«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012446
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 332-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խթանել ներդրումային ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների և իրականացվող գործունեության տեսակների քանակի և ծավալի աճը՝
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
(նախաբանը փոփ. 22.09.23 թիվ 167-Ն)
1. Թույլատրել ներդրումային ընկերություններին, որպես ներդրումային ընկերության գործունեության հետ սերտորեն առնչվող լրացուցիչ գործունեության տեսակ` իրականացնել.
1) ֆինանսական շուկայի և ներդրումային ծառայությունների վերաբերյալ ֆինանսական գրագիտության բարձրացման հետ կապված գործունեություն,
2) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն, եթե ներդրումային ընկերությունը մատուցում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն:
(1-ին կետը խմբ. 22.09.23 թիվ 167-Ն)
1.1. (կետն ուժը կորցրել է 22.09.23 թիվ 167-Ն)
2. Ներդրումային ընկերությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման համար պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացնելով գործունեության իրականացման կարգը և պայմանները սահմանող ներքին իրավական ակտերը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման դեպքում ներկայացվում է նաև կրթական ծրագիրը:
(2-րդ կետը խմբ. 22.09.23 թիվ 167-Ն)
3. Ներդրումային ընկերությունը սույն որոշման 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի փոփոխությունները պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ` փոփոխությունները տեղի ունենալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
(3-րդ կետը խմբ. 22.09.23 թիվ 167-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 22.09.23 թիվ 167-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի 3 Երևան |