Գլխավոր տեղեկություն
Համար
N 597
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.02.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
26.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 1994 թվականի N 597

քաղ. Երևան

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության առաջարկությունը նպատակային պետական պարտատոմսերի թողարկման և դրանց իրացման հաշվին ստացվող գումարներն արդյունաբերության առավել կարևոր ճյուղերում ներդնելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հավանություն տալ 120 մլն ԱՄՆ-ի դոլարի ընդհանուր ծավալով Հայաստանի Հանրապետության նպատակային պետական պարտատոմսերի թողարկման և իրացման ծրագրին (պարտատոմսերի թողարկման և իրացման հիմնադրույթները կցվում են), նշված պետական պարտատոմսերի իրացումը կատարվելու է Կիպրոսի Հանրապետության «CK Bankinq» ընկերության միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության և այդ ընկերության միջև կնքվող համաձայնագրին համապատասխան:

2. Ընդունել ի գիտություն, որ «Արդյունաբերության զարգացման հիմնադրամը» Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգի ձեռնարկությունների ինվեստիցիոն ծրագրերի իրականացման համար «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան թողարկելու է սահմանափակ շրջանառության նպատակային պարտատոմսեր և «Արդյունաբերության զարգացման հիմնադրամի» նախագահ, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարար Ա. Սաֆարյանը լիազորված է ստորագրելու նշված պարտատոմսերը, դրանց կից պայմանագրերը և պարտատոմսերի վաճառքի վերջնական համաձայնագիրը:

(2-րդ կետը խմբ. 03.02.95 N 51)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ա. Եղիազարյանին լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու նպատակային պարտատոմսերին կից պայմանագրերը և պարտատոմսերի վաճառքի վերջնական համաձայնագիրը` երաշխավորելով, որ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգի ձեռնարկություններում կատարվելիք ներդրումների ծավալներին համարժեք Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապահովի համակարգի ձեռնարկությունների գույքի պետական բաժնեմասի հաշվին թողարկվելիք արժեթղթերի գրավադրումը երաշխավոր բանկում, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների շահերի պաշտպանությունը` «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(3-րդ կետը խմբ. 03.02.95 N 51)

4. Ընդունել ի գիտություն Հայարդշինբաժնետերբանկի խորհրդի որոշումը սույն որոշմամբ նախատեսված պետական պարտատոմսերի համար որպես երաշխավոր հանդես գալու մասին և լիազորել նրա վարչության նախագահ Կ. Մովսեսյանին բանկի անունից ստորագրելու պետական պարտատոմսերը, ինչպես նաև դրանց կից պայմանագրերը:

5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշմամբ նախատեսված պետական պարտատոմսերի իրացումից ստացվող գումարների հաշվին մրցութային կարգով համապատասխան բիզնես-նախագծերի հիման վրա արդյունաբերության տարբեր ճյուղերում ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման կանոնակարգը` առաջնությունը տալով կիսահաղորդչային էլեկտրոնիկայի, գունավոր ու թանկարժեք մետաղների և էներգախնայողական սարքերի արտադրության բնագավառներին:

6. (կետն ուժը կորցրել է 03.02.95 N 51)

 

Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ

 

1. Պետական պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը - 120 մլն ԱՄՆ-ի դոլար:

2. Պետական պարտատոմսերի իրացման ժամկետը - 1995 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսներ:

3. Պետական պարտատոմսերի տոկոսադրույքը - տարեկան 7,5 տոկոս:

4. Թողարկման մարման ժամկետը - 13 տարի ( 2008 թվական):

5. Տոկոսների վճարումը - 1996 թվականից ամեն տարի պետական պարտատոմսերին կից կուպոններով:

6. Միջնորդ կազմակերպությանը տրվելիք գումարի չափը - արժեթղթերի թողարկման ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով (արժեթղթերի միանվագ իրացման միջնորդական ծառայությունների համար):

7. Արժեթղթերի իրացումը և գումարների ստացումն իրականացվում է փուլերով, յուրաքանչյուր 20 մլն ԱՄՆ-ի դոլարի ծավալով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.02.1995, N 51 03.02.1995, N 597
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան