Գլխավոր տեղեկություն
Համար
N 1698-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1698-Ն

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1698-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով նախատեսված սպառազինությունը, ռազմական տեխնիկան (Ս և ՌՏ) ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 560-Ն որոշմամբ սահմանված իմաստը:

3. Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի են ճանաչվում, եթե՝

1) դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել լրիվ ֆիզիկական մաշվածության կամ վթարների կամ տարերային աղետների կամ ռազմական գործողությունների կամ շահագործման կանոնների խախտման հետևանքով կամ շահագործման և պահպանման ժամկետները լրանալու պատճառով, և

2) դրանք պիտանի չեն զինված ուժերի կարիքների համար վերակառուցման կամ տեխնիկական վերազինման նպատակով օգտագործելու համար, կամ

3) դրանց հետագա օգտագործումն անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար՝ վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը գերազանցում են դրանց իրական արժեքը կամ դրանցից ակնկալվող օգուտը, կամ

4) դրանք ենթակա չեն նորոգման կամ նորոգումը տնտեսապես նպատակահարմար չէ, կամ

5) համալիր (տարբեր զորատեսակներին պատկանող) միավորի բազային և հատուկ մասի դուրսգրումն իրականացվում է առանձին, ընդ որում՝ բազային մասի դուրսգրումն իրականացվում է հատուկ մասի դուրսգրումից կամ անջատումից (հանելուց) հետո:

4. Հետագա շահագործման (օգտագործման) համար պիտանի սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութական միջոցների շահագործման ռեսուրսի (օգտակար ծառայության ժամկետի) լրանալը և դրա արժեքի նկատմամբ 100% մաշվածության հաշվարկումը չի կարող հիմք հանդիսանալ լրիվ մաշվածության պատճառով դրանք ոչ պիտանի ճանաչելու համար:

5. Շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները ենթակա են օտարման կամ ոչնչացման:

6. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ներից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից ենթակա են ոչնչացման այն միջոցները, որոնք պարունակում են՝

1) այնպիսի նյութեր, դետալներ կամ առանձին մասեր, որոնք անհրաժեշտ են ՀՀ ՊՆ ստորաբաժանմանը հետագա գործունեության համար (ոչնչացումը՝ դրանք նախապես առանձնացնելուց հետո).

2) թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր ունեցող այնպիսի դետալներ, առանձին մասեր ու հանգույցներ, որոնք հնարավոր չէ առանձնացնել.

3) ոչ պիտանի ճանաչված զենք, որը հնարավոր չէ ապամոնտաժել և առանձնացնել.

4) ոչ պիտանի ճանաչված ռազմամթերք, որը չունի առանձնացվող պայթուցիկ մաս.

5) ավիացիոն խոցման միջոցները (միայն մարտական մասերի և հրթիռային շարժիչների լիցքերը, եթե դրանց ապամոնտաժումը թույլատրվում է շահագործման փաստաթղթերով), հրատեխնիկական միջոցները:

7. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ներից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները ենթակա չեն ոչնչացման, եթե դրանք հանդիսանում են ոչ պիտանի ճանաչված ռադիացիոն, քիմիական հետախուզության սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր և այլն, որոնք իրենց մեջ պարունակում են ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրներ կամ բարձր տոքսիկայնություն պարունակող նյութեր, որոնք հանձնվում են համապատասխան ոլորտը կարգավորող պետական մարմնին:

8. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչնչացումից առաջացած կամ Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից առանձնացված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

9. Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից առանձնացված և ոչ պիտանի ճանաչված զենքի, ինչպես նաև ոչ պիտանի ճանաչված ռազմամթերքի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով:

10. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման գործընթացը կազմակերպվում է միայն տվյալ Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառող և շահագործող ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի համապատասխան ստորաբաժանման հրամանատարի (պետի) (այսուհետ՝ իրավասու հրամանատար (պետ) հրամանով:

11. Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու նպատակով տվյալ Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառող և շահագործող իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ստեղծվում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են տվյալ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման և հաշվապահական հաշվառման համար պատասխանատու անձինք, տվյալ միջոցի հետ կապված մասնագիտական կարողություններ ունեցող անձինք (փորձագետներ): Հանձնաժողովի նախագահ է նշանակվում իրավասու հրամանատարի (պետի)՝ տվյալ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձը: Իրավասու հրամանատարի (պետի) հրամանով սահմանվում են նաև հանձնաժողովի աշխատակարգը և գործունեության ու դրա արդյունքներով կազմվող ակտերի ներկայացման ժամկետները:

12. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման հանձնաժողովը՝

1) անցկացնում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների զննում (եթե ֆիզիկապես առկա է) և, օգտագործելով անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման տվյալները բնութագրում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տեխնիկական վիճակը և առանձին ակտի տեսքով կազմում է եզրակացություններ՝ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դուրս գրելու, ինչպես նաև դրանք օտարելու կամ ոչնչացնելու վերաբերյալ՝ նշելով հիմքերը (համաձայն սույն կարգի 3-րդ կետի).

2) հիմնավորում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման փաստը.

3) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների համալրվածությունը հիմնական հանգույցներով կամ անհամալրվածությունը, կազմում է համապատասխան ցանկ.

4) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների առանձին հանգույցների, դետալների, նյութերի հետագա օգտագործման հնարավորությունը և կազմում է համապատասխան ցանկը, հանձնաժողովի միջոցով իրականացվում է նաև ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հանգույցների, դետալների, նյութերի գնահատումը և դրանց առանձնացման ու համապատասխան պահեստներ հանձնման վերահսկումը.

5) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հանգույցներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պարունակության առկայությունը և այդ հանգույցների առանձնացման հնարավորությունը, կազմում է համապատասխան ցանկ, եթե շահագործման փաստաթղթերի լրակազմում առկա է տեղեկատվություն այդ հանգույցների վերաբերյալ.

6) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ում ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներում տեղադրված զենքի հետագա շահագործման համար պիտանելիությունը կամ հետագա վերականգնման աննպատակահարմարությունը և առանձնացման հնարավորությունը, կազմում է համապատասխան ցանկ.

7) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները իրենց նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված լինելու փաստը, դրա վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու հրամանատարին (պետին).

8) կազմում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման ու օտարման կամ ոչնչացման ակտերն ու դրանք ներկայացնում հաստատման: Եթե Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներն իրենց մեջ պարունակում են զենք, որը ենթակա է ապամոնտաժման և առանձնացման, ապա այդ զենքի համար կազմվում է առանձին ոչնչացման ակտ, կամ զենքը հետագա շահագործման համար պիտանի լինելու դեպքում՝ զենքի ապամոնտաժման և մուտքագրման փաստաթուղթ.

9) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ժամկետից շուտ հետագա շահագործման (օգտագործման) համար ոչ պիտանի դառնալու դեպքում ներկայացնում է առաջարկություն իրավասու հրամանատարին (պետին)՝ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի դառնալու հանգամանքները պարզաբանելու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու:

13. Նյութական միջոցների որակական (տեխնիկական) վիճակը որոշելիս հանձնաժողովը ղեկավարվում է՝

1) նյութական միջոցների որակական (տեխնիկական) վիճակը որոշող համապատասխան ստանդարտներով, նկարագրերով, տեղեկագրերով, տեխնիկական ցուցանիշներով.

2) ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով սահմանված (հաստատված) նյութական միջոցների ծառայության (շահագործման, պահպանման, պիտանելիության) ժամկետներով.

3) որակական վկայականով, եթե նյութական միջոցների որակական (տեխնիկական) վիճակը հնարավոր է որոշել միայն փորձարկումների և լաբորատոր հետազոտումների արդյունքներով:

14. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման ու օտարման կամ ոչնչացման ակտերում նշվում են Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները բնութագրող հետևյալ տարրերը՝

1) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների անվանումը, գործարանային կամ նույնականացման համարը և արտադրման ամսաթիվը, եթե դրանք առկա են.

2) ՀՀ ՊՆ ստորաբաժանման կողմից Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ստացման ամսաթիվը, դրանք շահագործման հանձնելու ամսաթիվը.

3) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների սկզբնական արժեքը (վերագնահատված արժեքը, վերագնահատման ամսաթիվը, արժեքը).

4) հաշվապահական հաշվառման նպատակով հաշվարկված մաշվածության գումարը.

5) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման ու օտարման կամ ոչնչացման հիմքերը (համաձայն սույն կարգի 3-րդ կետի).

6) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տեխնիկական վիճակը և համալրվածությունը.

7) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող հանգույցները և դետալները պահեստ հանձնելու մասին տեղեկատվությունը, եթե շահագործման փաստաթղթերի լրակազմում առկա է տեղեկատվություն այդ հանգույցների վերաբերյալ.

8) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ում ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներում տեղադրված զենքի ապամոնտաժման և պահեստ հանձնելու մասին տեղեկատվությունը.

9) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներն իրենց նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված չլինելու կամ գաղտնազերծելու վերաբերյալ տեղեկատվությունը.

10) տեղեկություններ միավորի կազմի և որակական վիճակի վերաբերյալ.

11) տեղեկություններ շահագործման ցուցանիշների և սահմանված շահագործման, պահպանության և պիտանելիության նորմերի, մնացորդային ռեսուրսի (ժամկետի) վերաբերյալ.

12) տեղեկություններ ժամկետից շուտ մաշվածության կամ վնասվածքի պատճառների վերաբերյալ:

15. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման ու օտարման կամ ոչնչացման ակտերը ստորագրվում են Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից ու հաստատվում են իրավասու հրամանատարի (պետի) և Ս և ՌՏ ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տվյալ տեսակի կառավարման քաղաքականություն իրականացնող ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից, եթե համապատասխան միջոցի վերագնահատված արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը, իսկ համապատասխան միջոցի վերագնահատված արժեքը 5 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ Ս և ՌՏ ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տվյալ տեսակի կառավարման քաղաքականություն իրականացնող ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից:

16. Մինչև Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման ու օտարման կամ ոչնչացման ակտերի հաստատումը՝ չի թույլատրվում Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդում, ապամոնտաժում, օտարում կամ ոչնչացում, ինչպես նաև շահագործում:

17. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդումը, ապամոնտաժումն իրականացվում են տվյալ ՀՀ ՊՆ ստորաբաժանման ուժերով և միջոցներով՝ համապատասխան տեխնիկական հնարավորություններ առկա լինելու դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում՝ ՀՀ պաշտպանության նախարարության մասնագիտացված ստորաբաժանման կամ «Գնումների մասին» օրենքի համաձայն ներգրաված կազմակերպության կողմից: Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչնչացումն իրականացվում է ՀՀ ՊՆ համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումների կողմից:

18. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման համար Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառող և շահագործող զորամասի հրամանատարի (պետի) հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հրամանով սահմանվում են նաև հանձնաժողովի աշխատակարգը և գործունեության ու դրա արդյունքներով կազմվող ակտերի ներկայացման ժամկետները:

19. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման արդյունքները ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ, որտեղ նշվում են՝

1) առանձնացված այն հանգույցները, նյութերը, դետալները և առանձին մասերը, որոնք պիտանի են ՀՀ ՊՆ ստորաբաժանումներում հետագա օգտագործման համար, իսկ թանկարժեք մետաղներ կամ քարեր պարունակող հանգույցները, դետալները և պահեստավորված զենքերը՝ առանձնացված ցուցակներով.

2) դետալները, հանգույցները և նյութերը, որոնք վերածվել են ջարդոնի, դրանց քաշը.

3) դետալները, հանգույցները և նյութերը, որոնք ոչնչացվել են, դրանց ոչնչացման եղանակը (այրում, պայթեցում, կտրտում, աղբի վերածում և այլն).

4) ոչնչացված Ս և ՌՏ-ին ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներին պատկանող ոչնչացված տեխնիկական փաստաթղթերի ցանկը:

20. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից և հաստատվում Ս և ՌՏ ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներ հաշվառող և շահագործող զորամասի հրամանատարի (պետի) կողմից:

21. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման արձանագրությունը հիմք է հանդիսանում ոչ պիտանի ճանաչված և ոչնչացման ենթակա Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառումից հանելու և ոչնչացման արդյունքում առաջացած հետագա օգտագործման համար պիտանի ճանաչված հանգույցները, նյութերը, դետալները, առանձին մասերը և ջարդոնը պահեստ մուտքագրելու համար:

22. Հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված և դուրս գրված ու օտարման ենթակա Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, իսկ ոչ կոնդիցիոն հրթիռային վառելիքի, վառելանյութերի, օգտագործված (բանեցված) յուղերի, քսուքների և հատուկ հեղուկների մասով՝ լաբորատոր փորձաքննության եզրակացության վերաբերյալ ելակետային տվյալները ներկայացվում են ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփելուց հետո ուղարկում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ կոմիտե), որը կազմակերպում է գույքի գնահատում և օտարում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված կարգով:

23. Օտարման վերաբերյալ կոմիտեի կողմից կազմված արձանագրությունը և պետական բյուջե համապատասխան վճարում կատարելու վերաբերյալ անդորրագրերը ներկայացվում են ՀՀ պաշտպանության նախարարություն, որի պատասխանատու ստորաբաժանման կողմից տրված հանձնարարականը հիմք է հանդիսանում ոչ պիտանի ճանաչված և դուրս գրված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները գնորդին բաց թողնելու և հաշվառումից հանելու համար:

24. Ոչ պիտանի ճանաչված և դուրս գրված Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից առանձնացած թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող դետալները, հանգույցները, մասերը, օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան