Գլխավոր տեղեկություն
Համար
N 1760-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1760-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 300-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների փոխգործակցության կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1760-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների (այսուհետ՝ օպերատոր) փոխգործակցության հետ կապված հարաբերությունները։

2. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 300-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման մասին վկայականի տրամադրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) և օպերատորի միջև կնքվում է համագործակցության հուշագիր (պայմանագիր)՝ սույն կարգի օրինակելի ձևին համապատասխան:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված համագործակցության հուշագիրը (պայմանագիրը) կնքվում է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի և կոմիտեի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված անձի անունից:

4. Առաջին տիպի վկայականով գործունեություն իրականացնող օպերատորները, օպերատորի և կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով) սահմանված ժամկետներում, կոմիտե են ներկայացնում՝

1) իրավաբանական անձի ղեկավար և այլ անձնակազմից այն պաշտոնատար անձանց տվյալները (զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), որոնք լիազորված են մաքսային գործառնությունների իրականացման և կոմիտեի հետ համագործակցության համար.

2) օպերատորի կողմից տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվող նույնականացման միջոցների լուսանկարները և նույնականացման միջոցների բնութագրերը (առկայության դեպքում).

3) օպերատորի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունները (առկայության դեպքում):

5. Երկրորդ տիպի և երրորդ տիպի վկայականներով գործունեություն իրականացնող օպերատորները, օպերատորի և կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով) սահմանված ժամկետներում, կոմիտե են ներկայացնում՝

1) սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունները.

2) օպերատորին պատկանող՝ մաքսային հսկողության գոտի հանդիսացող տարածքներ և շինություններ մուտքի իրավունք ունեցող՝ իրավաբանական անձի աշխատակիցների և այդպիսի մուտքի կարգի վերաբերյալ տեղեկություններ.

3) օպերատորի կողմից կիրառվող նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

6. Օպերատորների և կոմիտեի միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման նպատակով օպերատորի և կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով) սահմանված ժամկետներում կոմիտեն օպերատորին է տրամադրում փոխգործակցության համար պատասխանատու՝ կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկությունները (զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

7. Կոմիտեի և օպերատորի՝ փոխգործակցության համար որպես պատասխանատու նշանակված պաշտոնատար անձանց վերաբերող՝ սույն կարգով նախատեսված տեղեկությունների փոփոխությունների դեպքում, այդպիսի փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններն օպերատորի և կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով) սահմանված ժամկետներում փոխանակվում են կոմիտեի և օպերատորի կողմից:

8. Մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացմանն ուղղված հատուկ պարզեցված ընթացակարգի կիրառման նպատակներով կոմիտեի՝ մաքսային գործառնությունների իրականացման իրավասություն ունեցող ստորաբաժանումներում կարող է գործել առանձին ուղի (պատուհան):

9. Օպերատորների նկատմամբ հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառմանն ուղղված գործառնությունների արդյունավետ իրականացման նպատակով օպերատորների տրանսպորտային միջոցների վրա օպերատորի կողմից փակցվում է «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ» գրառումը՝ կանաչ ֆոնի վրա 20 սմ բարձրությամբ և 2 սմ լայնությամբ սպիտակ տառերով:

10. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերի չօգտագործման դեպքում օպերատորը մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային այլ եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով, ծանուցում է կոմիտեին, որի դեպքում տվյալ մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով:

11. Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության նորմերի վերաբերյալ իրազեկումների տրամադրման նպատակով օպերատորների և կոմիտեի միջև փոխգործակցության նպատակով օպերատորի անձնակազմից և կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումից նշանակվում են պատասխանատու անձինք, որոնց վերաբերյալ տեղեկությունները փոխանակվում են օպերատորի և կոմիտեի միջև՝ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման վկայականի տրամադրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Մաքսային գործառնությունների կատարելագործմանն առնչվող փորձնական ծրագրերի իրականացման դեպքում այդպիսի փորձնական ծրագրերի իրականացման ժամկետների և նկարագրության վերաբերյալ կոմիտեն ծանուցում է օպերատորին:

13. Օպերատորների ապրանքների հաշվառման համակարգին մաքսային մարմինների հասանելիության ապահովման հետ փոխկապակցված՝ հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքում, օպերատորներն ապրանքների հաշվառման համակարգին մաքսային մարմինների հասանելիության կարգի և այդպիսի հասանելիության ապահովման տեղեկությունների վերաբերյալ ծանուցում են կոմիտեին:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկություններն արտացոլվում են օպերատորների և կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրում (պայմանագրում)։

 

Օրինակելի ձև

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐ) N__________

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ

 

քաղ. Երևան

______ _________  20__թ.

____________________________________________(ՀՎՀՀ՝_____________ ), (այսուհետ՝ օպերատոր), ի դեմս _________-ի, որը գործում է ______________ հիման վրա, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե), ի դեմս _________ -ի, որը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի 20 _________ թ. _______________ _______ -ի N _____ հրամանով լիազորված է կնքելու սույն հուշագիրը (պայմանագիրը), մյուս կողմից, կնքեցին սույն փաստաթուղթը հետևյալի մասին.

 

I. ՀՈՒՇԱԳՐԻ (ՊԱՅՄԱՆԱԳՐԻ) ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն փաստաթղթի առարկան են հանդիսանում օպերատորի և կոմիտեի միջև «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերի արդյունավետ կիրառման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման հետ կապված հարաբերությունները:

2. Օպերատորը և կոմիտեն ապահովում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների ժամանակին և ամբողջական տրամադրումը միմյանց:

 

II. ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

3. Կոմիտեի հետ անհրաժեշտ փոխգործակցության համար որպես պատասխանատու նշանակված՝ իրավաբանական անձի անձնակազմի անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեղեկություններն օպերատորը տրամադրում է սույն փաստաթղթի ստորագրումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Օպերատորի հետ անհրաժեշտ փոխգործակցության համար որպես պատասխանատու նշանակված՝ կոմիտեի պաշտոնատար անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեղեկությունները կոմիտեն օպերատորին է տրամադրում սույն բաժնի 3-րդ կետով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Օպերատորի և կոմիտեի միջև փաստաթղթերի և տեղեկությունների փոխանակումն ապահովվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով կամ օպերատորի ____________ էլեկտրոնային փոստի և կոմիտեի պաշտոնական ________________էլեկտրոնային փոստի հասցեներով:

6. Կոմիտեն ապահովում է օպերատորից ստացված՝ առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունների օգտագործմանն առնչվող օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները:

7. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառմանն ուղղված գործառնությունների կազմակերպման և իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն ապահովվում է օպերատորի և կոմիտեի կոնտակտային անձանց միջոցով:

8. Անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ օպերատորի և կոմիտեի կողմից նշանակված կոնտակտային անձանց միջև փոխգործակցության իրականացման անհնարին լինելու դեպքում դրա մասին տեղեկությունն ստանալուց հետո օպերատորը կամ կոմիտեն կոնտակտային անձանց ցանկում կատարում են փոփոխություններ և 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանակվում են այդպիսի տեղեկություններով:

 

III. ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Օպերատորի ապրանքների հաշվառման համակարգին մաքսային մարմնի հասանելիության հետ փոխկապակցված՝ հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառման նպատակով, օպերատորն ապահովում է մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց մուտքն այդպիսի հաշվառման համակարգին կամ այդպիսի հաշվառման համակարգում առկա որոշակի տեղեկություններին:

10. Օպերատորի հաշվառման համակարգին հասանելիության ձևաչափն ընտրում է օպերատորը և դրա մասին ծանուցում է կոմիտեին:

11. Կոմիտեն սույն բաժնի 10-րդ կետում նշված ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում օպերատորին է տրամադրում կոմիտեի այն պաշտոնատար անձանց տվյալները (զբաղեցրած պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե), որոնք պետք է ունենան հասանելիություն համապատասխան տեղեկություններին:

12. Կոմիտեի պաշտոնատար անձինք ապահովում են օպերատորի հաշվառման համակարգում պարունակվող տեղեկությունների օգտագործման՝ օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները:

13. Սույն բաժնի 11-րդ կետով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո օպերատորը համապատասխան պաշտոնատար անձանց էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում օպերատորի հաշվառման համակարգին մուտքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

IV. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

14. Սույն հուշագրի (պայմանագրի) բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր և վավեր են կողմերի ստորագրման (իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվելու) դեպքում:

15. Սույն հուշագրի (պայմանագրի) կետերի շուրջ ծագած հարաբերությունների կիրառման հետևանքով ծագած վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

16. Սույն հուշագիրը (պայմանագիրը) կնքված է անորոշ ժամկետով, հայերենով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՕՊԵՐԱՏՈՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

___________________________

(գտնվելու վայրը)

 

(գտնվելու վայրը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________

(ստորագրությունը)

 

___________________________

 

___________________________

 

Կ. Տ.

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան