ․ ենթակառուցվածքներ (կադաստրային համար, եթե առկա է).

2) կապիտալ ներդրումների փաստացի իրականացման ժամանակացույցը և յուրաքանչյուր ներդրման իրականացման եղանակի (գործարքի) նկարագրությունը.

3) իրականացված կապիտալ ներդրումների արժեքը՝ դրամային արտահայտությամբ (ՀՀ դրամով)՝ ըստ յուրաքանչյուր ակտիվի.

4) յուրաքանչյուր ակտիվի՝ աուդիտորական եզրակացությամբ հավաստված իրական արժեքը։

Աջակցության չափի հաշվարկ

Ներկայացվում է N 3 հավելված ի 1-8-րդ կետերով սահմանված կանոնների համաձայն և ենթակա է նախարարության կողմից ստուգման և հաշվարկը սխալ կատարած լինելու դեպքում ճշգրտման։

Դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը

1) դիմումատուի հիմնադիր փաստաթղթեր.

2) դիմումատուի գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների և ծանուցումների պատճեններ (կիրառելիության դեպքում).

3) դիմումատուի՝ դիմումի ներկայացմանը նախորդող հաշվետու տարվա հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն.

4) կատարված կապիտալ ներդրումները հավաստող փաստաթղթեր (առուվաճառքի, մատակարարման, կապալի, շինարարական կապալի, ծառայությունների մատուցման, լիզինգի պայմանագրեր և այլ փաստաթղթեր).

5) կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, առուվաճառքի, մատակարարման, լիզինգի, կապալի, շինարարական կապալի պայմանագրեր և այլն).

6) կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) անշարժ գույք հանդիսացող ակտիվների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված՝ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք.

7) կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույք հանդիսացող ակտիվների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները.

8) արտադրության մեկնարկի տարում աջակցության ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում՝ կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույքի՝ շահագործման հանձնված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.

9) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ առ այն, որ դիմումատուն սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան.

10) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք դիմումատուի՝ դիմումի ներկայացմանը նախորդող տարվա արդյունքներով հաշվարկված և վճարված շահութահարկի և եկամտային հարկի, ինչպես նաև չմարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.

11) դիմումատուի՝ N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կողմից.

12) դիմումատուի՝ հակակոռուպցիոն համապատասխանության մասին հայտարարություն՝ ըստ սույն հավելվածին կից N 1 ձևի։

* Սույն ձևի բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար, սակայն առևտրային ընկերության ղեկավարները չեն սահմանափակվում միայն առաջարկվող դաշտերով։

 

Գործադիր մարմնի ղեկավար՝ _______________

 

Ստորագրություն՝ ________________________

 

Ձև 1

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ստորագրելով սույն հայտարարությունը (ընկերության անվանումը)` առևտրային ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն), ի դեմս (գործադիր մարմնի ղեկա վարի անունը, ազգանունը), գիտակցում է`

 կոռուպցիայի հնարավոր դրսևորումների էությունը և դրանցով պայմանավորված սպառնալիքները և

հայտարարում է, որ`

● ընկերությունն ունի բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության հանձնառություն և զբաղվում է պատասխանատու և ազնիվ գործարարությամբ, և ըստ այդմ`

– ընկերությունը հետևում է իր համար կիրառելի բոլոր օրենքներին և նորմատիվ ակտերին.

– ընկերությունը չունի որևէ առնչություն և փոխկապվածություն տեղացի և օտարերկրյա պետական և համայնքային պաշտոնյաների, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հետ, որն այդ պաշտոնյաների և անձանց համար առաջացնում է շահերի բախում իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակներում․

– ընկերությունը չի մասնակցում քաղաքական կուսակցությունների և գործիչների ընտրարշավներին և չի ֆինանսավորում դրանք.

– իր գործունեությանը ներհատուկ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար ընկերությունը պարբերաբար անցկացնում է ռիսկերի համալիր գնա հատում և միջոցներ ձեռնարկում դրանք կառավարելու համար.

– ընկերությունը հետևում է վարքականոնների (էթիկայի կանոններ, շահերի բախման բացահայտման և կարգավորման, նվերների ու հյուրընկալությունների և այլն).

– երրորդ կողմի ռիսկը կառավարելու համար ընկերությունն անհրաժեշտության դեպքում իրականացնում է իր գործընկերների պատշաճ ուսումնասիրություն.

– ընկերությունը պատշաճ ջանքեր է գործադրում իր թափանցիկությունը և հաշվետվողականությունը խթանելու, ինչպես նաև կորպորատիվ կառավարման իր համակարգում կանոնավոր բարելավումներ իրականացնելու համար:

Հավաստում եմ նաև, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը։

 

Անուն, ազգանուն

 

Պաշտոն

 

Ստորագրություն

 

Ամսաթիվ

 

____________________

1 Լրացվում է՝ հաշվի առնելով $Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին# օրենքով սահմանված՝ իրական շահառու ճանաչվելու հիմքերը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան