«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 1996 թվականի N 35
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Շրջանառու միջոցների` արտադրական պաշարների, թռչունների, փոքրարժեք և արագամաշ առարկաների ու ապրանքների արժեքը գործող գների մակարդակին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շրջանառու միջոցների վերագնահատման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական մասնակցությամբ ձեռնարկությունները պարտավոր են, իսկ ոչ պետական ձեռնարկությունները կարող են վերագնահատել հաշվապահական հաշվեկշիռներում 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտացոլված շրջանառու միջոցները` սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
3. Շրջանառու միջոցների վերագնահատման արդյունքները (վերագնահատումից հետո և մինչև վերագնահատումը շրջանառու միջոցների արժեքների տարբերությունը) հաշվեգրվում են համապատասխան ֆոնդերին` որպես շրջանառու միջոցների ձևավորման լրացուցիչ աղբյուր:
4. Վերագնահատման ընթացքում արտադրության մեջ օգտագործվող կամ օտարվող շրջանառու միջոցները բաց են թողնվում սույն որոշմամբ հաստատված կարգով վերագնահատված արժեքով:
Վերագնահատման ընթացքում սեփականաշնորհման և ապապետականացման նպատակով շրջանառու միջոցները գնահատելիս հաշվեկշռային արժեք է համարվում շրջանառու միջոցների` սույն որոշմամբ հաստատված կարգով վերագնահատված արժեքը:
5. Սահմանել, որ շրջանառու միջոցների վերագնահատումն ավարտվում է մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը, և վերագնահատման արդյունքներն արտացոլվում են երկրորդ հաշվապահական հաշվեկշռում:
(5-րդ կետը խմբ. 04.07.96 N 204)
6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը`
ա) սույն որոշմանը համապատասխան մշակել հաշվետվության ձևերը և 20-օրյա ժամկետում դրանք տրամադրել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին.
բ) վերագնահատման վերաբերյալ հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ամփոփ հաշվետվություններ:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ մեթոդական օգնություն ցույց տալ ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին` շրջանառու միջոցների վերագնահատման և հաշվապահական հաշվետվություններում դրա արդյունքների արտացոլման համար:
8. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին` սահմանված կարգով ապահովել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական մասնակցությամբ ձեռնարկությունների շրջանառու միջոցների վերագնահատման անցկացումը:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների ներկայացմամբ առանձին շրջանառու միջոցների համար սահմանել վերագնահատման այլ գործակիցներ` վաղօրոք արտադրական կիրառումից կամ շրջանառությունից հանված շրջանառու միջոցների մասով` սույն որոշման 5-րդ կետի պահանջների պահպանմամբ:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Վերագնահատման ենթակա են հետևյալ շրջանառու միջոցները` արտադրական պաշարները (հումքը, նյութերը, գնովի կիսապատրաստուկները, համալրող սարքերը, վառելիքը, տարան, պահեստամասերը, շինարարական նյութերը, դեղամիջոցներն ու միանվագ օգտագործման բժշկական սարքավորումները և համանման մյուս միջոցները), թռչունները, փոքրարժեք և արագամաշ առարկաներն ու ապրանքները:
2. Շրջանառու միջոցը վերագնահատվում է բնաիրային չափանիշով հաշվարկված մեկ միավոր (կիլոգրամ, հատ, մետր, լիտր և այլն) շրջանառու միջոցի վերականգնման արժեքը բազմապատկելով բնաիրային չափանիշով հաշվարկված շրջանառու միջոցի` 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռում առկա մնացորդով:
Շրջանառու միջոցի վերականգնման արժեքը որոշվում է տվյալ շրջանառու միջոցի վերջին ձեռքբերման (պատրաստման) փաստացի ինքնարժեքը բազմապատկելով այդ շրջանառու միջոցի ձեռքբերման (պատրաստման) ժամանակահատվածի համար սահմանված վերագնահատման գործակցով, համաձայն սույն կարգի հավելվածի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերագնահատված շրջանառու միջոցների ձեռքբերման (պատրաստման) փաստացի ինքնարժեք է համարվում դրանց վերագնահատված արժեքը, իսկ ձեռքբերման (պատրաստման) ժամանակահատված` վերագնահատման արդյունքների արտացոլման ժամանակահատվածը (այդ թվում` նաև նախկինում մինչև սույն կարգով կատարված վերագնահատումը): Ընդ որում, եթե նախկին վերագնահատումը կատարվել է 1994 թվականի IV եռամսյակից հետո, ապա սույն կարգով սահմանված վերագնահատումն այդ շրջանառու միջոցների վրա չի տարածվում, քանի որ այդ ժամանակահատվածի համար սույն կարգի հավելվածում սահմանված վերագնահատման գործակիցը հավասար է 1-ի: Իսկ եթե նախկին վերագնահատումը կատարվել է 1994 թվականի IV եռամսյակին նախորդող ժամանակահատվածում, ապա սույն կարգով սահմանված վերագնահատումը կատարվում է մասամբ` կիրառելով շրջանառու միջոցների ոչ թե իրական ձեռքբերման ժամանակահատվածի, այլ այդ շրջանառու միջոցների նախկինում արդեն վերագնահատված և ձևակերպված ժամանակահատվածի համար սույն կարգի հավելվածում սահմանված գործակիցը:
Փոքրարժեք և արագամաշ առարկաների վերականգման արժեքը որոշելիս վերականգնվում է նաև դրանց մաշվածությունը` մաշվածության գումարի մեծությունը բազմապատկելով նույն գործակցով:
Հավելված |
Շրջանառու միջոցների վերագնահատման գործակիցները
թիվ/թիվ ը/կ |
Վերջին ձեռքբերման ժամանակահատվածը | Գործակիցը |
1. | Մինչև 1992 թ. ապրիլի 1-ը | 770.0 |
2. | 1992 թ. II եռամսյակ | 760.0 |
3. | 1992 թ. III եռամսյակ | 478.0 |
4. | 1992 թ. IV եռամսյակ | 205.0 |
5. | 1993 թ. I եռամսյակ | 143.0 |
6. | 1993 թ. II եռամսյակ | 88.9 |
7. | 1993 թ. III եռամսյակ | 75.4 |
8. | 1993 թ. IV եռամսյակ | 16.8 |
9. | 1994 թ. I եռամսյակ | 2.86 |
10. | 1994 թ. II եռամսյակ | 1.35 |
11. | 1994 թ. III եռամսյակ | 1.26 |
12. | 1994 թ. IV եռամսյակ | 1.0 |
13. | 1995 թվական | 1.0 |