ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2022 թվականի |
թիվ 2 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 9-րդ և 14-րդ հոդվածներն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի (այսուհետ՝ փորձնական նախագիծ) իրագործումն սկսել 2022 թվականի հուլիսի 1-ին և ավարտել 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։
Սահմանել, որ փորձնական նախագծի իրագործումն իրականացվում է հավելվածի համաձայն սահմանված կարգով։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 21.04.23 թիվ 44)
2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի շրջանակներում իրականացվում է հետագծելիություն։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝
ապահովել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ փորձնական նախագծի իրականացումը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգում՝ տվյալների փոխանցման առկա կապուղիներում.
ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ փորձնական նախագծի իրականացումը և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի՝ մշտական հիմունքներով գործունեությունը (փորձնական նախագծի ավարտից հետո Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից սահմանված ժամկետից սկսած)՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների փոխանցման կապուղիները պաշտպանելու համար օգտագործվող կրիպտոգրաֆիկ ստանդարտների մասին» թիվ 50 որոշմանը (ԾՕՀ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների փոխանցման պաշտպանված ցանցը.
փորձնական նախագծի ավարտից հետո 3 ամսվա ընթացքում նախապատրաստել հաշվետվություն դրա իրագործման արդյունքների վերաբերյալ՝ ներառյալ արդյունավետության գնահատումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ՝ 2019 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի իրագործման հարցերով Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 21.04.23 թիվ 44)
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին փորձնական նախագծի իրագործման արդյունքների մասին՝ հաշվի առնելով սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 2 որոշման |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի իրագործման
1. Հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի շրջանակներում հետագծելիությունը (այսուհետ՝ փորձնական նախագիծ) իրականացվում է այն ապրանքների նկատմամբ, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 2 որոշմամբ հաստատված ցանկում։
2. Փորձնական նախագծի իրագործման մեկնարկի ամսաթվի դրությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում փաստացի գտնվող՝ փորձնական նախագծի շրջանակներում հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերում ենթակա են ներառման (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, հետագծելիության ազգային համակարգեր)՝ փորձնական նախագծի իրագործման մեկնարկի ամսաթվից սկսած մեկ ամսվա ընթացքում։
Նշված տեղեկությունները փորձնական նախագծի շրջանակներում հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող՝ անդամ պետությունների անձանց կողմից ներկայացվում են անդամ պետությունների պետական իշխանության այն մարմիններ կամ կազմակերպություններ, որոնք լիազորված են ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքագրումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և հետագծելիության մեխանիզմի իրագործումը, էլեկտրոնային տեսքով՝ մինչև այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնություններն իրականացնելը, սակայն սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետից ոչ ուշ։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ապրանքների մասին տեղեկությունները ներկայացնել չի պահանջվում, եթե դրանց մասին տեղեկություններն արդեն պարունակվում են հետագծելիության ազգային համակարգում։
3. Փորձնական նախագծի իրագործման նպատակը հետագծելիության ազգային համակարգերի և Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի աշխատանքի փորձարկումն է, ինչպես նաև՝ ապրանքների հետագծելիության մեխանիզմի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը։
4. Փորձնական նախագծի մասնակիցներն են՝
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով).
բ) հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովելու համար լիազորված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինները.
գ) հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքագրումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովելու համար լիազորված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինները կամ կազմակերպությունները.
դ) հետագծելիության ազգային համակարգերում ներառված տեղեկություններին «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 12-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հասանելիություն ստացած՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինները.
ե) փորձնական նախագծի շրջանակներում հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող՝ անդամ պետությունների անձինք։
5. Փորձնական նախագծի շրջանակներում հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված և մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք այդ ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին՝ հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումների (այսուհետ՝ հարցում) ուղարկումն ու կատարումն իրականացվում են ռուսերենով՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
6. Հարցումը պետք է ձևավորվի ուղեկցող փաստաթղթում պարունակվող տեղեկությունների հիման վրա և պարունակի՝
ա) հղում Համաձայնագրի 9-րդ հոդվածին.
բ) հարցում ներկայացնող՝ Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ անդամ պետության պետական իշխանության մարմնի կամ կազմակերպության անվանումը.
գ) Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ անդամ պետության պետական իշխանության այն մարմնի կամ կազմակերպության անվանումը, ուր ուղարկվում է հարցումը.
դ) այն անձի նույնականացման ծածկագիրը (համարը), որին փոխանցվել է ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը կամ բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը).
ե) ուղեկցող փաստաթղթի գրանցման համարը և ամսաթիվը կամ եզակի նույնականացուցիչը, ինչպես նաև փորձնական նախագծի շրջանակներում հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ ուղեկցող փաստաթղթին համապատասխան.
զ) այն փաստաթղթի անվանումը, համարը և ամսաթիվը, որի հիման վրա ապրանքների մասին տեղեկությունները ներառված են հետագծելիության ազգային համակարգում, ինչպես նաև փորձնական նախագծի շրջանակներում հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ նշված փաստաթղթին համապատասխան (այդպիսի համարի մասին տեղեկությունների առկայության դեպքում)։
7. Հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացած մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրը:
8. Հարցումը կատարելուց հրաժարվելու հիմք է հարցման անհամապատասխանությունը սույն կարգի 6-րդ կետում նշված պահանջներին։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 2 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված այն ապրանքների, որոնց նկատմամբ հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի շրջանակներում իրականացվում է հետագծելիություն
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Հետագծելիության իրականացման համար օգտագործվող՝ չափման քանակական միավորը |
8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 21 100 0, 8418 21 510 0,
8418 21 590 0, 8418 21 910 0,
8418 21 990 0, 8418 30 200 1,
8418 30 800 1, 8418 40 200 1,
8418 40 800 1 |
Սառնարաններ և սառցարաններ՝ կենցաղային |
հատ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: