Գլխավոր տեղեկություն
Համար
N 1699-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1699-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2204, 2205, 2206 00, 2207 ԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հոկտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել)։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված լինելու դեպքում կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի։

4. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների գրանցման ժամանակ լրացվող տեղեկատվության ձևաչափը, կազմը և կառուցվածքը, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1699-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2204, 2205, 2206 00, 2207 ԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների (այսուհետ՝ ալկոհոլային արտադրանք)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում`

1) ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող էթիլային սպիրտի վրա նույնականացման միջոցների առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն արտադրողի կամ ներմուծողի կամ այլ կերպ տարայավորողի կողմից տարայավորված են մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով.

2) ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2208 ծածկագրերին դասվող` մինչև 0.05 լիտր տարողությամբ տարաներով տարայավորված խմիչքները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները ենթակա չեն նույնականացման միջոցներով դրոշմավորման:

2. Ալկոհոլային արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման թվային նույնականացման միջոցը ներառում է դրոշմավորման ծածկագիր՝ բաղկացած տվյալների 3 խմբից, որոնցից առաջինն ու երկրորդը ձևավորում են ալկոհոլային արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, իսկ երրորդ խումբը՝ ստուգման ծածկագիրը: Ընդ որում՝

1) առաջին խումբը բաղկացած է 14 թվանշանից (առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN) և ներառում է ապրանքի ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (01), որը գեներացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված ազգային օպերատորի (այսուհետ՝ օպերատոր) կողմից՝ հիմնվելով տնտեսավարողի՝ ալկոհոլային արտադրանքի վերաբերյալ տրամադրած տեղեկատվության վրա.

2) երկրորդ խումբը բաղկացած է 7 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?) և ներառում է ալկոհոլային արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման անհատական սերիական համարը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (21), որը գեներացվում է օպերատորի կամ տնտեսավարողի կողմից (տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում).

3) երրորդ խումբը բաղկացած է 4 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?) և ներառում է ստուգման ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (93) և որը գեներացվում է օպերատորի կողմից:

3. Ալկոհոլային արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման նույնականացման միջոցները տրամադրվում են երկչափ շտրիխ ծածկագրի տեսքով՝ GS1 DataMatrix ձևաչափով:

4. Ալկոհոլային արտադրանքի խմբային փաթեթավորման նույնականացման միջոցը ներառում է դրոշմավորման ծածկագիր, որն իր մեջ ներառում է տվյալների 3 խումբ, որոնցից առաջինն ու երկրորդը ձևավորում են ալկոհոլային արտադրանքի խմբային փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, իսկ երրորդ խումբը՝ ստուգման ծածկագիրը, ընդ որում՝

1) առաջին խումբը բաղկացած է 14 թվանշանից (առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN) և ներառում է ապրանքի ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (01), որը գեներացվում է օպերատորի կողմից՝ հիմնվելով ալկոհոլային արտադրանքի շրջանառության մասնակցի տրամադրած տեղեկատվության վրա.

2) երկրորդ խումբը բաղկացած է 13 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?) և ներառում է ալկոհոլային արտադրանքի խմբային փաթեթավորման անհատական սերիական համարը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (21), որը գեներացվում է օպերատորի կամ տնտեսավարողի կողմից (տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում).

3) երրորդ խումբը բաղկացած է 4 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?) և ներառում է ստուգման ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (93) և որը գեներացվում է օպերատորի կողմից:

5. Ալկոհոլային արտադրանքի խմբային փաթեթավորման նույնականացման միջոցները տրամադրվում են GS1 DataMatrix երկչափ շտրիխ ծածկագրի ձևաչափով:

6. Նույնականացման միջոցը անհատական (սպառողական) փաթեթավորման, խմբային փաթեթավորման, պիտակի, կպչուն պիտակի վրա փակցվում է այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել ալկոհոլային արտադրանքի փաթեթավորումից:

7. Անհատական (սպառողական) փաթեթավորման վրա նույնականացման միջոցը փակցվում է ոչ պակաս, քան 14х14 միլիմետր չափով, այն կարող է փակցվել փաթեթավորման ցանկացած հատվածի վրա, բացառությամբ ստորին հատվածի:

8. Խմբային և տրանսպորտային փաթեթավորման վրա նույնականացման միջոցը փակցվում է փաթեթավորման դիմային կամ կողային հատվածի վրա և պետք է ունենա այնպիսի չափս, որ ապահովի ագրեգացման ընթացակարգերի կատարման հարմարավետությունը:

9. Անհատական (սպառողական) փաթեթավորման, խմբային փաթեթավորման, պիտակի, կպչուն պիտակի վրա փակցվող նույնականացման միջոցը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի վրա կամ մեկ այլ արտաքին փաթեթավորման նյութի վրա։ Պիտակի վրա չպետք է լինի մեկ այլ տեղեկատվություն, որը կխոչընդոտի նույնականացման միջոցի ընթերցմանը: Նույնականացման միջոցը պետք է տեղադրվի այնպես, որ չխախտվի ալկոհոլային արտադրանքի փաթեթավորման վրա տպված տեղեկատվության ամբողջականությունը տեխնիկական կանոնակարգման ոլորտի նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:

10. Ալկոհոլային արտադրանքի վրա պիտակների և կպչուն պիտակների կիրառման համար ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) ալկոհոլային արտադրանքի վրա պիտակներ կամ կպչուն պիտակներ փակցնելու համար պետք է կիրառվի այնպիսի տեխնոլոգիա, որը կապահովի պիտակի վրա տպված նույնականացման միջոցների ընթերցումը պիտակի կիրառման պահից մինչև ալկոհոլային արտադրանքը սպառողին վաճառելու պահը.

2) պիտակները կամ կպչուն պիտակները փակցվում են անմիջապես ալկոհոլային արտադրանքի փաթեթավորման վրա՝ սոսնձման եղանակով.

3) չի թույլատրվում պիտակի կամ կպչուն պիտակի վրա ալկոհոլային արտադրանքի փաթեթավորման որևէ այլ տարրեր փակցնել, որոնք ծածկում են պիտակի կամ կպչուն պիտակի մակերեսը և դժվարացնում են նույնականացման միջոցի ընթերցումը.

4) նույնականացման միջոցների չափը և տեղակայումը պետք է ապահովի դրոշմավորման ծածկագրերի ճիշտ ընթերցումն ու ճանաչումը, ներառյալ տվյալների հավաքագրման տերմինալների, հատուկ (բջջային) հավելվածների, լազերային տեսածրիչների միջոցով՝ ISO/IEC 15415 ստանդարտի (ISO/IEC 15415:2011 «Տեղեկատվական տեխնոլոգիա. ավտոմատացված նույնականացման և տվյալների հավաքագրման տեխնիկաներ՝ շտրիխ ծածկագրի տպման որակի թեստավորման տեխնիկական հատկորոշիչը՝ երկչափ նիշեր») համաձայն:

11. ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների արտադրանքի փաթեթավորման տարբեր ձևերից, նյութերի գործոններից, արտադրանքի արտադրական ցիկլից, ինչպես նաև արտադրության սերիականությունից ելնելով՝ հնարավոր են ապրանքների/փաթեթների դրոշմավորման հետևյալ տարբերակները՝

1) ծածկագրերի տպագրում տպարանում, որտեղ շրջանառության մասնակիցը պատվիրում է փաթեթավորում (այսինքն՝ փաթեթավորման վրա նույնականացման միջոցների կիրառումը կատարվում է ծառայություն մատուցողների կողմից ապրանքների շրջանառության մասնակցի պատվերով).

2) պիտակավորում (արտադրանքի վրա պիտակների սոսնձում).

3) նույնականացման միջոցների անմիջական կիրառում արտադրանքի փաթեթավորման վրա գործարանում հոսքագծի վրա:

12. Ալկոհոլային արտադրանք արտադրողը պատվիրում է դրոշմավորման ծածկագրեր համակարգում, փոխանցում է դրոշմավորման ծածկագրերը տպարան և պատվիրում է փաթեթավորման արտադրություն արդեն փակցված նույնականացման միջոցներով, այնուհետև ստանում է արդեն դրոշմավորված փաթեթավորումը։ Պիտակավորման այս մեթոդն օգտագործելիս ալկոհոլային արտադրանքի շրջանառության մասնակիցը պետք է ձեռք բերի 2d տեսածրիչ կամ տվյալների հավաքագրման տերմինալ (ՏՀՏ)՝ դրոշմավորված արտադրանքի հետ աշխատելու համար: Միաժամանակ, այս դեպքում տպարանը պետք է հագեցած լինի դրոշմավորման ծածկագրերով աշխատելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով (ծրագրային ապահովում՝ դրոշմավորման ծածկագիր ստանալու և փոխակերպելու նույնականացման միջոցների տպագրման և ստուգման սարքավորումներ):

13. Ապրանքների փաթեթավորման վրա պիտակների սոսնձումը կարող է իրականացվել ապրանքների շրջանառության մասնակցի կողմից ձեռքով կամ պիտակի կիրառիչի միջոցով: Առաջին դեպքում պիտակները տպվում են ջերմային փոխանցման տպիչի վրա, այնուհետև կազմակերպության աշխատակիցները փակցնում են դրանք ապրանքների վրա։ Երկրորդ դեպքում տեղադրվում է պիտակի կիրառիչ, որը նախ նույնականացման միջոցը փակցնում է կպչուն պիտակի վրա, իսկ հետո կպչուն պիտակը սոսնձում է ապրանքի վրա։ Դրոշմավորման այս մեթոդը կիրառելիս շրջանառության մասնակցին անհրաժեշտ կլինի սարքավորումների և նյութերի հետևյալ նվազագույն հավաքածուն՝

1) անհատական կամ դյուրակիր համակարգիչ.

2) պիտակի տպիչ.

3) ինքնասոսնձվող պիտակներ.

4) ջերմափոխանցող ժապավեններ:

14. Արտադրողը կարող է ինքնուրույն փակցնել նույնականացման միջոցները ալկոհոլային արտադրանքի վրա, որոնք պարունակում են համակարգում ստացված դրոշմավորման ծածկագրեր: Միաժամանակ, վերջինս պետք է ձեռք բերի մասնագիտացված սարքավորումներ կամ հարմարեցնի գոյություն ունեցող սարքավորումները և կարգավորի իր բիզնես գործընթացները դրոշմավորման և հետագծելիության գործընթացների հետ աշխատելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1699-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 ԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼՐԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ1

 

Ապրանքաշրջանառության մասնակցի տվյալները

 

NN

ը/կ

Դաշտի անվանումը

Պարտադիր

դաշտը

Նկարագրությունը

1.

Կարճ անվանում

Այո

Կազմակերպության կարճ անվանում

2.

Ամբողջական անվանում

Այո

Կազմակերպության ամբողջական անվանում

3.

Կազմակերպչական իրավական ձև

Այո

 

4.

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Այո

 

5.

Իրավաբանական հասցե

Ոչ

 

6.

Գործունեության հասցե

Այո

 

7.

Կոնտակտային անձ

Այո

 

8.

Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)

Այո

 

9.

Էլ. հասցե

Այո

 

10.

Հեռախոսահամար

Այո

 

12.

Ապրանքախումբ

Այո

 

13.

Մասնակցի տեսակ

Այո

 

14.

Լիցենզիայի վերաբերյալ տեղեկություններ

Ոչ

 

 

Ապրանքի նկարագրություն

 

NN

ը/կ

Դաշտի անվանումը

Պարտադիր

դաշտը

Նկարագրությունը

1.

GTIN

Այո

GTIN (Global Trade Item Number) Համաշխարհային առևտրի ապրանքի համարը՝ մշակված GS1 միջազգային կազմակերպության կողմից

2.

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Այո

ԱՏԳ ԱԱ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԵԱՏՄ)

3.

Փաթեթավորման

տեսակ

Այո

Անհատական (սպառողական) կամ խմբային

 

Անհատական (սպառողական) փաթեթավորման դեպքում

 

NN

ը/կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Մեկնաբանությունը

1.

Ապրանքի անվանումը

Այո

 

2.

Ապրանքային նշանի անվանումը

Ոչ

 

3.

Ծագման երկիրը

Այո

 

4.

Ապրանքների ծավալը անհատական (սպառողական) փաթեթավորման մեջ

Այո

 

5.

Արտադրության ծավալի չափման միավոր

Այո

 

6.

Արտադրողի անվանում

Այո

 

7.

Արտադրող ընկերության պրեֆիքսը

Պարտադիր է՝ տեղական արտադրանքի համար, ոչ պարտադիր՝ ներմուծվող

ապրանքի դեպքում

GS1 կազմակերպության կողմից տրամադրված պրեֆիքս

8.

Ալկոհոլային ապրանքների կատեգորիա

Այո

 

9.

Ալկոհոլային արտադրանքի տեսակ

Այո

 

10.

Էթիլային սպիրտի ծավալային բաժին, % ծավալով

Այո

 

11.

Շաքարների զանգվածային խտություն, գ/դմ3 (գրամ մեկ խորանարդ դեցիմետրի համար)

Ոչ

 

12.

Թորվածքների հնեցման ժամկետ, տարիներ

Ոչ

 

13.

Արտադրության մեթոդ

Ոչ

 

14.

Փաթեթավորման տեսակ

Ոչ

 

15.

Փաթեթավորման նյութ

Ոչ

 

16.

Համապատասխանության փաստաթղթերի մասին տեղեկատվություն

Այո

 

17.

Արտադրանքի պատկերը

Այո

Հնարավոր է

ավելացնել լուսանկար png ֆորմատով

Խմբային փաթեթավորման դեպքում

 

NN

ը/կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Մեկնաբանությունը

1.

Ապրանքի անվանումը

Ոչ

 

2.

Փաթեթավորված սպառողական ապրանքի GTIN

Այո

 

3.

Ապրանքի քանակը փաթեթում

Այո

 

4.

Արտադրանքի պատկերը

Ոչ

Հնարավոր է ավելացնել լուսանկար png ֆորմատով

____________________

1 Ապրանքաշրջանառության մասնակիցը դրոշմավորման ծածկագիր ստանալու նպատակով մինչև դրոշմավորման ծածկագիր ստանալու հայտի ներկայացումը սույն հավելվածով նախատեսված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է օպերատորին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան