ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի ապրիլի 28-ին
ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն օրենքի նպատակը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) և իրավաբանական անձանց խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է: Այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական անվտանգության, անկարգությունները և հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսելուն ոստիկանության և պետական մարմինների կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:
2. Սույն օրենքը կարգավորում է խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ) կամ ցույցեր (այդ թվում` նաև նստացույցեր), ինչպես նաև այլ միջոցառումներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-183-Ն)
Հոդված 2. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքի իմաստով գործածվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
հրապարակային միջոցառում` ընդհանուր օգտագործման տարածքներում տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգևոր կամ այլ պահանջների, խնդիրների ու հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, տեղեկություններ կամ գաղափարներ փնտրելու, ստանալու կամ տարածելու նպատակով անցկացվող խաղաղ և յուրաքանչյուրի մասնակցությունն ապահովող ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ) կամ ցույցեր (այդ թվում` նաև նստացույցեր).
ժողով, հանրահավաք, ցույց` մեկ վայրում անցկացվող միջոցառում.
երթ` մեկ վայրից մյուսը շարժվելու միջոցով իրականացվող միջոցառում: Երթը կարող է անցկացվել նաև տրանսպորտային միջոցներով.
ընդհանուր օգտագործման տարածք` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բաց տարածք (փողոց, հրապարակ, այգի, պուրակ, հողատարածք և այլն), որտեղ քաղաքացիների ազատ մուտք գործելը կամ գտնվելն արգելված և սահմանափակված չէ.
զանգվածային հրապարակային միջոցառում` հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100 և ավելի քաղաքացի.
ոչ զանգվածային հրապարակային միջոցառում` հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100-ից պակաս քաղաքացի.
հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ` պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ.
ինքնաբուխ հրապարակային միջոցառում` կոնկրետ երևույթի կամ իրադարձության կապակցությամբ անհապաղ արձագանքման անհրաժեշտություն ունեցող` մինչ այդ երևույթը կամ իրադարձությունը չհայտարարված խաղաղ հրապարակային միջոցառում.
այլ միջոցառում` տոնակատարություններ, ծիսակատարություններ, մշակութային կամ մարզական միջոցառումներ.
կազմակերպիչ` զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման համար իրազեկում տված կամ ոչ զանգվածային կամ այլ միջոցառումը փաստացի ղեկավարող քաղաքացի կամ իրավաբանական անձ.
հրապարակային միջոցառման մասնակից (այսուհետ` մասնակից)` քաղաքացի, որը հրապարակային միջոցառման անցկացման ժամանակ գտնվել է հրապարակային միջոցառման անցկացման վայրում` նպատակ ունենալով մասնակցել հրապարակային միջոցառմանը: Հրապարակային միջոցառման մասնակից չեն հրապարակային միջոցառման անցկացման վայրում այդ միջոցառման անցկացման ժամանակ պաշտոնական կամ աշխատանքային կամ ստեղծագործական կամ օրենքով կամ պայմանագրով այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող քաղաքացիները, ինչպես նաև այդ միջոցառման լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.
լիազոր մարմին` զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումը քննարկող մարմիններ` համայնքի ղեկավար, Երևանում` Երևանի քաղաքապետ:
(2-րդ հոդվածը լրաց. 11.06.08 ՀՕ-74-Ն)
Հոդված 3. | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
(3-րդ հոդվածն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն)
Հոդված 4. | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՆԵՐԻ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ, ՑՈՒՅՑԵՐԻ և ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
(4-րդ հոդվածն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն)
Հոդված 5. | ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
1. Հրապարակային միջոցառում կազմակերպելու իրավունք ունի քաղաքացին (քաղաքացիները) կամ իրավաբանական անձը (իրավաբանական անձինք):
2. Հրապարակային միջոցառումը կարող է կազմակերպվել և անցկացվել սույն օրենքով սահմանված ձևերից մեկով կամ մի քանիսով:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն խոչընդոտելու սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող հրապարակային միջոցառումներին կամ միջամտելու դրանց:
4. Եթե հրապարակային միջոցառումը կազմակերպում է իրավաբանական անձը, ապա կազմակերպիչ է համարվում այն ներկայացնելու իրավունք ունեցողը կամ իրավաբանական անձի կողմից կազմակերպչի պարտականությունը կատարելու համար լիազորված անձը:
5. Մինչև զանգվածային հրապարակային միջոցառման սկիզբը կազմակերպչի փոխարինվելու դեպքում կազմակերպիչը ոչ ուշ, քան հրապարակային միջոցառումն սկսելուց երեք ժամ առաջ, պետք է գրավոր տեղեկացնի լիազորված մարմին կամ դրա ներկայացուցչին` կցելով նոր կազմակերպչի համար սույն օրենքով նախատեսվող տվյալները:
6. Զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող սկսվել, եթե չի ներկայացել ոչ մի կազմակերպիչ:
7. Ընդհանուր օգտագործման տարածքներում այլ միջոցառումների, ինչպես նաև ոչ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներն իրավունք ունեն այդ միջոցառումներն անցկացնելու սույն օրենքով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառումների համար նախատեսված կարգով:
(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն)
Հոդված 6. | ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Կազմակերպիչն իրավունք ունի`
1) իր հայեցողությամբ ընտրելու հրապարակային միջոցառման անցկացման վայրը և ընթացակարգը.
2) ցանկացած պահի դադարեցնելու հրապարակային միջոցառումը.
3) դիմելու ոստիկանության ծառայողներին` հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն քաղաքացիներին, ովքեր կատարում են հակաօրինական արարք կամ խախտում են հասարակական կարգը.
4) ստեղծելու հատուկ տարբերանշաններ կրող չզինված խմբեր (այսուհետ` կամավորների խմբեր), որոնք պետք է աջակցեն հասարակական կարգի և օրինականության պահպանմանը.
5) հրապարակային միջոցառումներ անցկացնելուց առաջ և դրա ընթացքում հրապարակային միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանման կամ միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու հետ կապված հարցերով դիմելու ոստիկանություն.
6) զանգվածային լրատվության, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներով անձամբ կամ այլոց միջոցով տեղեկատվություն տարածելու հրապարակային միջոցառման օրվա, ժամի, վայրի, նպատակների, ընթացակարգի մասին, ինչպես նաև կոչ անելու այդ միջոցառմանը մասնակցելու համար.
7) իրականացնելու մասնակիցների համար սահմանված իրավունքները:
2. Կազմակերպիչը պարտավոր է`
1) կրել մասնակիցների համար սահմանված պարտականությունները.
2) ապահովել, որ հրապարակային միջոցառումն սկսելուց առաջ հայտնվի իր անունը և ազգանունը, իսկ եթե հրապարակային միջոցառումը կազմակերպվել է իրավաբանական անձի կողմից, ապա նաև իրավաբանական անձի լրիվ անվանումը, միջոցառման նպատակը, հրապարակային միջոցառման ձևը, ինչպես նաև հրապարակային միջոցառման ավարտի մոտավոր ժամկետը: Եթե հրապարակային միջոցառման ընթացքում իրականացվելու է երթ, ապա պետք է հրապարակվեն երթի ուղին և ժամանակացույցը.
3) ձեռնարկել միջոցներ` հրապարակային միջոցառման մասնակիցների կողմից օրինականության և հասարակական կարգի պահանջների պահպանման ուղղությամբ.
4) հրապարակային միջոցառման մասնակիցներին հայտնել կամավորների խմբերի առկայության ու նրանց տարբերանշանների մասին.
5) հրապարակային միջոցառման մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հրապարակային միջոցառման ժամանակ հակաօրինական արարքները կամ հասարակական կարգի խախտումները վերացնելու մասին ոստիկանության ներկայացուցչի պահանջը.
6) (6-րդ կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
(6-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-183-Ն)
Հոդված 7. |
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու հրապարակային միջոցառումներին: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դադարեցնելու իր մասնակցությունը հրապարակային միջոցառումներին: Ոչ ոք իրավունք չունի պարտադրել քաղաքացուն մասնակցելու որևէ հրապարակային միջոցառման:
2. Հրապարակային միջոցառման մասնակիցները կարող են ունենալ կամ կրել պաստառներ և ցուցադրական այլ նյութեր, ինչպես նաև օգտագործել բարձրախոսներ:
3. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լուսանկարելու, նկարահանելու կամ ձայնագրելու հրապարակային միջոցառումները:
4. Հրապարակային միջոցառումների մասնակիցներին արգելվում է հրապարակային միջոցառումների ընթացքում կրել, օգտագործել, գործադրել, կիրառել զենք, զինամթերք կամ պայթուցիկ, թունավոր, դյուրավառ կամ այնպիսի այլ առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին:
5. Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակային միջոցառումների ընթացքում բաժանելու կամ օգտագործելու ոգելից խմիչքներ:
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
7. Հրապարակային միջոցառումների մասնակիցները պարտավոր են`
1) պահպանել հասարակական կարգը.
2) կատարել կազմակերպչի, կամավորների խմբերի, ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջները և չխոչընդոտել նրանց և լիազոր մարմնի օրինական գործողություններին.
3) հրապարակային միջոցառումը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հրապարակային միջոցառման անցկացման վայրից.
4) չվնասել հրապարակային միջոցառման անցկացման վայրի գույքը, ծառերը, թփերը, կանաչապատ տարածքները.
5) չխոչընդոտել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:
(7-րդ հոդվածը փոփ., խմբ. 04.10.05 ՀՕ-183-Ն)
Հոդված 8. | ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ և ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Լիազոր մարմինը պարտավոր է`
1) նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին անհապաղ հայտնել կազմակերպչին.
2) զանգվածային հրապարակային միջոցառման և իր ներկայացուցչի մասին հայտնել համապատասխան ոստիկանության մարմին և համապատասխան մարզպետին.
3) ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը զանգվածային հրապարակային միջոցառմանը` զանգվածային հրապարակային միջոցառման ամբողջ ընթացքում.
4) իր գործողություններում ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
2. Ոստիկանությունը`
1) պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման մասին տեղեկատվություն ստանալուց հետո անմիջապես նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմին.
2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը զանգվածային հրապարակային միջոցառմանը` զանգվածային հրապարակային միջոցառման ամբողջ ընթացքում.
3) պարտավոր է ապահովել զանգվածային հրապարակային միջոցառման ընթացքում օրինականությունը և հասարակական կարգի պահպանումը.
4) պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադրաբար դուրս բերել այն անձանց, ովքեր կատարում են հակաօրինական արարք կամ խախտում են հասարակական կարգը.
5) պարտավոր է ապահովել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը.
6) պարտավոր է իր գործողություններում ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
7) կարող է օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշում ընդունել դադարեցնելու սույն օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառումը և պահանջել կազմակերպչից դադարեցնելու հրապարակային միջոցառումը.
8) կարող է օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր դադարեցնել հրապարակային կամ այլ միջոցառումը.
9) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ:
(8-րդ հոդվածը լրաց., խմբ. 04.10.05 ՀՕ-183-Ն)
Հոդված 9. |
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
1. Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու իրավունք չունեն նախնական կալանքի կամ ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները:
Մինչև 18 տարեկան այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել լրիվ գործունակ, իրավունք ունեն զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպել միայն ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:
2. Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու իրավունք չունեն`
1) ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2) զինծառայողները, քրեակատարողական ծառայողները:
3. Արգելվում է հրապարակային միջոցառումների անցկացումը զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա:
4. Հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել՝
1) կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, վթարային շենքերի տարածքներում ու շինհրապարակներում, եթե կարող է վտանգվել հասարակական անվտանգությունը, մասնակիցների կամ այլոց առողջությունը.
2) Հանրապետության Նախագահի նստավայրից, «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից, գազի ստորգետնյա պահեստարաններից և դրանց սպասարկման կառույցներից, «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով.
3) եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումն ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, անձանց կյանքին և առողջությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ էական գույքային վնաս հասցնել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական հիմնավորված եզրակացություն: Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին.
4) ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում, եթե խախտվում են այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի և օգտագործողի իրավունքները:
Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
5. Մշակութային և մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով:
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 11.06.08 ՀՕ-74-Ն)
6.1. Ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող տևել վեց ժամից ավելի: Նույն երևույթի կամ իրադարձության առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող զանգվածային միջոցառում չի կարող ինքնաբուխ համարվել և պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով:
(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն, 17.03.08 ՀՕ-1-Ն, խմբ., լրաց., փոփ.11.06.08 ՀՕ-74-Ն)
Հոդված 10. | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
1. Բացառությամբ ինքնաբուխ հրապարակային միջոցառումների, զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:
2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրավունք ունեն առանց լիազոր մարմնին իրազեկման անցկացնելու այլ միջոցառումներ և ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ` չխախտելով հասարակական կարգը: Սույն հոդվածի պահանջների խախտմամբ անցկացվող ոչ զանգվածային հրապարակային միջոցառումները համարվում են արգելված և կարող են դադարեցվել սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով:
(Նախադասությունը հանվել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
4. Կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին գրավոր իրազեկում են զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրի համայնքի ղեկավարին, Երևանում` Երևանի քաղաքապետին: Իրազեկումը համարվում է օրինական և քննարկման ենթակա, եթե ներկայացված է միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ, և ոչ շուտ, քան քսան օր առաջ: Եթե զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվելու է երթի ձևով, ապա պետք է իրազեկվեն երթի անցկացման բոլոր տարածքների լիազոր մարմինները:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն, խմբ., փոփ. 17.03.08 ՀՕ-1-Ն, լրաց.11.06.08 ՀՕ-74-Ն)
Հոդված 11. |
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը, ստորագրված կազմակերպիչների կողմից, պետք է պարունակի՝
1) զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրը, սկիզբը և ավարտի մոտավոր ժամանակը, իսկ եթե նախատեսվում է նաև երթ, ապա երթի ուղին և մոտավոր ժամանակացույցը.
2) կազմակերպիչների անձնագրային կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները:
Իրավաբանական անձի կողմից զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է իրավասու մարմնի որոշումն այդ միջոցառումն անցկացնելու մասին:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
4. (Նախադասությունն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն)
Մինչև 18 տարեկան այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել լրիվ գործունակ, պետք է ներկայացնեն նաև ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:
Իրազեկումն անձամբ ներկայացնելու դեպքում կազմակերպչի, ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի իրազեկումն ընդունող պաշտոնատար անձի կողմից, հակառակ դեպքում պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
5. Լիազոր մարմիններ տրված զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացման իրազեկումները մուտքագրվում են այդ նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում` ըստ դրանք ստանալու հերթականության, իսկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում: Լիազոր մարմինը իրազեկման պատճենը ուղարկում է ոստիկանության համապատասխան մարմիններին:
(11-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն)
Հոդված 12. | ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ |
1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության:
2. Իրազեկումների քննարկումն իրականացնում և քննարկման արդյունքում լիազոր մարմնի անունից որոշում է ընդունում համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, Երևանում` Երևանի քաղաքապետը կամ նրա լիազորած անձը:
3. Իրազեկման քննարկումը բաց է: Իրազեկման քննարկմանը մասնակցելու իրավունք ունեն կազմակերպիչները և նրանց ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչները: Իրազեկման քննարկումն իրականացվում է անկախ կազմակերպիչների ներկայությունից:
Իրազեկման քննարկմանը կարող են մասնակցել լիազոր մարմնի հրավիրած այլ անձինք:
4. Իրազեկումների քննարկման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը, սակայն կազմակերպչին պետք է լիարժեք իրավունք վերապահվի ներկայացնելու իր տեսակետը: Յուրաքանչյուր իրազեկման քննարկմանը մասնակցողները ելույթ ունենալու, հարցեր տալու, հարցերին պատասխանելու, առաջարկություններ կամ միջնորդություններ կատարելու, լրացուցիչ փաստաթղթեր, եզրակացություններ կամ այլ տեղեկատվություն ներկայացնելու իրավունք ունեն: Իրազեկման քննարկումը չի կարող մեկ ժամից ավելի տևել: (Նախադասությունը հանվել է 17.03.08 ՀՕ-1-Ն)
5. Եթե կազմակերպիչներն իրազեկումը ներկայացրել են թերություններով, ապա լիազոր մարմինը պարտավոր է իրազեկման քննարկման ժամանակ բոլոր առկա թերությունների մասին հայտնել քննարկմանը ներկա կազմակերպիչներին կամ նրանց ներկայացուցիչներին` հստակ նշելով թերությունները: Հնարավորության դեպքում թերությունները շտկվում են անմիջապես, և իրազեկման քննարկումը շարունակվում է:
Իրազեկման քննարկումը կամ որոշման ընդունումը կարող է հետաձգվել միայն կազմակերպիչների խնդրանքով, եթե անհրաժեշտություն է առաջացել շտկելու իրազեկման մեջ առկա թերությունները, կամ եթե անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր: Իրազեկման քննարկման կամ որոշման ընդունման ժամկետը հետաձգվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը չի գործում:
6. Իրազեկման քննարկման արդյունքում, եթե բացակայում են 13-րդ հոդվածում նշված հանգամանքները, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման մասին իրազեկումն ընդունվում է ի գիտություն, և միջոցառումն անցկացվում է իրազեկման մեջ նշված վայրում և ժամին: 13-րդ հոդվածում նշված հանգամանքների առկայության դեպքում որոշում է կայացվում զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու մասին:
7. Լիազոր մարմինն իրազեկման քննարկման արդյունքում ընդունված իր որոշման մասին անմիջապես հայտնում է կազմակերպիչներին, ոստիկանություն, ինչպես նաև դա փակցնում է լիազոր մարմնի` դրա համար նախատեսված և բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում: Ընդ որում, լիազոր մարմնի որոշումը պետք է փակցված մնա համապատասխան տեղում մինչև իրազեկման մեջ նշված կամ լիազոր մարմնի հետ համաձայնեցված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման օրվա ժամը 18-ը:
8. Եթե իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում լիազոր մարմնի որոշմամբ չի արգելվում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառում:
(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 04.10.05 ՀՕ-183-Ն, խմբ., փոփ. 17.03.08 ՀՕ-1-Ն, լրաց.11.06.08 ՀՕ-74-Ն)
Հոդված 13. | ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
1. Իրազեկման քննարկման արդյունքում լիազոր մարմնի` 12-րդ հոդվածում սահմանված կարգով ընդունված որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքերում, եթե`
1) թերությունների մասին զգուշացվելուց հետո իրազեկման հետ չեն ներկայացվել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված բոլոր փաստաթղթերը, կամ բացակայում է պարտադիր որևէ տվյալ.
2) նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային հրապարակային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը կամ նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է ոչ զանգվածային հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում, որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում, և որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը.
3) առկա են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերը.
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 17.03.08 ՀՕ-1-Ն):
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 17.03.08 ՀՕ-1-Ն):
6) (6-րդ կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն).
7) (7-րդ կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն).
8) (8-րդ կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
Երթը կարող է արգելվել, եթե դրա տևողությունն այնքան մեծ է, որ կհանգեցնի այլ անձանց իրավունքների և ազատությունների ոչ ողջամիտ սահմանափակմանը:
2. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշման մեջ պետք է հիմնավոր և հստակ շարադրվեն զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելման պատճառները:
3. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Եթե իրազեկման քննարկման ժամանակ լիազոր մարմինը գտնում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կամ վերջին պարբերությամբ նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա լիազոր մարմինը պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր (իրազեկման մեջ նշված վայրում և ժամին) և այլ ժամեր (իրազեկման մեջ նշված վայրում և օրը) կամ միջոցառման ձևին վերաբերող այլ պայմաններ (իրազեկման մեջ նշված վայրում և ժամին):
Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ օրը պետք է լինի կազմակերպիչների կողմից առաջարկվող օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:
Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ օրվա ժամը պետք է համընկնի կազմակերպիչների առաջարկած ժամին կամ կարող է ունենալ մինչև երեք ժամվա տարբերություն:
5. Եթե իրազեկման քննարկման ժամանակ լիազոր մարմինը գտնում է, որ առկա է սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 5-րդ մասով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա լիազոր մարմինը, պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ վայր (իրազեկման մեջ նշված օրը և ժամին):
Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ վայրը պետք է բավարարի կազմակերպիչների ներկայացրած ողջամիտ պահանջները, մասնավորապես, պետք է ապահովի համապատասխան քանակի մասնակիցների մասնակցության հնարավորությունը, եթե մասնակիցների քանակի մասին իրազեկման մեջ առկա է տեղեկատվություն: Չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս, Երևանում` առաջարկված թաղային համայնքի տարածքից դուրս վայրեր: Առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի իրազեկման մեջ նշված վայրին:
6. Լիազոր մարմնի և կազմակերպիչների փոխադարձ համաձայնության դեպքում կարող է զանգվածային հրապարակային միջոցառման համար ընտրվել ցանկացած այլ օր, ժամ կամ վայր:
7. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված` լիազոր մարմնի առաջարկներից մեկը կազմակերպիչների կողմից ընդունվելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը և կազմակերպիչները կազմում են արձանագրություն, որը կազմակերպիչներին հիմք է տալիս անցկացնելու զանգվածային հրապարակային միջոցառումը:
(13-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն, խմբ., փոփ. 17.03.08 ՀՕ-1-Ն)
Հոդված 14. | ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԿԱՐԳԸ |
1. Ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի հրապարակային միջոցառման դադարեցման մասին որոշում ընդունելու և սահմանելով դադարեցման համար ողջամիտ ժամկետ` կազմակերպիչներից պահանջելու դադարեցնել միջոցառման անցկացումը միայն հետևյալ դեպքերում.
1) զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվում է առանց իրազեկման.
1.1) ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը շարունակվում է վեց ժամից ավելի.
2) զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելված է.
3) ոստիկանության ներկայացուցչի կողմից զգուշացվելուց հետո հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառում մասամբ կամ ամբողջությամբ շարունակվում է անցկացվել սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված վայրերում, կամ էապես խախտվում է երթի ուղին կամ ժամանակացույցը.
4) ոստիկանության ներկայացուցչի կողմից զգուշացվելուց հետո շարունակում է խախտվել հասարակական կարգը, օրենքի պահանջները, և դրա շարունակմամբ իրական վտանգ է առաջանալու անձանց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաև կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
2. Կազմակերպիչը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը ստանալու դեպքում, պարտավոր է անհապաղ հայտարարել միջոցառումը դադարեցնելու մասին և միջոցներ ձեռնարկել ոստիկանության ներկայացուցչի կողմից սահմանված ժամկետում հրապարակային միջոցառումը դադարեցնելու ուղղությամբ:
3. Ոստիկանությունը հրապարակային միջոցառումը հարկադիր դադարեցնելու իրավունք ունի միայն հետևյալ դեպքերում, եթե`
1) դադարեցնելու մասին սույն հոդվածով նախատեսված կարգով տրված պահանջը կազմակերպչի կողմից մասնակիցներին անհապաղ չի հայտարարվել.
2) սահմանված ժամկետում հրապարակային միջոցառման դադարեցման պահանջը չի կատարվել և դրա հետագա շարունակումը իրական վտանգ է ներկայացնում անձանց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաև կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
Ոստիկանության ներկայացուցիչը, մինչև հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը, հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին պարտավոր է ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով տեղեկացնել մասնակիցներին` նշելով դադարեցման պահանջի իրավական հիմքը և սահմանելով դադարեցման ողջամիտ ժամկետ: Այդ ժամկետում հրապարակային միջոցառումը չդադարեցվելու դեպքում ոստիկանությունն իրավունք ունի հարկադիր դադարեցնելու միջոցառումը օրենքով սահմանված միջոցներով:
4. Հրապարակային միջոցառման դադարեցման կարգը չի կիրառվում, եթե հրապարակային միջոցառման անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում:
(14-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն, փոփ. 17.03.08 ՀՕ-1-Ն, լրաց.11.06.08 ՀՕ-74-Ն)
Հոդված 15. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ |
1. Պետությունը կամ համայնքը պարտավոր է փոխհատուցել իր մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային միջոցառման կամ այլ միջոցառման անցկացումն ապօրինի արգելելու և հրապարակային միջոցառման կամ այլ միջոցառման ապօրինի դադարեցման հետևանքով դրանց կազմակերպիչներին և մասնակիցներին հասցված իրական վնասը:
Հրապարակային միջոցառումն ապօրինի խոչընդոտելու, միջոցառմանը միջամտելու կամ միջոցառումը դադարեցնելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
2. Սույն օրենքի պահանջների խախտմամբ անցկացված հրապարակային միջոցառման կամ այլ միջոցառման կազմակերպիչները կամ դա դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարած կազմակերպիչները և մասնակիցները կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
3. Որպես կազմակերպիչ` պատասխանատվության կարող է ենթարկվել նաև այն քաղաքացին կամ իրավաբանական անձը, որը կազմակերպել և անցկացրել է սույն օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառում:
Հոդված 16. | ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի հուլիսի 29-ի «Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգի խախտման համար պատասխանատվության մասին» N 1289-XI հրամանագրի 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում չկիրառել ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 28-ի «ՍՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման կարգի մասին» 9306-XI հրամանագիրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.2011, ՀՕ-72-Ն | 02.05.2011, ՀՕ-63-Ն | |
26.12.2008, ՀՕ-20-Ն | 08.06.2009, ՀՕ-63-Ն | |
11.06.2008, ՀՕ-74-Ն | 26.06.2008, ՀՕ-63-Ն | |
17.03.2008, ՀՕ-1-Ն | 20.03.2008, ՀՕ-63-Ն | |
04.10.2005, ՀՕ-183-Ն | 19.11.2005, ՀՕ-63-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|